Մեկնաբանություններ

«Նոր Մերձավոր Արևելքն» ընդդեմ «Օսմանյան խալիֆայության»

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 12.01.2025 թ.(1)

Բ. Ասադի վարչակարգի անկումից հետո Սիրիայում Թուրքիայի և Իսրայելի միջև հակասություններն էլ ավելի են սրվել՝ ի հայտ բերելով այս երկու պետությունների տեսակետների արմատական տարբերությունը` Մերձավոր Արևելքի ապագայի խնդրում և, համապատասխանաբար, նրանց դերն այդ երկրի վերակազմակերպման գործընթացներում։  Դատելով Անկարայի հռետորաբանությունից և գործողություններից՝ Թուրքիան ձգտում է Սիրիան պահել կենտրոնացված, միասնական պետության ձևաչափում՝ առանց դրա կառուցվածքի դաշնայնացման որևէ հեռանկարի։ Մինչդեռ Թել Ավիվը բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հայտարարում է Սիրիայի ապակենտրոնացման անհրաժեշտության մասին, իսկ իսրայելական փորձագիտական ​​հանրությունը գրեթե ուղղակիորեն խոսում է սիրիացի քրդերի սուբյեկտիվությունն օրինականացնելու հասուն «պատեհ պահի» մասին՝ ենթադրելով նրանց հետագա միավորումն իրենց՝ Իրաքում, Թուրքիայում և Իրանում բնակվող ազգակիցների հետ։

Իսրայելի տեսակետից՝ 1946 թ. սահմաններում Սիրիայի ինքնիշխանությունն սպառել է իրեն, քանի որ Դամասկոսի նոր հետադիմական կառավարությունը չի կարողանում ապահովել քրդերի, սիրիացի դրուզների, ալավիների և քրիստոնյա համայնքների անվտանգությունն ու հավասարությունը: Հետևաբար, չնայած Անկարայի կողմից աջակցվող ալ-Ջուլանիի կառավարության հավաստիացումներին, Սիրիայում ապակայունացումն անհաղթահարելի է՝ մշտական ​​սպառնալիք ներկայացնելով Իսրայելի սահմանների անվտանգության համար։

Թել Ավիվն արդեն սկսել է գործնական քայլեր ձեռնարկել թուրքական ծրագրերը կանխելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները գրավել են Գոլանի բարձունքների հյուսիսային և հյուսիս-արևելյան ստորոտները, վերահսկողության տակ առել Սիրիայի դրուզներով բնակեցված շրջանները, իրենց հենակետերը հիմնել Հերմոն լեռան վրա և առաջ շարժվել դեպի Դամասկոսի արվարձաններ։ Միևնույն ժամանակ, դեկտեմբերի սկզբից ի վեր իսրայելական բանակը մեթոդաբար ոչնչացնում է այն զինապահեստները, ռազմական գործարանները, օդանավակայանները, ռազմածովային ուժերի ծովային բազաները և նավերը, որոնք նոր կառավարությունը ժառանգել է Ասադի բանակից։ Մյուս կողմից, ըստ մերձավորարևելյան աղբյուրների, Թել Ավիվը Վաշինգտոնի հետ միասին զենք է մատակարարում «Սիրիայի դեմոկրատական ​​բանակի» (SDA) քրդական կազմավորումներին՝ կազմակերպելու համար նրանց պաշտպանությունը «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի (HTS) և «Սիրիայի ազգային բանակ»-ի (SNA), ինչպես նաև, ըստ էության, թուրքական ստորաբաժանումների կազմով սիրիական նոր կառավարության բանակից սպասվող հարձակումներից։

Թուրքիայում հասկանում են, որ Իսրայելը նպատակասլացորեն խոչընդոտներ է ստեղծում Անկարայի՝ Սիրիան կենտրոնացնելու ծրագրերի համար և ինչպես ոչնչացնում է Դամասկոսի արմատականների ռազմական ներուժը, այնպես էլ փորձում է նրանց զրկել սիրիական քրդերի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող նավթահանքերի եկամտից։ Առանց զինված բանակի և կայուն նավթային եկամուտների՝ Սիրիայի միասնականացումը գործնականում անհնարին խնդիր է։ Թուրքիային քիչ ժամանակ է մնացել ապացուցելու համար, որ իր հովանու ներքո գտնվող սիրիական նոր իշխանություններն ի զորու կլինեն անելու այն, ինչ Բ. Ասադը չկարողացավ անել Իրանի և Ռուսաստանի հովանավորությամբ։  Ռ. Էրդողանը 04.01.2025 թ. հայտարարել է. «ՔԱԿ-ն (նկատի ունի նաև իբր նրա հետ փոխկապակցված SDA-ին) այլ ելք չունի, քան զենքերը վայր դնել… Գրոհայինները կամ հողի մեջ կթաղեն իրենց զենքերը, կամ կթաղվեն նրանց հետ։ Երրորդ ճանապարհ չկա»։ Մի քանի օր անց նա սպառնացել է, որ անհնազանդության դեպքում սիրիական Քրդստանը գրավելու ռազմագործողությանը կմասնակցի նաեւ թուրքական կանոնավոր բանակը։

Թուրքական Hurriyet թերթի համաձայն՝ երկու գաղտնի հանդիպումներից հետո Դամասկոսի նոր կառավարությունը վերջնագիր է ներկայացրել SDA-ին և քրդական վարչակազմին՝ պահանջելով անհապաղ վայր դնել զենքերը և ենթարկվել նոր իշխանությանը։ Ի պատասխան՝ քրդերը Դամասկոսի հետ նավթային եկամուտների հավասար բաժին են պահանջել, ինչպես նաև իրենց ազգային զինված կազմավորումների վերակազմավորում առանձին բանակային կորպուսի կամ դիվիզիայի՝ սիրիական նոր բանակի կազմում։ Դամասկոսի կողմից մերժվեցին այս հանդիպակաց պայմանները, և հարկ է սպասել, որ մոտ ապագայում կարող են մարտեր սկսվել Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում «սիրիական նոր բանակի» (HTS և SNA) և քրդական կազմավորումների միջև։ Քանակական առավելությունը թուրքական պրոքսիներինն է (ըստ միջազգային աղբյուրների՝ HTS-ի և  SNA-ի ուժերը միասին կազմում են մոտ 100 հազար մարտիկ), սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի ակտիվ աջակցությամբ քրդական բարձր պատրաստվածության ստորաբաժանումները կարող են արդյունավետ դիմադրություն կազմակերպել։  Մերձավորարևելյան աղբյուրների համաձայն, ԱՄՆ-ն արդեն SDA-ի համար չճշտված զինատեսակներով ռազմատրանսպորտային ինքնաթիռներ է ուղարկում սիրիական Քրդստան, ինչպես նաև  Իրաքի տարածքով հատուկ ջոկատայիններ և զրահատեխնիկա տեղափոխում Քոբանի։

Ըստ STMEGI ռեսուրսի՝ քրդական խնդիրն ամեն օր վատթարացնում է իրավիճակը Սիրիայում և սպառնում է վերջնական պառակտում առաջացնել Դամասկոսում իշխանության եկած թուրքամետ ուժերի միջև։ Ըստ աղբյուրի՝ Մամբիջում քրդերը «ամրապնդում են իրենց դիրքերը» և հսկողության տակ պահում քաղաքի արևելյան հատվածը։ Այս համապատկերում SNA-ի շարքերում աճում է անորոշությունը։ Միևնույն ժամանակ, HTS-ի առաջնորդ,  սիրիական նոր վարչակազմի պաշտոնական ղեկավար ալ-Ջուլանին իբր թուրքամետ վեկտորից հեռանալու և Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քուվեյթի և Եգիպտոսի հովանավորությունը փնտրելու նշաններ է ցույց տալիս: Որպես պատճառ նշվում են «Սիրիայում թուրքական բազմադարյա դաժան տիրապետության արաբական հիշողությունը» և «Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունը»։ Սիրիայի «պատմականորեն օսմանյան պատկանելության» մասին նրա վերջին հայտարարությունն իբր ցնցել և չափազանց զգուշավոր է դարձրել սիրիական նոր կառավարությանը։

Այսպիսով, ըստ երևույթին, ձախողվում են  Բ. Ասադին տապալած ուժերի համախմբվածության երևութականությունը պահպանելու և թուրքական կամքին նրանց անառարկելի ենթարկելու Անկարայի հույսերը։ Առանց Իսրայելի և ԱՄՆ-ի միջամտության հետադիմականների շարքերում չէր կարող այդքան արագ սկսվել անկազմակերպվածության գործընթացը։ Թերևս հենց այդ պատճառով է, որ Անկարան ջանում է նոր սիրիական բանակի կազմում՝ HTS-ին, SNA-ին և այլ արմատական​​կազմավորումներին կարճ ժամկետներում զորաշարժի տանել իրենց «ընդհանուր թշնամու»՝ քրդերի դեմ պատերազմելու համար: Դա Թուրքիային թույլ կտա ևս մեկ անգամ իր ղեկավարության ներքո միավորել սիրիական տարբեր խմբավորումներին և «քրդական սպառնալիքը» չեզոքացնել իր հարավային սահմաններում: Ենթադրելի է, որ Անկարայի համար դա այժմ միակ հնարավորությունն է՝ առաջանցիկ կանխելու պառակտումը Սիրիայի կոալիցիոն կառավարության մեջ և ամենաօդիոզ դաշտային հրամանատարների շրջանում, որոնց Թուրքիան խոստացել էր Սիրիայի անբաժանելիության պահպանում և ֆինանսական բարօրություն։

Սիրիայի ներկայիս իրադարձությունները, ըստ էության, նշանավորեցին Թուրքիայի և Իսրայելի միջև գլոբալ բախումների փուլի սկիզբը, որն, ըստ փորձագետների, անխուսափելի էր։ Անկարան չէր կարող անտեսել այն փաստը, որ 1960-ականներից Իսրայելը սերտ կապեր է հաստատել իրաքյան և թուրքական քրդերի հետ, որոնք երբեք չեն ընդհատվել՝ ի տարբերություն ամերիկա-քրդական կամ ռուս (խորհրդային)-քրդական հարաբերությունների։

Այս «ջերմ բարեկամության և փոխօգնության» չափորոշիչ է դարձել Իրաքի քրդերի առաջնորդ Մուստաֆա Բարզանիի ժամանակին Իսրայելին ուղղված երախտագիտության խոսքը. «Չկա որևէ այլ երկիր, որին մենք՝ քրդերս, այդքան պարտական ​​լինենք»։ Ինչպես հիշեցնում է Middle East Monitor-ը, շուրջ 60 տարի «հրեական պետությունը բացահայտորեն ռազմական և մարդասիրական օգնություն է ցուցաբերել քրդերին…, և հարաբերություններն ավելի տեսանելի են դարձել 2003թ Իրաք կատարված անգլո-ամերիկյան ներխուժումից հետո»: Հենց այդ ժամանակ, ըստ վերլուծաբանների, Թուրքիան առաջին անգամ համարձակվեց ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցներին մերժելու կենսական կարևոր ռազմական արշավի համար սեփական տարածք տրամադրելու խնդրում, ինչը Վաշինգտոնին և Թել Ավիվին ստիպեց մտածել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում քրդերի վրա ռազմավարական խաղադրույքի  անհրաժեշտության մասին: Անկախ Քրդստանի ստեղծումը դարձավ ամերիկա-իսրայելական «Նոր Մերձավոր Արևելք» ծրագրի կենտրոնական տարրը, որը նախատեսում է տարածաշրջանի, նրա սահմանների, աշխարհաքաղաքական կառուցվածքի, տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցությունների գլոբալ վերակազմավորում։ Չնայած այն հանգամանքին, որ իսրայելցիներն իրենք փորձեցին իրենց ծրագիրը ներկայացնել որպես զուտ տնտեսական նախաձեռնություն, որն անցյալ դարի 90-ական թվականներին առաջարկել էր Շիմոն Պերեսը, Թուրքիայում չէին  կարող չկռահել նախագծի իսկական աշխարհաքաղաքական պատճառը։ Առաջավոր Ասիայում ազատ առևտրի գոտիներ ստեղծելու իսրայելական գաղափարը, ըստ երևույթին, չէր կարող իրացվել առանց տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերակազմավորման։ Ըստ էության, խոսքը վերաբերում էր Առաջավոր Ասիայի ռեսուրսների բազայի նկատմամբ իսրայելական ամբողջական վերահսկողության հաստատմանը, ինչպես նաև նրա վերածմանն իսրայելական ապրանքների հսկայական շուկայի, ինչպես գրել էր Շ․ Պերեսը՝ աներկմիտ ակնարկելով, որ Իսրայելը պետք է ապրի և մշտապես ուժեղանա տասնյակ հարևան երկրների շահագործման հաշվին։ Հետագայում այս ծրագիրը ԱՄՆ-ի կողմից լրամշակել է Զբիգնև Բժեզինսկին, ով կարծում էր, որ «վիթխարի պլանը» չի կարող իրականացվել առանց Մեծ Մերձավոր Արևելքի քաղաքական- աշխարհագրական և ժողովրդագրական քարտեզի վերագծման։

Հարկ է «Նոր Մերձավոր Արևելք» ծրագրի մեկնարկ համարել «արաբական գարունը», որը նշանավորեց ապակայունացման, քաղաքացիական պատերազմների, միջպետական ​​բախումների, վարչակարգերի վերացման և նոր պետական ​​կամ կեղծ-պետական ​​կազմավորումների ի հայտ գալու սկիզբը։ Իրաքում քրդական ինքնավարության ստեղծումը, որպես ինքնիշխանության ճանապարհի միջանկյալ ձևաչափ, դարձավ ամերիկա-իսրայելական ծրագրի կարևոր բաղադրիչը, ծրագիր, որն ուղղված էր  արաբական աշխարհի մասնատմանը, Իրանի հովանու ներքո գտնվող «շիական առանցքի» փլուզմանը և Թուրքիայի հնազանդեցմանը, որն արդեն չափից ավելի անհարկի  ինքնուրունության  և պատմական ռևիզիոնիզմի նշաններ էր ցույց տալիս։

Զուգահեռաբար, ի հեճուկս ամերիկա-իսրայելական «Նոր Մերձավոր Արևելք» դոկտրինի մշակման գործընթացի, Թուրքիան որոնեց և մշակեց տարածաշրջանի կազմակերպման սեփական հայեցակարգը, որի մեջ իր դերը, անկասկած, տարբերվում էր Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից իր համար նախանշված գործառույթներից։ Ընդ որում՝ Ռ. Էրդողանի Թուրքիան իր ծրագրում փորձել է բանաքաղել  ծավալապաշտական ​​նկրտումների այն բոլոր ուղղությունները, որոնք սնուցվում են նրա ռազմաքաղաքական վերնախավի տարբեր գաղափարախոսական հոսանքների ներկայացուցիչների կողմից։ Խոսքը ռազմական ղեկավարության կողմից առաջարկված «Կապույտ հայրենիք» դոկտրինի մասին է, որն առաջնագծում է դնում Թուրքիայի գերիշխանությունը Միջերկրական ծովի արևելյան մասում։ Նաև նեոօսմանիզմի դոկտրինի մասին, որն առաջ են քաշել իսլամիստական ​​ուժերը՝ ի դեմս, ըստ էության, Էրդողանի ԱԶԿ-ի («Արդարություն և զարգացում» կուսակցության), որը ենթադրում է թուրքական ծավալապաշտության ընդլայնում Արաբական աշխարհում։ Նաև պանթուրանիզմի և պանթուրքիզմի ռազմավարության մասին, որը եռանդուն լոբբինգի է ենթարկվում ծայրահեղ ազգայնական շրջանակների կողմից՝ «Մեծ Թուրքիայի» համար ճանապարհ հարթելով դեպի Կովկաս և Կենտրոնական Ասիա։ Այսպիսով, Թուրքիան 21-րդ դար մտավ՝ իր աշխարհառազմավարական աճի բոլոր ուղղությունները պահպանելու և ներդաշնակեցնելու հավակնոտ առաջադրանքով, որոնցից յուրաքանչյուրը, Անկարայի տեսանկյունից, իր արդիականությունը պահպանում է աշխարհում նոր բևեռացման և մրրիկի արագությամբ ընթացող հարափոփոխման  պայմաններում։

Ակնհայտ է, որ Թուրքիայի և Իսրայելի ծրագրերն անհամատեղելի են սկզբունքորեն, քանի որ դրանց երկուստեք իրացումը ոչ միայն շահերի բախման է հանգեցնում լայնարձակ տարածաշրջանում, այլև շոշափում է նրանց անմիջական անվտանգությունը։ Իրաքում և Սիրիայում քրդական պետականության իսրայելական լոբբիստական​​նախագիծը նշանակում է Թուրքիայում անջատողականության, քաոսի և նրա փլուզման հնարավոր սպառնալիք՝ հաշվի առնելով քրդական ազգային-ազատագրական շարժման զարգացման ներուժը։ Ճիշտ նույն չափով «Օսմանյան խալիֆայության» վերածնունդը, որը Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո ավելի ու ավելի է քննարկվում Թուրքիայի քաղաքական և փորձագիտական ​​շրջանակներում, իր մեջ կենսական վտանգ է պարունակում հենց Իսրայելի անվտանգության համար։ Այս պահին խոսքը պրոքսի-խմբավորումների միջոցով երկու կողմերի՝ փոխադարձաբար միմյանց սահմաններին մոտենալու մասին է։ Բայց ներկա իրավիճակում քիչ րաշխիք կա, որ ինչ-որ պահի Անկարան և Թել Ավիվն իրենք ուղիղ բախման մեջ չեն մտնի Սիրիայի տարածքում։

Հատկանշական է, որ երկու կողմերն էլ, գիտակցելով միմյանց պրոքսի ուժերով պատերազմի մեջ ներքաշվելու վտանգը, փորձում են չեզոքացնել այդ սպառնալիքները՝ օգտագործելով գրեթե հայելային մեթոդներ։ Եթե, ըստ STMEGI-ի, ալ-Ջուլանիի կառավարությունը փորձում է հեռու մնալ Թուրքիայից, իսկ Իսրայելն օգնում է նրան այս հարցում, ապա Անկարան ցանկանում է նույն խնդիրը գործնականում լուծել քրդերի վերաբերմամբ։ Դեռևս 2024 թ. հոկտեմբերին Հանրապետական ​​դաշինքում Էրդողանի դաշնակից, Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բախչելին առաջարկել էր հնարավորություն տալ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մշտական ​​առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, ով մեկուսացված է Մարմարա ծովի Իմրալի կղզում, ելույթ ունենալ թուրքական խորհրդարանում և (PKK)-ի ու SDS-ի իր ընկերներին կոչ անել վայր դնելու զենքերը։ Այսպիսով, ըստ Բախչելիի, Օջալանը, անառարկելի հեղինակություն ունենալով Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի քուրդ ապստամբների շրջանում, կարող է նոր «խաղաղության հանգրվան» հիմնել թուրք-քրդական հարաբերություններում և, այդպիսով իսկ, արդարացվել։

Ըստ CNN Turk-ի տվյալների՝ Դ. Բախչելին ինքը չէր կարող նման հնչեղ առաջարկի նախաձեռնողը լինել, և դա, ըստ էության, բխել է Ռ. Էրդողանից, ով անհանգստացած էր Իսրայելից և ԱՄՆ-ից քրդերին ցուցաբերվող աջակցության ծավալով։ Հատկանշական է, որ Բախչելիի հայտարարությունը տեղի է ունեցել դեպի Հալեպ HTS-ի և SNA-ի ռազմարշավից մեկ ամիս առաջ։ Անկարայում հասկացել են, որ Բ. Ասադի տապալմամբ կսկսվի քրդական գործոնի ակտիվացման ամերիկա-իսրայելական վաղեմի ծրագրերի մեկնարկը «Նոր Մերձավոր Արևելք» գլոբալ նախագծի իրացման ընդհանուր համատեքստում։ Եվ միակ բանը, որ Թուրքիան կարող էր անել ստեղծված իրավիճակում, դա քրդական գործոնի չեզոքացման նպատակով հակաասադական անխուսափելի ռազմարշավին ակտիվ մասնակցությունն էր։ Դրան մի կողմից պետք է նպաստեր Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, իսկ մյուս կողմից՝ Ա. Օջալանի վերափոխումն Անկարայի դաշնակցի։ Սակայն, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, թե այդ և թե մյուս դեպքում էլ Թուրքիայի նախաձեռնությունները դժվար իրացվելի են։ Փաստորեն, ավելի քան մեկ տասնամյակ առաջ փլուզված սիրիական պետականությունը չափազանց բարդ խնդիր է, որ Թուրքիան կարողանար միայնակ  լուծել, մինչդեռ Ա. Օջալանի հեղինակությունը կարող է իրականում զրոյական գործառնությամբ սպառված գործոնի վերածվել Մերձավոր Արևելքի քրդերի համար գլոբալ փոփոխությունների նախաշեմին։

Արդյունքում, Թուրքիային մնում է միայն Դամասկոսին խոշոր ներդրումներ խոստանալ քրդական Ռոժավայի վրա HTS-ի և SNA-ի հարձակման դիմաց և կենտրոնացնել սեփական ուժերն իր հարավային սահմանների երկայնքով՝ զուգահեռաբար Իսրայելին սպառնալով բոլոր հարաբերությունների խզմամբ և «Երուսաղեմի բռնազավթմամբ»: Բայց նման ուժի ցուցադրումը դեռևս նվազ  արդյունավետ է։ Ակնհայտ է, որ Դամասկոսը զգուշավոր է և չի շտապում նոր պատերազմ սկսել, իսկ Իսրայելը թուրքական սպառնալիքների դեպքում նահանջելու նշաններ ցույց չի տալիս: Եթե ​​հետևենք տարածաշրջանում փոփոխությունների ընդհանուր տրամաբանությանը, ապա «քուրդ անջատողականների» վրա հարձակումը կարող է ամենևին էլ տեղի չունենալ։ Հատկապես հաշվի առնելով մերձավորարևելյան գործընթացներին ընդգծված իսրայելամետ դիրքերից Դ. Թրամփի միջամտության մեծ հավանականությունը:

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 10.01.2025 թ.: