Սեղմագիր
Պակիստանը Թուրքիայի և Ադրբեջանի մշտական դաշնակիցն է և ցանկացած իրավիճակում հակադրվում է Հայաստանին՝ ի նպաստ իր դաշնակիցների։ Միաժամանակ, այն միջուկային պետություն է՝ ընկղմված իր ներքին ու արտաքին բազմաթիվ ճգնաժամերի մեջ։ Հոդվածում ներկայացրել ենք Պակիստանի արտաքին քաղաքականությունը, ներքին կառուցվածքը և իշխող խմբերը, տնտեսությունն ու ֆինանսական խնդիրները, ռազմական կարողությունը և միջուկային քաղաքականությունը։ Փորձել ենք նաև դիտարկել Պակիստանում ճգնաժամերի հավանական ազդեցությունները և դրանց հեռանկարները։
ПАКИСТАН։ СОЮЗНИК НАШИХ ПРОТИВНИКОВ
В ВОДОВОРОТЕ НАРАСТАЮЩИХ ПРОБЛЕМ
Арутюнян Г. К.
Аннотация
Пакистан является надежным союзником Турции и Азербайджана и в любой ситуации выступает против Армении, в пользу своих союзников. В то же время, это ядерная держава, погруженная во множество внутренних и внешних кризисов. В данной статье мы представили внешнюю политику Пакистана, внутреннюю структуру и правящие группы, экономику и финансовые проблемы, военный потенциал и ядерную политику. Помимо этого, мы попытались рассмотреть возможные последствия кризисов в Пакистане и их перспективы.
PAKISTAN։ OUR OPPONENT’S ALLY
IN THE MAELSTROM OF MOUNTING PROBLEMS
Harutyunyan G. K.
Summary
Pakistan is a permanent ally of Turkey and Azerbaijan, and in any situation it opposes Armenia in favor of its allies. At the same time, it is a nuclear state, immersed in many internal and external crises. In the article, we presented Pakistan’s foreign policy, internal structure and ruling groups, economy and financial problems, military capabilities and nuclear policy. We have tried to consider the possible consequences of the crises in Pakistan and their prospects.
Գարիկ Կ. Հարությունյան(1)
2.3. Իրան. փոփոխական
Պակիստանի և Իրանի հարաբերությունները կարելի է բնորոշել որպես զգուշավոր համագործակցություն՝ երբեմն հարաբերությունների սրումով ու փոքր ընդհարումներով։ Սկզբնական բարեկամության համար հիմք են եղել երկու պետություններում իսլամի դերն ու ռազմաքաղաքական նույն բլոկում լինելը։ Ինչպես և Պակիստանը, շահական Իրանը նույնպես անդամակցել է հակախորհրդային և հակակոմունիստական CENTO (Central Treaty Organization) դաշինքին։
Իրանն իր հարևանին աջակցել է Քաշմիրի հարցում Հնդկաստանի դեմ պայքարում։ Իսկ 1971-ին, երբ Պակիստանը կիսվեց երկու մասի (Բանգլադեշ և մերօրյա Պակիստան), դա Իրանի համար ահազանգ եղավ, որ այդ երկրի մնացած մասում էլ կարող են անջատողական ալիքներ բարձրանալ, և դրանք կարող են անցնել նաև Իրան (բելուջների և քրդերի անկախական շարժումների ուժեղացմամբ)։ Այս պայմաններում Իրանը և՛ զենքով էր ապահովում Պակիստանին, և՛ ֆինանսներով՝ երկրի հետագա մասնատում թույլ չտալու համար։
Իրանում իսլամական հեղափոխությունից, ԽՍՀՄ զորքերի Աֆղանստան ներխուժումից և Իրան–իրաքյան պատերազմի մեկնարկից հետո Իրան–Պակիստան հարաբերություններն իրենց վրա կրել են նաև Աֆղանստանի հարցում տարաձայնությունների, աշխարհաքաղաքական տարբեր բլոկների ազդեցությունները։
Ներկա փուլում այդ երկու երկրներին միավորող գործոններն են.
- Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը,
- Տնտեսական երկկողմ համագործակցության հեռանկարները,
- Քաշմիրի հարցում Իրանի զգուշավոր համախոհությունը Պակիստանի հետ,
- Սահմանային բելուջական շրջաններում անջատողականության դեմ պայքարը (պարադոքսալ կերպով սա երբեմն փոքր ընդհարումների առիթ էլ է դառնում)։
Առաջինի դեպքում ակնհայտ է, որ չինական «Նոր մետաքսի ճանապարհի» (Belt and Road initiative) գրեթե ցանկացած ցամաքային տարբերակում ներգրավված պետք է լինեն և՛ Իրանը, և՛ Պակիստանը, քանի որ չինական ուղիները չեն կարող անցնել Հնդկաստանով, ՌԴ-ով անցումը խնդրահարույց է, Կասպից ծովով ու Ադրբեջանով անցումը՝ բարդ, ըստ այդմ՝ թանկ։
Նաև սա է պատճառը, որ Չինաստանը ռազմավարական պլանավորում է իրականացնում Իրանի հետ, և կողմերն արդեն 25 տարվա համագործակցության ճանապարհային քարտեզ ունեն(3)։ Դա նշանակում է, որ Իրանը և Պակիստանը բնականորեն պարտավոր են իրար հետ աշխատել՝ չինական նախաձեռնությունից օգուտ քաղելու համար։
Պեկինի հետ համագործակցությունն ավելի լայն հորիզոն է ենթադրում, բայց երկկողմ տնտեսական կապերի համատեքստում կարևոր է, որ երկուստեք կա միմյանց ապրանքների կարիքը։ Այս դեպքում, առավելապես Պակիստանն ունի իրանական էներգակիրների կարիքը՝ փոխարենը առաջարկելով բրինձ, տեքստիլ և այլ ապրանքներ, որոնցում մասնագիտացած է(4)։
Իրանից Պակիստան բնական գազի փոխադրման համար երկու կողմերը 2010-ին ստորագրել են պայմանագիր, որի հիման վրա պետք է կառուցվեր խողովակաշար՝ իրանական գազը պակիստանյան սպառողներին հասցնելու համար։ Իրանն իր տարածքում կառուցումն ավարտել է, իսկ Պակիստանը չի էլ սկսել(5)։ Պատճառն ամերիկյան ճնշումն է Իսլամաբադի վրա. Վաշինգտոնը պատժամիջոցներով է սպառնում Իրանի հետ գործարքի գնալու դեպքում(6)։ Պակիստանի կողմից նման քայլերն էլ, ըստ էության, խորացնում են Իրանի անվստահությունը հարաբերությունների վերաբերյալ։
Քաշմիրի հարցում Իրանը մշտապես աջակցել է Պակիստանին՝ կրոնական հիմքի վրա։ Քաղաքականի հարցի փոխարեն դիտարկում են Քաշմիրի բնակիչների իրավունքները, մասնավորապես՝ կրոնական ազատությունները, և Պակիստանին աջակցությունը հայտնելիս իրանական կողմում հիմնականում խուսափում են Հնդկաստանին թիրախավորելուց, քանի որ կարևոր համատեղ նախագծեր ունեն նաև Նյու Դելիի հետ(7)։
Այս եռանկյունու համատեքստում կարևոր քայլ էր նաև Իրանի և Հնդկաստանի պայմանավորվածությունը իրանական Չաբահար նավահանգստի շահագործման հարցում։ Փաստացի, լինելով Չինաստան–Պակիստան–Իրան առանցքի մաս՝ Թեհրանը նավահանգիստի շահագործումը 10 տարով վստահել է Հնդկաստանին՝ այդպիսով դիվերսիֆիկացնելով իր տնտեսական ենթակառուցվածքները։ Նյու Դելին էլ, իր հերթին, սրանով կարևոր ազդանշան է տվել, որ իրենք չեն ենթարկվելու ԱՄՆ-ի կողմից հնչեցված պատժամիջոցային սպառնալիքներին(8)։ Եվ սա Հնդկաստանն ավելի գերադասելի, վստահելի և հուսալի գործընկեր է դարձնում Իրանի համար, քան Պակիստանը։
Ինչ վերաբերում է Իրան–Պակիստան սահմանային անվտանգությանն ու բելուջական խնդրին, ապա այստեղ իրավիճակը նույնպես բարդ է։ Բելուջներով բնակեցված տարածաշրջանը կիսված է Իրանի (Սիսթան և Բելուջիստան նահանգ) և Պակիստանի (Բալոչիստան նահանգ) միջև։ Սահմանի երկու կողմում էլ գործում են բելուջական անջատողական զինված խմբեր, որոնք պարբերաբար հարձակումներ են գործում նաև սահմանային ուժերի վրա(9)։ Այս իմաստով երկու երկրների միջև ամենալուրջ միջադեպը տեղի ունեցավ 2024-ի հունվարին։ Իրանի ԶՈՒ-ն հունվարի 16-ին հրթիռներով ու անօդաչու սարքերով հարվածներ հասցրեցին Պակիստանի տարածքին՝ պնդելով, որ թիրախավորել են բելուջական ահաբեկչական խմբերից մեկին։ Պակիստանյան կողմից հայտնեցին երկու երեխաների մահվան մասին։ Երկու օր անց այն հարվածներ հասցրեց Իրանի տարածքին՝ համանման պատճառաբանությամբ։ Իրանական կողմից հայտնեցին 9 քաղաքացիականների, այդ թվում՝ 4 երեխաների, մահվան մասին(10)։
Միջադեպը լայն արձագանք ստացավ, երկու երկրների հարաբերությունները մի քանի օրով սառեցվեցին, բայցև շատ արագ վերականգնվեցին(11)։ Միջադեպի հետևանքով էսկալացիան քիչ հավանական գնահատվեց, քանի որ երկու պետություններից ոչ մեկը չունի ռազմական, ֆինանսական և այլ ռեսուրսներ՝ հերթական ճգնաժամի մեջ մտնելու համար(12)։ Միևնույն ժամանակ, Chatհam House-ում կարծում են, որ նման միջադեպերը կարող են առիթ դառնալ չնախատեսված էսկալացիաների համար.
- դրանում կարող են շահագրգռված լինել Պակիստանի աջակիցները, որոնք միաժամանակ նաև Իրանի հակառակորդներն են՝ ԱՄՆ, արաբական երկրներ,
- դրանում կարող է շահագրգռված լինել հենց Պակիստանը, քանի որ դա թույլ կտա մեծացնել երկրի կարևորությունը Արևմտյան գործընկերների աչքում, քանի որ այդ կարևորությունն ընկել է Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո(13)։
- IISS-ի վերլուծությունն էլ կանխատեսում է, որ հնարավոր է երկու երկրները սա որպես առիթ օգտագործեն ու ընդարձակեն սահմանային համագործակցությունը՝ հիմք դնելով բելուջական զինված խմբերի դեմ համատեղ պայքարին(14)։ Միջադեպից անցել է մի քանի ամիս, և հետագա ընթացքը ցույց է տվել, որ երկու երկրների հարաբերությունները ավելի են ջերմացել, տեղի են ունեցել նաև Իրանի նախագահի և Պակիստանի վարչապետի փոխայցեր և այլն։
Հատկանշական է, որ հենց այս միջադեպի ժամանակ երկու երկրների ռազմանավերը համատեղ վարժանք էին անցկացնում Հորմուզի նեղուցի հատվածում(15)։ Համատեղ ծովային զորավարժությունները հենց այն կետերից մեկն են, որտեղ երկու երկրները համագործակցում են անվտանգային ոլորտում։ Այս վարժանքներն անցկացվում են այն ժամանակ, երբ երկրներից մեկի ռազմանավերը անցնելիս են լինում մյուսի նավահանգստով կամ ծովային տարածքով։ Այդպիսի զորավարժություններ անցկացվել են նաև 2016-ին, 2017-ին և 2021-ին(16)։
Երկու երկրների հարաբերությունների տարամիտման կետերն են.
- Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդ ԱՄՆ-ի հարաբերությունները Պակիստանի հետ և պատժամիջոցային ճնշումները Պակիստանի վրա,
- Իրանի տարածաշրջանային հակառակորդ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները Պակիստանի հետ,
- տարբեր մոտեցումները Աֆղանստանի հետ կապված հարցերում,
- իսլամի տարբեր ճյուղերին պատկանելը։
Առաջին կետը Պակիստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի մասին է։ Չնայած օբյեկտիվ և բնական համագործակցության հնարավորությանը՝ Իսլամաբադը չի կարողանում լիարժեք կերպով իրացնել Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունների պոտենցիալը, քանի որ Իրանի հետ գործ ունենալը կարող է երկիրը դնել ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ։ Իսկ Պակիստանի տնտեսությունը դրան պատրաստ չէ։ Սրա օրինակ է նաև Իրան–Պակիստան գազատարի կառուցման հետաձգումը ԱՄՆ ճնշումների ներքո(17)։
Երկրորդ կետը վերաբերում է Իրան–Սաուդյան Արաբիա մրցակցությանը։ Պակիստանը երկուսի հետ էլ փորձում է լավ հարաբերություններ ունենալ, բայց երկու ախոյանների անզիջում մոտեցման պայմաններում Պակիստանն ինքն է որոշակիորեն սահմանափակում իր համագործակցությունները՝ կողմերից ոչ մեկի հետ շատ բարեկամություն չանելու և մյուսին չհակադրվելու համար(18)։
Մյուս երկու կետերը մեծապես կապված են Աֆղանստանում ուժերի հավասարակշռության հետ, քանի որ իրավիճակը սրվում է այն ժամանակ, երբ Աֆղանստանում չի լինում մեկ միասնական իշխանություն, և Թեհրանն ու Իսլամաբադը աջակցում են այդ երկրում գործող հակադիր կրոնական զինված խմբերի։
2.4. Աֆղանստան/Թալիբան
Պակիստանի և Աֆղանստանի հարաբերությունները դիտարկելիս դրանք պետք է բաժանել երկու կատեգորիաների. պետությունների միջև հարաբերություններ և դրանցում իշխող խմբերի միջև հարաբերություններ։ Պատճառն այն է, որ երկու երկրներում էլ ֆորմալ պետական ինստիտուտներին զուգահեռ գործել են և գործում են ուժեր, որոնք երբեմն ավելի զորեղ են, քան ֆորմալ իշխանությունը։
Երկու պետությունների միջև հարաբերությունների հիմնական խնդիրներից մեկը սահմանն է։ Այս խնդիրը ժառանգվել է գաղութատիրական ժամանակաշրջանից, երբ Պակիստանի (Բրիտանական կայսրության կազմում) ղեկավարները Աֆղանստանի ղեկավարների հետ 1893 թ. համաձայնեցրել են իրենց ազդեցությունների սահմանները (Դյուրանդի գիծը)։ Պակիստանի անկախացումից հետո Աֆղանստանն այդ գիծը չի ճանաչել որպես իր սահման և հավակնում է Պակիստանի փաշտունաբնակ տարածքներին(19)։ Այս հիմքով էլ Աֆղանստանը եղել է միակ պետությունը, որ դեմ է քվեարկել ՄԱԿ-ին Պակիստանի անդամակցությանը(20):
Պակիստանի՝ Աֆղանստանին սահմանակից շրջաններում բնակվող փաշտունները նախկինում իրենց ավելի նույնականացրել են Աֆղանստանի հետ, որտեղ փաշտունները եթե մեծամասնություն չեն, ապա զգալի կշիռ ունեն(21)։ Հետագայում պակիստանյան փաշտունների ինքնությունը որոշակիորեն կապվել ու նույնականացվել է հենց Պակիստան պետության հետ, քանի որ տեղացի փաշտունները սկսել են ավելի շատ տեղ ունենալ իշխանության բուրգում (օրինակ, Պակիստանում առաջին ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած Այուբ Խանը նույնպես փաշտուն էր)։
ԽՍՀՄ զորքերի՝ Աֆղանստան ներխուժման շրջանում Պակիստանը աջակցում էր մոջահեդներին ԱՄՆ-ի հովանավորությամբ՝ խորհրդային ուժերի դեմ։ Աֆղանստանից խորհրդային ուժերի հեռանալուց և իշխանության փոփոխությունից հետո Պակիստանում որոշակի վտանգ զգացին, որ փաշտունական ցեղերը կարող են ակտիվանալ, և այդ ակտիվությունը կարող է փոխանցվել նաև Պակիստանի տարածքում ապրող փաշտուններին։
Արդյունքում՝ Պակիստանը աջակցեց փաշտունական հիմքով Թալիբան կազմակերպության հիմնադրմանը։ Սրանով Իսլամաբադը մի կողմից փորձում էր վերահսկողութուն սահմանել հարևան երկրում՝ թույլ չտալու համար այնտեղ հնդկամետ դիրքորոշումների ընդունումը, մյուս կողմից՝ դրանով Պակիստանի իշխանությունները որոշակիորեն նվազեցնում էին տեղական փաշտունների հակադրությունը կենտրոնական իշխանությունների դեմ։
Հետագայում, սակայն, Թալիբանի իշխանության գալը և դրա աշխարհաքաղաքական դիրքավորումը բերեց ԱՄՆ-ի դեմ հակադրության, ինչը Պակիստանի համար խնդիր էր, քանի որ Իսլամաբադում չէին ցանկանա կորցնել ԱՄՆ-ի իշխանությունների հովանավորությունը և աջակցությունը տարբեր հարցերում։ Իսլամաբադում սկսեցին երկակի խաղ խաղալ՝ մի կողմից պայքարել ահաբեկչական հայտարարված Թալիբանի դեմ, մյուս կողմից՝ աջակցել նույն այդ կազմակերպությանը։ Իսլամաբադի կողմից աջակցության գնահատականները տարբեր են՝ անկարողությունից մինչև ուղիղ աջակցություն(22).
- Գնահատականներից մեկն այն է, որ Պակիստանը չի կարողացել (և հիմա էլ չի կարողանում) լիարժեք վերահսկել շարժը սահմանին, ինչի հետևանքով Թալիբանի ներկայացուցիչները ազատ գործել են նաև Պակիստանի տարածքում:
- Գնահատականներից մյուսն էլ այն է, որ ԱՄՆ-ի զորքերի Աֆղանստան ներխուժումից հետո էլ Պակիստանը շարունակել է աջակցել Թալիբանի զինյալներին՝ ապահովելով նրանց տեղափոխությունը, ֆինանսավորումը և այլն։ Միաժամանակ, Իսլամաբադը ձևական միջոցառումներ է ձեռնարկել՝ ԱՄՆ-ի կողմից քննադատությունը զսպելու համար։
- Ավելի ռադիկալ գնահատականն այն է, որ Պակիստանը ոչ միայն աջակցել է, այլև կազմակերպել ահաբեկչական խմբերի գործունեությունը, ինչպես նաև նրանց պարագլուխներին թաքցրել է ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների ժամանակ։ Պակիստանը նաև հավաքագրել, մարզել և զինել է ահաբեկչական խմբերի մարտիկներին։ Եվ սրանով իսկ Պակիստանը համարվել է ահաբեկչության ամենաակտիվ հովանավոր պետությունը(23)։
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համապատասխան ծառայությունները հստակորեն գիտեին, որ այս կամ այն չափով Պակիստանը մասնակցում է Աֆղանստանում քաոսի տարածմանը։ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ունեին ապացույցներ, որ դրանում ուղիղ ներգրավված է Պակիստանի ISI-ը՝ Միջգերատեսչական հետախուզական ծառայությունը, որը զինված ուժերի հետ փաստացի ղեկավարում է Պակիստանը (ԶՈՒ-ն և ISI-ը միասին հաճախ անվանվում են «Էստաբլիշմենթ»՝ փաստացի ղեկավարություն)։ Սակայն Իսլամաբադում այս ամենը հերքում էին՝ պնդելով, թե չեն կարող վերահսկել, որ միլիոնավոր աֆղան փախստականների մեջ չլինեն ահաբեկիչներ(24)։
Աֆղանստանի ու Թալիբանի հարցում Պակիստանի և «Էստաբլիշմենթի» քաղաքականությունը տեղավորվում է այն քաղաքական ուղեծրում, որ Իսլամաբադը փորձում է մշտական քաոս պահել Աֆղանստանում, որպեսզի հարևանը չհասցնի հավակնություններ ներկայացնել Պակիստանի փաշտունաբնակ տարածքների նկատմամբ, և հակադրությունը չխորանա։ Ընդ որում՝ Հնդկաստանն էլ իր հերթին մշտապես աջակցում է Աֆղանստանին այս հարցում՝ ի հակադրություն Պակիստանի(25)։
Ամերիկյան զորքերի դուրսբերումից և Աֆղանստանում Թալիբանի իշխանության գալուց հետո երկու կողմերի հարաբերությունների հիմնական կետը վստահության բացակայությունն է։ Պակիստանը չի ճանաչել Թալիբանը որպես Աֆղանստանի իսկական իշխանություն, թեև Թալիբանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում Պակիստանի իշխանությունների հետ։ Մյուս կողմից էլ՝ Թալիբանը չի արդարացրել Պակիստանի սպասումները, քանի որ նույնպես չի դիտարկոմ Դյուրանդի գիծը՝ որպես երկու պետությունների պաշտոնական սահման։
Որոշակիորեն փոխվել են նաև դերերը, քանի որ հիմա էլ Թալիբանի կողմից աջակցություն ու հովանավորություն ստացող զինյալ խմբերն են Պակիստանի տարածքում իրականացնում գործողություններ, որոնց Պակիստանը պատասխանում է Աֆղանստանի տարածքին հասցված հարվածներով, ինչն, իր հերթին, լարվածություններ է մտցնում երկու երկրների հարաբերություններում(26)։ Լարվածությանը լրացուցիչ տոն է հաղորդում նաև Պակիստանում միլիոնավոր աֆղանստանցի փախստականների առկայությունը։ 2023-ի հոկտեմբերին Իսլամաբադը հայտարարել է, որ Աֆղանստան է ուղարկել է այն փախստականներին, որոնք ապօրինի են գտնվում իր տարածքում(27)։
2024 թ. ապրիլի դրությամբ շուրջ 550 հազար փախստական էր վերադարձվել Աֆղանստան(28)։ Միջազգային մարդասիրական կազմակերպությունները ահազանգում էին այս գործողությունների ապօրինությունների և դրանց ընթացքում բռնությունների մասին(29)։ Ապրիլին Իսլամաբադը հայտարարեց, որ շարունակելու է փախստականների արտաքսումները(30), ինչը ցույց է տալիս, որ Պակիստանը փախստականների գործոնը կիրառում է Աֆղանստանի և միջազգային գործընկերների վրա ճնշում գործադրելու համար։
Տնտեսության տեսանկյունից երկու երկրների միջև հարաբերությունները, առաջին հերթին, Աֆղանստանի՝ դեպի ծով ելք չունենալու համատեքստում են։ 2010 թվականից երկու պետությունների միջև գործել է «Տրանզիտ առևտրի համաձայնագիր» (Afghanistan Pakistan Transit Trade Agreement)(31), որի հիման վրա Աֆղանստանը կարողացել է արտահանման և ներմուծման համար օգտագործել Պակիստանի տարածքը և նրա նավահանգիստները։ Սակայն 2017 թ. համաձայնագրի ժամկետն ավարտվել է, իսկ նոր համաձայնագիր չի ստորագրվել:
Կողմերը պարբերաբար փորձում են վերադառնալ նոր համաձայնագրի համար բանակցություններին(32)։ Դիտարկվում է նաև փոխադարձության տարբերակը, որով Պակիստանն իր հերթին Աֆղանստանի տարածքով տարանցման հնարավորություն կստանա դեպի Տաջիկստան և Կենտրոնական Ասիայի մյուս երկրներ։ Սակայն Պակիստանում տնտեսական իրավիճակը որոշակիորեն խոչընդոտներ է ստեղծում։ Մասնավորապես, 2023-ի աշնանը Իսլամաբադը արգելել է որոշ ապրանքների տարանցումը դեպի Աֆղանստան և սահմանափակել այլ ապրանքների տարանցումը, որպեսզի խնայի արտարժույթը Պակիստանի ներսում(33)։
Արդեն այս տարվա ապրիլին, երբ երկու երկրների սահմանին լարվածություն կար, և Պակիստանը հայտարարում էր աֆղանստանցի փախստականների նոր խմբերի արտաքսումների մասին, կողմերը ստորագրեցին ժամանակավոր համաձայնություն՝ Պակիստանով Աֆղանստան ապրանքների տարանցումը կարգավորելու մասին(34)։
2.5. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Պակիստանի հիմնադրումից ի վեր այդ երկրի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները և բարեկամությունը եղել են իրավիճակային՝ կախված կոնկրետ փուլում ԱՄՆ-ի հետաքրքրություններից ու առաջնահերթություններից։
Սակայն երկու երկրների ընդհանուր շահերը և հետաքրքրությունները բավականին սուղ են։ Եվ բոլոր այն փուլերում, երբ ԱՄՆ-ը կորցրել է հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ, այն նաև թուլացրել է Պակիստանի հետ բարեկամական հարաբերությունները, ֆինանսական և ռազմական օժանդակությունը և մինչև իսկ պատժամիջոցներ է կիրառել այդ երկրի նկատմամբ(35)։
Մյուս կողմից, Պակիստանն էլ իր հերթին է հարմարվել ավելի ուժեղ գործընկերոջ նման քաղաքականությանը և մոնետիզացրել է իր կարգավիճակը. երբ հարաբերությունները լավ են եղել, Պակիստանը պահանջել ու ստացել է իր բաժինը՝ ֆինանսական օգնություն, սպառազինություն և այլն։
Հարաբերությունների առաջին փուլում երկու երկրներին միավորել է Խորհրդային Միության ռազմավարական ընդլայնման դեմ պայքարը։ Մյուս կողմից, Պակիստանը փնտրում էր անվտանգության երաշխավորի և անդամակցեց Արևմուտքի կողմից հենց այդ նպատակով հիմնադրված SEATO (Southeast Asia Treaty Organization) և CENTO (Central Treaty Organization) ռազմաքաղաքական կազմակերպություններին (այսպես կոչված, Հարավարևելաասիական և Մերձավորարևելյան ՆԱՏՕ-ներին)։
Հարաբերություններում առաջին խոշոր ճաքը երևաց 1960-ական թվականներին, երբ ԱՄՆ–Պակիստան–Հնդկաստան եռանկյունուն միացավ նաև Չինաստանը՝ ԱՄՆ-ի հակառակորդի կարգավիճակով։ Չինա–հնդկակական պատերազմի ժամանակ Պակիստանը դիրքավորվեց Չինաստանի կողմում, ինչի հետևանքով արժանացավ ԱՄՆ-ի դժգոհությանը։ Դրան հաջորդած Պակիստան–Հնդկաստան պատերազմի ժամանակ (Քաշմիրի համար մղված մարտական գործողությունները 1965 թվականին) ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ սահմանեց երկու կողմերի վրա։
Սա փաստացի ոչ դաշնակցային մոտեցում էր ԱՄՆ-ի կողմից, և հենց այդպես էլ ընդունվեց պակիստանյան կողմում։ Հնարավոր է, որ սա ևս մեծ դեր խաղաց այն հարցում, որ հաջորդիվ Պակիստանում իշխանության եկան ուժեր, որոնք կողմ չէին ԱՄՆ-ի հետ բարեկամությանը։
1971 թվականին էլ Պակիստանի և Հնդկաստանի երրորդ խոշոր ընդհարման ժամանակ Պակիստանի պարտությունը բերեց նրան, որ Իսլամաբադը ստիպված էր ճանաչել Արևելյան Պակիստանի՝ Բանգլադեշի անկախությունը և համաձայնել Հնդկաստանի պայմաններին։ Հնդկական զորքերը ջախջախել էին Պակիստանին, վերցրել շուրջ 90 հազար գերի ու զբաղեցրել դրա սահմանակից շրջանները։ ԱՄՆ-ն այս անգամ միջամտեց, որպեսզի թույլ չտար Պակիստանի լիակատար կազմաքանդումը(36)։ Բայց նման մոտեցումը, միևնույն է, չէր բավարարում Իսլամաբադին, որն ԱՄՆ-ից սպասում էր դաշնակցային պարտավորությունների կատարում։
ԱՄՆ–Պակիստան բարեկամության հերթական փուլը եղավ 1980-ականներին՝ ԽՍՀՄ ուժերի՝ Աֆղանստան ներխուժման ժամանակ։ Խորհրդային միությանն Աֆղանստանի պատերազմի ճահճի մեջ ավելի խորը ներքաշելու համար ԱՄՆ-ն կիրառում էր հենց Պակիստանի տարածքը՝ մարզելով ու զինելով աֆղանստանցի մոջահեդներին։ ԱՄՆ-ի համար Պակիստանն այնքան կարևոր էր, որ Վաշինգտոնն այդ փուլում Պակիստանին փաստացի թույլ տվեց միջուկային զենք ստեղծել (մանրամասները տես հոդվածի՝ «Միջուկային զենք և ռազմական արդյունաբերություն» հատվածում)։
2001-ից սկսած, երբ ԱՄՆ-ը ռազմական գործողություններ սկսեց Աֆղանստանում, Պակիստանը կրկին դարձավ Վաշինգտոնի կարևոր դաշնակիցն ու գործընկերը։ Պակիստանն ԱՄՆ-ի համար արժեքավոր նշանակություն ուներ հենց այն պատճառով, որ այդ երկիրն էր ամերիկյան զորքերի՝ դեպի Աֆղանստան անցման հիմնական միջանցքը։ Սրա դիմաց ԱՄՆ-ը շարունակում էր վճարել Իսլամաբադին տարբեր ձևերով։
Հարաբերություններում որոշակի սառեցում, ապա վերականգնում եղավ, երբ ամերիկյան կողմը սկսեց ԱԹՍ-ներով հարվածներ հասցնել Պակիստանում ահաբեկչական խմբավորումների դիրքերին։ Պակիստանի պաշտոնական մոտեցումն այն էր, որ իրենք այդ հարվածներին դեմ չեն, քանի դեռ անմեղ զոհեր չկան։ Սակայն որոշ միջադեպեր, միևնույն է, լինում էին, և դրանք ազդում էին հարաբերությունների վրա(37)։
ԱՄՆ–Պակիստան հարաբերությունների համար անկյունաքարային փոփոխությունների շրջան էր 2021 թվականը, երբ ամերիկյան զորքերը դուրս բերվեցին Աֆղանստանից, և այնտեղ իշխանության եկան Թալիբանի ներկայացուցիչները։ Տարածաշրջանից ամերիկյան ուժերի հեռանալը նշանակում էր Պակիստանի կարևորության էական անկում։
Հարաբերությունների անկումային փուլում կողմերն իրենց արդարացնելու համար նաև մեղադրանքներ էին հնչեցնում միմյանց նկատմամբ։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ թեև ամերիկյան կողմը միլիարդավոր դոլարներ է վճարում Իսլամաբադին, Պակիստանն իր տարածքում գործելու հնարավորություն է տալիս հենց այն ահաբեկիչներին, որոնց դեմ պայքարում է ԱՄՆ-ը(38)։
Խոսքն այստեղ իհարկե Ալ-Կաիդա ահաբեկչական կազմակերպության մասին է, որի պարագլուխ Ուսամա բեն Լադենին ամերիկյան ուժերն, ի վերջո, հայտնաբերեցին հենց Պակիստանում։ Սակայն, Պակիստանն այս մեղադրանքները չէր ընդունում և հայտարարում էր, որ այդ փողերն իրենք ստանում են «ոչ թե սկուտեղի վրա դրված, այլ ահաբեկչության դեմ պայքարում իրենց գործողությունների ու կրած վնասների դիմաց»(39)։
Ամփոփելով կարելի է նշել, որ ԱՄՆ–Պակիստան հարաբերությունները տատանողական են՝ իրավիճակից կախված։ Սա նշանակում է, որ չնայած իրավապայմանագրային բազային՝ Պակիստանը չի կարող անհրաժեշտության դեպքում հույս դնել ԱՄՆ-ի վրա։ Ավելին, Պակիստան–Չինաստան ջերմ հարաբերությունները հենց Իսլամաբադին անվստահելի գործընկեր են դարձնում ԱՄՆ-ի աչքերում։
2.6. Ռուսաստան (ԽՍՀՄ)
Ինչպես և ԱՄՆ-ի դեպքում, ԽՍՀՄ-ի հետ Պակիստանի հարաբերությունները կրել են աշխարհաքաղաքական ընթացիկ իրավիճակի ազդեցությունները։ Մասնավորապես, խորհրդային կողմում Պակիստանը դիտարկվել է որպես ՆԱՏՕ-ի ֆորպոստ, իսկ Պակիստանի դեպքում ԽՍՀՄ-ը դիտարկել է որպես կոմունիզմի տարածման ջատագով և դրանով իսկ՝ սպառնալիք։ Անգամ այն փուլերում, երբ ԱՄՆ-ում նվազել է Պակիստանի նկատմամբ հետաքրքրությունը և պատուհան է բացվել ԽՍՀՄ-Պակիստան երկխոսությունը զարգացնելու համար, երկու կողմերին դրանում խանգարել է փոխադարձ անվստահությունը։
Մյուս կողմից, ԽՍՀՄ (հետագայում՝ նաև ՌԴ-ի) ու Պակիստանի միջև հարաբերությունների վրա մշտապես հատուկ ազդեցություն են ունեցել ԽՍՀՄ–Հնդկաստան ավելի ջերմ հարաբերությունները, ինչպես նաև Աֆղանստանի հարցը՝ նախ ԽՍՀՄ կողմից և ապա՝ ԱՄՆ-ի կողմից ներխուժումների համատեքստերում(40)։
Թվարկված բոլոր գործոնները ազդեցիկ են նաև այսօր։ Մասնավորապես.
ՌԴ-ում Պակիստանը շարունակում է դիտարկվել որպես ԱՄՆ-ի գործընկեր, թեև Մոսկվան էլ իր հերթին փորձում է որոշակիորեն դեպի իրեն քաշել այս երկրի արտաքին վեկտորը(41)։
ՌԴ-ն շարունակում է ավելի ջերմ հարաբերություններ պահպանել Հնդկաստանի հետ, ինչը որոշակիորեն զսպում է և՛ իրեն, և՛ Պակիստանին երկկողմ հարաբերությունները զարգացնելու հարցում։ Դեռևս 2010 թ. ՌԴ վարչապետի պաշտոնում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ-ն Պակիստանի հետ ռազմական հարաբերություններ չի կառուցում՝ հաշվի առնելով Հնդկաստանի գործընկերների անհանգստությունը(42)։
ՌԴ–Պակիստան հարաբերությունների վերաբերյալ ցանկացած քննարկման ժամանակ կարմիր թելով անցնում է Աֆղանստանի հարցը, քանի որ ահաբեկչական կազմավորումների գործունեությունը աֆղանական տարածքում էական սպառնալիք է երկու երկրների համար։
Եվ նրանք իրենց երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները տեսնում են միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում։ Եվ, հիմնականում, հենց այս բազմակողմ ձևաչափերով էլ իրականացվում է քաղաքական երկխոսությունը։
Արդեն 2010-ականների կեսերին երկու երկրների միջև երկխոսության ակտիվացում նկատվեց տարբեր ոլորտներում։ Մասնավորապես 2014-ին ռուսական կողմից նախ հայտնեցին, որ պատրաստվում են մարտական ուղղաթիռներ վաճառել Պակիստանին, ապա նաև ավելացրին, որ Իսլամաբադի նկատմամբ նախկինում ոչ թե ռազմական էմբարգո է եղել, այլ զգուշավորությամբ են վերաբերվել այդ երկրին ռազմական մատակարարումների հարցին(43)։
2015–2016 թթ. Պակիստանը որոշակի հետաքրքրություն էր ներկայացրել նաև ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցերում։ Սակայն ռուսական կողմից նշում են, որ այդպիսի համագործակցության համար խոչընդոտ է երկու կառույցների անդամ Հայաստանի և Պակիստանի հարաբերությունների բացակայությունը(44)։
ՌԴ-ն նաև հետաքրքրված է Պակիստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմամբ։ Մասնավորապես, դեռևս 2015 թ. երկու կողմերի միջև ստորագրվել էր Պակիստանի տարածքում խոշոր մայրուղային գազատարի կառուցման նախագիծ(45)։ Ըստ որի՝ խողովակաշարը պետք է հարավային Կարաչի նավահանգստային քաղաքից հեղուկ գազը հասցներ երկրի հյուսիսային հատվածներ, մասնավորապես՝ Լահոր հյուսիսային քաղաք (սկզբնական փուլում նախագիծը կոչվում էր Պակիստանի Հյուսիս-Հարավ գազատար)։ Դրա կառուցման նախնական գինը գնահատվում էր 2 մլրդ դոլար, առաջին հատվածի կառուցման վերջնաժամկետը՝ 2017 թվականը։
Ռուսաստանի համար, ըստ երևույթին, այս գազատարի կառուցման առևտրային շահագրգռվածությունը մեծ չէ, թեև կառուցումից հետո գազի շահագործումն ու դրանից եկամուտը տնօրինելու էր հենց ռուսական կողմից ներկայացված ընկերությունը (այն հետագայում ընկավ ամերիկյան պատժամիջոցների տակ և դուրս եկավ նախագծից)։ Մոսկվայի համար ավելի կարևոր են ազդեցության մեծացումը և ռազմավարական խորությամբ պլանավորումը, քանի որ Պակիստանում գազատարի կառուցումը նշանակելու էր այդ երկրում գազի սպառման ավելացում, իսկ դա նշանակելու էր, որ Իսլամաբադը պետք է ավելի շատ գազ գնի։ Իսկ մոտակա շուկաները արաբական երկրներն էին լինելու։ Արդյունքում ՌԴ-ն կարող էր արաբական երկրների գազն անուղղակի ուղղել Պակիստան՝ իրեն թողնելով դեպի Եվրոպա մատակարարումների առյուծի բաժինը(46)։
2021 թ. կողմերը վերաստորագրեցին համաձայնությունը՝ փոխելով դրա կարգավորումները։ Այդուհետ, 25 տարվա կետը դուրս էր գալիս, և գազատարի իրավունքների 75%-ը տրվում էր պակիստանյան կողմին, 25%-ը՝ ռուսականին։ Սակայն, նույնիսկ այսօր, այս նախագիծը սկսված չէ։ Կողմերը պարբերաբար՝ մեկնարկին ընդառաջ, հայտարարում են, որ բանակցությունների այս կամ այն փուլում են(47)։ Բայց, պայմանավորվածությունը փաստացի այլևս ուժի մեջ չէ։ Հավանական է, որ այս նախագծի սառեցման պատճառը նույնպես ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքներն են, ինչպես և Իրան–Պակիստան գազատարի նախագծի սառեցման դեպքում (սրան անդրադարձել ենք Իրանի հետ հարաբերությունների բաժնում – Գ.Հ.)։
Կողմերի համար համագործակցության մեկ այլ համատեքստ էլ Ուկրաինայի պատերազմն է։ Իմրան Խանի կառավարության օրոք Իսլամաբադը Մոսկվայի հետ հարաբերությունների ջերմացման քաղաքականություն էր տանում։ Հենց ՌԴ-ի՝ Ուկրաինայի վրա հարձակման օրը Խանը գտնվում էր Մոսկվայում։ Հետագայում էլ Պակիստանը ՄԱԿ-ում հրաժարվեց միանալ Ռուսաստանի գործողությունները դատապարտելուն ուղղված բանաձևի ընդունմանը՝ հայտարարելով, որ չեզոք են լինելու այդ հակամարտության նկատմամբ(48)։
Ուկրաինայի հակամարտությունը նաև լուրջ շոկ էր Պակիստանի առանց այն էլ խախուտ տնտեսության համար։ Մյուս կողմից, այս ընթացքում կողմերը կարողացան պայմանավորվել էներգակիրների առևտրի մասին։ Առաջին անգամ ռուսական հեղուկ գազով բեռնատարները Ուզբեկստանի և Աֆղանստանի տարածքով Պակիստան հասան 2023-ի հունիսին(49)։
Այս ծրագրով նախնական պայմանավորվածություն կար 100 հազար տ նավթամթերքի վերաբերյալ, սակայն ավելի հավանական է, որ այս գործարքը նույնպես սառեցվել է(50)։ UN Comtrade-ի տվյալները նույնիսկ որոշակի նվազում են ցույց տալիս ՌԴ-ից Պակիստան նավթամթերքի արտահանումների ցուցանիշներում (2021-ին՝ 87,5 մլն դոլար, 2022-ին՝ 50,1 մլն դոլար, 2023-ին՝ 53,7 մլն դոլար)։
Նույն Ուկրաինայի պատերազմի համատեքստում համաշխարհային արժեշղթաների խախտման, ինչպես նաև Պակիստանում ջրհեղեղների ֆոնին մեծացել է նաև ՌԴ-ից Պակիստան հացահատիկի արտահանումը(51)։ Նույն UN Comtrade-ին Իսլամաբադի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2021-ին ՌԴ-ից Պակիստան հացահատկի ներմուծումը կազմել է 150 մլն դոլար, 2022-ին՝ 326 մլն դոլար, 2023-ին՝ 658 մլն դոլար։
2.7. Եվրամիություն և Մեծ Բրիտանիա
Եվրոպական համայնքի հետ Պակիստանի քաղաքական հարաբերություններն առանձնապես լայն չեն։ Բացառություն է միայն Մեծ Բրիտանիան, որի հետ Պակիստանին կապում են գաղութային անցյալը, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում հաստատված պակիստանյան սփյուռքը։
Պակիստանի հարցում ԵՄ առաջնահերթություններն ավելի շատ վերաբերում են «կանաչ տնտեսությանը» ու, հատկապես, «կանաչ էներգետիկային», մարդկային կապիտալի զարգացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, օրենքի գերակայությանը և այլ նմանատիպ խնդիրներին։ ԵՄ-ն նաև ֆինանսավորում է նման թեմայով նախաձեռնությունները, մասնավորապես՝ գյուղական զարգացման, կրթության և կառավարման որակի բարձրացման նպատակով դրամաշնորհների և այլ ֆինանսական գործիքների օգնությամբ(52)։
Մասնավորապես 2021–2024 թվականների համար ԵՄ ֆինանսավորումը կազմել է.
- «Կանաչ» ներառական զարգացման ապահովման ոլորտում՝ 172 մլն եվրո,
- Մարդկային կապիտալի զարգացման ոլորտում՝ 40 մլն եվրո,
- Կառավարում, այդ թվում՝ օրենքի գերակայություն և մարդու իրավունքների ոլորտ՝ 45 մլն եվրո,
- Աջակցող միջոցներ՝ 8 մլն եվրո,
- Ընդհանուրը՝ 265 մլն եվրո(53)։
Ավելի ցայտուն են Եվրամիության և Իսլամաբադի հարաբերություններն առևտրային ոլորտում։ ԵՄ-ն Պակիստանի արտահանման ամենամեծ ուղղությունն է։ Միությանը բաժին է ընկնում Պակիստանի ընդհանուր արտահանման շուրջ 30%-ը, արտաքին առևտրի՝ շուրջ 7%-ը(54)։
Եվրոպական միություն արտահանվող հիմնական ապրանքներն են տեքստիլը, այդ թվում` հագուստը և սպիտակեղենը, ինչպես նաև կաշվե արտադրատեսակները։ Պակիստանն իր հերթին եվրոպական երկրներից հիմնականում ներկրում է տեքտսիլի արտադրության և վերամշակման համար նախատեսված սարքավորումներ ու մեքենաներ։
Պակիստանին տրամադրվել է նաև ապրանքները GSP+ համակարգով ԵՄ արտահանելու հնարավորությունը, ինչը զգալի ազդեցություն ունի, քանի որ Պակիստանից Եվրոպա ուղարկվող ապրանքների ¾-ը ընկնում է հենց այս արտոնյալ ռեժիմի տակ(55)։ Իսլամաբադում ԵՄ դեսպանի պնդմամբ՝ GSP+ ռեժիմը թույլ է տվել կրկնապատկել Պակիստանի արտահանումը դեպի Եվրամիության երկրներ(56)։
Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններին, ապա այստեղ գումարվում է այն գործոնը, որ Պակիստանը եղել է Բրիտանական կայսրության մաս և այժմ էլ Ազգերի համագործակցության (Commonwealth of Nations) անդամ է: Միացյալ Թագավորության տարածքում ապրում է 1,6 միլիոնից ավելի պակիստանցի, որոնց թիվը կազմում է ՄԹ բնակչության 2,5%։
ՄԹ-ում ապրող պակիստանցիները նաև ակտիվորեն մասնակցում են դեպի հայրենիք գումարների փոխանցմանը։ Նրանք են ապահովում դեպի երկիր փոխանցվող գումարների 15%-ը, ինչի արդյունքում ՄԹ-ն Պակիստան ուղարկվող տրանսֆերտների չափով 3-րդ տեղում է Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից հետո(57)։
(Շարունակելի)
(1) Լրագրող։ Սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի և արևելագիտության ֆակուլտետներում։ Աշխատել է Ռազմինֆո մասնագիտացված պորտալում, «Շանթ» հեռուստաընկերությունում։ ԵՊՀ դասախոս է, ասպիրանտ։
(2) Հոդվածը խմբագրութուն է հանձնվել 02.08.2024 թ., բերվում է հատվածաբար, շարունակությունը՝ հաջորդիվ:
(3) Վարդանյան Ժ., Իրան-Չինաստան 25-ամյա համագործակցության փաստաթուղթը, (2022), Orbeli.am, https://orbeli.am/hy/post/949/2022-01-18/Իրան-Չինաստան+25-ամյա+համագործակցության+փաստաթուղթը (բեռնման օրը՝ 10.04.2024):
(4) Iran–Pakistan economic Relations, Iran MFA, https://pakistan.mfa.gov.ir/en/generalcategoryservices/9498/iran-%E2%80%93pakistan-economic-relations (բեռնման օրը՝ 10.04.2024).
(5) Iran-Pakistan gas pipeline remains stalled under cloud of sanctions, Reuters (2024), https://www.reuters.com/business/energy/iran-pakistan-gas-pipeline-remains-stalled-under-cloud-sanctions-2024-04-24/ (բեռնման օրը՝ 30.04.2024).
(6) Samina Farhat, Pak-Iran relations: possibilities and restrictions, Pak. Journal of Int’L Affairs (2020), https://pjia.com.pk/index.php/pjia/article/view/23/14 (բեռնման օրը՝ 10.04.2024).
(7) Iran issues rare criticism of India over Kashmir, Atlantic Counsil (2019), https://www.atlanticcouncil.org/blogs/iransource/iran-issues-rare-criticism-of-india-over-kashmir/ (բեռնման օրը՝ 10.04.2024).
(8) India inks 10-year deal to operate Iran’s Chabahar port, Reuters (2024), https://www.reuters.com/world/india/india-sign-10-year-pact-with-iran-chabahar-port-management-et-reports-2024-05-13/ (բեռնման օրը՝ 01.06.2024).
(9) Pakistan-Iran border tensions: A timeline; Al-Jazira (2024), https://www.aljazeera.com/news/2024/1/17/a-recap-of-violence-pak-iran-border (բեռնման օրը՝ 10.04.2024).
(10) Pakistan-Iran diplomatic ties restored after missile and drone strikes, BBC (2024), https://www.bbc.com/news/world-middle-east-68033426 (բեռնման օրը՝ 10.04.2024).
(11) Iranian, Pakistani Ambassadors return to embassies, Iranpress.com (2024), https://iranpress.com/iranian–pakistani-ambassadors-return-to-embassies (բեռնման օրը՝ 10.04.2024).
(12) Եվ, այնուամենայնիվ, տեղի ունեցածը ցույց տվեց իրանական կողմի՝ միջուկային տերությանը հարվածելու պատրաստակամությունը, նախադեպ դառնալով նաև Իրանի՝ իսրայելական քաղաքականության համատեքստի համար:
(13) Iran–Pakistan tensions: Why further escalation is unlikely, Chatham House (2024), https://www.chathamhouse.org/2024/01/iran-pakistan-tensions-why-further-escalation-unlikely (բեռնման օրը՝ 10.04.2024).
(14) The tit-for-tat conflict between Iran and Pakistan, IISS (2024), https://www.iiss.org/en/publications/strategic-comments/2024/03/the-tit-for-tat-conflict-between-iran-and-pakistan/ (բեռնման օրը՝ 10.04.2024).
(15) Iranian, Pakistani forces hold joint naval exercise in Strait of Hormuz, Persian Gulf; PressTV.ir (2024), https://www.presstv.ir/Detail/2024/01/17/718373/Iran-Pakistan-stage-joint-naval-drills-Strait-Hormuz-Persian-Gulf (բեռնման օրը՝ 10.04.2024).
(16) Iran’s naval fleet docks at Karachi for joint exercises ahead of ‘Aman 17’; Dawn.com (2016), https://www.dawn.com/news/1286466 (բեռնման օրը՝ 10.04.2024); Pakistan Navy vessels reach Iran for joint drills; Tribune.com.pk (2017); https://tribune.com.pk/story/1563749/pakistan-navy-vessels-reach-iran-joint-exercises (բեռնման օրը՝ 10.04.2024); Iran, Pakistan naval forces hold joint maritime exercise in Persian Gulf waters; PressTV.ir (2021), https://www.presstv.ir/Detail/2021/04/06/648878/Iran,-Russia-naval-forces-hold-joint-maritime-exercise-in-Persian-Gulf-waters (բեռնման օրը՝ 10.04.2024).
(17) Fatima Raza, Pakistan-Iran Relations in the Evolving International Environment, Institute of Strategic Studies Islamabad (2020), https://issi.org.pk/wp-content/uploads/2020/07/5-SSFatimaRazaNo-22020.pdf (բեռնման օրը՝ 11.04.2024).
(18) Muhammad Salman Khan, The Saudi Factor in Pakistan-Iran Relations; Iranian Review of Foreign Affairs (2014), https://ciaotest.cc.columbia.edu/journals/irfa/v4i4/f003217926184.pdf (բեռնման օրը՝ 11.04.2024).
(19) Աֆղանստան. ալեկոծված «Ասիայի սիրտը» հանգիստ չի գտնում (մաս 1); Առավոտ (2021), https://www.aravot.am/2021/11/06/1227380/ (բեռնման օրը՝ 13.04.2024):
(20) Afghanistan and Pakistan: A strategy for peace; IRPP.org (2010), https://policyoptions.irpp.org/magazines/afghanistan/afghanistan-and-pakistan-a-strategy-for-peace/ (բեռնման օրը՝ 13.04.2024).
(21) Երկրում մարդահամարներ չեն անցկացվել, ազգային պատկանելիության մասին պնդումները գնահատումների հիման վրա են և խիստ տարբեր են՝ կախված քաղաքական կոնյուկտուրայից։
(22) Frédéric Grare; Pakistan-Afghanistan relations in the Post-9/11 era; Carnegie Endowment (2006),
https://carnegie-production-assets.s3.amazonaws.com/static/files/cp72grarefinal.pdf (բեռնման օրը՝ 13.04.2024).
(23) The Changing Nature of State Sponsorship of Terrorism; Brookings (2008), https://www.brookings.edu/wp-content/uploads/2016/06/05terrorismbyman.pdf (բեռնման օրը՝ 13.04.2024).
(24) Pakistani Security Establishment and the Afghan Taliban; Pakistan-Afghanistan Relations: Pitfalls and the Way Forward; FES (2021), https://library.fes.de/pdf-files/bueros/pakistan/18346.pdf (բեռնման օրը՝ 13.04.2024).
(25) Frédéric Grare; Pakistan-Afghanistan relations in the Post-9/11 era; Carnegie Endowment (2006), https://carnegie-production-assets.s3.amazonaws.com/static/files/cp72grarefinal.pdf (բեռնման օրը՝ 13.04.2024).
(26) ‘Cousins at war’: Pakistan-Afghan ties strained after cross-border attacks; Al Jazeera (2024), https://www.aljazeera.com/news/2024/3/19/cousins-at-war-pakistan-afghan-ties-strained-after-cross-border-attacks (բեռնման օրը՝ 13.04.2024).
(27) Pakistan seeks orderly departure of illegal Afghans; Reuters (2023), https://www.reuters.com/world/asia-pacific/pakistani-minister-defends-decision-expel-afghans-2023-10-06/ (բեռնման օրը՝ 13.04.2024).
(28) Pakistan-Afghanistan: Returns Emergency Response (as of 4 April 2024); UNHCR (2024), https://reliefweb.int/report/afghanistan/pakistan-afghanistan-returns-emergency-response-4-april-2024 (բեռնման օրը՝ 23.05.2024).
(29) Pakistan: Government must stop ignoring global calls to halt unlawful deportation of Afghan refugees; Amnesty International (2024), https://www.amnesty.org/en/latest/news/2024/04/pakistan-government-must-halt-deportation-of-afghan-refugees/ (բեռնման օրը՝ 20.05.2024); & Pakistan: Widespread Abuses Force Afghans to Leave; HRW (2024), https://www.hrw.org/news/2023/11/28/pakistan-widespread-abuses-force-afghans-leave (բեռնման օրը՝ 13.04.2024).
(30) Pakistan threatens new wave of Afghan deportations; Thenewhumanitarian.org (2024), https://www.thenewhumanitarian.org/news-feature/2024/04/10/pakistan-threatens-new-wave-afghan-deportations (բեռնման օրը՝ 13.04.2024).
(31) Afghanistan Pakistan Transit Trade Agreement; 2010, https://www.commerce.gov.pk/wp-content/uploads/pdf/APTTA.pdf (բեռնման օրը՝ 13.04.2024).
(32) Pakistan, Afghanistan make progress on trade, transit in Kabul talks; Dawn.com (2024), https://www.dawn.com/news/1824449 (բեռնման օրը՝ 13.04.2024).
(33) Pakistan-Afghanistan Trade Talks Address ‘50% Decrease in Transit Trade,’ Aim To Bolster Border Economy; Themedialine.org (2024), https://themedialine.org/by-region/pakistan-afghanistan-trade-talks-address-50-decrease-in-transit-trade-aim-to-bolster-border-economy/ (բեռնման օրը՝ 13.04.2024).
(34) Pakistan and Taliban to expand trade despite lingering tensions; Nikkei Asia (2024), https://asia.nikkei.com/ Politics/International-relations/Pakistan-and-Taliban-to-expand-trade-despite-lingering-tensions (բեռնման օրը՝ 13.04.2024).
(35) Muhammad Imran Rashid, Umbreen Javaid, (2018), Pakistan-US Relations after 9/11: Points of Divergence, https://www.researchgate.net/publication/331895020Pakistan-USRelationsafter911PointsofDivergenceHistoricalnarrationofPak-Usrelations (բեռնման օրը՝ 13.04.2024).
(36) Նույն տեղում:
(37) Frederic Grare, Reece Trevor (2013) Discussing the Future of U.S.-Pakistan Relations, https://carnegieendowment.org/research/2013/10/discussing-the-future-of-us-pakistan-relations?lang=en (բեռնման օրը՝ 13.04.2024):
(38) Trump’s Request for India’s Help in Afghanistan Rattles Pakistan (2017), NY Times, https://www.nytimes.com/2017/08/22/world/asia/pakistan-trump-afghanistan-india.html (բեռնման օրը՝ 13.04.2024).
(39) Pakistan Foreign Minister Bluntly Criticizes U.S. (2017), Asia Society, https://asiasociety.org/new-york/pakistan-foreign-minister-bluntly-criticizes-us (բեռնման օրը՝ 13.04.2024).
(40) Адам Хашханов; Российско-пакистанские межгосударственные связи: состояние и перспективы развития; Вестник РУДН (2015), https://cyberleninka.ru/article/n/rossiysko-pakistanskie-mezhgosudarstvennye-svyazi-sostoyanie-i-perspektivy-razvitiya (բեռնման օրը՝ 18.04.2024).
(41) Максим Юсин; Россия вступает в геополитическую схватку за Пакистан; Коммерсантъ (2023), https://www.kommersant.ru/doc/5797385 (բեռնման օրը՝ 18.04.2024).
(42) Russia against developing military ties with Pakistan; Sputnik (2010), https://sputnikglobe.com/20100312/158177001.html (բեռնման օրը՝ 18.04.2024).
(43) Россия планирует поставки оружия в Пакистан, заявил глава Ростеха; RIA News (2014), https://ria.ru/20140602/1010313200.html (բեռնման օրը՝ 18.04.2024).
(44) Посол РФ в Пакистане: российско-пакистанские отношения переживают ренессанс; TASS (2024), https://tass.ru/interviews/19845315 (բեռնման օրը՝ 18.04.2024).
(45) Pakistan, Russia sign agreement for construction of North-South gas pipeline; Dawn.com (2015), https://www.dawn.com/news/1213460 (բեռնման օրը՝ 18.04.2024).
(46) Nikola Mikovic; How Russia benefits from the Pakistan stream pipeline; Diplomatic Courier (2021), https://www.diplomaticourier.com/posts/how-russia-benefits-from-the-pakistan-stream-pipeline (բեռնման օրը՝ 18.04.2024).
(47) Pakistan Stream pipeline project could start in 2023 – Pakistan’s Ambassador to Russia; TASS (2022), https://tass.com/economy/1523717 (բեռնման օրը՝ 18.04.2024).
(48) Pakistan ‘remains neutral’ as UNGA censures Russia; Dawn.com (2022), https://www.dawn.com/news/1678013/pakistan-remains-neutral-as-unga-censures-russia (բեռնման օրը՝ 18.04.2024).
(49) Pakistan imports Russian gas; Worldpipelines.com (2023), https://www.worldpipelines.com/project-news/02082023/pakistan-imports-russian-gas/ (բեռնման օրը՝ 18.04.2024).
(50) Посол Пакистана: нам есть что показать российским туристам; TASS (2023), https://tass.ru/interviews/19344039 (բեռնման օրը՝ 18.04.2024).
(51) Посол РФ в Пакистане: российско-пакистанские отношения переживают ренессанс; TASS (2024), https://tass.ru/interviews/19845315 (բեռնման օրը՝ 18.04.2024).
(52) Ana Ballesteros Peiró; The EU-Pakistan relationship: looking beyond the trading partnership; Elcano Royal Institute (2015), https://www.realinstitutoelcano.org/en/analyses/the-eu-pakistan-relationship-looking-beyond-the-trading-partnership/ (բեռնման օրը՝ 22.04.2024).
(53) Multi-annual Indicative Programme Pakistan 2021-2027; European Commission (2024), https://international-partner ships.ec.europa.eu/countries/pakistan_en; https://international-partnerships.ec.europa.eu/document/download/7e257b9c-c284-409f-8c53-51825b804752en?filename=mip-2021-c2021-8992-pakistan-annex_en.pdf (բեռնման օրը՝ 26.04.2024).
(54) Pakistan’s Trade with the EU & its Member States; Pakistan Business Council (2023), https://www.pbc.org.pk/research/pakistans-trade-with-the-eu-and-its-member-states-october-2023/ (բեռնման օրը՝ 26.04.2024).
(55) Shahroo Malik; EU-Pakistan Trade Relations: The Role of GSP Plus Status and Pakistan’s Enhanced Access to EU Markets; Institute of Strategic Studies Islamabad (2020), https://issi.org.pk/wp-content/uploads/2020/05/2-SSShahroo-MalikNo-12020.pdf (բեռնման օրը՝ 26.04.2024).
(56) GSP+ helps double Pakistan exports to EU: envoy; Dawn.com (2024), https://www.dawn.com/news/1804622 (բեռնման օրը՝ 26.04.2024).
(57) UN International Organization for Migration, Remittance inflows to Pakistan from Jan 2019 to Feb 2024 (2024), https://dtm.iom.int/sites/g/files/tmzbdl1461/files/reports/Remittance%20Inflows%20to%20Pakistan2024Final.pdf (բեռնման օրը՝ 26.04.2024).