Սեղմագիր
Հոդվածում անդրադարձ է կատարվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախաձեռնության շրջանակում Մեծ Մերձավոր Արևելքում Չինաստանի տնտեսական, ներդրումային, տրանսպորտային-հաղորդակցական, էներգետիկ ակտիվության հարցերին։ Ներկայացվում են տարածաշրջանում Պեկինի արտաքին քաղաքականության ճարտարապետության հիմնական առանձնահատկություններն ու ընթացիկ միտումները։ Ուսումնասիրվում են նաև «Նոր մետաքսի ճանապարհ» նախագծում Հարավային Կովկասի երկրներին վերաբերող հիմնահարցերը։
КИТАЙ И БОЛЬШОЙ БЛИЖНИЙ ВОСТОК
Веранян К. В.
Аннотация
В статье рассматриваются вопросы экономической, инвестиционной, транспортно-коммуникационной, энергетической деятельности Китая на Большом Ближнем Востоке в рамках мегаинициативы «Один пояс, один путь». Представлены основные особенности и текущие тенденции архитектуры внешней политики Пекина в регионе. В контексте проекта «Новый шелковый путь» также изучаются вопросы, связанные со странами Южного Кавказа.
CHINA AND THE GREATER MIDDLE EAST
Veranyan K. V.
Summary
The research refers to the issues of China’s economic, investment, transport-communication, energy activity in the Greater Middle East in the framework of the “One Belt, One Road” mega-initiative. The main features and current trends of Beijing’s foreign policy architecture in the region are presented. Issues related to the countries of the South Caucasus are also studied within the context of “New Silk Road” project.
Կ. Վ. Վերանյան(1)
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ(2)
1. Մերձավոր Արևելքը
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում
Չինաստանն իր արտաքին քաղաքականության մեջ զգալիորեն հիմնվում է տնտեսական բաղադրիչի վրա։ Ուստի սույն հետազոտությունում Չինաստանի մերձավորարևելյան քաղաքականությունը զուգորդվում է տարածաշրջանում ասիական այդ պետության տնտեսական, առևտրային ու ներդրումային ակտիվությամբ։
2013 թ. Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հանրայնացրեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (ՄԳՄՃ) մեգանախաձեռնությունը, որը մասնագիտական գրականությունում հաճախ հանդիպում է «Նոր մետաքսի ճանապարհ» անվանումով։ ՄԳՄՃ հավակնոտ մեգանախաձեռնությամբ Պեկինը հայտ ներկայացրեց վերափոխելու միաբևեռ աշխարհակարգը` տարբեր մայրցամաքներում ու տարածաշրջաններում ընդլայնելով իր տնտեսական, քաղաքական ազդեցությունը։
ՄԳՄՃ նշյալ տեսլականով ձևավորվում է տարածաշրջանային հաղորդակցական-տրանսպորտային ենթակառուցվածքների, նավթագազային խողովակաշարերի ցանց, իրականացվում են խոշորածավալ տնտեսական, ֆինանսական ներդրումներ տարբեր տարածաշրջանների ու երկրների էներգետիկ, գյուղատնտեսական, արդյունաբերական, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Առանձնակի կարևորություն է տրվում հատուկ ազատ տնտեսական գոտիների ու արդյունաբերական տարածքների ձևավորման ծրագրերին։
Այսօրվա դրությամբ շուրջ 147 երկիր՝ աշխարհի բնակչության 2/3-ը և համաշխարհային ՀՆԱ-ի 40%-ը, ներառված է ՄԳՄՃ-ի տարբեր ծրագրերում կամ հետաքրքրություն է ցուցաբերում դրանց նկատմամբ։ ՄԳՄՃ-ն Չինաստանը կապում է Եվրասիային ցամաքային ու ծովային երթուղիներով` ներառելով Աֆրիկան (Հյուսիսային Աֆրիկա), Մեծ Մերձավոր Արևելքը և այլ տարածաշրջաններ (Նկ. 1)։
Նկար 1. «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (Աղբյուրը` Կ. Վերանյան, Պեկին-Անկարա տնտեսական առնչություններ, https://orbeli.am/en/post/396/2020-03-16/Beijing-Ankara+Economic+Relations
2005–2022 թթ. աշխարհում Չինաստանն իրականացրել է շուրջ 1.36 տրլն դոլարի ներդրումներ, որոնց մի զգալի հատվածը` շուրջ 450 մլրդ, ուղղվել է էներգետիկայի ոլորտ։ Հաջորդաբար բարձր են եղել մետալուրգիայի, տրանսպորտային-հաղորդակցական ոլորտներին ուղղված ներդրումները` համապատասխանաբար, 170 և 160 մլրդ դոլար(3) (Գր. 1)։
Վերջին տասնամյակում Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան (ՄԱՀԱ) ավելի մեծ կարևորություն են ձեռք բերել ՄԳՄՃ-ում։ ՄԱՀԱ տարածաշրջանի դերը հատկապես կարևոր է Պեկինի էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Չինաստանը բարձրացնում է մրցակցությունն Արևմուտքի հետ ՄԱՀԱ նավթագազային պաշարների մատակարարման մրցավազքում։ «Նոր մետաքսի ճանապարհի» համատեքստում Պեկինի տնտեսական հավակնությունների ընդլայնմամբ մեծանում է նաև Պարսից ծոցի, Միջերկրական և Կարմիր ծովերի միջոցով Ասիան Եվրոպային կապող ցամաքային ու ծովային տրանսպորտային հանգույցների ռազմավարական նշանակությունը։
Գրաֆիկ 1. 2005-2022 թթ. Չինաստանի ներդրումներն աշխարհում, մլրդ դոլար (Աղբյուրը` American Enterprise Institute. GlobalInvestment Tracker,
https://www.aei.org/china-global-investment-tracker/):
Չինական նախաձեռնությունում ի սկզբանե ՄԱՀԱ տարածաշրջանը չի ներառվել։ Պեկինի աշխարհատնտեսական, քաղաքական հավակնությունների աճին զուգընթաց ավելացավ Չինաստանի հետ համագործակցության ձգտող պետությունների քանակը։ Հիմնադրվեցին Չինաստան-արաբական պետություններ, Չինաստան-Աֆրիկա համագործակցության ֆորումները։ Պեկինի մերձավորարևելյան քաղաքականության մեջ առանձնակի նշանակություն ստացան Ծոցի արաբական պետությունները։ 2010 թ. հիմնադրվեց Չինաստան-Ծոցի համագործակցության խորհրդի ռազմավարական երկխոսության հարթակը։
2014-2019 թթ. չինական պետական ընկերությունները ՄԱՀԱ-ում իրականացրել են ընդհանուր առմամբ 21.6 մլրդ դոլարի ներդրումներ, որի կեսից ավելին` շուրջ 58%-ը` էներգետիկ ոլորտում (նավթային սեկտորին բաժին է ընկել 40%-ը)(4):
2018 թ. տարեվերջի դրությամբ տարածաշրջանում չինական արտաքին ուղիղ ներդրումների (ԱՈւՆ) գերակշիռ հատվածն ուղղվել է Արաբական Միացյալ Էմիրություններին (6.43 մլրդ դոլար) և Իսրայելին (4.62 մլրդ դոլար):
ՄԱՀԱ-ում իրականացված չինական ներդրումներն անհամեմատ զիջել են ԵՄ համարժեք ցուցանիշին (Գր. 2):
Գրաֆիկ 2․ 2018 թ. ՄԱՀԱ-ում ԵՄ և Չինաստանի ԱՈւՆ-ը, մլն եվրո (Աղբյուրը` Katarzyna W. Sidło. The Chinese Belt and Road Project in the Middle East and North Africa. IEMed Mediterranean Yearbook 2020, https://www.iemed.org/publication/the-chinese-belt-and-road-project-in-the-middle-east-and-north-africa/)։
Այդ ցուցանիշով պատկերված գրաֆիկում համեմատական է անցկացվում Չինաստանի և ԵՄ միջև։ Թե՛ ԵՄ, թե՛ Չինաստանի ԱՈւՆ-ում առաջատար է Ծոցի համագործակցության խորհրդի (ԾՀԽ) երկրների մասնաբաժինը։ Նավթ արտահանող ԾՀԽ-Ի երկրները շարունակում են մնալ տարածաշրջանում Պեկինի գլխավոր առևտրային գործընկերները։ 2019-ին Չինաստանի էներգետիկ ապրանքների պահանջարկի շուրջ 30%-ը համալրվել է ԾՀԽ-ից։ 2019 թ. Չինաստան-ԾՀԽ-ի երկրներ առևտրաշրջանառությունը 158.7 մլրդ եվրո էր։
Ապրանքաշրջանառության պարագայում Չինաստանի ցուցանիշը նույն թվականին շուրջ 30 մլրդ եվրոյով գերազանցում է ԾՀԽ-Ի երկրների հետ ԵՄ շրջանառության ընդհանուր ցուցանիշը։ 2019 թ. Չինաստանը Սաուդյան Արաբիայի, Օմանի և ԱՄԷ-ի ամենագլխավոր առևտրային գործընկերն էր, երկրորդ խոշոր գործընկերը` Քաթարի ու Քուվեյթի, երրորդը` Բահրեյնի դեպքում(5)։
ՄԳՄՃ-ն նոր սրություն հաղորդեց Պեկին-Վաշինգտոն քաղաքական, տնտեսական մրցակցությանը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում` ՄԱՀԱ-ում։ Փոփոխություններ են նկատվում նաև համաշխարհային խաղացողների վերաբերյալ տարածաշրջանի հանրային ընկալումներում։ «Արաբական բարոմետր» զեկույցի համաձայն, ՄԱՀԱ 9 երկրներում անցկացված սոցհարցման տվյալներով ներկայումս Չինաստանն առավել դրական ընկալում ունի, քան Միացյալ Նահանգները։ Բացառություն է կազմում Մարոկկոն, որտեղ հակառակ պատկերն է։ 2018-2019 թթ. հարցման արդյունքներով, Չինաստանի հետ տնտեսական համագործակցության կողմնակիցների թվաքանակը Մարոկկոյում ավելի բարձր էր։ Դա կարող է պայմանավորված լինել այդ երկրներում չինական ապրանքների բրենդավորման հետ, որը որակապես զիջում է արևմտյան, ամերիկյան ապրանքանիշներին։
2015 թվականին Չինաստանը դարձավ աշխարհում հում նավթի առաջատար ներմուծող երկիրը, որի գնած նավթի կեսը բաժին էր հասնում Մերձավոր Արևելքին (Գր. 3)։
Գրաֆիկ 3․ ՄԱՀԱ հանրային ընկալումները. ԱՄՆ և Չինաստան (Աղբյուրը` Arab barometer. Public views of US-China competition in MENA,
https://www.arabbarometer.org/wp-content/uploads/ABVII_US-China_Report-EN.pdf)։
2016 թ. Պեկինը գլխավորեց տարածաշրջանում արտաքին ներդրողների ցուցակը։ Վերջին տարիներին Մերձավոր Արևելքի երկրների հետ Պեկինի նոր թափ է ստացել առևտրաշրջանառությունը։ 2019 թ. ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 180 մլրդ դոլար էր, 2021-ին` 259 մլրդ(6)։
Նկար 2. Չինաստանը` որպես Մերձավոր Արևելքի երկրների մեծամասնության հիմնական առևտրային գործընկերներից մեկը (Աղբյուրը` Amr Hamzawy. The Potential Inroads and Pitfalls of China’s Foray Into Middle East Diplomacy, https://carnegieendowment.org/2023/03/20/potential-inroads-and-pitfalls-of-china-s-foray-into-middle-east-diplomacy-pub-89316):
Տարածաշրջան-ԱՄՆ առևտրաշրջանառությունը նվազել է. 2019 թ. այն 120 մլրդ դոլար էր, 2021-ին` 82 մլրդ։ Չինաստանը գլխավորում էր Սաուդյան Արաբիայի, Իրանի, Քուվեյթի ինչպես ներմուծում, այնպես էլ արտահանում կատարող հիմնական գործընկերների ցանկը (Նկ. 2):
ՄԱՀԱ-ն Չինաստան հում նավթի մատակարարման գլխավոր աղբյուրներից է։ 2018 թ. Չինաստան այդ ոլորտում հում նավթի ամենախոշոր արտահանող երկրներն են Ռուսաստանը (37.9 մլրդ դոլար), Սաուդյան Արաբիան (29.7 մլրդ դոլար)։ 2018-ին ՄԱՀԱ երկրներն ընդհանուր առմամբ Չինաստան են արտահանել 107.7 մլրդ դոլարի հում նավթ (Գր. 4)։
PcW տվյալներով, չինական ներդրումային ընկերությունների համար Մերձավոր Արևելքում ամենագրավիչ շուկաները ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան են, որտեղ գործունեություն է ծավալում հարցվածների համապատասխանաբար 83%-ը և 73%-ը։ Այդ ընկերությունների 52%-ն իրենց գլխամասերը բացել են Մերձավոր Արևելքում, որոնցից 82%-ը` ԱՄԷ-ում(7)։
Գրաֆիկ 4. Չինաստան, հում նավթի արտահանումը, 2018 թ. (Աղբյուրը` China’s great game in the Middle East, European council in foreign relations. https://ecfr.eu/publication/china_great_game_middle_east/?amp):
2021-ին տարածաշրջանում Պեկինի առևտրային գործընկերների ցուցակը գլխավորում են ԱՄԷ-ն, Ս. Արաբիան և Իրանը։ Նույն տարում Մերձավոր Արևելքի 10 երկրների (ԱՄԷ, Իսրայել, Ս. Արաբիա, Իրաք, Եգիպտոս, Քուվեյթ, Քաթար, Օման, Հորդանան և Բահրեյն) հետ Չինաստանի առևտրաշրջանառությունը 294 մլրդ դոլար էր` Չինաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 4.9%-ը (Նկ. 3)։
Նկար 3. Չինաստանի առևտուրը Մերձավոր Արևելքի հետ (Աղբյուրը` PcW. Report on Chinese Investors’ Confidence in the Middle East, https://www.pwc.com/m1/en/publications/documents/report-on-chinese-investors-confidence-in-the-middle-east.pdf)։
2014–2018 թթ. Մերձավոր Արևելքի առանձնացված երկրների հետ Չինաստանի առևտրաշրջանառությունը զարգացել է միանման դինամիկայով։ 2018–2020 թթ. շեղում է արձանագրվել Չինաստան–Իրան առևտրում. այն կտրուկ նվազել է։ Դա կարող էր կապված լինել 2018 թ․ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հետ։
Գրաֆիկ 5․ Չինաստանի առևտուրը Մերձավոր Արևելքի հետ 2014–2020 թթ. (Աղբյուրը` Will Green, Taylore Roth. China-Iran Relations: A Limited but Enduring Strategic Partnership, U.S.–China Economic and Security review commission. 28.06.2021, https://www.uscc.gov/sites/default/files/2021-06/China-Iran_Relations.pdf):
2014-2020 թթ. բարձր ցուցանիշով առանձնացել է Չինաստանի ապրանքաշրջանառության ծավալը Սաուդյան Արաբիայի հետ։ Ամենաբարձր արդյունքը գրանցվել է 2019-ին։ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների խստացումը հարվածում է Իրանի տնտեսությանը, այդ վակուումը Պեկինը լրացրել է Էր Ռիադի հետ առևտրի ծավալներն ավելացնելու հաշվին (Գր. 5)։
Շատ է խոսվում Պեկին-Թեհրան տնտեսական սերտ կապերի մասին, սակայն Էր Ռիադի հետ Պեկինի տնտեսական գործակցության հարցը մնացել է ստվերում։ 2014–2020 թթ. Իրան–Չինաստան ապրանքաշրջանառության ծավալներն անհամեմատ զիջում են Սաուդյան Արաբիա–Չինաստան վիճակագրությանը։ Սա խոսում է Չինաստանի մերձավորարևելյան քաղաքականության նոր ճարտարապետության ձևավորման մասին, որտեղ առանձնակի կարևորություն է ստացել ԾՀԽ-Ի տարածաշրջանը։ Այստեղից չի հետևում, թե Չինաստանի մերձավորարևելյան քաղաքականության մեջ նվազել է ԻԻՀ նշանակությունը։ Խոսքը վերաբերում է տարածաշրջանում Չինաստանի ներկայացվածության ընդլայնման մասին, ինչի արդյունքում Պեկինը հավասարակշռում է Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտությունը, Իրան-ԾՀԽ մրցակցությունը։
2014-2020 թթ. Մերձավոր Արևելքի առանձնացված երկրներից Չինաստան նավթի արտահանման ծավալները մեծամասամբ պահպանել են զարգացման նույն դինամիկան։ Տարբերություններից մեկը Օմանից նավթի ներկրման ծավալների աճն ու ԱՄԷ-ի համապատասխան ցուցանիշի նվազումն է (Գր. 6):
Գրաֆիկ 6. Չինաստանի նավթի գնումները 2014–2020 թթ. (Աղբյուրը` Will Green, Taylore Roth. China-Iran Relations: A Limited but Enduring Strategic Partnership, U.S.-China Economic and Security review commission. 28.06.2021,
https://www.uscc.gov/sites/default/files/2021-06/China-Iran_Relations.pdf):
2010-2019 թթ. Մերձավոր Արևելքի առանձնացված երկրներում Չինաստանի ԱՈւՆ-ի բարձր ցուցանիշով աչքի է ընկնում ԱՄԷ-ն։ Էմիրություններում Չինաստանի ԱՈւՆ-րը շեշտակի աճել են 2015 թ.-ից։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրումը, դրանից Վաշինգտոնի դուրս գալը էական ազդեցություն չեն ունեցել այդ երկրներում չինական ԱՈւՆ-ի ծավալների վրա։ Թե՛ Իրանում, և թե՛ Սաուդյան Արաբիայում չինական ԱՈւՆ-ն ունեցել են զարգացման գրեթե միանման դինամիկա (Գր. 7)։
Գրաֆիկ 7. Չինաստանի արտաքին ուղիղ ներդրումները Մերձավոր Արևելքում 2010-2019 թթ. (Աղբյուրը` Will Green, Taylore Roth. China-Iran Relations: A Limited but Enduring Strategic Partnership, U.S.-China Economic and Security review commission. 28.06.2021, https://www.uscc.gov/sites/default/files/2021-06/China-Iran_Relations.pdf):
PcW տվյալներով, 2020-ին Մերձավոր Արևելքում չինական ներդրումների ծավալով առաջատար են ԱՄԷ-ն, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան (Նկ. 4)։
Նկար 4. Չինաստանի ներդրումները Մերձավոր Արևելքում (Աղբյուրը` PcW. Report on Chinese Investors’ Confidence in the Middle East, https://www.pwc.com/m1/en/publications/documents/report-on-chinese-investors-confidence-in-the-middle-east.pdf).
Մերձավոր Արևելքում չինական սպառազինությունների արտահանման տեմպերը զիջում են այդ երկրի տնտեսական ու ներդրումային ակտիվությանը։ 2010-2018 թթ. Չինաստանը Մերձավոր Արևելք է արտահանել ընդհանուր առմամբ 760 մլն դոլարի սպառազինություն ու ռազմական տեխնիկա` Չինաստանի ռազմական տեխնիկայի ընդհանուր արտահանման ծավալի 5.4%-ը։ 2010-2018 թթ. Չինաստանն արտահանել է 13.9 մլրդ դոլարի սպառազինություն։ 2010-2013 թթ. Մերձավոր Արևելք չինական սպառազինության արտահանման ծավալը կայուն նվազել է, իսկ 2013-2018 թթ. նկատվել է գրեթե կայուն աճ։ Նշված ժամանակահատվածում տարածաշրջան սպառազինության արտահանման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են 2018 և 2010 թվականներին` համապատասխանաբար, 183 և 149 մլն դոլար (Գր. 8)։
Գրաֆիկ 8. Չինաստանի սպառազինությունների արտահանումը Մերձավոր Արևելք 2010–2018 թթ.(Աղբյուրը` Israel-China Relations: Opportunities and Challenges. INSS. 08.2019, https://www.inss.org.il/wp-content/uploads/2019/08/Memo194_6.pdf):
Նշյալ ժամանակահատվածում Մերձավոր Արևելք ՌԴ ռազմական տեխնիկայի ու սպառազինության արտահանման ծավալները կազմել են 8.6 դոլար` 11 անգամ գերազանցելով Չինաստանի ցուցանիշը, ԱՄՆ-ի արտահանման ծավալները` 35.2 մլրդ (չհաշված Իսրայելը)՝գերազանցելով Չինաստանի ցուցանիշը 46 անգամ (Գր.9)։
Գրաֆիկ 9․ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի սպառազինությունների արտահանումը Մերձավոր Արևելք 2010–2018 թթ. (Աղբյուրը` Israel-China Relations: Opportunities and Challenges. INSS. 08.2019, https://www.inss.org.il/wp-content/uploads/2019/08/Memo1946.pdf)։
2. Չինաստան-Իրան հարաբերությունները. ընթացիկ միտումներ
Պեկին-Թեհրան քաղաքական, տնտեսական հարաբերությունների խորացմանը նպաստում է երկու իրողություն` կապված վերջիններիս նկատմամբ Արևմուտքի դիվանագիտությամբ։ ԱՄՆ-Չինաստան աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական մրցակցությունը, Իրանի մեկուսացման քաղաքականությունը հանգեցրել են ասիական այդ երկու պետությունների շահերի համընկնմանը։
2021 թ․ մարտին Չինաստանն ու Իրանը ստորագրեցին 25-ամյա ռազմավարական համագործակցության համաձայնագիր, որը ենթադրում է ինչպես քաղաքական, տնտեսական, այնպես էլ՝ ռազմական և անվտանգային բաղադրիչներ։ Համաձայնագրով Պեկինը նախատեսում է 400 մլրդ դոլար ներդրումներ իրականացնել Իրանի տարբեր ենթակառուցվածքային նախագծերում։ Այս առնչությամբ ԱՄՆ-ի նախագահ Ջ․Բայդենն իր մտահոգությունն է հայտնել հատկապես այն պատճառով, որ համաձայնագիրը ստորագրվում է երկարաժամկետ տեսլականով։
Իրանի մեկուսացման քաղաքականության համատեքստում Պեկին-Թեհրան բազմակողմանի համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում հեռավորարևելյան գերտերության համար` մեծացնելու քաղաքական և տնտեսական ազդեցությունն Իրանում։ Վերջինիս համար դրական արդյունքների հետ մեկտեղ այն որոշակիորեն սահմանափակում է Թեհրանի խուսանավելու հնարավորությունները։ Այսպես, Պեկինի հետ տնտեսական համագործակցության աշխուժացումը ոչ միանշանակ է ընդունվում իրանական գործարար շրջանակներում, քանի որ չինական ապրանքները մրցակցային շոշափելի խնդիրներ են առաջացնում տեղական արտադրողների համար։ Միաժամանակ, Իրանում ընդդիմադիրների շրջանում տարածված է այն տեսակետը, թե Թեհրանի վրա Պեկինի ազդեցության խորացումը նպաստում է Իրանում իշխանության դիրքերի ամրապնդմանը։
Իրանը Չինաստանի կարևորագույն տնտեսական գործընկերներից է, համաշխարհայինից մատչելի գնով նավթի մատակարարման եզակի աղբյուրներից մեկը։ Որպես տարանցիկ երկիր, այն մեծ նշանակություն ունի «Նոր մետաքսի ճանապարհ» նախագծում։ ՉԺՀ-ն շարունակում է ներմուծել իրանական նավթը` ի հեճուկս ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին։ Այնուամենայնիվ, կարելի է փաստել, որ վերջին տարիներին Չինաստան-–ԾՀԽ քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը որոշակի լարվածություն է առաջացրել Պեկին-Թեհրան հարաբերություններում։ Պեկինը պաշտոնական հարթակներում ու ետկուլիսներում քանիցս հայտարարել է, որ իր համար Թեհրանն ու Էր Ռիադը հավասար գործընկերներ են։ Այդուհանդերձ, ՉԺՀ ղեկավարության դիրքորոշումը խոսում է դեպի Էր Ռիադ նժարի թեքման մասին։
Թեհրանի հետ տնտեսական համագործակցության կարևորագույն առանձնահատկություններից է այն, որ Պեկինում կնախընտրեին բացառել Վաշինգտոն-Թեհրան ռազմական առճակատման հնարավորությունը, քանի որ այն վտանգի տակ կդներ Չինաստանի ներդրումներն ու տնտեսական ակտիվությունն այդ երկրում։
Մեծ Մերձավոր Արևելքում Չինաստանի աճող ներգրավվածությունը սահմանափակում է Պեկին-Թեհրան համագործակցությունը։ Վերջին երկու տասնամյակում Իրանի տարածաշրջանային հակառակորդներ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ Չինաստանի դիվանագիտական, տնտեսական ու պաշտպանական խորացող կապերը հարկադրում են Չինաստանին հավասարակշռություն պահպանել վերջիններիս ու Իրանի հետ հարաբերություններում։ Իրանի ղեկավարությունը ձգտում է ներգրավել չինական տնտեսական ու ներդրումային կապիտալը, սակայն զգուշավոր է Չինաստանից տնտեսապես չափից ավելի կախյալ կարգավիճակում հայտնվելու հարցում(8)։
2022 թ. ապրիլին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հյուրընկալեց Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեին` քննարկելու պաշտպանության ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացման հարցերը։ 2023-ի մարտին Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը հ-նգօրյա համատեղ ծովային զորավարժություններ անցկացրեցին Օմանի ծոցում։
2023 թ. փետրվարին Ռաիսին այցելեց Պեկին։ Սա Իրանի նախագահի առաջին պետական այցն էր վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում։ Կողմերը ստորագրեցին շուրջ 20 համաձայնագիր՝ առևտրի, տրանսպորտի, ՏՏ ոլորտի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։
2.1 Իրան-Չինաստան տնտեսական կապերի խորացումը
Վերջին տասնամյակում Չինաստանը եղել է Իրանի ամենախոշոր առևտրային գործընկերը։ 2022-ին երկկողմ ապրանքաշրջանառությունը 16 մլրդ դոլար էր, ինչը 7%-ով գերազանցեց 2021 թ. համապատասխան ցուցանիշը։ 2022 թ. դեկտեմբերին Իրանից հում նավթի արտահանման ծավալը Չինաստան նոր ռեկորդ սահմանեց։
1992–2021 թթ. երկկողմ ապրանքաշրջանառությունն ամենաբարձր ցուցանիշն արձանագրել է 2014-ին` գերազանցելով 50 մլրդ դոլար ծավալը։ Հաջորդաբար մեծ է եղել 2011-ի արդյունքը` շուրջ 45 մլրդ դոլար։ 1992–2013 թթ. երկկողմ առևտուրը կայուն աճել է, 2014-ից` կայուն նվազել։ 20202021 թթ. ցուցանիշները համընկնում են 2006-ի ապրանքաշրջանառության արդյունքին(9)(Գր. 10):
Գրաֆիկ 10. Իրան–Չինաստան առևտուրը 1992-2021 թթ. (Աղբյուրը` Alex Yacoubian. Iran’s Increasing Reliance on China, 15.03.2023, https://iranprimer.usip.org/blog/2019/sep/11/irans-increasing-reliance-china)
2017 թ. Իրանն արտահանել է 101.4 մլրդ դոլարի ապրանքներ, որի շուրջ կեսը` 48%-ը` Չինաստան։ Արտահանման ծավալով խոշոր գործընկերներից են Հնդկաստանը` 12%, Հարավային Կորեան` 8% և Թուրքիան` 6%։ 2017թ․ Իրանը ներմուծել է 76.4 մլրդ դոլարի ապրանքներ։ Ներմուծման հիմնական գործընկերներ են Չինաստանը (28%), ԱՄԷ-ն (20%), Հնդկաստանը (11%) և Թուրքիան (7%) (Գր. 11)։
Գրաֆիկ 11. Չինաստանի հում նավթի ներմուծումը Իրանից 1995–2017 թթ. (Աղբյուրը` Alex Yacoubian. Iran’s Increasing Reliance on China, 15.03.2023, https://iranprimer.usip.org/blog/2019/sep/11/irans-increasing-reliance-china):
1995-2017 թթ. Իրանից դեպի Չինաստան հում նավթի ներմուծման ամենախոշոր ծավալը գրանցվել է 2011 թվականին` շուրջ 18 մլրդ դոլար։ 2011-2017 թթ. նկատվում է հում նավթի ներմուծման ծավալների նվազման միտում, ինչը կարող է պայմանավորված լինել Իրանից նավթի արտահանման ծավալների կրճատման հետ։ Չինաստանը նավթի պահանջարկը համալրելու նպատակով 2019 թ. կրկնապատկեց Սաուդյան Արաբիայից ներկրման ծավալը։
«Նոր մետաքսի ճանապարհի» շրջանակում Չինաստանն ու Իրանն իրականացնում են տարբեր տրանսպորտային-հաղորդակցական և էներգետիկ նախագծեր։ Այսպես, Պեկինը պատրաստակամություն էր հայտնել ֆինանսավորել 2.875 կմ երկարությամբ «Peace Pipeline» գազամուղի կառուցման նախագիծը, որի իրականացման պարագայում իրանական գազը հասնելու էր Պակիստան։ Նախագիծը շրջանառվում էր 1990-ականներից, սակայն առարկայական քայլեր ձեռնարկվեցին 2000-ականների երկրորդ կեսերից։ Նախատեսվում էր այն շահագործման հանձնել 2017 թվականին։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 7.5 մլրդ դոլար։ Գազատարի կառուցման աշխատանքները դեռևս չեն ավարտվել, թեև Թեհրանն ավարտել է գազատարի իր հատվածը։ Գազատարի շահագործման ձգձգումը, ըստ երևույթին, պայմանավորված է նրանով, որ նման ենթակառուցվածքի շահագործումը տնտեսական ու քաղաքական նոր հնարավորություններ կընձեռի Թեհրանին ու Պեկինին, ինչից խուսափում են Վաշինգտոնում։
2016 թ. փետրվարին շահագործման հանձնվեց Չինաստան – Իրան երկաթուղին։ Չինաստանի արևելյան շրջաններից ուղևորված առաջին բեռնափոխադրող գնացքը 14 օր անց, անցնելով 9500 կմ տարածք, Ղազախստանի և Թուրքմենստանի տարածքներով ժամանեց Իրան։
2.2 Թեհրան-Էր Ռիադ հարաբերությունների կարգավորումը
Ինչպես նշվեց, միջազգային հարաբերություններում մեծացել է Ծոցի արաբական երկրների կշիռը։ Փոփոխություն է նկատվում վերջիններիս ուղղությամբ Թեհրանի դիրքորոշման մեջ։ Նախկին ուղիղ դիմակայությանը փոխարինելու է եկել պրագմատիկ ճկունությունը։ Թեհրանում փորձում են Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների բարելավման միջոցով ստվերել վերջիններիս հետ Իսրայելի համագործակցությունը։ Վերջին շրջանում նկատվում է Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների ջերմացում։ Կողմերը փորձում են հաղթահարել տարիներ տևած միջնորդավորված պատերազմը. Եմենի հութիները ստանում էին Թեհրանի ռազմաքաղաքական հովանավորությունը Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարության դեմ պայքարում։
2023 թ. մարտին Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հանդիպեց Սաուդյան Արաբիայի Ազգային անվտանգության նախարար Մուսադ Բին Մոհամեդ Ալ Այբանի հետ։ Կողմերը պայմանավորվել են հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել դեսպանություններ։ Համաձայնություն է ձեռք բերվել հարգել երկու երկրների սուվերենությունը և չմիջամտել ներքին գործերին։ Մինչ այդ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ կայացել են Իրաքում և Օմանում։ 2023 թ. ապրիլի 6-ին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպեցին Իրանի ու Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները։
Էր Ռիադ-Թեհրան հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդական առաքելություն է ստանձնել Չինաստանը, որտեղ և կազմակերպվել էր վերոնշյալ հանդիպումը։ Պեկինը սրանով լուրջ հաջողություն է արձանագրում մերձավորարևելյան իր դիվանագիտությունում, որն անվանում են գլոբալ համակարգը փոփոխող իրադարձություն։ Էր Ռիադ-Թեհրան հարաբերությունների կարգավորմամբ Պեկինն ամրապնդում է նաև իր տնտեսական-էներգետիկ շահերը։ Չինաստանը Ծոցից նավթ ներկրող հիմնական պետություններից է, որտեղ մեծ բաժինն ընկնում է Իրանի ու Սաուդյան Արաբիայի հաշվին։ Վաշինգտոնում խանդով են մոտենում ընթացիկ զարգացումներին, սակայն նախընտրում են ընդունել, որ Մերձավոր Արևելքի երկու հակառակորդների հարաբերությունների մերձեցումը շահավետ է Միացյալ Նահանգների համար։ Ի տարբերություն Վաշինգտոնի, որը Թեհրան-Էր Ռիադ հակամարտությունում ուներ կողմնակալ դիրքորոշում, Չինաստանն առավել անկաշկանդ է։ Չունենալով բացահայտ կողմնապահություն, Պեկինը կարողացավ արդյունավետորեն ստանձնել կողմերի հաշտեցման միջնորդական առաքելությունը։ ԱՄՆ-ի նախկին նախագահ Թրամփը հստակ ուղերձներ էր ուղարկել Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը, որ չի պատրաստվում Միացյալ Նահանգներին ներքաշել Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ։ Նախագահ Բայդենը փորձում էր փոխել այդ ընկալումը, թե Վաշինգտոնը մշտապես իր դաշնակիցների կողքին է։ Սակայն Պեկինը ճիշտ ժամանակին կարողացավ օգտվել Սաուդյան Արաբիա-ՍՄՆ անհարթություններից։
2023 թ. փետրվարին, մինչ Իրան-Սաուդյան Արաբիա բանակցությունները, Պեկինը մեկնարկեց իր «Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը» (Global security initiative), որը կոչված էր երկխոսությամբ ու խաղաղությամբ կարգավորելու երկրների միջև հակասություններն ու հիմնախնդիրները(10)։ 2023 թ. ապրիլի կեսերին Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգը հայտարարեց, որ Պեկինը պատրաստ է միջնորդ լինել Իսրայել–Պաղեստին խաղաղության բանակցություններում։ Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման միջնորդական առաքելությունը կարող է լավ նախադեպ լինել Պեկինի համար այլ հակամարտությունների դեպքում նույնպես միջնորդական կարգավիճակ ստանձնելու համար։ Չինաստանը փաստացի ցանկանում է համաշխարհային քաղաքականությունում ստանձնել ավելի մեծ դերակատարություն։
«Գլոբալ անվտանգության նախաձեռնությամբ» Չինաստանը ձգտում է վերացնել միջազգային հակամարտությունների արմատական պատճառները, բարելավել գլոբալ անվտանգության կառավարման արդյունավետությունը, խթանել երկարաժամկետ խաղաղություն ու զարգացում ողջ աշխարհում(11)։
Տասնամյակ առաջ դժվար էր պատկերացնել, որ Չինաստանը կձգտի ներգրավվել հակամարտությունների կարգավորման գործընթացում։ Պեկինը կարող է մեծացնել իր մասնակցությունը համաշխարհային և տարածաշրջանային անվտանգային համակարգում։ Մոտ ապագայում Պեկինը կարող է իր գլոբալ հավակնությունները պաշտպանելու նպատակով կիրառել ռազմական գործիքակազմ։ 2017 թ. Ջիբութիում հիմնված Չինաստանի առաջին արտերկրյա ռազմաբազան առաջին քայլն է այդ ուղղությամբ։ Ըստ 2021 թ. ԱՄՆ-ի հետախուզության արբանյակային լուսանկարների, Չինաստանը կարող է ստեղծել գաղտնի ռազմական օբյեկտ Աբու Դաբիի Խալիֆա նավահանգստի չինական տերմինալի տարածքում։
Վերջին երեք տասնամյակում Չինաստանի ու Սաուդյան Արաբիայի քաղաքական, տնտեսական ու պաշտպանական կապերը խորացել են։ Սաուդյան Արաբիան դարձել է ՄԱՀԱ-ում Չինաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու հում նավթի մատակարարման հիմնական աղբյուրներից մեկը։ 2021 թ. Չինաստանին բաժին էր ընկել Սաուդյան Արաբիայի հում նավթի արտահանումների 27%-ը։ Չինաստանը Սաուդյան Արաբիայի ամենամեծ առևտրային գործընկերն էր քիմիական արդյունաբերության ոլորտում` կազմելով ոլորտում Թագավորության արտահանումների ողջ ծավալի գրեթե 1/4-ը։ 2021-ին երկկողմ ապրանքաշրջանառությունը 87.31 մլրդ դոլար էր։ 2005-2021 թթ. Չինաստանը Սաուդյան Արաբիայում իրականացրել է շուրջ 43.5 մլրդ դոլարի ներդրում։
2022 թ. Պեկինն ու Էր Ռիադը ստորագրեցին «Բազմակողմանի ռազմավարական համագործակցության» համաձայնագիրը։ 2022 թ. դեկտեմբերին Չինաստանի նախագահը եռօրյա այցով Սաուդյան Արաբիայում էր. նա մասնակցեց Արաբական լիգայի ու Ծոցի համագործակցության խորհրդի հետ համատեղ կազմակերպված Չինաստանի առաջին գագաթնաժողովներին։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ Բին Սալմանը այցը որակեց որպես երկու երկրների միջև նոր պատմական դարաշրջան։
Չինաստանի սերտ հարաբերությունները Իրանի հետ որոշ մտահոգություններ է առաջացնում Սաուդյան Արաբիայի ղեկավարության շրջանում։ Վերջերս Չինաստանի ու Իրանի միջև ստորագրված Չինաստան-Իրան համագործակցության 25-ամյա ծրագիրը ապահովագրում է երկկողմ քաղաքական ու տնտեսական գործակցությունն առաջիկա հեռանկարում։
Էր Ռիադում խնդիր են տեսնում նաև Պեկին-Թեհրան ռազմական համագործակցության հարցում, այդ թվում` միջուկային ծրագրի շրջանակում։ Չինաստանի ու Սաուդյան Արաբիայի պաշտպանական կապերը շարունակում են մնալ սահմանափակ։ Երկկողմ պաշտպանական գործակցության մաս են կազմում համատեղ զորավարժանքները, հակաահաբեկչական համագործակցությունը, որոշ սպառազինությունների մատակարարումը, համատեղ ԱԹՍ-ների արտադրությունը։
ԱՄՆ-ի սպառազինության մատակարարումներից Սաուդյան Արաբիայի երկարաժամկետ ռազմական կախվածությունը բարդացնում է երկրի գործող պաշտպանության համակարգին չինական սպառազինությունների ինտեգրումը։ Այդուհանդերձ, Պեկինը աջակցում է Էր Ռիադին միջուկային ծրագրի ստեղծման հարցում։ Սաուդյան Արաբիան հարկադրված է հավասարակշռել Չինաստանի հետ քաղաքական, տնտեսական ու անվտանգային գործակցությունն ու Վաշինգտոնի հետ երկկողմ դաշնակցությունը։ Էր Ռիադում հասկանում են, որ Մերձավոր Արևելքում Չինաստանի տնտեսական ազդեցության ընդլայնումը իվերջո հանգեցնելու է ռազմական ազդեցության բանեցմանը, ինչը կկոշտացնի Մերձավոր Արևելքում Պեկինի դիրքորոշումը։
2021 թ. Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը խորհրդանշական է Սաուդյան Արաբիայի համար այն առումով, որ Վաշինգտոնը միգուցե չի պատրաստվում ներքաշվել հակամարտություններում և պաշտպանել դաշնակիցներին։ Եմենի քաղաքացիական պատերազմում Սաուդյան Արաբիան գործել է առավել անկախ Վաշինգտոնից։
Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների խստացումը կարող է դրդել Իրանին ավելի ազատ ու անկաշկանդ գործել տարածաշրջանում` վտանգելով Սաուդյան Արաբիայի շահերը։ Այս մտահոգություններն արձագանք են ստանում Պեկինում։ ԱՄՆ-ի հետախուզությունը հաստատում է, որ Սաուդյան Արաբիան Չինաստանի աջակցությամբ ներկայում զարգացնում է բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Եթե Էր Ռիադի ղեկավարությունը կորցնի հավատը իրենց շահերը պաշտպանելու հարցում ԱՄՆ-ի քաղաքական կամքի հանդեպ, Թագավորությունը կարող է արագացնել իր միջուկային ծրագրերը։
3. Իսրայել-Չինաստան. ընթացիկ միտումները
Երկկողմ հարաբերություններն ակտիվացան վերջին երկու տասնամյակում։ Համագործակցությունն ընդգրկում է հարցերի լայն շրջանակ՝ առևտուր և ներդրումներ, նորարարություն ու բարձր տեխնոլոգիաներ, կրթություն, զբոսաշրջություն: Վերջին տարիներին երկխոսությունը հասավ որակապես նոր՝ անհամեմատ ավելի բարձր, մակարդակի։
Թել-Ավիվը Պեկինին հետաքրքրում է երկու առումով. կողմերը կարող են զարգացնել համագործակցությունը նորարարությունների, start-up-երի ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ Իսրայելն արձանագրել է խոշոր առաջընթաց և կարող է Պեկինի հետ կիսվել իր փորձով։ Դա վերաբերում է ինչպես անվտանգային, պաշտպանական, այնպես էլ՝ գյուղատնտեսական, առողջապահության, ջրային և այլ ոլորտների տեխնոլոգիական կարողություններին։ Երկրորդ՝ Պեկինը դիտարկում է մերձավորարևելյան այդ երկիրը ՄԳՄՃ-ում(12)։ Իսրայելի համար Չինաստանը տնտեսական խոշոր շուկա է, որտեղ լայն հնարավորություններ կան նորարարական ու բարձր տեխնոլոգիական ոլորտ մուտք գործելու համար։
Համաձայն Rand-ի զեկույցի, Իսրայելը Չինաստանին հետաքրքրում է նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից. Չինաստանը մերձավորարևելյան քաղաքականության համատեքստում Իսրայելին դիտարկում է որպես գործընկեր՝ միաժամանակ պահպանելով բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի այլ երկրների հետ. «Պեկինը կարող է օգտագործել իսրայելական գործոնը ԱՄՆ-ի համաշխարհային դաշնակցային և գործընկերային ցանցերը կազմալուծելու նպատակով»(13)։ Պեկինի հետ համագործակցությամբ Իսրայելը կկարողանա դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, նվազեցնել կախվածությունը Միացյալ Նահանգներից։
1992 թ. երկու երկրների առևտրաշրջանառությունը 50 մլն ԱՄՆ դոլար էր, 2017-ին այդ ցուցանիշը հատեց 13.1 մլրդ ԱՄՆ դոլարը (ավելի քան 260 անգամ)։ 2018-ին Չինաստանը դարձավ Իսրայելի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը Միացյալ Նահանգներից հետո (առաջ անցնելով ԵՄ-ից), Ասիայում՝ առաջինը։ 1992 թ. Չինաստանն Իսրայել է արտահանել 12.8 մլն, 2016-ին` 8 մլրդ դոլարի ապրանքներ։ 2017-ին Չինաստանն Իսրայելից ներմուծել է 4.2 մլրդ, արտահանել՝ 8.9 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք։
2018 թ. տարեվերջի դրությամբ, Իսրայելում Չինաստանի ԱՈւՆ-երն ավելի քան 7 մլրդ ԱՄՆ դոլար էին։ 2013–2017 թթ. Իսրայելի բարձր տեխնոլոգիաների ոլորտում չինական ներդրումներն աճել են 2.5 անգամ՝ 2013-ին կազմելով 232 մլն, 2017-ին՝ 596 մլն դոլար։
2015-2019 թթ. Իսրայելում իրականացրած ներդրումների ծավալով առաջատար 5 երկրների ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ն՝ ընդհանուր ներդրումների 35%-ը։ Երկրորդ օտարերկրյա խոշոր ներդրողը Չինաստանն է՝ 4% արդյունքով։
2013 թ. կողմերը սկսեցին բանակցել Չինաստանի Չանջոու քաղաքում համատեղ նորարարական պարկի ստեղծման շուրջ։ Նախաձեռնության վերաբերյալ պայմանագիրը ստորագրվեց 2018 թ. վերջին, որով Չինաստանի շուկա մուտք գործելու համար աջակցություն էր ցուցաբերվում իսրայելական նորարարական ընկերություններին։
2019 թ. մայիսին գործարկվեց Շանհայում հիմնադրված չին-իսրայելական նորարարության կենտրոնը, որն աջակցում է համատեղ տեխնոլոգիական, գիտահետազոտական ու զարգացման նախագծերին։ Նախնական կապիտալը 145 մլն դոլար է։
2015 թ. չինական «Shanghai International Port Group» ընկերությունն Իսրայելի կառավարությունից ձեռք բերեց Հայֆա քաղաքի նավահանգստի 25 տարվա շահագործման իրավունք. մինչև 2020-ը կառուցվելու է նոր նավահանգիստ։
Ըստ Իսրայելի Նորարարությունների գործակալության 2018-2019 թթ. զեկույցի, «համաշխարհային տեխնոլոգիական արդյունաբերությունն անցնում է նոր աշխարհակարգ, ինչն ազդեցությունն է թողնում Իսրայելի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության վրա: 2018 թ. համաշխարհային տնտեսության դրամատիկ զարգացումները վերափոխում են խաղաթղթերը, այն է՝ գլոբալացման միտումներից Միացյալ Նահանգների նահանջը և զարգացած երկրներում տեխնոլոգիական ընկերությունների գործունեության նկատմամբ սահմանված կանոնակարգերի խստացումները»(14)։
Իսրայելը հնարավորություններ է տեսնում Պեկինի հետ համագործակցելու արհեստական բանականության ասպարեզում, որտեղ Չինաստանը ձգտում է դառնալ առաջատար։ Պեկինն արդեն շուրջ 10 մլրդ դոլար ներդրում է արել այդ տեխնոլոգիաների զարգացման և չինական ընկերություններում կիրառման ուղղությամբ։ Չինաստանի 2017 թ. ընդունած «Հաջորդ սերնդի արհեստական բանականության զարգացման տեսլականի» համաձայն, 2020 թ. ոլորտում Չինաստանը կհավասարվի Արևմուտքին, 2025 թ. կարձանագրի շեշտակի առաջընթաց, իսկ 2030 թ. կդառնա ոլորտի առաջատար։
3.1 Չինաստանի դիրքորոշումը հակաիրանական կոալիցիաների ձևավորման հարցում
Մերձավոր Արևելքում Չինաստանի ռազմավարությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. Չինաստանը ձգտում է պահպանել բարիդրացիական հարաբերություններ Մերձավոր Արևելքի բոլոր պետությունների հետ` խուսափելով դաշինքներ կազմելուց և այս կամ այն պետությանը նախապատվություն տալուց։
Մերձավոր Արևելքում Չինաստանի քաղաքականությունը կառուցվում է գլխավորապես տնտեսական բաղադրիչի հիման վրա։
Պեկինը խուսափում է ԱՄՆ շահերի հետ ուղիղ բախումից, ընդունում է տարածաշրջանում Վաշինգտոնի` որպես գլխավոր անվտանգային երաշխավորողի կարգավիճակը։ Տարածաշրջանում անվտանգային կայունությունը թույլ է տալիս Չինաստանին ապահովագրել տնտեսական շահերը(15)։
Կոալիցիաների ձևավորման հարցում Պեկինի տեսակետը տարբերվում է արևմտյան ռազմավարական դիրքորոշումից։ Պեկինն առաջ է քաշում գործակցության համաշխարհային ցանցի ձևավորման գաղափարը, համագործակցության բազմակողմանիություն, որտեղ ներկայացված կլինեն տարբեր խաղացողներ։ Պեկինը հակադրվում է արևմտյան տարբերակով կոալիցիաների ձևավորման հայեցակարգին և պաշտոնապես հայտարարել է, որ չի պատրաստվում ստորագրել կոալիցիոն դաշինք որևէ գործընկեր պետության հետ։ Չինաստանի դիրքորոշման համաձայն, անվտանգային ճարտարապետությունը չպետք է հիմնվի կոալիցիաների, դաշինքների համակարգի վրա։
2021 թ. Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հայտարարեց Չինաստանի միջազգային հաղորդակցման արդյունավետության բարձրացման և այն գործընկեր-պետությունների շրջանակի ընդլայնման անհրաժեշտության մասին, որոնք հասկանում են Չինաստանը։ Պեկինը ձգտում է ստեղծել գործընկերության, բայց ոչ դաշինքների համաշխարհային ցանց, որը կլինի ճկուն, ոչ գծային։ Վերջին տասնամյակում Չինաստանի դիվանագիտությունն աշխատանքներ է տանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ տերմինաբանության այլընտրանքային սահմանումներ հանրայնացնելու ուղղությամբ։
ՄԳՄՃ մեգանախաձեռնության շրջանակում Պեկին-Թեհրան գործակցությունը, երկկողմ 25-ամյա ռազմավարական համագործակցության համաձայնագիրը ուղղված են միջազգային հարաբերություններում Իրանի մեկուսացման, Թեհրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների քաղաքականության հակազդմանը։
Հակաիրանական կոալիցիաները ամրապնդելու են արևմտյան ուժերի դիրքերը տարածաշրջանում, ինչը հակասում է Չինաստանի շահերին։ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների բարելավման գործընթացը, ԾՀԽ-Ի երկրների հետ համագործակցությունն ուղղված են հակաիրանական կոալիցիաների բացառմանը։
Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտադիր է դիմել միջազգային հանրությանը հակաիրանական կոալիցիա ձևավորելու նպատակով` ձախողելու Իրանի միջուկային ծրագիրը։ Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է միջազգային ուժերի աջակցությամբ հարվածներ հասցնել Իրանի ռազմավարական, միջուկային ենթակառուցվածքներին։ Վերջերս խոսվում է շուրջ 3000 նման թիրախների մասին, որոնք ծրագրվում է խոցել։ Որոշ տվյալներով, Իսրայելի ղեկավարությունն հանգամանորեն մշակել է հարձակման գործողությունների քարտեզը։
Միացյալ Նահանգները աշխատանքներ է տանում Մերձավոր Արևելքում օդային պաշտպանության դաշինքի (Middle East Air Defense Alliance) ձևավորման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Իսրայելի և Ծոցի արաբական երկրների միջև համագործակցությամբ լուծել Իրանից եկող մարտահրավերները։ Ծոցի արաբական երկրները մտահոգված են Իրանի հրթիռային, միջուկային կարողությունների առնչությամբ, սակայն այնքան էլ ոգևորված չեն Իրանի ուղղությամբ Միացյալ Նահանգների կամ Իսրայելի ռազմական ճնշումների խստացման հարցում. դա կարող է հանգեցնել Թեհրանի կողմից պատասխան գործողություններին ինչպես Իսրայելի, այնպես էլ՝ Ծոցի արաբական երկրների ուղղությամբ (Գր. 12)։
Գրաֆիկ 12. ԾՀԽ-ի հում նավթի արտահանումը Չինաստան (Աղբույրը` Joseph Webster and Joze Pelayo. China is getting comfortable with the Gulf Cooperation Council. The West must pragmatically adapt to its growing regional influence. Atlantic council. 05.04.2023, https://www.atlanticcouncil.org/blogs/menasource/china-is-getting-comfortable-with-the-gulf-cooperation-council-the-west-must-pragmatically-adapt-to-its-growing-regional-influence/):
3.2 Չինաստան–ԾՀԽ տնտեսական առնչությունները
Չինաստանի տնտեսությունը 2006–2022 թթ. աճել է շուրջ 550%-ով։ Նույն ժամանակահատվածում հում նավթի ներկրման ծավալները Չինաստան աճել են 145 մլն-ից մինչև 508 մլն տոննա։ Չինաստանի արագ տեմպերով աճող տնտեսությունն ու էներգետիկ պահանջարկը ավելացնում են Ծոցի համագործակցության խորհրդի երկրներից հում նավթի ներկրման ծավալները։ ԱՄՆ-ի հում նավթի ներկրման պահանջարկը նվազել է, արդյունքում Ծոցի երկրները վերաուղղորդել են արտահանման ուղիները Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, այդ թվում` Չինաստան։ 2022 թ. ԾՀԽ-ն արտահանել է շուրջ 210 մլն տոննա հում նավթ դեպի Չինաստան, ինչն ավելի քան կրկնապատկել է 2014 թ. համապատասխան ցուցանիշը։ Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենախոշոր արտահանողն է, որը 2022 թ. արտահանել է Չինաստան 88 մլն տոննա հում նավթ(16)։
2006 թ. համեմատ՝ 2022 թ. Սաուդյան Արաբիայից Չինաստան հում նավթի արտահանման ծավալն աճել է գրեթե քառակի։ ԾՀԽ-Ի երկրների շարքում Չինաստան հում նավթի արտահանման ցուցանիշով երկրորդ խոշոր պետությունը Օմանն է։ 2020 թ.՝ 2006 թ. համեմատ, Օմանի համապատասխան ցուցանիշը նույնպես քառակի աճել է։
2006–2022 թթ. ԾՀԽ-Ի երկրներից Չինաստան հում նավթի արտահանման զարգացման դինամիկան ընդհանուր առմամբ միանման է։
2022 թ. Չինաստանի հում նավթի ներկրման ավելի քան 41%-ը բաժին է ընկել ԾՀԽ-ին, տասնամյակ առաջ այն կազմել է 35%։ 2022 թ. ցուցանիշը ամենաբարձրն էր 2006–2022 թթ. վիճակագրությունում։ ԾՀԽ-ից Չինաստան հում նավթի արտահանման ամենացածր արդյունքը գրանցվել է 2017-2018 թթ.` Չինաստան հում նավթի ներկրման ողջ ծավալի համապատասխանաբար՝ 26,27%-ը (Գր. 13):
Գրաֆիկ 14. ԱՄՆ-ԾՀԽ հում նավթի շրջանառությունը (Աղբյուրը` Joseph Webster and Joze Pelayo. China is getting comfortable with the Gulf Cooperation Council. The West must pragmatically adapt to its growing regional influence. 05.04.2023, https://www.atlanticcouncil.org/blogs/menasource/china-is-getting-comfortable-with-the-gulf-cooperation-council-the-west-must-pragmatically-adapt-to-its-growing-regional-influence/):
2006-2022 թթ. ԱՄՆ-ի հում նավթի ներմուծման մեջ ԾՀԽ-Ի մասնաբաժինն առանձնացել է տատանումներով։ 2012–-2022 թթ. ԾՀԽ-ից հում նավթի արտահանման ծավալները նվազել են, 2018-ից սկսած` շեշտակի։ 2006–2022 թթ. ԾՀԽ-Ի երկրների ամենացածր բաժինը եղել է 2021 թ.` ԱՄՆ հում նավթի արտահանման ծավալի շուրջ 4%-ը (Գր. 14):
Գրաֆիկ 15. ԾՀԽ-ի հում նավթի արտահանումը ԱՄՆ և Չինաստան (Աղբյուրը` Joseph Webster and Joze Pelayo. China is getting comfortable with the Gulf Cooperation Council. The West must pragmatically adapt to its growing regional influence. 05.04.2023, https://www.atlanticcouncil.org/blogs/menasource/china-is-getting-comfortable-with-the-gulf-cooperation-council-the-west-must-pragmatically-adapt-to-its-growing-regional-influence/):
2006–2022 թթ. ԾՀԽ-ից ԱՄՆ և Չինաստան հում նավթի արտահանման դինամիկան հակադիր պատկերն է գրանցել (Գր. 15)։ ԱՄՆ-ի դեպքում դա բնորոշվել է արտահանման ծավալների նվազման, Չինաստանի դեպքում` կայուն աճման միտումով։ ԾՀԽ-Ի երկրներից ԱՄՆ ու Չինաստան հում նավթի արտահանման ծավալները հավասարվել են 2009 թ.։ Նշյալ ժամանակահատվածում 2022 թ. գրանցվել են Չինաստանի համապատասխան ամենաբարձր և Միացյալ Նահանգների ամենացածր ցուցանիշները:
4. Չինաստան-Թուրքիա հարաբերությունները. ընթացիկ միտումները
Անկարայի արտաքին քաղաքականությունը լուրջ ճկունություն է պահանջում ընթացիկ աշխարհաքաղաքական գործընթացներում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է և տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգային սպառնալիքների հակազդման հարցում հիմնվում է եվրաատլանտյան անվտանգային դաշնակցային համակարգի վրա։ Մյուս կողմից՝ այդ անդամակցությունից Թուրքիայի անկնալիքներին մարտահրավեր են նետում Չինաստանի, ինչպես նաև՝ Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական ազդեցության ընդլայնման միտումները։ Անկարայի արտաքին քաղաքականության ճարտարապետությունը ուրվագծվում է` ելնելով այդ իրողություններից։
2010 թ. Պեկինն ու Անկարան բարձրացրել են համագործակցության նշաձողը ռազմավարական գործընկերության մակարդակի` դառնալով քաղաքական, տնտեսական ու անվտանգային գործընկերներ։ Մինչ այդ Չինաստանն էական դեր չի ունեցել Թուրքիայի արտաքին քաղաքականությունում։ 2010 թվականից երկկողմ հարաբերությունները լուրջ առաջընթաց արձանագրեցին` առաջին հերթին տնտեսական ու ներդրումային ոլորտում։ Կողմերի միջև դիվանագիտական ստատուս քվոն հիմնվում է երկու գործոնի վրա։ Առաջինը` երկրները համաձայնում են զարգացնել տնտեսական կապերը, երկրորդ` լուռ փոխըմբռնում կա քաղաքական անհամաձայնությունները սեղանին չներկայացնելու հարցում։
Երկկողմ հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունի Չինաստանի հիմնականում Սինցզյան շրջանում ապրող ույղուրական փոքրամասնության խնդիրը։ Պեկինը Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում ժամանակ առ ժամանակ իրականացնում է, ըստ պաշտոնական բանաձևման, ահաբեկչության չեզոքացմանն ուղղված գործողություններ։ Թեև Անկարան հավակնում է ստանձնել թյուրքական ծագում ունեցող ույղուրների պաշտպանի դերը, Թուրքիայի կառավարությունը որևէ շոշափելի քայլ չի ձեռնարկել Չինաստանի անվտանգային գործողությունների դեմ՝ սահմանափակվելով մի քանի պաշտոնական հայտարարություններով։ Պեկին-Անկարա տնտեսական համագործակցությունը հետին պլան է մղում ույղուրական հիմնահարցը, ինչը չի նշանակում, որ Թուրքիան պատրաստ է հրաժարվել իր պանթյուրքական հավակնություններից։ Ի պատասխան Ույղուրական հարցի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունների՝ Պեկինն իր հերթին քայլեր է ձեռնարկել քրդական հաղթաթուղթն ընդդեմ Անկարայի խաղարկելու ուղղությամբ։ Կարելի է արձանագրել, որ Ույղուրական հարցում և, մասնավորապես՝ ՉԺԿ Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում անջատողականության խթանման հարցում ավելի ակտիվ են Արևմուտքի որոշ երկրներ, որոնք հովանավորում են իրենց տարածքում գործող ույղուրական կազմակերպություններին։
Համաշխարհային տուրբուլենտային գործընթացների ու ճգնաժամային իրավիճակների ներքո Պեկին-Անկարա անվտանգային հարաբերությունները դառնում են խոցելի։ Կողմերը տարբեր դիրքորոշումներ ունեն տարածաշրջանային մի շարք ճգնաժամերի ու հակամարտության գոտիների վերաբերյալ, ինչպես օրինակ՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմը, ԼՂ հակամարտությունը, Կիպրոսի և Կոսովոյի հիմնահարցերը։ Մասնավորապես, Պեկինը քննադատել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները։
4.1 Պեկին-Անկարա տնտեսական կապերը
Չինաստանում կարևորում են ՄԳՄՃ-ում Թուրքիայի տարանցիկ-հաղորդակցական հնարավորությունները. Թուրքիան իր աշխարհագրական դիրքով Ասիա-Եվրոպա հաղորդակցությունների հանգուցային միջանցքներից է։
Անկարան, իր հերթին, զարգացնում է «Միջանկյալ միջանցք» (Turkey’s Middle Corridor կամ Trans-Caspian East-West-Middle Corridor) մուլտիմոդալ (ցամաք-ծով) տրանսպորտային ուղին, որը կամրջում է Ասիան Եվրոպային: «Միջին միջանցքը» բաղկացած է 4256 կմ երկարությամբ երկաթգծերից և 508 կմ ծովային երթուղուց։
2015 թ. Չինաստանի երկու խոշորագույն China Merchants Holdings International և China Ocean Shipping Company նավահանգստային օպերատորները, CIC Capital corp.-ի հետ համատեղ, ստորագրեցին $920 մլն-ի գործարք, որով չինական կողմը ձեռք բերեց Թուրքիայի Ամբարլը նավահանգստի Kumport կոնտեյներային տերմինալի վերահսկիչ փաթեթը՝ բաժնետոմսերի 65%-ը։ Թուրքիայի 3-րդ խոշոր Kumport կոնտեյներային տերմինալի ենթակառուցվածքների զարգացումը դիտարկվում է The 21st Century Maritime Silk Road նախագծում, որի ուշադրության կենտրոնում են Խաղաղ օվկիանոսից մինչև Բալթիկ ծով ընկած նավահանգիստների ու ծովային ուղիների ենթակառուցվածքների զարգացման հարցերը։
Անդրկասպյան մուլտիմոդալ ճանապարհային քարտեզում Անկարան համագործակցում է Ադրբեջանի, Վրաստանի ու Ղազախստանի հետ։ 2013-ի նոյեմբերին Աստանայում ստորագրվեց Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման կոորդինացիոն հանձնաժողով ստեղծելու մասին Բաքու-Թբիլիսի-Աստանա եռակողմ համաձայնագիրը։ 2016-ի դեկտեմբերին Կոորդինացիոն հանձնաժողովի որոշմամբ ստեղծվեց «Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցք» միջազգային ասոցիացիան, որը սկսեց գործել 2017-ի տարեսկզբից (Գր. 16)։
Գրաֆիկ 16. Չինաստանի ֆինանսավորումը «Միջանկյալ միջանցք» նախագծին 2000-2017 թթ. (Աղբյուրը` Unpacking Chinese finance in the South Caucasus, Eurasianet. 14.12.2022, https://eurasianet.org/unpacking-chinese-finance-in-the-south-caucasus):
ՄԳՄՃ և «Միջանկյալ միջանցք» նախագծերի համագործակցության կարևոր ձեռքբերումներից է Սիան–Անկարա–Պրահա 11483 կմ երկարությամբ բեռնափոխադրումային երկաթգծի կառուցման նախագիծը։ Երկաթգծի ամենաերկար հատվածներն անցնում են Չինաստանով (3200կմ), Ղազախստանով (3157կմ) ու Թուրքիայով (2285կմ)։ Սիան–Պրահա երկաթուղին կրճատում է Չինաստանի ու Թուրքիայի միջև բեռնափոխադրումների երթուղին 1 ամսից մինչև 12 օր. Սիանից Պրահա բեռնափոխադրումը տևում է 18 օր։ 2019-ի դրությամբ, Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրաշրջանառությունը $21 տրլն էր, որից երկաթուղային բեռնափոխադրումները 3%-ն են։ 2019-ի նոյեմբերի սկզբին Սիանից Անկարա ժամանեց առաջին բեռնատար գնացքը։
2005-ին China Railway Construction Corporation և China National Machinery Import and Export Corporation-ները շահեցին Անկարա-Ստամբուլ 533 կմ երկարությամբ արագընթաց երկաթգծի կառուցման $720 մլն արժեքով մրցույթը։ Նախագծով չինական կողմը համագործակցում էր թուրքական Cengiz Construction և Ibrahim Cecen Ictas Construction շինընկերությունների հետ։ Անկարա–Ստամբուլ արագընթաց երկաթգծի կառուցման նախագիծը մասնակի ֆինանսավորում էին նաև Եվրոպական ներդրումային բանկը (1.25 մլրդ եվրո), ԵՄ-ն (120 մլն եվրո)։ Երկաթգծի նախագծի ընդհանուր արժեքը $4.1 մլրդ էր, որի կառուցումը մեկնարկել է 1994-ին և շահագործման հանձնվել 2014-ի հուլիսին։
Բացի տարանցիկ-հաղորդակցական նշանակությունից, $2.8 տրլն ՀՆԱ-ով և աշխարհում 13-րդ խոշոր տնտեսությամբ Թուրքիան լայն շուկա է օտարերկրյա, այդ թվում՝ չինական ուղիղ ներդրումների համար։ Վերջին երկու տասնամյակում Թուրքիայում ԱՈւՆ-երը կտրուկ աճել են։ 1973-2002 թթ. դրանց ծավալը 15 մլրդ դոլար էր, 2003–2018 թթ.` 209 մլրդ։
2005–2019 թթ. Չինաստանի ուղիղ ներդրումներն ու գործարքները Թուրքիայում գնահատվում են շուրջ $15.9 մլրդ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ԱՈւՆ-ին, այլև՝ Թուրքիայի պետական ու մասնավոր հատվածի հետ ստորագրված գործարքներին։
2005–2018 թթ. Թուրքիայում Չինաստանի ԱՈւՆ-ի ու գործարքների ($14.99 մլրդ) 63.1%-ը ($9.4 մլրդ) ուղղվել է էներգետիկ ոլորտին (հիմնականում՝ ածուխ, գազ, վերականգնվող էներգետիկա), 15.4%-ը ($2.3 մլրդ)՝ տրանսպորտին (հիմնականում՝ երկաթգծեր)։ Անշարժ գույքի շուկան (շինարարություն) կազմել է ողջ ԱՈւՆ-ի ու գործարքների 7.6%-ը ($1.15 մլրդ)։ 2013–2018 թթ. երկկողմ առևտրաշրջանառության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2013-ին՝ $28.29 մլրդ։ 2013-ին Չինաստանը Թուրքիա է ներմուծել շուրջ $24.68 մլրդ-ի ապրանք, 2018-ին՝ $20.71 մլրդ։
2019-ին Թուրքիայից ամենաշատ ապրանքներ արտահանվել է Գերմանիա ($15.4մլրդ), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան ու Իտալիան։ Արտահանման մեջ Չինաստանն ընդգրկված չէ Անկարայի 10 հիմնական առևտրատնտեսական գործընկերների ցուցակում։ Նույն տարում Թուրքիայից Չինաստան է արտահանվել $2.5 մլրդ ապրանք։
2019-ին Թուրքիայի ներմուծման մեջ Չինաստանը ($18.4) երկրորդ խոշոր պետությունն էր՝ Ռուսաստանից ($22.4) հետո։ Բարձր էր նաև Գերմանիայի ($17.9 մլրդ) ցուցանիշը։ 2019-ին Պեկինը Անկարայի 3-րդ հիմնական առևտրատնտեսական գործընկերն էր, թեև չի ներառվում վերջին տասնամյակում Թուրքիայի տնտեսությունում ամենախոշոր ներդրող պետությունների ցանկում (առաջատար են եվրոպական երկրներն ու Միացյալ Նահանգները)։ Թուրքիայի հարցում Պեկինի մրցակցային կարողությունները հեռանկարային են, հատկապես, տրանսպորտային-հաղորդակցական ոլորտում։
Պեկին-Անկարա տնտեսական համագործակցությունում պակաս կարևոր չէ աշխարհաքաղաքական գործոնը. թե՛ Պեկինում, թե՛ Անկարայում երկկողմ առևտրատնտեսական համագործակցության կարևորությունն ընդգծվում է Վաշինգտոնի հետ տնտեսական-քաղաքական հակասությունների ֆոնին։ 2021 թ. Չինաստանի հետ համադրությամբ ԵՄ-ն եղել է Թուրքիայի ամենախոշոր առևտրային գործընկերը։ Թուրքիայի ներմուծման շուրջ 33%-ը եղել է ԵՄ-ից, արտահանումները ԵՄ` Թուրքիայի արտահանման ողջ ծավալի 41%-ը։ 2021 թ. Չինաստան արտահանումները կազմել են Թուրքիայի արտահանման ողջ ծավալի ընդամենը 2%-ը։ Առանձին պետությունների համեմատականով, այդուհանդերձ, Չինաստանը Թուրքիայի ամենախոշոր ներկրող գործընկերն էր։
ԱՈւՆ-երը Չինաստանի ու Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության կարևորագույն ցուցիչներից մեկն են։ 2021 թ. Թուրքիայում գրանցված էր շուրջ 1060 չինական ընկերություն, թեև Չինաստանն ընդգրկված չէ Թուրքիայում խոշոր ներդրումներ իրականացնող առաջին 20 պետությունների շարքում։
ԱՄՆ-Չինաստան մրցակցությունը տնտեսական բացասական հետևանքներ է թողնում Թուրքիայի վրա։ Վաշինգտոն-Պեկին առևտրային պատերազմների հետևանքով համաշխարհային տնտեսական անկայունությունը Թուրքիայի համար տնտեսական անորոշություն են պարունակում։ Չինաստանն ու Միացյալ Նահանգները կարող են խստացնել իրենց առևտրային քաղաքականությունը երրորդ երկրների նկատմամբ, ինչը բացասաբար կազդի Անկարայի տնտեսության վրա` լինելով հաղորդակցական, լոգիստիկ, ներդրումային ու ֆինանսական կարևոր հանգույց։
Չինաստանի աճող քաղաքական ու տնտեսական ազդեցությունը հարակից տարածաշրջաններում կարող է վտանգել Թուրքիայի ազգային շահերը, օրինակ` Չինաստանի տնտեսական ազդեցությունը Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում։
Երեք գլխավոր քաղաքական նարատիվներ են շրջանառվում, որոնք կարող են վերանայել Թուրքիայում Չինաստանի ներկայությունը։
Երկկողմ առևտրային համագործակցության անհամաչափությունը. առևտրի շուրջ 90%-ը չինական ներկրումներն են Թուրքիա, ինչը խնդիրներ է առաջացնում տեղական արտադրողների համար։
Պեկինը մեղադրում է Թուրքիային ույղուրների շրջանում ահաբեկչության աջակցման մեջ։ Թեև Անկարան գերակայություն է տալիս տնտեսական հարցերին, քաղաքական հակասությունները բացասական հետևանքներ են թողնում ներքաղաքական իրադրության վրա։ Թուրքիան գտնվում է երկրում բնակվող ույղուրական սփյուռքի ճնշումների տակ։
Երրորդ` Չինաստանի տնտեսական աճող ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում, որտեղ Անկարան ունի առանձնակի շահեր, սեղմում է Թուրքիայի հնարավորությունների օղակը։
Տնտեսական գերակայությունները, քաղաքական անհամաձայնությունները և աշխարհաքաղաքական անորոշությունները բարդացնում են Պեկին-Անկարա հարաբերությունները։ Այդուհանդերձ, Թուրքիայի համար հավասարակշռված ռազմավարությունը Չինաստանի հետ երկկողմ հարաբերություններում ոչ միայն այլընտրանք է, այլև` տրամաբանական անհրաժեշտություն(17)։
5. Չինաստանը և Հարավային Կովկասի
տրանսպորտային-հաղորդակցական նշանակությունը
Աշխարհաքաղաքական ու տնտեսական անկայունության պայմաններում Չինաստանը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը ձևավորվող նոր աշխարհակարգում և օգտվել Միացյալ Նահանգների դիրքերի թուլացման ցանկացած հնարավորությունից։ Նախագահ Դ. Թրամփի` ներքին հարցերի վրա կենտրոնանալու ուղեգիծը, և Ջ. Բայդենի վարչակազմի՝ արտաքին քաղաքական առաջնահերթությունները Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան տեղափոխելու որոշումը Հարավային Կովկասում Անկարայի, Մոսկվայի և Պեկինի համար մանևրելու հնարավորություններ են ստեղծել։
Նախ, հիշյալ տարածաշրջանում ևս վերջին տարիներին աճել է Չինաստանի տնտեսական ներկայությունը։ 2005 թվականից Բաքվի, Երևանի և Թբիլիսիի հետ Պեկինի առևտրաշրջանառության ծավալն աճել է համապատասխանաբար՝ շուրջ 2070, 380 և 885%-ով։
Ռուսաստանն ամրագրել է իր կարգավիճակը` որպես Անդրկովկասում անվտանգությունն ապահովող առաջատար խաղացող և ձգտում է տարածաշրջանից դուրս մղել Արևմուտքին կամ, գոնե, նվազեցնել վերջինիս ազդեցությունն այստեղ։ Սա թույլ է տալիս աշխարհաքաղաքական այլ խաղացողներին, այդ թվում` Չինաստանին, տնտեսական ու ներդրումային տարբեր նախագծերով մուտք գործել Հարավային Կովկաս։ Իրերի այդպիսի դասավորվածությունը կարող է փոխշահավետ լինել նաև Մոսկվայի համար։
Իրանի հետ 25-ամյա համագործակցության համաձայնագրի ստորագրումը տնտեսական նոր պատուհաններ է բացում Պեկինի համար՝ ընդլայնելու ազդեցությունը նաև հարակից տարածաշրջաններում։ Թեև 400 մլրդ դոլարի ներդրումային այս ծրագիրը գլխավորապես տնտեսական է, այն ենթադրում է առաջիկա 25 տարիների ընթացքում ներդրումներ ուղղել նաև օդանավակայանների, տրանսպորտային-հաղորդակցական և երկաթուղային ենթակառուցվածքների, ազատ առևտրային գոտիների վրա, հեռահաղորդակցության ոլորտներում։ Ծրագիրը թույլ է տալիս խորացնել գործակցությունը նաև ռազմական, սպառազինությունների, համատեղ զորավարժությունների անցկացման, հետախուզական տվյալների փոխանակման և այլ ոլորտներում։
Հաշվի առնելով Կովկասում Իրանի պատմական շահերն ու ազդեցությունը՝ համաձայնագիրը Պեկինին հնարավորություն կտա ավելի մեծ տնտեսական ու ռազմավարական ազդեցություն ունենալ ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև՝ Հարավային Կովկասում։ Նույն տրամաբանությամբ Անկարա–Արևմուտք հարաբերություններում լարվածությունը, Չինաստանի հետ Անկարայի տնտեսական համագործակցությունը լավ նախադրյալ են զարգացնելու Թուրքիայի «Միջին միջանցք» երկաթուղային ցանցը` կապելով Չինաստանը Եվրոպայի հետ Կենտրոնական Ասիայով ու Հարավային Կովկասով։ Այսինքն` Անկարան կարող է հայացքն էլ ավելի թեքել դեպի Ասիա, ինչին նպաստում են Մոսկվայի հետ լավ հարաբերությունները, Չինաստանի հետ տնտեսական կապերի խորացումը։
5.1 Բաքու–Պեկին հարաբերությունները
Ադրբեջանում Պեկինն իրականացրել է զգալի ներդրումներ տրանսպորտային, տեխնոլոգիական, բնական ռեսուրսների և ոչնավթային սեկտորներում։ Ժամանակակից տեխնիկական միջոցներով վերազինվել են Բաքվի նավահանգիստն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։ Բաքվի հետ ստորագրվել է 821 մլն դոլարի տնտեսական փաթեթ` ընդլայնելու երկրի ոչ նավթային ոլորտները։ Գործարքը նախատեսում է քիմիական, արդյունաբերական, գյուղատնտեսական պարկերի, ջերմոցային համակարգերի զարգացում։
Չինաստանի աջակցությամբ Ադրբեջանի «Թվային հանգույց» նախաձեռնության շրջանակում հիմնվելու է «Ասիական-եվրոպական հեռահաղորդակցության միջանցքը» («Asian-Еuropean Тelecommunication Corridor»), որը Ադրբեջանի միջոցով կմիավորի Մումբայը Ֆրանկֆուրտի հետ։ Բաքվի նավահանգիստն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը ձևավորում են Արևելք–Արևմուտք ուղղությամբ ամենակարճ ճանապարհներից մեկը, որը թույլ է տալիս 12 օրում Չինաստանից բեռներ տեղափոխել Եվրոպա։ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս նոր տրանսպորտային հնարավոր միջանցքի ձևավորմանը, որն Ադրբեջանը ՀՀ տարածքով կարող է միավորել Նախիջևանի հետ` կազմելով «Արևելք-Արևմուտք միջանցքի» բաղկացուցիչ մասը։ Նոր տրանսպորտային միջանցքը Պեկինի համար կարող է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին դարձնել գերակա ճանապարհներից մեկը Չինաստանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների համար։
Ադրբեջանը շարունակում է մնալ հարավկովկասյան տարածաշրջանում Չինաստանի առևտրային ամենախոշոր գործընկերը։ 2020 թ. Բաքուն Չինաստան է արտահանել շուրջ 432 մլն դոլարի ապրանքներ` իր արտահանման ծավալի 3.1%-ը։ Չինաստանից ներկրումը նույն թվականին կազմել է 1.41 մլրդ դոլար՝ ընդհանուր ներկրման 13.1%-ը (Գր. 17)։
Չինաստանի հարավկովկասյան տնտեսական քաղաքականությունում Ադրբեջանի նշանակությունը պայմանավորված է իր աշխարհագրական դիրքով, տրանսպորտային-հաղորդակցական, էներգետիկ ենթակառուցվածքների ցանցով։ Բաքուն Պեկինին հետաքրքրում է նաև իր նավթագազային ռեսուրսներով։ Հեռանկարում Չինաստանը կարող է գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի էներգետիկ ոլորտից արևմտյան շահերը դուրս մղելու ուղղությամբ։ Մյուս կողմից,Ադրբեջանում Չինաստանի ներկայությունը կարևոր լծակ է Թուրքիայից Ադրբեջանի տնտեսական կախվածությունը թուլացնելու համար։
Գրաֆիկ 17. Հարավային Կովկաս-Չինաստան առևտուրը 2005-2018 թթ. (Աղբյուրը` Daniel Shapiro. US Should Keep an Eye on Rising Chinese Investment in the South Caucasus. Russia matters. 01.10.2012. https://www.russiamatters.org/analysis/us-should-keep-eye-rising-chinese-investment-south-caucasus):
5.2 Երևան-Պեկին հարաբերությունները
Վերջին տարիներին Չինաստանը դարձել է ՀՀ երկրորդ խոշոր առևտրային գործընկերը։ Չինաստանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է վերջին տասնամյակում։ 2020 թ. Չինաստանը Հայաստանի համար երրորդ խոշոր առևտրային գործընկերն էր արտահանման ոլորտում 11.5% (288 մլն դոլար) և երկրորդ խոշոր գործընկերը ներմուծման տեսակետից` ապահովելով Հայաստանի ընդհանուր ներկրման 14.5%-ը (663 մլն դոլար)։ 2020 թ. երկկողմ առևտրաշրջանառությունը մոտեցել է 1 մլրդ դոլարին (Գր. 18)։
Գրաֆիկ 18. Չինաստանի առևտրաշրջանառությունը Հարավային Կովկասի երկրների հետ 2016–2020 թթ. (Աղբյուրը` «Լույս» հիմնադրամ. Չինաստանի տարածաշրջանային քաղաքականության ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա, 22.11.2021 թ., https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=259):
2020-ին Հայաստանի մասնաբաժինը Չինաստանի և Հարավային Կովկասի երկրների միջև փոխադարձ առևտրի մեջ կազմում էր 26%, Վրաստանի մասնաբաժինը` 36%, Ադրբեջանինը՝ 38%(18)։
Չինաստանի համար Հայաստանը կարող է հետաքրքիր լինել քաղաքական, տնտեսական մի քանի հարթությունում։ «Հյուսիս-Հարավ» միջանցք-մայրուղին Հայաստանի տարածքով կապում է Իրանը Վրաստանի սևծովյան նավահանգիստների հետ։ «Հյուսիս-Հարավ» միջանցքը կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է, որն ուղղված է Հայաստանի հարավային սահմանը հյուսիսային շրջանի հետ կապելուն` Մեղրի-Երևան-Բավրա 556 կմ երկարությամբ մայրուղով։ Նախագծի իրականացումը թույլ կտա Հայաստանի հարավային շրջաններից բեռնափոխադրումներ իրականացնել Վրաստանի սահման ու սևծովյան նավահանգիստներ։
Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի «Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու նկատմամբ»։ 2019-ի մայիսին Պեկինում Փաշինյան – Սի Ծինփին հանդիպմանը վերջինս նշել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:
Երկրորդ` Հայաստանը կարող է օգտվել տրանսպորտային-հաղորդակցական ոլորտում Իրան-Չինաստան համագործակցությունից։ Պարսից ծոցից ՀՀ տարածքով դեպի Եվրոպա հասնող այդ ավտոմայրուղին կարող է առարկայական նշանակություն ստանալ նաև ԵԱՏՄ-ի հետ Պեկին–Թեհրան ինտեգրացիոն գործընթացների համատեքստում։
Երկրորդ` Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցության զարգացման հարցում կարևոր գործիք է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Ինչպես Չինաստանը, այնպես էլ Իրանը ԵԱՏՄ-ի հետ ունեն Ազատ առևտրի համաձայնագրեր։
Երրորդ` Պեկինը կարող է խաղարկել Չինաստան-Իրան-Հայաստան ձևաչափը` որպես Թուրքիա–Ադրբեջան–Կենտրոնական Ասիա քաղաքական, տնտեսական-տրանսպորտային հանգույցին հավասարակշռող գործոն։
Չորրորդ` Չինաստան–Իրան 25-ամյա ռազմավարական համագործակցության համաձայնագրում անդրադարձ կա ազատ տնտեսական գոտիներին, և Մեղրիի ազատ տնտեսական գոտին նույնպես կարող է դիտարկվել նշյալ համաձայնագրով նախատեսված ներդրումային ծրագրերում։ Առանձնացնենք դրանցից հիմնական կետերը։
- «Հաշվի առնելով ընդհանուր շահերը ՄԳՄՃ-ում՝ կողմերը պետք է խրախուսվեն երկկողմ հարաբերություններն ու բազմակողմ կապերը՝ հարևան կամ երրորդ երկրներում համատեղ ծրագրերի իրականացման միջոցով»,
- «Խրախուսել համագործակցությունն ու երկխոսությունը Հյուսիս-Հարավ և Հարավ-Արևմուտք միջանցքների ծրագրերին ներգրավման հարցում»,
- «Բանակցություններ սկսել Պակիստան–Իրան–Իրաք–Սիրիա «ուխտագնացության» երկաթուղու կառուցման և փոխկապակցված ենթածրագրերի շուրջ»,
- «Զարգացնել 5-րդ սերնդի հեռահաղորդակցության ցանցեր»,
- «Համագործակցել Իրանում, Չինաստանում և երրորդ երկրներում նավթի պահեստների կառուցման և վերազինման հարցում»,
- «Չինական ներդրումների ներգրավում կարևոր իրանական երկաթուղիների էլեկտրականացման ֆինանսավորման նպատակով՝ Սպահան-Շիրազ, Թեհրան-Մաշհադ, Թեհրան-Թավրիզ համագործակցության մայրուղիների կառուցման հարցում, ներառյալ Թեհրան-Հյուսիս նախագիծը (միավորում է Թեհրանը երկրի հյուսիսային շրջանների հետ)»,
- «Աջակցել չինական ներդրումները Իրանի Հատուկ և ազատ տնտեսական գոտիներում, …համատեղ ազատ գոտու գործարկում երրորդ երկրներում»,
- «Երրորդ երկրներում արդյունաբերական և սպասարկման համատեղ նախագծերի ձևավորում` տարածաշրջանային երկրների, ներառյալ Իրաքի, Աֆղանստանի և Սիրիայի վերակառուցման նպատակով»(19)։
5.3 Թբիլիսի–Պեկին հարաբերությունները
Հաշվի առնելով Վրաստանի տարանցիկ-հաղորդակցական լայն հնարավորությունները` Պեկինը զգալի ռեսուրսներ է ապահովում այդ երկրի ռազմավարական ու ենթակառուցվածքային նախագծերի զարգացման համար։ 2000-ականներից Չինաստանը ներդրումներ է իրականացրել Վրաստանի ՀԷԿ-երի, տրանսպորտային-հաղորդակցական ուղիների, նավահանգիստների, ազատ տնտեսական գոտիների զարգացման ոլորտներում։ 2017 թ. մայիսին Պեկինը Թբիլիսիի հետ ստորագրեց ազատ առևտրի համաձայնագիր։ Վրաստանը տարածաշրջանի առաջին ու դեռևս միակ երկիրն է, որը ստորագրել է նման համաձայնագիր։
Հարավկովկասյան երեք երկրներից Չինաստանի ԱՈւՆ-երը անհամեմատ խոշոր ծավալներ ունեն Վրաստանի դեպքում։ Դրանք շեշտակի աճ են արձանագրել 2008–2018 թթ.՝ 2014 թ. ում Չինաստանի ներդրումները 400 մլն դոլար էին, 2016 թ.` 600 մլն, 2018 թ.` 700 մլն դոլար (Գր. 19):
Գրաֆիկ 19. Չինաստանի արտաքին ուղիղ ներդրումները Հարավային Կովկասում (Աղբյուրը` Daniel Shapiro. US Should Keep an Eye on Rising Chinese Investment in the South Caucasus. 01.10.2012. https://www.russiamatters.org/analysis/us-should-keep-eye-rising-chinese-investment-south-caucasus)։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ
Մեծ Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում տնտեսական, ներդրումային ակտիվությամբ Պեկինը հայտ է ներկայացնում վերափոխելու միաբևեռ աշխարհակարգը։ Չինաստանը ակտիվ համագործակցում է գլոբալ և տարածաշրջանային խոշոր խաղացողների` Ռուսաստանի ու Թուրքիայի, Իրանի ու Սաուդյան Արաբիայի հետ։
Միջազգային հարաբերություններում Չինաստանի հավակնությունները սրում են մրցակցությունը Արևմուտքի, նախևառաջ՝ ԱՄՆ-ի հետ։ 2021 թ․ հունիսին ԱՄՆ-ի նախագահ Բայդենը «Մեծ յոթնյակի» առաջնորդների հետ հայտարարեց «Build Back Better World» (B3W) մեգանախաձեռնության մեկնարկի մասին` ՄԳՄՃ ազդեցությունը հավասարակշռելու նպատակով(20): Նախատեսվում է այն ուղղել ցածր և միջին եկամտաբերությամբ երկրների ենթակառուցվածքների զարգացմանը։ Մինչև 2035 թ. ներդրումների ծավալը կկազմի 40 մլրդ դոլար։
ԱՄՆ-Չինաստան տնտեսական և քաղաքական դիմակայությունն առաջիկա տարիներին թևակոխելու է որակապես նոր փուլ։
Չինաստանը արհեստականորեն համաշխարհային անվտանգության ապահովման մենաշնորհը զիջում է Վաշինգտոնին, ինչը երաշխավորում է չինական ներդրումային ու տնտեսական ակտիվությունը։
Պեկին-Անկարա տնտեսական համագործակցությունը շարունակելու է մնալ կաշկանդված երկկողմ քաղաքական տարակարծություններով։ Կենտրոնական Ասիայում ընդգծվելու է Չինաստանի տարածաշրջանային տնտեսական ու Թուրքիայի պանթյուրքական քաղաքականության շահերի բախումը։
Պեկինը փորձելու է տնտեսապես շահագրգռել Անկարային, ընդլայնել ՄԳՄՃ-ում ներգրավվածությունը և թուլացնել վերջինիս քաղաքական և տնտեսական կախվածությունը Արևմուտքից։ Աշխարհաքաղաքական և տնտեսական մրցավազքն անցնում է որակապես նոր փուլ, ինչը կմեծացնի ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի ճնշումները Անկարայի նկատմամբ։
Իրանի հետ տնտեսական և քաղաքական գործակցության զարգացմամբ, Պեկինը դիվերսիֆիկացնում է տնտեսական և քաղաքական կապերը Մերձավոր Արևելքի այլ խաղացողների հետ (ԾՀԽ, Իսրայել)։ Մի կողմից, Պեկին-Թեհրան 25-ամյա ռազմավարական համագործակցության համաձայնագիրը նոր մակարդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին, մյուս կողմից` կմեծացնի Իրանի կախվածությունը Չինաստանից՝ միաժամանակ սահմանափակելով Մերձավոր Արևելքում Պեկինի մանևրելու դաշտը։
Աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական մրցակցությունը կսրվի նաև Հարավային Կովկասում, ինչին նպաստում են Թուրքիայի ու Իրանի ներգրավվածությունը տարածաշրջանային զարգացումներում, Կենտրոնական Ասիան հարավկովկասյան երթուղիներով Եվրոպային կապող տրանսպորտային հանգույցների շուրջ շահերի բախումը։
ՄԳՄՃ և B3W մեգանախաձեռնությունների միջև մրցակցությունը կարող է քաղաքական և տնտեսական նոր լարվածություն ու անկայունություն բերել Հարավային Կովկաս` կանգնեցնելով վերջինիս երկրները առանցքային ընտրության առջև։
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նպատակահարմար է․
- Պեկին-Թեհրան 25-ամյա ռազմավարական համագործակցության համաձայնագրով ներդրումային և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում ընդգրկվելու նպատակով բանակցություններ սկսել Երևան-Թեհրան (1+1), Երևան-Պեկին (1+1) և Երևան-Պեկին-Թեհրան (1+1+1) ձևաչափերով։
- Ակտիվացնել հայ-չինական, հայ-իրանական քաղաքական, տնտեսական (ռազմական) երկխոսությունը։
- Քայլեր կատարել Երևան-Անկարա (Երևան-Անկարա-Թեհրան, Երևան-Անկարա-Պեկին) քաղաքական հանդիպումների կազմակերպման ուղղությամբ` «Միջանկյալ միջանցք»-ի, հարավկովկասյան և այլ տարածաշրջանային տրանսպորտային-հաղորդակցական նախագծերում Հայաստանի մասնակցության հնարավորության շուրջ։
- Բանակցություններ նախաձեռնել՝ B3W մեգանախաձեռնությունում Հայաստանի մասնակցության նպատակով։
- Ադրբեջանի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման գործընթացում` որպես միջնորդ ներգրավել Չինաստանին:
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Վերանյան Կ. (2020). Պեկին-Անկարա տնտեսական առնչություններ: Օրբելի կենտրոն, (25.02.2020), https://www.orbeli.am/hy (բեռնման օրը` 19.04.2023)։
- Վերանյան Կ. (2019): Իսրայելի չինական վեկտորը. Օրբելի կենտրոն, (19.09.2019), https://www.orbeli.am/hy/ (բեռնման օրը` 24.04.2023)։
- Չինաստանի տարածաշրջանային քաղաքականության ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա. (2021). «Լույս» հիմնադրամ, https://www.luys.am/img/artpic/small/f45e69b46083cc979c51Չինաստանիտարածաշրջանային.pdf (բեռնման օրը` 28.04.2023)։
- American Enterprise Institute. Global Investment Tracker, https://www.aei.org/china-global-investment-tracker/ (բեռնման օրը` 19.04.2023).
- Katarzyna W., Sidło,Th. (2020). Chinese Belt and Road Project in the Middle East and North Africa. IEMed Mediterranean Yearbook 2020, European institute of the Mediterranean, https://www.iemed.org/publication/the-chinese-belt-and-road-project-in-the-middle-east-and-north-africa/(բեռնման օրը` 18.04.2023).
- Michael Robbins. (2023). Arab barometer. Public views of US-China competition in MENA. https://www.arabbarometer.org/wp-content/uploads/ABVII_US-China_Report-EN.pdf (բեռնման օրը` 20.04.2023).
- Amr (2023). The Potential Inroads and Pitfalls of China’s Foray Into Middle East Diplomacy. Carnegie Endowment for International Peace. (20.03.2023). https://carnegieendowment.org/2023/03/20/potential-inroads-and-pitfalls-of-china-s-foray-into-middle-east-diplomacy-pub-89316 (բեռնման օրը` 18.04.2023).
- Camille Lons, Jonathan Fulton, Degang Sun, Naser Al-Tamimi. (2019). China’s great game in the Middle East, European Council in foreign relations. (21.10.2019). https://ecfr.eu/ publication/china_great_game_middle _east/?amp (բեռնման օրը` 24.04.2023).
- Report on Chinese Investors’ Confidence in the Middle East. 2022, https://www.pwc.com/m1/en/publications/documents/report-on-chinese-investors-confidence-in-the-middle-east.pdf (բեռնման օրը` 18.04.2023)
- Will Green, Taylore Roth (2021). China-Iran Relations: A Limited but Enduring Strategic Partnership, U.S.-China Economic and Security review commission. (28.06.2021), https://www.uscc.gov/sites/default/files/2021-06/China-Iran_Relations.pdf (բեռնման օրը՝ 18.04.2023).
- Israel -China Relations: Opportunities and Challenges (2019). Institute for National Security Studies, 08.2019, https://www.inss.org.il/wp-content/uploads/2019/08/Memo194_6.pdf (բեռնման օրը` 04.2023).
- Alex Yacoubian. (2023). Iran’s Increasing Reliance on China, The Iran Primer. (15.03.2023.), https://iranprimer.usip.org/blog/2019/sep/11/irans-increasing-reliance-china (բեռնման օրը` 20.04.2023).
- Shira Efron, Howard J. Shatz, Arthur Chan, Emily Haskel, Lyle J. Morris, Andrew Scobell. (2019). The Evolving Israel-China Relationship. Rand corporation. 2019, https://www.rand.org/pubs/research_reports/RR2641.html (բեռնման օրը` 24.04.2023).
- Israel innovation authority. 2018-2019 Innovation in Israel overview. 2018, https://innovationisrael.org.il/en/sites/default/files/2018-19_Innovation_Report.pdf (բեռնման օրը` 24.04.2023).
- Joseph Webster and Joze Pelayo. (2023). China is getting comfortable with the Gulf Cooperation Council. The West must pragmatically adapt to its growing regional influence. Atlantic council. (05.04.2023), https://www.atlanticcouncil.org/blogs/menasource/china-is-getting-comfortable-with-the-gulf-cooperation-council-the-west-must-pragmatically-adapt-to-its-growing-regional-influence/ (բեռնման օրը` 21.04.2023).
- Unpacking Chinese finance in the South Caucasus. (2022). Eurasianet. (14.12.2022), https://eurasianet.org/unpacking-chinese-finance-in-the-south-caucasus (բեռնման օրը` 24.04.2023).
- Kadir Temiz (2022). Turkey-China relations: Ankara must balance complications on many fronts. Mercator Institute for China studies. 08.2022, https://meorg/en/turkey-china-relations-ankara-must-balance-complications-many-fronts (բեռնման օրը` 22.04.2023).
- Daniel Shapiro. (2023). US Should Keep an Eye on Rising Chinese Investment in the South Caucasus. Russia matters. (01.10.2012). https://www.russiamatters.org/analysis/us-should-keep-eye-rising-chinese-investment-south-caucasus (բեռնման օրը` 25.04.2023).
- Erin Hale. (2023). Can China replace the US in the Middle East? Al Jazeera. 25.04.2023, https://www.aljazeera.com/amp/features/2023/4/25/can-china-replace-the-us-in-the-middle-east (բեռնման օրը` 27.04.2023).
- The Global Security Initiative Concept Paper. 21.02.2023, https://www.fmprc.cn/mfa_eng/wjbxw/202302/t20230221_11028348.html (բեռնման օրը՝ 27.04.2023).
- Չինաստանի տարածաշրջանային քաղաքականության ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա. (2021). «Լույս» հիմնադրամ, https://luys.am/img/artpic/small/f45e69b46083cc979c51Չինաստանիտարածաշրջանային.pdf (բեռնման օրը՝ 28.04.2023),
- Fact Sheet. (2021): President Biden and G7 Leaders Launch Build Back Better World (B3W) Partnership. White House. 12.06.2021,https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2021/06/12/fact-sheet-president-biden-and-g7-leaders-launch-build-back-better-world-b3w-partnership/ (բեռնման օրը` 30.04.2023).
(1) Արևելագետ, արաբագետ։ 2004–2018 թթ. աշխատել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում` որպես փորձագետ, 2017թ-ից` Հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։ 2018–2021 թթ. կատարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ավագ փորձագետի պարտականությունները։ Հեղինակել է ավելի քան 350 տպագրված հոդվածներ, գրքեր։ Գրքերի համահեղինակ է։
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 15.05. 2023 թ.:
(3) American Enterprise Institute (2023). Global Investment Tracker. https://www.aei.org/china-global-investment-tracker/ (բեռնման օրը` 19.04.2023 թ.).
(4) Katarzyna W. Sidło (2020). The Chinese Belt and Road Project in the Middle East and North Africa. IEMed Mediterranean Yearbook 2020, European institute of the Mediterranean, https://www.iemed.org/publication/the-chinese-belt-and-road-project-in-the-middle-east-and-north-africa/ (բեռնման օրը` 18.04.2023 թ.)
(5) Katarzyna W. Sidło (2020). The Chinese Belt and Road Project in the Middle East and North Africa. IEMed Mediterranean Yearbook 2020, European institute of the Mediterranean https://www.iemed.org/publication/the-chinese-belt-and-road-project-in-the-middle-east-and-north-africa/ (բեռնման օրը` 18.04.2023).
(6) Amr Hamzawy (2023). The Potential Inroads and Pitfalls of China’s Foray into Middle East Diplomacy.Carnegie Endowment for International Peace (20.03.2023). https://carnegieendowment.org/2023/03/20/potential-inroads-and-pitfalls-of-china-s-foray-into-middle-east-diplomacy-pub-89316 (բեռնման օրը` 18.04.2023).
(7) PcW (2022). Report on Chinese Investors’ Confidence in the Middle East. PcW. 2022, https://www.pwc.com/m1/en/publications/documents/report-on-chinese-investors-confidence-in-the-middle-east.pdf (բեռնման օրը` 18.04.2023).
(8) Will Green, Taylore Roth (2021). China-Iran Relations: A Limited but Enduring Strategic Partnership, U.S.-China Economic and Security review commission (28.06.2021), https://www.uscc.gov/sites/default/files/2021-06/China-Iran_Relations.pdf) (բեռնման օրը` 18.04.2023).
(9) Alex Yacoubian (2023). Iran’s Increasing Reliance on China, The Iran Primer. 15.03.2023. https://iranprimer.usip.org/blog/2019/sep/11/irans-increasing-reliance-china (բեռնման օրը` 20.04.2023).
(10) Erin Hale (2023). Can China replace the US in the Middle East? Al Jazeera. 25.04.2023, https://www.aljazeera.com/amp/features/2023/4/25/can-china-replace-the-us-in-the-middle-east (բեռնման օրը` 27.04.2023).
(11) The Global Security Initiative.Concept Paper. 21.02.2023, https://www.fmprc.gov.cn/mfa_eng/wjbxw/202302/ t2023022111028348.html (բեռնման օրը` 27.04.2023).
(12) Վերանյան Կ. (2019). Իսրայելի չինական Վոլտերը. Օրբելի կենտրոն. (19.09.2019). https://www.orbeli.am/hy/ (բեռնման օրը` 24.04.2023).
(13) Shira Efron, Howard J. Shatz, Arthur Chan, Emily Haskel, Lyle J. Morris, Andrew Scobell (2019). The Evolving Israel-China Relationship, 2019, https://www.rand.org/pubs/research_reports/RR2641.html (բեռնման օրը` 24.04.2023).
(14) Israel innovation authority (2018). 2018-2019 Innovation in Israel overview. 2018, https://innovationisrael.org.il/en/sites/default/files/2018-19_Innovation_Report.pdf (բեռնման օրը` 24.04.2023).
(15) Rand corporation (2022). Crossroads of Competition (բեռնման օրը` 28.04.2023).
(16) Joseph Webster and Joze Pelayo. (2023). China is getting comfortable with the Gulf Cooperation Council. The West must pragmatically adapt to its growing regional influence. Atlantic council (05.04.2023). https://www.atlanticcouncil.оrg/blogs/menasource/china-is-getting-comfortable-with-the-gulf-cooperation-council-the-west-must-pragmatically-adapt-to-its-growing-regional-influence/ (բեռնման օրը` 21.04.2023).
(17) Kadir Temiz. Turkey-China relations: Ankara must balance complications on many fronts, Mercator institute for China studies. (2022). https://merics.org/en/turkey-china-relations-ankara-must-balance-complications-many-fronts. (բեռնման օրը` 22.04.2023).
(18) Չինաստանի տարածաշրջանային քաղաքականության ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա: (2021). «Լույս» հիմնադրամ, https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=259 (բեռնման օրը` 28.04.2023):
(19) Չինաստանի տարածաշրջանային քաղաքականության ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա. (2021). «Լույս» հիմնադրամ, https://www.luys.am/index. php?m=publications One&pid=259 (բեռնման օրը՝ 28.04.2023):
(20) Fact Sheet (2021): President Biden and G7 Leaders Launch Build Back Better World (B3W) Partnership. White House (12.06.2021), https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2021/06/12/fact-sheet-president-biden-and-g7-leaders-launch-build-back-better-world-b3w-partnership/ (բեռնման օրը՝ 30.04.2023).