ԱՊՀ, Արևմուտք, Սահմանակից երկրներ

Ուկրաինական ճգնաժամի հեռանկարները և ազդեցությունը Հարավային Կովկասի վրա

Սեղմագիր

Ուկրաինական ճգնաժամի առաջացումը պայմանավորված է այն կարևոր աշխարհառազմավարական նշանակությամբ, որն ունի այդ երկիրը Արևմուտք–Ռուսաստան դիմակայությունում։ Այդ է պատճառը, որ 2022 թ. փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի սկսած Հատուկ ռազմական գործողությունը վերաճեց ռուս-ուկրաինական տևական և արյունալի պատերազմի, որի հանգուցալուծումը ներկա պահին բավականին աղոտ է։ Չնայած Արևմուտքի մեծ աջակցությանը Ուկրաինային, Ռուսաստանը զգալիորեն պահպանում է Հատուկ ռազմական գործողությամբ իր առջև դրված նպատակների իրականացման հնարավորությունը։ Որքան ձգձգվում և բարդանում է ռուս-ուկրաինական պատերազմը, այնքան մեծանում է Թուրքիայի և Ադրբեջանի նշանակությունը թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար։

ПЕРСПЕКТИВЫ УКРАИНСКОГО КРИЗИСА
И ВЛИЯНИЕ НА ЮЖНЫЙ КАВКАЗ
Овян В. Р.

Аннотация

Происхождение украинского кризиса обусловлено той важной геостратегической ролью, которая имеет эта страна в противостоянии Запад–Россия. По той причине начатая Россией 24-го февраля 2022 г. Специальная военная операция на Украине превратилась в русско-украинскую длительную и кровавую войну, разрешение которой на сей момент достаточно туманно. Несмотря на большую помощь со стороны Запада Украине, Россия значительно сохраняет возможность осуществления целей, поставленных перед собой Специальной военной операцией. Сколько продлевается и усложняется русско-украинская война, столько возрастает значимость Турции и Азербайджана и для Запада, и для России.

THE PERSPECTIVES OF THE UKRAINIAN CRISIS
AND THE IMPACT ON SOUTH CAUCASUS
Hovyan V. R.

Summary

The emergence of the Ukrainian crisis is conditioned by the essential geostrategic significance, which that country has in the confrontation WestRussia. That is why started by Russia on February 24, 2022, Special Military Operation in Ukraine turned into a Russian–Ukrainian continuous and bloody war, the settlement of which at this moment is sufficiently unclear. Despite the huge support by the West to Ukraine, Russia significantly maintains the possibility to carry out the purposes posed by Special Military Operation. As more prolonged and complicated is the Russian-Ukrainian war, as the significance of Turkey and Azerbaijan is greater for both the West and Russia.

Վահրամ Ռ. Հովյան(1)(2)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ըստ էության, այսօր Ուկրաինայում որոշվում է աշխարհի և, մասնավորապես, հետխորհրդային տարածքի ճակատագիրը։ Այդ է պատճառը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ներկայիս ռուս-ուկրաինական պատերազմը ամենամասշտաբային և ամենաթեժ «տաք» պատերազմն է աշխարհում, մասնավորապես՝ Եվրոպայում։ Չնայած միջազգային տարբեր դերակատարների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի գործադրած միջնորդական ջանքերին, մինչ օրս չի հաջողվել թեկուզ զինադադար հաստատել ուկրաինական հակամարտությունում, որի խաղաղ հանգուցալուծման հեռանկարները շարունակում են մնալ չափազանց անորոշ։ Այնպիսի տպավորություն է, որ կողմերը վճռականորեն տրամադրված են բոլոր հարցերը լուծել մարտի դաշտում։ Այլ կերպ ասած՝ դիվանագիտությունը տեղը զիջել է ռազմարվեստին։

Այսպես թե այնպես, ուկրաինական հակամարտությունն իր ազդեցությունն է թողնում ողջ աշխարհի, այդ թվում՝ Հարավային Կովկասի վրա։ Մասնավորապես, կարծում ենք, թե՛ 2022 թ. սեպտեմբերյան արյունալի բախումները հայ-ադրբեջանական պետական սահմանին, թե՛ մեկ տարի անց՝ 2023 թ. սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ և վերջինիս հայաթափումը զգալիորեն պայմանավորված էին նաև ուկրաինական ճգնաժամով։ Չնայած 2020 թ. դեռևս պատերազմ չկար Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այնուամենայնիվ, կարծում ենք, 44-օրյա պատերազմն էլ զգալիորեն պայմանավորված էր ուկրաինական ուղղությամբ ծավալվող գործընթացներով։

Ինչևէ, ողջ աշխարհի վրա ուկրաինական ճգնաժամի ազդեցությունն է պատճառը, որ այն իր վրա է հրավիրել ամենատարբեր երկրներում թե՛ պետական ու քաղաքական գործիչների, թե՛ գիտական-փորձագիտական հանրության, և թե՛ մեդիադաշտի ուշադրությունը։ Սույն աշխատանքը նպատակ է հետապնդում լուսաբանել ուկրաինական ճգնաժամի առաջացման պատճառները, այն կարևոր դերը, որ Ուկրաինան խաղում է Արևմուտք–Ռուսաստան աշխարհաքաղաքական պայքարում, Արևմուտքի որդեգրած ռազմավարությունը ռուս-ուկրաինական հակամարտությունում, ճգնաժամի հեռանկարները, դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա և այլ հարցեր։

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Թե ինչպիսի դեր ունի Ուկրաինան աշխարհաքաղաքական պայքարում, այդ մասին, թերևս, առավել հստակ արտահայտվել է ամերիկյան աշխարհաքաղաքական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին։ Ըստ Բժեզինսկու՝ Ռուսաստանը Ուկրաինայի հետ գերտերություն է, համաշխարհային մակարդակով ուժային կենտրոն, իսկ առանց Ուկրաինայի՝ տարածաշրջանային տերություն(3)։

Այդ է պատճառը, որ Ռուսաստան–Արևմուտք աշխարհաքաղաքական պայքարն ու մրցակցությունը իր ամենասուր դրսևորումը ստացավ հենց Ուկրաինայում։ Ներկայիս Ուկրաինական պատերազմը, եթե հաշվի չառնենք բալկանյան գործընթացները 1990-ական թթ., Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին «տաք» պատերազմն է Եվրոպայում և, որը որոշիչ նշանակություն է ունենալու ողջ աշխարհի հետագա ընթացքի վրա։ Մասնավորապես, Ռուսաստանի համար որոշվում է այն հարցը, թե կպահպանի այն համաշխարհային գերտերության իր կարգավիճակը, թե կվերածվի, ինչպես ասվել է, զուտ տարածաշրջանային տերության։ Իր հերթին Արևմուտքը կկարողանա՞, արդյոք, վերջնական հաղթանակի հասնել իր վաղեմի մրցակից Ռուսաստանի (սկզբում՝ Ցարական Ռուսաստան, այնուհետև՝ Խորհրդային Միություն, այժմ էլ՝ Ռուսաստանի Դաշնություն) նկատմամբ և, վերջնականապես, հաստատել իր գերիշխանությունը վերջինիս հսկողության տակ գտնվող տարածաշրջաններում։ Պարզ է, որ անկախ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումից, հակամարտող բևեռներից (Արևմուտք–Ռուսաստան) ցանկացածի հաղթանակն իր ազդեցությունն է թողնելու ողջ աշխարհի հետագա ճակատագրի վրա։

Ուկրաինայի հարցում Ռուսաստանի քաղաքականությունը հասկանալու համար նախ պետք է հասկանալ առհասարակ այդ երկրի արտաքին քաղաքականության հայեցակարգը կամ տեսլականը։ Արդ, ՌԴ արտաքին քաղաքականության հիմքում ընկած է բազմաբևեռ աշխարհի ընկալումը (կոնցեպտ)(4), ըստ որի պատմության ներկա հանգրվանում աշխարհն անխուսափելիորեն գնում է դեպի բազմաբևեռություն, իսկ հավաքական Արևմուտքի միահեծան գերակայության դարաշրջանն ավարտվել է։ Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և այլուր, պետությունները գնալով ավելի են զարգանում՝ տնտեսապես, տեխնոլոգիապես և այլն, բարձրացնում են իրենց ինքնուրույնության աստիճանը՝ թուլացնելով իրենց կախվածությունը Արևմուտքից և ձգտելով ինքնուրույնության ներքին և արտաքին քաղաքականության հարցերում։

Իհարկե, ըստ ռուսական մոտեցման՝ բազմաբևեռ աշխարհակարգը դեռևս վերջնականապես չի ձևավորվել, բայց դա անխուսափելի է, և մարդկությունը ներկայումս գտնվում է միաբևեռությունից բազմաբևեռության անցման գործընթացում։ Իսկ բազմաբևեռ աշխարհակարգը, ըստ պաշտոնական Մոսկվայի, ավելի արդարացի է և ժողովրդավարական, քանի որ այն հիմնված է փոխադարձաբար շահերի հարգման, ուժերի հավասարակշռության, այլ ոչ թե մի կենտրոնից միակողմանի թելադրանքի վրա։

Որպես բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման կանխադրույթի շարունակություն՝ Մոսկվան մերօրյա աշխարհաքաղաքական հակասությունները, ճգնաժամերն ու երբեմն պատերազմների վերածվող լարվածության աճը աշխարհում բացատրում է բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը Արևմուտքի դիմադրությամբ։ Ըստ ՌԴ-ի՝ Արևմուտքը չի հաշտվում իր միահեծան գերակայության կորստի հետ և փորձում է ամեն կերպ խափանել այդ գործընթացը։ Սակայն, ըստ Մոսկվայի՝ Արևմուտքն ի վիճակի չէ վիժեցնել անխուսափելի փոփոխությունները, քանի որ դա պատմության զարգացման ներկա հանգրվանի կամ ժամանակակից փուլի օրինաչափությունն է(5)։

Միաժամանակ հարկ է նշել, որ ռուսները չեն մանրամասնում, թե քանի բևեռից է բաղկացած լինելու բազմաբևեռ աշխարհակարգը։ Բազմաբևեռ աշխարհակարգի մասին սեփական ընկալումներում Ռուսաստանը հստակ պատկերացում ունի իր տեղի ու դերի վերաբերյալ՝ բազմաբևեռ աշխարհակարգի բևեռներից կամ բազմակենտրոն (պոլիցենտրիկ) աշխարհի կենտրոններից մեկը։ Դա ռուսական ներկայիս քաղաքական ընտրանու կողմից ընկալվում է որպես Ռուսաստանի պատմական առաքելություն։

Այստեղից բխում է հաջորդ հարցը. եթե Ռուսաստանը բազմաբևեռ աշխարհակարգի բևեռներից մեկն է, ապա ո՞րն է նրա ազդեցության գոտին։ Այս հարցի կապակցությամբ գոյություն ունի երկու մոտեցում՝ «նեղ» և «լայն»։ «Նեղ» մոտեցման համաձայն՝ բազմաբևեռ աշխարհակարգում Ռուսաստանի ազդեցության գոտին հետխորհրդային տարածքն է, որը նրանք անվանում են նաև «Մերձավոր Արտասահման» կամ «Մերձավոր Արտերկիր», մինչդեռ «լայն» մոտեցման պարագայում խոսքը «ռուսական եվրասիականության» մասին է։ Այս երկու մոտեցումների միջև կա որոշակի հարաբերակցություն։ Հետխորհրդային տարածքը Մոսկվայի համար այն «միջնաբերդն» է, որտեղ ամրանալով` այն կարող է իր ազդեցությունը տարածել նաև Եվրոպայի և Ասիայի այն երկրների վրա, որոնք շահագրգիռ են Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում։ Եվ պատահական չէ, որ հետխորհրդային տարածքը կամ Մերձավոր Արտասահմանը ռուսական ներկա քաղաքական ընտրանու կողմից դիտվում է եթե ոչ որպես կենսական, ապա առնվազն՝ հատուկ շահերի գոտի։

Արդ, հետխորհրդային երկրները իրենց արևմտամետ քաղաքականությամբ, որը հաճախ դրսևորվում է նաև հակառուսականությամբ, արևմտյան երկրների հետ հատկապես ռազմական և անվտանգային բնագավառներում հարաբերությունների խորացմամբ, ըստ էության, մարտահրավեր են նետում ՌԴ-ին՝ այն էլ նրա կենսական կամ գոնե հատուկ շահերի գոտում։ Համենայն դեպս, այդպիսին է հարցի վերաբերյալ Մոսկվայի ընկալումը։ Այստեղից էլ բխում են Ռուսաստանի հակասությունները արևմտյան կողմնորոշում որդեգրած հետխորհրդային մի շարք պետությունների հետ։

Ինչ վերաբերում է, մասնավորապես, Ուկրաինային, ապա այս երկիրը օժտված է մի շարք այնպիսի բնորոշիչներով, որոնց համախումբ ամբողջությունը արևմտամետ արտաքին քաղաքական կուրսի պարագայում էլ ավելի է սրում Ռուսաստանի հետ հակասությունները։ Պատահական չէ, որ, եթե հաշվի չառնենք 2008 թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, ապա հետխորհրդային երկրներից հենց Ուկրաինայի հետ հակասությունների խորացումը ի վերջո հանգեցրեց արյունալի պատերազմի։ Այլ կերպ ասած՝ հետխորհրդային երկրների շարքում Ուկրաինան միակն է, որի հետ հակասությունների խորացումը պատճառ դարձավ «տաք» և երկարատև պատերազմի մեկնարկին 2022 թ. փետրվարին, որը և շարունակվում է առ այսօր։

Արդ, որո՞նք են Ուկրաինայի այն բնորոշիչները, որոնց արդյունքում հակասությունները Ռուսաստանի հետ ավելի սուր բնույթ են ստանում։ Որպես այդպիսիք կարելի է մատնանշել հետևյալները՝ նախապես շեշտելով, որ այստեղ Ուկրաինա ասելով նկատի ունենք այդ երկիրը 1991 թ. սահմաններով.

  • Ուկրաինան տարածքով (603.7 հազ. կմ2) ամենամեծ պետությունն է Եվրոպայում, եթե հաշվի չառնենք Ռուսաստանը և Թուրքիան, քանի որ վերջիններիս տարածքը մասնակիորեն է գտնվում Եվրոպական մայրցամաքում։ Իր տարածքով հետխորհրդային երկրների շարքում այն երրորդն է Ռուսաստանից և Ղազախստանից հետո։ Ուկրաինայի տարածքի առավելագույն երկարությունը արևմուտքից արևելք 1316 կմ է, հյուսիսից հարավ՝ 893 կմ(6)։
  • Ուկրաինան գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Սահմանակից է ՌԴ-ին, Բելառուսին, Մոլդովային, Լեհաստանին, Սլովակիային, Հունգարիային, Ռումինիային։ Հարավում Ուկրաինայի ափերը ողողում են Սև և Ազովի ծովերի ջրերը։ Սահմանագծի ընդհանուր երկարությունը 6500 կմ է, որից 1050 կմ-ը՝ ծովային(7)։ Իսկ համաձայն դասական աշխարհաքաղաքական տեսության՝ ով տիրում է Արևելյան Եվրոպային, նա տիրում է Եվրասիային, իսկ ով տիրում է Եվրասիային, նա տիրում է ողջ աշխարհին։ Չնայած մեր ժամանակներում տեխնոլոգիաների սրընթաց զարգացմանը, աշխարհագրությունը չի փոխվում և չի դադարում լինել քաղաքականության վրա ազդող կարևոր գործոններից մեկը, եթե ոչ՝ կարևորագույնը։
  • Ուկրաինայի տարածքում է գտնվում Ղրիմի թերակղզին, որտեղ էլ գտնվում է ռուսական հայտնի սևաստոպոլյան ռազմածովային բազան։ Այն Սև ծովում Ռուսաստանի ռազմական ներկայության և ազդեցության թիվ մեկ, եթե ոչ միակ գրավականն է։ Առանց այդ ռազմածովային բազայի Ռուսաստանի ռազմական ներկայությունը և ազդեցությունը Սև ծովում գրեթե կչեզոքացվի։
  • Ուկրաինայի սահմանից մինչև Մոսկվա ամենակարճ հեռավորությունը կազմում է շուրջ 850 կմ, ինչը նշանակում է, որ նույնիսկ միջին կամ անգամ փոքր հեռահարության հրթիռներով Ուկրաինայի տարածքից կարելի է հարվածել Ռուսաստանի մայրաքաղաքին։ Եվ առհասարակ, իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայելով Ուկրաինայում՝ Հյուսիս-ատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) կարող է Ռուսաստանի ողջ եվրոպական հատվածը վերցնել օդային հսկողության տակ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հատուկ ռազմական գործողության նախօրեին՝ 2022 թ. փետրվարի 21-ին ունեցած ելույթում ասել է. «Ուկրաինայի տարածքում հետախուզության ռադիոտեղորոշիչ միջոցների տեղաբաշխումը թույլ կտա ՆԱՏՕ-ին ամուր կերպով վերահսկել Ռուսաստանի օդային տարածությունը՝ ընդհուպ մինչև Ուրալ»(8)։

Վերոնշյալ բնութագրիչներին կարելի է ավելացնել ևս մի քանիսը։ Այսպես, Ուկրաինայի տարածքն աչքի է ընկնում բնական պայմանների բազմազանությամբ, օգտակար հանածոների հարուստ պաշարներով։ Մակերևույթն առավելապես հարթավայրային է։ Հարթավայրերը զբաղեցնում են երկրի տարածքի շուրջ 90%-ը։ Լեռները տարածվում են միայն արևմուտքում ու ծայր հարավում՝ զբաղեցնելով երկրի տարածքի ընդամենը 5%-ը։ Խոշոր դաշտավայրերը (Պոլեսիեի, Մերձդնեպրյան, Մերձսևծովյան, Հյուսիս-Ղրիմյան, Անդրկարպատյան դաշտավայրերը և այլն) զբաղեցնում են երկրի տարածքի 70%-ը(9)։

Խորհրդային ժամանակաշրջանում՝ 1985 թ. դրությամբ, Ուկրաինայի բնակչությունը կազմում էր 50.8 մլն մարդ։ Այս ցուցանիշով այն երկրորդն էր Ռուսաստանից հետո(10)։ Մինչև 2022 թ. փետրվարին սկսված պատերազմը Ուկրաինայի բնակչությունը հաշվվում էր շուրջ 40 մլն՝ առանց Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի բնակչության։

Խորհրդային տարիներին Ուկրաինան գիտակրթական, տեխնոլոգիական, արդյունաբերական զարգացման մակարդակով զիջում էր միայն Ռուսաստանին։ Ուներ զարգացած ռազմական արդյունաբերություն։ Չնայած հետխորհրդային շրջանի ընդհանուր քայքայմանը, Ուկրաինան մինչև 2022 թ. փետրվարին սկսված պատերազմը զգալիորեն պահպանում էր խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած գիտատեխնոլոգիական և արդյունաբերական ներուժը։

Ահա թե ինչու նույնիսկ մերձբալթյան երկրների (Էստոնիա, Լատվիա, Լիտվա) անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին դեռևս 2000-ական թվականների սկզբին այնպիսի սրություն չհաղորդեց Արևմուտք–Ռուսաստան, ինչպես նաև Մերձբալթյան երկրներ–Ռուսաստան հարաբերություններին, որքան 2014 թ. Ուկրաինայում տեղի ունեցած «մայդանային իշխանափոխությունը» փողոցի ճնշման ներքո։ Միայն այդ իրադարձությունից հետո ինչպես ռուսական իշխող վերնախավի, այնպես էլ փորձագիտական շրջանակների գիտակցության մեջ աստիճանաբար սկսեց հասունանալ այն գաղափարը, որ Ռուսաստանին անմիջական ռազմական վտանգ է սպառնում։ Այլ կերպ ասած՝ Ուկրաինայի համարկումը (ինտեգրում) Արևմուտքի հետ, հատկապես՝ ռազմական և անվտանգային ոլորտներում, նրա հնարավոր անդամակցությունը Հյուսիս-ատլանտյան դաշինքին ՌԴ իշխող վերնախավի կողմից, ինչպես նաև փորձագիտական շրջանակներում սկսում է ընկալվել իբրև ուղղակի ռազմական սպառնալիք իրենց երկրին։

Արևմուտքի ռազմաքաղաքական օժանդակությունն Ուկրաինային դրսևորվում է հետևյալ հիմնական ձևերով. ա) պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, որոնց նպատակներն են Ռուսաստանի միջազգային մեկուսացումը, դեպի այդ երկիր բարձր տեխնոլոգիաների մուտքի սահմանափակումը կամ առհասարակ արգելումը և այլն, բ) զենքի և զինամթերքի մատակարարումներ Ուկրաինային, ընդ որում՝ խոսքը նաև հեռահար և բարձր ճշգրտությամբ օժտված սպառազինությունների մասին է՝ ընդհուպ մինչև ամերիկան F-16 կործանիչներ, գ) ուկրաինացի զինվորական կադրերի կրթում և պատրաստում Ռուսաստանի դեմ պատերազմի համար, դ) ռազմական մասնագետների ու հրահանգիչների գործուղում Ուկրաինա՝ ռազմական գործողությունների ծրագրման և իրականացման, ինչպես նաև ուկրաինական բանակի մարզման նպատակով, ե) հետախուզական տվյալների տրամադրում Ուկրաինային. խոսքը, մասնավորապես, արբանյակային հետախուզության մասին է։

Ստորև ներկայացվում են Արևմուտքի կողմից Ուկրաինային ռազմաքաղաքական օժանդակության մասին վկայող մի քանի օրինակներ։ Այսպես, Վաշինգտոնը 2024 թ. օգոստոսի սկզբին հատուկ ուղերձով զգուշացրել է Անկարային, որ «հետևանքներ» կլինեն, եթե Թուրքիան շարունակի ամերիկյան ռազմական սարքավորումներ արտահանել Ռուսաստան։ Ըստ ամերիկյան կողմի՝ այդ սարքավորումները կենսական նշանակություն ունեն ռուսական «ռազմական մեքենայի» համար(11)։

Ինչպես 2024 թ. օգոստոսի վերջին հաղորդել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը, ԵՄ-ն սկսել է ռուսական սառեցված հաշիվներից ստացված եկամուտները փոխանցել Ուկրաինային, ինչպես նաև նրան զենք մատակարարող ԵՄ անդամ երկրներին։ «Մենք արդեն սկսել ենք օգտագործել ռուսական սառեցված հաշիվներից ստացված եկամուտները, €1.4 մլրդ ուղարկվել է Ուկրաինա և Եվրամիության երկրներին՝ զենքի մատակարարումների համար», – ասել է պաշտոնյան։ Ըստ Բորելի՝ ԵՄ-ն փոխել է Ուկրաինային աջակցելու տրամաբանությունը։ Եթե նախկինում այն փոխհատուցում էր երկրներին արդեն կատարված մատակարարումների դիմաց, այժմ անցնում է սկզբնական նյութական աջակցության՝ գումարներ տրամադրելով ռուսական սառեցված հաշիվներից(12)։

2024 թ. օգոստոսին ուկրաինական պատերազմը թևակոխեց նոր փուլ։ Ուկրաինան, ստանալով հավաքական Արևմուտքի աջակցությունը, որոշեց ոչ միայն պաշտպանվել, այլև անցնել հակահարձակման՝ ներխուժելով Ռուսաստանի տարածք։ Օգոստոսի 6-ին ուկրաինական ուժերը, երկու ուղղությամբ ճեղքելով ռուսական պաշտպանական գիծը, մտան Կուրսկի մարզ։ Նրանց հսկողության ներքո անցան ոչ միայն տասնյակ բնակավայրեր, այլև ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի կառույց, ինչպիսին է Սուջայի գազաբաշխիչ ճնշակայանը, որով կապույտ վառելիք է մատակարարվում Եվրոպա։ Ուկրաինական ուժերի հասանելության գոտում հայտնվեց նաև Կուրսկի ատոմակայանը(13)։

Մինչ օրս էլ ուկրաինական ուժերը շարունակում են ԱԹՍ-ներով և այլ զինատեսակներով լայնածավալ հարվածներ հասցնել ոչ միայն Կուրսկի, այլև Լիպեցկի, Բելգորոդի, Բրյանսկի և Վորոնեժի մարզերի ուղղությամբ։ Սրանք այն տարածքներն են, որտեղ կուտակվում են Ուկրաինայի վրա հարձակվելու համար նախատեսված սպառազինությունները և որտեղից հարվածներ են հասցվում ուկրաինական տարածքներին։ Այսպիսով, այս ռազմական գործողություններով Ուկրաինան փորձում է իր համար ստեղծել անվտանգության գոտի(14)։

Արևմուտքի արձագանքը ի նպաստ Ուկրաինայի էր։ ԵՄ Արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Ուկրաինան ինքնապաշտպանվելու և Ռուսաստանի տարածքին հարվածելու իրավունք ունի։ Նրա հավաստմամբ՝ ԵՄ-ն լիովին աջակցում է պաշտպանվելու Ուկրաինայի օրինական իրավունքին և իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու ջանքերին(15)։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն էլ ասել է, որ Ռուսաստանը չկարողացավ կոտրել ուկրաինական բանակի դիմադրությունը և այժմ ստիպված է մարտեր մղել սեփական տարածքում(16)։ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն էլ, գրեթե ութ օր անց, առաջին անգամ խոսելով ուկրաինական զինուժի կողմից ռուսական Կուրսկի շրջանի վրա կատարված հարձակման մասին, հայտարարել է, որ այն իսկական երկընտրանքի առջև է կանգնեցրել Մոսկվային(17)։

Ուկրաինական զինված ուժերի ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածքում վնաս են հասցնում ոչ միայն այդ երկրի ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներին ու թիրախներին՝ այդ կերպ դառնալով ինչպես մարդկային զոհերի, ավերածությունների, այնպես էլ տնտեսական կորուստների պատճառ։ Օրինակ, 2024 թ. օգոստոսի 22-ին ռուսական «Կավկազ» նավահանգստում (Կրասնոդարի երկրամաս) ուկրաինական բանակի հրթիռակոծության հետևանքով հրդեհվել և խորտակվել է 30 հազար տակառ վառելանյութ տեղափոխող «Ակվաթրեյդեր» առևտրային լաստանավը։ Հրդեհը էական վնաս է հասցրել նաև նավահանգստին։ Լաստանավի 18 հոգանոց անձնակազմից 17-ը փրկվել է, 1-ը՝ մահացել(18)։

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Պաշտոնական Մոսկվան ընդունում է, որ հավաքական Արևմուտքի տրամադրած ռազմաքաղաքական օժանդակությունը Կիևին երկարաձգում է Ուկրաինայում իրենց սկսած հատուկ ռազմական գործողության ընթացքը։ Թե որքան կերկարաձգվի, այդ մասին չի խոսվում։

Ակնհայտ է, որ Ուկրաինայում սկսված հատուկ ռազմական գործողությունը սպառնում է Ռուսաստանի համար վերածվել երկարատև և հյուծիչ պատերազմի։ Ուստի կարելի է ենթադրել, որ ընթացող պատերազմում Արևմուտքի նպատակը ոչ այնքան Կիևի հաղթանակն է, որքան Ուկրաինան ՌԴ-ի համար երկրորդ Աֆղանստանի վերածելու ձգտումը։

Դեռևս 2014-2015 թթ. ուկրաինական (Ղրիմի և Դոնբասի) և սիրիական ճգնաժամերով սկիզբ առած «Երկրորդ սառը պատերազմը», ունենալավ որոշակի առանձնահատկություններ, այնուամենայնիվ, շատ գծերով նման է «Առաջին սառը պատերազմին»։ Այս տեսակետից Արևմուտքը չի գնա ուղղակի ռազմական բախման Ռուսաստանի հետ։ Այն կփորձի կրկնել առաջին սառը պատերազմում կիրառած ռազմավարությունը, այն է՝ Ռուսաստանին ներքաշել երկարատև և հյուծիչ մի գործընթացի մեջ, պարտադրել սպառազինությունների մրցավազք, արդյունքում սոցիալ-տնտեսական դժվարություններ առաջացնել երկրի ներսում և ժողովրդական զանգվածների դժգոհությունների ու հուզումների ալիքի վրա պայթեցնել Ռուսաստանը ներսից։ Այս ամենը, բնականաբար, կուղեկցվի տեղեկատվական և քարոզչական հուժկու արշավով։ Այսինքն, ըստ Արևմուտքի նախագծած սցենարի՝ պետք է տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ Խորհրդային Միության հետ։

Ուղղակի կամ անուղղակի այս մասին են վկայում նաև արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը մի առիթով ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ունեն երկարաժամկետ նշանակություն։ Այսինքն՝ դրանց արդյունքները պետք է երևան ոչ թե այսօր, այլ՝ հեռանկարում։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը 2022 թ. օգոստոսի 23-ին Ղրիմի հարցով գումարված միջազգային գագաթնաժողովում հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը ընթանում է մեկը մյուսին հյուծելու նպատակով։ «Սա կամքի պայքար է, պայքար նյութատեխնիկական ոլորտում…», – ավելացրել է բարձրաստիճան պաշտոնյան(19)։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ դեռևս 2022 թ. արած այն հայտարարությունը, ըստ որի՝ Ուկրաինան անցնում է խափանարար (դիվերսիոն) գործողությունների, ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ուկրաինական պատերազմը սպառնում է լինել տևական։ Դա նշանակում է, որ եթե անգամ ռուսական զորքերը գրավեն Ուկրաինայի ողջ տարածքը, դրանից հետո էլ պատերազմը չի ավարտվի, այլ ուկրաինացիները կանցնեն պարտիզանական պայքարի։ Ընդ որում, Զելենսկու հայտարարությունը զուգորդվեց Ղրիմում ուկրաինացիների իրականացրած խափանարար գործողությամբ՝ զինապահեստի պայթեցմամբ։ Այսինքն՝ խոսքը համադրվեց գործի հետ։

Ուկրաինական խնդրում Արևմուտքի որդեգրած ռազմավարությունը գիտակցում է նաև Մոսկվան։ Դեռևս 2022 թ. սեպտեմբերի կեսերին ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը հայտարարեց, որ Արևմուտքում բացահայտորեն կոչ են անում կիրառել պատժամիջոցները՝ Ռուսաստանի ներքաղաքական կայունությունը խաթարելու նպատակով(20)։

Ռուսական կողմը նույնպես կամա թե ակամա ընդունում է, որ Արևմուտքի հետ իր ներկայիս առճակատումը, այդ թվում՝ Ուկրաինայում, լինելու է տևական, և պատրաստվում է շարունակական պայքարի։ Նախարար Ս. Լավրովը դեռևս 2022 թ. օգոստոսի 31-ին ուկրաինական ճգնաժամի համատեքստում խոսելով Արևմուտք–Ռուսաստան հարաբերությունների մասին, հայտարարել է. «Դարաշրջանը, որն այժմ վերապրում ենք, հատկապես երկարատև պատմական ժամանակահատված է։ Մեզ անհրաժեշտ է պատրաստ լինել նրան, որ պետք է ապավինենք միայն մեզ»(21)։

Ինչպիսի՞ հանգուցալուծում կունենա այս նոր սառը պատերազմը, դժվար է ասել։ Կդիմանա՞ արդյոք Ռուսաստանը Արևմուտքի հետ նոր մրցակցությանը։ Մի կողմից, Ռուսաստանի հնարավորությունները (ռեսուրսները) ավելի սահմանափակ են՝ Խորհրդային Միության հետ համեմատ։ Սակայն, մյուս կողմից, ՌԴ-ում այլևս նախկին համայնավարական-ընկերվարական հասարակարգը չէ՝ վարչահրամայական, պլանային տնտեսությամբ։ Այդ երկիրը Խորհրդային Միության անկումից հետո անցում է կատարել շուկայական տնտեսության, ինչի դրական արդյունքները որոշ ոլորտներում ակներև են։ Մասնավորապես, եթե Խորհրդային Միությունը հացահատիկ ներկրող երկիր էր՝ չնայած գյուղատնտեսության համար գրեթե անսահմանափակ հնարավորություններին, ապա այսօր Ռուսաստանի Դաշնությունը հացահատիկ արտահանող երկիր է։

Չնայած հավաքական Արևմուտքի կողմից Կիևին ցուցաբերվող լայնածավալ աջակցությանը և 2024 թ. օգոստոսին ուկրաինական զինված ուժերի ներխուժմանը Կուրսկ, այնուամենայնիվ, Ուկրաինայի հեռանկարները այս ռազմական հակամարտության համատեքստում այնքան էլ մեծ չեն։ Խնդիրը առավելապես վերաբերում է երկրի ռազմական ներուժին։ Այս հարցում ամենամեծ խնդիրը թվաքանակն է։ Ինչպես նշվել էր, Ուկրաինայի բնակչությունը մինչև 2022 թ. հաշվվում էր շուրջ 40 մլն։ Պատերազմի հետևանքով շուրջ 10 մլն մարդ լքել է երկիրը՝ բնակչության թիվը հասցնելով 30 մլն-ի։ Սակայն այս թվից էլ պետք է հանել այն շրջանների բնակչությունը, որոնք պատերազմի հետևանքով անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ։ Կոպիտ հաշվարկով Ուկրաինայի ներկայիս բնակչության թվաքանակը գտնվում է 25-30 միլիոնի սահմաններում։ Նման թվաքանակով շուրջ 150 միլիոնանոց երկրի դեմ պատերազմելը բարդ է։ Սպառազինությունը, ռազմական տեխնիկան իրենց դերն ունեն, անշուշտ, սակայն դրանց հետ մեկտեղ մարդկային գործոնը, տվյալ պարագայում՝ թվաքանակը, չի դադարում կարևոր դեր խաղալ պատերազմներում։

Գնալով բարդանում է զորահավաքային գործը Ուկրաինայում։ Չնայած կիրառվող խստացումներին, որոնց թվում է զորահավաքային տարիքի իջեցումը, իշխանություններին մեծ դժվարությամբ է հաջողվում համալրել բանակի շարքերը։ Այս պարագայում, թեև արևմտյան երկրները կարող են շարունակել զենք մատակարարել Ուկրաինային, սակայն հարց է առաջանում, թե ով պետք է կռվի այդ զենքով։ Առանձին հարց է նաև նորագույն սպառազինություններին ուկրաինացի զինվորականների տիրապետման խնդիրը՝ կկարողանա՞ն ուկրաինացի զինվորականները կարճ ժամանակամիջոցում ձեռք բերել արևմտյան սպառազինությունների լավագույնս կիրառման հմտություններ։

Չնայած արևմտյան երկրների՝ Կիևին ՌԴ դեմ պատերազմում ցուցաբերվող ծավալուն ռազմատեխնիկական աջակցությանը, նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պարբերաբար իր դժգոհությունն է հնչեցնում Արևմուտքի նկատմամբ։ Եվ, առաջին հերթին, հենց սպառազինությունների հարցում։ Ըստ Վ. Զելենսկու՝ Արևմուտքը. ա) կամ չի մատակարարում այն զենքը, որն անհարժեշտ է Ուկրաինային (օրինակ՝ հակաօդային պաշտպանության համակարգեր), բ) կամ մատակարարում է, սակայն ոչ բավարար քանակությամբ, այնպիսի ծավալներով, որն անհրաժեշտ է Ռուսաստանի նման երկրի դեմ պատերազմում, գ) կամ մատակարարում է, սակայն սահմանափակումներ է դնում այդ սպառազինությունների կիրառման հարցում և այլն։ Օրինակ՝ 2024 թ. օգոստոսի 29-ին ԵՄ անդամ-երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան պահանջել է ԵՄ երկրներից չեղարկել զենքի կիրառման սահմանափակումները և թույլ տալ ուկրաինական բանակին թիրախավորելու ռուսական ռազմական կառույցները(22)։

Կարելի է ենթադրել, որ արևմտյան երկրների կողմից Ուկրաինային սպառազինությունների մատակարարման հարցում հապաղումների պատճառներից մեկն էլ այն է, որ դրանք կարող են ընկնել Ռուսաստանի ձեռքը։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանին կարող են հասու դառնալ արևմտյան տեխնոլոգիական գաղտնիքները։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակին, ապա այստեղ գլխավորը իշխանության հարցն է։ 2024 թ. մայիսին լրացել է նախագահ Զելենսկու պաշտոնավարման ժամկետը։ Քանի որ երկրում ռազմական դրություն է, ապա ո՛չ նախագահական, և ո՛չ էլ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվում։ Սահմանադրությամբ դրանք արգելվում են ռազմական դրության պայմաններում։

ՌԴ իշխանությունները Վոլոդիմիր Զելենսկուն այլևս օրինակարգ (լեգիտիմ) նախագահ չեն համարում՝ փաստարկելով, որ Ուկրաինայի սահմանադրությունը չի նախատեսում նախագահի լիազորությունների երկարաձգում նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։ Լիազորությունների երկարաձգում սահմանադրությամբ նախատեսված է միայն խորհրդարանի՝ Գերագույն ռադայի համար։ Քանի որ նախագահի պաշտոնը թափուր մնալու պարագայում նրա լիազորությունները, ըստ Ուկրաինայի սահմանադրության, իրականացնում է Խորհրդարանի նախագահը, ապա հենց նրան էլ (Ռուսլան Ստեֆանչուկ) ՌԴ-ն ներկայումս համարում է Ուկրաինայի լեգիտիմ առաջնորդ։

Իրավաբան չլինելով հանդերձ՝ կարծում ենք, որ այս հարցը որոշակիորեն առնչվում է ենթակայականությանը (սուբյեկտիվիզմ)։ Այսինքն՝ այն ավելի շատ մեկնաբանության կամ ընկալման հարց է։ Բանն այն է, որ Ուկրաինայի սահմանադրությունը թեև չի նախատեսում նախագահի լիազորությունների երկարաձգում, սակայն չի էլ արգելում դա։ Իսկ սահմանադրությունը որպես կանոն «սահման դնելու», այսինքն՝ ինչ-որ բան արգելելու համար է։ Այս տրամաբանությամբ՝ թույլատրվում է այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով (սահմանադրությամբ)։ Համենայն դեպս, արևմտյան երկրները որևէ խնդիր չեն տեսնում Վ. Զելենսկու կողմից Ուկրաինայի նախագահի լիազորությունները շարունակելու հարցում։ Այլ կերպ ասած՝ Արևմուտքի համար Զելենսկին շարունակում է մնալ իր երկրի օրինակարգ նախագահ։ Բացի Արևմուտքից, այլ երկրներ ևս, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, կարծես խնդիր չեն տեսնում Վ. Զելենսկու իշխանության օրինակարգության հարցում։ Այսպես, 2024 թ. օգոստոսի 24-ին թե՛ Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանը23), թե՛ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը(24) շնորհավորել են Վ. Զելենսկուն՝ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ։

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՎՐԱ

Հարավային Կովկասի վրա ուկրաինական հակամարտության ազդեցությունը առավելապես առնչվում է տարածաշրջանի երկրների արտաքին քաղաքական կողմնորոշման խնդրին։ Հակամարտության երկարաձգման և, մասնավորապես, Կուրսկի շրջան ուկրաինական զորքերի ներխուժման համապատկերին Հայաստանում էլ տեղի է ունենում արևմտամետ քաղաքական ուժերի աշխուժացում, ոգևորության աճ։ Ըստ վերջիններիս՝ Հայաստանի ապագան Արևմուտքի հետ է և պետք է հեռանալ Ռուսաստանից։

Իհարկե, աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցը միշտ էլ այժմեական է Հարավային Կովկասի երկրների համար։ Այդ հարցը, այնուամենայնիվ, իրականում այնքան էլ կախված չէ կամ շատ քիչ է կախված նրանց նախընտրություններից։ Այն ավելի շուտ պայմանավորված է ուժերի հարաբերակցությամբ՝ թե որ գերտերությունը գերակա դիրք կունենա տարածաշրջանում։

Ըստ այդմ էլ՝ այսօր Հարավային Կովկասի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը լուծվում է Ուկրաինայում։ Եթե Ռուսաստանը կարողանա հաղթանակի հասնել այնտեղ և իրականացնել Հատուկ ռազմական գործողության նպատակները, ապա Հարավային Կովկասն էլ կորցնելու է իր հետաքրքրությունն Արևմուտքի համար։ Երկրամասն առանձին վերցրած ռազմավարական կարևորություն չունի Արևմուտքի համար և, հետևաբար, ի՞նչ կարևորություն կարող են իրենցից ներկայացնել այդ տարածաշրջանի առանձին երկրները՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը։

Եթե Ռուսաստանը հաջողության հասնի Ուկրաինայում, ապա դա հանգեցնելու է. ա) նրա միջազգային հեղինակության և կշռի միանշանակ բարձրացմանը, բ) նրա անվիճելի գերակայության վերահաստատմանը ինչպես ողջ հետխորհրդային տարածքում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Այդ պարագայում Հարավային Կովկասի երկրների՝ անգամ ծայրահեղ արևմտամետ ուժերի կողմից ղեկավարվելու դեպքում դեպի Արևմուտք ընթացքը դառնալու է գրեթե անհնարին:

Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի և որպես դրա հետևանք՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի գերակայության վերահաստատման պարագայում ո՛չ Վրաստանը իր ավանդական եվրաատլանտյան կողմնորոշմամբ՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու անթաքույց ձգտմամբ (թեև վերջին շրջանում որոշակի ստվեր է նետվել Վրաստանի եվրաատլանտյան կողմնորոշման վրա), ո՛չ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոնի» իր այցեքարտով և ո՛չ էլ Ադրբեջանն իր տարատեսակ խաղերով չեն կարողանալու խուսափել ռուսական ազդեցությունից։

Քանի որ Հարավային Կովկասի ճակատագիրը այսօր վճռվում է Ուկրաինայում, այդ պատճառով էլ Ռուսաստանը բավականին հանգիստ է վերաբերվում այստեղ դրսևորվող հակառուսական տրամադրություններին։ Պաշտոնական Մոսկվան կա՛մ չի արձագանքում հակառուս հայտարարություններին ու քայլերին, կա՛մ էլ արձագանքում է շատ ցածր՝ հիմնականում արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մակարդակով։ Այն էլ՝ վերջինս անդրադառնում է Հարավային Կովկասի թեմաներին իր ամենշաբաթյա ճեպազրույցներում միայն այն ժամանակ, երբ նրան հարց է տրվում լրագրողների կողմից։ Նույն պատճառով է, որ Ռուսաստանը հանգիստ վերաբերվեց 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը»։ Հետևաբար, Մոսկվան իր ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացրել է ուկրաինական ուղղությամբ, քանի որ այնտեղ հաջողության պարագայում ինքնաբերաբար կլուծվեն նաև մյուս հարցերը։

Իսկ հավանականությունը, որ Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայում, զգալիորեն պահպանվում է, չնայած հակամարտության ձգձգմանը և բարդացմանը։ Ճիշտ է, հաղթանակը հեշտ չի տրվում Ռուսաստանին, ռազմական գործողությունները չեն ընթանում իրենց գծած կամ իրենց համար ցանկալի սցենարով, այնուամենայնիվ, թեկուզ դանդաղ տեմպերով և մեծ զոհողությունների ու կորուստների գնով, Մոսկվան կարողանում է իրականացնել Հատուկ ռազմական գործողության նպատակները։

Անհրաժեշտ է արձանագրել, որ Մոսկվան տրամադրված է երկարատև պատերազմի, և ո՛չ Արևմուտքի գնալով աճող օգնության ծավալները Ուկրաինային, ո՛չ էլ հակառուսական պատժամիջոցները չեն շեղում ՌԴ-ին իր նպատակներից: Այստեղ առկա է նաև երկարատև ռազմական գործողություններ վարելու պետության փորձն ու հանրության պատրաստականությունը: Ի վերջո, առաջին անգամ չէ, որ Ռուսաստանը երկարատև պատերազմի մեջ է մտնում, և պատմության մեջ բազում են այդպիսի դեպքերը։ Օրինակ, Հյուսիսային պատերազմը 18-րդ դարի սկզբին, որը տևեց շուրջ 20 տարի։ Սկզբում հաղթում էին շվեդները, բայց հետո հաղթեցին ռուսները։ Հիշենք նաև նապոլեոնյան պատերազմը, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, որոնցում սկզբում հաղթում էին Ռուսաստանի հակառակորդները։ Այսօր ևս Ռուսաստանը, կարծես, նմանատիպ պատմական բարդ ու վճռորոշ փուլով է անցնում։ Պատահական չէ, որ ներկայումս Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները Ռուսաստանում ընկալվում են որպես մի նոր՝ նապոլեոնյան պատերազմից և 1941-1945 թթ-ից հետո սկիզբ առած երրորդ Հայրենական մեծ պատերազմ։

Հարավային Կովկասի վրա ուկրաինական հակամարտության ազդեցության տեսանկյունից կա ևս մի կարևոր գործոն, որի վրա արժե ուշադրություն դարձնել։ Որքան ձգձգվի ռուս-ուկրաինական պատերազմը, որքան դժվարանա ճգնաժամի հանգուցալուծումը և որքան բարդանա իրավիճակը հակամարտող կողմերի համար, այնքան մեծանալու է Թուրքիայի և Ադրբեջանի «արժեքը» ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Արևմուտքի համար։ Ուկրաինական ճգնաժամի համատեքստում Ռուսաստանի համար Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունները կարևորվում են արևմտյան պատժամիջոցների շրջանցման տեսակետից։ Հատկապես Թուրքիայի միջոցով Մոսկվան կարողանում է հասանելիություն ունենալ իր համար արգելված արևմտյան տեխնոլոգիաներին։

Այս մասին է վկայում թեկուզ վերջերս տեղի ունեցած դիվանագիտական սկանդալը Վաշինգտոնի և Անկարայի միջև։ ԱՄՆ-ի առևտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելրոդը, ով գլխավորում է զգայուն տեխնոլոգիաները հակառակորդների հասանելիությունից զերծ պահելու ուղղությամբ գործադրվող ջանքերը, անօրինական առևտրի դադարեցման ջանքերի շրջանակներում 2024 թ. օգոստոսի սկզբին Անկարայում և Ստամբուլում հանդիպումներ է ունեցել համապատասխան թուրք պաշտոնյաների հետ։ Նրա ուղերձն այն էր, որ Անկարան պետք է ավելի շատ ջանք գործադրի՝ ուկրաինական պատերազմի համատեքստում Ռուսաստանի համար առանցքային համարվող ամերիկյան ծագման չիպերի և այլ պահեստամասերի առևտուրը դադարեցնելու ուղղությամբ։ «Մեզ անհրաժեշտ է, որ Թուրքիան օգնի և կասեցնի ամերիկյան տեխնոլոգիաների ապօրինի հոսքը դեպի Ռուսաստան։ Մենք պետք է արագ առաջընթաց տեսնենք թուրքական իշխանությունների և արդյունաբերության կողմից։ Հակառակ պարագայում մենք այլ ելք չենք ունենա, քան սահմանափակումներ դնել այն ընկերությունների վրա, որոնք շրջանցում են մեր հսկողությունը», – նշել է պաշտոնյան։ ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունն արդեն պատժամիջոցների ցանկ է մտցրել Ռուսաստանին ամերիկյան ապրանքներ մատակարարած 18 թուրքական ընկերություն(25)։

Արևմուտքի համար էլ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Թուրքիան կարևորվում է որպես ՆԱՏՕ-ի գծով դաշնակից, իսկ Ադրբեջանը՝ որպես էներգակիրների մատակարար երկիր։ 2024 թ. օգոստոսի 29-ին տեղի ունեցած ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ բրյուսելյան այս համաժողովը կարևոր էր ԵՄ-ի հետ հարաբերություններին նոր շունչ հաղորդելու առումով։ Թուրք դիվանագետը դրական է գնահատել համաժողովին մասնակցելու Անկարային ուղարկված հրավերը և նշել, որ շուրջ երկու ժամ տևած հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են ԵՄ–Թուրքիա հարաբերություններն ու դրանց դերը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներում։ Նախարարի խոսքերով՝ ԵՄ գրեթե բոլոր գործընկերները շեշտել են բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության, անվտանգային և պաշտպանական քաղաքականության ոլորտներում Թուրքիայի հետ կանոնավոր երկխոսության և խորհրդակցությունների շարունակականության անհրաժեշտությունը։ ԵՄ բոլոր գործընկերները միաժամանակ ընդգծել են Անկարայի կարևոր դերը ռուս-ուկրաինական հակամարտության մեջ (ընդգծումը մերն է Վ.Հ.), Գազայի պատերազմում, ինչպես նաև Սիրիայում, Իրաքում, առհասարակ՝ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում(26)։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա պատահական չէ, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացել են ադրբեջանական գազի մատակարարման ծավալները Եվրոպա(27)։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես ցանկացած ճգնաժամ, ռուս-ուկրաինական հակամարտությունն էլ ծնում է բազմաթիվ մարտահրավերներ, բայց և միաժամանակ ընձեռում է որոշակի հնարավորություններ, որոնց ճիշտ օգտագործումը կարող է բարերար ազդեցություն ունենալ Հայաստանի համար։

Մարտահրավերներ

Ռուս-ուկրաինական հակամարտության ձգձգման պարագայում Թուրքիայի և Ադրբեջանի միջազգային դերի բարձրացումը որոշակիորեն մարտահրավեր է Հայաստանի համար, քանի որ վերջիններս այնպիսի պետություններ են, որոնք «էժան չեն ծախում» իրենց բարեկամությունը որևէ մեկին։ Երբ իրենց կարևորությունը մեծանում է այս կամ այն տերության կամ ուժային բևեռի համար, նրանք փորձում են առավելագույնը ստանալ դրա դիմաց։ Այս պարագայում էլ մեծ է հավանականությունը, որ թե Ռուսաստանի, թե Արևմուտքի կողմից՝ հանուն Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամության, կրկին զոհասեղանին կդրվեն հայկական շահերը։

Ռուս-ուկրաինական պատերազմի ձգձգումը և հետագա թեժացումը խնդիրներ է ստեղծելու Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող հայաստանցիների համար։ Ռուսաստանում խստացվում է ներգաղթին առնչվող օրենսդրությունը։ Այդ երկիր աշխատանքի մեկնողները ենթարկվում են տարատեսակ փորձությունների։ Սա որոշակի տնտեսական և սոցիալական խնդիրներ կարող է ստեղծել Հայաստանի համար՝ հաշվի առնելով ամեն տարի ՌԴ-ից ՀՀ կատարվող մեծաքանակ դրամական փոխանցումները, որոնք կատարվում են արտագնա աշխատանքի մեկնողների կողմից։

Նկատի ունենալով թե՛ Ռուսաստանում, թե՛ Ուկրաինայում ստվարաթիվ հայ համայնքների(28) առկայությունը՝ պատերազմի հետագա թեժացումը և աշխարհագրական ընդլայնումը կարող է էլ ավելի մեծ վտանգի տակ դնել վերջիններիս անվտանգությունը։ Այս համատեքստում հնարավոր է նաև տարերային հայրենադարձության նոր զանգվածային ալիք, որին Հայաստանը, ինչպես նախորդ ալիքների (ադրբեջանահայության, սիրիահայության և այլն) և արցախցիների բռնագաղթի դեպքում, նախօրոք պատրաստ չէ(29)։

Պատերազմի հետագա թեժացումն ու աշխարհագրական ընդլայնումը կարող է պատճառ դառնալ նաև թե՛ ՌԴ-ից, և թե՛ Ուկրաինայից մեծաքանակ փախստականների հոսքին ՀՀ՝ լրացուցիչ տնտեսական և սոցիալական խնդիրներ ստեղծելով վերջինիս համար։ Այստեղ խոսքը ոչ թե գաղթականների (ռելոկանտներ), այլ, հատկապես, փախստականների մասին է։

Նկատի ունենալով ՀՀ և ՌԴ տնտեսական կապակցվածությունը, մասնավորապես այն, որ ՀՀ արտահանման հիմնական շուկան ՌԴ-ն է, հակամարտության հետագա թեժացումը և աշխարհագրական ընդլայնումը հայկական կողմի համար խնդիրներ կստեղծի դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման համար։ Իսկ դա բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսության վրա։

Նկատի ունենալով, որ առաջին անհրաժեշտության ապրանքների (մթերք, դեղորայք, վառելիք) գերակշիռ մասը Հայաստան է ներկրվում ՌԴ-ից, ռուս-ուկրաինական պատերազմի հետագա թեժացումը և աշխարհագրական ընդլայնումը կարող է խոչընդներ հարուցել այդ ապրանքների մատակարարման համար՝ առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս առաջացնելով մեր երկրում։

Վերջապես, պատերազմի հետագա թեժացումն ու աշխարհագրական ընդլայնումը մեծացնում է միջուկային զենքի կիրառման հավանականությունը։ Իսկ դա կհանգեցնի եթե ոչ համաշխարհային, ապա՝ տարածաշրջանային աղետի։ Իսկ Հայաստանը շատ էլ հեռու չէ Ռուսաստանից։

Հնարավորություններ

  • Առաջին անհրաժեշտության ապրանքների հնարավոր պակասը, արտահանման հետ կապված հնարավոր բարդությունները կարող են հարկադրել ՀՀ իշխանություններին բազմազանեցնել ՀՀ տնտեսական փոխհարաբերությունները, մասնավորապես՝ գտնել արտահանման և ներմուծման նոր շուկաներ։
  • Հնարավոր տարերային հայրենադարձությունը ՌԴ-ից և Ուկրաինայից, ստեղծելով որոշակի տնտեսական և ընկերային խնդիրներ, այնուամենայնիվ, հնարավորություն է բարելավելու ՀՀ ժողովրդագրական վիճակը և փոխհատուցելու շարունակվող արտագաղթի հետևանքները։ Այս հարցում չափանզանց կարևոր է պետության քաղաքականությունը տարերային հայրենադարձների նկատմամբ՝ հիմնված ժամանակին ադրբեջանահայության, սիրիահայության, իրաքահայության տարերային հայրենադարձության, ինչպես նաև արցախցիների բռնագաղթի փորձի վրա։ Մասնավորապես, չափազանց կարևոր է այնպիսի քաղաքականության մշակումն ու իրականացումը, որպեսզի ՌԴ-ից և Ուկրաինայից ՀՀ եկած հայերը երկիրը չդիտարկեն որպես ժամանակավոր ապաստան այլ երկիր տեղափոխվելու համար, այլ վերջնականապես հաստատվեն Հայաստանում։
  • Ինչպես ցույց է տվել փորձը, ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով մեծ թվով ռուսների և ուկրաինացիների ժամանումը Հայաստան դրական առումով բավականին լուրջ ազդեցություն ունեցավ երկրի, մասնավորապես, տնտեսության վրա։ Հակամարտության հետագա թեժացումը և աշխարհագրական ընդլայնումը մեծացնում է ռուսների և ուկրաինացիների նոր հոսքի հնարավորությունը։ Իսկ վերջիններս, հիմնականում, որակյալ մարդկային ներուժ են և բարձրորակ կադրեր ամենատարբեր բնագավառներում։ Նրանք, միաժամանակ, բավականին դյուրին են համարկվում (ինտեգրվում) հայ հասարակությանը։ Արդ, Հայաստան ժամանող ռուսների և ուկրաինացիների պարագայում էլ հարկ է մշակել և իրականացնել այնպիսի ռազմավարություն, որպեսզի նրանք ՀՀ-ն չդիտեն որպես անցումային երկիր այլ պետություն տեղափոխվելու համար, այլ գոնե միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում մնան և գործեն այստեղ։ Բացի տնտեսության վրա բարերար ազդեցությունից, ռուսների և ուկրաինացիների հաստատումը Հայաստանում որոշակի առումով դրական դեր է խաղում նաև երկրի ժողովրդագրական պատկերի համար։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, Տիգրան Մեծ հրատարակչություն, 2003, էջ 457-505, 587-612
  2. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12, Երևան, 1986, էջ 214, 215
  3. Հովյան Վ., Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներն արդի փուլում. հայրենադարձության խնդիրը, 21-րդ դար, թիվ 4, 2017, էջ 97-115
  4. Փաշինյանը շնորհավորել է Զելենսկուն անկախության օրվա առթիվ, լուր, 24.08.2024, https://news.am/arm/news/839273.html
  5. Бжезинский об Украине. Главные цитаты за 20 лет, լուր, 05.2017, https://korrespondent.net/world/3855983-bzhezynskyi-ob-ukrayne-hlavnye-tsytaty-za-20-let
  6. Борьба воли и логистики. Зима будет тяжелой, мы видим, что идет война на истощение — генсек НАТО, լուր, 23.08.2022, https://nv.ua/world/geopolitics/gensek-nato-ocenil-hod-voyny-i-rasskazal-kakoy-budet-zima-novosti-ukrainy-50265109.html
  7. Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, 28.08.2024 г., ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://www.mid.ru/ru/foreignpolicy/ news/1966922/
  8. Вступительное слово Министра иностранных дел России С.В.Лаврова на заседании Делового совета при Министре иностранных дел Российской Федерации, Москва, 13.09.2022 г., ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://mid.ru/ru/foreignpolicy/news/1829675/
  9. Выступление и ответы на вопросы Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова в ходе встречи с участниками просветительского марафона «Знание», Москва, 31.08.2022 г., ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://mid.ru/ru/foreignpolicy/news/1827982/
  10. Выступление и ответы на вопросы СМИ Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова по итогам переговоров с Министром африканской интеграции и иностранных дел Республики Сенегал Я.Фалл, Москва, 08.2024 г., ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://www.mid.ru/ru/foreignpolicy/news/1967072/
  11. ЕС отправил Украине 1,4 миллиарда евро из доходов от российских активов, լուր, 29.08.2024, https://ria.ru/20240829/ukraina-1969133760.html.
  12. Концепция внешней политики Российской Федерации (утверждена Президентом Российской Федерации В.В.Путиным 31 марта 2023 г.), ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://www.mid.ru/ru/detail-material-page/1860586/
  13. Неформальная встреча глав МИД ЕС и Украины не в Будапеште, а в Брюсселе – однозначный сигнал Орбану, լուր, 08.2024, https://www.polskieradio.pl/397/9770/artykul/3419201
  14. Обёрн Д., Азербайджан подтвердил планы удвоить экспорт газа в Европу, 19.12.2023, հոդված, https://russian.eurasianet.org/азербайджан-подтвердил-планы-удвоить-экспорт-газа-в-европу
  15. Обращение Президента Российской Федерации, 21.02.2022, ՌԴ նախագահի պաշտոնական կայք, http://kremlin.ru/events/president/news/67828
  16. Обращение Президента Российской Федерации, 24.02.2022, ՌԴ նախագահի պաշտոնական կայք, http://kremlin.ru/events/president/news/67843
  17. Ответ Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова на вопрос программы «Москва. Кремль. Путин», Баку, 19.08.2024 г., ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://www.mid.ru/ru/foreignpolicy/news/1966015/
  18. Черныш О., Украинские войска уже месяц удерживают часть Курской области. Что дальше?, հոդված, 06.09.2024, https://www.bbc.com/russian/articles/cvg4x9nrx1zo
  19. Что Збигнев Бжезинский говорил о России, լուր,05.2017, https://www.kommersant.ru/ doc/3310793
  20. Baccini F., EU Commission: Kyiv has “the right” to strike the Russian army “even in the enemy’s territory”, լուր, 09.08.2024, https://www.eunews.it/en/2024/08/09/eu-commission-ukraine-kursk-russia/
  21. Biden Says Ukraine Incursion ‘Real Dilemma For Putin’, լուր, 13.08.2024, https://www.barrons.com/news/biden-says-ukraine-incursion-real-dilemma-for-putin-90d83150
  22. EU ‘fully supports’ Ukrainian attack on Kursk – Borrell, լուր, 13.08.2024, https://www.rt.com/russia/602583-borell-support-ukraine-kursk/
  23. President Ilham Aliyev: Azerbaijan and Ukraine share a strong bond of friendship rooted in rich traditions, լուր, 24.08.2024, https://en.apa.az/official-news/president-ilham-aliyev-azerbaijan-and-ukraine-share-a-strong-bond-of-friendship-rooted-in-rich-traditions-446117
  24. Revival of Türkiye-EU relations benefits everyone: FM Fidan, լուր, 29.08.2024, https://www.dailysabah.com/politics/diplomacy/revival-of-turkiye-eu-relations-benefits-everyone-fm-fidan
  25. US warns Turkiye of ‘consequences’ over military trade with Russia, լուր, 07.08.2024, https://thecradle.co/articles-id/26305

(1) Քաղաքագետ, սփյուռքագետ, 1999–2005 թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում։ 2006-2019 թթ. աշխատել է «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնում՝ որպես փորձագետ, ապա՝ ավագ փորձագետ։ 2012–2019 թթ. եղել է նաև «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղարը։ 2019–2021 թթ. աշխատել է «Օրբելի» վերլուծական կենտրոնում՝ որպես փորձագետ։ 2022 թ.-ից՝ որպես դասախոս, աշխատում է ՀՊՏՀ Հասարակագիտության ամբիոնում։

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 14.09.2024 թ։

(3) Տե՛ս Бжезинский об Украине. Главные цитаты за 20 лет, լուր, 27.05.2017, https://korrespondent.net/world/3855983-bzhezynskyi-ob-ukrayne-hlavnye-tsytaty-za-20-let (բեռնման օրը՝ 30.08.2024); Что Збигнев Бжезинский говорил о России, լուր, 27.05.2017, https://www.kommersant.ru/doc/3310793 (բեռնման օրը՝ 30.08.2024)

(4) Տե՛ս Концепция внешней политики Российской Федерации (утверждена Президентом Российской Федерации В.В.Путиным 31 марта 2023 г.), ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://www.mid.ru/ru/detail-material-page/1860586/ (բեռնման օրը՝ 30.08.2024)

(5) Выступление и ответы на вопросы СМИ Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова по итогам переговоров с Министром африканской интеграции и иностранных дел Республики Сенегал Я.Фалл, Москва, 29.08.2024 г., ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://www.mid.ru/ru/foreignpolicy/news/1967072/ (բեռնման օրը՝ 30.08.2024).

(6) Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12, Երևան, 1986, էջ 214։

(7) Նույն տեղում։

(8) Обращение Президента Российской Федерации, 21.02.2022, ՌԴ նախագահի պաշտոնական կայք, http://kremlin.ru/events/president/news/67828 (բեռնման օրը՝ 05.09.2022); Խնդրի մասին տե՛ս նաև՝ Обращение Президента Российской Федерации, 24.02.2022, ՌԴ նախագահի պաշտոնական կայք, http://kremlin.ru/events/president/news/67843 (բեռնման օրը՝ 05.09.2022).

(9) Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12, Երևան, 1986, էջ 215։

(10) Նույն տեղում, էջ 214։

(11) US warns Turkiye of ‘consequences’ over military trade with Russia, լուր, 07.08.2024, https://thecradle.co/articles-id/26305 (բեռնման օրը՝ 07.09.2024).

(12) ЕС отправил Украине 1,4 миллиарда евро из доходов от российских активов, լուր, 29.08.2024, https://ria.ru/20240829/ukraina-1969133760.html (բեռնման օրը՝ 07.09.2024).

(13) Տե՛ս Черныш О., Украинские войска уже месяц удерживают часть Курской области. Что дальше?, հոդված, 06.09.2024, https://www.bbc.com/russian/articles/cvg4x9nrx1zo (բեռնման օրը՝ 07.09.2024).

(14) Տե՛ս Ответ Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова на вопрос программы «Москва. Кремль. Путин», Баку, 19 августа 2024 года, 19.08.2024, ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://www.mid.ru/ru/foreignpolicy/news/1966015/ (բեռնման օրը՝ 30.08.2024).

(15) Baccini F., EU Commission: Kyiv has “the right” to strike the Russian army “even in the enemy’s territory”, լուր, 09.08.2024, https://www.eunews.it/en/2024/08/09/eu-commission-ukraine-kursk-russia/ (բեռնման օրը՝ 07.09.2024).

(16) EU ‘fully supports’ Ukrainian attack on Kursk – Borrell, լուր, 13.08.2024, https://www.rt.com/russia/602583-borell-support-ukraine-kursk/ (բեռնման օրը՝ 07.09.2024).

(17) Biden Says Ukraine Incursion ‘Real Dilemma For Putin’, լուր, 13.08.2024, https://www.barrons.com/news/biden-says-ukraine-incursion-real-dilemma-for-putin-90d83150 (բեռնման օրը՝ 07.09.2024).

(18) Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, Москва, 28.08.2024 г., ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://www.mid.ru/ru/foreignpolicy/news/1966922/ (բեռնման օրը՝ 30.08.2024).

(19) Борьба воли и логистики. Зима будет тяжелой, мы видим, что идет война на истощение — генсек НАТО, լուր, 23.08.2022, https://nv.ua/world/geopolitics/gensek-nato-ocenil-hod-voyny-i-rasskazal-kakoy-budet-zima-novosti-ukrainy-50265109.html (բեռնման օրը՝ 07.09.2024).

(20) Вступительное слово Министра иностранных дел России С.В.Лаврова на заседании Делового совета при Министре иностранных дел Российской Федерации, Москва, 13.09.2022 г., ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://mid.ru/ru/foreignpolicy/news/1829675/ (բեռնման օրը՝ 30.08.2024).

(21) Выступление и ответы на вопросы Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова в ходе встречи с участниками просветительского марафона «Знание», Москва, 31.08.2022 г., ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայք, https://mid.ru/ru/foreignpolicy/news/1827982/ (բեռնման օրը՝ 30.08.2024).

(22) Неформальная встреча глав МИД ЕС и Украины не в Будапеште, а в Брюсселе – однозначный сигнал Орбану, լուր, 29.08.2024, https://www.polskieradio.pl/397/9770/artykul/3419201 (բեռնման օրը՝ 07.09.2024).

(23) Տե՛ս Փաշինյանը շնորհավորել է Զելենսկուն անկախության օրվա առթիվ, լուր, 24.08.2024, https://news.am/arm/news/839273.html (բեռնման օրը՝ 07.09.2024)։

(24) Տե՛ս President Ilham Aliyev: Azerbaijan and Ukraine share a strong bond of friendship rooted in rich traditions, լուր, 24.08.2024, https://en.apa.az/official-news/president-ilham-aliyev-azerbaijan-and-ukraine-share-a-strong-bond-of-friendship-rooted-in-rich-traditions-446117 (բեռնման օրը՝ 07.09.2024).

(25) US warns Turkiye of ‘consequences’ over military trade with Russia, լուր, 07.08.2024, https://thecradle.co/articles-id/26305 (բեռնման օրը՝ 07.09.2024).

(26) Revival of Türkiye-EU relations benefits everyone: FM Fidan, լուր, 29.08.2024, https://www.dailysabah.com/politics/diplomacy/revival-of-turkiye-eu-relations-benefits-everyone-fm-fidan (բեռնման օրը՝ 07.09.2024).

(27) Տես, օրինակ, Обёрн Д., Азербайджан подтвердил планы удвоить экспорт газа в Европу, հոդված, 19.12.2023, https://russian.eurasianet.org/азербайджан-подтвердил-планы-удвоить-экспорт-газа-в-европу (բեռնման օրը՝ 07.09.2024).

(28) Տե՛ս «Հայ սփյուռք» հանրագիտարան, Եր., Տիգրան Մեծ հրատարակչություն, 2003, էջ 457-505, 587-612։

(29) Խնդրի մասին մանրամասն տե՛ս Հովյան Վ., Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներն արդի փուլում. հայրենադարձության խնդիրը, 21-րդ դար, թիվ 4, 2017, էջ 97-115։