Հետխորհրդային տարածքի «վերջնական» փլուզում. տարածաշրջանային հարաբերությունների նոր կառուցվածքի ստեղծում
Փորձագետի մեկնաբանություն, 20.08.2024 թ.(1)
Նորայր Ա. Դունամալյան(2)
Վերջին տասնամյակի ընթացքում մեկ անգամ չէ, որ դրվել է «հետխորհրդային տարածք» տերմինի արդիականության հարցը։ Նման տերմինաբանության կիրառման քննադատները պնդում էին, որ ԽՍՀՄ փլուզումը գաղութատիրական կայսրության անկումն էր, որտեղ միակ միավորող տարրը Ռուսաստանի գերիշխանությունն էր, մինչդեռ մեկ այլ մոտեցում կարող է ցույց տալ, որ նույն Ռուսաստանի Դաշնությունը, չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Խորհրդային Միությանը իրավահաջորդելու, դարձավ 19 հանրապետություններից մեկը (ներառյալ դե ֆակտո պետությունները), որոնք կապված էին ընդհանուր սոցիալական, քաղաքական և մշակութային ժառանգությամբ։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում ընդհանուր հումանիտար տարածության փլուզումը և հետխորհրդային հասարակությունների վերափոխումը հանգեցրին նախկին խորհրդային հանրապետությունների աստիճանական բաժանմանը միմյանցից՝ նպաստելով տարածաշրջանայնացմանը։ Համենայն դեպս, մինչև 2018–2020 թթ. նախկին ԽՍՀՄ երկրների հարաբերություններում գերիշխում էր հենց «հետխորհրդային» տրամաբանությունը, որը փոխարինվեց փոխգործակցության նոր որակով՝ ՌԴ-ի ազդեցության գոտում ուժերի հավասարակշռության խախտման պատճառով։
«Հետխորհրդային տարածքը» զավակն էր 1990-ականների և 2000-ականների սկզբի ժամանակաշրջանի միաբևեռ այն «պահի», երբ միայն մեկ գերտերություն գերիշխում էր ամբողջ աշխարհում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԱՄՆ-ը փորձեց ստեղծել աստիճանակարգային հարաբերությունների համակարգ, որ միտված էր աշխարհի տարբեր տարածաշրջանների երկրների միջև հարաբերությունների աշխարհաքաղաքական կամ աշխարհատնտեսական կառուցվածքի նկատմամբ վերահսկողության պահպանմանը: Վաշինգտոնը հնարավորություն տվեց որոշ տերությունների «ձեռքերի ազատություն» պահպանել անվտանգության և տնտեսական փոխգործակցության հարցերում, բայց, միևնույն ժամանակ, սահմանելով դրանց աշխարհաքաղաքական ազդեցության աճի շրջանակը։ Հետխորհրդային տարածքը հենց այնպիսի ձևաչափ էր, որտեղ ՌԴ գերակայությունը կասկածի տակ չէր դրվում, բայց միայն իր կողմից որոշակի կանոնների պահպանման դեպքում։ Այս կանոնները վերաբերում էին հետխորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունների հավասարակշռության պահպանմանը, որտեղ Ռուսաստանը կլիներ ոչ թե հեգեմոն, այլ ազդեցիկ գործընկեր և միջնորդ։ Նույնիսկ 2008-ի վրաց-ռուսական հնգօրյա պատերազմից հետո այս համակարգը շարունակեց գործել, և ՌԴ-ի և այլ հանրապետությունների (Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա և այլն) հակամարտությունները ընկալվում էին որպես «կարմիր գծերի» որոնում հարաբերությունների միասնական համակարգի շրջանակներում։
Հարաբերությունների վերափոխումը տեղի ունեցավ տարածաշրջանային դերակատարների անկախության աճի հետ մեկտեղ, քանի որ դրանք ձգտում էին իրենց աստիճանաբար հեռու պահել ՌԴ-ից: Եթե ԱՊՀ և ՀԱՊԿ ձևաչափերը ներկայացնում էին հետխորհրդային տարածքի ինտեգրման «փափուկ» տարբերակը (չնայած, որ մերձբալթյան հանրապետությունները դարձան ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մաս), ապա ԵԱՏՄ-ի ստեղծումը հետխորհրդային հանրապետությունների հարաբերություններում ճգնաժամի արձագանք էր՝ արտացոլելով Ռուսաստանի՝ իր ազդեցությունը պահպանելու ցանկությունը։ Հիմնական խնդիրն այն էր, որ հարաբերությունների նախկին կառուցվածքը «կոնսերվացնելու» փորձերը կատարվում էին գլոբալ աշխարհակարգի քայքայման ֆոնին։ Միջազգային փոփոխությունների ախտանիշները տեսանելի էին ՌԴ-ի, այսպես կոչված, մերձավոր արտասահմանի տարածքում արտաքին խաղացողների (մասնավորապես՝ ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Թուրքիայի) աճող ազդեցության, ինչպես նաև համաշխարհային գործընթացներում ԱՄՆ-ի դերի նվազեցման մեջ։
Հետխորհրդային հարաբերությունների կառուցվածքը բաղկացած էր այս տարածության բոլոր մասնակիցների համար ընդհանուր մի քանի բաղադրիչներից, ինչպիսիք էին՝ պետությունների ղեկավարների միջև անձնական հարաբերությունների գործոնը, տեղական հակամարտությունների կայուն համակարգը, որպես գլխավոր «դաշնակցի» կամ «անտագոնիստի»՝ Ռուսաստանի գաղափարական դերը, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ձգտումը։ Այս բոլոր տարրերը հետագայում վերանայվեցին օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով՝ փոխելով նախկին ԽՍՀՄ երկրների փոխգործակցության էությունը։ Վերջին 30 տարիների ընթացքում շատ հանրապետություններում «խորհրդային» քաղաքական գործիչների սերունդը հեռացվեց, «եղբայրության/թշնամության» քաղաքականությունը փոխարինվել է արմատականպրագմատիզմով, իսկ արտաքին քաղաքականության վեկտորները վերակողմնորոշվել են դեպի Արևելք և Հարավ։ Սրան կարող ենք ավելացնել չճանաչված պետությունների դերի վերանայումը, որոնք իրենց «ճնշման լծակի» գործառույթը փոխել են «սակարկության առարկայի», քանի որ Դոնբասի կամ Ղարաբաղի «դեպքերը» կարող են պրոյեկցվել Մերձդնեստրի և աբխազ-օսականի վրա՝ կախված, համապատասխանաբար, Մոլդովայի և Վրաստանի վարքագծից։ Ամեն դեպքում, հետխորհրդային տարածքում էթնոքաղաքական հակամարտությունները սկսում են իրենց վրա կրել գլոբալ առճակատման դրոշմը։ Իհարկե, ընդհանուր հումանիտար տարածքը, մշակույթը, ռուսերենը, քաղաքական և տնտեսական կապերը կարելի է անվանել հետխորհրդային հարաբերությունների բաղադրիչներ, սակայն այդ տարրերն առանցքային չեն, դրանց փոխարինումը կամ վերահամակցումը չի հանգեցնի ավելի էական ապակայունացման, քան վերը նշված հանգամանքները։
Փլուզվող աշխարհակարգի արտացոլում հետխորհրդային տարածքում
Հետխորհրդային տարածքի փլուզումը չի նշանակում Ռուսաստանի ազդեցության անկում, բայց դա իր արտաքին քաղաքականության էական վերանայում է: Արևմուտքի առաջարկած «կանոնների վրա հիմնված միջազգային կարգը» («rules-based international order») չի ընկալվում Ռուսաստանի և Չինաստանի կողմից որևէ ոգևորությամբ, որոնք ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին մեղադրում են երեսպաշտության և «երկակի ստանդարտների» մեջ։ Իրենց հերթին, Միացյալ Նահանգների ռազմավարական մրցակիցներն առաջարկում են միջազգային հարաբերությունները կառուցել «փոխշահավետ համագործակցության» հիման վրա, ինչը նշանակում է պետությունների վրա ցանկացած գաղափարական ճնշումից հրաժարում, եթե դրանք համաձայնեն քաղաքական մերձեցմանը։ Այսպիսով, ՉԺՀ-ն և Ռուսաստանը առաջարկում են փոխգործակցության ավելի ընդգրկուն մոդել, որը չի ներառում գաղափարական ազդեցություն: Հիմնական պայմանը ներքին քաղաքականությանը չմիջամտելն ու արևմտյան աջակցությունից հրաժարվելն է։ Այս բանաձևը չափազանց հակասական է, բայց գրավիչ է՝ զարգացող երկրների համար, որտեղ անձնական իշխանության վարչակարգերը, գոնե ներքին քաղաքականության մեջ, պատրաստ չեն որևէ կանոնի ենթարկվելու։
Հաղթահարելով փոխգործակցության «հետխորհրդային» տրամաբանությունը` նախկին ԽՍՀՄ տարածքը անցնում է հարաբերությունները աստիճանակարգելու գործընթացի, ելնելով Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի կամ Կենտրոնական Ասիայի որոշ պետությունների դերից և ազդեցությունից։ Այս համատեքստում «փոխշահավետ համագործակցությունը» չի ենթադրում անգամ կարգավիճակային հավասարություն, քանի որ առանձնացված է տարածաշրջանային առաջնորդության կատեգորիան, այսինքն՝ պետությունները կարող են չհավակնել գլոբալ դերերի, բայց միևնույն ժամանակ կարևոր դերակատարում ունենալ համաենթակայության «շղթաներում»: Համաշխարհային հեռանկարում Միացյալ Նահանգների դերի վերջնական անկման դեպքում կարող են առաջանալ մի քանի նման «համաենթակայության շղթաներ»՝ Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի շուրջ, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և այլն: Փոխգործակցության այս ձևաչափն արդեն այսօր է կառուցվում և ներկայացնում է հնարավոր գլոբալ մեգաճգնաժամին նախապատրաստվելու փորձ։
Զավեշտալի է, որ հետխորհրդային տարածքում տարածաշրջանային փոխդասավորությունն առաջացել է 19-րդ դարի առաջին կեսի օրիենտալիզմի ռուսական ուղղության շնորհիվ, երբ գործածության մեջ մտան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ «Մալոռոսիան», «Անդրկովկասը», «Միջին Ասիան»: Ժամանակավոր կառավարության և բոլշևիկների օրոք այս տարածքային երևույթները ստացան հաստատութենական ձևավորում և սահմաններ, ինչպես նաև՝ անկախության բարձր մակարդակ։ Հետխորհրդային շրջանում Ռուսական կայսրության և Խորհրդային Միության նախկին ծայրամասերի անկախացումը հանգեցրեց նրան, որ ռուսական ընտրախավերը սկսեցին մտածել հին աշխարհաքաղաքական մոդելների ոչնչացման մասին, շեշտը դնելով զուտ ՌԴ տարածքի անվտանգության և զարգացման վրա։
Այսպիսի մոտեցումը հետընթաց առաջացրեց դեպի պայմանականորեն «նախառուսական» տարածաշրջանային փոխդասավորություն (18-րդ դարի սահմաններ), որն ամրապնդվեց վերջին 30 տարիների ընթացքում հետխորհրդային տարածքի մասնատման գործընթացում։ Հետխորհրդային տարածքի տարբեր շրջաններում «նախառուսական» իրավիճակին վերադարձը նշանակում է հետխորհրդային տարածաշրջաններում ազդեցության գոտիների փաստացի «բաժանում» Ռուսաստանի և այլ դերակատարների միջև (Բելառուսի, Ուկրաինայի կամ Մոլդովայի դեպքում՝ Արևելյան Եվրոպայի երկրների հետ, Հարավային Կովկասի դեպքում` Թուրքիայի, Իրանի կամ Չինաստանի հետ, Կենտրոնական Ասիայի դեպքում` Չինաստանի և Իրանի հետ (Տաջիկստանի հարցում)): «Բաժանում» ասելով մենք պետք է հասկանանք Ռուսաստանի և այլ տերությունների համար որոշակի տարածաշրջանի ռեսուրսների, ներուժի և ռազմավարական նշանակության հետ կապված համակարգված գործողությունները, որոնց նպատակը «քաղաքական Արևմուտքը» դուրս մղելն է։
Ահա թե ինչու 2022 թ. փետրվարից հետո ԲՐԻԿՍ+-ի և ՇՀԿ-ի նկատմամբ հետաքրքրությունն այդքան մեծացավ։ Ռուսաստանը հույսը դրել է իր «ակտիվների» վրա՝ հետխորհրդային հանրապետությունների վրա ազդեցության տեսքով, որպեսզի նոր «ներդրողներ» ներգրավի ընդհանուր նպատակների իրականացման համար։ Ելնելով սրանից, չպետք է որոշ իրադարձություններ ընկալել որպես պատահականություն. Բելառուսի ընդգրկումը ՇՀԿ, Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը ՇՀԿ-ի հանդիպմանը, ՉԺՀ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը և Ֆրանսիայի դեմ սադրանքները, Վրաստանի և Արևմուտքի միջև կոնֆլիկտը չինական ընկերության կողմից Անակլիայում նավահանգստի կառուցման մեկնարկի ֆոնին, և այլն: Այս համատեքստում հետխորհրդային տարածքի յուրաքանչյուր պետություն (ավելի ճիշտ՝ իշխող դասակարգ) փորձում է իր համար առավել շահեկան դիրք գրավել։
Այս դիրքորոշման վրա ազդում են նաև հետխորհրդային տարածքին հարող պետությունների հավակնությունները, որոնք շահագրգռված են Ռուսաստանի ազդեցության գոտու շարունակական մասնատմամբ։ ԵՄ «Եվրոպական հարևանություն» ծրագիրը դարձել է հետխորհրդային տարածքում տարածաշրջանային հարաբերությունների վերանայման ամենակարևոր գործոնը։ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը և 2013 թ. ռուս-հայկական ճգնաժամը «Արևելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-ի հետ մերձեցման արդյունք էին։ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից հետո Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան Եվրամիության համար դարձան ռազմավարական կարևոր տարածաշրջաններ անվտանգության և տրանսպորտային ուղիների, ինչպես նաև՝ էներգիայի և ռեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացման տեսանկյունից:
Ենթատարածաշրջանային մակարդակում կարելի է նշել վաղեմի լեհական «Ինտերմարիում» նախագիծը (այսօր ընկալվում է «Երեք ծովերի նախաձեռնության» ծրագրի միջոցով), որի նպատակն է իր ուղեծիր ներգրավել Բալթյան երկրները, Բելառուսը, Ուկրաինան և Մոլդովան, որին նպաստում է Ռուսաստանի կողմից «ռազմական գործողությունը» Ուկրաինայում։ Բելառուսի իշխանություններն այս հանգամանքն օգտագործում են Ռուսաստանի հետ «ընդհանուր» սպառնալիքի դեմ բնակչությանը մոբիլիզացնելու համատեքստում։ Միևնույն ժամանակ, 2020 թ. Ա. Լուկաշենկոյի իշխանության ապալեգիտիմացման գործընթացը հանգեցրեց Մոսկվային լիակատար հավատարմությանը և Մինսկը Արևելքում համագործակցության նոր ձևաչափերում ընդգրկելու ուղիների որոնմանը (ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի կամ Կուբայի, Վենեսուելայի, Ադրբեջանի և այլ պետությունների հետ համագործակցության շրջանակներում): Ըստ էության, Բելառուսն այսօր դարձել է Ռուսաստանի «ավատարը», որը կենտրոնացված տեսքով ներկայացնում է ռուսական աշխարհաքաղաքականության հիմնական ուղղությունները։
Տարածված կարծիք կա, որ Միացյալ Նահանգները գործում են Լեհաստանի «ձեռքերով», սակայն Վաշինգտոնի ողջ աջակցության պայմաններում, հարկ է նշել մեկ հանգամանք. Վարշավան, առանց ռազմաքաղաքական կամ տնտեսական լայն հնարավորությունների, արդեն երկար ժամանակ օգտագործում է ԵՄ-ի ներուժը իր ազգայնական նկրտումների արտահայտման համար։ Հատկանշական է, որ Արևելյան Եվրոպայի «հետկոմունիստական» երկրները (Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա, Սլովակիա և այլն) դեռևս գտնվում են իրենց ազգային ինքնության որոնման մեջ, և ակտիվ «էքսպանսիոնիստական» քաղաքականությունը մնում է օրակարգում։ Նույն իրավիճակը հանգեցնում է Թուրքիայի ակտիվացմանը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածքում։ Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի դիրքորոշումներում այսօր տեսանելի է որոշ կրիտիկական լարվածություն, որի վրա ազդում է առաջին հերթին ներքաղաքական մակարդակում իշխանության դիրքերի կորուստը, Ռ. Էրդողանը 2020 թ. գործի դրեց հետխորհրդային տարածքի վերջնական փլուզման մեխանիզմը։ Խոսքը ոչ թե այն մասին է, որ Լեռնային Ղարաբաղի կորուստը Ռուսաստանի՝ տարածաշրջանից դուրս մղման սկիզբն էր, այլ՝ տարածաշրջանային փոխգործակցության 30 տարվա ընթացքում զարգացած կանոնների ամբողջական վերանայման մասին։ Թուրքիան փաստացի «ներխուժեց» հետխորհրդային տարածք և պարտության մատնեց տարածաշրջանի երկրներից մեկին, ինչը չհանդիպեց այս տարածքի երկրների որևէ դիմադրությանը, ընդհակառակը, շատերը ողջունեցին Հայաստանի պարտությունը։ Բացի այդ, որպես ԱՊՀ-ին այլընտրանք ստեղծվեց «Թյուրքական պետությունների կազմակերպության» ձևաչափը, որն ամրապնդեց Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցության հիմքերը հետխորհրդային տարածքում։ Այդպիսով, տեղի է ունեցել տարածաշրջանային կարգի խախտում, որն արդեն արտացոլվել է ուկրաինական պատերազմում։
Այնուամենայնիվ, տարածաշրջանային հարաբերությունների վերանայման ամենակարևոր խաղացողը մնում է ՉԺՀ-ն, որի ենթակառուցվածքային նախագծերը հանգեցնում են հետխորհրդային տարածքի ինտեգրմանը փոխգործակցության ավելի գլոբալ ձևաչափերին: Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածքով տարանցումը մեծ օգուտներ է խոստանում հետխորհրդային երկրներին, միևնույն ժամանակ, նրանց կապելով ներդրող երկրներին։
«Տարածաշրջանային առաջնորդների» հետ համագործակցության ծախքերը.կանխատեսելիության գործոն
Հետխորհրդային տարածքի համար «ոչ ավանդական» դերակատարների առկայությունը ՌԴ-ին ստիպում է հարաբերությունների նոր ձևաչափեր մշակել։ Շատ առումներով դրանք նման են ամերիկյան ձևաչափերին և իրենցից ներկայացնում են այսպես կոչված «տարածաշրջանային առաջնորդների» հետ համագործակցելու ձգտում, որոնք իրենց հերթին կարող են իրենց շուրջ ձևավորել քաղաքական և տնտեսական կապերի ավելի կանխատեսելի համակարգ։ Կանխատեսելիության գործոնը կարևոր է այս երկրների՝ արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանի քայլերին արձագանքի և արևմտյան ազդեցությունից դրանց հարաբերական անկախության տեսանկյունից։ Հատկանշական է, որ նման «անկախությունը» Արևմուտքից կարելի է դրսևորել հռետորաբանության մակարդակով, ինչը բավականին ձեռնտու է Ռուսաստանի ղեկավարությանը։
2022 թ. հետո իր աշխարհաքաղաքական դիրքի անվտանգությունն ապահովելու Ռուսաստանի ձգտումը հանգեցրել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մի քանի «տարածաշրջանային առաջնորդների» հետ հարաբերությունների խորացմանը։ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը նպատակ ուներ ամրապնդելու ռուսական դիվանագիտության «հաջողությունները» Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նոր առաջնահերթություններ ներկայացնելու այս տարածաշրջանում համագործակցության հարցում։ Այս քայլով Ռուսաստանը նպաստեց Հարավային Կովկասում հետխորհրդային ուժերի հավասարակշռության քայքայման գործընթացին՝ Ադրբեջանին նշանակելով «տարածաշրջանային առաջնորդի» դերում (հետագայում այս կարգավիճակը կհաստատի Ա. Լուկաշենկոն): Ադրբեջանն իրեն վաղուց էր պատկերացնում որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջատար, սակայն այսօր նման պնդումները սկսել են կրել հաստատութենական բնույթ։ Միևնույն ժամանակ, պարադոքսալ է, որ փլուզվող աշխարհակարգի ֆոնին կառուցվող հարաբերությունները պատեհապաշտ են (Ռուսաստանը ձգտում է նոր տրանսպորտային ուղիներ գտնել՝ դեպի համաշխարհային շուկաներ ապրանքների և ածխաջրածինների տեղափոխման համար), ինչը արտահայտվում է ռուս պաշտոնյաների հռետորաբանության մեջ կտրուկ փոփոխություններով։
Սակայն հարաբերությունների նոր ձևաչափեր առայժմ կառուցվում են առանց դրանց զարգացման հստակ հեռանկարի (հիմնական հեռանկարը հին աշխարհակարգի փլուզումն է)։ Կենտրոնական Ասիայում աստիճանաբար մեծանում է Ուզբեկստանի դերը, որը տարածաշրջանում ցույց է տալիս ՀՆԱ-ի աճի բարձր տեմպեր և ունի ամենամեծ ժողովրդագրական ներուժը։ Միևնույն ժամանակ, մերձեցում է նկատվում Ռուսաստանի և Ղրղզստանում 2020 թ. իշխանության եկած Ս. Ժապարովի վարչակարգի միջև, որն ավտորիտար հակումների հետ մեկտեղ բավական լոյալ վերաբերմունք է դրսևորում Ուկրաինայում ՀՌԳ-ի իրականացման նկատմամբ։ Այսպիսով, Ռուսաստանը նախապատվությունը տալիս է «կանխատեսելի» վարչակարգերին, որոնց հետ հնարավոր է ուղիղ երկխոսություն վարել կայուն քաղաքական կապերի միջոցով։ Դրան մեծապես նպաստում է քաղաքական վարչակարգերի նմանությունը։
Այսօր «անկանխատեսելի» ռեժիմների թվում կարելի է առանձնացնել Հայաստանը, Ղազախստանը, Մոլդովան և Վրաստանը, քանի որ այս պետությունների քաղաքական ընտրախավերը հակված են դիտարկելու մի քանի այլընտրանքներ իրենց արտաքին քաղաքականության մեջ՝ աշխարհաքաղաքական և տնտեսական ռիսկերի դիվերսիֆիկացման անհրաժեշտության պատճառով: Այս համատեքստում հետաքրքիր է Ղազախստանի օրինակը։ Որպես Կենտրոնական Ասիայի տնտեսապես ամենազարգացած պետություն, այն երկար ժամանակ հավակնում է ինքնուրույնության բարձր մակարդակի, ինչը պարբերաբար կոնֆլիկտների է հանգեցնում ՌԴ-ի հետ։ Բացի այդ, Ղազախստանի հիմնական տնտեսական գործընկերը դեռևս ԵՄ-ն է, և ապրանքների ու էներգետիկ ռեսուրսների փոխադրման դիվերսիֆիկացումը (ղազախական հիմնական նավթամուղն անցնում է ՌԴ-ի տարածքով) մնում է այս հանրապետության կարևորագույն առաջնահերթությունը։ Աստանայի գործողությունների պատասխան է դառնում ձևավորվող Մոսկվա–Տաշքենդ–Բիշքեկ առանցքը՝ տրանսպորտային և տնտեսական ոլորտներում համագործակցության շրջանակներում։ Իր հերթին, Չինաստանի հետ համագործակցությունը Ղազախստանի համար կարևոր է որպես հնարավոր այլընտրանքներ, թեև Աստանայի նույն տարածաշրջանային մրցակիցների հետ նրա սերտ համագործակցությունը հանգեցնում է ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի հետ ավելի խորը կապերի որոնմանը: Բացի այդ, Ղազախստանն առաջարկում է ստեղծել տարածաշրջանային պաշտպանական դաշինք, որն ապագայում կարող է նվազեցնել Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը։
Հայաստանի, Մոլդովայի և Վրաստանի հիբրիդային ռեժիմները զբաղեցնում են ամենախոցելի դիրքերը, քանի որ ներկա պայմաններում դրանց աշխարհաքաղաքական կողմնորոշումը կարող է անկայուն լինել։ Մոլդովայի դեպքում Ռումինիայի հետ մերձեցումը շարունակվում է, սակայն Գագաուզիայի և Մերձդնեստրի հետ կապված խնդիրները մնում են՝ նպաստելով այս հանրապետության աշխարհաքաղաքական մասնատմանը։ Վրաստանի քաղաքական վերնախավը չափազանց պրագմատիկ դիրքորոշում է ընդունում ՌԴ-ի, Չինաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում, սակայն հոկտեմբերին կայանալիք ընտրությունները կարող են հավասարակշռությունից հանել երկրի քաղաքական համակարգը: Հայաստանը, լինելով հետխորհրդային հանրապետությունների ամենաթույլ օղակը, փորձում է հավասարակշռություն գտնել գլոբալ և տարածաշրջանային տարբեր դերակատարների շահերի, ինչը գլոբալ առճակատման պայմաններում հանրապետության տարածքը վերածում է «աշխարհաքաղաքական փորձադաշտի»։
Հատկանշական է, որ Տաջիկստանը, ունենալով ընդհանուր սահման Աֆղանստանի նորաստեղծ Էմիրության հետ, փակ երկաթուղային գծի և բարդ ռելիեֆի պատճառով դուրս է մնում բազմաթիվ ենթակառուցվածքային նախագծերից։ «Հյուսիս–Հարավ» կամ «Արևմուտք–Արևելք» նախագծերում հանրապետությունը ներգրավելու համար անհրաժեշտ է կառուցել Կենտրոնական և Հարավային Ասիան կապող զարգացած տրանսպորտային համակարգ, սակայն իրավիճակն Աֆղանստանում և Չինաստանի ու Հնդկաստանի միջև մրցակցությունը խոչընդոտում է դրան: Տաջիկստանը հիմնականում մնում է հին կոորդինատային համակարգում, թեև վերջին տարիներին երկրի ղեկավարությունը սերտ համագործակցություն է զարգացնում Իրանի հետ։
Այսպիսով առաջանում են մի քանի կրիտիկական խնդիրներ: Նախ, գտնվելով Ուկրաինայի տարածքում Արևմուտքի հետ առճակատման իրավիճակում՝ Ռուսաստանը փորձում է կառուցել «կանխատեսելիության» գործոնի վրա հիմնված միջանկյալ տարածաշրջանային կարգ, որը մի կողմից՝ բացահայտում է մի շարք «տարածաշրջանային առաջնորդների» և մյուս կողմից՝ զսպող մեխանիզմներ է ստեղծում պայքարելու տատանվող վարչակարգերի «աշխարհաքաղաքական շրջադարձի» դեմ։ Երկրորդ, կա մի կարևոր հանգամանք, որը չի տալիս ապագայում «հետխորհրդային» տարածքում հարաբերությունների ընդհանուր պատկերը։ Դա ռազմական գործողությունների ավարտից հետո Ուկրաինայի ճակատագիրն է, քանի որ պատերազմից հետո այս երկրի դիրքորոշումը կարևոր տարր կլինի Արևելյան Եվրոպայում ուժերի հավասարակշռության կառուցման համար, թեև ակնհայտ է, որ այս հակամարտությունը աշխարհակարգը փոխելու բանալին չէ (որպես Խորհրդա-ֆիննական պատերազմի (1939–1940 թթ.) օրինակ):
Մարտավարական քայլերի վրա ուշադրության շեշտադրումը հանգեցնում է ապագա սպառնալիքների աճին։ Հետխորհրդային ընտրախավերի ներկայիս գործողությունները ելնում են ընթացող ճգնաժամային իրավիճակներից, որտեղ յուրաքանչյուր պետություն փորձում է գլոբալ փլուզմանը մոտենալ ամենապատրաստված կերպով։ Արդյունքում աճում են ռազմական ծախսերը, կնքվում են ռազմաքաղաքական նոր դաշինքներ, խստացվում է տնտեսական և միգրացիոն օրենսդրությունը, առաջանում է հասարակության համախմբման անհրաժեշտություն։ Քանի որ խոսքը հիմնականում ավտորիտար վարչակարգերի մասին է, դա հանգեցնում է արտաքին և ներքին քաղաքական ագրեսիվության մակարդակի բարձրացման, ինչը ռազմավարական տեսանկյունից կարող է հանգեցնել տարածաշրջանային քաոսի։
«Հակա-Ռուսաստաններն» ընդդեմ «Հակա-Ամերիկաների»
Խոսելով աշխարհակարգի ոչ արևմտյան այլընտրանքի անհամապատասխանության մասին՝ չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ն, առաջարկելով հիերարխիկ տարածաշրջանային հարաբերությունների իր տեսլականը՝ միշտ էլ գործողությունների լրացուցիչ ռազմավարություն է ունեցել։ Դրա հիմնական էությունը տարածաշրջանային մակարդակում կապերի ու հակակշիռների այնպիսի քանակի ստեղծումն է, որը թույլ չէր տալու մեկ ուժային կենտրոնի հեգեմոնիայի ձևավորում։ Այս մոտեցումը կարելի է անվանել «վերահսկվող բազմաբևեռություն»: Զ. Բժեզինսկին նշել է նաև Ադրբեջանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի կարևորագույն դերը ռուսական «կայսերական» հավակնությունները զսպելու գործում։ Եվ այսօր մենք տեսնում ենք ՌԴ-ի արտաքին քաղաքականության համար այդ երկրների նշանակության զգալի աճ։
Այլ խոսքերով, Ռուսաստանը` նպաստելով նախկին հարաբերությունների քայքայմանը, տակտիկական աջակցություն է ստանում այն վարչակարգերից, որոնք միշտ հավասարակշռված քաղաքականություն են վարել ուժի տարբեր կենտրոնների նկատմամբ։ Միաժամանակ, այդ պետությունների արտաքին քաղաքական մոտեցումները սկսում են կիրառվել այն երկրների կողմից, որոնք նախկինում բավական լոյալ էին Մոսկվային։ Իրավիճակն ավելի է վատթարանում Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակմամբ, որոնց ավարտին Ռուսաստանի շուրջ տարածքը կարող է զգալիորեն փոխակերպվել։ Սա իր հերթին կհանգեցնի նոր «Հակա-Ռուսաստաններ» ձևավորմանը, որոնք ձգտում են հեռու մնալ ռուսական ազդեցությունից։
Խնդիրը շատ առումներով կայանում է նրանում, որ Ռուսաստանն ինքն է «տապալել» աշխարհաքաղաքական խաղը՝ շահարկելով ԽՍՀՄ վերածննդի թեման կամ արդարացնելով իր գործողությունները «լենինյան» կոնֆեդերացիայի նախագծերով, ինչը դարձել է միայն հռետորաբանություն, որի հետևում թաքվնած էր հետխորհրդային տարածքի տարրալուծումն ավելի գլոբալ հեռանկարում։ Անգամ «հատուկ ռազմական գործողություն» տերմինն ինքնին պետք է մատնանշեր Ուկրաինայում ռուսական գործողությունների որոշակի սահմանափակում և ճշգրտություն, սակայն երկու տարվա պատերազմը փոխեց ամբողջ պատկերը։ Ռուսաստանի ղեկավարության փորձը Ուկրաինայում պատերազմը ներկայացնել որպես Իրաքում կամ Աֆղանստանում ամերիկյան գործողությունների անալոգիա, ցույց տվեց ռուսական վերնախավի ցանկությունը՝ ընդգծելու ԱՄՆ արտաքին քաղաքականության հետ նմանությունները։ Ռուսաստանի շարժվելը «վերահսկվող բազմաբևեռության» ֆարվատերով հետխորհրդային տարածքում նույնպես ցույց է տալիս հարևան երկրների հետ կայուն հարաբերություններ ձևավորելու սեփական ռազմավարության բացակայությունը։ Փաստորեն, հետխորհրդային տարածքում բախվել են երկու բացասական օրակարգեր՝ հակառուսական և հակաամերիկյան, որոնք նպաստում են այս մակրոտարածաշրջանի աստիճանական քայքայմանը։
«Եվրասիական Բալկանների» ծնունդը (եզրակացության փոխարեն)
Տարբեր առևտրային և ենթակառուցվածքային նախաձեռնությունների շնորհիվ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանները վերածվում են մեկ միասնական տարածքի։ Եվրոպայի և Չինաստանի միջև ապրանքների տարանցումը հետխորհրդային բազմաթիվ հանրապետություններում դառնում է տրանսպորտային նախագծերի առանցքային ոլորտ։ Դրա հիման վրա ձևավորվում է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների մերձեցման պահանջարկ։ Ադրբեջանը, ելնելով իր մշակութային և քաղաքական-աշխարհագրական առանձնահատկություններից, վաղուց ընկալվում է ավելի շատ որպես Կենտրոնական Ասիայի, քան Հարավային Կովկասի մաս: Կենտրոնական Ասիայից բոլոր բազմամոդալ տրանսպորտային երթուղիները (օրինակ՝ Միջին միջանցքը) անպայման նշում են Բաքուն որպես Վրաստանի տարածքով Եվրոպա ապրանքների փոխադրման առանցքային տրանսպորտային հանգույց։ Միաժամանակ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քննարկումը նույնպես հանդիսանում է նոր տարածաշրջանային հարաբերությունների ձևավորման տարր։ Մյուս կողմից, մեծ թվով հարցեր են ծագում Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումների շուրջ, սակայն «Եվրասիական Բալկանների» (Զ. Բժեզինսկու տերմինաբանությամբ) ձևավորման գործընթացն արդեն մեկնարկել է։
Այսպիսով, հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական «Մեծ խաղը» դեռ նոր է սկսվում, և դա վերաբերում է ոչ միայն Արևմուտքի և Ռուսաստանի, այլ նաև մի շարք այլ դերակատարների և, մասնավորապես, ՉԺՀ-ի դիրքերին։ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է դիտվել նաև Իրանը «բացելու» տեսանկյունից նոր գլոբալ նախաձեռնությունների համար, որոնք խթանում են թե՛ ամերիկյան, թե՛ չինական շահերը Եվրասիայում տրանսպորտային ուղիների զարգացման հարցում: Այս համատեքստում շատ խաղացողներ փորձում են չեզոքացնել Ռուսաստանի գործոնը, որը ուկրաինական պատերազմի պատճառով չի կարող ակտիվ գործողություններ իրեն թույլ տալ նույնիսկ մերձավոր արտասահմանում։ Արդյունքում, Արևելյան Եվրոպայում ռազմական գործողությունների ավարտին նախկին հետխորհրդային տարածքի ողջ «հարավային գոտին» կարող է անճանաչելիորեն փոխակերպվել։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 16.08.2024 թ.:
(2) Քաղաքական գիտությունների թեկնածու, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, ավելի քան 15 գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ: