ՀՀ, Արցախ, Սփյուռք, Տեսակետ

Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ որպես ճեղքվածք ՌԴ և ԱՄՆ/Արևմուտք գաղափարաբանական հավատամքներում

Գրիգոր Թովմասյան(1)

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը(2)՝ լինելով Արցախ պատմական աշխարհի մի մասը, դարձավ նախկին Խորհրդային Միության քարտեզի վրայի առաջին կետերից մեկը, որը հավատաց Մ. Գորբաչովի հռչակած վերակառուցման և հրապարակայնության գործընթացին, խորհրդային օրենսդրության շրջանակներում պատմական արդարության վերականգնման հնարավորությանը։ Չարդախլուի և Սումգայիթի դառը դասերից հետո հայերը գիտակցեցին Մոսկվայի ազգային քաղաքականության կանխադրույթների կեղծությունը և առաջիններից էին, որ հակադրվեցին սովետների պատրանքին։ Տարիներ անցան, ողջ աշխարհի համար ԽՍՀՄ-ն ընկավ, բայց Ղարաբաղից չհեռացավ. այստեղ, ինչպես և երեսուն տարի առաջ, դեռևս շրջափակում է, մթերքի կտրոններ, մշտական կրակոցներ և խաղաղ բնակիչների սպանություններ ադրբեջանական խմբավորումների կողմից՝ միջազգային հանրության անհասցե հայտարարությունների ֆոնին։ Լեռնային Ղարաբաղը և դրա հետ մեկտեղ Հայաստանը կրկին դարձան աշխարհի թե՛ «վեհ ճշմարտությունների», և թե՛ «ստոր շահերի» կիզակետ։

Ժամանակակից գաղափարաբանական հավատամքների արմատները

Տարածված մի կարծիք գոյություն ունի, որ ցանկացած երկիր իր քաղաքականության մեջ առաջնորդվում է սեփական շահերով, որոնք, տեսականորեն, սահմանափակված են իր իսկ միջազգային պարտավորություններով, միջազգային իրավունքի սկզբունքներով և ավանդույթներով։

Չնայած միջազգային հարաբերությունները կարգավորող կոդիֆիկացված նորմերի շրջանակի և դրանց իրականացման համընդհանուր ճանաչված սկզբունքների ու ավանդույթների առկայությանը, «ազգային շահեր» հասկացությունը դեռևս գտնվում է կոնկրետ պետության շահերից բխող սուբյեկտիվ ընկալումների ոլորտում: Հասարակության և իշխանությունների կողմից ազգային շահերի ըմբռնումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, այն է՝ պատմություն, պետության էթնիկ կազմը, աշխարհագրական դիրքը, տնտեսությունը, ռեսուրսների առկայությունը/բացակայությունը և այլն, ընդհուպ մինչև տիրակալի կամ առաջնորդների անձնական հավակնություններն ու քմահաճույքները և այլն: Տեսականորեն ազգային շահերի առաջմղումը ենթադրում է մշտական​​ գործունեության իրականացում հանուն երկրի բարօրության ինչպես նրա սահմաններում, այնպես էլ՝ արտերկրում, ընդ որում՝ այդ շահերի խթանման եղանակները կարող են տարբեր լինել՝ սկսած առևտրային և դաշնակցային հարաբերություններից, դինաստիկ ամուսնություններից մինչև ոտնահարված պատվի վերականգնում ուժի միջոցով, ինչին ժամանակին նվիրված էր Հոմերոսի հեղինակությամբ՝ Հին աշխարհի ամենահայտնի գործերից մեկը։

Տրամաբանությունը մի փոքր այլ է կայսրությունների պարագայում, որոնք իրենց կազմավորման փիլիսոփայության հիմքերով տարբերվում էին սովորական պետություններից։ Եթե ​​սովորական երկրներն իրենց շահերն առաջ մղելու գործընթացում (հիմնականում տարածքների և ռեսուրսների պահպանում կամ ձեռքբերում) չէին խորշում «ուժեղի իրավունքով» ուրիշներին ուժ պարտադրելուց, ապա կայսրությունները, նույնը անելով, փորձում էին իրենց քայլերն ամրագրել գաղափարական կանխադրույթներով, համաձայն որոնց՝ նվաճումն այլևս ոչ թե ոտնձգություն էր, այլ՝ բարեգործություն: Եթե ​​սովորական պետության մարտավարությունն ավանդաբար ենթադրում էր խնդիրների կարճաժամկետ լուծում ուժի միջոցով, ապա կայսրությունները փորձում էին ապահովել իրենց իշխանության երկարաժամկետ ներկայությունը նոր տարածքում՝ առանց հրահրելու տեղական վերնախավերի և բնակչության դիմադրությունը։ Եվ ուստի, դրանք ապահովում էին երկու հիմնարար նախապայման՝ օրինականություն և անվտանգություն, որոնց առկայությունը թույլ է տվել ապրել և աշխատել հին ու նոր հպատակներին։ Տվյալ փուլում գործող սակրալ արժեքների հետ համադրվող օրինականությունը ապահովելու կարողություն և ուժի օրենքի դարաշրջանում մարդկանց համար այդքան հասկանալի անվտանգություն՝ ահա թե ինչի վրա էին խարսխված մարդկության պատմությունից հայտնի կայսրությունները։ Եվ դա է պատճառը, որ կայսրությունները անխնա կերպով արմատախիլ էին անում «իդիլիան» խախտող տարատեսակ ավազակներին, ծովահեններին և ապստամբությունները։ Նմանօրինակ սկզբունքներ են ընկած Հռոմեական ոսկե դարի (Pax Romana) հիմքում, դրանց իրականացմանն են հավակնել Ցին Շի Հուանդին, Սասանյան կայսրությունը, Բյուզանդիան, Կառլոս Մեծը, Հռոմի Պապը և նույնիսկ օսմանյան սուլթանները:

Օրենքի գերակայության հաստատումը և անվտանգության ապահովումը պահանջում էին, որ կայսրությունները հրաժարվեին բացառապես հարստացման նպատակով իրենց կամքի ուղղակի պարտադրանքից: Այսուհետ նրանք կոչված էին դառնալու արժեքների կրող ու պաշտպան։ Քաղաքական մտքի զարգացումը՝ կատարյալ հասարակության փնտրտուքի հետ զուգորդված, հանգեցրեց համաշխարհային տերությունների (ինչպես դրանց այսօր ընդունված է կոչել) քաղաքականության գաղափարական բաղադրիչի էվոլյուցիոն փոփոխության: Մշակույթով, կրոնով և գիտության, կրթության և հանրային հաստատությունների զարգացման մակարդակով տարբերվող ժողովուրդների կառավարումը պահանջում է համապիտանի արժեքային համակարգերի մշակում/հղացում՝ հասկանալի և ընդունելի եթե ոչ բոլոր հպատակների, ապա՝ նրանց առավելագույն թվի համար:

Նման արժեքների տարածման և հաստատման գործը դարձել է «ամերիկյան մեսիանիզմի» հիմքը, ըստ որի՝ պետությունը, փաստացի նվաճելով այլ երկրներ, այլևս հանդես է գալիս ոչ թե որպես ագրեսոր, այլ որպես «ազատության միջնաբերդ»՝ տեղացիների համար ազատություն և ժողովրդավարական ​​արժեքներ բերող: «Գերմանական գյուղացիությանը ազատություն» էր բերում Նապոլեոնը։ Ավելի ուշ նմանատիպ հայեցակարգով երևան եկան բոլշևիկները՝ հավակնելով ներմուծել ոչ միայն օրինականություն և անվտանգություն, այլև հիմնարար ևս մեկ տարր՝ սոցիալական արդարություն՝ դասակարգերից զուրկ հասարակության պայմաններում: Հետագայում, հիմնարար իրավունքների ու ազատությունների գերակայության, և, իհարկե, նյութական շահերի (առանց դրանց չի լինի) վրա խարսխված համակարգերի միասնական, ունիվերսալիստական ըմբռնման ձևավորումը հնարավոր դարձրեց երկրների «կամավոր վերամիավորումը» նոր դարաշրջանի կայսրությունների տեսքով, որոնց թվին կարելի է դասել, օրինակ, ԵՄ-ն, որն, ի թիվս այլ տարրերի, հիմնված է արտաքին և անվտանգության քաղաքականության, արդարադատության և ներքին գործերի ոլորտում համագործակցության ընդհանուր ըմբռնման վրա:

Ղարաբաղյան հիմնախնդիրը և «երկբևեռ աշխարհի» գաղափարաբանական հավատամքները

Հակառակ հիմնականում արևմտյան փորձագետների կողմից Ղարաբաղյան խոսույթ ներմուծված կարծիքի, ժամանակագրական առումով Ղարաբաղյան հիմնախնդիրը սկիզբ է առնում ոչ թե 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակումից, այլ՝ շատ ավելի վաղ։ Լինելով միակ քրիստոնեական ինքնավարությունը մահմեդական միութենական հանրապետության կազմում և, դարձյալ, միակը էթնոտարածքային միավորի անվանման մեջ տիտղոսավոր ժողովրդի (հայերի) անվան բացակայության առումով, ԼՂԻՄ-ն հենց իր գոյության փաստով մարտահրավեր դարձավ մեկ և միասնական խորհրդային ժողովրդի գոյության կանխադրույթի վրա հիմնված գերիշխող գաղափարախոսությանը։ Արցախցին չձուլվեց շրջապատող և այլ մշակույթի ու արժեքների կրող կովկասյան-թաթարական սուբստրատի մեջ՝ սկիզբ տալու մեկ միասնական «ադրբեջանական ժողովրդին»։ Միևնույն ժամանակ, բոլշևիկյան կարգախոսներով ԼՂԻՄ-ում և նրա սահմաններից դուրս իրականացվող հայկական բնակավայրերի սողացող «ադրբեջանականացման» ֆոնին անընդհատ ի հայտ էին գալիս միջադեպեր, որոնք ենթակա էին լուծման խորհրդային խիստ օրինականության շրջանակներում։ Ինչին, գործնականում, հակադրվում էր հենց  նույն խորհրդային գաղափարախոսությունը, ըստ որի՝ «ժողովուրդների սոցիալիստական ​​ընտանիքում» ի սկզբանե չէր կարող տեղ գտնել ազգային պատկանելությամբ պայմանավորված իրավունքների ոտնահարում, և, հետևաբար, նման խախտումների ցանկացած հիշատակում «զրպարտություն» էր մարքսիզմ-լենինիզմի նկատմամբ, հետևաբար՝ խորհրդային ժողովրդին խորթ ազգայնականության դրսևորում։ Խորհրդային համակարգի՝ իրականում գոյություն ունեցող խնդիրը լուծելու դժկամությունը քարտ-բլանշ տվեց լենինյան ազգային քաղաքականության «պահապաններին» և, արդյունքում, հնարավոր դարձրեց հայերի սահմռկեցուցիչ ջարդերը Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և ԱդրԽՍՀ այլ քաղաքներում, ինչը ցույց տվեց խորհրդային պետության ձախողումը սեփական քաղաքացիների պաշտպանության հարցում։ Բաքվում 1990 թ․ հայերի հունվարյան ջարդը և այն «հունվար ամսվաադրբեջանցի զոհերի» խնդրի դիմաց լռության մատնելու նպատակով Ադրբեջանի Ժողճակատի մարդասպանների և ԱդրԽՍՀ Կոմկուսի հետ գործարքի գնալու Կրեմլի պատրաստակամությունը ցույց տվեցին բարոյական և քաղաքական դեգրադացիան մի պետության, որն ի վիճակի չէր ապահովելու ո՛չ օրինականություն, ո՛չ անվտանգություն և ո՛չ էլ, առավել ևս, արդարություն։ Չնայած այն հանգամանքին, որ «1990 թվականի հունվարը» Ադրբեջանում հայտարարվեց ադրբեջանական ժողովրդի պայքարի «էջ»՝ հանուն անկախության և ընդդեմ կոմունիստական ​​կամայականության(3), դա չխանգարեց ադրբեջանցիներին ակտիվորեն (75,1% մասնակցությամբ) քվեարկելու ԽՍՀՄ-ի պահպանման համար 1991 թ․ մարտի 17-ի համամիութենական հանրաքվեին՝ ապահովելով հանրապետությունում «ԿՈՂՄ» ձայներիավելի քան 93%-ը(4): Ըստ ամենայնի, այս փաստն առանձնապես չի անհանգստացնում Բաքվի հյուրերի պաշտոնական պատվիրակություններին, ովքեր այցելում են համապատասխան հուշահամալիր, որն, իդեպ, կանգնեցվել է 1905-06 թթ․ Բաքվի ջարդերի հայ զոհերի շիրիմների վրա:

Գորբաչովի և նրա թիմի կողմից իրականացվող «լենինյան ազգային քաղաքականության» սնանկության ապոթեոզը դարձավ լայնածավալ, այսպես կոչված, «Օղակ» օպերացիան, որի ընթացքում ԽՍՀՄ ՆԳՆ-ի և ՊԱԿ-ի, ինչպես նաև ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ ջանքերով, խորհրդային բանակի տասնյակ տանկերի և ուղղաթիռների ներգրավմամբ տեղահանվեց ԼՂԻՄ-ի և հարակից տարածքների հայկական 19 գյուղերի բնակչությունը։ Վտարումն ուղեկցվել է հայազգի մարդկանց հանդեպ իրականացված թալանով, սպանություններով և առևանգումներով։ Եվ այս դեպքում, կարծես, այլևս հնարավոր չէր արդարանալ՝ մեջբերելով Սումգայիթի և Բաքվի ջարդերի հետ կապված դիսկուրսը. «ժամանակին չհասանք», «մի քանի ժամ ուշացանք», «առանձին խուլիգանական տարրեր» և այլն: Մոսկվայում այժմ տարածված «պայքար ֆաշիզմի դեմ» հարացույցի տրամաբանությամբ դա նշանակում է, որ Կրեմլը տանկեր և զորքեր է օգտագործել արցախցիների դեմ, որոնց մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին կազմել է «3-ից 1-ը», մինչդեռ ադրբեջանական «առյուծներինը»՝ «19-ից 1-ը» համամասնությամբ։ Լեռնային Ղարաբաղի ներսում և դրա սահմաններից դուրս հայկական բնակավայրերի բնակիչների բռնի տեղահանումը տեղի է ունեցել ադրբեջանական զինյալների կողմից Լաչինի՝ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի հետ կապող միակ ցամաքային ճանապարհի, ամբողջական շրջափակման ֆոնին։ Նույնիսկ այն ժամանակ աշխարհի ամենամեծ միջուկային տերությունը ցույց տվեց իր անկարողությունը ապահովելու մարդկանց և մարդասիրական բեռների անխափան տեղաշարժը հենց իր՝ խորհրդային տարածքում:

Կրեմլի այս զարմանալի փափկության ու անողնաշարության հանրագումարը՝ կապված նախկին ԱդրԽՍՀ հայ բնակչության նկատմամբ Բաքվի ահաբեկչության և կամայականության հետ, ոչ միայն զգետնեց «ժողովուրդների սոցիալիստական ​​եղբայրության» առասպելը, այլև փարատեց ցամաքի 1/6-ը զբաղեցնող ահեղ տերության կերպարը։ Փոքր Ղարաբաղը դարձավ լակմուսի թուղթ, որը հստակ ցույցտվեց խորհրդային երկրի գաղափարախոսության սնանկությունը, ինչպես նաև օրինականության և անվտանգության հիմնական պահանջները ապահովելու փաստացի անկարողությունը: Եվ նույնիսկ ԽՍՀՄ Սահմանադրական դատարանի՝ ԱդրԽՍՀ-ից ԼՂԻՄ-ի դուրս գալու «օրինական լինելու մասին» մասին որոշումը, որն ընդունվել էր խորհրդային կայսրության գոյության ամենավերջերում, ոչինչ չէր կարող փոխել: Գորբաչովյան թիմը շատ ուշ հասկացավ, որ Բաքվի վերնախավերի հետ նրա՝ օրենքի գերակայությունն ու բարոյականությունը շրջանցող «բյուզանդական խաղերը» երկիրը տանում են դեպի կործանում։ ԽՍՀՄ փլուզումը դարձավ անշրջելի։

Օբյեկտիվ պատճառներով մի փոքր այլ էր ԱՄՆ-ի և այն երկրների ռազմավարությունը, որոնց սովորաբար ներառում են «հավաքական Արևմուտք» անվան տակ: Նախ, դրանք ծանրաբեռնված չէին Խորհրդային Միության ստեղծման պայմանագրային հիմքից բխող իրավական փաստաթղթերով, ինչպես նաև դրա սահմանադրության պահանջներով և, առավել ևս, մարքսիզմ-լենինիզմի տեսական բանաձևերով։ Դիտարկելով «խորհրդային գաղափարի» գաղափարական պարտությունը որպես գլոբալ «Սառը պատերազմում» Մոսկվայի վերջնական պարտության անհրաժեշտ արար՝ արևմտյան դերակատարներն առիթը բաց չթողեցին Մոսկվայի և Բաքվի կամայականությանը հակադրելու իրենց դրական դիսկուրսը, որը բանաձևած էր «մարդու իրավունքների» շուրջ: ԼՂ-ին առնչվող քաղաքական գործընթացներին ցուցաբերված համապատասխան տեղեկատվական աջակցությունը տարբեր, ինչպես ընդունված էր ասել՝ [ռադիո]«ձայներով», արևմտյան և համաշխարհային առաջատար լրատվամիջոցների էջերում, առանձին երկրների և համաեվրոպական կառույցների կողմից հռչակագրերի ընդունումը, ինչպես նաև առանձին ​​դեմարշները՝ ընդհուպ մինչև համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը (օրինակ՝ ԱՄՆ-ում «Ազատության աջակցության ակտի» 907-րդ փոփոխությունը(5)) կտրուկ դիսոնանս ստեղծեցին Կրեմլի պարտոկրատների և Արևմուտքի հասարակական-քաղաքական շրջանակների գործերի և խոսքերի միջև: Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընդհանուր քաղաքական և տեղեկատվական ֆոնը լրացվեց ՌԴ իրավապաշտպան շրջանակների, նախկին խորհրդային Մերձբալթյան երկրների հասարակական-քաղաքական շրջանակների, ինչպես նաև արևմտյան երկրների հասարակական, իրավապաշտպան կառույցների և անհատ գործիչների կողմից ցուցաբերվող ղարաբաղյան օրակարգի համանման ընկալմամբ: Այսպես, 1990 թ. հունվարի 18-ին Եվրախորհրդարանը ընդունեց «Հայաստանի իրավիճակի մասին» բանաձևը, կոչ անելով Եվրոպական ԱԳ նախարարների խորհրդին և Եվրոպայի խորհրդին միջնորդել հայերի համար խորհրդային կառավարության առջև և անհապաղ օգնություն պահանջելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։ Նույն օրը ԱՄՆ մի խումբ սենատորներ նամակ են հղել Միխայիլ Գորբաչովին՝ մտահոգություն հայտնելով Բաքվում հայերի ջարդերի առնչությամբ և կոչանելով վերամիավորել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին(6)։

Իրավիճակը կտրուկ փոխվեց ԽՍՀՄ-ի պաշտոնապես ամրագրված փլուզումից և նախկին խորհրդային հանրապետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի անկախության հռչակումից հետո: Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում դա արևմտյան երկրներում հանգեցրեց շեշտադրումների որոշակի տեղաշարժի. համակիրների շրջանակների դիրքերում «հակասովետականը» աստիճանաբար փոխվեց «հակառուսականի»՝ «ղարաբաղամետի» զուգահեռ անհետացումով։ Որպես հայտանշական օրինակ կարելի է նշել այն մետամորֆոզները, որոնք տեղի ունեցան նույն մերձբալթյան «դեմոկրատների» հետ. դառնալով հակառուսական, դրանք սկսեցին միաձայն կողմ քվեարկել եվրոպական հարթակներում տարատեսակ ադրբեջանականամետ բանաձևերի համար։

Ադրբեջանի «Դարի գործարքը» և Կասպից ծովի նավթագազային պաշարների բաժանման սկիզբըփոխեցին աշխարհի առաջատար ժողովրդավարության վերաբերմունքը, որը, ստանալով իր մասնաբաժինը բազմաթիվ ոլորտներում և հարցերում, փոխեց ԼՂ խնդրի իր տեսլականը(7): Ատելի ստալինյան ժառանգությունը դադարեց բացասական տրամադրություններ առաջացնել ԼՂ խնդրի վերաբերյալ, իսկ «մարդու իրավունքների» խնդիրները կորցրեցին իրենց արդիականությունը։ Եվ նույնիսկ Նյու Յորքի Դաշնային դատարանում հարուցված կոռուպցիոն գործը, որն առնչվում է Հեյդար և Իլհամ Ալիևներին, ովքեր կասկածվում են մեկ դրվագով առնվազն 150 միլիոն դոլար(8) կաշառք ստանալու մեջ, ոչ թե դարձավ ԱՄՆ-ի՝ այս երևույթը վերացնելու ջանքերի հիմնարար կիրառման կետ, այլ, ավելի շուտ, Ադրբեջանի իշխող ընտանիքի վրա ներազդելու պահուստային լծակ։ Արդյունքում, իրենց երկրների իշխանությունների հետ կապերով հայտնի ամերիկյան և եվրոպական լրատվամիջոցներն ու ՀԿ-ները սկսեցին միաբերան կրկնել «ԿԳԲ-ի գնդապետ» Պուտինի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին՝ համառորեն անտեսելով նույն ՊԱԿ-ի գեներալ Հեյդար Ալիևին, գրել «բռնապետ Պուտինի» մասին, ամենկերպ խուսափելով Իլհամ Ալիևի նկատմամբ նմանատիպ մակդիրներից։ Ադրբեջանի մասին մի շարք նման պատմություններ դարձել են արևմտյան քարոզչության «թզենու տերևը»՝ «նոր ձևավորվող շուկա», «Ռուսաստանը շրջանցող ճանապարհ», «էներգակիրների այլընտրանքային աղբյուր», «Եվրոպայի էներգետիկ անվտանգության կարևոր բաղադրիչ» և այլն։ Նմանատիպ քաղաքական մանտրաներհնչեցնող լոբբիստները առանձին ինստիտուտների կողմից վարձված, անհայտությունից երևան եկած և այնտեղ էլ կորած  քաղաքագետներ ու հետազոտողներ էին։ Թեև, թերևս, ինչ-որ մեկը դեռ կհիշի նույն Բրենդա Շաֆերի բոցաշունչ ելույթները։

«Սա ուրիշ է»-ն Ղարաբաղյան հիմնախնդրում

Ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլի ավարտը և հարաբերական խաղաղության հետագա տարիները մինչև 44-օրյա պատերազմը նշանավորեցին ոչ միայն Բաքվի հետ կապերի ակտիվ հաստատումը, այլև մի շարք նույնական դեպքերի ի հայտ գալը, որոնք իրենց լուծումը գտան Ղարաբաղյան հիմնախնդրի տրամաբանությունից դուրս։ Այսպես. Բոսնիա և Հերցեգովինան անջատվեց Սերբիայից, ապա՝ Կոսովոն և Մետոհիան։ Ժամանակին, երբ հարցնում էին բալկանյան սցենարների և ղարաբաղյան հիմնախնդրի զուգահեռների մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մ. Բրայզան հոգնեցուցիչ կերպով փորձում էր լսարանին հասցնել, որ «Կոսովոն ուրիշ է»՝ չկարողանալով հստակ բացատրել, թե իրականում ինչո՞վ է «ուրիշ»(9). Այնուամենայնիվ, Ղարաբաղյան խնդրի համատեքստում նման ձևակերպումը չդարձավ Պետդեպարտամենտի բացառիկ «պայծառ միտքը» և ընդունվեց Դենեժնի փողոցի դիվանագիտության վարպետների քաղաքական-դիվանագիտական ​​գանձարան։

Չնայած բանակցային գործընթացի էության և դինամիկայի վերաբերյալ բազմաթիվ վերլուծական հաշվարկների առկայությանը, դրա օրակարգի հիմնական՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, հարցը հանարժանի լռության է մատնված։ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և հնարավոր բոլոր տեղերում ամրագրված իրավունքը, ըստ համաշխարհային տերությունների, ենթակա էր Բաքվի հետ անպայմանորեն  համաձայնեցման։ Նույն Սերբիան կամ Վրաստանը նմանօրինակ իրավունքի չարժանացան։ Իսկ ռուս-ամերիկյան «Լեռնային Ղարաբաղ» տանգոն, որը տեղի ունեցավ Բոսնիայի և Կոսովոյի, Օսիայի և Աբխազիայի անկախության «մասնակի» ճանաչման ֆոնին, վերածվում էր կրքոտ լամբադայի, հենց գործը հասնում էր «Բա Ղարաբա՞ղը» խորհրդագործական հարցադրմանը: Եվ դա այն դեպքում, որ վերոնշյալ դեպքերում մասնակի ճանաչմանը նախորդել է զինված հակամարտություն, ինչի արդյունքում այս կամ այն ​​շրջանի կողմից հայտարարվել է՝ «անջատում հանուն փրկության»։ ԼՂ-ի դեպքում ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ հակամարտության արդյունքում այն ​​ինտենսիվորեն մղվում է իր դեմ ագրեսիա իրականացրած ցեղասպան պետության կազմի մեջ։ Հավանաբար հենց դա է պնդել պարոն Բոլթոնը՝ խոսելով հայերի կողմից «պատմական կարծրատիպերից» հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Այսօր գաղափարապես անհարմար Ղարաբաղյան հակամարտությունը խանգարում է բարձր ամբիոններից հնչող գաղափարապես ճշգրտված ելույթներին, ուստի վերջին տարիների ընթացքում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը նպատակաուղղված կերպով դուրս է մնացել «ինքնահռչակ», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» պետությունների ցանկից։ Որովհետև՝ սա ուրիշ է: Ռուս-ամերիկյան գլոբալ առճակատման շատ հարցերում Արևմուտքի «երկակի ստանդարտներին» նայելով ՌԴ ԱԳՆ խոսնակի հեգնանքով հնչեցրած «Սա ուրիշ է» բանաձևը խորթ չէր հենց իրեն՝ բառամթերային լարախաղացության բարձրագույն վարպետություն դրսևորող Մ. Զախարովային(10), երբ բանը հասնում էր Ղարաբաղի թեմայով զուգահեռներին: Այսպես, ռուսական դիվանագիտության մամլո դեմքը հանդիսացող անձնավորությունը, որը Արևելյան Եվրոպայում և Բալթյան երկրներում խորհրդային զինվորների հուշահամալիրների ոչնչացումը դատապարտելով և խարանելով, չկարողացավ հստակորեն պատասխանել իրեն բարեկամ Ադրբեջանի տեղահանված հայկական գյուղերում, առաջին հերթին՝ Չարդախլուում, համանման հուշարձանների ոչնչացման նկատմամբ իր գերատեսչության հանդուրժողականության պատճառների մասին: Ասել չկարողացավ, բայց մարմնի լեզուն պարզ էր՝ «սա ուրիշ է»։ Ինչպես նաև քրիստոնեական, իսկ իրականում՝ ռուսական Մոնտինյան գերեզմանատան բարբարոսական ոչնչացումը բարեկամ Բաքվում: Եվս մեկ գերեզմանատան՝ Նախիջևանի Նոր Ջուղայում հայ միջնադարյան քրիստոնեական մշակույթի պատմական հուշարձանի ոչնչացումը նույնպես չի հանգեցրել միջազգային ոչ կառավարական և պետական ​​կառույցների և, նույնիսկ, ՄԱԿ-ի արդարացի զայրույթին. ի վերջո, սա աֆղանական Բամիանի՝ Բուդդայի արձանը չէ, սա ուրիշ է:

Ինքնորոշման խնդրի վերաբերյալ ռուսական մոտեցումների փոփոխակայնությունը ակնհայտորեն դրսևորվեց Ղրիմի հանրաքվեի, ԼԺՀ-ի և ԿԺՀ-ի ճակատագրի հետ կապված գործընթացների համատեքստում։ «Մայրցամաքային» Ռուսաստանի հետ մշակութային, էթնիկ և հոգևոր կապվածություն ունեցող տարածքների անկախության այլընտրանքի բացակայության մասին հուզիչ անկեղծությամբ խոսող նախարար Լավրովի մտասույզ-լուրջ դեմքը՝ Ղարաբաղյան հիմնախնդրի ֆոնին այլևս վեհապետության դեմք չէր, այլ՝ սովորական մի երկրի միջերես, որն ընտրողաբար դիմում է միջազգային իրավունքի՝ իրեն շահավետ սկզբունքներով:  Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության «Ս. Լավրովի դարաշրջանի» դիվանագիտությունը սկիզբ դրեց Հարավային Կովկասում ռուսական ներկայությանդարավոր գաղափարական և գաղափարաբանական հիմքերից հեռանալուն։ Երբեմնի երիտասարդ պետությունը, որն իրեն դիրքավորում էր որպես արևելյան քրիստոնեության հենակետ և կոչված էր քաղաքակրթության մեջ դառնալու «Երրորդ Հռոմ», հրաժարվում է տարածաշրջանի համար իր պատմական պատասխանատվությունից և անշեղորեն սահում դեպի երկրորդ Բյուզանդիա՝ հայտնի իր պալատական ​​ինտրիգներով, հեղաշրջումներով, կաշառակերությամբ, դավաճանությամբ և քաղաքական վերնախավերի անհեռատեսությամբ:

44-օրյա պատերազմն ու աշխարհը

2020 թ. սեպտեմբերյան պատերազմն օգնեց բյուրեղացնելու մի քանի կարևոր իրողություններ։ Նախևառաջ, տեղի ունեցած պատերազմը ցույց տվեց միջազգային ահաբեկչական ինտեռնացիոնալի ակտիվ ռազմական գործողություններ իրականացնելու կարողությունը ՌԴ «ռազմավարական դաշնակցի» շահերի դեմ, հատկապես՝ «Ռուսաստանի պատմական պատասխանատվության գոտում»։ Սիրիայում միջազգային իսլամական ճակատի դեմ պայքարի պատվարին հավակնող Մոսկվան, ընդհանուր առմամբ, լռությամբ շրջանցեց այն փաստը, որ Ադրբեջանը լայնորեն ներգրավել է հիմնականում հենց սիրիական ծագումով տարաբնույթ արմատականների։ Նույնիսկ ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարի՝ այս փաստը արձանագրող խոսքերը մնացին որպես սոսկ բառեր «առանց գործի»(11)։ Իսկ Մոսկվան՝ որպես «Երրորդ Հռոմ», չխառնվեց պատերազմական խառնաշփոթին՝ հաշվի չառնելով նույնիսկ ռազմավարական դաշինքի մասին համաձայնագրի առկայությունը։

Արդյունքում, Մոսկվայում որոշում կայացնողների քաղաքական անհեռատեսությունը վերջինիս, որպես խաղացողի, դրել է տարածաշրջանից վերջնականապես դուրս մղվելու հեռանկարի առջև՝ արևմտյան նարատիվի այն հիմնական թեզի համաձայն, ըստ որի «Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում հիմնված է հակամարտությունների վրա», որոնք վերջինիս  անհրաժեշտ են այստեղ «մնալու» համար: Ստացվում է, որ. «Չկա Ռուսաստան, չկան հակամարտություններ»: Ի դեպ, այս մոտեցումը ենթադրում էր, որ հակամարտության մեջ ներգրավված ժողովուրդները շատ նման և մոտ են իրար, նույնքան խաղաղաասեր ու մեղավոր, ուստի արտաքին բացասական (ռուսական) ազդեցության բացակայության դեպքում դրանք կարող էին անմիջապես ընդհանուր լեզու գտնել և ապրել խաղաղության մեջ։ Այսօր այս գաղափարի հիմնական առաջամարտիկները և, առաջին հերթին, «սևայգեցի» Թոմ դե Վաալը, ով քարոզում էր հասարակությունների միջև ուղիղ երկխոսություն և «երկրորդ մակարդակի դիվանագիտություն», վերջին տարիների իրադարձությունների լույսի ներքո այլևս հետաքրքիր չէ անգամ իր դրամաշնորհատուների համար։

«Լավրովի դարաշրջանի» մեկ այլ կարևոր փուլանիշ է Թուրքիայի(12) հաղթական վերադարձը տարածաշրջան, ինչին հակադրվելը դարեր շարունակ եղել է ռուս կայսրերի ու կայսրուհիների տարածաշրջանային քաղաքականության հիմնական խնդիրը։ Մինչդեռ Ադրբեջանում լեգիտիմորեն տեղավորված Թուրքիան Մոսկվայից նույնիսկ օրինական իրավունք ստացավ մշտադիտարկելու Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի համակազմի առաքելությունը։ Խոսքը Աղդամում տեղակայված Ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի մասին է, որն այդպես էլ չի հերքել Ադրբեջանի ՊՆ բազմաթիվ տեղեկատվական լցոնումները իբր «ղարաբաղյան ուժերի սադրանքների» մասին։

Տեղի ունեցող անհեթեթությունը որպես «պարտադրված միջոց» բացատրելու փորձերը հազիվ թե տեղին լինեն, քանի որ Ռուսաստանը, որը կոշտ պրոքսի պատերազմ է մղում աշխարհի առաջատար տերությունների հետ Ուկրաինայում նման «ճկումներ» իրեն թույլ չի տալիս։

Միևնույն ժամանակ, տարփողելով հավաքական Արևմուտքի և «ագրեսիվ ՆԱՏՕ-ի բլոկի» դեմ պայքարի մասին, Ռուսաստանի Դաշնությունը սեփական ձեռքերով թույլ տվեց հենց ՆԱՏՕ-ական Թուրքիային իր «փափուկ փորին»՝ Հյուսիսկովկասյան լեռնաշղթային մոտենալ, քաղաքական «ճկունությամբ» մոտենալով անդառնալի «անողնաշարությանը»: Ի վերջո, խոսքը Թուրքիայի մասին է, որը «թույլ է տվել» Ռուսաստանի դեսպանի սպանությունը, խոցել ռուսական ռազմական ինքնաթիռը և համաներում շնորհել օդաչուին սպանողին։ Այն պետության մասին, որի ղեկավարը հենց ռուսական կողմի՝ ժամանակին փոխանցված տեղեկության շնորհիվ փրկվել է ռազմական հեղաշրջումից:

ԼՂ-ում՝ Ռուսական խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) պատասխանատվության գոտում տեղ գտած հետագա զարգացումները՝ ադրբեջանական ուժերի կողմից տարածքների գրավումը, խաղաղապահների աչքի առաջ խաղաղ բնակչության սպանությունը, Ադրբեջանի կողմից տրանսպորտային հաղորդակցության ուղիների փակումը, ԼՂ-ին էլեկտրաէներգիայից և գազամատակարարումից զրկումը, հսկիչ-անցագրային կետի տեղադրումը և արդեն իսկ ՀՀ սահմաններում գտնվող տարածքների գրավումը, ցույց տվեցին  հիմնական ոչ տարածաշրջանային խաղացողի քաղաքական և դիվանագիտական ​​գործիքակազմի լիակատար անարդյունավետությունը «գետնի վրա»։ Հայերի համար Լաչինի միջանցքի բացման շուրջ Ադրբեջանի հետ «դիվանագիտական ​​բանակցությունների» սիրահարներն այսօր հայտնվելեն մի իրավիճակում, երբ ստիպված են աղաչել հենց ՌԽԶ-ի համար բեռներ փոխանցելու հնարավորություն ստանալու համար:

Ռուսական քաղաքականության վերը նշված ալգորիթմները կասկածի տակ են դնում այնպիսի նարատիվների ողջ պաթոսը, ինչպիսիք են՝ «Որտեղ մենք, այնտեղ՝ խաղաղություն», «Մենք չենք լքում մերոնց» և այլն: Այսօր Ղարաբաղյան հիմնախնդիրը դառնում է ռուսական քաղաքական և գաղափարախոսական մտքի, այդ թվում՝ դուգինակերպ՝ արտաքնապես ճանաչելի ռուսական տեսքով, սակայն խոսքում «օտար» երգեր երգող հանրայնացված գործիչների «անբռնակ ճամպրուկը»։ Ռուսականկողմի գաղափարաբանական անօգնականությունն ընդգծվում է Կրեմլին մոտ կանգնած փորձագետներիդիրքերում գտնվող մի շարք կողմնակալ գործիչների ակտիվացմամբ։ Հ. Ալիևի և Ռ. Էրդողանի հանդեպ անսպասելի «սիրով» բորբոքված այս «խոսող գլուխները» ռուս հասարակությանը ներշնչում են ադրբեջանա-թուրքական նարատիվներ՝ փորձելով համոզել հանդիսատեսին, որ «Ռուսաստանը հայերիհամար չպիտի կռվի», ինչը միայն ավելի է սրում իրավիճակը։ Լոբանով-Ռոստովսկու ոճով նման սուր և կատեգորիկ հարցադրումները («Իսկ ինչու՞ է մեզ պետք երկրորդ Բուլղարիան») ոչ միայն չեն արտացոլում Ռուսաստանից իրական սպասելիքները, այլև՝ ուղղակի կոչ են նրան՝ հրաժարվելու իր «պատմական առաքելությունից»։ Նաև, եթե կուզեք, ընդունելու, որ այսուհետ ռազմավարական յուրաքանչյուր կարևոր տարածաշրջանի համար աշխարհաքաղաքական առճակատման մեջ Մոսկվային կարող է «մատների վրա խաղացնել» ցանկացած պայմանական մարդ փողոցից։ Եվ սա միանշանակ ձախողում է՝ նույնիսկ հաշվի առնելով ռուսական քաղաքական վերնախավի հատուկ ակնածանքը թերի համալսարանական կրթությամբ «հեղափոխականների» նկատմամբ։

Ավելի լավ չեն գործերը «Արևմտյան (գաղափարախոսական) ճակատում»: Եվ այստեղ խոսքը ազդեցության մի քանի մակարդակների մասին է։ Նախ, ըստ էության, ինչպես ինքը՝ ՌԴ-ն, այնպես էլ արևմտյան տերությունների շահերը ներկայացնող պաշտոնյաներն, իրենց բարձր ներկայացուցիչների շուրթերով բազմիցս հայտարարել են «Ղարաբաղյան հիմնախնդիրը զինված միջոցներով լուծելու անհնարինության» մասին և կոչ արել խաղաղության և փոխզիջման նախապատրաստելու տարածաշրջանի ժողովուրդներին: Այն էլ, ինչպես ցույց տվեց պատմությունը, հիմնականում հայերին էին պատրաստում։ Իսկ ավելի ուշ նրանք բավականին հանդուրժողաբար ընդունեցին Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմ սկսելու իրողությունը։ Ընդհանուր առմամբ, Բաքվի այս քայլը, որն արվել է ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան ներառող ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո դե-յուրե ընթացող բանակցային գործընթացի համատեքստում, հարված էր բոլոր երեքի հեղինակությանը՝ բայց մեկ էական տարբերությամբ: Եթե ​​Մոսկվայի որոշակի շրջանակների համար Հայաստանն այն ժամանակ ընկալվում էր որպես «հաղթական նարնջագույն («թավշյա») հեղափոխությամբ երկիր», ապա՝ հավաքական Արևմուտքի համար խոսքը, տեսականորեն, պետք է լիներ «հաղթանակած ժողովրդավարություն ունեցող երկրի» մասին։ «Քաղաքակիրթ երկրների արևմտյան ակումբ խցկվելու» հայկական փորձը, որին էլ ուղղված է «ժողովրդավարական փոփոխությունների» մշտական բանաձևը ողջ աշխարհում, Հայաստանին ոչ միայն չարժանացրեց Արևմուտքի «գրկաբաց» ընդունելությանը, այլև՝ չկանգնեցրեց 2020 թ. աշնանային ագրեսիան, որը նույնիսկ չարժանացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գեթ մի բանաձևի։ Իսկ հետո տեղի ունեցան 2021 թ. մայիսի իրադարձությունները, 2022 թ. սեպտեմբերը և այլն։

Ուկրաինայում ռուսական Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ռուս-ամերիկյան առճակատման ակտիվացումը լրացուցիչ շեշտադրումներ հաղորդեց ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Ուկրաինայի դեմ ագրեսիայի» պատճառով ՌԴ և անձամբ Վ. Պուտինի ու նրա շրջապատի դեմ «պատժամիջոցային պատերազմ» մղելով՝ հավաքական Արևմուտքի երկրները հանդուրժողականության հրաշքներ են ցուցադրում Ի. Ալիևի նկատմամբ, որի կողմից ագրեսիայի գործադրումն, ըստ էության, արգելված չէ։ Չնայած ՀՀ տարածքի վրա մի քանի լայնածավալ հարձակումներին, ՀՀ խաղաղ բնակիչների և բնակավայրերի մշտական ​​գնդակոծմանը, Արցախի ամբողջական շրջափակմանը (ներառյալ գազի և էլեկտրական ցանցերի պայթեցումը), որը տանում է դեպի հումանիտար աղետի, միջազգային փաստահավաք առաքելությունների՝ ԼՂ-ի տարածք մուտքը թույլ չտալուն, Արցախի պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ավերման ու ոչնչացմանը, և, դրան գումարած, Միջազգային դատարանի վճռին, համաշխարհային և եվրոպական ժողովրդավարության ներկայացուցիչներն ընդամենը սահմանափակվում են «խորը» և այլատեսակ մտահոգություններով, անընդմեջ «հստակ ուղերձներ» հղելով Բաքվի կողմից նման քայլերի «անթույլատրելիության» վերաբերյալ: Սակայն Ուրսուլա Ֆոն դեր Լայենի՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում(13) Ադրբեջանի՝ որպես վստահելի գործընկերոջ կարևորության մասին հայտարարությունների ֆոնին, մնացյալ «քննադատական» հռետորաբանությունը մտքեր է արթնացնում քարավանի մասին, որը շարունակում է գնալ՝ անկախ կողքից հնչող տարատեսակ աղմուկների:

Դիվանագիտական ​​ձևակերպումները մի կողմ թողնելով ասենք, որ հավաքական Արևմուտքն առնվազն ոչ մի խոչընդոտ չի տեսնում Լեռնային Ղարաբաղը բռնի ուժով բռնապետ Ալիևի գլխավորած ցեղասպան պետության կազմի մեջ ներառելու համար: Ավելին, նա գրեթե բացահայտ պարտադրում է դա։ Իրավիճակը ցավալիորեն հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդող ժամանակաշրջանը, երբ Արևմուտքը և Խորհրդային Ռուսաստանը, իրենց հավերժական դիմակայության մեջ փորձում էին հակառակորդի հաշվին առանձին-առանձին բանակցել Հիտլերի հետ։ Չեմբեռլենի «Թզենու տերևը», ինչը պետք է «խաղաղություն բերեր մի ամբողջ սերնդի համար», և Ռիբենտրոպ-Մոլոտովի պայմանագիրը հստակ ցույց տվեցին «հզորների» պատրաստակամությունն ու կարողությունը՝ հանուն իրենց շահերի գործարքի գնալու հենց սատանայի հետ: Հանցագործությունների ու անօրինությունների վրա աչք փակելու պատրաստակամությունը հանգեցրեց բացասական երևույթների բազմակի աճի, մահերի ու ավերածությունների։ Այսօր, Ադրբեջանին իրենց կողմը հրապուրելու համար տերությունները պատրաստ են շատ բան զոհաբերել, սակայն այդ ամենի համար վճարելու են հայերն ու Հայաստանը։ Եվ դա այն պայմաններում, երբ Հայաստանն ամենաքիչն է պատրաստ դիմակայելու այդ մարտահրավերներին՝ թե՛ իր իշխանությունների որակի, թե՛ իր ռեսուրսների քանակի պատճառով։

Ղարաբաղյան հիմնախնդիրը հետևանքներ կունենա բոլոր ներգրավված կողմերի համար: ԽՍՀՄ-ում ծնված և ապրած լինելով, այս խնդիրը մնում է միջազգային հարաբերությունների արդի համակարգի ցուցիչ, տերությունների կողմից բարձրաձայնված և իրական արժեքների չափանիշ։ Այն կազդի թե՛Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի վրա։

Այսպիսով, հույների, սերբերի, հայերի, վրացիների և այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության իր պատմական առաքելությունից կամավոր հրաժարված երկրին, որով, ի դեպ, նա գործնականում լեգիտիմացրել էր իր մուտքը համաշխարհային անցուդարձ, սպառնում է դեպի Մեծ դքսության դարաշրջան աշխարհաքաղաքական հետընթացի հեռանկարը՝ հենց Ռուսաստանի տարածքից «իրենց հողերը» ստանալու համար եկողների հսկայական հերթով: Մոսկվան ուզում է, թե ոչ, Բալկաններից հետո հենց Ստեփանակերտը՝ ռուսական ինքնիշխանության Մանազկերտն է մնում անդառնալի այն կետը, նահանջը որից Ռուսաստանին կզրկի իր գաղափարական ու պատմական կարևորությունից։ Միևնույն ժամանակ, ի տարբերություն մյուս բոլոր դերակատարների, Մոսկվան հարկադրված կլինի պատասխանելու պատմության հետևյալ հարցին. «Ինչպե՞ս եղավ, որ ժամանակին ձեզ օգնության կանչողներին (Ղարաբաղի հայերին) անգամ ձեր ներկայությամբ ճնշեցին, իսկ հիմա ձեր աչքի առաջ նրանք հայտնվել են ոչնչացման եզրին»։

Արևմուտքում էլ գործերը լավ չեն ընթանում։ Միացյալ Նահանգները կանգնած է  ինքնության ճգնաժամի շեմին. ինչպես պարզվեց, ժողովրդավարական աշխարհի առաջադեմ երկիրը դարեր շարունակ կառավարվել է «ռասիստների» կողմից, իսկ իր հզորությանը կառուցել է սեփական բնակչության տարբեր շերտերի կեղեքմամբ, ուստի՝ ի սկզբանե չէր կարող քաղաքակրթության և ազատության լույս բերել ուրիշներին: Դառնալով արմատական ազատական ​​շարժումների համաշխարհային հարթակ՝ երկիրը կանգնեց հասունացող քաղաքացիական առճակատման հեռանկարի առջև, որի մի կողմում նրանք են, ովքեր պատրաստ են կասկածի տակ դնել այն ամենը, ինչը նախկինում կոչում էին արժեքներ, իսկ մյուս կողմում՝ նրանք, ովքեր չեն պատրաստվում այդ ամենից հրաժարվել: Եվրոպայում տեսանելի է անցումը «մեծամասնության ժողովրդավարական ​​իշխանությունից» դեպի «փոքրամասնության բռնակալության» բանաձևի։ Հիմնարար արժեքների մերժումը, որոնք ընդհանուր էին բոլոր «աբրահամական կրոնների» համար, հանգեցրել է նրան, որ դարեր շարունակ «եվրոպական քաղաքակրթություն» սերմանած երկրներն այլևս չեն կարողանում հաղթահարել ներքին տարանջատումը և ինտեգրել Մերձավոր Արևելքից իրենց կողմից գրկաբաց ընդունված միլիոնավոր ներգաղթյալների։ Քադաֆիի վերացումը և «Արաբական գարունը» խաղաղություն չբերեցին Արևելքում, այլ քանդեցին այն արգելապատնեշը, որը Հին աշխարհը պաշտպանում էր արմատական ​​մահմեդական շարժումներից: Եվ, եթե հնարավոր է բացահայտ և անպատիժ կերպով ոչնչացնել ավանդական քրիստոնեական քաղաքակրթությունը այնպիսի վայրերում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, ապա ի՞նչն է խանգարում «ջիհադին» ընդդեմ եվրոպացի «անհավատներին», ովքեր չեն պաշտպանում յուրայիններին և չեն հարգում իրենց իսկ օրենքները։

Պատմականորեն ստացվել է այնպես, որ անցած հարյուրամյակից քիչ ավելի ժամանակահատվածում Հայաստանն ու հայերը, ներառյալ Արցախը, գտնվելով համաշխարհային քաղաքականության տեկտոնական սալաքարերի ծայրակցատեղում, շատերի համար դարձել են գայթակղության քար և առաջինը հայտնվել կիզակետում այն անկայունության ալիքների, որոնք հետագայում ծածկելու էին նաև ուրիշներին։ Այսօր աշխարհը կրկին համընդհանուր ցնցումների շեմին է, ինչի մասին ահազանգում է այն իրավիճակը, որում հայտնվել են շրջապատված և շրջափակման մեջ գտնող մի բուռ մարդիկ՝ նրանք, ով հավատարիմ մնալով իրենց արժեքներին և ավանդույթներին, ցանկանում են, ինչպես հազարամյակներ ի վեր, ազատ ապրել իրենց հողում(14):

(1) Պատմաբան, միջազգային հարաբերությունների մասնագետ:

(2) Բնոօրինակը (ռուս.) ներկայացվել է խմբագրություն 26.06.2023 թ.:

(3) Տես, օրինակ, Бакинцы вспоминают “Черный январь” 1990 года: “Я все еще не знаю, что такое свобода”. Магеррам Зейналов, Би-би-си, Баку, 20 января 2020, https://www.bbc.com/russian/features-51151021 (բեռնման օրը՝ 26.06.2023):

(4) ԽՍՀՄ Հանրաքվեի Կենտրոնական հանձնաժողովի հաղորդագրությունը 1991 թվականի մարտի 17-ին կայացած ԽՍՀՄ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ (ռուս.), https://www.gorby.ru/userfiles/file/referendum_rezultat.pdf (բեռնման օրը՝ 24.06.2023):

(5) Տե՛ս՝ ադրբեջանական դիրքորոշումը թեմայի վերաբերյալ. Пресловутая 907-я поправка и проблема карабахского урегулирования, Теймурханлы Ф. Зеркало. -2009. –22 июля. –С.1:, http://www.anl.az/down/meqale/zerkalo/zerkaloiyul2009/87292.htm (բեռնման օրը՝ 26.06.2023):

(6) В Ереване прошло траурное шествие памяти жертв погромов армянского населения в Баку, 19 января, 2009, 20:00. — ИА Регнум, https://regnum.ru/news/1112440 (բեռնման օրը՝ 26.06.2023):

(7) О политике США в регионе см., Политика США на Южном Кавказе: Армения, Грузия и Азербайджан Eugene Rumer, Richard Sokolsky, Paul Stronski, 13.02.2018, Брошюра, https://carnegieendowment.org/2018/02/13/ru-pub-75514 (բեռնման օրը՝ 25.06.2023):

(8) EurasiaNet, US indictment implicates top Azerbaijani officials in corruption case, 11 September 2003, https://www.refworld.org/docid/46f258b18.html (բեռնման օրը՝ 26.06.2023)”

(9) Мэтью Брайза: Решение по Косово не может предопределить вопрос о приоритете территориальной целостности, 30 июля, 2007.  — ИА Регнум, https://regnum.ru/news/863552 (բեռնման օրը՝ 26.06.2023).

(10) Համեմատության համար տե՛ս, օրինակ՝ Կոսովոյում իրավիճակի նկարագրությունը Զախարովայի կողմից. Брифинг официального представителя МИД России М. В. Захаровой, Москва, 21 июня 2023 года // О деградации обстановки в Косово/, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/1890329/#5 (բեռնման օրը՝ 26.06.2023):

(11) Տե՞ս՝ “Настоящие звери”: кто тайно приехал воевать в Карабах и почему срочно захотелось домой? Армения Спутник, 19.10.2020 (թարմացվել է՝ 22:02 19.10.2020), https://ru.armeniasputnik.am/20201019/Nastoyaschie-zveri-kto-tayno-priekhal-voevat-v-Karabakh-i-pochemu-srochno-zakhotelos-domoy-24983339.html (բեռնման օրը՝ 25.06.23):

(12) Տե”ս՝ Влияние России на Южном Кавказе – это вопрос не престижа, а безопасности, 21:10 27.05.2023 (թարմացվել է 23:24, 27.05.2023), https://ru.armeniasputnik.am/20230527/vliyanie-rossii-na-yuzhnom-kavkaze–eto-vopros-ne-prestizha-a-bezopasnosti-60254816.html (բեռնման օրը՝ 25.06.23).

(13) Наира Бадалян, Урсула фон дер Ляйен назвала Азербайджан надежным энергетическим партнером Европы: ArmInfo, 17 .12.2022, https://arminfo.info/full_news.php?id=73506 (բեռնման օրը՝ 26.06.23):

(14) Արցախի դիրքորոշման մասին տե՛ս՝ Карабахский курьер, Информационно-аналитический бюллетень Представительства Республики Арцах (НКР) в РФ, № 3 (74) октябрь 2021, http://russia-artsakh.ru/sites/default/files/2021-10/kk_3_74_2021.pdf  (բեռնման օրը՝ 26.06.23):