Սեղմագիր
Պակիստանը Թուրքիայի և Ադրբեջանի մշտական դաշնակիցն է և ցանկացած իրավիճակում հակադրվում է Հայաստանին՝ ի նպաստ իր դաշնակիցների։ Միաժամանակ, այն միջուկային պետություն է՝ ընկղմված իր ներքին ու արտաքին բազմաթիվ ճգնաժամերի մեջ։ Հոդվածում ներկայացրել ենք Պակիստանի արտաքին քաղաքականությունը, ներքին կառուցվածքը և իշխող խմբերը, տնտեսությունն ու ֆինանսական խնդիրները, ռազմական կարողությունը և միջուկային քաղաքականությունը։ Փորձել ենք նաև դիտարկել Պակիստանում ճգնաժամերի հավանական ազդեցությունները և դրանց հեռանկարները։
ПАКИСТАН։ СОЮЗНИК НАШИХ ПРОТИВНИКОВ
В ВОДОВОРОТЕ НАРАСТАЮЩИХ ПРОБЛЕМ
Арутюнян Г. К.
Аннотация
Пакистан является надежным союзником Турции и Азербайджана и в любой ситуации выступает против Армении, в пользу своих союзников. В то же время, это ядерная держава, погруженная во множество внутренних и внешних кризисов. В данной статье мы представили внешнюю политику Пакистана, внутреннюю структуру и правящие группы, экономику и финансовые проблемы, военный потенциал и ядерную политику. Помимо этого, мы попытались рассмотреть возможные последствия кризисов в Пакистане и их перспективы.
PAKISTAN։ OUR OPPONENT’S ALLY
IN THE MAELSTROM OF MOUNTING PROBLEMS
Harutyunyan G. K.
Summary
Pakistan is a permanent ally of Turkey and Azerbaijan, and in any situation it opposes Armenia in favor of its allies. At the same time, it is a nuclear state, immersed in many internal and external crises. In the article, we presented Pakistan’s foreign policy, internal structure and ruling groups, economy and financial problems, military capabilities and nuclear policy. We have tried to consider the possible consequences of the crises in Pakistan and their prospects.
Գարիկ Կ. Հարությունյան(1)
ՊԱԿԻՍՏԱՆ. ՄԵՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄԸ՝
ԿՈՒՏԱԿՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ(2)
Մաս 1.
Պոլիկրիզիս. այս մեկ բառով են հիմա բացատրում այն իրավիճակը, որում գտնվում է Պակիստանը։ Ասել է թե՝ բազմաթիվ ճգնաժամեր՝ միանգամից։ Դրանց թվում են.
- ներքաղաքական անկայունությունը, բանակի միջամտությունը քաղաքականությանը,
- ներքին անվտանգային ու ահաբեկչական վտանգները,
- միջազգային ասպարեզում երկրի կարևորության կորուստը,
- պետական պարտքի հսկայական բեռը և արտաքին առևտրի դիսբալանսը,
- էներգետիկ խնդիրները, կլիմայական փոփոխություններն ու ջրհեղեղները(3)։
Ընդ որում՝ սա Պակիստանի ունեցած խնդիրների ոչ ամբողջական թվարկումն է։
Այս խնդիրներն ավելի են ծանրանում, եթե հաշվի առնենք, որ երկրի բնակչությունը շուրջ 240 միլիոն է։ Սա նշանակում է, որ այդ երկրում հնարավոր կոլապսը կամ դրա լուրջ հավանականությունը լուրջ խնդիր կարող է լինել նաև նրա դաշնակիցների, գործընկերների ու, նույնիսկ, հակառակորդների համար։ Այս տեսանկյունից Պակիստանում ընթացող զարգացումները ազդեցիկ են նաև ՀՀ-ի համար, քանի որ Հայաստանը թիրախ է Պակիստանի դաշնակիցներ Թուրքիայի և Ադրբեջանի համար, ռազմական գործընկեր է Պակիստանի թշնամի Հնդկաստանի համար։
1. ԻՆՉՈ՞Ւ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՊԱԿԻՍՏԱՆԸ
1.1. ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը
Հայտնի է, որ Պակիստանը չի ճանաչում Հայաստանը որպես անկախ պետություն։ Սակայն ավելի կարևոր է, թե ինչու են Պակիստանում հենց այս ուղղությամբ տարել քաղաքականությունը, քանի որ այդ որոշումն ընդունվել է 1992 թվականին (Պակիստանն Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել է 1992-ի հունիսին, Թուրքիայից 5 ամիս ուշ)։
Պակիստանում ադրբեջանամետ քաղաքականությունը հիմնավորում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններով, և Հայաստանին ներկայացնում են որպես «ագրեսոր» Արցախյան հակամարտության համատեքստում։ Իսկ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընտրություն կատարելիս հենց Բաքվի հետ հարաբերություններն ընտրելը կապված է, առաջին հերթին, կրոնական գործոնի հետ։ 1990-ականների սկզբին Պակիստանը փորձում էր համաիսլամական առաջնորդի դեր ստանձնել (որպիսի դերի հիմա ավելի լայն ձևաչափով հավակնում է Թուրքիան)։ Սրա հետ է կապված նաև այն հռետորաբանությունը, որ կիրառվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում։
Արցախյան հակամարտության հարցում Պակիստանի քաղաքականությունը բացահայտ և բարձրաձայն ադրբեջանամետ է։ Մինչև անգամ 2000 թվականին Պակիստանի փաստացի ղեկավար Փերվեզ Մուշարաֆը հայտարարել է, որ եթե Ադրբեջանն ընտրի Արցախի հարցը լուծելու ռազմական ճանապարհը, ապա իր երկիրը Բաքվին ռազմական օգնություն է տրամադրելու, և խոսքը ցանկացած օգնության մասին է, մինչև իսկ` պատերազմում Պակիստանի զինված ուժերի մասնակցություն(4)։
Իսկ առհասարակ, պակիստանցի քաղաքական գործիչների ու գիտավերլուծական համայնքի ներկայացուցիչների մոտեցումներն ամբողջությամբ համընկնում են Բաքվի դիրքորոշումների հետ և գրեթե պատճենվում ադրբեջանական խոսույթներից։ Մասնավորապես.
- Արցախյան առաջին պատերազմի համատեքստում Պակիստանում հրապարակումներում կրկնում են ադրբեջանական թեզերը ՄԱԿ-ի ԱԽ 4 հայտնի բանաձևերի, «Ադրբեջանի տարածքի 20% օկուպացիայի» մասին,
- 1992 թ. փետրվարի 26-ին ադրբեջանական վերահսկողության տակ եղած Աղդամ քաղաքի մատույցներում տեղի ունեցած իրադարձությունները Պակիստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ճանաչում է որպես «հայկական զորքերի կողմից Խոջալուում իրականացված ցեղասպանություն»(5),
- Հրապարակումներում հիշատակվում է, թե Հայաստանն անարգում է ադրբեջանական մզկիթները՝ դրանք վերածելով գոմերի(6):
Բավական նման է նաև բառապաշարը, ներառյալ՝ Հայաստանի և հայերի նկատմամբ ատելության խոսքի դրսևորումները(7)։ Պակիստանցի հեղինակները Արցախյան հակամարտության մեջ Ադրբեջանին ներկայացնում են զոհի կերպարով։ Զուգահեռներ են տանում Քաշմիրի խնդրի հետ և պնդում, թե ինչպես Հնդկաստանն է օկուպացրել Քաշմիրի շրջանը, այնպես էլ Հայաստանը «օկուպացրել է(ր) Լեռնային Ղարաբաղը», երկու հակամարտություններն էլ չեն լուծվել ՄԱԿ-ի բանաձևերով և այլն(8)։
Սակայն, առհասարակ, Հայաստանի մասին Պակիստանում գրվող տեքստերը սակավաթիվ են։ ՀՀ-ի հետ հարաբերությունների կողմնակիցները նշում են, որ այնտեղ շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, որ Պակիստանը չունի հարաբերություններ Հայաստանի հետ(9)։ Մյուս կողմից, հիշատակված գիտական-վերլուծական հրապարակումները պարունակում են փաստական ակնհայտ սխալներ («տարածաշրջանը՝ Հյուսիսային Կովկաս», «Արցախի բնակչությունը՝ մեծ մասամբ ադրբեջանական»)։ Կարելի է եզրակացնել, որ գիտավերլուծական աշխատանքի որակը ցածր է, քանի որ թեմայի վերաբերյալ ուշադրությունը փոքր է։
Թեմայի նկատմամբ հետաքրքրության պակասը Պակիստանի իշխանությունների համար կարող էր հնարավորություն լինել ՀՀ-ն չճանաչելու քաղաքականությունը մոռացության տալու և հարաբերությունների հաստատման քայլեր անելու համար։ Ինչևէ, այդ երկրի ներկայացուցիչները տարբեր առիթներով վերահաստատել են իրենց այդ մոտեցումը(10)։
Հայաստանի տեսանկյունից Պակիստանի հետ հարաբերությունների հաստատումը չի դիտարկվել առաջնահերթություն: Այս համատեքստում կարևոր է հիշատակել, որ ՀՀ-ն էլ արգելափակել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում Պակիստանի դիտորդ լինելու հայտը(11)։ Բայց հարաբերությունների հաստատման ուղղությամբ ժեստեր և քայլեր նույնպես արվել են(12)։ 2019 թ. Arabnews կայքին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ փորձում է դիվանագիտական հարաբերություններ կառուցել Պակիստանի հետ(13)։
2023-ին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ենթադրում է, որ Պակիստանի հետ հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլեր են արվում դիվանագիտական ոչ բարձր մակարդակներում, բայց դա հեշտ աշխատանք չէ, քանի որ Պակիստանը 30 տարի չի ճանաչել ՀՀ-ի անկախությունը։ Փաշինյանը նման գործընթացը կապում է Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր» կնքելու գործընթացի հետ. եթե լինի սա, հավանաբար կլինեն նաև հարաբերություններ Պակիստանի հետ(14)։
Այստեղ զուգահեռ անցկացնենք Թուրքիայի հետ, որը ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կապում էր Արցախի հիմնախնդրի լուծման հետ։ Սակայն 2020 թ. պատերազմից ու 2023 թ. Արցախի հայաթափումից հետո էլ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատված չեն, թեև դրա համար Անկարան ունի նաև տնտեսական շարժառիթներ։ Բայց Իսլամաբադի հետ հարաբերությունների հաստատման համար տնտեսական շարժառիթն էլ մեծ կշիռ չունի։ ՀՀ-ն ու Պակիստանը երկուստեք արտահանման շուկաներ չեն։ Թեև Պակիստանից Հայաստան ապրանքների ներկրման ծավալը աճում է վերջին տարիներին, բայց այդ ծավալը նշանակալի չէ ո՛չ Պակիստանի, ո՛չ էլ՝ Հայաստանի համար։
ՀՀ-ից Պակիստան արտահանումն էլ ավելի անկարևոր է ծավալային տեսանկյունից։
Դրական շարժառիթների բացակայության պայմաններում պետք է հաշվի առնել, որ Պակիստանը, մյուս կողմից, ունի բացասական շարժառիթ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համատեքստում։ Խոսքը Քաշմիրի շրջանի հարցում Հայաստանի մոտեցումն է հաջակցություն Հնդկաստանի։ Փաշինյանը ուղիղ հայտարարել է, որ Հայաստանը կիսում է այս խնդրի առնչությամբ Հնդկաստանի մոտեցումը(15)։
Ռեալպոլիտիկի համատեքստում սա կարող է էական դեր չխաղալ, բայց այս իրավիճակում Պակիստանի ցանկացած իշխանության համար դժվար կլինի ընդդիմության հետ բանավիճել Երևանի հետ հարաբերություններ հաստատելու օգտին։ Այսօր Հայաստանը կարևոր չէ Պակիստանի քաղաքականության մեջ, բայց հենց հարաբերությունների հաստատման հարց դրվեց քննարկման, առաջ են գալու դրա ընդդիմախոսները՝ Քաշմիրի հարցում ՀՀ-ի մոտեցումը բերելով քաղաքական քննարկումների ասպարեզ։
1.2. Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամությունը
Անհրաժեշտ է գիտակցել, որ Պակիստան–Ադրբեջան–Թուրքիա եռանկյունում հարաբերությունները կառուցվում են ոչ միայն Հայաստանի դեմ, այլ որոշակիորեն ունեն փոխշահավետություն։
Բաքվի հետ Իսլամաբադի քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակում են, երկու երկրները չունեն երևացող հակասություններ՝ չնայած, որ Ադրբեջանը նաև Իսրայելի մտերիմ գործընկերն է (Պակիստանն Իսրայելի անկախությունը նույնպես չի ճանաչում)։ Բացի հակամարտություններում միմյանց աջակցելուց, երկու երկրները նաև տարբեր միջազգային կազմակերպություններում միմյանց հետ աշխատելու հնարավորություն ունեն, և մինչև վերջերս երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները և փոխայցելությունները հենց այդպիսի հարթակներում են կայացել(16)։
Կողմերի միջև առևտրաշրջանառությունը մեծ չէ։ 2022–2023 թթ.. արձանագրված աճի պայմաններում ԱդրՀ–Պակիստան առևտրի ծավալը նոր միայն մոտեցել է 30 մլն դոլարի շեմին։
Չնայած դրան՝ կողմերը տարբեր նախաձեռնություններով փորձում են խրախուսել երկու երկրների գործարարների համագործակցությունը։ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը նման միջոցառումների ամբողջ ցանկ ունի, որոնց մի մասն անցկացվել է նաև եռակողմ ձևաչափով՝ Թուրքիայի ներգրավմամբ(17)։
2024 թ. վերաբերյալ հունիսի դրությամբ հասանելի տվյալները նույնպես մեծ առևտրաշրջանառություն ցույց չեն տալիս, թեև կան պնդումներ, որ տարեվերջին ու այս տարվա ընթացքում կատարվել են խոշոր գործարքներ(18)։ Այս տարի էլ պայմանավորվածություն կա, որ Պակիստանի կառավարությունն Ադրբեջանից գնելու է 220 հազար տոննա պարարտանյութ (կարբամիդ), որի գինը կլինի մոտ 100 մլն դոլար(19)։
Ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունն էլ համաձայնություններ ունի դեպի Պակիստան հեղուկ գազի արտահանումների վերաբերյալ։ Նշվում է, որ Ադրբեջանը նվազեցրել է Պակիստանից ներկրվող բրնձի համար գանձվող մաքսատուրքը։ Քննարկվում է նաև հարյուրավոր այլ ապրանքների համար մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու հարցը(20)։ Բայց պակիստանյան կողմում որոշակի դժգոհություն կա նաև այն պատճառով, որ Ադրբեջանի բիզնեսները ավելի շատ հակված են Պակիստանի փոխարեն գործ ունենալ հենց Հնդկաստանի հետ։ Երկու երկրների տնտեսական թերզարգացած հարաբերությունների պատճառներից են հեռավորությունը, թռիչքների ոչ մշտական լինելը(21)։
Կարևոր է նաև այն, որ երկու երկրներից յուրաքանչյուրի արտահանած հիմնական ապրանքները մրցակցային չեն մյուս երկրի շուկայի համար(22)։ Ադրբեջանը հիմնականում էներգակիրներ է արտահանում, և դրանք չի կարող փոխադրել Իրանի տարածքով Պակիստան երկու պատճառով՝ ենթակառուցվածքներ չկան ու եթե անգամ լինեին, ապա դրանցով Պակիստան կգնային իրանական էներգակիրներ։ Մյուս կողմից, Պակիստանի հիմնական արտահանելի ապրանքներն Ադրբեջանը կարող է գնել այլ երկրներից՝ տեքստիլը՝ Թուրքիայից, բրինձը՝ բազմաթիվ այլ երկրներից։ Այս կետում ևս առկա է ենթակառուցվածքների բացակայության գործոնը։
Առավել կարևոր են հարաբերությունները ռազմական, ռազմակրթական և ռազմատեխնիկական ոլորտներում։ Երկու երկրների ռազմական համագործակցության համար հիմնային փաստաթուղթ է 2002 թվականին ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագիրը(23)։ Այն նախանշում է երկկողմ համագործակցությունը հետևյալ ոլորտներում.
- Ռազմական կրթություն և պատրաստություն, կադրերի փոխանակում,
- Հետախուզական և այլ տեղեկությունների փոխանակում,
- Ռազմական արդյունաբերություն, ռազմական գիտություն և տեխնոլոգիաներ,
- Երկկողմ հետաքրքրության առարկա այլ ոլորտներ։
Ռազմատեխնիկական համագործակցությանն անդրադառնում ենք հոդվածի վերջին մասում, տե՛ս «Ռազմարդյունաբերությունը, զենքի վաճառքն Ադրբեջանին և Թուրքիային» բաժինը։ Ռազմական կրթության ոլորտում հայտնի է, որ ադրբեջանցի սպաները վերապատրաստում են անցնում Պակիստանում՝ տեղական հրահանգիչների օգնությամբ(24)։
Ե՛վ Արցախյան առաջին պատերազմի, և՛ 2020 թ. պատերազմի վերաբերյալ կան հայտարարություններ, որ ադրբեջանական կողմից պատերազմական գործողություններին մասնակցել են նաև պակիստանցի հատուկջոկատայիններ, վարձկաններ և այլն(25)։ Եթե Արցախյան առաջին պատերազմի դեպքում նման մասնակցության ապացույցներն անուղղակի են(26), ապա 2020 թ. պատերազմում պակիստանցիների մասնակցության վերաբերյալ ակնհայտ ապացույցները բացակայում են։
Ռազմական գնումների կողքին ռազմական ոլորտում համագործակցության գագաթնակետն առայժմ կարելի է համարել համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվել են 2021-ի սեպտեմբերին՝ Պակիստանի, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ։ «Երեք եղբայրներ» հնչեղ անունով զորավարժություններն անցկացվել են Ադրբեջանի տարածքում։
Ադրբեջանի ՊՆ հրապարակած կադրերում երևում է, որ Պակիստանից մոտ 30-հոգանոց ստորաբաժանում է ուղարկվել հատուկ նշանակության ուժերի վարժանքներին մասնակցելու համար, մինչդեռ Թուրքիայից և Ադրբեջանից մասնակիցների թիվը գերազանցում է հարյուրը(27)։ Վարժանքների ընթացքում խաղարկվել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետերի հայտնաբերման ու ոչնչացման և այլ գործողություններ(28)։
Սա եղել է երեք պետությունների զինված ուժերի մասնակցությամբ միակ համատեղ զորավարժությունը։ Սակայն արդեն 2024 թ. մայիսին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այցելել է Պակիստան ու հանդիպել երկրի ԶՈՒ ԳՇ պետի հետ, քննարկել համատեղ վարժանքների հնարավորությունը(29)։
Եռակողմ համագործակցությունը, սակայն, ունի նաև դիվանագիտական ուղղվածություն. երեք երկրների արտաքին գործերի նախարարները 2017 և 2021 թվականներին ունեցել են եռակողմ հանդիպումներ, որոնց ընթացքում բազմաթիվ ոլորտներում համագործակցության մասին համատեղ հայտարարություններ են արել(30)։ Դրանցից ուշագրավ է այն, որ 2021 թ. հանդիպման արդյունքներով եռակողմ հայտարարության մեջ կողմերը անդրադարձել են միմյանց հակամարտություններին.
Առանց անվանապես նշելու՝ Հնդկաստանին մեղադրել են Քաշմիրի և Ջամուի բնակիչների մարդու իրավունքների խախտումներ թույլ տալու մեջ,
Կիպրոսի խնդրին, Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի պահանջները ներկայացրել են որպես միջազգային խնդիր,
Արցախյան հակամարտության համատեքստում էլ նշել են, որ հայ-ադրբեջանական հակամարտությանը պետք է վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգմամբ և դրա սահմաններում։
Այս համատեքստում կարևոր է նշել նաև այն, որ Պակիստանը ևս մերժում է Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության իրականացման փաստը՝ հօգուտ թուրքական կողմի դիրքորոշման(31)։
2. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պակիստանի հիմնադրման պահին աշխարհը բաժանվում էր երկու աշխարհաքաղաքական բլոկների ու Չմիավորված պետությունների միջև։ Այս պայմաններում նորաստեղծ երկիրը պարտավորված էր ընտրություն կատարել բևեռների միջև, քանի որ չեզոքությունը նշանակելու էր միայնակ հանդես գալ ավելի խոշոր ու հզոր հակառակորդ Հնդկաստանի դեմ։
Սակայն անկախ Իսլամաբադի կամքից և, հիմնականում, ի հակադրություն դրան՝ աշխարհաքաղաքական բևեռների հետ Պակիստանի հարաբերությունները մշտապես կախված են եղել նրանից, թե որքանով է երկիրն այդ պահին անհրաժեշտ եղել այս կամ այն բևեռի շահերը առաջ մղելու համար։ Այս համատեքստում պետք է դիտարկել այն, որ Պակիստանը նաև պարբերաբար բախվել է իրավիճակների, երբ համաշխարհային խաղացողները կորցրել են հետաքրքրությունը այդ երկրի նկատմամբ, և այն կանգնել է խնդիրների առաջ։
Այս ընթացքում, այնուամենայնիվ, Պակիստանի պատմության վրա ամենաառանցքային դերակատարում են ունեցել նրա անմիջական հարևանները, ապա նաև համաշխարհային խաղացողները։
2.1. Հնդկաստան. հիմնական թշնամի
Հնդկաստանի հետ Պակիստանի հարաբերությունները ի սկզբանե կառուցվել են հակասության վրա. Պակիստան պետություն գոյություն ունի այն պատճառով, որ Բրիտանական կայսրությունից Հնդկական աշխարհամասի անջատման շրջանում որոշվել է ստեղծել երկու պետություն՝ հինդուների և մահմեդականների համար։ Արդյունքում մահմեդականները հիմնականում կենտրոնացել են ժամանակակից Պակիստանի և նախկինում դրա մաս կազմած ժամանակակից Բանգլադեշի տարածքում։
Բաժանումը հարթ չի անցել, ուղեկցվել է բռնություններով և բռնագաղթերով։ Խոշորագույն խնդիրը այդ պահից սկսած եղել է Քաշմիրը։ Հնդկաստան–Պակիստան բաժանման փուլում մահմեդական մեծամասնությամբ բնակեցված Քաշմիրի ղեկավարը որոշել է չմիանալ կողմերից ոչ մեկին։
1947-ին Պակիստանը ձեռնարկել է զինյալների հարձակում շրջանի վրա։ Հնդկաստանի զինված ուժերի միջամտության դիմաց Քաշմիրի ղեկավարը համաձայնել է շրջանը հանձնել Հնդկաստանին։ Սկսված պատերազմի արդյունքներով Քաշմիրի և հարակից շրջանների տարածքի 2/3-ը անցել է Հնդկաստանին, 1/3-ը՝ Պակիստանին։ Սրանից հետո եղած պատերազմների ժամանակ տարածքային նմանատիպ մեծ փոփոխություններ չեն եղել(32)։
Երկու պետությունների միջև հաջորդ պատերազմը տեղի է ունեցել 1965-ին, երբ պակիստանյան կողմը որոշել է զինյալներ ուղարկել Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի և Ջամմուի շրջաններ՝ այնտեղ ապստամբություն բարձրացնելու համար։ Ապրիլին սկսվեցին դիրքային մարտեր, օգոստոսին՝ լիարժեք պատերազմ։ Մարտական գործողությունների արդյունքում երկու կողմերն էլ մյուսի տարածքի մասեր գրավեցին, ու պատերազմի տեմպը նվազեց։ 1966-ին կողմերը համաձայնեցին վերադառնալ մինչպատերազմական ժամանակի դիրքերը։
Երրորդ պատերազմը ամենամեծն էր, և Պակիստանի համար այն աղետալի հետևանքներ ունեցավ։ 1971-ին զանգվածային հուզումներ էին սկսվել Պակիստանի արևելյան հատվածում՝ ներկայիս Բանգլադեշում։ Պակիստանի ռազմական ղեկավարությունը այնտեղ հատուկ ռազմական գործողություններ սկսեց՝ անկախական շարժմանը վերջ տալու համար։ Զինվորականների սկսած բռնությունների հետևանքով ժողովրդական դիմադրությունն ավելի մեծացավ, ձևավորվեցին ապստամբական ուժեր։
Մարտերի խորացմանը զուգահեռ Հնդկաստանի սահմանների վրա ճնշումն ուժեղացավ, կար փախստականների մեծ հոսքի վտանգ։ Արդյունքում Հնդկաստանում որոշեցին, որ իրենց ավելի ձեռնտու կլինի ոչ թե ընդունել միլիոնավոր փախստականներ, այլ միջամտել պատերազմին, վերջ տալ դրան և, զուգահեռաբար, վնասել թշնամական Պակիստանին։ Վերջինիս ղեկավարությունը որոշեց նախահարձակ լինել, և Պակիստանի օդուժը կանխող հարվածներ հասցրեց Հնդկաստանին, ինչով էլ սկսվեց պատերազմը։ Երկու շաբաթ տևած մարտական գործողությունների ժամանակ Հնդկաստանը ջախջախեց պակիստանյան ուժերին, գրավեց տարածքներ ու վերցրեց ավելի քան 90 հազար գերի։ Իսլամաբադը կապիտուլյացիա ստորագրեց ու ճանաչեց Արևելյան Պակիստանի (Բանգլադեշ) անկախությունը, ինչի դիմաց Հնդկաստանը վերադարձրեց գրաված տարածքների մեծ մասը և գերիներին։ Այս պատերազմից հետո ձևավորվեց նաև Քաշմիրի հատվածում Հնդկաստանի և Պակիստանի միջև Վերահսկողության գիծը (Line of Control, LoC), որը հետագայում շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել։
1986 թ. երկու երկրները շատ մոտ էին չորրորդ մեծ պատերազմին։ Այդ տարվա նոյեմբերին Հնդկաստանը խոշորագույն զորավարժություններ նախաձեռնեց Պակիստանին սահմանակցող շրջաններում։ Մոբիլիզացվեց շուրջ 500 հազար զինծառայող, ինչպես նաև նավատորմը, օդուժը և այլն։ Իր սահմանների մոտ նման ռազմական ուժի կուտակման պայմաններում Պակիստանն զգաց վտանգ, որ Հնդկաստանը կարող է հարձակում սկսել ու կազմալուծել Պակիստանը։ Նրանք սահմանի այս կողմում նույնպես զորքեր կուտակեցին ու անմիջապես սկսեցին միջազգային դիվանագիտական աշխատանք՝ Հնդկաստանին զսպելու համար։
Հետագա վերլուծությունները ցույց են տալիս, որ այս զորավարժություններով Հնդկաստանը հետապնդում էր մի քանի նպատակ(33).
- Փորձարկել զինված ուժերի նման մեծ մասշտաբով և նոր մարտավարություններով գործողությունները, ինչպես նաև հակառակորդին վախեցնելու համար ցույց տալ հնդկական ԶՈՒ կարողությունները,
- Պակիստանին սադրել ու հրահրել պատերազմի, ինչի արդյունքում Հնդկաստանը կկարողանար ընդմիշտ լուծել Պակիստանի հարցը,
- Պատերազմի հրահրման արդյունքում կանխիչ հարվածներ հասցնել Պակիստանի միջուկային օբյեկտներին և շարքից դուրս բերել պակիստանյան միջուկային կարողությունները, քանի դեռ այնտեղ չէին հասել միջուկային զենք հավաքելու մակարդակի։
Այս դեպքում պատերազմից ի վերջո հնարավոր եղավ խուսափել հենց միջուկային սպառնալիքի հետևանքով։ Հնդկաստանում որոշեցին, որ պատերազմը կարող է չափազանց մեծ կորուստներ պատճառել, քանի որ Իսլամաբադը զգուշացրել էր, որ երկրի անվտանգությանը սպառնալիքի դեպքում կիրառելու են միջուկային զինանոցը(34)։ Սրանով նաև վերջ է դրվում Հնդկաստանի և Պակիստանի միջև մեծ պատերազմների հնարավորությանը (մինչև այս պահը)։ Ստեղծված իրավիճակի պահպանմանը մեծապես նպաստում է փոխադարձ միջուկային զսպումը։
1999-ին տեղի ունեցավ երկու երկրների միջև վերջին պատերազմը։ Այն սկսվեց Վերահսկողության գծում Պակիստանի գործողություններով։ Պակիստանի զինված ուժերը հնդկական վերահսկողության հատված էին ուղարկում զինվորականների, որոնք որպես տեղացի զինյալներ պետք է գրավեին Հնդկաստանի բանակի դիրքերը։ Հնդկական կողմը տեղեկանում է այս գործողությունների մասին և ավիահարվածներ հասցնում պակիստանցիների դիրքերին։ Սկսվում են մարտական գործողություններ, որոնք տևում են երեք ամիս, բայց կրում տեղային բնույթ։ Գործողություններն ավարտվում են միջազգային ճնշման ներքո, Պակիստանը վերադարձնում է գրաված դիրքերը։
Չնայած մի քանի պատերազմներին ու բազմաթիվ սահմանային բախումներին՝ 1947-ի պատերազմից հետո գծված Քաշմիրի շրջանի սահմանները միայն փոքր փոփոխությունների են ենթարկվել հաջորդ տասնամյակների ընթացքում և ընդունվում են որպես երկու երկրների փաստացի սահման։
Վերջին 2-3 տասնամյակներում լուրջ և խոշորամասշտաբ բախումների բացակայությունը նույնպես կարելի է վերագրել միջուկային փոխադարձ զսպման մեխանիզմին, քանի որ 1988-ից առաջ երկու երկրներն էլ միջուկային զենքի փորձարկումներ էին արել ու հաստատվել որպես միջուկային պետություններ։
Արդեն 1999-ին կողմերը ստորագրում են հուշագիր, որով խոստանում են միմյանց տեղեկացնել բալիստիկ հրթիռների արձակումների, միմյանց միջուկային դոկտրինների մասին, ինչպես նաև նվազեցնել միջուկային զինանոցի պատահական կամ անզգուշությամբ գործարկելու հնարավորությունները(35)։
Չնայած դրան՝ երկու երկրների կողմից միջուկային զինանոցի կիրառման մոտեցումները տարբեր են. Հնդկաստանը որդեգրել է առաջինը միջուկային զենք չկիրառելու մոտեցում, մինչդեռ Պակիստանն այդպիսի մոտեցում չունի և պատրաստ է կիրառել միջուկային զինանոցը՝ պետության գոյությանը սպառնացող վտանգների դեմ (տե՛ս «Միջուկային քաղաքականությունը» բաժինը)։
Եվ չնայած այս համաձայնություններին՝ Քաշմիրի համար հակամարտությունը շարունակվում է։ 2019 թ. Հնդկաստանը վերացնում է Քաշմիրի և Ջամմուի տարածքների ինքնավարությունը և դրանք դարձնում դաշնային կառավարմանը ենթարկվող շրջաններ(36)։ Պակիստանն ու դաշնակիցները (օրինակ՝ Թուրքիան), որոնք Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները օկուպացված են համարում, բողոքում են ինքնավարության վերացման դեմ(37)։ Պակիստանի բանակն էլ սպառնում է, որ կանգնելու են Քաշմիրի կողքին(38)։
Մյուս կողմից, Պակիստանում Իմրան Խանի վարչապետության ընթացքում խոստացել են դիտարկել Գիլգիթ-Բալթիստանը որպես նահանգ ճանաչելու գործընթացը(39)։ Այս հայտարարությունն էլ Հնդկաստանում են ընդունել բողոքի արտահայտություններով։ Դրանից մեկ տարի անց Իմրան Խանը հայտարարել է, որ չեն պատրաստվում Քաշմիրի և Ջամմուի՝ Պակիստանի վերահսկած տարածքները ճանաչել որպես երկրի առանձին նահանգ(40)։ Այսօր հիշյալ տարածքները նույնիսկ չեն մասնակցում համապետական ընտրություններին։
2.2. Չինաստան. հիմնական դաշնակից
«Պակիստանը Չինաստանի Իսրայելն է». այսպիսի խոսքեր են վերագրվում չինացի գեներալներից մեկին՝ Պակիստանի հետ հարաբերությունները ներկայացնելու համար։ Նույն խոսքերը 2023-ին կրկնելու համար Պակիստանի վարչապետն արժանացել է պակիստանցիների մի մասի դժգոհությանը(41)։
Չնայած դրան՝ եթե այլ երկրների դեպքում Պակիստանի հարաբերությունները կարող են փոխվել, ՉԺՀ դեպքում այդպիսի փոփոխություն դժվար է ակնկալել։ Պակիստանի բոլոր կառավարությունները, որքան էլ հաճախ փոխվեն, միևնույն է ռազմավարական դաշնակցության և բարեկամության հատուկ հարաբերություններ են պահպանում Չինաստանի հետ։ Դա նաև օբյեկտիվ անհրաժեշտություն է երկու կողմերի համար։
Թայվանցի մասնագետները մշակել են Չինաստանի ազդեցության գործակից, որով դիտարկում են երկրի բազմաոլորտ հարաբերությունները և համագործակցությունը Չինաստանի հետ։ Այդ ցուցանիշով Պակիստանն առաջին տեղում է ուսումնասիրված 82 երկրների շարքում(42)։ (Նույն վարկանիշով Հայաստանը՝ 49-րդ տեղում է)։
Ջերմ հարաբերությունների հիմքում ընկած է երկու երկրների հակադրությունը ընդհանուր հարևան՝ Հնդկաստանի հետ։ Պակիստանի և Հնդկաստանի միջև պատերազմների ընթացքում Պեկինը մշտապես աջակցել է Իսլամաբադին։ Իսկ Չինաստան–Հնդկաստան առճակատումների ժամանակ նույն կերպ վարվել է Պակիստանը։ Երկու կողմերը միմյանց աջակցում են նաև առաջնային կարևորության հարցերում՝ Չինաստանը պաշտպանում է Պակիստանի դիրքորոշումը Քաշմիրի հարցում, Պակիստանն էլ պաշտպանում է Չինաստանի դիրքորոշումը Թայվանի և ույղուրների հարցերում։
Աշխարհաքաղաքական հիշյալ հիմնախնդիրներից բացի, կողմերը շատ կոնկրետ համագործակցություն ունեն նաև ռազմական ու տնտեսական ոլորտներում։ Մասնավորապես, Պակիստանը և Չինաստանը ունեն սպառազինությունների համատեղ արտադրություններ։
Ընդ որում, դրանք առանցքային զինատեսակներ են, ինչպես օրինակ՝ Al-Khalid հրասայլը, JF-17 բազմաֆունկցիոնալ մարտական ինքնաթիռը և այլ ծանր տեխնիկա։ Չինական մատակարարումներն են ապահովում նաև Պակիստանի խոշոր սպառազինությունների գնումների 82%-ը։ SIPRI-ի հաշվարկով Պակիստանի ռազմական գնումներում Չինաստանի բաժինը կայուն և արագ աճում է։
Ռազմական գնումների ոլորտում կախվածությունը փոքր չափով նաև երկկողմանի է։ Մասնավորապես, նույն աղբյուրի հաշվարկով՝ Պակիստանն իր հերթին Չինաստանի բոլոր ռազմական արտահանումների 61%-ի պատվիրատուն է։ Եվ սա նշանակում է, որ եթե Պակիստանը հրաժարվի չինական զինտեխնիկայից (այս փուլում գործնականում անհնար է), ապա խնդիրներ կունենա նաև Չինաստանը։
Տնտեսության ոլորտում նույնպես համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։ Սակայն այս դեպքում Չինաստանը գլոբալ արտահանող է, և Պակիստանի հետ առևտուրը Պեկինի համար կենսական կարևորություն չունի։ Դրան հակառակ, Չինաստանից Պակիստանի ներկրումները առանցքային նշանակություն ունեն այդ երկրի համար։ Փոխադարձ առևտրի ծավալը 2022-ին կազմել է շուրջ 23,8 մլրդ դոլար, որից 21 մլրդ դոլարը Պակիստանի ներկրումն է, մնացած 2,8 մլրդ դոլարը՝ ՉԺՀ ներկրումը։ Ընդ որում՝ Չինաստանի ներկրումների մեջ մեծ տեղ են զբաղեցնում պղինձը, բրինձը և բամբակյա արտադրանքը։ Իսկ Պակիստանը իր հարևանից ներկրում է բազմաթիվ ապրանքներ, բայց առաջնային տեղ ունեն էլեկտրական սարքավորումների խումբը (հեռախոսներ, կենցաղային տեխնիկա, մեքենա-սարքավորումներ) և նավթամթերքը(44)։
Չինաստանը նաև էական դեր ունի Պակիստանում ներդրումների և Պակիստանին տրված վարկերի տեսանկյունից (Պակիստանի վարկային խնդիրների մասին տես «Պետական պարտքի բեռ և հուզումների վտանգ» բաժնում)։ Այստեղ պետք է նշել, որ Չինաստանի ներդրած ռեսուրսներն այնքան մեծ են, որ Պակիստանում խնդիրների առաջացման դեպքում Չինաստանը ստիպված է լինելու լրացուցիչ ռեսուրսներ ներդնել՝ արդեն եղածը չփոշիացնելու համար։
Որպես դրա օրինակ կարելի է դիտարկել China–Pakistan Economic Corridor (CPEC) նախագիծը, որն ավելի լայն Belt and Road initiative նախագծի մի մասն է։ Այն ենթադրում է Չինաստանից Պակիստան ռազմավարական հաղորդակցական ուղիների կառուցում և ներդրումներ այդ ուղիների երկայնքով։ ՉԺՀ-ի համար սա այլընտրանքային ուղի է՝ ծովում ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից ռազմավարական շրջափակման պայմաններում(45)։ Այս ուղիները չինական Սինծիանի (Xinjiang) ինքնավար շրջանը կապելու են Պակիստանի հարավի նավահանգիստների հետ, որոնք դուրս են գալիս դեպի արաբական ծոց։ Նախագիծը գործնականում մեկնարկել է 2015 թվականին և ենթադրում է 62 մլրդ դոլար գնահատվող ներդրումներ, որոնք իրականացվելու են բազմաթիվ ոլորտներում։
CPEC նախագծի համար առանցքային կարող էին համարվել տրանսպորտային և ենթակառուցվածքային ենթանախագծերը, սակայն կողմերը պայմանավորվել են շատ ավելի լայն համագործակցության մասին(46).
- Չինաստանից Պակիստանի ամբողջ տարածքով դեպի հարավային նավահանգիստներ ձգվող ավտոճանապարհների կառուցում/ բարելավում։ Ընդ որում՝ փաստացի լինելու է երեք զուգահեռ երթուղի՝ Պակիստանի արևելքով, կենտրոնով ու արևմուտքով։ Իբրև հիմնական նշանակետ է ենթադրվում Պակիստանի հարավ-արևուտքում գտնվող Գվադար(47)։
- Գոյություն ունեցող երկաթուղային գծերի թողունակության մեծացում, շարժակազմերի արդիականացում, երկու կողմերի երկաթուղային ենթակառուցվածքների ներդաշնակեցում և ինտեգրացիա։
- Գվադար նավահանգստի ենթակառուցվածքների ընդլայնում, քաղաքի գլխավոր հատակագծի մշակում և իրականացում, քաղաքում միջազգային օդանավակայանի կառուցում։
- ՏՏ ոլորտում համագործակցություն, այդ թվում՝ Չինաստան–Պակիստան ինտենետային մալուխների անցկացում, Պակիստանում թվային ենթակառուցվածքների ստեղծում։
- Էներգետիկ համագործակցություն, այդ թվում՝ նավթագազային ռեսուրսների ձեռքբերման համատեղ նախագծեր, գործընկերների հետ պայմանավորվածությունների ձեռքբերում, Պակիստանի վերականգնվող էներգետիկայի մեջ ներդրումների իրականացում, Պակիստանում բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերի արդիականացում։
- Հատուկ տնտեսական գոտիների գործարկում ինչպես Պակիստանի բոլոր նահանգներում, այնպես էլ Չինաստանի սահմանակից շրջաններում։
- Պակիստանում արդյունաբերության արդիականացում և չինական ընկերությունների ավելի խորը ինտեգրում Պակիստանի շուկայում։
- CPEC երկայնքով գյուղատնտեսական ծրագրերի իրականացում, ոռոգվող հողատարածությունների ընդլայնում և ջրախնայող համակարգերով և կաթիլային ոռոգմամբ գյուղատնտեսության առաջխաղացում, գյուղատնտեսական արտադրանքի իրացում և այլն։
Ոչ ամբողջական այս ցանկից էլ երևում է, որ Չինաստանն այս դեպքում շահելու է մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Պակիստանից տարածքով դեպի Արաբական ծոց և արաբական նավթագազային պաշարներին հասանելիություն, Պակիստանի շուկայում չինական ընկերությունների ավելի խորը ինտեգրում, գյուղատնտեսական համագործակցություն։
Պակիստանն իր հերթին այս ամենի արդյունքում զարգացնելու հենց իր տարածքի ենթակառուցվածքները: ՉԺՀ-ն սրանով նաև որոշակիորեն փորձելու է կայունացնել Պակիստանն ու այդ երկրի տնտեսությունը։ Իսկ Իսլամաբադը ունենալու է գործընկեր, որը «դողալու է» իր՝ արդեն կատարած ներդրումների համար (սա և՛ հնարավորություն է, և՛ սպառնալիք)։
Նախագծին ուղեկցում են նաև ռիսկեր, որոնցից է հենց Պակիստանի անկայունությունը՝ ներքին անվտանգության և ֆինանսական կարողությունների տեսակետներից։
Նախ՝ Չինաստանի համար խնդիր է այն, որ Պակիստանը արժութային բալանսի քրոնիկ խնդիր ունի և պարբերաբար նոր վարկեր է վերցնում IMF-ից։ Եթե IMF-ը ինչ-որ պահի դադարեցնի Պակիստանին փրկելը, Չինաստանն ինքն է ստիպված լինելու նոր վարկեր տալ Պակիստանին՝ իր ներդրումները չփոշիացնելու համար։ Մյուս կողմից, Իսլամաբադը կարող է գործընկերոջը շանտաժ անել հենց այս սցենարով։
Երկրորդը՝ Պակիստանում ներքին անվտանգության ու ահաբեկչական հարձակումների խնդիրն է։ Ծայրահեղական կազմակերպությունների մի մասը Չինաստանին դիտարկում է որպես գաղութարար, թիրախավորում չինական ընկերություններն ու դրանց աշխատողներին(48)։ Պակիստանի տեղային շահերի խմբերին հաշվի չառնելու դեպքում նահանգային ուժային կենտրոնները կարող են ավելի հակադրվել չինական ներդրումներին և խոչընդոտել դրանց լիարժեք և ժամանակին իրականացմանը(49)։
Մյուս կողմից, Իսլամաբադում հայտարարություններ են հնչում, որ CPEC-ի թիրախավորման հետևում կարող է լինել նաև Հնդկաստանը(50)։
Սակայն իրականում այս հայտարարությունները կարող են միտված լինել երկու նպատակի.
- որ արդարացնեն Պակիստանի անկարողությունը չինական ներդրումների, ընկերությունների և չինացի աշխատողների դեմ հարձակումները կանխելու հարցում,
- որ կանխեն ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ համակրանքը՝ բնակչության աչքում նրանց ներկայացնելով ոչ թե գաղութարարության դեմ մարտիկների, այլ՝ հիմնական թշնամու կամակատարների։
2017–2023 թթ. ընթացքում CPEC նախագծերի, ենթակառուցվածքների, աշխատողների և, առհասարակ, չինացիների դեմ Պակիստանում իրականացվել է 16 հարձակում, որոնց հետևանքով առնվազն 36 մարդ մահացել է տասնյակներն էլ վիրավորվել են(51)։
(Շարունակելի)
(1) Լրագրող։ Սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի և արևելագիտության ֆակուլտետներում։ Աշխատել է Ռազմինֆո մասնագիտացված պորտալում, «Շանթ» հեռուստաընկերությունում։ ԵՊՀ դասախոս է, ասպիրանտ։
(2) Հոդվածը խմբագրութուն է հանձնվել 02.08.2024 թ., բերվում է հատվածաբար, շարունակությունը՝ հաջորդիվ:
(3) Congressional Research Service. (2023). Pakistan and U.S.-Pakistan Relations, https://crsreports.congress.gov/product/pdf/R/R47565 (բեռնման օրը՝ 03.07.2024):
(4) Пакистан поможет Азербайджану вернуть Карабах. (2000). Коммерсантъ. https://www.kommersant.ru/doc/150441 (բեռնման օրը՝ 03.07.2024).
(5) Pakistani Senate`s Foreign Relations Committee approves Khojaly genocide. (2012). Azertag.az. https://web.archive.org/web/20240616020619/ https://azertag.az/en/xeber/pakistanisenatesforeignrelationscommitteeapproveskhojalygenocide-220067 (բեռնման օրը՝ 16.07.2024).
(6) Mehmood Ul Hassan Khan, Armenia is an aggressor and destroyer of holy mosques, it cannot be a friend of any Muslim country, Dailytimes.com.pk (2018), https://dailytimes.com.pk/174072/armenia-aggressor-destroyer-holy-mosques-cannot-friend-muslim-country/ (բեռնման օրը՝ 03.07.2024); Imran Khan & Karim Haider Syed, Pakistan Relations with Azerbaijan in 21st Century (2021), https://pssr.org.pk/issues/v5/1/pakistan-relations-with-azerbaijan-in-21st-century.pdf (բեռնման օրը՝ 03.07.2024).
(7) Shushanik Paronyan, The Use of Manipulative Tactics in Hate Speech (2020), https://journals.ysu.am/index.php/arm-fol-angl/article/view/Vol.16No.22020pp.143-161 (բեռնման օրը՝ 03.07.2024).
(8) Imran Khan, Karim Haider Syed, Pakistan Relations with Azerbaijan in 21st Century (2021), https://pssr.org.pk/issues/v5/1/pakistan-relations-with-azerbaijan-in-21st-century.pdf (բեռնման օրը՝ 03.07.2024).
(9) Abrar Ameen, Strange estrangement: Pakistan and Armenia, Tribune.com.pk (2018), https://tribune.com.pk/story/1839430/strange-estrangement-pakistan-armenia (բեռնման օրը՝ 03.07.2024).
(10) Pakistan doesn’t recognize Armenia as a state, Axar.az (2017), https://web.archive.org/web/20240616020736/ https://en.axar.az/news/politics/220324.html (բեռնման օրը՝ 16.06.2024); Pakistan has no intention of recognizing Armenia: foreign minister, News.az (2021), https://web.archive.org/web/20240616020847/https://www.news.az/news/pakistan-has-no-intention-of-recognizing-armenia-foreign-minister (բեռնման օրը՝ 16.07.2024).
(11) Armenia Nixes Pakistan’s Ties With CSTO, Eurasianet.org (2016), https://eurasianet.org/armenia-nixes-pakistans-ties-csto (բեռնման օրը՝ 03.07.2024).
(12) Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Աֆղանստանի և Պակիստանի նախագահներին, Արմենպրես (2015), https://armenpress.am/arm/news/823927 (բեռնման օրը՝ 03.07.2024).
(13) Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ArabNews-ին. Թուրքիայի և Պակիստանի հետ հարաբերություններ (2021), https://www.youtube.com/watch?v=Jkeh5YHHrzk (բեռնման օրը՝ 03.04.2024), Հարցազրույցի՝ նախագահի կայքում դրված սղագրության մեջ Սարգսյանի բառերը փոփոխված են, https://www.president.am/hy/interviews-and-press-conferences/item/2021/12/23/President-Armen-Sarkissian-interview-with-Arabnews/ (բեռնման օրը՝ 03.07.2024):
(14) Երբ պայմանագիրը կնքվի, Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք. Նիկոլ Փաշինյան (2023), https://www.youtube.com/watch?v=lGNcB76GmCw (բեռնման օրը՝ 03.07.2024):
(15) We fully defend Indian position: Armenia PM Nikol Pashinyan on Jammu and Kashmir, Wionews.com (2019), https://www.wionews.com/world/we-fully-defend-indian-position-armenia-pm-nikol-pashinyan-on-jammu-and-kashmir-252249 (բեռնման օրը՝ 03.07.2024).
(16) Azerbaijan-Pakistan ties: 30 years on the path of strategic partnership, Azernews.az (2022), https://web.archive.org/web/20240616125333/ https://www.azernews.az/nation/200281.html (բեռնման օրը՝ 16.07.2024).
(17) Azerbaijan-Pakistan relations, MFA of Azerbaijan, https://web.archive.org/web/20240616125828/https://islamabad.mfa.gov.az/en/content/3/bilateral-relations (բեռնման օրը՝ 16.07.2024).
(18) Azerbaijan, Pakistan boost ties in various sectors – OPINION, News.az (2024), https://web.archive.org/web/20240616125828/https://islamabad.mfa.gov.az/en/content/3/bilateral-relations (բեռնման օրը՝ 16.07.2024).
(19) Farmers await imported urea supply, Tribune.com.pk (2024), https://tribune.com.pk/story/2455589/farmers-await-imported-urea-supply (բեռնման օրը՝ 03.07.2024).
(20) Azerbaijan-Pakistan emerging economic ties: an expert opinion, Azertag.az (2023), https://web.archive.org/web/20240616125919/https://www.news.az/news/azerbaijan-pakistan-boost-ties-in-various-sectors-opinion (բեռնման օրը՝ 16.07.2024).
(21) Էլյա Հարությունյան, Ադրբեջան-Պակիստան. պատերազմում թրծված «եղբայրական հարաբերություններ», Orbeli.am (2021), https://orbeli.am/hy/post/923/2021-10-25/Ադրբեջան-Պակիստան.+պատերազմում+թրծված+«եղբայրական+հարաբերություններ» (բեռնման օրը՝ 03.07.2024):
(22) Bilateral diplomatic relations between the Republic of Azerbaijan and the Islamic Republic of Pakistan, Azerbaijan MFA, https://mfa.gov.az/index.php/en/category/asia-and-oceania/the-islamic-republic-of-pakistan (բեռնման օրը՝ 03.07.2024).
(23) «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Պակիստանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև պաշտպանական և ռազմական համագործակցության համաձայնագիր», e-Qanun.az (2003), https://web.archive.org/web/20240616130234/https://e-qanun.az/framework/2056 (բեռնման օրը՝ 16.07.2024):
(24) “Over a hundred Azerbaijani military officers have been trained in the past ten years by Pakistani military professionals”; Azerbaijan-Pakistan ties: 30 years on the path of strategic partnership, Azernews.az (2022), https://web.archive.org/web/20240616125333/https://www.azernews.az/nation/200281.html (բեռնման օրը՝ 16.07.2024).
(25) Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի, ու մենք կհաղթենք. վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին, ՀՀ վարչապետի կայք (2020), https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2020/10/27/Nikol-Pashinyan-Speech/ (բեռնման օրը՝ 10.07.2024); Pakistani military helped Azeri troops in attack on Artsakh, says Azerbaijani serviceman; Armenpress (2020), https://armenpress.am/eng/news/1032919.html (բեռնման օրը՝ 10.06.2024); В Карабах из-за Гиндукуша; Коммерсантъ (2020); https://www.kommersant.ru/doc/4549481 (բեռնման օրը՝ 10.07.2024):
(26) Michael Taarnby, The Mujahedin in Nagorno-Karabakh: A Case Study in the Evolution of Global Jihad, Elcano Royal Institute (2008), https://www.aa.com.tr/en/asia-pacific/azerbaijans-top-diplomat-meets-with-pakistani-premier-army-chief/3236405 (բեռնման օրը՝ 03.07.2024).
(27) “Üç qardaş – 2021” beynəlxalq təliminin açılışına həsr olunan təntənəli mərasim keçirilib, Azerbaijan MoD (2021), https://www.youtube.com/watch?v=zRc3H4rDLOg (բեռնման օրը՝ 03.07.2024).
(28) Azərbaycan, Türkiyə və Pakistan generalları “Üç qardaş – 2021” təlimini izləyib; Report.az (2021), https://web.archive.org/web/20240616130104/https://report.az/herbi-xeberler/uc-qardas-2021-beynelxalq-teliminde-yuksek-seviyyeli-musahideci-gunu-kecirilib/ (բեռնման օրը՝ 16.07.2024).
(29) Azerbaijan’s top diplomat meets with Pakistani premier, army chief; Anadolu (2024), https://www.aa.com.tr/en/asia-pacific/azerbaijans-top-diplomat-meets-with-pakistani-premier-army-chief/3236405 (բեռնման օրը՝ 03.07.2024).
(30) Baku Declaration of Azerbaijani, Turkish and Pakistani foreign ministers – FULL TEXT; Azerbaijan MFA (2017), https://web.archive.org/web/20240616130340/https://islamabad.mfa.gov.az/en/news/3227/baku-declaration-of-azerbaijani-turkish-and-pakistani-foreign-ministers-full-text (բեռնման օրը՝ 16.07.2024).
(31) Pakistan backs Turkey on Armenia genocide claims, Middle East Monitor (2021), https://www.middleeastmonitor.com/20210426-pakistan-backs-turkey-on-armenia-genocide-claims/ (բեռնման օրը՝ 03.07.2024).
(32) Քաշմիրի և հարակից շրջանների քարտեզը՝ https://upload.wikimedia.org/wikipedia/commons/a/ae/Un-kashmir-jammu.png; Ներկայացված է նաև Վերահսկողության գիծը, որը փաստացի հաստատվել է դեռևս 1947 թվականին ու միայն փոքր փոփոխությունների է ենթարկվել հետագայում՝ չնայած բազմաթիվ մարտական գործողություններին։
(33) Iram Khalid; Brasstacks Crisis 1986-87; A Research Journal of South Asian Studies (2012), https://www.researchgate.net/publication/344298012BrasstacksCrisis1986-87 (բեռնման օրը՝ 06.06.2024).
(34) Nuclear Signaling in South Asia: Revisiting A. Q. Khan’s 1987 Threat; CarnegieEndowment.org (2013); https://carnegieendowment.org/research/2013/11/nuclear-signaling-in-south-asia-revisiting-a-q-khans-1987-threat?lang=en (բեռնման օրը՝ 06.06.2024).
(35) Memorandum of Understanding signed by the indian Foreign Secretary, Mr. K. Raghunath, and the Pakistan Foreign Secretary, Mr. Shamshad Ahmad; UN (1999), https://peacemaker.un.org/sites/peacemaker.un.org/files/IN%20PK990221Memorandum%20of%20Understanding.pdf (բեռնման օրը՝ 06.06.2024).
(36) India’s Kashmir region set to lose autonomy, divided; Reuters (2019), https://www.reuters.com/article/idUSKBN1X9175/ (բեռնման օրը՝ 06.06.2024).
(37) New Delhi sheds fig leaf, robs held Kashmir of special status; Dawn.com (2019), https://www.dawn.com/news/1498265/new-delhi-sheds-fig-leaf-robs-held-kashmir-of-special-status (բեռնման օրը՝ 06.06.2024).
(38) Pakistan army chief says military will ‘go to any extent’ to support Kashmir cause; Reuters (2019), https://www.reuters.com/article/us-india-kashmir-pakistan-army/pakistan-army-chief-says-military-will-go-to-any-extent-to-support-kashmir-cause-idUSKCN1UW0ZM/ (բեռնման օրը՝ 06.06.2024).
(39) Will Gilgit-Baltistan make the Kashmir dispute irrelevant? DW (2020), https://www.dw.com/en/pakistans-gilgit-baltistan-province-will-it-make-the-kashmir-dispute-irrelevant/a-55594328 (բեռնման օրը՝ 06.06.2024).
(40) ‘No idea where it came from’: PM Imran on Maryam’s AJK province allegation; Dawn.com (2021), https://www.dawn.com/news/1636479 (բեռնման օրը՝ 06.06.2024).
(41) ‘Shockingly poor language’: PM Kakar pilloried over comparison of Pak-China ties to Israel-US ties; Dawn.com (2023), https://www.dawn.com/news/1777277/shockingly-poor-language-pm-kakar-pilloried-over-comparison-of-pak-china-ties-to-israel-us-ties (բեռնման օրը՝ 06.06.2024).
(42) China index: Pakistan; DoubleThink Lab (2022), https://china-index.io/country/Pakistan (բեռնման օրը՝ 06.06.2024).
(43) Trends in international arms transfers, 2023; SIPRI (2024), https://www.sipri.org/sites/default/files/202403/fs2403at2023.pdf (բեռնման օրը՝ 06.06.2024).
(44) Pakistan: Exports, Imports and Trade Partners, OEC World (2023), https://oec.world/en/profile/country/pak?yearlyTradeFlowSelector=flow1 (բեռնման օրը՝ 06.06.2024).
(45) AUKUS map; Council on Geostrategy, UK (2022), https://www.geostrategy.org.uk/app/uploads/2023/03/AUKUS-Map-1.svg (բեռնման օրը՝ 03.07.2024).
(46) Long Term Plan for China-Pakistan Economic Corridor (2017-2030); Ministry of Planning, Development and Reform of Pakistan, https://cpec.gov.pk/long-term-plan-cpec (բեռնման օրը՝ 06.06.2024).
(47) Տե՛ս քարտեզը․ China-Pakistan economic corridor – Joint regional infrastructure projects in Pakistan; Britannica, https://www.britannica.com/topic/China-Pakistan-Economic-Corridor (բեռնման օրը՝ 08.06.2024).
(48) Sharif’s Beijing trip: Can China-Pakistan Economic Corridor be revived? Al Jazeera (2024), https://www.aljazeera.com/news/2024/6/3/sharifs-beijing-trip-can-china-pakistan-economic-corridor-be-revived (բեռնման օրը՝ 08.07.2024); The China-Pakistan Economic Corridor Is Under Attack; Thediplomat.com (2024), https://thediplomat.com/2024/05/the-china-pakistan-economic-corridor-is-under-attack/ (բեռնման օրը՝ 08.07.2024).
(49) China-Pakistan Economic Corridor: Opportunities and Risks; Crisis Group (2018), https://www.crisisgroup.org/asia/south-asia/pakistan/297-china-pakistan-economic-corridor-opportunities-and-risks (բեռնման օրը՝ 08.06.2024).
(50) مودی سی پیک کیخلاف را کے خصوصی سیل کی نگرانی خود کررہے ہیں; Jang.com.pk (2020), https://jang.com.pk/news/856232?ga=2.1789901%2080.1947997901.1607593134-2039814662.1604552106 (բեռնման օրը՝ 08.06.2024).
(51) Pakistan Security Reports from 2020 to 2023; Pak institute for Peace studies, https://www.pakpips.com/article/book/pakistan-security-report-2023 (բեռնման օրը՝ 08.06.2024).