Մեկնաբանություններ

Մեկ անգամ ևս Իրանի մասին

Փորձագետի մեկնաբանություն, 11.08.2025 թ.

Արա Ա. Մարջանյան[1]

Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ–ի կողմից իրականացված «Հառնող առյուծ» (2025 թ. հուլիսի 13-23) և «Կեսգիշերային մուրճ» (2025 թ. հուլիսի 21-22) գործողությունների ավարտից հետո, որոնք ստացել են «12-օրյա պատերազմ» միասնական անվանումը, անցել է գրեթե երկու ամիս։ Սակայն լրատվական հոսքը նախկինի պես հեղեղված է Իրանին նոր հարվածներ հասցնելու մոտալուտ հնարավորության մասին հաղորդագրություններով։ Իսկ տարատեսակ տեղեկատվական ալիքները լի են նման հարվածի անխուսափելիության մասին զանազան «կանխատեսումներով»։

Այս տեղեկատվական ճնշման էությունն ավելի լավ հասկանալու համար, թերևս, անհրաժեշտ է ևս մեկ անգամ անդրադառնալ նշված գործողությունների արդյունքներին։

Նախնական գնահատականների համաձայն[2]՝ Իրանի միջուկային օբյեկտներին՝ առաջին հերթին Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում, զգալի վնաս է հասցվել՝ տարիներով հետ շպրտելով երկրի միջուկային ծրագիրը: Գրեթե ամբողջությամբ կաթվածահար է եղել Իրանի ՀՕՊ/ՀՀՊ համակարգը։ Գործողությունների ընթացքում Իսրայելի և ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ն հասել են Իրանի նկատմամբ օդային լիակատար գերազանցության: Իրանի միջին և փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների ներուժը խիստ հյուծված էր, բայց չի ոչնչացվել[3]:

Միևնույն ժամանակ, Իսրայելին Իրանի հակահարվածների հասցրած վնասը սպասվածից բարձր էր։ Իսրայելի ՀՕՊ/ՀՀՊ համակարգը գերբեռնված էր և թափանցելի՝ իրանական ծանր հեղուկային բալիստիկ հրթիռների համար։ Եվ դա՝ չնայած ԱՄՆ/ՆԱՏՕ հակահրթիռային պաշտպանության համակարգի «Իջիս» ծովային բաղադրիչի հնարավորությունների լայնածավալ օգտագործմանը։ Իսկ ամենակարևորը՝ մինչև 60% հարստացված մոտ 400 կգ ուրանի վիճակն ու գտնվելու վայրը մնում են անհայտ[4]։

Այսպիսով, «Վեր հառնող առյուծ» և «Կեսգիշերային մուրճ» գործողությունների զուտ ռազմական նպատակը՝ Իրանի միջուկային ենթակառուցվածքին «անընդունելի» վնասի ոչնչացումը կամ պատճառումն իրականացվեց՝ թեկուզև մասամբ: Ընդ որում, դրանում վճռորոշ դեր է խաղում ԱՄՆ-ի ԶՈՒ-ի «Կեսգիշերային մուրճ» գործողությունը, որի շրջանակներում 2025 թ. հունիսի 21–22-ին Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտների ուղղությամբ կիրառվել են B-2A[5] ռազմավարական ստելս-ռմբակոծիչներից նետված GBU-57 հակաբունկերային ավիառումբեր։ Իսկ Սպահանում և Նաթանզում գտնվող օբյեկտներին հարված է հասցվել Օմանի ծոցում գտնվող ԱՄՆ ՌԾՈՒ-ի միջուկային սուզանավի արձակած 30 «Տոմահավկ» թևավոր հրթիռներով։ Այստեղ կարևոր է նաև Իսրայելի հատուկ ծառայությունների «Կարմիր հարսանիք», ըստ էության՝ ահաբեկչական գործողության դերը ԻՀՊԿ բարձրաստիճան պաշտոնյաների և Իրանի առաջատար միջուկային գիտնականների սպանության գործում[6]։

Սակայն «12-օրյա պատերազմի» քաղաքական, այսինքն՝ հիմնական նպատակը, այն է՝ Իրանում ռեժիմի փոփոխությունը, չիրագործվեց։ Չի հաջողվելանգամ նկատելի անկարգություններ առաջացնել բնակչությանշրջանում՝ ուղղված Իրանի իշխանական կառույցների դեմ։ Կամերկրում նախաձեռնելազգային անջատողականություն, որը կարող է իրական վտանգի տակ դնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Վերը նշված տեղեկատվական ճնշումն ավելի լավ հասկանալու համար անհրաժեշտ է ընդգծել մի շարք փաստեր:

Նախ և առաջ, բարձր հարստացված ուրանը կարող է օգտագործվել ուրանի (բայց ոչ պլուտոնիումի) միջուկային մարտագլխիկ ստեղծելու համար: Ընդ որում, փաստերի հանրագումարը վկայում է այն մասին, որ Թեհրանն ուրանի հեքսաֆտորիդի հարստացման համար ընտրել է գազային ցենտրիֆուգային տեխնոլոգիան[7]։ Սակայն միայն բարձր հարստացված ուրանի առկայությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է միջուկային զենք ստեղծելու համար։ Ամեն դեպքում, ուրանի ատոմային մարտագլխիկներ ստեղծելու համար ուրանի հեքսաֆտորիդի հարստացումը պետք է հասցվի 92 և ավելի տոկոսի: Իսկ դրա համար անհրաժեշտ է վերականգնել 50 ЕРР-ական միավոր հզորությամբ իրանական բազմաթիվ տասնյակ նորագույն IR-9 ցենտրիֆուգներից բաղկացած առնվազն եռակասկադ հարստացման շղթան՝[8]։

Այս ամենի համարկպահանջվի որոշակի ժամանակ, և եթե ուրանի հեքսաֆտորիդի հարստացման գործընթացի էներգամատակարարումը, ըստ երևույթին, կարող է համեմատաբար հեշտությամբ ապահովվել, ապա ցենտրիֆուգների ֆիզիկական վերականգնումը և (կամ) նոր կասկադների ստեղծումը զգալի ջանքեր կպահանջի և, հավանաբար, կտևի առնվազն 12–18 ամիս:Այն էլ՝ պայմանով, որ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի ենթակառուցվածքներըքիչ թե շատ պիտանի լինեն։ Հակառակդեպքումայդ ժամկետըկարող է կրկնակի երկարել։

Երկրորդ, բարձր հարստացված (ավելի քան 90%) ուրանից բացի, միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ է նաև անցնել ուրանի լիցքի ստեղծման մետաղագործական փուլը: Ելնելով Իրանում առաքման ժամանակակից ավիացիոն փոխադրամիջոցների բացակայությունից և հաշվի առնելով զարգացած հրթիռային ոլորտը, շատ հավանական է, որ խոսքը կարող է գնալ միայն բալիստիկ հրթիռների միջուկային մարտագլխիկների, այլ ոչ թե ազատ ընկնող ավիառումբերի մասին։ Հետևաբար, անհրաժեշտ է արտադրել որոշակի երկրաչափության և կազմաձևման կոմպակտ մետաղական ուրանի լիցք, որը պահանջում է շատ հատուկ տեխնոլոգիական հմտություններ, որոնք շատ առումներով տարբերվում են ուրանի հարստացման տեխնոլոգիաներից[9]:

Երրորդ, միջուկայինուրանիմարտագլխիկստեղծելուհամար անհրաժեշտ է մշակել և ստեղծել ապահովիչի ժապավեն, որը երաշխավորում է ուրանի մետաղական լիցքի հատվածների պատշաճ սեղմումը:

Վերջապես, իր միջուկային կարողությունների մասին «պաշտոնապես» հայտարարելու համար Իրանը պետք է իր միջուկային մարտալիցքի փորձնական պայթեցում իրականացնի, ինչպես դա արեցին Իսրայելը 1979 թ. սեպտեմբերին[10], Հնդկաստանը՝ 1974 թ. մայիսի 18-ին («Ժպտացող Բուդդա» գործողությունը), Պակիստանը՝ 1998 թ. մայիսի 28-ին («Չագայ-1» գործողությունը) և Հյուսիսային Կորեան՝ 2006 թ. հոկտեմբերի 9-ին[11]:

Այս բոլոր փուլերի միջով անցնելը, անկասկած, զգալի ժամանակ և ջանքերի կենտրոնացում կպահանջի:Իհարկե, անհրաժեշտժամանակիկոնկրետ  գնահատականներըզգալիորենկտարբերվենմիմյանցից` կախված գնահատմանմեթոդից, որոշակի նախնական տվյալների առկայությունից և այլն: Ամեն դեպքում, կարող ենք խոսել տասնյակ ամիսների մասին, և զուտ ռազմական տեսանկյունից Իրանին կրկնակի հարվածներ հասցնելու հրատապ անհրաժեշտություն չկա։

Հատկապես, եթե հիշենք, որ գրեթե երկու տասնամյակ` 2003 թվականից ընդհուպ մինչև 2025 թվականի մարտի 25-ը[12], ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի պաշտոնական հայտարարությունների համաձայն, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ի բոլոր հետախուզական ծառայությունների ընդհանրացված և փոխհամաձայնեցված գնահատականը, ինչպես նաև Արևմուտքի երկրների հետախուզական համայնքների պաշտոնական գնահատականներն ու ՄԱԳԱՏԷ-ի եզրակացությունները, Իրանում միջուկային (ատոմային) զենքի ստեղծման ուղղությամբ նպատակային և համալիր աշխատանքներ չեն տարվել և չեն տարվում։

Այսպիսով, տեխնոլոգիական, ինժեներական և ռազմական տեսանկյունից Իրանին արագ և «ավարտուն» հարված հասցնելու կարիք չկա։ Ընդհակառակը, ստեղծված իրավիճակում բաց են մնում բազմաթիվ հնարավորություններ՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակներում խաղաղ և փոխընդունելի որոշումների համար։

*   *   *

Մամուլում Իրանին մոտալուտ կրկնակի հարված հասցնելու սպասումների սրումը, մեր կարծիքով, պետք է դիտարկել առաջին հերթին որպես Իրանի վրա քաղաքական, տեղեկատվական և հոգեբանական ճնշման փորձ՝ նպատակ ունենալով.

  • պահպանելԻրանի գտնվելը ՄԶՉՊ-ի (Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր) մեխանիզմների և ՄԱԳԱՏԷ-ի (ԱԷՄԳ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) հետ համագործակցության ուղեծրում,
  • պահպանելԻրանի վրա քաղաքական, ֆինանսական և տեխնոլոգիական ճնշումը՝ այդ երկրում իշխանական ռեժիմը փոխելունպատակով,
  • պահպանելԻսրայելիմիջուկայինմենաշնորհըՄեծ ՄերձավորԱրևելքիտարածաշրջանում՝ կանխելով«միջուկային մրցավազքի» խթանումը Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի միջև:

Ըստ վերը նշված կետերից առաջինի նշենք, որ 2025 թ. հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մ. Փեզեշքիանը հրամանագիր[13] է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի կիրարկման մասին։ Սակայն Իրանի ԱԳ նախարար Ա. Արաղչին միաժամանակ նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու մասին երկրի որոշմանը, այդ կազմակերպության հետ համագործակցության ուղիները փակ չեն: Իրանում որպես համագործակցության վերականգնման պայման են նշել Իրանի միջուկային օբյեկտների և ատոմային գիտնականների անվտանգության ապահովումը: Փոխգործակցության դադարեցումը կապված Է ՄԱԳԱՏԷ-ի և գործակալության գլխավոր տնօրեն Ռ. Գրոսիի հասցեին Իրանի քննադատության հետ. Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների համապատկերում նրա ցուցաբերած անգործության համար:

2-րդ և 3-րդ կետերի դիտարկումը շատ ավելին է, քան իրական մեկնաբանությունը: Դրա փոխարեն, «միջուկային Իրանին» առնչվող փոխկապակցված հիմնախնդիրների ամբողջ համալիրից (ՌԴ հնարավոր դերն Իրանի համար ուրանի հարստացման գործում, Գոլանի բարձունքների վերջնական բռնակցումն Իսրայելի կողմից, Գազայի հատվածի մասնատումն ու կլանումն Իսրայելի կողմից և այլն), այստեղ նպատակահարմար է առանձնացնել հարցերի մի շարք, որոնք կապված են Ադրբեջանին և Հայաստանին «Աբրահամի համաձայնագրերի» շրջանակներում ընդգրկելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդրի լուծման ուղիներ գտնելու ուղղությամբ ԱՄՆ-ի նախագահ Դ. Թրամփի վարչակազմի գործադրած ջանքերի հետ, մի նախագիծ, որը որոշակիորեն ձևաչափում է թյուրքական աշխարհի «Միջին միջանցքի» ամբողջ նախագիծը Չինաստանի «Միացյալ ճակատագիր» (մեզ մոտ առավելապես հայտնի է որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ») նախագծի հետ մրցակցության մեջ։

Այս առումով հատկանշական է, որ օգոստոսի 6-ին հայտարարվեց[14], որ պլանավորվում է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի այցն ԱՄՆ, որտեղ նա «երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ»՝ խորացնելու Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև կկայանա եռակողմ հանդիպում ԱՄՆ-ի նախագահի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ` ուղղված տարածաշրջանում խաղաղության, բարգավաճման և տնտեսական համագործակցության խթանմանը»:

Ավելի վաղ հաղորդվել էր[15], որ Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ը հավանություն են տվել «Թրամփի կամուրջ» տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրին, իսկ 2024 թ. հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողության փոխանցումը երրորդ կողմին չի քննարկվում[16]։

[1] ՄԱԿ ԶԾ ազգային փորձագետ (Էներգետիկա), ԵՄ ազգային փորձագետ (տրանսպորտ), ԵԱՏՄ փորձագիտական ակումբի անդամ, առաջատար վերլուծաբան, տ. գ. դ., ա. գ. ա.:

[2] Ա. Մ. Մարջանյան, «2025թ. իրանա-իսրայելական պատերազմ. նախնական հետևություններ Հայաստանի համար»: «ԱՌՎԱԿ» հայկական վերլուծական կենտրոն, 10.07.2025., (ռուս.), https://arvak.am/ru/ирано-израильская-война-2025-г-предварит/ (բեռնման օրը՝ 08.08.2025):

[3] “Statement from Director John Ratcliffe about Intelligence on Iran’s Nuclear Program”. CIA, 2025 թ. հունիսի 25, https://www.cia.gov/stories/story/statement-from-director-john-ratcliffe-about-intelligence-on-irans-nuclear-program/ (բեռնման օրը` 08.08.2025):

[4] «ՄԱԳԱՏԷ-ին հայտնի չէ իրանական 400 կգ հարստացված ուրանի գտնվելու վայրը»: ТАСС (ռուս.), 29 հունիսի, 2025, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/24383713; “U.S. strikes on Iran’s nuclear sites set up ‘cat-and-mouse’ hunt for missing uranium”. Reuters, June 29, 2025, https://www.reuters.com/world/europe/us-strikes-irans-nuclear-sites-set-up-cat-and-mouse-hunt-missing-uranium-2025-06-29/ (բեռնման օրերը` 07.08.2025):

[5] Միաժամանակ, Նաթանզում և Սպահանում գտնվող օբյեկտներին հարված է հասցվել Օմանի ծոցում գտնվող ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի ատոմային սուզանավի արձակած 30 թևավոր «Տոմահավկ» հրթիռներով։

[6] Bohbut, Amir, “Red Wedding: The plan to thwart Iran’s security elite ignited the imagination”. WALLA, (անգլ.), 18.06.2025, https://news.walla.co.il/item/3758407; Բուստանի Ջեմալ, «Թիրախային հարված Իրանի միջուկային ինտելեկտին». Haqqin (ռուս.), 14 հունիսի 2025, https://haqqin.az/news/351256 (բեռնման օրերը՝ 07.08.2025).

[7] Ի տարբերություն գազի դիֆուզիոն հարստացման տեխնոլոգիայի, որն օգտագործվում է ԱՄՆ-ում: Գազի դիֆուզիոն գործընթացի նկատմամբ գազի ցենտրիֆուգացման կարևոր առավելություններից մեկն այն է, որ նույն աստիճանի հարստացման հասնելու դեպքում 40-50 անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա է ծախսվում: Ռադիոակտիվ իզոտոպների տարանջատման էլեկտրամագնիսական մեթոդն ուրանի հարստացման 3-րդ տեսակն է, այն լայնորեն կիրառվել է անցյալում։ Վերջապես, 4-րդ մեթոդը. աերոդինամիկ տարանջատումը, մշակվել է Գերմանիայում և օգտագործվել Հրվ. Աֆրիկայի կառավարության կողմից իր ատոմային ծրագրի համար: 1990-ականների սկզբին Հրվ. Աֆրիկան հայտարարեց իր ռազմական միջուկային գործունեության դադարեցման մասին և միացավ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին:

[8] ЕРР-ն ուրանի իզոտոպների տարանջատման աշխատանքի միավոր է, որը ցենտրիֆուգների հզորության ցուցիչներից մեկն է: Տե՛ս՝ «Իրանական նորագույն IR-9 ցենտրիֆուգը 50 անգամ ավելի հզոր կլինի, քան IR-1-ը»: РИА, (ռուս.), 04.11.2019, https://ria.ru/20191104/1560562553.html (բեռնման օրը՝ 07.08.2025): Նկատենք, որ համաձայն ԱՄՆ-ի կողմից ձախողված «միջուկային գործարքի»՝ Իրանում նախատեսվում էր առաջին սերնդի 5060 IR-1 ցենտրիֆուգների աշխատանք Նաթանզում միջուկային վառելիքի հարստացման գործարանում։

[9] Իրանում հայտնաբերված «մետաղական ուրանի» մասին առաջին անգամ ասվել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի 2025 թ. հունիսի 4-ի զեկույցում (МАГАТЭ, GOV/2025/25. 4 հունիսի, 2025). Այս փաստաթղթի գաղտնիության կնիքը հանվել է «Հառնող առյուծ» գործողության մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի 2025 թ. հունիսի 12-ի տխրահռչակ նիստում, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի 2025 թ. հունիսի 12-ի GOV/2025/38 բանաձևի հատուկ կետում: Ավելի մանրամասն տե՛ս՝ Հղում 3-ը:

[10] «Վելլա»-ի միջադեպի մասին տե՛ս՝ Ա. Ա. Մարջանյան, «Իրանը Սկիլլայի և Քարիբդիսի միջև»: «ԱՌՎԱԿ» հայկական վերլուծական կենտրոն (ռուս.), 04.01.2025, https://arvak.am/ru/иран-между-сциллой-и-харибдой/ (բեռնման օրը՝ 07.08.2025):

[11]Ընդգծենք, որ նշվածբոլոր երկրներն, ի տարբերություն Իրանի, գտնվում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) դաշտից դուրս։

[12] DNI Gabbard Opening Statement for the Senate Select Committee on Intelligence. As Prepared on the 2025 Annual Threat Assessment of the U.S. Intelligence Community. 25.03.2025, https://www.dni.gov/index.php/newsroom/congressional-testimonies/congressional-testimonies-2025/4059-ata-opening-statement-as-prepared (բեռնման օրը՝ 07.08.2025).

[13] «Իրանի նախագահը ստորագրել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրենքը»: Интерфакс (ռուս.), 2 հուլիսի, 2025, https://www.interfax-russia.ru/military/news/648591 (բեռնման օրը՝ 08.08.2025).

[14] «Փաշինյանը Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետ»: PanARMENIAN, 6 օգոստոսի 2025, https://panarmenian.net/m/arm/news/325154 (բեռնման օրը՝ 08.08.2025):

[15] “Pashinián acepta ceder una región de Armenia a Estados Unidos, pero Francia lo sufrirá”. Periodista Digital (անգլ.) 22 հուլիսի, 2025, https://www.periodistadigital.com/mundo/20250722/pashinian-acepta-ceder-region-armenia-estados-unidos-francia-sufrira-noticia-689405115123/ (բեռնման օրը` 08.08.2025).

[16] «Հայաստանը հերքել է Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը ԱՄՆ-ին հանձնելու ծրագրերը»: РБК (ռուս.), 14 հուլիսի, 2025, https://www.rbc.ru/rbcfreenews/68752fe19a794730e2f897b8  (բեռնման օրը՝ 07.08.2025):