Մեկնաբանություններ

Նախիջևանի կարգավիճակը. միջազգային իրավական հիմքերից մինչև վարչական միասնականացում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 21.01.2026 թ.[1]

  1. Երաշխավորների միջազգային իրավական հիմքը և կարգավիճակը

Հարավային Կովկասում, Մերձկասպիայում և Իրանում վերջին տարիներս տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին Նախիջևանի կարգավիճակի վերաբերյալ բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև երկարաժամկետ համաձայնեցման և հիմքային  պայմանավորվածությունների ռազմավարական նշանակությունը։

Ինչպես հայտնի է, 1921 թ. մարտի 16-ին ՌԽՖՍՀ-ի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) ներկայացուցիչների միջև ստորագրվեց Մոսկվայի պայմանագիրը, որի 3-րդ հոդվածում ասվում է. «Պայմանավորվող երկու կողմերն էլ համաձայն են, որ Նախիջևանի մարզն ինքնավար տարածք է կազմավորում Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանն այդ խնամակալությունը  չի զիջի երրորդ պետության»:

1921 թ. հոկտեմբերի 13-ին Հայկական, Ադրբեջանական, Վրացական ԽՍՀ-ների միջև՝ մի կողմից, և Թուրքիայի՝ մյուս կողմից, միջև կնքվեց Կարսի պայմանագիրը, որը հաստատում և մանրամասնում էր այդ դրույթները: Նախիջևանը հատուկ ինքնավարության կարգավիճակով ճանաչվել է Ադրբեջանական ԽՍՀ անբաժանելի մաս։ Կրկին որպես տարածաշրջանի նկատմամբ Բաքվի խնամակալության պահպանման առանցքային պայման ընդգծվեց ինքնավարությունն «այլ պետության» չփոխանցելու պարտավորությունը։ Այսպիսով, Ռուսաստանն ու Թուրքիան հանդես եկան որպես Նախիջևանի իրավաքաղաքական և վարչական որոշակի կարգավիճակի համատեղ երաշխավորներ։ Պաշտոնապես հանդիսանալով նոր միութենական պետության ինքնիշխան տարածք՝ տարածաշրջանը գործնականում դարձել է Թուրքիայի քաղաքական մասնակցության և վերահսկողության օբյեկտ։

  1. Ժողովրդագրական կերպափոխություն և ռազմավարական լոգիստիկա

Նախիջևանի երկրամասի «ադրբեջանականացման» թուրքական հաշվարկը կառուցվում էր «մայրցամաքային» Ադրբեջանի հետ ապագա ցամաքային կապի համար բարենպաստ լոգիստիկ պայմաններ ստեղծելու ձգտման վրա։ Այդ նպատակով 1930-ական թթ. Թուրքիայի Հանրապետությունը տարածքային փոխանակում իրականացրեց շահական Իրանի հետ՝ Վանի վիլայեթի արևելյան ծայրամասում գտնվող բերրի հողերը (այժմ՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան գավառի տարածք) զիջելով Մակու քաղաքի շրջանում դեպի Նախիջևան տանող նեղ, բայց ռազմավարական կարևոր միջանցքի դիմաց։

Անկարայի համար այդ պահին լավարկված արդյունք կլիներ շրջանի ուղղակի վարչական ենթակայությունը Խորհրդային Ադրբեջանին՝ առանց ինքնավարության կարգավիճակի պահպանման։ Սակայն այս սցենարի իրագործմանը խոչընդոտում էր ժողովրդագրական գործոնը. այն ժամանակ հայերը կազմում էին պաշտոնապես երկլեզու տարածաշրջանի բնակչության ավելի քան 40%-ը, իսկ նրա տնտեսական և հաղորդակցական կապերը պատմականորեն ձգվում էին դեպի Արարատյան դաշտ և Երևան:

Հայկական գործոնի չեզոքացման խնդիրը Բաքուն սկսել է համակարգված լուծել 1930-ականների սկզբից։ Խորհրդային համակարգի բյուրոկրատացման պայմաններում ինքնավարության ազգային անվանակարգը, Մոսկվայի փաստացի թողտվությամբ, վարում էր բնիկ հայ բնակչությանը դուրս մղելու քաղաքականություն՝ ջնջելով տարածաշրջանում նրա պատմական ներկայության հետքերը։ Այս գործընթացը հետևողական բնույթ էր կրում և ավարտվեց 1980-ական թթ. վերջին տեղի ունեցած  Ղարաբաղյան հակամարտության և ԽՍՀՄ փլուզման համապատկերում, երբ Նախիջևանը լքեցին հայ բնակչության վերջին խմբերը (առավելապես՝ Ագուլիս և Բիստ գյուղերից)։

  1. Ինքնավարության էվոլյուցիան խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջաններում

Խորհրդային շրջանում ինքնավարության պաշտոնական անվանումը բազմիցս փոխվել է (1921, 1923, 1924, 1936 թթ.), որն արտացոլում էր Անդրկովկասում խորհրդային իշխանության մշտական վարչական փորձարարությունները (համադաշնականության մոդելներ, սահմանների վերաձևում, խորհրդանիշների փոփոխություն):

ԽՍՀՄ փլուզումից հետո Նախիջևանը, Բաքվի կենտրոնական իշխանությունների հաստատութենական թուլության հետևանքով, ձեռք բերեց «հավելուրդ» ինքնուրույնություն։ Այդ մասին էին վկայում 1990-ականներին Երևանի հետ ինքնավարության ղեկավարության անջատ բանակցությունները, որոնք հանգեցրին Ղարաբաղյան պատերազմի ակտիվ փուլում հայ-նախիջևանյան սահմանին փաստացի զինադադարին, ինչպես նաև Նախիջևանում Հեյդար Ալիևի գլխավորությամբ ուժի այլընտրանքային կենտրոնի ձևավորմանը։ Հետագայում հենց Նախիջևանը դարձավ ամբողջ Ադրբեջանում Ալիևների ընտանիքի իշխանության հաստատման մեկնարկային հարթակը։

Առարկայորեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը (ՆԻՀ) նույնիսկ Հ. Ալիևի կառավարման օրոք  չէր կարող «մայր երկրի» հետ լիովին միավորվել, քանի որ արտատարածքն ստիպված էր Թուրքիայի և Իրանի հետ իր գործունեությունն ապահովել ուղղակի առևտրատնտեսական և էներգետիկ կապերի հաշվին: Այդ հարաբերությունները ձևավորել են տեղական վերնախավ, որը տիրապետում էր Բաքվից ֆինանսական ու քաղաքական ինքնավարությանը, ինչը զսպում էր անցումն ուղղահայաց ենթակայության կոշտ մոդելների։

  1. Տարածաշրջանային ինքնավարության ապամոնտաժում. փուլեր և մեթոդներ

«Նավթային եռուզեռի» շրջանում Բաքվի ամրապնդումն առաջնահերթ էր դարձրել Նախիջևանի գործնական միասնականացման գործընթացը։ Իշխանությունները մտավախություն ունեին, որ ինքնավարության մեջ թուրք-իրանական հարաճուն ազդեցությունը ժամանակի ընթացքում կարող է արժեզրկել Ադրբեջանի ինքնիշխանությունն էքսկլավի նկատմամբ: Այս համատեքստում ուրվագծվեցին թաքնված հակասությունները Թուրքիայի հետ. Բաքուն սկսեց զգալ տարածաշրջանի չափազանց «թրքացման» վտանգը։

Բաքվի մտավախությունները սաստկացան 2010-ական թթ. սկզբին Մոսկվայի և Անկարայի ռազմավարական մերձեցման համապատկերում: Ալիևյան վարչախումբը դրանում աշխարհաքաղաքական առևտրի ռիսկ էր տեսնում, որի դեպքում Կարսի պայմանագրի երկու երաշխավորները կարող էին վերանայել արտատարածքի կարգավիճակը հօգուտ Անկարայի: Նման մտավախությունների խորհրդանշական ազդանշան դարձավ 2010 թ. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից Մոսկվայի պայմանագրի պատճենի հանձնումը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին։

Դա Բաքվին դրդեց դիմել ինքնավարության միասնականացման վճռական գործողությունների.

  • Առաջին ալիք (2010-ական թթ. կեսեր). Լայնածավալ զտումներ ինքնակառավարման մարմիններում և ուժային կառույցներում՝ կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով, ներառյալ ՆԻՀ Ազգային անվտանգության նախարարության ղեկավար Վելի Ալեսկերովի ձերբակալությունը:
  • Երկրորդ փուլ (2022 թ.). Նախիջևանի Գերագույն մեջլիսի անփոփոխ ղեկավար Վասիֆ Թալիբովի (1995–2022 թթ.) պարտադրված հրաժարականը։ Չնայած իրադարձությունների լրատվական մատուցմանը՝ որպես «Փաշաևների» և «նախիջևանցիների» միջկլանային պայքարի դրսևորում, գործընթացն ավելի խորն աշխարհաքաղաքական ենթատեքստ ուներ։
  1. 2025 թվականի սահմանադրական բարեփոխումը և սուբյեկտայնության վերացումը

Նախկին վերնախավերի վերջնական ապաակտիվացումն ավարտվեց 2025 թ. հուլիսին՝ կառավարման համակարգում կատարված արմատական փոփոխություններով:

  1. Գերագույն մեջլիսի ղեկավարի լիազորությունները կտրուկ սահմանափակվեցին;
  2. ՆԻՀ-ի Նախարարների կաբինետը վերաենթարկվեց ուղղակի Ադրբեջանի նախագահին;
  3. Ներդրվեց ՆԻՀ-ում ԱդրՀ նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնը, որը փաստորեն դարձավ տարածաշրջանի ղեկավարը:

Ամենաէական փոխակերպումները դարձան ՆԻՀ-ի սահմանադրության նախաբանից Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումների բացառումը, ինչպես նաև «ինքնավարության կարգավիճակ» ձևակերպման հեռացումն ու հետևյալ ուղղման ընդունումը.  «Նախչըվանը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասը»: Այս փոփոխությունները դե-ֆակտո նշանակում են ինքնավարության լուծարում ու բոլոր քաղաքական և իրավական այն «բացերի» վերացում, որոնք կարող են ծառայել որպես արտաքին ուժերի միջամտության իրավական հիմք արտատարածքի կարգավիճակի որոշման համար:

  1. Նախիջևանը TRIPP նախագծի և թյուրքական ինտեգրման համատեքստում

Նախիջևանի իրավաքաղաքական ինտեգրման ավարտը համընկավ TRIPP նախագծի ստեղծման գործընթացին, ինչը Բաքվին թույլ տվեց ամրապնդվել Առաջավոր Ասիայի լոգիստիկ երթուղու առանցքային հատվածում։ Ադրբեջանական խոսույթում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» («Թրամփի միջանցքը») մեկնաբանվում է, նախ և առաջ, որպես «Մայր երկրի» հետ արտատարածքի աշխարհագրական միասնականացման նախագիծ։ Միևնույն ժամանակ, թուրքական օրակարգում առաջնահերթությունները տարբեր են. Անկարան արտանախիջևանյան երթուղին դիտարկում է որպես թյուրքական աշխարհի խորն ինտեգրման գործիք: Բաքուն այդ նախաձեռնություններին աջակցել է այն պայմանով, որպեսզի փաստացի վերացվի ինքնավարությունը և ընդունվի ԱՄՆ հովանավորությունը երթուղու հայկական հատվածի նկատմամբ։ Նման վերադասավորումը Բաքվին անհրաժեշտ է թուրքական ազդեցությունը հավասարակշռելու համար, քանի որ, չնայած «եղբայրական սիրո» բոլոր հավաստիացումներին, Նախիջևանում թուրքական կապիտալի և ռազմական բաղադրիչի ծավալարշավը կարող է կրիտիկական անհավասարակշռություն ստեղծել, որն անընդունելի է կենտրոնական իշխանության համար։

  1. Ռազմական ռիսկերը և անվտանգության երաշխիքների գործոնը

Չնայած իրականացված միասնականացմանը՝ Թուրքիան շարունակում է մնալ ինքնավարության անվտանգության առանցքային երաշխավորը։ Ադրբեջանի պաշտպանական դոկտրինում արտատարածքին ուղղված իրանա-հայկական սպառնալիքը շարունակում է արդիական մնալ։ Նախիջևանն Ադրբեջանի ամենախոցելի տարածքն է, ինչը հաստատվում է նրա սահմանների մոտ իրանական զգալի ռազմական խմբավորման (50-100 հազար մարդ) առկայությամբ։

Միաժամանակ, Նախիջևանը ծառայում է որպես ռազմավարական հենակետ Թուրքիայի համար, որը, «Շուշիի հռչակագրի» (2021 թ.) դրույթների համաձայն, ստանձնել է արտաքին ագրեսիայի դեպքում (առաջին հերթին Իրանի կամ Ռուսաստանի կողմից) Բաքվին ուղղակի ռազմական աջակցություն ցուցաբերելու պարտավորությունները։

  1. Եզրակացություն

Ադրբեջանն արտատարածքում Թուրքիայի բազմապլան ներկայությունը թույլատրելի է համարում միայն այնքանով, որքանով այն չի հակասում Բաքվի ինքնիշխանությանը և նրա ամբողջական միասնականացման ուղեգծին։ Հենց այս բանաձևն է Նախիջևանի ապագայի վերաբերյալ Բաքվի և Անկարայի միջև համաձայնության հիմքը՝ որպես համաթուրքական ինտեգրման նախագծի մաս, որի հիմքերը դրվել են դեռևս Մոսկվայի և Կարսի պայմանագրերում։

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 18.01.2026 թ.: