Մեկնաբանություններ

ՆԱՏՕ-ի օդային տարածքում հայտնված ԱԹՍ-ների մասին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 12.10.2025 թ.1

  1. Ներածություն. նախնական իրավիճակ

2025 թ. սեպտեմբերի սկզբից ԵՄ օդային տարածքում չնույնականացված ԱԹՍ-ների  հետ կապված միջադեպերը նոր իրականություն են ստեղծել ՌԴ–Արևմուտք դիմակայությունում: Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ եվրոպական երկրները բախվում են նոր, բնույթով ավելի կործանարար հակամարտության նշաններին:

Առանցքային հարցը ոչ թե այն է, թե, արդյոք, Ռուսաստանի Դաշնությո՞ւնն է կազմակերպում այդ խախտումները, ինչպես կասկածում է ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասում, թե՞ դաշինքի որոշ ուժեր միտումնավոր կերպով սադրանքներ են իրականացնում Մոսկվայի անունից, որի շահագրգռվածությունը նման ձեռնարկներում կասկածանք է հարուցում: Օրակարգային խնդիրն այլ է. այսուհետ Եվրոպան չի կարող հույս դնել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմական գոտուց իր երաշխավորված հեռավորության վրա՝ կրելով, ինչպես ներկայումս է, ռուս-ուկրաինական հակամարտության միայն ֆինանսական բեռը:

Եվրոպան բախվել է ապագա պատերազմի գլխավոր ասպարեզի վերածվելու և, հետևաբար, կրկին աշխարհի նոր բաժանման թիրախ դառնալու իրական վտանգի հետ։ Ով էլ որ կանգնած լինի անօդաչու թռչող սարքերի թռիչքների հետևում, նրանց ուղերձը պարզ է՝ ԵՄ-ը չի կարողանա խուսափել պատերազմից, եթե շարունակի սրել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Ավելին, թռիչքների աշխարհագրությունը և ժամանակագրությունը գրեթե ճշգրիտ կերպով վերարտադրում են Երկրորդ աշխարհամարտի եվրոպական ամենակարևոր մարտադաշտերն ու հաջորդականությունը՝ Լեհաստանից և Սկանդինավիայից մինչև Բելգիա ու ֆրանսիական Դյունկերկ, որի համար մղված երկու մարտերը խորհրդանշականորեն նշանավորեցին Եվրոպայում գերիշխանություն հաստատելու Ա. Հիտլերի ջանքերի սկիզբն ու ավարտը:

  1. Տեղեկատվական դաշտի և հանրային արձագանքների վերլուծություն

Փորձագետների կարծիքով՝ շարքային եվրոպացին չի կարող նույն կերպ գնահատել ռուս-ուկրաինական հիմնախնդիրը «չնույնականացված» ԱԹՍ-ներով միջադեպերից առաջ և հետո: Համանման դինամիկա պետք է ակնկալել նաև ռուս-ուկրաինական օրակարգի վերաբերյալ ԵՄ բարձրագույն մարմինների մոտեցումներում: Գոյութենական սպառնալիքի զգացումը փոխել է շատ եվրոպացիների վերաբերմունքը ռուսական գործոնի նկատմամբ, ընդ որում` տրամագծորեն հակառակ ուղղություններով: Եթե բալկանյան երկրների, Սկանդինավիայի և Կենտրոնական Եվրոպայի հանրություններն ավելի վաղ բարեհաճ էին վերաբերվում ռուսաստանցիներին և անհրաժեշտ չէին համարում ուղղակի միջամտությունն ուկրաինական օրակարգին, ապա ԵՄ երկնքում անօդաչուների հայտնվելուց հետո չեզոքության կողմնակիցների քանակը նվազել է, մինչդեռ սկսել է աճել Կիևի հետ Բրյուսելի համերաշխության կողմնակիցների թիվը։

Հանրային տրամադրությունները հակառակ ուղղությամբ են զարգանում Լեհաստանում: 2025 թ. սեպտեմբերի 10-ին երկրի մի քանի շրջանների վրայով տասնյակ չճանաչված անօդաչու թռչող սարքերի թռիչքը բացասական վերաբերմունքի կտրուկ աճ է առաջ բերել Ուկրաինայի նկատմամբ, որին, համաձայն Վարշավայում և այլ քաղաքներում անցկացված բլից-հարցումների, բազմաթիվ լեհեր «իբր ռուսական սարքերի» արձակման կազմակերպիչ են համարում: Ավելին, հարցումները ցույց են տվել իրենց երկիրը պաշտպանելու երիտասարդների պատրաստակամության նվազումը. հարցվածների մոտ մեկ երրորդը ցանկություն է հայտնել լքել երկիրը մինչ այն, երբ իրենց բանակ կզորակոչեն և կուղարկեն «կռվելու ռուսների դեմ»: Լեհ փորձագետների գնահատմամբ՝ նման միտումների հիմքում ընկած է ոչ թե երիտասարդության «վախը» կամ «հակվածությունը գիրգ կյանքին», այլ հիասթափությունը տեղական և, առհասարակ, արևմտյան քաղաքական գործիչներից, որոնք, ըստ քաղաքացիների, փորձում են Լեհաստանին ներքաշել վտանգավոր ռազմական հակամարտության մեջ։

Նման պատկեր է ձևավորվում բալթյան հանրապետություններում, որտեղ հասարակությունը և քաղաքական գործիչները ռուսաստանյան սադրանքի վարկածը չափազանց մակերեսային են համարում ու Ռուսաստան–Ուկրաինա պատերազմից ԵՄ-ի հեռացմանն ուղղված Մոսկվայի շահերին չհամապատասխանող: Դրանով իսկ, տարիմաստորեն, ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի արդյունքները հակասում են ավանդաբար ուժեղ հակառուսական տրամադրություններ ունեցող երկրներում ակնկալվող արդյունքին՝ դժգոհություն և անվստահության աճ առաջ բերելով Կիևի և Արևմուտքի քաղաքականության նկատմամբ:

  1. Վերլուծության և տվյալների հավաստիության ստուգման եղանակներ

«Տեղեկատվական աղմուկի» և ապակողմնորոշիչ տեղեկատվության զանգվածային հոսքերի պայմաններում շատ դժվար է միայն բաց աղբյուրների հիման վրա արժանահավատորեն բացահայտել այդ ձեռնարկների կազմակերպիչներին: Շրջանառվող տեղեկատվությունը ծայր աստիճան հակասական է և աչքի է ընկնում անտրամաբանական եզրակացություններով: Օրինակ, գերմանական ԶԼՄ-ները հայտնում են Խորվաթիայի մի քաղաքացու ձերբակալության մասին, ով դրոն էր կառավարում Բավարիայի ռազմական օբյեկտների վրա, բայց այդ գործողության կազմակերպման մեջ անմիջապես մեղադրում են Մոսկվային: Հարանման իրավիճակ. դանիական իշխանությունները Շվեդիայի քաղաքացիներին կասկածում են Կոպենհագենի օդանավակայանի վրա դրոնների կառավարման մեջ, ինչը, սակայն, երկրի ԶԼՄ-ներին չի խանգարում դրանում «բռնացնել» Ռուսաստանին։

Արևմտաեվրոպական մամուլը դրոններն անվանում է «չնույնականացված», սակայն միևնույն ժամանակ դրանք վերագրում է ՌԴ-ին՝ առանց բացատրելու, թե ինչպես են հարյուրավոր մարտական ​​և հետախուզական ԱԹՍ-ները բերվել ԵՄ, և ինչպես են եվրոպացի քաղաքացիներ հավաքագրվել ու վարժվել դրանց գործարկման համար:

Տպավորություն է ստեղծվում, թե եվրոպական ԶԼՄ-ները հաճախ ուղղակի վերարարտադրում են Ուկրաինայի ԱԳՆ-ի խոսույթները ՌԴ-ի կողմից ««խլուրդների» և գործակալների» ներթափանցման մասին, ովքեր «պատասխանատու են օդանավակայանների և ռազմակայանների վրայով անօդաչուների թռիչքների համար»:

Միևնույն ժամանակ, ռուսական կողմը քիչ հետաքրքրություն է ցուցաբերում այդ մեղադրանքները հերքելու հարցում։ Եթե ​​Մոսկվան իրոք կապ չունի տեղի ունեցածի հետ, թերևս իմաստ էլ չի տեսնում ներուժ վատնել մի հերքման վրա, որը, անկասկած, ձախողվելու է՝ հաշվի առնելով ԵՄ քաղաքական շրջանակներում տիրող կարծրատիպային մտածողությունը: Չի բացառվում նաև, որ մասնակից չլինելով հանդերձ, Մոսկվան ձեռնտու է համարում խուճապային տրամադրությունների պահպանումը ԵՄ-ում: Իսկ եթե ​​ենթադրենք, թե Ռուսաստանն է կանգնած թռիչքների հետևում, ապա հարկ է որպես գործողության առաջնային նպատակ համարել խուճապային տրամադրություների առաջացումը, որոնք կոչված են հստակ ցուցադրել Եվրոպայի խոցելիությունը։

Գլխավոր ինտրիգն այն է, որ արևմտյան շրջանակները, որոնք տարածում են ԱԹՍ-ների միջադեպերում ռուսաստանյան հետքի վարկածը, մինչ այժմ չեն կարողացել այս վարկածը հաստատող որևէ էական ապացույց ներկայացնել: Պետք է հասկանալ նաև, որ ոչ Մոսկվան և ոչ էլ Կիևը չէին կարող մեկ ամսվա ընթացքում ինքնուրույն նման սադրանքներ կազմակերպել և իրականացնել՝ չվախենալով հեշտ և արագ բացահայտվելուց։

  1. Առանցքային ցուցիչներ և ոչ բնականոն երևույթներ

Քանի որ երկու կողմերն էլ համոզիչ ապացույցներ չեն առաջարկում, ուստի հարկ է, որպեսզի վերլուծությունը կենտրոնանա հետևանքների և «ոչ բնականոն երևույթների» վրա։ Այս համատեքստում հետաքրքրություն է ներկայացնում երեք հանգամանք.

4.1. «Դրոնների պատ» խոսույթի առաջացումը

Միջադեպերը խոսույթ են առաջացրել ԵՄ-ում, այսպես կոչված, «Դրոնների պատ» ստեղծելու անհրաժեշտության մասին կամ այլընտրանքային ծրագրի մշակման շուրջ` ստեղծելու միասնական, տեխնոլոգիապես առաջադեմ ՀՕՊ համակարգ, որը կապահովի օդային տարածքի շարունակական անվտանգությունը Հյուսիսային բևեռից մինչև Ջիբրալթար և Արևելյան Միջերկրականից մինչև Իսլանդիա: Կախված լուծման տարբերակներից, նշված տարածքի պաշտպանության որակից և կահավորման խտության աստիճանից, նմանատիպ պաշտպանական ծրագրի արժեքը, ըստ որոշ գնահատումների, կարող է տատանվել մի քանի հարյուր միլիարդից մինչև մեկ տրիլիոն ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ ՀՕՊ համակարգերի և ԱԹՍ-ների համաշխարհային շուկայում առաջատար դիրքերը պատկանում են ԱՄՆ-ին և Իսրայելին, ում ռազմաարդյունաբերական ընկերությունները տրամաբանորեն կդառնան նման պատվերների հիմնական շահառուներ։

4.2. ՆԱՏՕի հակաօդային պաշտպանության համակարգերի պասիվությունը

Բացառությամբ Լեհաստանի, ԵՄ երկնքում ոչ մի անհայտ անօդաչու թռչող սարք չի խոցվել կամ չեզոքացվել: Սա հարցեր է առաջացնում, քանզի երկրների մեծ մասի ղեկավարությունը սպառնալիքը որպես ռուսական է նույնականացրել: ՆԱՏՕ-ի ղեկավարությունն անհայտ պատճառներով նույնականացված սպառնալիքներից օրինական պաշտպանություն չի թույլատրել:

4.3. «Երկրորդ ճակատ» հայեցակարգի վերափոխումը

ԵՄ երկնքում ԱԹՍ-ների գործադրմամբ տեղի ունեցած միջադեպերը փաստորեն վերջ դրեցին Ռուսաստանի դեմ, այսպես կոչված, «երկրորդ ճակատին»: Եթե մինչ այդ շատ էր խոսվում ՌԴ կովկասյան ծայրամասերում դրա առաջացման անխուսափելիության մասին, ապա վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Արևմուտք–ՌԴ բախման նոր հնարավոր գոտի կարող է դառնալ ռուս-եվրոպական սահմանի ցանկացած հատված։ Իլհամ Ալիևի հակառուսական դեմարշները, ըստ էության, Մոսկվային չմղեցին Բաքվի հետ հարաբերությունները սրելուն։ Միաժամանակ, Վրաստանում ձախողվեց արևմտամետ ընդդիմության` հեղափոխություն անելու վերջին հոկտեմբերյան փորձը, որը, ըստ փորձագետների մեծամասնության, Թբիլիսիին կդրդեր նոր պատերազմի մեջ մտնել Մոսկվայի: Փաստորեն, «երկրորդ ճակատի» գաղափարն այժմ առավել հեռանկարային է եվրոպական ուղղությամբ: Ընդ որում, պատմականորեն այնպես է դասավորվել, որ եվրոպական ուղղությամբ պատերազմները Մոսկվան միշտ սրբացրել է «հայրենական» որակմամբ, ինչը խթանում էր տիտղոսակիր ազգի համախմբումը և ապահովում սպառնալիքի համեմատաբար արագ չեզոքացումն ու հաղթանակը։ Մինչդեռ հարավում (Կովկաս, Կենտրոնական Ասիա) Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ հրահրված հակամարտությունները ավանդաբար դիտարկվում էին որպես «ռուսների մեծապետական զավթողական քաղաքականության» դրսևորումներ և զուգորդվում էին կայսրությանը ներքին խնդիրներով սպառնացող մուսուլմանական ու թյուրքական հատվածների ապստամբությունների վտանգով։

  1. Վարկածների ձևավորումը

Վերոնշյալ հանգամանքները ցույց են տալիս, որ եվրոպական երկնքում չճանաչված անօդաչու թռչող սարքերի պատմությունը զգալիորեն ավելի բարդ և խճճված է, քան փորձագետների մեծ մասի կողմից առաջարկվող իրադարձությունների երկու պարզունակ տարբերակները: Ըստ առաջինի՝ Ռուսաստանն իր անօդաչու սարքերով փորձում է ահաբեկել եվրոպական երկրներին և ստուգել նրանց զգոնությունը, երկրորդի համաձայն՝ Ուկրաինան ինքն է կազմակերպել այդ անօդաչու սարքերի հարձակումները՝ նպատակ ունենալով համախմբել Արևմուտքին ու ՌԴ-ի դեմ լայնածավալ պատերազմի սադրել։

Մինչդեռ մի շարք չտարածված, բայց չափազանց կարևոր տեղեկությունների առարկայական վերլուծությունը ցույց է տալիս, որ Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունների հետևում կարող են կանգնած լինել ամենաանսպասելի խաղացողներ, որոնք առաջ են մղում սեփական շահերն ի հեճուկս համաշխարհային հանրության ընկալման մեջ ձևավորված կարծրատիպերի: Եվրոպական մեծ խաղի խաղադրույքներն այնքան մեծ են, որ եվրոպական հանրությանը ՌԴ-ի հետ ուղղակի հակամարտության մեջ ներքաշելու նպատակով արևմտյան որոշ երկրների հետ Կիևի փոխգործակցության վարկածին զուգընթաց, ծագում են նաև տեղի ունեցողի, թվում է թե՝ անհավանական բացատրություններ։ Դրանց թվում են`

  1. հնարավոր ետնաբեմային պայմանավորվածությունը Մոսկվայի և ՆԱՏՕ-ի առանձին անդամների միջև` վերակազմավորելու Արևելյան Եվրոպայում «Սառը պատերազմից» ժառանգած ուժերի դասավորումները և հավասարակշռությունը,
  2. ռուս-ամերիկյան գաղտնի համագործակցությունը՝ վերստին կյանքի կոչելու սպառազինությունների համաշխարհային մրցավազքը՝ շոշափելի եկամուտ բերելով երկու պետություններին,
  3. Ուկրաինայի ապագա մասնատման հարցում ՌԴ-ի և Լեհաստանի, Հունգարիայի ու Ռումինիայի միջև փոխգործակցությունը և այլն:
  4. Եզրակացություն. ճգնաժամ, թե՞ դաշինքի քայքայում

Եվրոպայի շուրջ բարդ աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ տարատեսակ կարծիքներն, իրոք, կարող են շատ լինել, և դրանցից նույնիսկ ամենաարտասովորներն ու հանդուգններն արժանի են քննարկման թեկուզ միայն այն պատճառով, որ ՆԱՏՕ-ի օդային տարածքի անվտանգության փլուզումը, որը նախկինում կարող էր ընկալվել որպես եզակի մի թյուրիմացություն, այժմ վերածվել է անհեթեթության։

Մի ամբողջ ամիս աշխարհի ամենաուժեղ ռազմական դաշինքի օդային տարածքը գրեթե պարբերաբար հատվում էր մարտական ԱԹՍ-ներով, որոնց արտադրող երկիրը «հնարավոր չէ» նույնականացնել, ինչպես նաև որոշել դրանց թռիչքների նպատակները, սարքերի՝ օդ բարձրանալու և հետագա վայրէջքների վայրերը: Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: ՆԱՏՕ-ի ներսում դեռևս միասնական կարծիք չկա այն սպառնալիքների մասշտաբների մասին, որոնք բխում են ԵՄ ռազմավարական նշանակության օբյեկտներին հետևող դրոններից։ Եվ նույնիսկ մեկ ամիս անց Եվրոպայում ոչ ոք չի համարձակվել խոցել այդ թշնամական օդային թիրախները, ինչպես դա թույլատրվում է ռազմական բլոկի կանոնադրությամբ, միջազգային իրավունքով և յուրաքանչյուր երկրի օրենսդրությամբ:

«Անհարմար» հարցեր շատ են կուտակվել Եվրոպայում «չնույնականացված» անօդաչուների հետ կապված պատմության մեջ, և արևմտյան ավանդական ԶԼՄ-ների համար բավական դժվար է այդ իրադարձությունները շաղկապել բացառապես ռուսական «նեոկոմունիստական» ռևիզիոնիզմի և «պուտինյան վարչախմբի» զավթողական նկրտումների հետ։ Սովորական կլիշեները կորցնում են արդյունավետությունը, հատկապես այն երկրներում, որոնք ամենամոտն են հասունացող նոր եվրոպական պատերազմի կիզակենտրոնին և արդեն անուղղակիորեն առնչվել են ուկրաինական իրադարձությունների հետ։

Եվրոպայի գլխավերևով թռչող ԱԹՍ-ները բացահայտեցին ոչ միայն և ոչ այնքան Հին աշխարհի պաշտպանական և օդային ծածկույթի թուլությունը, նման օրինակներ շատ կան հենց Ռուսաստանում, այլ ավելի շուտ ՆԱՏՕ-ի խորը ճգնաժամը և «ռուսաստանյան սպառնալիքի» առջև արևմտյան համերաշխության ու փոխադարձ աջակցության գաղափարի լճացումը: Հնարավոր է՝ սա Հյուսիսատլանտյան դաշինքի փլուզման նախակարապետն է, որի վրա աշխատելու ընթացքում Մոսկվան կարող է գործընկերներ ունենալ հենց դաշինքի ներսում։ Իսկ եթե ենթադրենք, որ դրոններով գործողության հետևում, այնուամենայնիվ, կանգնած է Ուկրաինան, ապա խոսքն արդեն ոչ թե պարզապես ճգնաժամի, այլ ՆԱՏՕ-ի լիակատար քայքայման մասին է, որի քաղաքականությունն ունակ է շահարկել միջազգային քաղաքականության ամենևին էլ ոչ ամենածանրաքաշ սուբյեկտը։

[1]  Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 09.10.2025 թ.: