ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 01.07.2024 թ.(1)
21.06.2024-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը, ինչին ակնթարթորեն հետևեց Թել Ավիվի արձագանքը, և նույն օրը հայտարարվեց, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կկանչվի այդ երկրի ԱԳՆ՝ պարզաբանումների համար։ Հայկական կողմի քայլին արագ արձագանքեցին նաև իսլամական երկրները։ Թուրքիան առաջիններից էր, որ իր գոհունակությունը հայտնեց Երևանի որոշման առնչությամբ։ Դրանից հետո նրան միացան Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) և Կատարի, Հորդանանի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի կառավարությունները։ Ի վերջո, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հանդես եկան համապատասխան հայտարարությամբ. «Մենք ողջունում ենք Հայաստանի հայտարարությունը Պաղեստին պետության ճանաչման վերաբերյալ և սա համարում ենք կարևոր քայլ՝ ուղղված մեր ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչման ամրապնդմանը, ինչպես նաև մեր երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մասին պատմության նոր էջին»։
Հայաստանի իշխանությունների որոշումը ոչ պակաս հակասություններ առաջացրեց երկրի ներսում, քան միջազգային ասպարեզում։ Մասնավորապես, որոշ քաղաքական շրջանակներ և իշխանությանը ընդդիմացող հասարակության մի մասը տեղի ունեցածում հակված է տեսնել Անկարայի նախաձեռնությունը, որն, իբր, ճնշում է գործադրել Երևանի վրա։ Այս վարկածը կարող է հաստատել Ռ. Էրդողանի և Ն. Փաշինյանի հեռախոսազրույցի փաստը, որը տեղի է ունեցել ՀՀ ԱԳՆ համապատասխան հայտարարության նախորդ օրը։ Ակտիվորեն քննարկվում է նաև այն, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՄԱՍ-ը աջակցություն է հայտնել Ադրբեջանին, ապա շնորհավորել նրան «ազատագրական արշավում տարած հաղթանակի կապակցությամբ»։ Եվ, վերջապես, վերջին օրերին լայն տարածում գտավ այն խոսույթը, որ ՀՀ-ն, որը ժամանակին չճանաչեց Արցախի Հանրապետությունը, այժմ «օպերատիվ կերպով» ճանաչեց Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման և ինքնիշխանության իրավունքը։
Հաշվի առնելով ՀՀ կառավարության արտաքին քաղաքական գործունեության թափանցիկության բացակայությունը, վերը նշվածի, ինչպես նաև այլ վարկածների ու փաստարկների ի հայտ գալը հայկական միջավայրում բնական երևույթ է։ Սակայն, միևնույն ժամանակ, կան լայն հասարակայնության աչքից դուրս մնացող բազմաթիվ նրբերանգներ, որոնք լույս են սփռում ՀՀ կառավարության ձեռնարկած քայլի «օբյեկտիվ անհրաժեշտության» պատճառների վրա։
Նախ՝ Պաղեստինի ճանաչման ներկա միջազգային ալիքի ֆոնին Երևանի քայլը չի կարող համարվել «անժամանակ նախաձեռնություն», որն, իբր, լայնածավալ արտաքին քաղաքական խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար։
Երկրորդ, եվրոպական հանրության ճնշող մեծամասնությունը, որի հետ ինտեգրումը ՀՀ ներկայիս իշխանությունն ընտրել է որպես երկարաժամկետ ռազմավարական նպատակ, Պաղեստինի անկախությունը համարում է մերձավորարևելյան խնդրի «միակ և անխուսափելի» լուծումը։
Երրորդ՝ Պաղեստինի ճանաչումը լրացուցիչ խթան կծառայի Հայաստանի հարաբերություններն ամրապնդելու արաբական երկրների, իսլամական աշխարհի և, առաջին հերթին, Իրանի հետ, որը ներկայումս Պաղեստինի գլխավոր հենասյունն է։ Այս քայլը պետք է համարել բարեկամական ժեստ Իրանի նկատմամբ, այլ ոչ թե Թուրքիայի, որը, սակայն, հնարավոր է, հենց ինքն է ցանկացել համոզել Երևանին նման որոշման գնալ։
Չորրորդ՝ Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների անխուսափելի բարդացումը դժվար թե պետք է գոյութենական գործոն համարել, քանի որ պաշտոնական Թել Ավիվը, նույնիսկ առանց Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման, ամեն ինչ արեց, որպեսզի հայ-իսրայելական հարաբերությունները չլինեն ամենաբարձր մակարդակի վրա։ Դրա ապացույցն է Թել Ավիվի աջակցությունը Բաքվին 2020 թ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ, հրեական պետության բացառապես ադրբեջանամետ դիրքորոշումը բոլոր միջազգային հարթակներում, իսրայելական զենքի համակարգված մատակարարումն Ադրբեջան և այլն։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Եգիպտոս կատարած այցի ընթացքում Ի. Ալիևը հայտարարել է, որ պաշտպանում է «երկու պետությունների» գաղափարը (Պաղեստինի դե ֆակտո ճանաչումը), իսրայելական իշխանությունները դաշնակից Ադրբեջանին դեմարշ չեն հայտարարել: Բաքվի բեռնատար ինքնաթիռները շարունակում են զենքի տեղափոխման թռիչքներ իրականացնել դեպի իսրայելական Օվդա օդանավակայան, իսկ ադրբեջանական նավթը շարունակում է կայուն հոսել դեպի Թել Ավիվ։ Այսպիսով, հայ-իսրայելական հարաբերությունների համատեքստում պետք է փաստել, որ քիչ հավանական է, որ «Պաղեստինի չճանաչումը» Երևանին հնարավորություն տա կոնցեպտուալ բարելավելու իրադրությունը հրեական պետության հետ հարաբերություններում։
Հինգերորդ, Բաքվի կողմից ՀԱՄԱՍ-ից ստացած շնորհավորանքների մասին հղումը լիովին ճիշտ չէ, քանի որ ՀԱՄԱՍ-ը նույնական չէ Պաղեստինի հետ։ Սա մի կազմակերպություն է, որը մինչև վերջերս վերահսկում էր Գազայի հատվածը, մինչդեռ «մայրցամաքային» Պաղեստինը վերահսկվում է «Ֆաթահի» կողմից, որը հայտնի է Հայաստանի և հայերի նկատմամբ իր ավելի լոյալ վերաբերմունքով։ Սրա ապացույցներից մեկն էլ 2024 թ. մարտին հայուհի Վարսեն Աղաբեկյանի՝ Մահմուդ Աբասի կողմից Պաղեստինի արտաքին գործերի պետական նախարարի պաշտոնում նշանակվելն է։ Այս նշանակումը, զուգորդված Պաղեստինի վերաբերյալ Երևանի նախաձեռնության հետ, կարող է լավ խթան հանդիսանալ հայ-պաղեստինյան և հայ-արաբական հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու համար։
Եվ վերջապես, վեցերորդը, Պաղեստինի ժողովրդի անկախության իրավունքի ճանաչումը, եթե ոչ հիմա, ապա միջնաժամկետ հեռանկարում, կնպաստի ղարաբաղյան հիմնախնդրի վերակենդանացմանը՝ ներառյալ էթնիկ զտումների համար Բաքվի պատասխանատվության, պատմական հայրենիք վերադառնալու հայերի իրավունքի և հայկական Արցախի՝ քաղաքական կարգավիճակի ձեռքբերման հարցը:
Այսպիսով, ՀՀ նախաձեռնությունը դժվար թե պետք է համարել հարկադրանքի տակ կայացված և միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում երկրի ռազմավարական շահերին չբավարարող սխալ իրավիճակային որոշում:
(1) Նյութի բնագիրը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 26.06.2024 թ.: