ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 04.12.2024 թ.(1)
Նոյեմբերի վերջերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն Արցախի Դադիվանք վանական համալիրը հանձնել է ԱդրՀ ուտիական համայնքի կառավարմանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական ուտիներին «վերադարձվել» է նաև Լաչինի (հայկական Բերձոր) շրջանում գտնվող Ծիծեռնավանք հինավուրց վանքը, որն Ադրբեջանում անվանում են «Աղօղլան»: Բաքվի` արցախահայության հոգևոր-պատմական ժառանգության հուշարձանները գործնականում աղվանացնելու մտադրություններն արդեն իսկ հայտնի էին 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ Բաքուն սկսեց կազմակերպել Ադրբեջանի ուտիական համայնքի ներկայացուցիչների ուխտագնացությունները դեպի Դադիվանքի և Ծիծեռնավանքի տաճարներ՝ թույլ տալով պաշտամունքային ծառայություններ իրականացնել այնտեղ: Դրան զուգահեռ՝ ադրբեջանական քարոզչությունը մեդիատիրույթում նկատելիորեն աշխուժացրեց կեղծ գիտական թեզի ուռճացումն առ այն, թե Արցախ-Ղարաբաղում գտնվող բոլոր հինավուրց քրիստոնեական հուշարձանները վերաբերում են աղվանական ժառանգությանը, և հետևապես, դրանք պետք է վերադարձնել ուտիներին՝ մի փոքրաթիվ ազգության, որը պահպանել է իր էթնո-լեզվական և պատմա-մշակութային նույնականությունը Կովկասյան Աղվանքի հետ:
Այդ կեղծարարության ակունքները սկիզբ են առել 20-րդ դարի 60-ական թվականներին, երբ, այսպես կոչված, «ադրբեջանցի գիտնական» Զիա Բունիաթովը, փաստերին հակառակ, կիրառելով կեղծարարության մեթոդները, նախաձեռնել էր քննարկումներ Լեռնային Ղարաբաղում «հայացված աղվանների» և հայերի կողմից Կուրից մինչև Արաքս պատմական տարածքներում՝ ողջ աղվանական մշակութային և քաղաքակրթական ժառանգության բռնազավթման մասին: Այնուհետև պետական հովանավորության ներքո կեղծարարության զարգացումը շարունակել են ադրբեջանցի վայ-գիտնականներ Դավուդ Ախունդովը, Ֆարիդա Մամեդովան և այլք՝ հավակնելով որպես «գիտական ճշմարտության» դրա ամրագրմանը, որին, սակայն, Ադրբեջանից և նրա գիտա-կրթական միջավայրից դուրս ոչ ոք աշխարհում լուրջ չի վերաբերվում:
Հայկական և միջազգային գիտական հանրության բազմաթիվ հիմնարար ուսումնասիրությունները ոչ միայն հերքում են բունիաթովյան հայեցակարգը և դրա «գիտականությունը», այլև կասկածի տակ առնում «ադրբեջանական գիտական հանրության» արհեստավարժության և մասնագիտական էթիկայի մակարդակը: Սակայն հարկ է այդ հարցերը թողնել սույն հրապարակման շրջանակներից դուրս և նշել, որ «ադրբեջանցի գիտնականների» կեղծարարություններն ու անմաքրաբարո որոնումներն ԱդրՀ իշխանությունների կողմից դրվել են հակահայկական քաղաքականության հիմքում և ոչ միայն բուն ԱդրՀ-ում, այլև, ամբողջությամբ վերցրած, տարածաշրջանում հայկական գործոնի վերացմանն ուղղված «գաղափարախոսական հիմքում»: Իբր թե «հայերի եկվորության», նրանց կողմից Հարավային Կովկասի բնիկ ժողովուրդներին իր մեջ միաձուլման, էթնո-քաղաքակրթական ժառանգության յուրացման և բռնազավթման մասին տակավին ԽՍՀՄ-ում հորինված հայեցակարգը վերածվեց ապագայում կենսագործելու քաղաքական ծրագրի:
Հայտնի է, որ «ղարաբաղյան ռևանշի» նախապատրաստությանը զուգահեռ ալիևյան վարչախումբը 30 տարի շարունակ աշխատում էր միջազգային հարթակներում Հայաստանին վարկաբեկելու ուղղությամբ՝ որպես մի երկրի, որն իբր թե ոչ միայն «բռնազավթել է հարևան պետության տարածքը», այլև «մշակութային ցեղասպանություն» իրագործել նրա հողերում: Բաքուն լայն քարոզարշավ է ծավալել՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և տարբեր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը «Ղարաբաղում իսլամական մշակույթի նյութական հուշարձանների ոչնչացման և բուն աղվանական քրիստոնեական ժառանգության բռնազավթման» հիմնախնդրի վրա գրավելու համար: Բաքուն այդ քայլերին ոչ նվազ կարևորություն էր տալիս, քան Ղարաբաղյան հիմնահարցի քաղաքական և իրավական բաղադրիչներին, քանի որ նրա տեսակետից դրանք նպաստում են պատմական ու քաղաքակրթական առումներով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հավակնությունների օրինականացմանը:
Սակայն այդ ուղեգիծը հանգեցրեց նրան, որ Արցախի տարածքի բռնազավթումից հետո Բաքուն բախվեց նույն այդ «աղվանական ժառանգության հուշարձանների» հետագա ճակատագրի խնդրին: Բաքվի համար, բնականաբար, «ամենաստուգված» լուծումը կլինի դրանց ոչնչացումը Նախիջևանի օրինակով, որտեղ մի քանի հազար հայկական հուշարձաններից, որոնք ժամանակին Բաքվի կողմից նույնպես «ընդգրկված» էին «աղվանական պատմական ժառանգության» մեջ, իրականում ոչ մեկը չի մնացել:
Սակայն Արցախի պարագայում Ադրբեջանի համար ավելի դժվար կլինի նման միջոցների դիմել, քանի որ Բաքուն ինքը հիմնովին աշխատել է Լեռնային Ղարաբաղի հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակման ուղղությամբ՝ ձգտելով միջազգային հանրությանն այն ներկայացնել որպես «աղվանական կրոնական սրբավայրեր»: ԱդրՀ-ն, ցուցադրելով իրեն՝ որպես քաղաքակիրթ երկիր ու պատմա-քաղաքակրթական տարբեր շերտերի և էթնո-մշակութային ավանդույթների ժառանգորդ, չի կարող իրեն թույլ տալ ֆիզիկապես ոչնչացնել Արցախի հայկական տաճարները, ինչպես դա «Թալիբան» շարժումը վարվեց Բուդդայի արձանների նկատմամբ 2001 թ. Աֆղանստանում: Եվ, այնուամենայնիվ, Բաքվի օրակարգից դա չի հանում այդ տաճարների «պատմական անձնագրի» և արցախահայության հազարամյա ողջ մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացման խնդիրը: Դա նաև չի նշանակում, որ Արցախ-Լեռնային Ղարաբաղի հայկական պատմա-ճարտարապետական ու կրոնական հուշարձաններն ապահովված են ֆիզիկական ավերման վտանգից: Անգամ ՌԴ ղեկավարի «անձնական երաշխիքների» պայմաններում: Ընդհակառակը, պատմական հուշարձանների պահպանության ոլորտում մասնագիտացած մի շարք հայկական և միջազգային կազմակերպությունների կողմից արբանյակային քարտեզների դիտարկումը վկայում է, որ Ադրբեջանն Արցախում զանգվածաբար ավերում է ոչ մեծ պատմա-ճարտարապետական հուշարձաններն ու սրբավայրերը, որոնց ոչնչացումը, նրա կարծիքով, կարող է վրիպել միջազգային հանրության ուշադրությունից կամ մեծ բացասական արձագանք չի առաջացնի: Բայց հայտնի և մեծածավալ հուշարձանների, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային քաղաքակրթական ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների պարագայում Բաքուն դեռևս սպասողական դիրք է գրավում կամ արդեն կայացվել է վերջնական որոշում դրանց պահպանման վերաբերյալ: Ընդ որում, հարկ է հատկապես նշել, որ տվյալ դեպքում «պահպանում» բառը պայմանական է, քանզի դա չի փրկում դրանց սկզբնական տեսքի փոփոխումից կամ բուն տեսքի կամայական վերակառուցումից: Դրա վառ օրինակն է Շուշիի Ղազանչեցոց տաճարը, որի «վերակառուցումն» ադրբեջանցի մասնագետների» կողմից աղավաղել է տաճարի բուն իրական տեսքը:
Այսպիսով, Բաքվի համար Արցախի պատմական ու մշակութային ամենանշանակալի հուշարձանների պահպանումը մի կողմից՝ ճարահատյալ միջոց է մյուս կողմից՝ Արցախ-Ղարաբաղի նկատմամբ իր պատմական հավակնությունների օրինականացման միջոց: Սակայն «աղվանական հայեցակարգի» ամբողջական իրականացման համար Բաքվին անհրաժեշտ են գործնական քայլեր, որոնք կոչված են ապացուցելու, որ Ղարաբաղի քրիստոնեական ժառանգության իսկական տերերը, իբր, ոչ թե հայերն են, այլ Ադրբեջանում ապրող փոքրաթիվ ուտի ազգությունը և որը, իբր, կարող է այդ հանրապետությանը պատվիրակել իրեն Կովկասյան Աղվանքի և ամբողջ Ղարաբաղի օրինական ժառանգորդը համարելու իրավունք: Հենց դրա համար է Արցախի պատմամշակութային հայաթափման ծրագրում ընդգրկվել Գաբալայի շրջանի Նիջ գյուղի ուտիական համայնքը, որի տարածքում մինչև 7–8-րդ դարերը գտնվում էր Կովկասյան Աղվանք պետության մայրաքաղաքը: Բաքվի նպատակն է օրինականացնել Արցախի մշակութային և պատմական ժառանգության բռնազավթումն ուտիների օգնությամբ և ավարտին հասցնել տարածաշրջանի «ադրբեջանականացման» գործընթացը՝ վերացնելով Էջմիածնի Մայր Աթոռի իրավունքն Արցախի թեմի նկատմամբ: Ադրբեջանի համար այժմ ծայրաստիճան կարևոր է ղարաբաղյան հիմնահարցի կրոնական չափորոշիչը, քանզի, չնայած տարածաշրջանի բռնազավթմանը և հայերի էթնիկ զտմանը, ՀԱԵ Արցախի թեմը շարունակում է պահպանել իր կարգավիճակը: Եվ, դրանով իսկ, այն նպաստում է միջազգային օրակարգում արցախցիների՝ իրենց ժառանգության նկատմամբ պատմական իրավունքի, հայ փախստականների վերադարձի, պատմական հայրենիքում ապրելու նրանց իրավունքների քաղաքական ձևակերպման հարցի պահպանմանը: Իսկ ԱդրՀ-ում նման հեռանկարները վերջնականապես հղկելու հնարավորությունը տեսնում են Աղվանքի պատրիարքարանի վերաստեղծմամբ, որը վերացվել էր Ռուսաստանի կայսր Նիկոլայ I-ի 1836թ. հրամանագրով:
Աղվանական եկեղեցու ստեղծման, ՀԱԵ-ի հովանու ներքո դրա գոյության և անմիջական հսկողության տակ մնալու պատմությունը, ինչպես նաև այն պատճառները, որոնք Էջմիածնի Մայր Աթոռին ժամանակին դրդեցին անմիջական հայկական տարածքներ տեղափոխել Աղվանքի հոգևոր կյանքի կենտրոնը, հանգամանալի շարադրված են գիտական գրականության մեջ, և այստեղ հարկ է ուղղակի անցնել ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների էությանը: Իսկ դրանք կայանում են նրանում, որ Բաքուն հնարավոր է համարում օգտվել ստեղծված իրավիճակից ու փորձել կյանքի կոչել «աղվանական եկեղեցու վերածննդի» նախագիծը, ընդ որում՝ ինքնավար կարգավիճակով (ավտոկեֆալիա)՝ անկախ տեղական այլ եկեղեցիներից, որը նա երբևէ չի ունեցել: Թերևս այս փորձն ինքնին չառաջացներ Սուրբ էջմիածնի և նրա հետ համերաշխ քրիստոնեական եկեղեցիների վրդովմունքը, եթե այդ ծրագիրը հիմնված չլիներ Բաքվի մտադրությունների վրա՝ հարուցել ուտիների ատելությունը հայերի նկատմամբ, որոնք ժամանակին նրանց փրկել են համատարած իսլամացումից, ինչպես նաև նպաստել պատմական Արևելյան Հայաստանի հնամենի հայ հոգևոր ժառանգության շրջածիրում նոր «եկեղեցական կառույցի» ստեղծմանը: Ադրբեջանը հատկապես թշնամանք ու հայատյացություն է սերմանում թյուրքական ուծացումից փրկված մի բուռ ադրբեջանական ուտիների շրջանում՝ նրանց ստիպելով գնալ քրիստոնեական արժեքներին հակասող ճանապարհով: Ակնհայտ է, որ Նիջ գյուղի փոքրաթիվ ուտիական համայնքը դարձել է Բաքվի քաղաքականության պատանդը և ի զորու չէ դիմակայելու դրա նախագծին: Հայտնի է, որ Բաքուն անզիջում քաղաքականություն է վարում հանրապետության ազգային փոքրամասնությունների նկատմամբ և, հետևաբար, հնարավոր չէ, որ Գաբալայի և Օղուզի (Ադրբեջանի նախկին Կուտկաշենի և Վարդաշենի) շրջանների ուտիների ղեկավարները հրաժարվեն իրենց պարտադրված հակահայկական արկածախնդրությունից: Ընդ որում, համայնքի ղեկավարներն իրենք, հավանաբար, վաղուց են համակերպվել այն մտքին, որ իրավիճակին այլընտրանք չկա, հատկապես հաշվի առնելով ԱդրՀ իշխանությունների անհատական աշխատանքը նրանցից յուրաքանչյուրի հետ: Առկա են փաստեր, որ ուտիական համայնքի ղեկավարները սերտորեն համագործակցում են ԱդրՀ հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաև ֆինանսավորվում Բաքվից՝ ինչպես անձնական, այնպես էլ համայնքային կարիքների համար: Պատահական չէ, որ ուտիական Նիջ գյուղը համարվում է Ադրբեջանի ամենաբարեկեցիկ համայնքներից մեկն Ադրբեջանում և ժողովրդի մեջ այն անվանում են «ադրբեջանական բարեկեցության ցուցափեղկ»:
Թեև Բաքուն «Ուտիական գործոնի» մշակմանը ձեռնամուխ էր եղել տակավին 2000-ականներիկեսերից, երբ հանրապետությունը սկսել էր ուշքի գալ «ղարաբաղյան պարտության» հետևանքներից, սակայն ուտիների «պատմական պահանջների» ակտիվ փուլը մեկնարկել է 2010-ականների սկզբներին, երբ համայնքի ղեկավարները հետզհետե ավելի ու ավելի բարձրաձայն էին վիրավորական հայտարարություններ անում հայերի հասցեին՝ նրանց ուղղակիորեն մեղադրելով պատմական խարդախության մեջ: Հակահայկական շարժման առաջնագծում առաջադրվել է կրթությամբ երկրաբան, զբաղմունքով՝ «լեզվաբան ու մշակութաբան», «ադրբեջանական ուտի համայնքի քաղաքական գործիչ և առաջնորդ» Ռոբերտ Մոբիլին: Անցած տարիների ընթացքում Ռ. Մոբիլին հրապարակել է հարյուրավոր կեղծ գիտական հոդվածներ «աղվանցիների մշակութային ու պատմական ժառանգությունը յուրացնելու նպատակով» հայ պատմագրության «կեղծարարությունների», Աղվանից եկեղեցու լուծարման կապակցությամբ Ռուսաստանի կայսեր հետ ՀԱԵ-ի «դավադրության» և հայերի կողմից կովկասյան աղվանների ուծացման մասին, ինչի ապացույցն են, իբր թե, արցախցիների մարդաբանական հատկանիշները, որոնք բնութագրական չեն Արարատյան դաշտի նրանց հայրենակիցների համար:
Առկա են տեղեկություններ, որ ղարաբաղցիների շրջանում այդ թեզերը քարոզելու համար Ռ. Մոբիլին և նրան վերահսկող ադրբեջանական հատուկ ծառայությունները նույնիսկ էմիսարներ են ուղարկել ՌԴ՝ հրահանգված լինելով այնտեղ կապ հաստատել արցախահայության ամենախոշոր համայնքների հետ ու փորձել նրանց շրջանում գաղափարներ տարածել «ղարաբաղցիների աղվանական գենետիկ կոդի մասին»: Միևնույն ժամանակ Մոբիլին ակտիվորեն զարգացրեց Բունիաթովի «տեսությունը» հայկական տաճարների աղվանական արմատների մասին՝ անգամ բուն Կուրից շատ հեռու տեղափոխելով Կովկասյան Աղվանքի պատմական սահմանները: Ռ. Մոբիլիի ցանկում, Սյունիքի և Էջմիածնի տաճարներից զատ, ներառվել են նաև Արևմտյան Հայաստանում (ժամանակակից Թուրքիայի տարածք) գտնվող հայկական եկեղեցիները: Այսպես, Մոբիլիի կողմից 2019 թ. օգոստոսին Թուրքիա ուղարկված պատվիրակությունը՝ «Աղվանից-ուտիական եկեղեցու» «հոգևոր առաջնորդ» Սևան Մաղարիի և Ադրբեջանի ուտիական համայնքի ներկայացուցիչ Ռաֆիկ Դանաղարիի գլխավորությամբ ներխուժել է Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցի և «ժամերգություն» կատարել այնտեղ: «Ուխտավորները» կղզում նաև տեսանյութ են նկարահանել՝ թուրքական իշխանություններին կոչ անելով «տաճարը վերադարձնել իր իսկական տերերին՝ աղվանցի ուտիներին, ղփչաղներին և քրիստոնյա թուրքերին»:
Հարկ է նաև ընդգծել, որ ԱդրՀ-ի ուտիներին առաջադրանք է տրված սադրանքներ իրականացնել՝ կապված ոչ միայն հայկական, այլև վրացական պատմամշակութային ժառանգության հետ: Դավիթ Գարեջի քրիստոնեական տաճարային համալիրի պատկանելության առնչությամբ վրաց–ադրբեջանական հարաբերություններում լարվածության ծագման ժամանակներից ի վեր ադրբեջանական ուտիների «հոգևոր պատվիրակությունները» քանիցս այցելել են ադրբեջանցի սահմանապահների կողմից զավթված եկեղեցիներ և «կրոնական ծեսեր» իրականացրել այնտեղ:
Հիմքեր կան պնդելու, որ Բաքուն այս փուլում ակտիվ ջանքեր է գործադրում ՀԱԵ Արցախի թեմի եկեղեցիների և կրոնական կենտրոնների հիման վրա «Ադրբեջանի Աղվանից կաթողիկոսության» ստեղծման ուղղությամբ: Հետևելով պատմական Արցախում ուտի «հոգևոր քահանաների» «ուխտագնացության» երթուղիներին, ինչպես նաև նկատի առնելով Արցախի գլխավոր տաճարային համալիրները նրանց իրավասությանը հանձնելու Բաքվի որոշումը, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են հաստատութենացնել «նոր եկեղեցին» ու ձևավորել դրա գույքային ֆոնդը: Խոսքը Դադիվանքի, Ծիծեռնավանքի, Ամարասի, Ղազանչեցոցի, Հոռեկա վանքի, Գտչավանքի ու թերևս Արցախի մի քանի այլ կարևորագույն հայկական հոգևոր կենտրոնների մասին է: Ըստ երևույթին, «պատմական արդարության վերականգնման» տեսքով այս արկածախնդրությունը մատուցելու համար կեղծ կաթողիկոսության կենտրոն պետք է դառնա Գանձասարի վանական համալիրը:
Չնայած լրջագույնս տրամադրված լինելուն, Բաքուն, այնուամենայնիվ, ակնհայտ դժվարությունների կբախվի իր արկածախնդրության ճանապարհին:
Նախ և առաջ, նախատեսված նախագծի ծավալները չափազանց մեծ են Ադրբեջանի թվաքանակով 4 հազար մարդուց ոչ ավելի ուտիական համայնքի ռեսուրսներով կյանքի կոչելու և դրա կենսապահովման համար: Իրենց ճնշող մեծամասնությամբ դրանք նիջեցի գյուղացիներն են, ովքեր քաղաքական-կրոնական լայնածավալ խարդավանքի մեջ ներքաշվելու շարժառիթ ու հնարավորություն չունեն: Իր հերթին՝ ուտի «հոգևորականները» չունեն համապատասխան կրթություն ու գիտելիքներ, իսկ եկեղեցական ավանդույթների պահպանված բեկորներն իրենց արմատերով խորացած են ՀԱՍԵ պատմության մեջ, որի դեմ, ըստ էության, ուղղված է Ադրբեջանի իշխանությունների ծրագիրը:
Երկրորդ՝ ուտիներն ու ադրբեջանական իշխանությունները ոչ մի կերպ չեն կարող կողմնորոշվել այն հարցի շուրջ, թե ո՞ր հոգևոր գահից են մտադիր ինքնավարություն «ստանալ» և ո՞ր քրիստոնեական ավանդույթին են ուզում միանալ: Միևնույն ժամանակ՝ ինքնակառավարման հասնելու հիմնախնդիրը մտահղացված նախագծի իրականացման ամենամեծ խոչընդոտն է, քանզի, ըստ էության, առանց ՀԱՍԵ-ի համաձայնության գահերից և ոչ մեկն էլ իրավունք չունի կարգավիճակ շնորհել «Աղվանից-ուտիական եկեղեցուն», քանի որ արկածախնդրություն կհամարվի և հերթական անգամ պառակտում կառաջացնի քրիստոնեական աշխարհում: Սակայն Բաքվում, ըստ երևույթին, չեն ցանկանում հաշտվել իրերի այդ վիճակի հետ և, չխորանալով քրիստոնեական աշխարհի կանոնական ավանդույթների մեջ, պատրաստ են եթե ոչ Տոմոս (Տոմոսը (հունարեն τόμος – «կտոր», «հատոր» «կտրել», «բաժանել») տեղական ուղղափառ եկեղեցու առաջնորդի հրամանագիրն է եկեղեցու կառուցվածքի որոշակի կարևոր հարցի վերաբերյալ. – թրգմ.) ստանալ ուտիների համար, ապա գոնե նախապես ապահովել տիեզերական կենտրոնների աջակցությունը նոր եկեղեցական միավորի ինքնահռչակման հարցում:
Հավանաբար դա է պատճառը, որ Բաքուն ակտիվ երկխոսություն է վարում Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ, ինչպես նաև խորացնում փոխգործակցությունը Վատիկանի հետ՝ այն զուգակցելով Սուրբ Աթոռի վերականգնողական նախագծերի առատ ֆինանսավորմամբ: Հռոմի կաթոլիկ եկեղեցու շահերի ոլորտին իր նախագիծն ինտեգրելու Բաքվի մտադրությունների մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ վերջերս Ադրբեջանից ուտի երիտասարդության ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ են ուղարկվում ուսանելու Եվրոպայի և, մասնավորապես, Լեհաստանի կաթոլիկ հոգևոր ճեմարաններում:
Ամփոփելով շարադրվածը, հարկ է նշել, որ Ադրբեջանի իշխանությունների գործողություններն ընդհանուր ոչինչ չեն կարող ունենալ ուտիների էթնո-դավանական խմբի իրական շահերի հետ, խումբ, որը դարձել է տարածաշրջանում քրիստոնեական ինքնությունը ոչնչացնելու և բնիկ ժողովուրդների քաղաքակրթական ժառանգությունը հողի հետ միասին յուրացնելու Բաքվի քաղաքականության պատանդը: Ուտիական փոքր համայնքը՝ նախկինում խորապես միահյուսված լինելով հայկական քաղաքակրթական ինքնության հետ, Բաքվի ջանքերով անջատվել է իր իսկական հոգևոր-մշակութային արմատներից և վերածվել Ադրբեջանում հայկական գործոնի ի սպառ վերացմանն ուղղված պայքարի գործիքի: Ադրբեջանական ղեկավարության գործողությունների դիտարկումը թույլ է տալիս ենթադրելու, որ նրա ջանքերն ուղղված են ոչ միայն Արցախի հայկական ժառանգության յուրացմանը, այլև նպատակ ունեն հող նախապատրաստելու ողջ տարածաշրջանում ադրբեջանական զավթողականության հետագա ընդլայնման և օրինականացման համար:
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 12.12.2024 թ.: