ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 24.08.2024 թ.(1)
Ղազախական ԶԼՄ-ների համաձայն՝ վերջին ժամանակներս ՉԺՀ իշխանությունների կողմից կալանավորվել և բանտարկվել են Չինաստանի կրթության, լրագրության և պետական ծառայության ոլորտներում աշխատող տասնյակ ղազախներ։ Ընդ որում՝ չինական իշխանությունները ոչ մի տեղեկատվություն չեն ներկայացրել ձերբակալությունների պատճառների, քրեական գործերի էության և նրանց հասցեագրվող կասկածանքների մասին։ Ղազախստանի «Ժաս Ալաշ» թերթը հրապարակել է չինական իրավապահների կողմից Սինցզյանում կալանավորված 22 ղազախի ցուցակ։ Պարբերականը նշել է, որ կալանավորների հարազատները վախենում են լրագրողների հետ բաց խոսել այդ թեմայով, բայց, ընդսմին, իբր թե վստահ են, որ կալանավորվածները միանշանակ կերպով ընդդիմության մեջ չեն չինական իշխանությունների հանդեպ և ոչ մի կերպ չէին կարող սպառնալ ՉԺՀ իրավակարգին։
ԶԺՀ-ում իրավապահ համակարգը և դատավարությունն աշխարհում ամենափակերից մեկն են և ոչ միայն հարազատներին, այլև ղազախական իշխանություններին հազիվ թե հաջողվի Պեկինից բացատրություններ ստանալ այդ ձերբակալությունների պատճառների ու շարժառիթների մասին։ Ընդ որում, ՉԺՀ-ն երբեք իրեն չի սահմանափակել միջազգային պարտավորություններով և արտասահմանյան քաղաքացիների նկատմամբ ավելորդ նրբանկատությամբ, եթե նրանք այս կամ այն պատճառով հայտնվել են իրավապահ համակարգի տեսադաշտում։
Չնայած չինական կողմի լռությանը, կարելի է նշված ձերբակալությունների պատճառների մասին կռահել՝ կապված դրանց իրականացման տարածաշրջանի՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզի հիշատակման հետ։ Խոսքը վերաբերում է հիմնականում ույղուրներով՝ թյուրքական ծագմամբ ժողովրդով բնակեցված լայնածավալ հյուսիս-արևմտյան գավառին։ Այդ կապակցությամբ նույնպես պատահական չէ ձերբակալված ղազախների գործունեության ոլորտը, ինչը ենթադրում է լայն լսարանի հետ նրանց հաղորդակցություն և պետական նշանակության տեղեկատվության մեջ մուտքի թույլտվություն։ Հաշվի առնելով այս ամենը, կարելի է ենթադրել, որ Պեկինն արտասահմանյան քաղաքացիներին առնվազն կասկածել է Սինցզյանում ազգայնական գաղափարների քարոզչության մեջ, ինչպես և, հնարավոր է, «Չինաստանի ույղուրական փոքրամասնության ազատությունների ճնշման» ուղղությամբ ՉԺՀ-ում իրականացվող քաղաքականության մասին տվյալների հավաքագրման մեջ։ Հնարավոր է, որ չինական իշխանությունները կազմակերպական ցանցի նշաններ են նկատել կալանավորված ղազախների վարքում, ուստի և ծայրաստիճան կոշտ են պահում իրենց, բացարձակապես չեն արձագանքում այդ առթիվ տեղեկատվության տրամադրման և, առավել ևս, հնարավոր է, վերոնշյալ անձանց ազատման վերաբերյալ հարցապնդումներին։
Անկախ կոնկրետ տվյալ դեպքից և դրա հետաքննության արդյունքներից, ՉԺՀ-ն միշտ էլ զգուշավոր վերաբերմունքի բավարար հիմքեր է ունեցել Միջին Ասիայում տեղի ունեցող գործընթացների հանդեպ։ Չինաստանում ուշադրությամբ հետևում են թյուրքական պետություններում ազգայնական տրամադրությունների տարածման ու ամրապնդման միտումներին։ Այս համատեքստում հատկապես անհանգստացնում է Աստանայի վարքագիծը, որը 2019 թ. իշխանափոխությունից հետո հատուկ աշխուժություն է ցուցաբերում ղազախ ժողովրդի ազգային ինքնության վերածննդի և քաղաքական օրակարգում թյուրքականության գիտա-գաղափարախոսական հայեցակարգի մոդելավորման հարցերում։ Բավական է ասել, որ տվյալ պահի դրությամբ ղազախական հանրության շրջանում լայնորեն տարածվում է իբր թե գիտական տվյալներով հաստատված այն հայեցակարգը, համաձայն որի՝ ույղուրները ղազախներին գենետիկորեն առավել մոտ գտնվող թյուրքական խումբ են։
Այս համատեքստում հասկանալի է դառնում, թե ինչու Չինասստանը հատուկ ուշադրություն է ցուցաբերում իր տարածքում գտնվող ղազախստանցի հազարավոր քաղաքացիների նկատմամբ և մանրակրկիտ կերպով ուսումնասիրում է նրանց գործունեությունն ու վարքը։ Պեկինում գերադասում են գործել կոշտ ու կանխարգելիչ, անգամ եթե հետագայում պարզվի, որ չափազանց դաժան էին նման մեթոդները և չարդարացված այս կամ այն կոնկրետ պարագայում։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 22.08.2024 թ.: