Անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ՝ Արևմուտքի կամ արևմտյան գործընկերներից մեծ մասի հետ բացահայտ հակասությունների, լարվածության համատեքստում: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մինչև բուն նախընտրական շրջանը խորհրդարանում ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը(3), ինչպես նաև «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին»(4) օրենսդրական փաթեթը։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծով բոլոր այն կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման 20%-ից ավելին տրամադրվում է արտերկրից, պարտավորվում են գրանցվել հատուկ կայքում։ Հակառակ դեպքում, կազմակերպությունը հսկայական տուգանքների է ենթարկվում։
Իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրություններից առաջ այս քայլով փորձեց ինչ-որ առումներով վերահսկելի դարձնել ընդդիմադիր դաշտի ֆինանսական հոսքերը։ Օրինագծի ընդունմանը հաջորդեցին Արևմտյան գործընկերների խիստ հայտարարություններն ու քայլերը, ընդհուպ՝ ԱՄՆ-ի կողմից Վրաստանին տրամադրվող ամենամյա ֆինանսական օժանդակության (ավելի քան 95 մլն ԱՄՆ դոլար) կասեցումը։ ԱՄՆ-ի պետքարտուղարությունից 2024 թ․ հուլիսին հայտարարել էին, որ Վրաստանի կառավարության քայլերը հակաժողովրդավարական են ու անհամատեղելի ԵՄ և ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունից նաև հիշեցրել էին, որ վերջին 32 տարվա ընթացքում Վրաստանին հատկացվել է ավելի քան 6,2 մլրդ ԱՄՆ դոլար(5)։
Եվրոպական Միությունն էլ իր հերթին հայտարարել էր, որ Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածուի գործընթացը ժամանակավորապես կասեցվել է(6)։ Այդ կարգավիճակը Վրաստանը ստացել էր 2023-ի դեկտեմբերին։ Եվրոպան նույնպես ժամանակավորապես դադարեցրել է ֆինանսական աջակցությունը։ Նշվում է, որ ժողովրդավարության հետընթացի պատճառով Վրաստանը կկորցնի ԵՄ օգնության 121,3 մլն եվրո(7)։ Խոսքը 2022–2024 թթ․ հատկացված գումարների մասին է։
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու ընդդիմության՝
առանց հստակության գործողությունները
Վրաստանում 2024 թ․ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ստացել է ձայների մեծամասնությունը՝ 53,93% (89 մանդատ)։ Այս կուսակցությունը երկիրը ղեկավարում է մեկ տասնյակից ավելի ու, հավանաբար, կշարունակի ևս 4 տարի։
Խորհրդարան են անցել ընդդիմադիր այն ուժերը, որոնց մեջ ընթանում էր նախընտրական պայքարը՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիա»՝ 11,04% (19 մանդատ), «Միասնություն–ազգային շարժում»՝ 10,16% (16 մանդատ), «Ուժեղ Վրաստան»՝ 8,81% (14 մանդատ), «Գախարիան՝ հանուն Վրաստանի»՝ 7,77% (12 մանդատ)։ Ընդդիմադիր ուժերը, սակայն, չեն ընդունում ընտրության արդյունքները։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ խորհրդակցություններից հետո դրանք հայտարարել են(8), որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները և կոչ են արել հասարակությանը դուրս գալ պայքարի։ Ավելի վաղ փողոց դուրս գալու կարևորության մասին էր հայտարարել(9) նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Ընդդիմությունը հետընտրական հանրահավաքն արել է հոկտեմբերի 28-ին, որտեղ այդ ուժերը ևս մեկ անգամ հաստատել են, որ չեն ընդունում արդյունքները, չեն պատրաստվում երկրի խորհրդարան մտնել և հրաժարվում են իրենց մանդատներից։ Ընդդիմության առաջին հայտարարություններում նշվում էր, որ պահանջում են կրկնակի ընտրություններ՝ միջազգային կառույցների ներգրավմամբ։
Ընդդիմադիր ուժերի 2-րդ մեծ հանրահավաքը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին, որտեղ էլ հանրայնացվել է ընդդիմության առաջիկա գործողությունների պլանը(10).
- նշանակել կրկնակի ընտրություններ,
- չճանաչել անցած ընտրության արդյունքները և խորհրդարանի լեգիտիմությունը,
- սկսել դիմադրության շարժում և ընդարձակել դիմադրության ճակատը՝ Թբիլիսիում և ողջ Վրաստանում,
- շարունակել հավաքել ապացույցներ և փաստաթղթեր՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունների խախտումների միջազգային հետաքննության համար,
- պայքարը շարունակել մինչև վերջնական հաղթանակ:
Հարկ է նշել, որ «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան ընդդիմության հավաքներին չի մասնակցում որպես դերակատար։ Առաջին հանրահավաքի ժամանակ եթե մյուս գործիչները նախագահի գլխավորությամբ ելույթ էին ունենում հարթակից, ապա Գախարիան ներկա էր զուտ որպես հանդիսատես։ Վերջին շրջանում նկատվող պասիվության մասին խոսել են իր կուսակցության որոշ անդամներ՝ նշելով, որ Գախարիան չի կարող ամեն տեղ լինել, և որտեղ ինքը չի լինում, լինում են մյուս թիմակիցները(11)։ Կուսակցության անդամներից Թեոնա Աքուբարդիան էլ հայտարարել է, թե իրենք մասնակցում են ընդդիմության ակցիաներին ոչ որպես կազմակերպիչներ, այլ՝ որպես քվեարկած քաղաքացիներ(12)։ Նման քննարկումներից հետո նոյեմբերի 10-ին քաղաքացիական քայլերթներից մեկին մասնակցել է նաև Գ. Գախարիան և երիտասարդների հետ լուսանկար հրապարակել(13)։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր մյուս ուժերին, ապա, տպավորություն է ստեղծվում, որ նախկին նախագահի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը» Վրաստանում իր տեղը զիջել է «Հանուն փոփոխությունների կոալիցիային»։ Ընտրության արդյունքներով խորհրդարանում կոալիցիան ավելի շատ մանդատ է ստացել, քան՝ ՄԱՇ-ը։ Հետաքրքրական է, որ «Մթավարի արխի» ՀԸ պատվերով բրիտանական SAVANTA ընկերության նախընտրական հանրային հարցման ժամանակ առաջին անգամ ընդդիմադիրների առաջատարը ոչ թե Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն էր, այլ՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», որի առաջնորդը «Մթավարի արխի» ՀԸ և «Ախալի» կուսակցության հիմնադիր Նիկա Գվարամիան էր։ Գվարամիան, թեև այլևս չի ղեկավարում «Մթավարի արխին», սակայն իրեն պատկանող ՀԸ-ի 12% բաժնետոմսերը փոխանցել է կնոջը։
Ըստ հարցման Կուսակցությունների վարկանիշն հետևյալն էր(14).
- «Վրացական երազանք» – 36%,
- «Հանուն փոփոխությունների կոալիցիա» («Ախալի», «Դրոա», «Գիրչի») – 18%,
- «Միասնություն» («Միացյալ ազգային շարժում», «Աղմաշենեբելիի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան») – 14%,
- «Գախարիան՝ Վրաստանի համար» – 10%,
- «Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ» և «Քաղաքացիներ») – 8%:
Այն ժամանակ Սաակաշվիլին անդրադարձել էր այս հարցմանը, նշելով․ «Ոչ մի նկարած ուսումնասիրություն չի կարող փոխել այն փաստը, որ «Երազանքը» իրականում 30%-ից ավելի չունի, իսկ ընդդիմադիր ուժերի մեջ «Միասնություն–ազգային շարժումը» ամուր առաջին տեղում է»(15)։
Շահարկումները, թե «Հանուն փոփոխությունների կոալիցիան» փոխկապակցված է Սաակաշվիլիի և նրա կուսակցության հետ, իրականում քննարկումների տեղիք է տալիս։ Կառույցն ու դրա առաջնորդ Նիկա Գվարամիան Սաակաշվիլիի համակիրներից և թիմակիցներից էր։ Վերջինիս պաշտոնավարման տարիներին եղել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալը, արդարադատության և, ապա, կրթության նախարարը։ Գվարամիան 2024-ի սկզբին հայտարարել էր, ՄԱՇ-ն այլևս իր համար անընդունելի է։ «Առաջին անգամ իմ քաղաքական կյանքում ես նրանց համար չեմ քվեարկելու», – ասել էր Գվարամիան։ Նա նաև նշել էր, որ կուսակցության միակ գործոնն այս պահին Սաակաշվիլին է, բայց թե ինչ է կատարվում նրա հետևում այդ կուսակցությունում, խնդրահարույց է(16)։ Ինչ վերաբերում է կոալիցիայի մյուս անդամներից Նիկա Մելիային, ապա նա ժամանակին եղել է ՄԱՇ-ի առաջնորդը, սակայն կառույցն առաջնորդելու համար պայքարում 2023 թ․ պարտվել էր Լևան Խաբեիշվիլիին, իսկ վերջինս էլ նրան հեռացրել էր կուսակցության շարքերից։ Այնուամենայնիվ, չնայած հայտարարություններին, նախկինում եղած խնդիրներին և հակասություններին, ներկայումս Գվարամիան և իր թիմակիցները համագործակցում են «Միասնություն–ազգային շարժման» հետ, իսկ թե ինչպես կզարգանան նրանց հարաբերությունները հետագայում, դժվար է պատկերացնել։
Վրացական իշխանությունը ընդդիմության բողոքների և հավաքների մասին տարբեր մակարդակներում հայտարարել է, թե ընդդիմությունը բավարար ռեսուրս չունի, և պայքարը երկար չի կարող տևել։ Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին էլ ասել էր(17), որ վաղ թե ուշ, ինչպես 2020-ին, ընդդիմությունը կմտնի խորհրդարան և կվերցնի իր աշխատավարձը։ Նա նշել էր նաև, որ խորհրդարանը կսկսի իր աշխատանքը 76 ձայնով։ Վրաստանի սահմանադրության(18) 38-րդ հոդվածում նշվում է, որ նոր խորհրդարանի առաջին նիստը հրավիրվում է ընտրությունների արդյունքների պաշտոնական հաստատումից 10 օր հետո։ Առաջին նիստը հրավիրում է երկրի նախագահը, իսկ օրենսդիր մարմինն իր աշխատանքը սկսում է, եթե նիստին ներկա է լինում պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Խորհրդարանի լիազորությունները լիարժեք են դառնում անդամների 2/3-ի լիազորությունների ճանաչումից հետո։ Այս պարագայում «Վրացական երազանքին» անհրաժեշտ է 100 մանդատ։ Իրավաբաններն այս հարցով դեռևս հայտարարություններ չեն արել։
Միջազգային արձագանքն ընտրության արդյունքներին և
ներքաղաքական իրավիճակին
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ներգրավված է եղել 529 միջազգային դիտորդ 42 երկրից։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացված է եղել 380 փորձագետով՝ երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ։ Ընտրություններին հետևել են նաև խորհրդարանականներ ԵԱՀԿ ԽՎ-ից, ԵԽԽՎ-ից, ՆԱՏՕ-ի ԽՎ-ից և Եվրախորհրդարանից։ Միջազգային բոլոր առաքելություններն իրենց նախնական զեկույցներում անդրադարձել են ընտրությունների՝ լարված մթնոլորտում անցնելուն, ընտրախախտումներին, քվեարկելու գաղտնիության չպահպանման դեպքերին, ինչպես նաև ճնշման և վախի մասին փաստերին և ադմինիստրատիվ ռեսուրսների կիրառմանը, սակայն դիտորդական առաքելություններից և միջազգային կառույցներից ոչ մեկը ընտրությունների լեգիտիմությունը հարցականի տակ չի դրել։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության նախնական զեկույցը(19), ինչպես նաև ԵԽԽՎ-ի եզրակացությունը, համարվում են հեղինակավոր ԵՄ անդամ-պետությունների արտգործնախարարների համար(20)։ Զեկույցում համակողմանիորեն ներկայացվել են մինչև ընտրություններն իրավիճակը, կազմակերպչական, իրավական հարցերը, ինչպես նաև հենց ընտրության օրվա առաջին գնահատականները։ Նշվում է, որ թեև ընտրություններն, ընդհանուր առմամբ, լավ են կազմակերպված եղել, այնուամենայնիվ, «նախնական եզրակացության մեջ ընդգծվել են վարչական ռեսուրսների չարաշահման, քարոզարշավի խիստ բևեռացված միջավայրի, մեդիաներկայացուցիչների նկատմամբ բռնության, բևեռացված մեդիա միջավայրի և ընտրողների նկատմամբ համատարած ահաբեկման և հարկադրանքի հետ կապված մտահոգություններ»։ Տեղական և միջազգային դիտորդական կազմակերպությունների բոլոր զեկույցներում շեշտը դրվել է ընտրողների նկատմամբ ճնշումների, գաղտնիության պահպանման խախտման և բռնությունների վրա։
Միջազգային առաջին եզրակացություններից հետո հաջորդել են տարբեր երկրների և կառույցների առաջին արձագանքներն՝ իրականացված ընտրությունների վերաբերյալ։ Հետաքրքրական է, որ Վրաստանի արևմտյան գործընկերներն իրենց արձագանքներով մի քանի ճամբարի են բաժանվել՝ նրանք, ովքեր կտրուկ են եղել գնահատականներում և քայլերում և նրանք, ովքեր բարձրաձայնել են խախտումների, լարվածության մասին, սակայն հարաբերությունների վատթարացմանն ուղղված քայլեր չեն արել։
ԱՄՆ
Վրաստանի ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ում նույնպես ընտրություններ էին․ երկիրն ընտրում էր նախագահ, ում վարած արտաքին քաղաքականությունն էլ հետագայում կարող է հարթեցնել կամ ավելի լարել գործընկերների հետ հարաբերությունները։ ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել էր(21), որ «Վաշինգտոնը վերջնական գնահատական չունի ընտրությունների արդյունքների վերաբերյալ», սակայն չի բացառել հետագա հետևանքները, եթե վրացական կառավարության ուղղությունը չփոխվի։ Երկրի նախագահ Ջո Բայդենն էլ կոչ էր արել Վրաստանի կառավարությանը թափանցիկ կերպով հետաքննել բոլոր ընտրական խախտումները և անմիջապես սկսել երկխոսություն քաղաքական բոլոր ուժերի հետ(22)՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրոատլանտյան ձգտումներին, սակայն մտահոգված է վերջին շրջանում երկրում արձանագրված ժողովրդավարական հետընթացով։ Ավելի ուշ Մեթյու Միլերը հայտնել էր նաև, որ Վրաստանում ընտրությունների հետաքննության հարցում ԱՄՆ-ը քննարկումներ է անցկացնում ԵՄ գործընկերների հետ(23)։
Վրաստանի իշխող կուսակցությունում էլ, կարծես թե, ոգևորված են ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակով։ Երկրի վարչապետը շնորհավորել էր վճռական հաղթանակի կապակցությամբ՝ հուսալով, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը կնպաստի գլոբալ և տարածաշրջանում խաղաղությանը, ինչպես նաև կապահովի Վրաստան–ԱՄՆ հարաբերությունների վերագործարկումը(24)։ Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն էլ հայտարարել էր, թե «շատ ուրախ են, որ խաղաղությունն ու ավանդական արժեքները հաղթում են նաև ԱՄՆ-ում»(25)։
Եվրոպական Միություն
ԵՄ-ից և առանձին անդամ պետություններից արձագանքներն ամենաբազմազանն են։
- Քանի դեռ ԵՄ-ն կամ երկրներն առանձին հետևում էին ընտրությունների ավարտին, Հունգարիայի վարչապետն ընտրատեղամասերի փակումից և առաջին ելքային հարցումների (exit poll-երի) արդյունքներից անմիջապես հետո ջերմորեն շնորհավորել էր Վրաստանի իր գործընկերոջը, որից հետո պարզ էր դարձել, որ հոկտեմբերի 28-ին պաշտոնական այցով ժամանելու է Թբիլիսի։ Հունգարիայի վարչապետի այցը լայնորեն քննադատվել է եվրոպական գործընկերների շրջանում, քանի որ երկիրը ներկայումս Եվրամիության խորհրդի նախագահող երկիրն է։ ԵՄ 13 երկրի եվրոպական հարցերի նախարարներն Օրբանի այցը Վրաստան վաղաժամ էին որակել՝ ընդգծելով, որ Օրբանը չի խոսում ԵՄ անունից(26), և որ այցն իր պետության անունից է։
- Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջին հայտարարությունում նշված էր, որ ընտրությունները քննարկվելու են Եվրոպական խորհրդի նոյեմբերի նիստին։ Նա նշել էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական գնահատականն ընդունում են որպես ի գիտություն և կոչ են անում ԿԸՀ-ին և այլ համապատասխան մարմիններին հետաքննել ընտրական խախտումները և դրանց վերաբերյալ պնդումները։ Միշելը նաև կոչ էր արել Վրաստանի ղեկավարությանը՝ ցույց տալ իրենց հավատարմությունը ԵՄ ճանապարհին(27)։
- Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ հայտարարել էր(28), որ վրաց ժողովուրդն արժանի է ընտրական գործընթացի վերաբերյալ անկախ և թափանցիկ հետաքննության:
- ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն, իր հերթին, ասել էր, որ Վրաստանում հետընտրական զարգացումները մտահոգիչ են։ Նա շեշտել է, որ միջազգային դիտորդները հաղորդել են բռնության մասին ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ ընտրության օրը։ «Նրանք ընտրություններն ազատ և արդար չեն հռչակվել»(29), – ասված է իր հայտարարությունում։ Բորելը կոչ է արել Վրաստանին հետաքննել խախտումները, ճնշումները, ինչպես նաև ցույց տալ իր հավատարմությունը եվրոպական արժեքներին՝ ընտրական գործընթացում լիարժեք թափանցիկությունից սկսած։ «Կարևոր է, որ բողոքի ակցիաները և դրանց նկատմամբ կառավարության արձագանքը մնան խաղաղ: Երկրում դեմոկրատական հետընթացը պետք է շրջվի և ապահովվի բարենպաստ միջավայր լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և ընդդիմության համար», – ասել է Բորելը։
- ԵՄ անդամ-պետությունների մի մասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները, ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավորներ համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով միջազգային հետաքննող հանձնաժողով ստեղծել(30)՝ հետաքննելու վրացական ընտրությունների խախտումները և պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և երկրի դեմոկրատական հետընթացի համար պատասխանատու պաշտոնյաների ու քաղաքական առաջնորդների նկատմամբ։
- Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը և Լեհաստանի վարչապետը համատեղ հայտարարություն(31) են տարածել՝ իրենց անհանգստությունը հայտնելով Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ և ասել, որ չեն կարող աջակցել Վրաստանի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը, քանի դեռ երկիրը բարեփոխումներ չի իրականացրել։ «Քանի դեռ Վրաստանը չի փոխել իր ներկայիս գործելաոճը և չի ցուցադրել շոշափելի բարեփոխումների ջանքեր, մասնավորապես, չեղյալ համարելով եվրոպական արժեքներին և սկզբունքներին հակասող վերջին օրենսդրությունը, մենք ի վիճակի չենք լինի աջակցել Վրաստանի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկին», – ասված է հայտարարությունում։
Եվրահանձնաժողովի ընդլայնման զեկույցը Վրաստանի վերաբերյալ
Խորհրդարանական ընտրություններից մի քանի օր անց՝ հոկտեմբերի 30-ին, հրապարակվել է Եվրահանձնաժողովի ԵՄ ընդլայնման վերաբերյալ զեկույցը(32), որում գնահատվում է Վրաստանի ԵՄ անդամակցության պատրաստակամությունը։ Զեկույցում ասվում է, որ մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ Հանձնաժողովի անցյալ տարվա հանձնարարականները «չեն կատարվել»։ Նշվում է, ԵՄ-ի ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հետ համապատասխանեցման տեմպերը մնում են զգալիորեն ցածր՝ 49% (նախորդ զեկույցում՝ 44%), իսկ 2023 թ․ հունիսից Վրաստանը չի մասնակցել ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններին և անվտանգության ու պաշտպանության քաղաքականության շրջանակներում ընդհանուր գործողություններին։ Փաստաթղթի կողմից դիտարկվող ժամանակաշրջանում դեպի ՌԴ ուղիղ չվերթներն ու ուղղությունները զգալիորեն ավելացել են։
Զեկույցում գնահատված են նաև տարբեր ոլորտներ (օրինակ՝ արտաքին հարաբերություններ, արտաքին, անվտանգության և պաշտպանության քաղաքականություն, էներգետիկա, մաքսային միություն, տրանսպորտային քաղաքականություն, արդարադատություն, կրթություն, սննդի անվտանգության, անասնաբուժական և բուսասանիտարական քաղաքականություն և այլն), որոնցից և ոչ մեկը լավ գնահատական չի ստացել։ Ոլորտները հիմնականում գնահատվել են «որոշակի մակարդակի պատրաստություն» կամ «չափավոր մակարդակ», երբեմն՝ պատրաստության «վաղ փուլ»։ Ըստ էության, Եվրահանձնաժողովը «գնահատել էր» ներկայիս իշխանության աշխատանքը՝ դրանով իսկ ևս մեկ անգամ շեշտելով, որ Վրաստանը հետընթաց է գրանցել։ Եվ թեև նախորդ հանձնարարականները «չեն կատարվել», այնուամենայնիվ, գալիք տարում Վրաստանից ակնկալում են՝
- չեղյալ համարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը,
- ընդունել ազգային ռազմավարություններ՝ պայքարելու ատելության և խտրականության բոլոր ձևերի դեմ և պաշտպանելու էթնիկ և կրոնական փոքրամասնություններին, ավելի վճռական միջոցներ կիրառել ատելության խոսքի և ատելության հանցագործությունների դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ,
- ուժը կորցրած ճանաչել «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենսդրական փաթեթը, հետաքննել Tbilisi Pride-ի ժամանակ իրականացված բռնությունն ու դրա կազմակերպիչներին,
- տվյալների պաշտպանության իրավական դաշտը համապատասխանեցնել ԵՄ օրենսդրությանը,
- ուժեղացնել/ վերսկսել գենդերային հավասարության հասնելու ջանքերը, մասնավորապես՝ իրավական դաշտը համապատասխանեցնելով Ստամբուլյան կոնվենցիայի շրջանակներին,
- խթանել կանանց քաղաքական մասնակցությունը խորհրդարանում:
Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է դիտարկել վրացի գործընկերների հետ համագործակցության նոր առաջարկներ(33): Ավելի ուշ հարցազրույցներից մեկի ժամանակ Լավրովն անդրադարձել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ՌԴ ուղիղ և անուղղակի միջամտության մասին խոսակցություններին։ «Վրաստանի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը։ Մենք հարգանքով ենք վերաբերվում դրան։ Մենք պատրաստ ենք շարունակել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը», – հայտարարել է Ս. Լավրովը՝ միաժամանակ մեղադրելով Արևմուտքին, որ Ռուսաստանին վերագրում են այն, ինչ իրենք են անում։ ՌԴ արտգործնախարարը հավելել է նաև, որ արևմտյան երկրներն արհեստականորեն փորձում են Վրաստանի ներկայիս ընտրական գործընթացը ներկայացնել որպես ռազմավարական ընտրություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ դրանով իսկ Վրաստանին և հետխորհրդային տարածքի մյուս պետություններին կանգնեցնելով ընտրության առջև(34)։
Միջազգային շնորհավորանքներն իշխող ուժին
«Վրացական երազանքին» հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքները շատ չեն․ հարևան երկրները՝ ՀՀ, Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, ինչպես նաև Իրանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Հունգարիան։ Արևմտյան երկրների մեծ մասը կոչ է արել Վրաստանին ցույց տալ իր հավատարմությունը եվրոպական ուղուն, իսկ մի քանիսն էլ հայտարարել են հարաբերությունների վերանայման մասին։ Կանադան հայտարարել է Վրաստանի իշխանությունների հետ ընտրությունների խախտումների պատճառով հարաբերությունների վերանայման մասին(35), իսկ Շվեդիան ավելի կտրուկ քայլերի է գնացել՝ դադարեցնելով(36) անմիջական համագործակցությունը Վրաստանի կառավարության հետ՝ միջազգային դիտորդների արձանագրած ընտրական խախտումների պատճառով։ Միաժամանակ, Վրաստանի քաղհասարակությանը փոխանցել է 25 մլն շվեդական կրոն (~2.3 մլն ԱՄՆ դոլար)։ Ուկրաինայից էլ հորդորել են «Վրաստանի կառավարությանը չգնալ Բելառուսի ճանապարհով(37)»։
Ամփոփելով պետք է նշել, որ ի հեճուկս անկայունությունների վերաբերյալ բազմաթիվ կանխատեսումների, Վրաստանում ընտրական գործընթացն անցել է հարաբերականորեն հանդարտ։ Թեև բուն ընտրության օրն արձանագրվել են բռնության բազմաթիվ միջադեպեր, լցոնման փաստեր, այնուամենայնիվ, դրանք չեն հանգեցրել հանրային լայնամասշտաբ բողոքի ալիքի։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա դեռևս անհասկանալի է մնում, թե ընդդիմությունն ինչպե՞ս և ի՞նչ գործիքակազմով է պատրաստվում պայքարել, այսպես կոչված, «կեղծված ընտրությունների» արդյունքների դեմ։ Տարբեր ցույցերի, երթերի և ակցիաների ժամանակ փողոց դուրս եկող մարդկանց թիվը զգալի չէ, չնայած հենց կազմակերպիչները պնդում են, թե մարդկանց թիվը կարևոր չէ։ Դեռևս վերջնական գնահատական չունի նաև միջազգային հանրությունը, թեև նախնական զեկույցներից և հայտարարություններից նկատելի է, որ Արևմուտքն իր հերթին, Վրաստանն՝ իր, փորձում են ավելի չլարել և հետագա հարաբերությունների համար հնարավորությունների տեղ թողնել։
Հարկ է նշել նաև, որ քիչ իրատեսական է Արևմուտքի և Վրաստանի հարաբերություններում ճգնաժամի հետագա խորացումը և դրա հետևանքով հարաբերությունների սառեցումը։ Արևմուտքում շատ լավ հասկանում են Վրաստանի նշանակությունը և ունեցած տարանցիկ դերը Հարավային Կովկասում և տարածաշրջանում։ Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորումն էլ, վստահորեն, Վրաստանի համար է առաջնային։
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- უცხოური გავლენის გამჭვირვალობის შესახებ, 28.05.2024, https://matsne.gov.ge/ka/document/view/6171895?publication=0
- United States to Pause Assistance to the Government of Georgia, 31.07.2024, https://www.state.gov/united-states-to-pause-assistance-to-the-government-of-georgia/
- EU says Georgia’s membership path on hold over NGO law, 28.06.2024, https://www.bbc.com/news/articles/cql82we090vo
- EU Neighbourhood & Enlargement, 08․10․2024, https://x.com/eunear/status/1843622577115410463
- პრეზიდენტი: არ ვაღიარებ ამ არჩევნებს, 27․10․2024, https://formulanews.ge/News/119199
- რა თქმა უნდა, პარლამენტში არ უნდა შევიდეს არავინ!, 27.10.2024, https://www.facebook.com/SaakashviliMikheil/posts/pfbid0gfxhWKWKz9TdbhWiPyud1ZroFNcNtRXGmmAhbUW4BAKVriUPPvdWC3BMYd6WyHtLl?rdid=7HYb40atkC6p8Zd5
- პროტესტი რუსთაველის გამზირზე | მთავარის საგანგებო ეთერი, 04․11․2024, https://www.facebook.com/TvMtavari/videos/1246678829706225
- Levan Gogichaishvili: I don’t understand the passions, what does it matter if Gakharia goes to the opposition headquarters or not, Gakharia doesn’t go, someone else goes, he can’t be everywhere – as for the statements of the “dream” leaders, they are clowns and should be left alone, 08․11․2024, https://www.interpressnews.ge/en/article/134715-levan-gogichaishvili-i-dont-understand-the-passions-what-does-it-matter-if-gakharia-goes-to-the-opposition-headquarters-or-not-gakharia-doesnt-go-someone-else-goes-he-cant-be-everywhere-as-for-the-statements-of-the-dream-leaders-they-are-clowns-and-should-be-left-alone/
- Teona Aqubardia: we were involved in the actions, a peaceful demonstration is the right of every citizen – we participate, although we are not the organizers, 08.11.2024, https://www.interpressnews.ge/en/article/134739-teona-aqubardia-we-were-involved-in-the-actions-a-peaceful-demonstration-is-the-right-of-every-citizen-we-participate-although-we-are-not-the-organizers/
- ახალგაზრდებთან, 10.11.2024, https://www.facebook.com/photo/?fbid=1087827719467314 &set=a.246154943634600
- ხვალ რომ არჩევნები ტარდებოდეს, ვის მისცემდით ხმას? | ბრიტანული კომპანია SAVANTA-ს საზოგადოებრივი გამოკითხვა, 11.10.2024, https://mtavari.tv/news/166979-khval-rom-archevnebi-tardebodes-vis-mistsemdit
- მიხეილ სააკაშვილის სტატუსი, 11.10.2024, https://www.facebook.com/SaakashviliMikheil/posts/pfbid07sXbSqu34UFrAQE6cCFxTphnzyLY7MQeEv9vqJP6RZcyq4WkuAAVtkbMZTnYfBFDl
- Georgia’s new alliance leader Nika Gvaramia reveals plans: who will join his team and allies?, 22.02.2024,https://jam-news.net/georgias-new-alliance-leader-nika-gvaramia-reveals-plans-who-will-join-his-team-and-allies/
- შალვა პაპუაშვილი – პარლამენტი შეიკრიბება და 76 ხმით 150 დეპუტატის უფლებამოსილებას ცნობს! ოპოზიციონერი დეპუტატები ადრე თუ გვიან პარლამენტში შემოლაგდებიან და ხელფასებსაც აიღებენ!, 28.10.2024, https://www.interpressnews.ge/ka/article/818323-shalva-papuashvili-parlamenti-sheikribeba-da-76-xmit-150-deputatis-uplebamosilebas-cnobs-opozicioneri-deputatebi-adre-tu-gvian-parlamentshi-shemolagdebian-da-xelpasebsac-aigeben/
- CONSTITUTION OF GEORGIA, 24.08.1995, https://matsne.gov.ge/en/document/view/30346?publication=36
- Georgia – Parliamentary Elections, 26 October 2024 STATEMENT OF PRELIMINARY FINDINGS AND CONCLUSIONS PRELIMINARY CONCLUSIONS, 26.10.2024 https://www.osce.org/files/f/documents/3/0/579346.pdf
- Georgia, Parliamentary Elections, 26 October 2024, 26.10.2024, https://www.youtube.com/watch?v=RL1zWuebH3c&t=1s
- US joins calls for investigation of reports of election related violations in Georgia, 28.10.2024, https://www.reuters.com/world/us-joins-calls-investigation-reports-election-related-violations-georgia-2024-10-28/
- Statement from President Joe Biden on Democratic Backsliding in the Country of Georgia, 29.10.2024, https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2024/10/29/statement-from-president-joe-biden-on-democratic-backsliding-in-the-country-of-georgia/
- სახ.დეპში ამბობენ, რომ საქართველოში არჩევნების გამოძიების საკითხზე EU-სთან კონსულტაციები აქვთ, 30.10.2024, https://formulanews.ge/News/119401
- Congratulations to President DonaldTrump on His decisive victory in the election, 06.11.2024, https://x.com/PM_Kobakhidze/status/1854076462778949814?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1854076462778949814%7Ctwgr%5E54a2edd042225976a0e996050984b043fba8c385%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fagenda.ge%2Fen%2Fnews%2F2024%2F41458
- მამუკა მდინარაძე: გვიხარია, რომ აშშ-შიც მშვიდობა და ტრადიციული ფასეულობები იმარჯვებს, 06.11.2024, https://www.radiotavisupleba.ge/a/33189895.html
- EU-ის 13 ქვეყნის მინისტრები: მოვითხოვთ საჩივრების მიუკერძოებელ გამოძიებას, 28.10.2024, https://formulanews.ge/News/119285
- Following the parliamentary elections in Georgia, I intend to put Georgia on the agenda of the informal #EUCO in Budapest, 27.10.2024, https://x.com/CharlesMichel/status/1850575679248593036
- ურსულა ფონ დერ ლაიენი – ქართველები უნდა იყვნენ საკუთარი ბედის შემოქმედნი, 28.10.2024, https://1tv.ge/news/ursula-fon-der-laieni-bevri-welia-saqartvelos-mosakhleoba-ibrdzvis-demokratiistvis-mat-aqvt-ufleba-nakhon-rom-darghvevebis-gamodzieba-khdeba-swrafad-gamchvirvaled-da-damoukideblad/
- Georgia: Statement by the High Representative Josep Borrell on the latest developments following the Parliamentary elections, 29.10.2024, https://www.eeas.europa.eu/eeas /georgia-statement-high-representative-josep-borrell-latest-developments-following-parliamentary_en
- Joint Statement, ON INTERNATIONAL INQUIRY COMMISSION TO INVESTIGATE IRREGULARITIES OF ELECTIONS IN GEORGIA, 06.11.2024, https://civil.ge/wp-content/uploads/ 2024/11/Joint_Statement_GEO_6_November_2024.pdf
- Macron, Scholz, Tusk: concerned over situation in Georgia, 07.11.2024, https://www.reuters.com/world/europe/macron-scholz-tusk-concerned-over-situation-georgia-2024-11-07/
- COMMISSION STAFF WORKING DOCUMENT Georgia 2024 Report, 30.10.2024, https://neighbourhood-enlargement.ec.europa.eu/document/download/7b6ed47c-ecde-41a2-99ea-41683dc2d1bd_en?filename=Georgia+Report+2024.pdf&fbclid=IwY2xjawGPKuBleHRuA2FlbQIxMAABHc50VnUc12Ol2R1djBbgeZmWGR7sUPU_PZI-U01ofyHFRAmLWX8R2wfANw_aem_MExhq45pHN9M96Z4XZ9bSQ
- Россия не будет уходить от контактов с властями Грузии, заявил Лавров, 28.10.2024, https://ria.ru/20241028/lavrov-1980499636.html
- Интервью Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова МИА «Россия сегодня», Москва, 5 ноября 2024 года, 05.11.2024, https://mid.ru/ru/foreign_policy/news/1979380/?fbclid=IwY2xjawGW-t5leHRuA2FlbQIxMAABHbGl71Ve3cVpaiuvmyjNKN_LzpwqTDeI scWzjqxQvKR0rY1AJvjMOLc9og_aem_dQQ8T3dopSVEhWNQsXHP2w
- Canada plans to review relations with the Georgian government, 29.10.2024, https://www.interpressnews.ge/en/article/134413-canada-plans-to-review-relations-with-the-georgian-government/
- The Government Stops Cooperation with Georgia, 28.10.2024, https://swedenherald.com/ article/the-government-stops-cooperation-with-georgia?fbclid=IwY2xjawGMzMdleHRuA2FlbQIxMQABHf 2xYxQsrmcJWmuMLDPONAdQPgYbY5bvjIrJPcceUoTlazVhnLt6cbl1Q_aem_ZcDdRxbdBx88hdi_nQc43w
- «უკრაინის საგარეო საქმეთა სამინისტროს კომენტარი საქართველოში საპარლამენტო არჩევნების შედეგებთან დაკავშირებით», 31.10.2024, https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0VdLWat4yCpxjEwE9EgQJAbvQsMphob4TLQdd5TQMjcNaGgfRCTeFVgQjM1ERHgccl&id=100068681860471&rdid=lfJOpeCPxSmnjGJe
(1) Լրագրող, կովկասագետ, Վրաստանի հարցերով փորձագետ: 2010–2014 թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2014–2016 թթ․ սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի, Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի «Կովկասագիտություն» մագիստրոսական ծրագրում, 2016–2018 թթ․ կրթությունը շարունակել է Թբիլիսիի պետական համալսարանի հասարակական և քաղաքական գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի «Եվրասիական և Կովկասյան ուսումնասիրություններ» անգլալեզու մագիստրոսական ծրագրում՝ «Տարածաշրջանային հետազոտություններ», «Եվրասիական և Կովկասյան ուսումնասիրություններ» մասնագիտացմամբ։ 2013 թ.-ից աշխատել է www.razm.info մասնագիտացված կայքում՝ որպես լրագրող-վերլուծաբան, այնուհետև՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրացիայի, ադրբեջանական քարոզչության վերաբերյալ գիտական հոդվածների հեղինակ է։
(2) Հոդվածը խմբագրություն է ներկայացվել 11.11.2024 թ.։
(3) უცხოური გავლენის გამჭვირვალობის შესახებ, 28.05.2024, https://matsne.gov.ge/ka/document/view/6171895?publication=0 (բեռնման օրը՝ 11.11.2024).
(4) Օրենքի փաթեթն Արևմուտքում համարում են ԼԳԲՏ անձանց իրավունքների դեմ փաստաթուղթ։ Փաթեթով ևս մեկ անգամ սահմանվում է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միությունն է։ Նշվում է, որ անչափահասին չի կարող որդեգրել միայնակ կամ ոչ հետերոսեքսուալ անձ, չի կարող երկրում իրականացվել սեռը փոխելու վիրահատություն, փաստաթղթերում արգելվում է նշել անձի սեռից բացի այլ սեռ, ինչպես նաև արգելվում է անձի սեռի պատկանելության, միևնույն սեռերի միջև հարաբերություններին նպաստելուն ուղղված հանրային հավաքներ կամ ցույցեր:
(5) United States to Pause Assistance to the Government of Georgia, 31.07.2024, https://www.state.gov/united-states-to-pause-assistance-to-the-government-of-georgia/ (բեռնման օրը՝ 11.11.2024).
(6) EU says Georgia’s membership path on hold over NGO law, 28.06.2024, https://www.bbc.com/news/articles/cql82we090vo (բեռնման օրը՝ 11.11.2024).
(7) EU Neighbourhood & Enlargement, 08.10.2024, https://x.com/eunear/status/1843622577115410463, (բեռնման օրը՝ 11.11.2024).
(8) პრეზიდენტი: არ ვაღიარებ ამ არჩევნებს, 27.10.2024, https://formulanews.ge/News/119199 (բեռնման օրը՝ 11.11.2024).
(9) რა თქმა უნდა, პარლამენტში არ უნდა შევიდეს არავინ!, 27.10.2024, https://www.facebook.com/SaakashviliMikheil/posts/pfbid0gfxhWKWKz9TdbhWiPyud1ZroFNcNtRXGmmAhbUW4BAKVriUPPvdWC3BMYd6WyHtLl?rdid=7HYb40atkC6p8Zd5 (բեռնման օրը՝ 11.11.2024).
(10) პროტესტი რუსთაველის გამზირზე | მთავარის საგანგებო ეთერი, 04.11.2024, https://www.facebook.com/TvMtavari/videos/1246678829706225 (բեռնման օրը՝ 11.11.2024).
(11) Levan Gogichaishvili: I don’t understand the passions, what does it matter if Gakharia goes to the opposition headquarters or not, Gakharia doesn’t go, someone else goes, he can’t be everywhere – as for the statements of the “dream” leaders, they are clowns and should be left alone, 08.11.2024, https://www.interpressnews.ge/ en/article/134715-levan-gogichaishvili-i-dont-understand-the-passions-what-does-it-matter-if-gakharia-goes-to-the-opposition-headquarters-or-not-gakharia-doesnt-go-someone-else-goes-he-cant-be-everywhere-as-for-the-statements-of-the-dream-leaders-they-are-clowns-and-should-be-left-alone/ (բեռնման օրը՝ 11.11.2024).
(12) Teona Aqubardia: we were involved in the actions, a peaceful demonstration is the right of every citizen – we participate, although we are not the organizers, 08.11.2024, https://www.interpressnews.ge/en/article/134739-teona-aqubardia-we-were-involved-in-the-actions-a-peaceful-demonstration-is-the-right-of-every-citizen-we-participate-although-we-are-not-the-organizers/ (բեռնման օրը՝ 11.11.2024).
(13) ახალგაზრდებთან, 10.11.2024, https://www.facebook.com/photo/?fbid=1087827719467314&set=a.246154943 634600 (բեռնման օրը՝ 11.11.2024).
(14) ხვალ რომ არჩევნები ტარდებოდეს, ვის მისცემდით ხმას? | ბრიტანული კომპანია SAVANTA-ს საზოგადოებრივი გამოკითხვა, 11.10.2024, https://mtavari.tv/news/166979-khval-rom-archevnebi-tardebodes-vis-mistsemdit (բեռնման օրը՝ 11.11.2024).
(15) მიხეილ სააკაშვილის სტატუსი, 11.10.2024, https://www.facebook.com/SaakashviliMikheil/posts/pfbid07sXbSqu34UFrAQE6cCFxTphnzyLY7MQeEv9vqJP6RZcyq4WkuAAVtkbMZTnYfBFDl (բեռնման օրը՝ 11.11.2024).
(16) Georgia’s new alliance leader Nika Gvaramia reveals plans: who will join his team and allies?, 22.02.2024,https://jam-news.net/georgias-new-alliance-leader-nika-gvaramia-reveals-plans-who-will-join-his-team-and-allies/ (բեռնման օրը՝ 26.09.2024).
(17) შალვა პაპუაშვილი – პარლამენტი შეიკრიბება და 76 ხმით 150 დეპუტატის უფლებამოსილებას ცნობს! ოპოზიციონერი დეპუტატები ადრე თუ გვიან პარლამენტში შემოლაგდებიან და ხელფასებსაც აიღებენ!, 28.10.2024, https://www.interpressnews.ge/ka/article/818323-shalva-papuashvili-parlamenti-sheikribeba-da-76-xmit-150-deputatis-uplebamosilebas-cnobs-opozicioneri-deputatebi-adre-tu-gvian-parlamentshi-shemolagdebian-da-xelpasebsac-aigeben/ (բեռնման օրը՝ 11.11.2024).
(18) CONSTITUTION OF GEORGIA, 24.08.1995, https://matsne.gov.ge/en/document/view/30346?publication=36 (բեռնման օրը՝ 11.11.2024).
(19) Georgia – Parliamentary Elections, 26 October 2024 STATEMENT OF PRELIMINARY FINDINGS AND CONCLUSIONS PRELIMINARY CONCLUSIONS, 26.10.2024 https://www.osce.org/files/f/documents/3/0/579346.pdf (բեռնման օրը՝ 11.11.2024).
(20) Georgia, Parliamentary Elections, 26 October 2024, 26.10.2024, https://www.youtube.com/watch?v=RL1zWuebH3c&t=1s (բեռնման օրը՝ 11.11.2024).
(21) US joins calls for investigation of reports of election related violations in Georgia, 28.10.2024, https://www.reuters.com/world/us-joins-calls-investigation-reports-election-related-violations-georgia-2024-10-28/ (բեռնման օրը՝ 11.11.2024).
(22) Statement from President Joe Biden on Democratic Backsliding in the Country of Georgia, 29.10.2024, https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2024/10/29/statement-from-president-joe-biden-on-democratic-backsliding-in-the-country-of-georgia/ (բեռնման օրը՝ 11.11.2024).
(23) სახ.დეპში ამბობენ, რომ საქართველოში არჩევნების გამოძიების საკითხზე EU-სთან კონსულტაციები აქვთ, 30.10.2024 https://formulanews.ge/News/119401 (բեռնման օրը՝ 11.11.2024).
(24) Congratulations to President Donald Trump on His decisive victory in the election, 06.11.2024, https://x.com/PM_Kobakhidze/status/1854076462778949814?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1854076462778949814%7Ctwgr%5E54a2edd042225976a0e996050984b043fba8c385%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fagenda.ge%2Fen%2Fnews%2F2024%2F41458 (բեռնման օրը՝ 11.11.2024).
(25) მამუკა მდინარაძე: გვიხარია, რომ აშშ-შიც მშვიდობა და ტრადიციული ფასეულობები იმარჯვებს, 06.11.2024, https://www.radiotavisupleba.ge/a/33189895.html (բեռնման օրը՝ 11.11.2024).
(26) EU-ის 13 ქვეყნის მინისტრები: მოვითხოვთ საჩივრების მიუკერძოებელ გამოძიებას, 28.10.2024, https://formulanews.ge/News/119285 (բեռնման օրը՝ 11.11.2024).
(27) Following the parliamentary elections in Georgia, I intend to put Georgia on the agenda of the informal #EUCO in Budapest, 27.10.2024, https://x.com/CharlesMichel/status/1850575679248593036 (բեռնման օրը՝11.11.2024).
(28) ურსულა ფონ დერ ლაიენი – ქართველები უნდა იყვნენ საკუთარი ბედის შემოქმედნი, 28․10․2024, https://1tv.ge/news/ursula-fon-der-laieni-bevri-welia-saqartvelos-mosakhleoba-ibrdzvis-demokratiistvis-mat-aqvt-ufleba-nakhon-rom-darghvevebis-gamodzieba-khdeba-swrafad-gamchvirvaled-da-damoukideblad/ (բեռնման օրը՝ 11.11.2024).
(29) Georgia: Statement by the High Representative Josep Borrell on the latest developments following the Parliamentary elections, 29.10.2024, https://www.eeas.europa.eu/eeas/georgia-statement-high-representative-josep-borrell-latest-developments-following-parliamentaryen (բեռնման օրը՝ 11.11.2024).
(30) Joint Statement, ON INTERNATIONAL INQUIRY COMMISSION TO INVESTIGATE IRREGULARITIES OF ELECTIONS IN GEORGIA, 06.11.2024, https://civil.ge/wp-content/uploads/2024/11/JointStatementGEO6November2024.pdf (բեռնման օրը՝ 11.11.2024).
(31) Macron, Scholz, Tusk: concerned over situation in Georgia, 07.11.2024, https://www.reuters.com/world/europe/macron-scholz-tusk-concerned-over-situation-georgia-2024-11-07/ (բեռնման օրը՝ 11.11.2024).
(32) COMMISSION STAFF WORKING DOCUMENT Georgia 2024 Report, 30.10.2024, https://neighbourhood-enlargement.ec.europa.eu/document/download/7b6ed47c-ecde-41a2-99ea-41683dc2d1bd_en?filename=Georgia+ Report+2024.pdf&fbclid=IwY2xjawGPKuBleHRuA2FlbQIxMAABHc50VnUc12Ol2R1djBbgeZmWGR7sUPU_PZI-U01ofyHFRAmLWX8R2wfANw_aem_MExhq45pHN9M96Z4XZ9bSQ (բեռնման օրը՝ 11.11.2024).
(33) Россия не будет уходить от контактов с властями Грузии, заявил Лавров, 28.10.2024, https://ria.ru/20241028/lavrov-1980499636.html (բեռնման օրը՝ 11.11.2024).
(34) Интервью Министра иностранных дел Российской Федерации С. В. Лаврова МИА «Россия сегодня», Москва, 5 ноября 2024 года, 05.11.2024, https://mid.ru/ru/foreign_policy/news/1979380/?fbclid=IwY2xjawGW-t5leHRuA2FlbQIxMAABHbGl71Ve3cVpaiuvmyjNKNLzpwqTDeIscWzjqxQvKR0rY1AJvjMOLc9og_aem_dQQ8T3dop SVEhWNQsXHP2w (բեռնման օրը՝ 11.11.2024).
(35) Canada plans to review relations with the Georgian government, 29.10.2024, https://www.interpressnews.ge/en/article/134413-canada-plans-to-review-relations-with-the-georgian-government/ (բեռնման օրը՝ 11.11.2024).
(36) The Government Stops Cooperation with Georgia, 28.10.2024, https://swedenherald.com/article/the-government-stops-cooperation-with-georgia?fbclid=IwY2xjawGMzMdleHRuA2FlbQIxMQABHf2xYxQsrmcJWmuMLDPONAdQPgYbY5bvjIrJPcceUoTlazVhnLt6cbl1-Q_aem_ZcDdRxbdBx88hdi_nQc43w (բեռնման օրը՝ 11.11.2024).
(37) «უკრაინის საგარეო საქმეთა სამინისტროს კომენტარი საქართველოში საპარლამენტო არჩევნების შედეგებთან დაკავშირებით», 31.10.2024, https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0VdLWat4y CpxjEwE9EgQJAbvQsMphob4TLQdd5TQMjcNaGgfRCTeFVgQjM1ERHgccl&id=100068681860471&rdid=lfJOpeCPxSmnjGJe (բեռնման օրը՝ 11.11.2024).