ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 18.04.2024 թ.
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղից դուրս բերեց ՌԽԶ-ն՝ իր «խաղաղապահ զորակազմը»։ Խոսքը երկու հազարանոց խմբավորման մասին է, որը զինված է հրազենով և թեթև զրահատեխնիկայով։ Բացի այդ, կան դեռևս չհաստատված տեղեկություններ այն մասին, որ ՌԴ զինվորականների 500 հոգանոց զորակազմը կմնա Լեռնային Ղարաբաղում առնվազն մինչև 2025 թ. աշուն։ Եթե տեղեկությունը հաստատվի, ապա պետք է ենթադրել, որ մնացած ստորաբաժանումը զուտ խորհրդանշական գործառույթ կիրականացնի՝ Մոսկվայի դեմքը «փրկելու» համար, որն անձամբ է հրաժարվել իր՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին պատրաստած համաձայնագրի արդյունքում ստանձնած պարտավորություններից:
Ինչ էլ որ լինի, նման որոշումը դժվար թե փոխի այդ հնչեղ իրադարձության էությունը, որը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի կողմից իր «պատմական պատասխանատվության գոտու» համակարգված հանձնման անշեղորեն իրականացվող հերթական քայլը։
ՌԴ կառավարության պաշտոնական ներկայացուցիչներն իրենց մեկնաբանություններում, ինչպես և սպասվում էր, խուսափում են ՌԽԶ-ի հեռանալը որպես Մոսկվայի՝ իր դիրքերից գլոբալ նահանջի տրամաբանության մեջ ներկայացնելուց և, առավել ևս, ոչ մի կերպ չեն շեշտում կատարվածի պատմական ենթատեքստը։ Փորձագիտական շրջաններն այս կամ այն չափով ընդունում են Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական լայնածավալ ձախողման փաստը, սակայն փորձում են դա բացատրել Արևմտյան կոալիցիայի և տարածաշրջանային դերակատարների ճնշմամբ։ Բայց ոչ մի դեպքում՝ ՌԴ արտաքին քաղաքականության իրականացման համար պատասխանատու ռուսաստանյան դիվանագիտության և այլ գերատեսչությունների սխալ հաշվարկներով:
Ընդհանուր առմամբ, ակնհայտորեն փորձ է արվում արդարացնել Մոսկվայի «ղարաբաղյան քաղաքականության» ձախողումը, որն արդյունքում վերածվել է 1991-ի տխրահռչակ «Օղակ» գործողության ավելի լայնամասշտաբ տարբերակի։ Եվ դա արվում է կա՛մ սլաքներն ուղղելով դեպի «արևմտյան դերակատարների հետ համաձայնության եկած Հայաստանի իշխանությունները», կա՛մ հղումներ կատարելով հանուն Ուկրաինայում ինչ-որ ավելի մեծ բանի հասնելու և, ըստ էության, հենց Ռուսաստանի փրկության ու ապագայի՝ «մի ռազմաբազա» զոհաբերելու գոյութենական անհրաժեշտությանը։ Մինչդեռ, ում, եթե ոչ այս ձևակերպման հեղինակ, ռուս հեղինակավոր արևելագետ պարոն Սատանովսկուն, հայտնի չէ, որ պատմական համատեքստում խոսքը ոչ թե «մի ռազմաբազայի» մասին է, այլ այն բանալիների, որոնք երեք դար առաջ հենց Ղարաբաղի իշխանները (մելիքները) և հոգևորականները հանձնել էին ռուս ինքնակալներին և դրանով իսկ բացել Հարավային Կովկասի դռները նրանց առջև։ Հենց այն «բանալիների», որոնք, Մոսկվան, անցնելով սրբազան խորհրդանիշների վրայով և անտեսելով իր՝ որպես «Երրորդ Հռոմ» լինելու պատմական առաքելության հայտարարումը, ըստ որի՝ նա կոչված է պաշտպանելու փոքր քրիստոնյա ազգերին, հանգիստ և առանց խղճի խայթի տալիս է նրանց, ովքեր պատրաստ են պայքարելու հանուն Հարավային Կովկասի:
Մնում է պարզել, թե «Ռուսաստանյան տերության» հարավկովկասյան ժառանգությունը ում գանձանակում կհայտնվի։ Բրիտանական հովանավորության տակ գտնվող թուրք-իսրայելական «ռազմաքաղաքական կոնսորցիումի՞», թե՞ վերածնվող «իրանական կայսերապաշտության», որից ժամանակին՝ իր փլուզման պատճառով, խլվել էր տարածաշրջանը։ Գուցե հենց Թեհրա՞նն էր՝ Ադրբեջանի տարածքում թեժ իրադարձությունների նախօրեին, խնդրել Մոսկվային հեռանալ՝ «ոտատակ չընկնելու համար»։ Կամ, գուցե, ամեն դեպքում, Մոսկվայի համար դեռևս արդիակա՞ն է «եթե ոչ մեզ, ապա՝ ոչ ոքին» մոտեցումը՝ հաշվի առնելով սպասվող արյունալի և կործանարար մրցակցությունը Հարավային Կովկասի հավակնորդների միջև։ Իսկ հետո, ինչպես իրենք են ասում՝ ժամանա՞կը ցույց կտա։
Արդյո՞ք այս մասին է ակնարկում մեկ այլ, ոչ պակաս հեղինակավոր, ռուս քաղաքագետ-միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ տեղի ունեցածի համատեքստում պնդելով, թե. «ցանկացած դուրսբերում դատավճիռ չէ, իսկ նահանջը ոչ միայն ռազմական գործերի, այլ նաև «մեծ աշխարհաքաղաքականության» մեջ միանգամայն օրինական ճանապարհ է, և, որ «ԼՂ-ից Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի հեռանալը պատմության ավարտը չէ, եթե այդ մասին դատողություններ անել հանգիստ և բանականությամբ»։
Մնում է միայն կռահել, թե պարոն Մարկեդոնովը ո՞ւմ է հորդորում՝ չհավատալ «պատմության ավարտին» և դատողություններ անել «հանգիստ բանականությամբ». Ռուսաստանյան տերությա՞նը, որը երբևէ կարող է վերադառնալ Հարավային Կովկաս, թե՞ հայ ժողովրդին, որին դեռ նոր մարտահրավերներ ու պայքար է սպասում։
Եվ, այնուհանդերձ, մնում է մի կարևոր հարց. լքելով ԼՂ-ն՝ արդյո՞ք Մոսկվան ձեռքերի ազատություն ստացավ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Արդյոք կկառուցի՞ որակապես նոր հարաբերություններ Երևանի հետ, թե՞ դեռ կշարունակի պնդել 2020–2022 թ. եռակողմ համաձայնագրերի, այդ թվում՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման անհրաժեշտությունը: