Ն. Փաշինյանի և Ա. Փաշազադեի արշավներն ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու

Փորձագետի մեկնաբանություն, 22.06.2025 թ.(1)
Էդուարդ Բ. Աթանեսյան
Մի շարք իրադարձությունների համադրումը վկայում է, որ Սուրբ Էջմիածնի դեմ Հայաստանի քաղաքական իշխանությունների սանձազերծած արշավը կապված չէ Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատճառների հետ, որոնք, իբր, դրդել են նրան Եկեղեցին «մաքրել» անբարեպաշտ սպասավորներից և «վերադարձնել ժողովրդին»։
Դժվար է չնկատել ՀՀ վարչապետի նախաձեռնության ժամանակագրական կապը Հայ Առաքելական Եկեղեցու՝ արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հայկական պատմական և քաղաքակրթական ժառանգության պահպանման և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ Բաքվի հավակնոտ ծրագրերի կանխման գործառույթները հնարավորինս իր վրա վերցնելու փորձերի հետ։ Ակնհայտ է, որ Ն. Փաշինյանը Եկեղեցու նմանատիպ ակտիվացմանմեջ վտանգ է տեսնում սեփական իշխանության և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ռազմավարական ուղեգծի համար: Եկեղեցին, իշխող թիմի կարծիքով, այդպիսով իսկ դուրս է եկել ապաքաղաքականության շրջանակներից, և քանի որ ՀՀ-ն Սահմանադրությամբ և կացութաձևով աշխարհիկ պետություն է, ուստի իշխանությունը մտադրվել է Սբ. Էջմիածնի արգելված «արտաքին քաղաքականության» աշխուժացմանը հակազդելու համար իրականացնել հակաքայլ՝ նախաձեռնելով հոգևոր հովիվների փաստացի լյուստրացիա և Հայ Եկեղեցու Վեհափառ Հայրապետի ընտրության կանոնների վերակազմում։
Թվարկելով այն պատճառները, որոնք իրեն այդ քայլին են դրդել, Ն.Փաշինյանը հանրությանը չի բացահայտում իր իրական շարժառիթների ամբողջական պատկերը և, հիմնականում, դիմում է հոգևոր, էթիկական և բարոյական բնույթի փաստարկների: Իսկ ամենից շատ նա խուսափում է խոստովանել, որ Սուրբ Էջմիածինն իր գործողություններով վնասում է Ադրբեջանի հետ «խաղաղության գործընթացին»՝ միջազգային մակարդակում բաց պահելով «Արցախյան հարցի» օրակարգը և պահանջելով քաղաքական գնահատականներ ու հետագա իրավական որոշումներ։ Մինչդեռ մի շարք իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը լույս է սփռում Հայաստանում իշխանություն–եկեղեցի փոխհարաբերությունների ճգնաժամի քաղաքական պատճառների վրա:
2025 թ. մայիսի վերջին Շվեյցարիայի Բեռն քաղաքում Ս. Էջմիածնի նախաձեռնությամբ մեկնարկեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) միջազգային համաժողովը՝ «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախ/Լեռնային Ղարաբաղում» խորագրով: Օրհնությամբ և ուղերձով սկսելով իր բացման խոսքը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը քննադատել է Ադրբեջանին՝ Թուրքիայի աջակցությամբ Արցախում պատերազմ և էթնիկ զտումներ սանձազերծելու, հայկական երկրորդ պետության պատանդ պահվող ղեկավարների նկատմամբ ապօրինի դատավարություններ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղի հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու ու յուրացնելու համար: Վեհափառի ուղերձները միանշանակ էին. Արցախի հարցը չի կարող փակվել, և միջազգային հանրությունը պարտավոր է արդար մոտեցում և մեխանիզմներ մշակել՝ ապահովելու բռնի տեղահանված արցախահայության իրավունքներն ու արժանապատիվ կյանքն իր հայրենիքում:
Բեռնի համաժողովը նշանակալի իրադարձություն էր ոչ միայն քրիստոնեական եկեղեցիների գործունեության համատեքստում, այլև ուներ քաղաքական հնչեղություն, ինչի վրա, ըստ էության, հույս էր դրել Հայ Առաքելական Եկեղեցին: Իհարկե, Ադրբեջանում չէին կարող չիմանալ դրա անցկացման նախապատրաստական աշխատանքների և այդ միջոցառման մասնակիցների կողմից քննարկման ենթակա հարցերի շրջանակի մասին։ Ուստի, կարելի է ենթադրել, որ Շվեյցարիայում քրիստոնեական եկեղեցիների միջոցառման բացումից ուղիղ մեկ շաբաթ առաջ Բաքվումմիտումնավոր կերպով կազմակերպել են Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) ղազիների խորհրդի նիստը, որպեսզի ստվեր նետեն Սբ. Էջմիածնի բարեհաջող աշխատանքի վրա՝ միջազգային օրակարգում Ղարաբաղյան հիմնախնդրի ամրապնդելու հարցում։ Հիշեցնենք, որ վերոնշյալ նիստում, որը տեղի է ունեցել 22.05.2025թ., ԿՄՎ-ի ղեկավար Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել Էր, որ Հայ եկեղեցին սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, ատելություն, ծայրահեղականություն և ռևանշիզմ է հրահրում իր հոտի շրջանում: Ղազիների խորհրդի նիստում հայտարարվել է նաև «Իրևանի ղազիաթի» գործունեությունը վերսկսելու մասին, որի ղեկավար է ընտրվել ոմն Բախտիյար Նաջաֆովը:
Մինչդեռ, Բեռնում համաժողովի մեկնարկից երկու օր առաջ վարչապետ Ն. Փաշինյանն իր հերթին տվեց ՀԱԵ-ի դեմ արշավի մեկնարկը՝ աչքի ընկնելով «եկեղեցիների չուլանացման» մասին աղմկահարույց արտահայտությամբ: Հատկանշական է, որ նա որևէ կերպ չարձագանքեց Ա. Փաշազադեի էապես ծայրահեղական հայտարարություններին, առավել ևս, որ Շեյխ-ուլ-Իսլամի արտահայտությունները վերաբերում էին ոչ թե ՀԱԵ-ի գերագույն հոգևոր դասին, այլ հայկական կրոնական հաստատությանն ընդհանրապես, Հայ եկեղեցուն որպես այդպիսին, որի հետևորդ է իրեն համարում Հայաստանի վարչապետը, և որի սրբության պահպանման համար նա, իբր, մտադիր է պայքար մղել։
Այնուհետև, 06.06.2025 թ., ԿՄՎ ղեկավարը ևս մեկ հայտարարություն արեց լրատվամիջոցների համար՝ նշելով, որ ինքը ցանկություն չունի հանդիպելու Հայ եկեղեցու առաջնորդի հետ այն պատճառով, որ Գարեգին Բ-ն «մտել է քաղաքականություն», որը, իբր, անհարիր է հոգևոր հովվի կարգավիճակին և իրական պարտականություններին: Այս խոսքերը հնչեցին Հայաստանի իշխանամետ ԶԼՄ-ներում արդեն լայնորեն ծավալված արշավին համահունչ, որոնք Սբ. Էջմիածնին մեղադրում էին քաղաքականացման և պետական գործերին միջամտելու մեջ:
Մեկ այլ ուշագրավ իրադարձություն, որը համընկավ Հայաստանի իշխանությունների և ՀԱԵ-ի փոխհարաբերությունների ճգնաժամի և ԿՄՎ կողմից հակահայ հռետորաբանության աշխուժացման հետ, Ադրբեջանում կրոնական ազատությունների իրավիճակի մասին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) ընդունած փաստաթղթի հրապարակումն էր: Հանձնաժողովն՝ հիմնվելով ընթացիկ տարվա փետրվարից մեկնարկած փաստահավաք աշխատանքների վրա արձանագրել է, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ և կրոնական հետապնդումներ է իրականացրել արցախահայության նկատմամբ և այժմ փորձեր է ձեռնարկում «ջնջելու Հայաստանի պատմական ներկայությունը Ղարաբաղում»: USCIRF-ն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարական այն կառույցների դեմ, որոնք ներգրավված են կրոնական ազատության լուրջ խախտումների մեջ: Հանձնաժողովի նախագահ Վիկի Հարթցլերի խոսքով՝ քանի դեռ Ադրբեջանն անհրաժեշտ բարեփոխումներ չի կատարել և պատասխանատվության չի ենթարկել նրանց, ովքեր ձերբակալում և տանջում են մարդկանց իրենց կրոնական ազատության իրավունքի խաղաղ իրականացման համար, ԱՄՆ-ի կառավարությունը պարտավոր է օգտագործել իր պատժամիջոցների մեխանիզմը: Հատկանշական է այն հանգամանքը, որ առաջին անգամ հանձնաժողովի անդամներն ԱՄՆ-ի իշխանություններին կոչ են արել առաջին հերթին ուշադրությունը սևեռել հայերի վրա, չնայած Ադրբեջանում նույնպես խախտվում են մահմեդականների իրավունքները: Հանձնաժողովի անդամ Մուհամմադ Էլսանուսին առաջարկել է մշակել մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան Լեռնային Ղարաբաղից վտարված հայերին ուխտագնացություն կատարել դեպի իրենց հայրենի սրբավայրերն ու գերեզմանները:
Դրանով իսկ, USCIRF-ի եզրակացությունը և ԱՄՆ-ի կառավարությանը նրա հանձնարարականներն ուղղակիորեն արձագանքում են Շվեյցարիայում կայացած եկեղեցական համաժողովի օրակարգին և իր բացման խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հնչեցրած թեզերին: Դրանք համապատասխանում են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և, մասնավորապես, Freedom House-ի բազմաթիվ զեկույցներին, որոնց վերջին զեկույցում (11.11.2024թ․) Ադրբեջանը մեղադրվում է Արցախի հայ բնակչության պայմանական/конвенциональныe իրավունքների և դավանանքի ազատության խախտման մեջ։
Բնականաբար, այս իրավիճակը ձեռնտու չէ Բաքվին, որը հիշյալ իրադարձություններում տեսնում է միջազգային օրակարգում Ղարաբաղյան հարցը բաց պահելու փոխկապակցվածություն ու միտումներ։ «Ղարաբաղյան փաթեթը» փակված չէ, և այդ իրողությունը, ինչպես կարծում են Ադրբեջանում, չէր կարող տեղի ունենալ առանց Հայաստանից փոխանցվող ուժեղ ազդակների։ ՀՀ կառավարությունն ու Ն. Փաշինյանը միանշանակ նման նախաձեռնությունների փոխանցողները չեն, իսկ քաղաքական ընդդիմությունը, նույնիսկ շարժառիթի առկայության դեպքում, չունի անհրաժեշտ ռեսուրսներ՝ նման գործընթացներ սկսելու համար: Միակ հաստատությունը, որը հնարավորություն ունի Ղարաբաղյան հարցի համատեքստում ազդելու միջազգային և, մասնավորապես, Արևմտյան իրավիճակի վրա, Եկեղեցին է, որը զգալի չափով ստանձնել է հայկական սփյուռքի կառույցների և լոբբիստական կազմակերպությունների աշխատանքների համակարգումը՝ միջազգային ասպարեզում արցախահայերի խնդիրների և նրանց իրավունքների արդիականացման ուղղությամբ։
Իր հերթին՝ Արևմուտքը, բացի սեփական հողից բռնի տեղահանված և հոգևոր-պատմական սրբավայրերից զրկված 150.000 հայերի համար արդարության հաստատման հնչեցվող մտադրություններից, կարող է ունենալ ղարաբաղյան օրակարգին սատարելու սեփական դրդապատճառները։ Ի թիվս այլքի, «Ղարաբաղյան խաղաքարտն» արևմտյան ուժային կենտրոնների համար կարող է արժեք ներկայացնել ալիևյան ռեժիմի վրա ազդեցության լծակներ ցուցադրելու համատեքստում, եթե վերջինս սկսի համապատասխան աշխարհաքաղաքական վեկտորից հեռանալու նշաններ ցույց տալ։ Եթե Հայ Եկեղեցին հեռացվի Ղարաբաղյան հարցը բաց պահելու գլխավոր հաստատութենական շահագրգիռ կողմ լինելուց, ապա Արևմուտքն ինքը չի կարողանա ավելի արդյունավետ օգտագործել ղարաբաղյան խաղաքարտն Ի. Ալիևի հետ աշխարհաքաղաքական խաղում։ Բաքվում դա լավ են հասկանում, և մեծ հավանականությամբ, այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրման համատեքստում Ն. Փաշինյանի առջև պայման են դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունից հրաժարվելու հետ մեկտեղ նաև միջոցներ ձեռնարկել միջազգային ասպարեզում ղարաբաղյան օրակարգի վերաբերյալ ՀԱԵ նախաձեռնությունները չեզոքացնելու համար։ Իսկ լայն իմաստով Ի. Ալիևի վարչակարգը Սբ. Էջմիածնում և Անթիլիասում տեսնում է Հայաստանը Բաքվի առավելապաշտական պահանջների կատարմանն ուղղված «խաղաղության վեկտորից» հեռացնելու ներուժ։
Այս տեսանկյունից կարելի է խոսել Ի. Ալիևի և Ն. Փաշինյանի շահերի համընկնման մասին, քանի որ կնքված «խաղաղությունը» Բաքվի համար կլուծի Հայաստանի նկատմամբ իր բոլոր հավակնությունների բավարարման խնդիրը, իսկ Ն.Փաշինյանի համար կդառնա իր իշխանության և օրինականության պահպանման հիմնական ռեսուրս։ Այս առումով, առաջարկվող «խաղաղության» պայմանների վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցու սեփական դիրքորոշման առկայությունը, որը տրամագծորեն հակառակ է պաշտոնական Երևանի տեսակետին, համաձայնագրի ստորագրումը կդարձնի դժվար իրագործելի ։ Ադրբեջանն այդ «խաղաղությանը» պատրաստ կլինի միայն հայկական քաղաքական իշխանության և Եկեղեցու միջև փոխհամաձայնության դեպքում, կամ էլ եկեղեցական համակարգից «անկարող» հոգևոր դասին վտարելու և Մայր Աթոռի նկատմամբ Հայաստանում իշխող քաղաքական ուժի փաստացի վերահսկողություն հաստատելու պայմանով։ Հավանաբար, Ն.Փաշինյանն ընտրել է վերջին տարբերակը, քանի որ, ինչպես ցույց են տվել նրա կառավարման տարիները, նրան չի հաջողվել որևէ հիմնարար հարցի շուրջ փոխհամաձայնության գալ ՀԱԵ-ի հետ և, առավել ևս, հազիվ թե հաջողվի դա անել Արցախի թեմի ճակատագրի խնդրում։
Փաստերը հուշում են, որ Ադրբեջանն ի վիճակի չէ ինքնուրույն, նույնիսկ Թուրքիայի և հրեական լոբբիի հետ համագործակցությամբ, միջազգային ասպարեզում հաջող պայքար մղել ՀԱԵ-ի դեմ։ Բաքվի հակահայկական հռետորաբանությունն ու գործողությունները թյուրըմբռնման, իսկ հաճախ՝ դատապարտման պատճառ են դառնում հայկական ներկայությանը պատմականորեն ծանոթ իսլամական աշխարհում, առավել ևս Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հովանու ներքո ապրող համայնքների դարավոր ներկայության վայրերում: Ավելին, Ղարաբաղյան հակամարտության առաջացման պատճառների խեղաթյուրված մեկնաբանման միջոցով մահմեդական երկրներում հայկական եկեղեցու դիրքերի խարխլման հիմնական դերը (ԿՄՎ-ը քարոզում է իբր թե «ղարաբաղյան շարժման հակաիսլամական էությունը») իր վրա վերցնելու Ա․ Փաշազադեի գլխավորած ԿՄՎ-ի փորձերը լուրջ չընդունվեցին և տապալվեցին։ Իրենց կողմից, Ադրբեջանի պետական հաստատությունները նույնպես ի վիճակի չեն համահարթեցնել Հայ Եկեղեցու ավանդական ազդեցությունը քրիստոնեական Արևմուտքում՝ նույնիսկ «ֆինանսական խրախուսման» լայնորեն կիրառվող մեթոդների օգնությամբ: Արցախի թեմի հոգևոր և քաղաքակրթական ժառանգության համար «վեճի» հարցում Բաքուն առավել ևս չի կարող դրան հակադրել ոչինչ, բացի գաղափարախոսական և գիտական տեսանկյունից թույլ և ձախողված նախաձեռնություններից, ինչպիսին է, այսպես կոչված «ալբանա-ուդիական եկեղեցու» վերածնունդը։ Որպես ևս մեկ վառ օրինակ կարելի է նշել Վատիկանում կայացած կեղծ գիտական խորհրդաժողովը՝ Արցախի կրոնական սրբավայրերի՝ Կովկասյան Ալբանիայի ժառանգությանը «պատկանելու» թեմայով, որի բացասական արձագանքը, ՀԱԵ-ի շնորհիվ, Բաքվի համար գերազանցեց սկզբնական մտահղացումից ակնկաալվող քաղաքական շահաբաժինները։ Հայոց Եկեղեցին չափազանց հեղինակավոր և վաղուց կայացած հաստատություն է, որի հետ դիմակայելու ընթացքում խիստ կասկածելի է ադրբեջանական գործողությունների մեթոդաբանության հաջողությունը։
Մյուս կողմից, Ն. Փաշինյանի ցածր քաղաքական ռեսուրսը ևս թույլ չի տալիս նրան հույս դնել հակամարտության ինքնուրույն լուծամ վրա՝ իր օգտին Բաքվի կողմից մխրճվող «խաղաղության» կնքման ճանապարհին եկեղեցու գործոնը հաղթահարելու համար: Եվ, այնուամենայնիվ, ՀՀ քաղաքական իշխանությունների գործողությունները, որոնք համաժամացված են ԿՄՎ-ի և նրա թիկունքում կանգնած պաշտոնական Բաքվի հետ համատեղ կազմակերպված վարկաբեկիչ արշավի հետ, մեծացնում են ճնշումը ՀԱԵ-ի վրա և ընդլայնում նրան պարտադրված պաշտպանության ճակատը։ Ընդ որում, խոսքն առայժմ «միացյալ» հակաեկեղեցական արշավի տեսանելի մասին է վերաբերում, և չի բացառվում, որ որոշակի փուլում ի հայտ կգան Երևանի և Բաքվի քաղաքական իշխանությունների ռազմավարությունների «զուգադիպության» նոր նշաններ։
Ցանկալի կլիներ մտածել, որ Ն. Փաշինյանի ընդգծված արշավը գոնե ինքնավար երևույթ է, որն անմիջականորեն կապ չունի ադրբեջանական հոգևորականության՝ շեշտադրումներով և ժամանակացույցով նման գործողությունների ու հայտարարությունների հետ: Սակայն գործնականում դա արդեն իսկ էական նշանակություն չունի, քանի որ ընդհանուր ըմբռնմամբ այդ կողմերի շահերը մոտ են իրար, ուստի և փոխադարձ շահի առկայությունը դժվար է բացառել։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 16.06.2025 թ.: