
Հրապարակում
Պաղեստինի ճանաչումը որպես Մերձավոր Արևելքում եվրոպական տերությունների ազդեցության կորստի ցուցիչ

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 03.10.2025 թ.
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի սեպտեմբերյան նստաշրջանի ընթացքում մի շարք արևմտյան երկրներ, իրենց նախկին խոստումներին համապատասխան, պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետության անկախությունը։ 2025 թվականի սեպտեմբերի 21-ին նման հայտարարությամբ հանդես եկան Միացյալ Թագավորությունը և Կանադան։ Հաջորդ օրը նրանց միացան Ֆրանսիան, Անդորրան, Բելգիան, Ավստրալիան, Պորտուգալիան, Մալթան, Մոնակոն և Սան Մարինոն։
Այսպիսով, Եվրոպայում ի հայտ եկավ Պաղեստինի ինքնիշխանության կողմնակիցների մի փոքր թվային առավելություն։ Պաղեստինը Եվրոպական պետություններից դեռ չեն ճանաչել Ֆինլանդիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Դանիան, Հունաստանը, Կիպրոսը, Իտալիան, Ավստրիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները և Գերմանիան։ Պաղեստինամետ ճամբարին Կանադայի և Ավստրալիայի միանալն զգալիորեն նպաստել է պաղեստինա-իսրայելական հարցում արևմտյան հանրության նոր դիրքորոշմանը: Ակնհայտ է, որ այս պետությունները գործում էին Լոնդոնի հետ համահունչ՝ առաջնորդվելով համաշխարհային ամենակարևոր խնդիրների վերաբերյալ Բրիտանական Համագործակցության միասնական դիրքորոշման պահպանման իրենց հանձնառությամբ:
Առաջին հայացքից` ճանաչման այս ալիքը միջազգային իրավական տեսանկյունից նշանակալից իրադարձություն դարձավ Պաղեստինի ժողովրդի համար՝ ապահովելով «երկու պետություն» հայեցակարգի կողմնակիցների ճնշող գերազանցությունն ուժերի գլոբալ հավասարակշռության մեջ: Հարկ է հատկապես նշել, որ նույնիսկ նախքան ճանաչման այդ ակտերը, ՄԱԿ-ի 193 անդամ երկրների մոտավորապես 2/3-ն արդեն ճանաչել էր Պաղեստինի ինքնիշխանությունը: Սակայն այս պահի դրությամբ ամենաէական փոփոխությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների միանալն է: Այսպիսով իսկ դա հանգեցրեց Անվտանգության խորհրդի ներսում այս հարցի շուրջ ԱՄՆ-ի փաստացի մեկուսացմանը, քանի որ Վաշինգտոնն անվանապես կորցրեց ԱԽ մշտական անդամների՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ավանդական աջակցությունը։
Մյուս կողմից, շատ փորձագետներ թերահավատություն են հայտնում Պաղեստինի պետականության ճանաչման գործնական նշանակության կապակցությամբ։ Նրանք նշում են, որ վերջին հռչակագրերը չեն հստակեցնում նոր պետական կազմավորման սահմանները, որը, դեռ ավելին, չունի մայրաքաղաք և բանակ։ Ավելին, BBC-ի վերլուծաբանների գնահատմամբ` անհնար է ձևակերպել, թե կառավարությունները «ճանաչում» եզրույթով կոնկրետ ինչ նկատի ունեն, եթե իսրայելական բանակը գործնականում ավարտում է իր կողմից Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի զավթումը՝ սադրելով դրանց բնակիչների զանգվածային տեղահանումը: Միևնույն ժամանակ, չկան ոչ հաստատված մեխանիզմներ այս գործընթացը կասեցնելու համար, ոչ էլ Թել Ավիվին արդյունավետ կերպով ստիպելու որևէ հեռանկար, որպեսզի նա ընդունի «երկու պետություն» հայեցակարգը: Այս լույսի ներքո Պաղեստինի ճանաչումն առաջին հերթին խորհրդանշական է և ոչ մի կերպ չի ազդի իրերի իրական վիճակի վրա։
Բրիտանական և ֆրանսիական հասարակություններում բանավեճ է սկսվել այս քայլի ուշացած լինելու վերաբերյալ։ Երկու երկրներում էլ կառավարությանն առավել ակտիվորեն քննադատում են ձախակողմյան ուժերը, որոնք պնդում են, թե իշխանությունները միտումնավոր սպասել են, մինչև որ պաղեստինյան ինքնավարությունից գործնականում ոչինչ չմնա, բացի իսրայելական նոր բնակավայրերից: Այս առումով, շատ վերլուծաբաններ հակված են եզրակացնելու, որ Լոնդոնի և Փարիզի շարժառիթը պայմանավորված է ոչ այնքան Գազայում ցեղասպանության դադարեցմանն ուղղված իրական միջամտության անհրաժեշտությամբ (2025 թ. սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովն Իսրայելի գործողություններն արդեն իսկ որակել է որպես «ցեղասպանություն»), որքան ներքաղաքական հանգամանքներով։ Որոշումն ընդունվել է այդ երկրների իսլամական բնակչության և նրանց աջակցող ձախ-ազատական քաղաքական ուժերի ճնշման ներքո:
Հատկանշական է, որ Միացյալ Թագավորությունում և Ֆրանսիայում ավանդաբար ուժեղ հրեական լոբբին ի զօրու չի եղել ազդել կառավարությունների որոշումների վրա։ Ըստ BBC-ի տեղեկությունների` Մեծ Բրիտանիայի գլխավոր րաբբի սըր Էֆրեմ Միրվիսը Դաունինգ Սթրիթին բազմիցս կոչ է արել «հետաձգել» Ճանաչման ակտը, սակայն Միացյալ Թագավորության իշխանությունները, ըստ երևույթին, աննախադեպ ճնշում են զգում իսլամական գործոնի կողմից, որն իր դիրքերն է ամրապնդում ինչպես կառավարությունում, այնպես էլ ընտրական դաշտում։
Միևնույն ժամանակ, կարծիք կա, որ Պաղեստինը ճանաչելու Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի քաղաքական որոշման վրա էապես ազդել է ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականությունը, որն ուղղված է այս տարածաշրջանի աշխարհաքաղաքական երկրապատկերի արմատական վերակազմավորմանը։
Վաշինգտոնը գործնականում Իսրայելին համապարփակ աջակցություն է ցուցաբերում Պաղեստինի ինքնավարությունը վերջնականապես կազմաքանդելու, Սիրիան, Լիբանանը և Իրաքը մասնատելու, Կարմիր ծովի տարածաշրջանում լարվածություն հրահրելու նրա նախաձեռնություններում, ինչը խաթարում է Եվրոպայի առևտրային հարաբերություններն ասիական երկրների հետ: «Արաբական հեղափոխությունների» շարանից հետո Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան կորցնում են իրենց ազդեցությունը Լևանտի տարածաշրջանում, որը հաստատվել էր 1920 թվականին Սան Ռեմոյի խորհրդաժողովում հաստատված մանդատներով: ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները նպաստեցին ֆրանս-բրիտանական կապիտալի դուրս մղմանը տարածաշրջանից, որը, նույնիսկ Սիրիայի (1946 թ.) և Իրաքի (1932 թ.) ինքնիշխանություն ձեռք բերելուց հետո, Փարիզին և Լոնդոնին թույլ տվեց զգալիորեն ազդել նրանց ներքին և արտաքին քաղաքականության վրա: Ներկայումս Վաշինգտոնը և Թել Ավիվը նպատակասլաց ջանքեր են գործադրում Լևանտը եվրոպական տերությունների ավանդական քաղաքական և տնտեսական շահերի գոտուց վերջնականապես հեռացնելու ուղղությամբ։
ԱՄՆ-իսրայելական երկյակը զգալի հարված հասցրեց արևմտաեվրոպական առաջատար երկրների շահերին՝ հութիներին սադրելով շրջափակելու Բաբ էլ Մանդեբի նեղուցը։ Սա փաստորեն կաթվածահար արեց Սուեզի ջրանցքով եվրասիական ծովային առևտուրը և փոխեց Աֆրիկայի շուրջ հիմնական բեռների հոսքերը՝ Եվրոպայում կտրուկ բարձրացնելով էներգապաշարների և այլ ապրանքների գները:
Մի շարք փորձագետներ կարծում են, որ հութիների հետ խաղաղության հասնելու Վաշինգտոնի և Թել Ավիվի չկամությունը իրանական հիմնախնդրի հետ կապ չունի։ Կասկածներ են արտահայտվում նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Եմենի «օրինական» կառավարության և շրջափակման վերացմանն ուղղված արշավում արաբական կոալիցիային աջակցելու անկարողության վերաբերյալ: Ըստ այդ գնահատականների, ամերիկա-իսրայելական երկյակի պասիվության իրական պատճառները կայանում են նրանում, որ նրանք ցանկանում են ապահովել համաշխարհային առևտրում Սուեզի ջրանցքի դերի վերջնական անկումը` նախքան Իսրայելին կհաջողվի կառուցել Բեն-Գուրիոն ջրանցքը, որը Հնդկական օվկիանոսը նրա տարածքով կկապի Միջերկրական ծովի հետ:
Այս սցենարը ենթադրում է, որ նոր ջրային ուղու ավարտից հետո Եմենի հութիները կա՛մ կպարտադրվեն խաղաղություն հաստատել, կա՛մ Սանայի նրանց վարչախումբը կվերացվի միջազգայնորեն ճանաչված կառավարության ուժերի կողմից՝ ԱՄՆ-ի և Իսրայելի լիակատար ռազմական աջակցությամբ: Այս ծրագրի իրականացումը Թել Ավիվին թույլ կտա ապահովել բեռնափոխադրումների զգալի մասնաբաժինը, որը մինչ հութիների շրջափակումը կազմում էր համաշխարհային ծովային առևտրի 12%-ը և կոնտեյներային բեռնափոխադրումների մոտ 40%-ը: Իր հերթին, Վաշինգտոնը ռազմավարական վերահսկողություն ձեռք կբերի Արևելյան Միջերկրական ծովում և Հնդկական օվկիանոսի արևմտյան հատվածում, ինչը կբարդացնի Աֆրիկայում Չինաստանի տնտեսական առաջխաղացումն ու ծավալումը դեպի Եվրոպա:
Նման փոխդասավորության դեպքում Լոնդոնն ու Փարիզը կարող են դուրս մնալ Մերձավոր Արևելքի ապագայի ձևավորման գործընթացներից, ինչը հատկապես խաթարում է նրանց գլոբալ հավակնությունները՝ հաշվի առնելով այդ երկրների պատմական դերը Սուեզի ջրանցքի ստեղծման գործում։
Մեկ այլ գործոն, որը երկու եվրոպական միջուկային տերություններին դրդեց ճանաչելու Պաղեստինը, Իսրայելի աննախադեպ աշխուժացումն է Լիբանանում և Կիպրոսում: Ֆրանսիան, որն ավանդաբար համարվում էր լիբանանյան պետականության ճարտարապետը, այժմ ականատես է լինում երկրի ներքաղաքական հավասարակշռության խաթարմանը: Միևնույն ժամանակ, Միացյալ Թագավորությունը, Թել Ավիվի և Անկարայի միջև հարաճուն սրացման լույսի ներքո սպառնալիք է զգում Կիպրոսում իր ռազմական ներկայությանը (Ակրոտիրի և Դեկելիա ռազմակայաններ) և Արևելյան Միջերկրական ծովում իր ռազմավարական շահերին:
Ակնկալվում էր, որ Լոնդոնի և Փարիզի նախաձեռնությունը հակաարդյունավետ կլինի և Թել Ավիվին հավանաբար կդրդի ավելի կտրուկ դարձնել իր գործողությունները: Խնդիրը ոչ այնքան ԵՄ-ի և Միացյալ Թագավորության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու Իսրայելի ծրագրերի մեջ է, որքան այն, որ Թել Ավիվը կարող է բոյկոտել ՄԱԿ-ը և հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին: Իսրայելի իշխանությունները քանիցս հայտարարել են այդ մասին՝ նման որոշումը փաստարկելով ՄԱԿ-ի ղեկավարության անկենսունակությամբ և ահաբեկչության դեմ «իրական պայքարի» համաձայնագրային պարտավորություններից նրա նահանջով: Պաղեստինի ճանաչումը, Գազայում ցեղասպանության մասին զեկույցը և Գլխավոր վեհաժողովում Բենիամին Նեթանյահուի ելույթը խանգարելու միջադեպը կտրուկ մեծացրել են նման քայլի հավանականությունը: Գուցե մեկ այլ ժամանակ վերլուծաբանները թերահավատորեն կվերաբերվեին նման կանխատեսմանը, բայց հիմա, երբ ԱՄՆ-ում իշխանության ղեկին է Դոնալդ Թրամփը, նման զարգացումը միանգամայն սպասելի է:
Դ. Թրամփի արհամարհանքը ՄԱԿ-ի նկատմամբ հայտնի փաստ է։ ԱՄՆ նախագահը, առիթը բաց չթողնելով, սեպտեմբերյան Գլխավոր վեհաժողովում քննադատել է կազմակերպությանը՝ մեղադրելով ճգնաժամերը լուծելու և պատերազմները կանխելու հարցում անկենսունակության և անօգնականության համար։ Ինչ վերաբերում է Պաղեստինի ճանաչմանը, ապա ամերիկացի առաջնորդն այն որակել է որպես անհեռատես քայլ, որն ամրապնդում է ՀԱՄԱՍ-ի դիրքերը։
Այսպիսով, բավարար հիմքեր կան կարծելու, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը կարող են համատեղ հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին՝ նախապես արմատական բարեփոխումներ պահանջելուց հետո, ինչին անդամ երկրների մեծամասնությունն ակնհայտորեն պատրաստ չէ համաձայնել։ Սա առաջին հերթին վերաբերում է Միացյալ Թագավորությանը և Ֆրանսիային, որոնց գլոբալ կարգավիճակը մեծապես ապահովված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նրանց մշտական անդամակցությամբ։ Ներկայումս մեծ թվով պետություններ հայտարարում են Անվտանգության խորհրդի բարեփոխումների և մշտական անդամության ընդլայնման անհրաժեշտության մասին։ Հետևաբար, Լոնդոնը և Փարիզը կարող են կորցնել իրենց առանցքային դիրքերը:
Հաշվի առնելով Դ. Թրամփի վարչակազմի համակողմանի աջակցությունը Թել Ավիվին, դժվար է պատկերացնել, թե ինչ արդյունքի էին սպասում Լոնդոնը և Փարիզը՝ ՄԱԿ-ում կազմակերպելով իրենց հակաիսրայելական դեմարշը: Մի շարք ռուս փորձագետների կարծիքով՝ Պաղեստինի ճանաչումը Միացյալ Թագավորությանը և Ֆրանսիային զրկեց իրենց վերջին հաղթաթղթից, որը թույլ էր տալիս ազդելու Իսրայելի քաղաքականության վրա։ Ճանաչման սպառնալիքն ավելի արդյունավետ գործիք էր, քան բուն այդ ակտը։ Դրանից հետո Թել Ավիվը հայտարարեց Եվրոպայի թշնամանքի և ՄԱԿ-ի օրինականության կորստի մասին, որը, նրա կարծիքով, այլևս իրավունք չունի հրեական պետությունից պահանջելու կատարել իր բանաձևերը: Դրանով Լոնդոնն ու Փարիզը պարզապես արձակեցին Թել Ավիվի ձեռքերը և արագացրին այն պահը, երբ ՄԱԿ-ը կա՛մ կփլուզվի, կա՛մ հիմնովին կվերակազմավորվի ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման ներքո:
Պաղեստինի ճանաչումը միայն ավելացրեց Գազայում զոհերի թիվը և սաստկացրեց ՑԱԽԱԼ-ի գործողությունները։ Այն սուր ճգնաժամի հանգեցրեց բրիտանա-իսրայելական և ֆրանս-իսրայելական հարաբերությունները: Փորձագետների կարծիքով` բրիտանական և ֆրանսիական կառավարությունների միակ ձեռքբերումն ապագա ընտրություններում իսլամական ընտրազանգվածի աջակցության հեռանկարն էր (Ֆրանսիա) և իսլամական խմբավորումների բարեհաճությունն արտաքին քաղաքականության ուղեգծի նկատմամբ (Մեծ Բրիտանիա): Սակայն հարցն այն է, թե, արդյոք, իսլամական համայնքի բարեհաճությունը կարելի՞ է «ձեռքբերում» համարել, թե՞ դա հրաժարում է ազգային ավանդական շահերից։
Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Մեծ Մերձավոր Արևելքը նոր վերակազմավորման դարաշրջան է թևակոխել, որտեղ ավանդական եվրոպական տերությունները կորցնում են իրենց նախկին ազդեցության մնացորդները: Այս միտումը հատկապես ցավալի է Ֆրանսիայի համար՝ հաշվի առնելով, որ դա նրա հետգաղութային գերիշխանության մայրամուտի համաշխարհային գործընթացի մի մասն է։ Միացյալ Թագավորությունը կարող է դեռևս պահպանել վերահսկողությունն իր ազդեցության ավանդական գոտիների մեծ մասի վրա, սակայն Մերձավոր Արևելքում ամերիկա-իսրայելական փոխգործակցության հոլովույթը հետզհետե փոխարինում է ավանդական անգլո-սաքսոնական աշխարհաքաղաքական համագործակցությանը: Այստեղ նոր կարգ է ի հայտ գալիս, որը պետք է սպասարկի Դ. Թրամփի կողմից «վիթխարի» անվանված IMEC առևտրա-էներգետիկ երթուղու նախագիծը: Դրա ստեղծման գործընթացը կուղեկցվի ՄԱԿ-ի վերակազմակերպմամբ, որը նպատակ կունենա ոչ միայն զսպել Չինաստանին ու Ռուսաստանին, այլև արժեզրկել Եվրոպայի առաջատար դերը նոր աշխարհակարգում՝ մի դեր, որն, ըստ Դ. Թրամփի համոզման, արդեն վաղուց սպառել է իրեն մարդկության պատմության մեջ։
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 02.10.2025 թ.: