Մեկնաբանություններ

Հունաստանի և Կիպրոսի հետ Հայաստանի ռազմական փոխգործակցության դրդապատճառների և հեռանկարների մասին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 27.12.2023 թ.

Դեկտեմբերի 18-ին Երևանում կայացան հայ-հունական և հայ-կիպրական երկկողմ, ինչպես նաև Հայաստան–Հունաստան–Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Հունաստան և Կիպրոս կատարած պաշտոնական այցերի արդյունքները, երկկողմ և եռակողմ համագործակցության առաջընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։ Խորհրդակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են 2024 թվականի համար Հայաստան–Հունաստան, Հայաստան–Կիպրոս և Հայաստան–Հունաստան–Կիպրոս ռազմական համագործակցության ծրագրերը, որոնք ներառում են մի քանի տասնյակ միջոցառումներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Հունական կողմից խորհրդակցություններին մասնակցել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլեոս Յամիսի գլխավորած պատվիրակությունը, իսկ Կիպրոսի կողմից՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Ալկիվիադիս Ալկիվիադիսի գլխավորած պատվիրակությունը։ Հայկական կողմը ներկայացնում էր բանակցային թիմը՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 14-ին, Հունաստան կատարած այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի իր գործընկեր Նիկոս Դենդիասի հետ բանակցություններ էր վարել և ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր ստորագրել։ Ըստ հունական և հայկական ԶԼՄ-ների՝ հանդիպման ընթացքում նախարարները նշել են պաշտպանական համագործակցության զարգացման մեծ ներուժը, և ձեռք է բերվել նոր լիցքերով այն զարգացնելու պայմանավորվածություն՝ ներառյալ փորձի փոխանակումը, ռազմատեխնիկական ուղղության, կրթական, ուսումնավարժանքային, մարտավարական վերապատրաստման ոլորտները և այլն: Համաձայնագրի ստորագրման մասին գրել է Հունաստանի նախարար Դենդիասը՝ X սոցիալական ցանցի իր բլոգում: Նրա խոսքով՝ Երևանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը Հունաստանի կառավարության համար առաջնահերթություն է։

Ելնելով օբյեկտիվ պատճառներից՝ կողմերը փորձում են խուսափել դեպի հանրային տեղեկատվական դաշտ անցանկալի արտահոսքերից, սակայն, դատելով շփումների և այցելությունների ակտիվությունից, կարելի է ենթադրել, որ Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի պաշտպանական փոխգործակցությունը ձեռք է բերում համակարգային և, նույնիսկ, հաստատութենական բնույթ:

Պատճառներն ակնհայտ են:

Երեք երկրների անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ Թուրքիան, իսկ Հայաստանի դեպքում էկզիստենցիալ վտանգ է ներկայացնում նաև Թուրքիայի արբանյակը՝ Ադրբեջանը։ Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը, բնականաբար, պարտավորեցնում է բոլոր այս կողմերին՝ միջոցներ ձեռնարկել ռազմական անվտանգության և քաղաքական փոխգործակցության ոլորտում մերձեցման և սերտ համագործակցության համար՝ նպատակ ունենալով փոխադարձաբար զսպել «թուրքական տանդեմի» ագրեսիվ նկրտումները։

Մասնավորաբար, ռազմավարական տեսանկյունից հունական երկու պետությունների համար կարևոր է ամրապնդել Հայաստանի պաշտպանունակությունը և ինքնիշխանությունը՝ Անկարայի համար պայմաններ ստեղծելու հեռանկարով, որոնք կխրախուսեն նրան կենտրոնանալ իր սահմանների հնարավոր ամենամեծ պարագծի վրա և կանխել իր բոլոր ուժերի ու նկրտումների կենտրոնացումը հունական և կիպրական ուղղություններով։ Մարտավարական առումով Աթենքի և Նիկոսիայի համար Հայաստանի հետ համագործակցությունը կարող է շատ գրավիչ լինել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ Հայկական բանակի ռազմական գործողությունների փորձի խոր ուսումնասիրությունը և մարտադաշտում ու օդում մեր բանակի կողմից կիրառվող նոր ռազմամարտավարական և տեխնոլոգիական հնարքները։

Հայաստանն, իր հերթին, Հունաստանի և Կիպրոսի հետ խոր փոխգործակցության խիստ կարիք ունի, հատկապես իր հիմնական նոմինալ ռազմաքաղաքական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների նկատելի սառեցման, համաշխարհային անվտանգության համակարգի փաստացի ապամոնտաժման և Հարավային Կովկասում ուժերի նախկին հավասարակշռության փլուզման ֆոնին:

Հայաստանի համար Հունաստանը՝ Կիպրոսի հետ սերտ առնչությամբ, հանդիսանում է ԶՈՒ-ի հաջող զարգացման և պաշտպանունակության աննախադեպ հզորացման օրինակ, ինչը նպաստել է թվով բազմիցս գերազանցող հակառակորդի ագրեսիվության խաղաղեցմանը։ Դեռևս 2000-ականներին սկսված ինտենսիվ կերպափոխումները հունական բանակում և դրա արդիականացման բարեփոխումները նպաստեցին այն բանին, որ այսօր Աթենքի ավիացիոն պարկը և ռազմածովային նավատորմը մարտական ստորաբաժանումների քանակով գործնականում չեն զիջում թուրքական կողմին, իսկ տեխնոլոգիական նորամուծությունների առումով դրանք ունեն լիակատար և անվերապահ գերազանցություն։ Թեև Հունաստանի ցամաքային զորքերը անձնակազմի թվով զգալիորեն զիջում են թուրքական բանակին, այնուամենայնիվ, զինված են ՆԱՏՕ-ի կողմից արտադրված ամենաժամանակակից զրահատեխնիկայով և հրետանային համակարգերով։ Հունական զորքերը, հատուկ նշանակության ուժերը և գրոհային ստորաբաժանումները, հաշվի առնելով երկրի աշխարհագրությունը և տեղագրությունը, պատրաստություն են անցնում ցամաքում և ծովում համապիտանի մարտունակության սկզբունքով և ձևաչափով։ Հունաստանը ակտիվ ռազմական դաշնակցային համագործակցություն է պահպանում միջերկրածովյան երկրների, Իսրայելի և, մասնավորապես, Ֆրանսիայի հետ, ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ՝ երկկողմ ձևաչափերում։

Բացի այդ, Հունաստանը սերտորեն համագործակցում է Միացյալ Նահանգների հետ և վերջին տարիներին հասել է նրան, որ Արևելյան Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի ռազմական ներկայության կենտրոնը Թուրքիայից տեղափոխվի Հարավային Բալկաններ: Այս պահին հենց հունական կղզիներում են տեղակայված ամերիկյան օդային և ռազմածովային բազաները, որոնք վերահսկում են Վաշինգտոնի շահերի անվտանգությունը նշված հսկայածավալ տարածաշրջաններում։

Այսպիսով, Հունաստանը և Կիպրոսը, ռազմապաշտպանական դաշտի բոլոր առումներով, Հայաստանի համար առաջնահերթ ուղղություն են և համապատասխան աշխատանքի ընդարձակ դաշտ՝ սկսած ՆԱՏՕ-ի բլոկի հետ անմիջական արդյունավետ կապ հաստատելու փորձերից, վերջացրած սպայակազմի և մասնագիտացված ռազմական մասնագետների համար ուսումնակրթական ծրագրերով։ Մնում է միայն ենթադրել կոնկրետ պայմանավորվածությունների և արդեն իսկ համատեղ իրականացվող ծրագրերի մասին։ Այս հարցի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը չափազանց սակավ է և, ըստ երևույթին, դեռևս ՀՀ շահերից չի բխում դրանց բարձրաձայնումը։