Սեղմագիր
Վերջին տարիներին Արևմուտք–Ռուսաստանի Դաշնություն հակամարտության խորացումը դրսևորվում է նաև այդ հակամարտության աշխարհագրության մեծացմամբ։ Մասնավորապես` 2022 թ. ռուս-ուկրաինական պատերազմի սկսելուց հետո հետզհետե ավելի է մեծանում նաև նշված հակամարտությունում Հարավային Կովկասի ներառման հավանականությունը։ Սույն խնդիրը և հավանական զարգացումները, այդ թվում՝ ՀՀ շահերին սպառնացող հնարավոր վտանգները հասկանալու տեսանկյունից փորձ է արվել դիտարկել տարածաշրջանում հետաքրքրություններ և շահեր ունեցող բոլոր արտաքին դերակատարների քայլերը և այդ դերակատարների միջև հարաբերությունների հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի վրա։
ЮЖНЫЙ КАВКАЗ В КОНТЕКСТЕ ПРОТИВОСТОЯНИЯ РОССИИ И ЗАПАДА
Ованнисян Т. Г.
Аннотация
В последние годы углубление конфронтации между Западом и Россией также проявилось в расширении географии этого конфликта. В частности, после начала войны между Украиной и Россией в 2022 году также постепенно возрастает вероятность дальнейшего вовлечения Южного Кавказа в географию этого противостояния.
Принимая во внимание вышеизложенное, а также высокую вероятность возможных рисков для Армении, в статье анализируются шаги, предпринятые международными игроками, имеющими интересы и влияние на Южном Кавказе, и возможное влияние их нынешних отношений на регион.
THE SOUTH CAUCASUS IN THE CONTEXT OF THE CONFRONTATION BETWEEN RUSSIA AND THE WEST
Hovhannisyan T. H.
In recent years, the deepening confrontation between the West and Russia has also manifested itself in the expansion of the geography of this conflict. In particular, after the start of the war between Ukraine and Russia in 2022, the probability of further involvement of the South Caucasus in the geography of this confrontation is also gradually increasing.
Taking into account the above, as well as the high probability of possible risks for Armenia, the article analyzes the steps taken by international actors with interests and influence in the South Caucasus, and the possible impact of their current relations on the Region.
Տարոն Հ. Հովհաննիսյան(1)
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ
ՌԴ–ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ(2)
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը, ինչպես նաև առկա բնական ռեսուրսները՝ տարածաշրջանի նկատմամբ միջազգային տարբեր դերակատարներ մշտապես ունեցել են ակտիվ հետաքրքրություն։ Որոշների դեպքում նշվածին գումարվում են նաև պատմական հավակնությունները տարածաշրջանի նկատմամբ, ինչպես նաև` այլ պետությունների հետ ունեցած մրցակցությունը։ Այս առումով Հարավային Կովկասը մշտապես եղել է տարբեր դերակատարների, այդ թվում, մասնավորապես, Արևմտյան պետությունների և ՌԴ շահերի բախման կարևոր կենտրոններից մեկը։ Նշվածին գումարվում են նաև վերջին տասնամյակների ընթացքում Արևմուտքի հետ հակամարտության մեջ գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության, ինչպես նաև Արևմտյան գլխավոր դերակատար Միացյալ Նահանգների դաշնակից Թուրքիայի կենսական հետաքրքրությունները տարածաշրջանում։ Կախված նշված պետությունների հարաբերությունների բնույթից՝ վերջիններիս շահերի բախումները Հարավային Կովկասի երկրների համար կարող են ինչպես ստեղծել հնարավորություններ, այնպես էլ դառնալ լրջագույն սպառնալիքների աղբյուր։ Նշված շահերի բախման՝ Հարավային Կովկասի, մասնավորապես, մեր պարագայում` Հայաստանի և Արցախի վրա ազդեցության բնույթը ավելի լավ հասկանալու համար անհրաժեշտ է մանրամասն հետազոտել տարածաշրջանային և միջազգային բոլոր դերակատարների նպատակները, ինչպես նաև այն, թե ի՞նչ դեր ունի Հարավային Կովկասը Արևմուտք–ՌԴ հակամարտության շրջանակներում։ Նշված աշխատանքի շրջանակներում փորձ է արվել վերլուծել առկա իրադրությունը՝ կապված Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի նկատմամբ նշված դերակատարների շահերի և հետաքրքրությունների, հետապնդած նպատակների հետ։ Հայաստանի և Ադրբեջանի վրա կենտրոնացումը բխում է նրանից, որ 2020 թ. պատերազմից հետո ավելի ակտիվ են հենց այս ճակատում ընթացող իրադարձությունները և համեմատաբար ավելի պասիվ է վրացական ուղղվածությունը։
2020 թ. Արցախյան պատերազմից, և, մասնավորապես, 2022 թ. փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականությունը զգալի փոփոխություն է կրել։ Ինչպես գիտենք, մինչև 2020 թ. պատերազմը ԱՄՆ-ը և Ռուսաստանի Դաշնությունը` Ֆրանսիայի հետ համատեղ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ էին և զբաղվում էին Արցախյան հակամարտության կարգավորմամբ։ Չնայած առկա աշխարհաքաղաքական հակասություններին, կողմերի դիրքորոշումները կարգավորման հարցում հիմնականում համընկնում էին։ Նշվածը, իհարկե, չի նշանակում, որ ՌԴ և Արևմուտքի միջև Հարավային Կովկասում շահերի բախում գոյություն չուներ։ Մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վերլուծությունը հստակ ի ցույց է դնում, որ Միացյալ Նահանգների համար այս հարաբերությունները առնվազն հավասարապես կարևոր էին դիտարկվում ինչպես ՌԴ, այնպես էլ՝ Իրանի դեմ պայքարի տեսանկյունից։ Հետագայում, սակայն, սկսած 2022 թ.֊ից, արդեն ակնհայտ է, որ ԱՄՆ֊ի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ աճել է, այդ թվում՝ հենց ՌԴ-ի հետ հակամարտության համատեքստում։
Այս տեսանկյունից ամենևին պատահական չէ, որ Հայաստանի կողմից ՀՀ–Ադրբեջան սահմանային գոտում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, Երևանի և Բաքվի ներկայացուցիչների միջև ԵՄ կամ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների անցկացումը պաշտոնական հայտարարությունների մակարդակով առավելապես որպես սպառնալիք են դիտարկվում, առաջին հերթին, հենց ՌԴ կողմից։
Մեծացել է նաև Եվրամիության հետաքրքրությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ նաև ՌԴ-ի հետ հակամարտության համատեքստում։ ԵՄ պարագայում հիմնական շեշտադրումը կատարվում է էներգետիկ անվտանգության վրա։ ԵՄ-ն Ադրբեջանը դիտարկում է որպես ռուսական գազի հիմնական այլընտրանքներից մեկը։ Ադրբեջանական նավթի և գազի գործոնը մեծ կարևորություն ունի նաև տարածաշրջանային և համաշխարհային մյուս խաղացողների համար, որոնց զգալի մասը ներգրավված են նաև կասպյան ավազանի՝ Ադրբեջանին պատկանող հանքավայրերի շահագործման և նավթագազային հանածոների արտահանման աշխատանքներում։
Մյուս կողմից, 2020 թ. պատերազմից հետո զգալիորեն մեծացել է Թուրքիայի դերակատարությունը Հարավային Կովկասում։ Սույն խնդիրը դիտարկելիս չենք կարող հաշվի չառնել այն հանգամանքը, որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է և ՆԱՏՕ֊ի անդամ։ Միաժամանակ, սակայն, Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականությունը չենք կարող որակել որպես ամբողջությամբ ԱՄՆ-ի կողմից ուղղորդվող և ԱՄՆ-ի շահերից բխող։ Թուրքիան փորձում է Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների հետ իր հարաբերությունները կառուցել սեփական օրակարգին համապատասխան կամ, առնվազն, արտաքուստ նման պատկեր է առաջանում Թուրքիայի պաշտոնական հայտարարությունները և քայլերը վերլուծելու արդյունքում։
Բացի վերը նշված ադրբեջանական էներգակիրներից՝ Հարավային Կովկասը կարևոր ուղղություն է նաև Արևելք–Արևմուտք, ինչպես նաև՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղիների տեսանկյունից։ Արևելք–Արևմուտք ուղղությունը, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և ազդեցության մեծացման տեսանկյունից, մեծ կարևորություն ունի Արևմտյան պետությունների, ինչպես նաև՝ Թուրքիայի համար։ Վերը նշված խնդիրները հասկանալու համար Թուրքիայի գործոնը անչափ կարևոր է։ Մասնավորապես, կարևորագույն խնդիր է պարզելը, թե որքանո՞վ է Անկարան վարում սեփական քաղաքականությունը և, որպես դաշինքի անդամ,որքանո՞վ է նպաստում ՆԱՏՕ-ի քաղաքականության իրականացմանը։
Ակնհայտ է, որ խոշոր աշխարհաքաղաքական բախման կիզակետում հայտնվելով՝ Հայաստանը կարող է ունենալ որոշ նոր հնարավորություններ, սակայն և մեծ է հավանականությունը, որ կարող է հայտնվել մշտական ցնցումների իրավիճակում, ինչը էականորեն կարող է սրել առկա անվտանգային մարտահրավերները։
ԱՄՆ-Ի ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
ԱՄՆ-ի վերջին երկու վարչակարգերի օրոք Հարավային Կովկասի նկատմամբ ունեցած քաղաքականության վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկայիս վարչակարգի օրոք հարավկովկասյան ուղղությամբ կրկին ակտիվացում է նկատվում, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով։ Այն, որ Ջ. Բայդենի նախագահ դառնալուց հետո Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունն աճել է, հստակ երևում է նաև Դ. Թրամփի օրոք 2017 թ. և Ջ. Բայդենի օրոք 2022 թ. ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունների համեմատությունից։ 2017 թ. ռազմավարությունում Հարավային Կովկասն առհասարակ նշված չէ(3), իսկ 2022 թ. ռազմավարությունում արդեն ամրագրվում է, որ ԱՄՆ-ն «ձեռնարկելու է դիվանագիտական միջոցներ Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման համար»(4)։ Հարավային Կովկասի երկրներից առանձին հիշատակվում է նաև Վրաստանը։ Նշվում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Վրաստանի և Մոլդովայի «եվրոպական ձգտումներին»։ Թեև Թրամփի ռազմավարության համեմատ սա որոշակի փոփոխություն է, սակայն ակնհայտորեն հետընթաց է Օբամայի 2015 թ. Ռազմավարության համեմատ, որտեղ նշվում էր, որ ԱՄՆ-ը կաջակցի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ ավելի լավ աշխատանքին(5)։ Այսպիսով՝ Վրաստանի ուղղությամբ ժամանակային մեծ կտրվածքով քաղաքականության պասիվացումը նկատելի է՝ ի դեմս Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամության հարցում ակնհայտ հետնահանջի, սակայն ավելի կարճ ժամանակահատվածում նկատելի է, որ, ի տարբերություն Թրամփի, Բայդենը սկսել է կրկին ակտիվացնել արտաքին քաղաքականությունը։
2022 թ. ռազմավարությունում նաև նշվում է, որ ԱՄՆ-ը շարունակելու է համագործակցել Թուրքիայի հետ՝ ամրապնդելու վերջինիս ռազմավարական, քաղաքական, տնտեսական և համակարգային կապերն Արևմուտքի հետ(6): 2017 թ. ռազմավարությունում Թուրքիային առանձին անդրադարձ չկար։
Թուրք–ամերիկյան հարաբերությունները
ԱՄՆ–ՌԴ հակամարտության համատեքստում
Թուրք-ամերիկյան հարաբերությունների ճիշտ գնահատման համար կարևոր է հասկանալ, թե որքանով են այս պահին համընկնում կամ տարամիտվում Վաշինգտոնի և Անկարայի, մյուս կողմից, Անկարայի և Մոսկվայի մոտեցումները տարբեր հարցերում, ինչպես նաև դիտարկել նշված հարցադրումները՝
- Որքանո՞վ է Թուրքիան ինքնուրույն իր արտաքին քաղաքականությունը վարելիս, և ինչպե՞ս է դրան վերաբերում ԱՄՆ-ը,
- Որքանո՞վ են կառավարելի այս պահին Թուրքիա–ՌԴ հարաբերություններից բխող ռիսկերը ԱՄՆ-ի համար։
- Ունեցած ազդեցությունը էականորեն մեծացնելու պարագայում արդյո՞ք Թուրքիան կարող է փոխել քաղաքականությունը և վերածվել էական սպառնալիքի ՌԴ-ի համար, և ինչպե՞ս է ՌԴ-ն փորձում հակակշռել այդ հավանական սպառնալիքը։
Նախորդ դարի վերջում ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Զբիգնև Բժեզինսկին իր «Շախմատային մեծ տախտակ» աշխատությունում նշում էր, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պայքարում ԱՄՆ-ի հիմնական նպատակը թույլ չտալն է կայսրության նախկին տարածքների նկատմամբ վերահսկողության վերահաստատումը։ Ըստ նշված տեսակետի, որի հիմնավորումները բավական փաստարկված ենք համարում, այս նպատակին հասնելու համար ԱՄՆ-ն, ի թիվս այլ քայլերի, պետք է ակտիվ աշխատանք տաներ նախկին ԽՍՀՄ անդամ, ինչպես նաև խորհրդային ճամբարի այլ պետությունների հետ։ Աշխարհագրական առումով այս աշխատանքը ենթադրում է երկու հիմնական ուղղություն՝ ՌԴ արևմուտքում գտնվող եվրոպական պետությունների և հարավում գտնվող՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների հետ տարվող աշխատանքներ։ Եվրոպական մասում տարվող աշխատանքը շատ հստակ երևացել է վերջին տասնամյակների ընթացքում, այդ թվում՝ խորհրդային ճամբարի մի շարք նախկին պետությունների՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամագրելու տեսքով։ Ընթացքի մեջ է ուկրաինական կողմի հետ տարվող աշխատանքը։ Ըստ որում, գաղափարական առումով Արևմուտքը ՌԴ-ին հակադրում է ժողովրդավարությունը, ինչպես նաև՝ գրավում տնտեսական զարգացման ավելի կայուն հեռանկարներով, ինչը Արևմուտքի հետ դաշնակցությունը գրավիչ է դարձնում հենց այդ պետությունների համար։ Ինչ վերաբերում է հարավային ուղղությանը, ապա Հարավային Կովկասը ԱՄՆ-ի համար կարևորվում է նաև Իրանի հետ ունեցած հակամարտության, իսկ Կենտրոնական Ասիան՝ Չինաստանի հետ մրցակցության տեսանկյունից։ Բացի նշվածը, յուրաքանչյուր պետություն իր ունեցած աշխարհագրական դիրքով և ռեսուրսներով նաև առանձին հետաքրքրություն է ներկայացնում արևմտյան պետությունների համար։
Այսպիսով, յուրաքանչյուր ուղղություն և պետություն իր առանձին տեղն ունի այս հարաբերություններում, ինչը ժամանակի ընթացքում կարող է զգալի փոփոխությունների ենթարկվել։ ՀՀ տեսանկյունից հնարավոր ռիսկերը և հնարավորությունները գնահատելու համար կարևոր է հասկանալ, թե առաջնահերթությունների առումով Հարավային Կովկասը հատկապես ի՞նչ տեղ է զբաղեցնում այս հակամարտությունում։ 1990-ական թթ․ վերջին վերը նշված աշխատության մեջ Բժեզինսկին նշում է, որ ԱՄՆ-ի համար կարևորագույն ուղղությունը Եվրոպայի անվտանգության ապահովումն է։ Հետևաբար, ավելի առաջնահերթ է Ուկրաինայի ուղղությամբ տարվող աշխատանքը(7)։ Ուկրաինայի կարևորությունն ընդգծվում է մասնավորապես վերջին տասնամյակի ընթացքում, այդ թվում՝ 2022 թ. սկսված պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի և Արևմուտքի մյուս երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող ֆինանսական, ռազմական և քաղաքական մեծ աջակցության տեսքով։ Հաշվի առնելով ուկրաինական ուղղությամբ ՌԴ կողմից ներդրվող ռեսուրսները՝ ուկրաինական ուղղությունը կարևորագույն տեղ է զբաղեցնում նաև Կրեմլի քաղաքականության մեջ։ Փաստացի, համենայն դեպս 21-րդ դարի երրորդ տասնամյակում ևս Ուկրաինան շարունակում է մնալ Արևմուտք–ՌԴ բախման կարևորագույն կետը։ Նշվածը, սակայն, ոչ միայն չի նվազեցնում, այլ ընդհակառակը՝ ավելացնում է Հարավային Կովկասում անկայունության հնարավորությունները։
Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ Հարավային Կովկասում անկայունության խորացման պարագայում Թուրքիան ամբողջությամբ իրականացնելու է իրեն հանձնարարված ռազմական դաշնակցի դերը ընդդեմ Ռուսաստանի։ Այս պահին, սակայն, Թուրքիայի քաղաքականությունը ցույց է տալիս, որ Անկարան փորձում է հարաբերությունների իր պատկերացրած ձևաչափերը առաջ տանել՝ ձգտելով հայտնվել ավելի չեզոք դերում և այդպիսով ավելացնելով իր կշիռը բոլոր կողմերի հետ հարաբերություններում։
Առնվազն մի քանի կարևոր հարցերում ԱՄՆ-ի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում։ Ըստ «Կառնեգիի» հետազոտող Սինան Ուլգենի՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի մոտեցումները էականորեն տարբերվում են, մասնավորապես՝ ՌԴ և Չինաստանի հարցերում։ Թուրքիան Էրդողանի իշխանության օրոք առավել կարևորում է հենց բազմաբևեռ աշխարհի գոյությունը, որից ելնելով էլ Չինաստանի և ՌԴ էական թուլացումը Թուրքիայի տեսանկյունից շահավետ չի համարվում։ Չինաստանի և ՌԴ ակտիվ քաղաքականությունը Անկարայի կողմից դիտվում է իբրև բազմաբևեռ աշխարհի կայացման գործընթացի մաս(8)։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականությանը, ինչպես նաև, առհասարակ, ԱՄՆ-ի դիրքորոշմանը Թուրքիա–ՌԴ հարաբերությունների վերաբերյալ, ապա այս հարցում առկա են տարբեր մոտեցումներ։ Ըստ հայ հետազոտող Բենիամին Պողոսյանի՝ «Բայդենի վարչակարգը կարող է ատել նախագահ Էրդողանին և ցանկանալ նրա հեռացումն իշխանությունից … սակայն սա չի նշանակում, որ ԱՄՆ-ն գործելու է տարածաշրջանում (Հարավային Կովկասում – Տ.Հ.) Թուրքիայի դերի մեծացման դեմ։ …Հարավային Կովկասում ավելի մեծ թուրքական ազդեցությունը նշանակում է ավելի փոքր ռուսական ներկայություն(9)։
Սույն պնդումը Հարավային Կովկասում արտաքին դերակատարների ազդեցության բաշխման տեսանկյունից միանգամայն իրավացի է, քանի որ բոլոր խաղացողների ազդեցությունները չեն կարող լինել բացարձակ և, միաժամանակ, հավասարապես գերակշռող։ Ազդեցությունը տարածաշրջանում գոյանում է հարավկովկասյան պետությունների հետ ամեն խաղացողի ունեցած հարաբերությունների և ազդեցության հանրագումարից։ Այս առումով ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանում զգալիորեն մեծացել է Թուրքիայի ազդեցությունը և կրճատվել՝ ռուսականը։ Նմանապես, նկատվում է ռուսական ազդեցության կրճատում և թուրքական, արևմտյան ազդեցության մեծացում ժամանակային մեծ կտրվածքով (2000-ականների սկզբից մինչ օրս) Վրաստանում, թեև 2023 թ. ընթացքում արձանագրվում է ռուս-վրացական հարաբերությունների որոշակի բարելավում։ Մյուս կողմից, կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ այս գործընթացներին զուգահեռ հստակորեն նկատելի է նաև ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցում։ Էրդողանի վարչակարգը փաստացի փորձում է տարբեր խաղացողների հետ հնարավորինս հավասարահեռ հարաբերություններ հաստատել, ինչի վառ դրսևորումն է թե՛ Ուկրաինայի, թե՛ ՌԴ հետ ունեցած հարաբերությունները։
ԱՄՆ-ի տեսանկյունից կարևոր է դիտարկվում ոչ միայն վերը նշվածը առ այն, որ Թուրքիայի ազդեցության մեծացումը զուգորդվում է տարածաշրջանում ՌԴ ազդեցության փոքրացմամբ, այլ նաև այն, որ Թուրքիայի վերը նշված հավասարահեռի ձգտող քաղաքականությունը թույլ է տալիս Անկարային հանդես գալ միջնորդի դերում, ինչը այս պահին չեն կարող անել ԱՄՆ-ը և ԵՄ-ն, որոնք փաստացի ռուս-ուկրաինական հակամարտության կողմ են։ Ի լրումն նշվածի, ավելացնենք, որ, ըստ ԱՄՆ-ի Կոնգրեսի հետազոտական ծառայության կայքում 2023 թ. մայիսի 11-ին Թուրքիա–ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ հրապարակված վերլուծության՝ չնայած առկա և վերը նշված խնդիրներին՝ ուկրաինական պատերազմի ֆոնին Ուկրաինա–Ռուսաստան միջնորդական առաքելության ստանձնումը, ինչպես նաև դրան զուգահեռ Ուկրաինայի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության խորացումը էականորեն բարձրացրել է ԱՄՆ-ի համար Թուրքիայի դերը և նշանակությունը։ Նաև նշվում է, որ հավասարապես Ուկրաինայի և ՌԴ հետ լավ հարաբերությունները թույլ են տվել իրագործել ուկրաինական ցորենը Սև ծովով արտահանելու համաձայնությունը, ինչը նույնպես դրական է գնահատվում ԱՄՆ-ի և այդ երկրի նախագահի կողմից(10)։
Այսպիսով, ուկրաինական պատերազմի ընթացքում Թուրքիայի վարած քաղաքականությունը էականորեն նվազեցրել է ՌԴ–Թուրքիա համագործակցության նկատմամբ ԱՄՆ-ի դժգոհությունը։ Թուրքիայում նույնպես համոզված են, որ իրենց միջնորդական առաքելությունից ելնելով արևմտյան դաշնակիցները չեն ստիպելու ռուս-ուկրաինական հակամարտությունում բացառապես ուկրաինամետ քաղաքականություն վարել(11)։
Ռուսաստանյան մերձկրեմլյան վերլուծական շրջանակներում նույնպես հիմնականում գերակշռում է այն միտքը, որ Թուրքիայի տարածաշրջանային ակտիվությունը ավելի շատ հնարավորություն, քան սպառնալիք է Ռուսաստանի համար։ Նշված միտքը կարող է առաջին հայացքից հակասական թվալ, սակայն այստեղ կարևոր հանգամանք է այն, որ Էրդողանի ակտիվ, շատ տեղերում նաև ագրեսիվ քաղաքականությունը ռուսաստանյան դաշտում գնահատվում է ոչ թե իբրև Արևմուտքի քաղաքականությաւն շարունակություն, այլ՝ որպես «անկախ» քաղաքականություն, շատ դեպքերում նաև ուղղված Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի մոնոպոլ քաղաքականության դեմ։ Պատահական չէ «Վալդայ ակումբի» ծրագրային տնօրեն Տ. Բարդաչովի հետևյալ գնահատականը. «Որքան շատ Թուրքիան ընդգրկվի տարածաշրջանային անվտանգության հարցերում և ինքնուրույն դերակատարում ունենա դրանցում, այդքան լավ՝ Ռուսաստանի շահերի տեսանկյունից»(12)։ Ռուս-թուրքական հարաբերություններում, որը հիմնականում հենված է համատեղ շահերի իրացման և հակասությունները կառավարելի դարձնելու քաղաքականության վրա՝ կարևորագույն դեր ունեն իշխող էլիտաները։ Ռուսական կողմի կարծիքով՝ մասնավորապես կարևորագույն տեղ են գրավում անձամբ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի մոտեցումները համաշխարհային քաղաքականության վերաբերյալ։
Սա նույնպես կարևոր գործոն է, սակայն հարաբերությունների հիմքը, ըստ էության, տնտեսական ամուր կապերն են, որոնք կարևոր նշանակություն ունեն հավասարապես երկու երկրների համար։ Մյուս կողմից, 2015 թ. Սիրիա-Թուրքիա սահմանային հատվածում թուրքական օդանավի խոցման միջադեպը ցույց է տալիս, որ հարաբերությունները բավական փխրուն են և կարող են արագ դուրս գալ կառավարելիության դաշտից։ Ներկա իրավիճակում, սակայն, երբ Ռուսաստանը բախվել է ուկրաինական խորացող ճգնաժամին, որը ահռելի ռեսուրսներ է խլում, ինչպես նաև դրանից բխող տնտեսական խնդիրներին Արևմուտքի հետ հարաբերություններում՝ Թուրքիայի հետ համագործակցությունը ՌԴ համար կարևոր է գնահատվում։ Պատահական չէ, որ ՌԴ նախագահը դիտարկում է Թուրքիան գազային հաբի վերածելու հարցը, որի պարագայում ռուսաստանյան գազը հիմնականում կարտահանվի Թուրքիայի տարածքով։
Փաստորեն, Թուրքիայի նկատմամբ ՌԴ քաղաքականության վերլուծությունը ցույց է տալիս, որ թեև շատ տեղերում, ինչպես, օրինակ, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Թուրքիայի ազդեցության մեծացումը տեղի է ունենում ի հաշիվ ՌԴ ազդեցության փոքրացման, սակայն Մոսկվան դա դիտարկում է՝ որպես ԱՄՆ-ի և Եվրամիության ազդեցության մեծացման այլընտրանք և համարում իր համար նվազ վտանգավոր ու անհամեմատ ավելի կառավարելի։ Արևմուտքի տեսանկյունից, ինչպես նշել ենք, թուրքական ազդեցության մեծացումը նույնպես դիտարկվում է ավելի շահավետ և անհամեմատ ավելի կառավարելի, քան ռուսական ազդեցության պահպանումը կամ ուժեղացումը։ Հետևաբար, թեև առաջին հայացքից պարադոքսալ կարող է թվալ, սակայն բոլոր կողմերի դիրքորոշման վերլուծության արդյունքում միանգամայն տրամաբանական է այն թեզը, որ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում թուրքական ներգրավվածության մեծացումն այս փուլում չի հանդիպում միաժամանակ ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ՝ Ռուսաստանի կոշտ հակազդեցությանը։ Միևնույն ժամանակ հնարավոր չէ պնդել, որ Թուրքիան վարում է արևմտամետ կամ հակաարևմտյան քաղաքականություն։ Էրդողանի վարչակարգը ստեղծված իրավիճակը օգտագործում է Թուրքիայի շահերը տարածաշրջանում առաջ մղելու և արտաքին քաղաքական դաշտում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու նպատակով՝ փորձելով հարաբերությունները պահպանել բոլոր ուժային կենտրոնների հետ։
Մյուս կողմից, հաշվի առնելով Թուրքիայի հետ մոտեցումների տարբերությունները՝ ԱՄՆ-ն իր քաղաքականության ամբողջական պատվիրակում չի իրականացնում և ակտիվացնում է սեփական անմիջական ներգրավվածությունը տարածաշրջանային գործընթացներում, այդ թվում՝ տարբեր հարթակներում համագործակցելով նաև Հարավային Կովկասի պետությունների հետ, ներառյալ՝ անվտանգային ոլորտում:
Անվտանգային ոլորտում ԱՄՆ-ի հարաբերությունները
Ադրբեջանի և Հայաստանի հետ
ԱՄՆ վարչակազմերը, 2001 թ. սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո իրականացված փոփոխությամբ ամեն տարի շրջանցում են «Ազատությանն աջակցության բանաձևի» 907 ենթաբաժինը, որը վերաբերում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու արգելքին։ 907-րդ ենթաբաժնի առաջին շրջանցումը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի հրամանագրով իրականացվում է սկսած 2002 թ. հունվարի 25-ից(13)։ Որպես շրջանցման պատճառներ նշվում են.
- Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում աջակցությունը ԱՄՆ-ի ջանքերին,
- ԱՄՆ-ի զինված ուժերի կամ կոալիցիոն գործընկերների՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու օպերացիոն պատրաստականությանը աջակցելու անհրաժեշտությունը,
- Կարևորությունը Ադրբեջանի սահմանային անվտանգության տեսանկյունից։
Նշվում է, որ ենթաբաժնով սահմանված արգելքի շրջանցումը և Ադրբեջանի օգնության տրամադրումը չպետք է խաթարի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը կամ օգտագործվի ՀՀ-ի դեմ հարձակողական նպատակով։ Այսպիսով, վերջին շուրջ 20 տարվա ընթացքում Ադրբեջանը ԱՄՆ-ից ամեն տարի ստանում է զգալի ֆինանսական աջակցություն անվտանգային ոլորտի համար։ 2002–2022 թթ. Ադրբեջանը ԱՄՆ-ից ստացել է շուրջ 414 մլն, իսկ ՀՀ-ը՝ շուրջ 218 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն՝ անվտանգային ոլորտի համար։ ԱՄՆ-ի կառավարության հաշվետվողականության գրասենյակի 2022 թ. զեկույցի համաձայն՝ նշված օգնության միայն կեսն է Ադրբեջանին հատկացրել ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտը (2002–2020 թթ.՝ 201 մլն ԱՄՆ դոլար)։ 164 մլն դոլարի օգնություն տրամադրել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, ևս 108 մլն դոլար՝ ԱՄՆ-ի Էներգետիկայի դեպարտամենտը։ Նշված կառույցների տրամադրած օգնության մի մասը ևս ուղղված է եղել անվտանգային ոլորտին։ ԱՄՆ-ի պետքարտուղարության տրամադրած օգնությունը մասնավորապես ներառել է «Արտաքին ռազմական ֆինանսավորում», «Միջազգային ռազմական կրթություն և մարզումներ» ենթակետերով օգնություն։ Նշված կետերով ֆինանսավորումը պետքարտուղարության տիրույթում է, սակայն մարզումները և վերապատրաստումն իրականացնում է Պաշտպանության դեպարտամենտը։ Ադրբեջանին շուրջ 335 մլն դոլարի օգնություն տրամադրել է նաև ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը, ինչը, սակայն, չի վերաբերել անվտանգային ոլորտին։
Այսպիսով, 2002–2020 թթ. ԱՄՆ-ն Ադրբեջանին տրամադրել է շուրջ 808 մլն ԱՄՆ դոլարի օգնություն, որի գրեթե կեսը՝ անվտանգային ոլորտի համար(14)։ Ըստ Միացյալ Նահանգների կառավարության հաշվետվողականության պալատի 2022 թ. զեկույցի՝ 2002–2020 թթ. ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնության միայն որոշ մասը՝ 164 մլն դոլարի օգնությունն է իրականացվել 907-րդ ենթակետով սահմանված արգելքի շրջանցմամբ։ Ըստ որում, նշված ծավալի օգնության 58%-ն իրականացվել է Պաշտպանության դեպարտամենտի, իսկ 42%-ը՝ Պետքարտուղարության կողմից(15)։
Հայաստանին և Ադրբեջանին անվտանգային ոլորտում տրամադրվող աջակցության տարբերությունը ավելի զգալի է եղել 2018–2019 թթ.(16)։ Ադրբեջանը ստացել է շուրջ 103 մլն ԱՄՆ դոլարի, իսկ Հայաստանը՝ 11.75 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն՝ անվտանգային ոլորտի համար։ Առաջ անցնելով նշենք, որ 2020–2022 թթ. պատկերը փոխվել է. Հայաստանը ստացել է շուրջ 14.5, իսկ Ադրբեջանը՝ 1.4 մլն դոլարի օգնություն։ Վերը նշված «Security Assistance Monitor»-ը ներկայացրել է 2018–2019 թթ. ԱՄՆ-ից Ադրբեջանի ստացած օգնության բացվածքը, որը ներառում է արագընթաց մոտորանավակներ, ամենագնաց մեքենաներ, հետախուզական ռադարներ և այլ էլեկտրոնիկա, շուրջ 450 հազար հատ տակտիկական բաճկոն և այլ հանդերձանք, անձնակազմի պատրաստում, մարզումներ և այլն(17)։ Նշված օգնության մեծագույն մասը Պաշտպանության դեպարտամենտի «Բաժին 333 Գործընկերների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում տրամադրվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը (ՊՍԾ), որը բանակից հետո երկրորդ ռազմական կառույցն է, ինչպես նաև՝ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։ Մինչև 2018 թ. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պատասխանատվության ոլորտում էին՝ բացի ՀՀ-ից, Ադրբեջանի մյուս հարևան պետությունների հետ սահմանները։ Սկսած 2018 թ.-ից, սակայն, նշված կառույցի ստորաբաժանումներ տեղակայվեցին ՀՀ Տավուշի մարզի դիմաց։ 2020 թ. պատերազմի ընթացքում այս կառույցը բանակի և այլ ուժային կառույցների հետ ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի դեմ սանձազերծված պատերազմին։ Այսպիսով, չնայած 907-րդ ենթաբաժնի արգելքի շրջանցումը պետք է ուղղված չլիներ ՀՀ կամ Արցախի դեմ, իրականում, սակայն, պատերազմին ՊՍԾ մասնակցությամբ նշվածը խախտվել է, քանի որ առնվազն պատերազմին ներգրավվել են նաև ԱՄՆ-ի աջակցությամբ վերապատրաստված զինծառայողներ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից տրամադրված սպառազինության և սարքավորումների կիրառմանը ադրբեջանական բանակի կողմից, ապա, ըստ ԱՄՆ-ի կառավարության հաշվետվողականության գրասենյակի զեկույցի՝ Պաշտպանության դեպարտամենտից հերքել են նման հնարավորությունը։
Պետքարտուղարությունից հայտնել են, որ բանակցային գործընթացի վրա այն ևս չի անդրադարձել։ Սակայն, ըստ զեկույցի, ո՛չ Պետքարտուղարությունը, ո՛չ Պաշտպանության դեպարտամենտը ամբողջությամբ չեն բավարարել 907-րդ ենթակետի շրջանցման պահանջները և որևէ զեկույցում չի նշվել, թե տրամադրված օգնությունը ինչպես է ազդել ՀՀ և Ադրբեջանի միջև ռազմական բալանսի, կամ բանակցային գործընթացի վրա(18)։ Պետք է նշել, սակայն, որ ԱՄՆ-ից տրամադրվող օգնության ընդհանուր ծավալը վերջին 20 տարվա ընթացքում Ադրբեջանի ընդհանուր ռազմական ծախսերի փոքր մասն է կազմում, և հնարավոր չէ պնդում կատարել, որ այն ունեցել է էական ազդեցություն պատերազմի ելքի կանխորոշման վրա։
907-րդ ենթաբաժնի արգելքի շրջանցումը, ինչպես նշել ենք, առաջին հերթին, պայմանավորված էր սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ի կողմից՝ միջազգային ահաբեկչության դեմ ծավալված պայքարով։ Աֆղանստանում ԱՄՆ-ի և դաշնակից ուժերի սկսած ռազմագործողության ընթացքում Ադրբեջանի տարածքը ՆԱՏՕ-ի ուժերի կողմից օգտագործվել է լոգիստիկ սպասարկման նպատակով։ Սա, սակայն, ԱՄՆ-ի միակ հետարքրությունը չէ այս հարցում։ Նշվածը ավելի հստակ է երևում, եթե դիտարկենք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության ավարտից հետո Ադրբեջանին օգնության տրամադրման շարունակումը։ Այսպես, 2018 և 2019 թթ. Ադրբեջանը տոկոսային հարաբերակցությամբ ամենաշատ օգնությունն է ստացել միավոր ժամանակահատվածում։ Հիմնական օգնությունը տրամադրվել է «Գործընկերների կարողությունների զարգացման» 333-րդ բաժնով։ 2018 թ. հատկացված շուրջ 60 մլն ԱՄՆ դոլարի օգնությունից 47,5 մլն դոլարը ուղղվել է նշված ծրագրի՝ «Հարավային սահմանների անվտանգություն» ենթակետով, իսկ 11 մլն դոլարի օգնությունը՝ «Կասպից ծովի նավարկության անվտանգություն» ենթակետով։ Ադրբեջանի հարավային սահմանի անվտանգության շեշտադրումը պատահական չէ։ Մի կողմից այն բացատրվում է նրանով, որ 333-րդ կետով նախատեսվում է օգնության տրամադրում ահաբեկչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և այլ նպատակներով, իսկ Իրան–Ադրբեջան սահմանը խոշոր թմրաշրջանառության կետերից մեկն է։ Մյուս կողմից, սակայն, այն ենթադրում է նաև ռազմական հետախուզության կարողությունների ամրապնդում, զանգվածային ոչնչացման զենքերի դեմ պայքարի գործողությունների ամրապնդում, և այս տեսանկյունից կարևոր դեր է խաղում հենց ԱՄՆ-Իրան հակամարտությունը։ Նույն պատկերը նաև 2019 թ.-ի դեպքում է։ Այսպիսով, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող անվտանգային օգնության մեծագույն մասը ուղղված է եղել Իրանի հետ սահմանին Ադրբեջանի կարողությունների ամրապնդմանը։ 2018-2019 թթ. համընկնում են ԱՄՆ–Իրան հարաբերությունների սրացման հետ։ 2018 թ. Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին։ 2020–2022 թթ. ԱՄՆ-ն էականորեն կրճատել է Ադրբեջանի տրվող ռազմական օգնությունը.3 տարում արձանագրելով ընդհանուր 1,4 մլն դոլարի ծավալ։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի զինված ուժերի (բանակ, պետական սահմանապահ ծառայություն) զինծառայողների վերապատրաստմանն ու մարզումներին, ապա, ըստ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում տեղադրված Պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ զեկույցների՝ 2018–2020 թթ. ԱՄՆ-ի օժանդակության ծրագրերով վերապատրաստվել է 372 ուսանող Ադրբեջանից (Առանձին ուսանողները նշվում են միայն յուրաքանչյուր տարվա համար։ Հետևաբար, չի բացառվում, որ հաջորդ տարի/տարիներին կարող է նույն անձը ներգրավվել այլ դասընթացներում։ Ըստ այդմ՝ անհատական մասնակիցների քանակը կարող է ավելի փոքր լինել։ Նույնը վերաբերում է նաև ստորև ՀՀ մասնակիցների վերաբերյալ ընդհանուր քանակական տվյալին), հիմնականում բանակից, իսկ Հայաստանից՝ 295 ուսանող՝ նույնպես հիմնականում բանակի կազմից(19)։ Ոչ բոլոր դասընթացներն են վերաբերում անմիջապես ռազմական ոլորտին. զգալի մասը երկու դեպքում էլ անգլերեն լեզվի ուսուցումն է։ Ադրբեջանի դեպքում դասընթացները ներառում են նաև կիբեռանվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, միջազգային ռազմական իրավունքի և այլ թեմաներ։ Հայաստանի պարագայում ևս ահաբեկչության դեմ պայքարի թեմայով պատրաստումներ եղել են, ինչպես նաև՝ ռազմաբժիշկների վերապատրաստում և այլն։
Ադրբեջանի պարագայում առանձին ուշադրության է արժանի «ավիացիայի առաջնորդություն» ծրագրի շրջանակներում 2019 թ. և 2020 թ. մեկական կամ մեկ օդաչուի պատրաստման ծրագիրը։ Ըստ զեկույցների՝ 2019 թ. մեկ օդաչու ԱՄՆ-ում անցել է լեզվի դասընթաց, իսկ 2020 թ. մեկ օդաչու նշվում է՝ որպես ԱՄՆ-ի Կոլումբոսի ավիաբազայում Տ-6Ա ուսումնական ինքնաթիռով ուսումնական պարապմունքների մասնակցած։ Հավանական է, որ խոսքը նույն օդաչուի պատրաստության մասին է, սակայն կարող են նաև տարբեր լինել։ Ընդհանուր առմամբ երկու տարում օդաչուի/օդաչուների վերապատրաստման վրա ԱՄՆ-ը ծախսել է շուրջ 57 հազար ԱՄՆ դոլար(20)։ Նշված ուսումնական ինքնաթիռը օգտագործվում է օդաչուների նախնական մարզումների համար, և միայն այդ փաստն ինքնին չի կարող նշանակել նատօական արտադրության ռազմական ինքնաթիռների օդաչուի պատրաստման կուրս։ Ադրբեջանից նշված կուրսին մասնակցել է/են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Քյուրդամիրի 411-րդ ավիաբազայի զինծառայող/ներ։ 2021 թ. համար օդաչուի մարզում չի նախատեսվել։ 2022 և 2023 թթ. տվյալները դեռևս հրապարակված չեն։
2023 թ. ապրիլին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար–ՌՕՈւ-ի հրամանատարի այցի մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ վերջինս և ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալը քննարկել են ԱՄՆ-ում Ադրբեջանի ռազմական օդաչուների վերապատրաստման հարցը(21)։ Սույն հաղորդագրությունից պարզ չէ, արդյո՞ք խոսքը նախկինում մարզվող մեկ օդաչուի ծրագրի վերականգնման, թե այլ եղանակով, գուցե՝ ավելի մեծ թվով օդաչուների մարզումների ծրագիր սկսելու մասին է։ Ամերիկյան կողմի հաղորդագրությունում օդաչուների պատրաստման մասին նշված չէ։ Ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավարը նշել է Ադրբեջան-Օկլահոմա համագործակցության զարգացման մասին(22)։ Օկլահոման ԱՄՆ-ի Պետական համագործակցության ծրագրով նախատեսված Ադրբեջանի գործընկեր նահանգն է, ինչպես Կանզասը՝ ՀՀ համար։
Ադրբեջանական բանակի ակտիվ վերապատրաստում
Թուրքիայի կողմից՝ ՆԱՏՕ-ի ստանդարտներով
Վերջին տասնամյակում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները իսկապես ստանում են նատօյական չափանիշներով պատրաստություն, սակայն, մեծամասամբ, Թուրքիայի ռազմակրթական հաստատություններում։ Թուրքիայում և Ադրբեջանում տարեկան անցկացվում է միջինը մինչև 10 համատեղ և բազմակողմ զորավարժություն, որոնց ներգրավվում են երկու երկրների ռազմաօդային, ցամաքային և ռազմածովային ուժերի զինծառայողներ։ Թուրքիա–Ադրբեջան ռազմաօդային ուժերի համատեղ խոշորագույն վարժանքը ամեն տարի հաջորդաբար Թուրքիայի և Ադրբեջանի տարածքում անցկացվող «Անատոլիական արծիվ» զորավարժությունն է, որին երկու երկրների ստորաբաժանումները մասնակցում են սեփական ռազմական ավիացիայով։
Թուրքիայի հետ Ադրբեջանի ռազմական համագործակցությունը սկսել է անմիջապես Խորհրդային Միության փլուզումից հետո։ Դեռևս Արցախյան պատերազմի տարիներին՝ 1992 թ. օգոստոսի 11֊ին, ԹՀ-ն և ԱդրՀ-ն մայրաքաղաք Անկարայում ստորագրել են «Ռազմական կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը(23)։ Թուրքիայի հետ ռազմական, այդ թվում՝ ռազմակրթական համագործակցությունը, սակայն, ավելի մեծ թափով զարգանում է 2010-ական թվականներից։ Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը զուգահեռ Բաքուն սկսում է նաև սպառազինություն գնել Անկարայից։ Թուրքիայում պատրաստություն են անցնում Ադրբեջանի ԶՈւ-ի հատուկ նշանակության զորքերը, անցկացվում են դիպուկահարների պատրաստության դասընթացներ, ինչպես նաև սովորում «բնակավայրերում մարտի վարման(24)», «լեռնային վայրերում մարտի վարման» հմտություններ, ինչը կիրառեցին 2020 թ. պատերազմի ընթացքում։ Արդեն 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի նախագահը բացեիբաց հայտարարում էր, որ իր երկիրը կառուցում է «թուրքական մոդելի» բանակ(25)։ Պատերազմից հետո Ադրբեջանում հայտարարվում է նոր մոդելի հատուկ նշանակության զորամասերի՝ «Կոմանդոս» ստորաբաժանումների կազմավորման մասին, որոնց պատրաստությունն ամբողջությամբ իրականացվում է Թուրքիայում՝ թուրքական (փաստացի
ՆԱՏՕ-ի – Տ.Հ.) մոդելով(26)։
Նշվածը թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության ընդամենը փոքր մասի ամփոփումն է։ Այն շատ ավելի լայն է թե՛ ռազմակրթական, թե՛ ռազմական գնումների և արդյունաբերության ոլորտներում։ Փաստացի, այսօր Ադրբեջանի զինված ուժերի մասնագիտացված անձնակազմի, այդ թվում՝ միջին և բարձր սպայակազմի զգալի մասը կրթություն է ստացել Թուրքիայում, մարզվել թուրք հրահանգիչների կողմից։ 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունից(27) հետո ադրբեջանական բանակում աճել է Թուրքիայի ազդեցությունը։ Զուգահեռաբար վերջին տարիներին Ադրբեջանի բանակի հրամկազմից հեռացվել են այնպիսի անձինք, որոնք անցել էին խորհրդային/ռուսական ռազմական դպրոցը և համարվում էր, որ նրանք որոշակի առումով կրում են ռուսական ազդեցություն։ Նմանատիպ անձանցից են 2020 թ. ընթացքում պաշտոններից հեռացված ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետը, 4-րդ բանակային կորպուսի հրամանատարը։ Մի կողմից սա կարելի է համարել Թուրքիայի հաղթանակ և ՌԴ պարտություն, սակայն իրականում պատերազմի արդյունքները թույլ տվեցին Ռուսաստանին խաղաղապահ զորախումբ տեղակայել Արցախի տարածքում, մեծացնել իր ռազմական ներկայությունը Հայաստանում՝ գործառույթներ ստանձնելով արդեն ոչ միայն ՀՀ–Թուրքիա, այլ նաև ՀՀ–Ադրբեջան սահմանին։ Ադրբեջանում հիմնվեց ռուս֊թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոն, ինչը նույնպես համագործակցության ցուցիչ է։
Բացի ռազմական ոլորտից Թուրքիան և Ադրբեջանը սերտորեն կապված են նաև տարբեր ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերով։ Թուրքիան տարանցիկ երկիր է ադրբեջանական նավթի և գազի արտահանման համար, ինչպես նաև ադրբեջանական նավթի ու գազի սպառող։ Ադրբեջանը իր հերթին Թուրքիայի համար դեպի Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետություններ դուրս գալու ելք է։ Երկու երկրների քաղաքական կապերը ևս բավական ամուր են՝ հենվելով ինչպես էթնիկ ընդհանրությունների, այնպես էլ՝ նշված տնտեսական և ռազմական ամուր կապերի վրա։
Ադրբեջանում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ազդեցության գործիքներից մեկը նաև 2009 թ.-ին հիմնված «Թյուրքական խորհուրդն» է, որը 2021 թ. վերանվանվեց «Թյուրքական պետությունների կազմակերպություն»։ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների մի մասը, որոնք նաև նշված կառույցի անդամ են (Ղազախստան, Թուրքմենստան) նույնպես հարուստ են նավթագազային պաշարներով, ինչը նույնպես ավելացնում է այդ երկրների նկատմամբ արտաքին հետաքրքրությունը։
Նշված նավթագազային ենթակառուցվածքները մեծ կարևորություն ունեն նաև տարածաշրջանային և համաշխարհային մյուս խաղացողների, այդ թվում՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների, համար։ Բացի նավթագազային պաշարներից, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի երկրները Թուրքիայի և Արևմուտքի համար կարևոր նշանակություն ունեն՝ որպես «Արևելք-Արևմուտք» միջանցքի տարանցիկ երկիր, իսկ Իրանի և ՌԴ-ի համար՝ որպես «Հյուսիս-Հարավի» տարանցիկ ուղղություն։ «Արևելք–Արևմուտք» տարանցիկ ուղիների հարցում կարևոր տեղ է զբաղեցնում նաև Վրաստանը, որտեղով անցնում են ադրբեջանական հիմնական ենթակառուցվածքները։ Տարածաշրջանում այլ դերակատարների շահերի վերլուծության տեսանկյունից նավթագազային պաշարների և հաղորդակցության ուղիների ուսումնասիրությունը կարևորագույն տեղ է զբաղեցնում և հանգամանորեն ծանոթանալու կարիք ունի։
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ՝
ՇՐՋԱՆՑԵԼՈՎ ՌԴ ՏԱՐԱԾՔԸ
Կարևորագույն հարցերից մեկը, որն, ինչպես նշել ենք, կենտրոնացնում է տարածաշրջանում ազդեցություն և հետաքրքրություն ունեցող արտաքին դերակատարների ուշադրությունը Հարավային Կովկասի վրա՝ առկա էներգետիկ պաշարներն են։ Արևմուտքի համար նվազ կարևորություն չունի, իհարկե, նաև Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը՝ ՌԴ և ԻԻՀ շրջանցմամբ Արևելյան Ասիա–Եվրոպա ցամաքային կապն ապահովելու տեսանկյունից։ Նմանապես ՌԴ-ի համար Հարավային Կովկասը Հյուսիս-Հարավ հաղորդակցության ուղիների համակարգում տարանցիկ կարևոր օղակ է դիտարկվում։ Բոլոր դեպքերում Հարավային Կովկասի երկրներից առավել մեծ կարևորություն է հատկացվում Ադրբեջանին, քանի որ այնտեղ են գտնվում տարածաշրջանի նավթագազային հիմնական պաշարները, իսկ աշխարհագրական առումով Ադրբեջանի տարածքը ցանկացած պարագայում հայտնվում է խաչմերուկում։ Ի տարբերություն Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքը հնարավոր է շրջանցել, իսկ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման պարագայում Վրաստանի տարածքը կարող է փոխարինվել Հայաստանի տարածքով։
Անմիջապես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նորանկախ Ռուսաստանը՝ մի կողմից, և արևմտյան պետությունները՝ մյուս կողմից, սկսում են պայքարել ադրբեջանական նավթագազային պաշարների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Եթե սկզբնական հատվածում՝ Ա. Մութալիբովի իշխանության շրջանում, Ադրբեջանը ավելի հակված էր արդյունահանումը ռուսաստանյան կողմին հանձնելուն, ապա 1993 թ.՝ Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո, նժարը թեքվում է դեպի արևմտյան ընկերությունների կողմ։ Այս առումով, իհարկե, անչափ կարևոր նշանակություն ունի 1994 թ. սեպտեմբերին Ադրբեջանի և միջազգային 13 ընկերությունից ստեղծված կոնսորցիումի հետ նավթի արդյունահանման և արտահանման «Դարի պայմանագրի» ստորագրումը։ Այդ պայմանագրով նավթի արդյունահանման և արտահանման հիմնական կապալառուներ դարձան արևմտյան, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ներկայացնող(28), ընկերությունները։ Հետագայում՝ 1996 թ. ստորագրված առաջին պայմանագրով, նմանապես հիմնականում արևմտյան ընկերությունները ստացան Ադրբեջանի գազային պաշարների արդյունահանման իրավունքը(29)։ «Դարի պայմանագրի» ստորագրմանը հաջորդած շուրջ 10 տարվա ընթացքում երկու հիմնական նավթատարերի՝ Բաքու–Սուփսայի և գլխավոր նավթատարի՝ Բաքու–Թբիլիսի–Ջեյհանի կառուցումը և շահագործման հանձնումը էական փոփոխություններ մտցրեց թե՛ Ադրբեջան–Արևմուտք, Ադրբեջան–ՌԴ հարաբերություններում, և թե՛ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում։ Պայմանագրի ստորագրումը փաստացի Ադրբեջանին թույլ տվեց էականորեն նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը՝ դրան հակակշռելով Ադրբեջան–Արևմուտք հարաբերությունները։ Հաջորդ էական փոփոխությունը արդեն Ադրբեջանից գազի արդյունահանման և արտահանման ծավալների մեծացումը և «Հարավային գազային միջանցքի» կառուցումն էր։ Այսպիսով, սկսած 2006-2007 թթ. Ադրբեջանը սկսեց նավթ արտահանել դեպի Եվրոպա, իսկ արդեն 2018-2019 թթ.֊ից` նաև գազ։
Արևմուտք–Ռուսաստան հակամարտության խորացմանը զուգընթաց ավելի ամրապնդվեց Արևմուտքի կողմից Ադրբեջանի գործոնին տրվող կարևորությունը՝ ի հակակշիռ ՌԴ-ի։ Ուկրաինական պատերազմը սկսելուց առաջ՝ 2021 թ. դրությամբ, Ռուսաստանը Եվրոպային մատակարարում էր տարեկան շուրջ 180 մլրդ խորանարդ մետր գազ։ Ըստ Եվրոպական խորհրդի կայքում ներկայացված տվյալների՝ մինչև 2021 թ. առաջին կեսը Եվրամիության կողմից ներկրվող գազի շուրջ 50%-ը բաժին էր ընկնում Ռուսաստանին։ 2021 թ. ամռանից, ԵՄ-ն սկսում է կրճատել Ռուսաստանից ներկրվող գազի ծավալը՝ շուրջ մեկ տարի անց հասցնելով 20-25%-ի։ 2022 թ. նոյեմբերին արդեն Ռուսաստանին բաժին է ընկել ԵՄ ներկրվող գազի 13%-ը(30)։ Նույն ժամանակահատվածում Ադրբեջանից ներկրվող գազի ծավալը աճել է 2.4-ից 3.4%։ Եթե 2021 թ. ԵՄ-ն Ադրբեջանից ներկրել է 8.1 մլրդ խորանարդ մետր, ապա 2022 թ. ներկրվող գազի ծավալը կազմել է 11.4 մլրդ խորանարդ մետր։ 2023 թ. նախատեսվում է ներկրել 12 մլրդ խորանարդ մետր։ Ադրբեջանական գազը դեպի Եվրոպա մղվում է «Հարավային գազային միջանցքի» խողովակաշարով, որը բաղկացած է երեք մասից. «Հարավկովկասյան գազատար» (Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա), Թուրքիայի տարածքում «Տրանսանատոլիական գազատարը» (TANAP), և Թուրքիայից դեպի Իտալիա գնացող «Տրանսադրիատիկ գազատարից» (TAP)։ Դեպի ԵՄ գնացող ադրբեջանական գազատարի առավելագույն թողունակությունը տարեկան մինչև 10 մլրդ խորանարդ մետր է։ 2022 թ. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրված համաձայնությամբ թողունակությունը նախատեսվում է ավելացնել մինչև 20 մլրդ խորանարդ մետրի(31)։
Բացի ԵՄ-ից, Ադրբեջանը գազ է մատակարարում նաև Թուրքիային, ինչի համար նույնպես «Հարավային գազային միջանցքի» խողովակաշարերն են օգտագործվում։ 2023 թ. մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «SOCAR Türkiye»-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էլչին Իբադովը հայտարարել է, որ մինչ օրս Անդրանատոլիական գազատարով Ադրբեջանից ընդհանուր առմամբ մատակարարվել է մոտ 45 մլրդ խորանարդ մետր բնական գազ, որից 23,3 մլրդ խորանարդ մետրը մղվել է Եվրոպա, իսկ 21,5 մլրդ խորանարդ մետրը՝ Թուրքիա(32)։ Խոսքը գազատարի շահագործման հանձնելուց՝ 2018 թ.-ի հունիսից մինչ օրս (2023 թ․ մայիս) մատակարարված գազի ծավալի մասին է։ Ըստ Հարավային գազային միջանցքի և դրա բաղկացուցիչ մասեր Անդրանատոլիական ու Անդրադրիատիկ գազատարերի պաշտոնական կայքերի տվյալների՝ ճնշիչ կայանների ավելացման հաշվին Հարավկովկասյանի և TANAP-ի թողունակությունը հնարավոր է ավելացնել մինչև 31, իսկ դեպի Եվրոպա գնացող TAP-ի թողունակությունը՝ մինչև 20 մլրդ խորանարդ մետրի(33)։ Այսպիսով, 2022 թ. Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնությամբ նախատեսվող ծավալը այն առավելագույնն է, որը հնարավոր է առկա գազատարով մղել դեպի ԵՄ։ Նշվածը կազմում է ՌԴ-ից մինչև ուկրաինական ճգնաժամը ներկրվող գազի ծավալի ընդամենը շուրջ 10%-ը։
2023 թ. դրությամբ ևս ԵՄ-ն Ռուսաստանից ներկրում է շուրջ 3-4 անգամ ավելի շատ գազ, քան Ադրբեջանից։ Եթե դիտարկենք ԵՄ-ի կողմից ներկայացված տվյալները, ապա ռուսական գազի փոխարինումն իրականացվում է հիմնականում ԱՄՆ-ից, Կատարից և Նիգերիայից ներկրվող հեղուկ գազի, ինչպես նաև՝ Նորվեգիայից և Ալժիրից ներկրվող բնական գազի ծավալների մեծացման հաշվին։ 2022 թ.-ին՝ 2021 թ. համեմատ ԱՄՆ-ից ներկրվող հեղուկ գազի ծավալը ավելի քան կրկնապատկվել է՝ 2022 թ. հունվար–նոյեմբեր ամիսների ընթացքում կազմելով 50 մլրդ խորանարդ մետր։ Այս պահին էլ ԵՄ որդեգրած քաղաքականությունը ենթադրում է ներկրվող հեղուկ գազի ծավալների մեծացում։ Չնայած սրան, սակայն, Ադրբեջան–ԵՄ գազային հարաբերություններին ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից տրվում է շատ ավելի մեծ քաղաքական կշիռ։ Մյուս կողմից, հաշվի առնելով դեպի Թուրքիա և ԵՄ մատակարարվող գազի ծավալների ավելացումը, ինչպես նաև այն, որ Ադրբեջանում արդյունահանվող գազի պաշարները համեմատաբար սահմանափակ են, տվյալ ավելացմանը զուգահեռ, անգամ սեփական կարիքները ամբողջությամբ բավարարելու համար՝ Բաքուն սկսել է կրկին գազ ներկրել Ռուսաստանից, ինչպես նաև մինչև 1.5-2 մլրդ խորանարդ մետր գազի ներկրման համաձայնություն է ստորագրել Թուրքմենստանի հետ։
Ըստ Ադրբեջանի հրապարակած պաշտոնական տվյալների՝ 2022 թ. ընթացքում Բաքուն ներկրել է շուրջ 130,6 մլն դոլար արժողությամբ 1.016 մլրդ խորանարդ մետր գազ, որի մեծ մասը՝ 857 մլն խորանարդ մետրը՝ Թուրքմենստանից։ Եվս 93 մլն խորանարդ մետր Ադրբեջանը ներկրել է Ռուսաստանից, իսկ մոտ 66 մլն խորանարդ մետր՝ Իրանից(34)։ Նշվածը երկու անգամ մեծ է եղել 2021 թ. ներկրած գազի ծավալից և, դատելով առկա համաձայնություններից՝ դեռևս աճելու միտում ունի։ Թուրքմենստանից գազի ներկրումն իրականացվում է Իրանի տարածքով՝ եռակողմ համաձայնության հիման վրա։
Փաստորեն, Ադրբեջանը ԵՄ-ին մատակարարվող գազի ծավալի մեծացման նպատակով հետևյալ գործելաոճն է որդեգրել. Իրանից, Ռուսաստանից և Թուրքմենստանից ավելացնում է գազի ներկրումը սեփական կարիքների համար և այդպիսով սեփական պաշարներից ներքին սպառման գազի կրճատած ծավալը ուղղում դեպի Թուրքիա և Եվրոպա։ Սա գուցե Ադրբեջանին թույլ տա հասնել ԵՄ-ին մատակարարվելիք գազի ծավալի՝ ըստ համաձայնության մինչև 20 մլրդ խորանարդ մետրի ավելացմանը, սակայն, ինչպես նշել ենք, միևնույն է, այս ծավալներով Ադրբեջանը ռուսական գազի նախապատերազմյան ողջ ծավալի միայն փոքր մասը կկարողանա ապահովել։ Մյուս քննարկվող տարբերակը Կասպից ծովի հատակով խողովակաշարի կառուցման միջոցով թուրքմենական գազը դեպի Եվրոպա արտահանելն է, սակայն այս հարցում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց շուրջ այս պահին որևէ հստակ պայմանավորվածություն չկա։ Նախ պարզ չէ, թե ի՞նչ ծավալով գազ կկարողանա Թուրքմենստանը արտահանել՝ հաշվի առնելով այն, որ իր պաշարների հիմնական մասն այդ երկիրը արտահանում է Չինաստան։ Անգամ Թուրքմենստանի համաձայնության և արտահանելու կարողության պարագայում պարզ չէ, թե ո՞վ է ֆինանսավորելու գազատարի կառուցումը։ Կառուցումից հետո անհրաժեշտ կլինի կրկին ավելացնել «Հարավային գազային միջանցքի» թողունակությունը, ինչը կպահանջի հավելյալ մեծ ծավալով ֆինանսական ներդրումներ։ Բոլոր նշված հարցերն այս պահին պատասխան չունեն, և իրատեսական չէ մոտ ապագայում նման ծրագրի իրականացման մասին խոսելը։
Այսպիսով, Ադրբեջանը ստիպված է լինելու ԵՄ գազի արտահանումն ավելացնելու ընթացքում առայժմ կախված մնալ նաև Իրանի տարածքով ներկրվող գազից, ինչպես նաև՝ ավելացնել Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները։ Արդյունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Ռուսաստանը անուղղակի կերպով կշարունակի գազ արտահանել Եվրոպա, այդ թվում՝ նաև Ադրբեջանի միջոցով, թեկուզ փոքր ծավալով։ Պատահական չէ, որ 2022 թ. վերջին Ադրբեջանը և ՌԴ-ն համաձայնել են մեծացնել դեպի Ադրբեջան ռուսական գազի արտահանումը մինչև 1 մլրդ խորանարդ մետր(35)։ Կարելի է փաստել, որ առնվազն տեսանելի ապագայում Ադրբեջանի հաշվին ռուսական գազի դիվերսիֆիկացիայի եվրոպական քաղաքականությունը բավականին խնդրահարույց կողմեր ունի։ ԵՄ-ին մատակարարվող գազի ծավալը մեծացնելու նպատակով, այդ թվում՝ նաև Ռուսաստանից ներկրվող գազի ծավալների մեծացումը նշանակում է, որ առնվազն տեսանելի ապագայում Մոսկվան որոշակի ազդեցություն է ունենալու ԵՄ-ի առջև Բաքվի պարտավորությունների իրականացման հարցում։ Հետևաբար, նման պարագայում խոսք չի կարող լինել Ռուսաստանին տարածաշրջանային նավթագազային նախագծերից ամբողջությամբ դուրս թողնելու և մեկուսացնելու մասին։
Ռուսաստանից կախվածությունը ամբողջությամբ վերացնելու հավանականությունը ավելի մեծ կլինի Իրանին այս գործարքում ներգրավելու պարագայում, ինչը քաղաքական պատճառներով այս պահին իրատեսական չէ։ Իրան–Եվրոպա հարաբերությունների կարգավորման հարցում մեծ նշանակություն ունի ԱՄՆ-ի դիրքորոշումը, որն առայժմ բարենպաստ չէ։ Հետևաբար՝ Եվրոպան այս կամ այն կերպ շարունակելու է որոշակի չափով հարաբերվել ՌԴ հետ՝ վերջինիցս ուղիղ կամ միջնորդավորված ձևով ձեռք բերելով բնական գազ։ Հարցի մյուս կողմն այն է, որ սույն իրավիճակում թե՛ Եվրոպայի, թե՛ ՌԴ համար շարունակելու է աճել Ադրբեջանի և առավել շատ՝ Թուրքիայի կարևորությունը։ Այս պահին էլ «Թուրքական հոսք» գազատարով Թուրքիայի տարածքով ՌԴ-ն գազ է մատակարարում որոշ եվրոպական երկրների։ ՌԴ կողմից առաջարկվող «Թուրքիան գազային հաբի վերածելու» նախագծի իրականացման պարագայում Թուրքիայի միջոցով գազի արտահանման ծավալները կարող են ավելացվել։ Այսպիսով, էներգակիրների հարցում ևս Թուրքիան կարող է վերածվել յուրօրինակի միջնորդի Եվրոպայի և Ռուսաստանի միջև, ինչը կավելացնի Անկարայի կշիռը և, հետևաբար, տարածաշրջանային գործընթացների վրա ազդելու ունակությունը։ Հաշի առնելով նաև թուրքական տնտեսության այս պահին ունեցած խնդիրները և այն, որ 2023 թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում գազային հարցով Մոսկվան, փաստորեն, Էրդողանին լրջագույն օգնություն ցուցաբերեց(36), կարճաժամկետ հեռանկարում այս հարցը կարող է դառնալ երկու մայրաքաղաքների միջև փոխադարձ ազդեցության գործիք։ Երկարաժամկետ հեռանկարում, սակայն, Թուրքիայի տնտեսական խնդիրների կարգավորվելու, սեփական և այլ աղբյուրներից անհրաժեշտ էներգակիրների ծավալն ապահովելու դեպքում նշված հարցը կարող է հավասարակշռությունը տեսականորեն փոխել հօգուտ Թուրքիայի։ Նշվածի հավանականությունը, սակայն, այս պահին ցածր է, առավել ևս՝ Ռ. Թ. Էրդողանի վերընտրվելու պարագայում։
Նախընտրական շրջանում ՌԴ ցուցաբերած ակնհայտ աջակցությունը ներկրված գազի դիմաց առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլարի վճարման հետաձգման, քարոզչական աջակցության և այլի տեսքով, էականորեն մեծացնում են անձամբ Էրդողանի կախվածությունը ՌԴ հետ հարաբերություններից։ Մյուս կողմից, Արևմուտքի պատժամիջոցներին Թուրքիայի չմիանալը, ռուսական գազի արտահանման հարցում տարանցիկ և միջնորդ երկիր լինելը կարևորագույն գործիք են ՌԴ նկատմամբ Անկարայի ազդեցության համար։
Մյուս կարևորագույն հարցը հաղորդակցության ուղիներն են։ Ինչպես գիտենք, այսօր «Արևելք-Արևմուտք» հաղորդակցության ուղիները Հարավային Կովկասում անցնում են Վրաստանի տարածքով՝ շրջանցելով ՀՀ տարածքը։ Ադրբեջանի և Թուրքիայի վարած՝ Հայաստանի մեկուսացման քաղաքականության արդյունքում էր, որ 2005 թ. Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը սկսեցին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման նախագծի իրականացումը։ 2020 թ. նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության ստորագրումը տարածաշրջանային հաղորդակցության ուղիների մասով նոր էջ բացեց։ Եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը վերաբերում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև նախկինում գոյություն ունեցած հաղորդակցության ուղիների վերաբացմանը, առաջին հայացքից կարող էր կարգավորել ՀՀ մասնակի մեկուսացումից դուրս գալու խնդիրը, սակայն սույն հարցի վերաբերյալ կողմերից յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը, և այդ մոտեցումներն էականորեն հակասում են իրար։ 2021 թ. հունվարի 11-ին կրկին ՌԴ միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին երկրորդ Եռակողմ հայտարարությունը, որն արդեն վերաբերում էր բացառապես կոմունիկացիաների բացմանը(37)։ Սակայն 2021 թ. ընթացքում Ադրբեջանը առաջ է բերում այն թեզը, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման շրջանակներում Հայաստանը պետք է համաձայնի ՀՀ Սյունիքի մարզի հարավով անցնող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որը պետք է ունենա նույն իրավական կարգավիճակը, ինչ Հայաստանը և Արցախը իրար միացնող Լաչինի միջանցքը(38)։
Պահանջելով Լաչինի միջանցքի համանման կարգավիճակ՝ Ադրբեջանը իր մաս կազմող Նախիջևանի հետ Սյունիքի հարավով կապող ճանապարհի համար, Բաքուն փաստացի հայտարարում է, որ կամ «Զանգեզուրի միջանցքը» չպետք է վերահսկվի ՀՀ-ի կողմից, ինչպես Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանի, կամ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում վերահսկողություն հաստատելու Լաչինի միջանցքի նկատմամբ:
Այս պատճառաբանությունը օգտագործելով 2022 թ. վերջին՝ Ադրբեջանը սկսեց Լաչինի միջանցքի արգելափակման գործողությունը՝ այն ավարտին հասցնելով 2023 թ. ապրիլի վերջին՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում հսկիչ անցագրային կետի տեղադրմամբ(39)։ Ադրբեջանի այս քաղաքականությունն ամբողջությամբ հենված է ուժի և ուժի սպառնալիքի գործադրման քաղաքականության վրա և հակասում է Եռակողմ հայտարարությունների դրույթներին։ Թեև, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, սակայն Ադրբեջանի այս քայլը ՌԴ կողմից կոշտ հակազդման չի արժանանում։ ՌԴ նախագահի խոսնակ Դ. Պեսկովը մասնավորապես հայտարարում է, որ «Լաչինի ճանապարհին Ադրբեջանի կողմից ՀԱԿ-ի տեղադրումը պահանջում է ՌԴ կողմից հավելյալ միջնորդական ջանքեր»(40)։ ՌԴ ԱԳՆ-ն նույնպես ընդհանրական անդրադարձ է կատարում, չնայած նրան, որ 2023 թ․ փետրվարին ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքում ՀԱԿ-ի տեղադրում չի նախատեսվում(41)։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից արձագանքները ավելի հասցեական էին։ Մասնավորապես, Միացյալ Նահանգների անդրադարձում նշվում էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը վտանգում է խաղաղության գործընթացում վստահության հաստատումը(42)։ ԵՄ Բարձր ներկայացուցչի հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է ԵՄ կոչերին, և որ պետք է նվազեցնել լարվածությունը և խնդիրը կարգավորել երկխոսության միջոցով(43)։ Այս հայտարարությունները, սակայն, որևէ կերպ չեն ազդում իրավիճակի կարգավորման վրա, քանի որ, համենայն դեպս մինչ օրս, չեն ամրապնդվել նույնքան հստակ գործողություններով նշված դերակատարների կողմից։ Մյուս կողմից, պետք է ընդգծել, որ հստակ գործողությունների չիրականացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում.
- Վերը նշված էներգետիկ և տրանսպորտային նախագծերը Ադրբեջանի հետ,
- Թուրքիայի ներգրավվածությունը և դերը, կողմերից յուրաքանչյուրի՝ Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունները,
- Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը մշտապես կարող են հղում կատարել իրենց միջնորդ լինելու հանգամանքին և, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակվում է, նշվածով արդարացնել իրենց պասիվ կեցվածքը։
Անկարան բոլոր հարցերում ամբողջությամբ սատարում է Բաքվի դիրքորոշմանը։ Նույնը վերաբերում է թե՛ Լաչինի միջանցքին, թե՛ «Զանգեզուրի միջանցքին»։ Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի պես դիտարկում է իբրև թյուրքական աշխարհը «պատմական տարածքներով» միավորող նախագիծ։ Պատահական չէ, որ Թուրքիայի իշխանությունները բոլոր մակարդակներում Հայաստանի նկատմամբ ճնշում են գործադրում՝ համաձայնել Ադրբեջանի պահանջած միջանցքի բացմանը։ 2020 թ. պատերազմից հետո սկսված հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլում թեև թուրքական կողմից նշվում էր, որ Թուրքիան նախապայմաններ առաջ չի քաշում կարգավորման համար, սակայն իրականում նախապայմանները մշտապես առկա են եղել, ինչը բազմիցս դրսևորվել է թուրքական իշխանությունների տարբեր հայտարարություններում։ 2023 թ. մայիսի 4-ին հրապարակած հոդվածում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը բացահայտ կերպով նշում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործարքը կխթանի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը»(44)։ Աքարը հատուկ անդրադարձ է կատարում «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտությանը։ Ինչպես և Ադրբեջանի համար, Թուրքիայի համար ևս Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացումը ունի առավելապես քաղաքական և ոչ տնտեսական նշանակություն։
Տարածաշրջանային մյուս դերակատարը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, այս հարցում ունի տարբերվող մոտեցում։ «Զանգեզուրի միջանցք» ադրբեջանա-թուրքական նախագծի իրականացումը Թեհրանի կողմից դիտարկվում է իբրև սպառնալիք(45)։ Իրանը այս նախագծի իրականացման դեպքում տեսնում է Հայաստանի հետ իր սահմանի փակման վտանգ, ինչը տրանսպորտային ուղիների մասով Իրանին ամբողջական կախվածության մեջ կդնի միայն Ադրբեջանով և Թուրքիայով անցնող ուղիներից։ «Զանգեզուրի միջանցքի», Հայաստանով անցնող ուղիների մասով Իրանի դիրքորոշումը, սակայն, կարող է փոխվել, եթե հաջողվի իրականացնել «Հյուսիս–Հարավ» նախագծի շրջանակներում Ադրբեջանի տարածքով ՌԴ–Իրան երկաթուղային կապի նախագիծը։ Այս առումով կարևոր դեր կարող է խաղալ 2023 թ.մայիսի 17-ին ՌԴ և Իրանի նախագահների մասնակցությամբ՝ Իրանի տարածքում Ռեշթ֊Աստարա երկաթգծի շինարարության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը։ Նշված նախագծի ֆինանսավորման հիմնական մասը ստանձնել է Ռուսաստանը։ Ռեշթ֊Աստարա գծի կառուցելու պարագայում ամբողջական երկաթուղային կապ կհաստատվի ՌԴ և Իրանի միջև Ադրբեջանի տարածքով։ Ռուսաստանյան կողմը հայտարարել է, որ այս հարցով նաև անցկացվում են եռակողմ քննարկումներ Ադրբեջանի հետ՝ նախապատրաստելու համատեղ եռակողմ հայտարարություն(46)։ Նմանատիպ պայմանավորվածությունը տեսականորեն կարող է նվազեցնել Թեհրանի և Բաքվի միջև այս պահին առկա սուր տարաձայնությունները և ազդել նաև Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների մասով Իրանի դիրքորոշման վրա։
Հայաստանի տեսանկյունից այս հարցում հիմնական ռիսկն այն է, որ նշված նախագծի իրականացմամբ կարող է նվազել Իրան–Նախիջևան–Հայաստան երկաթգծի բացման նկատմամբ Իրանի և ՌԴ-ի հետաքրքրությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մյուս դերակատարների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի համար առավել մեծ կարևորություն ունի Հարավային Կովկասով անցնող «Արևելք–Արևմուտք» երթուղին՝ Բաքուն կարող է միջազգային դերակատարների կողմից ավելի մեծ աջակցություն ստանալ «Զանգեզուրի միջանցքի» հարցում, իսկ «Հյուսիս–Հարավի» հարցով Հայաստանը կարող է չունենալ բավարար աջակցություն։ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների շուրջ ձևավորված այս մոտեցումները իրենց հերթին տվյալ իրավիճակում ավելացնում են Բաքվի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ուժային ճնշումն ավելացնելու հնարավորությունները։ Ադրբեջանի կողմից դիտարկվող լավագույն ելքով տարբերակը հնարավորինս կարճ ժամկետում իր կողմից առաջ քաշված պահանջների իրականացմանը հասնելն է, քանի դեռ միջազգային դերակատարների դիրքորոշումները կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվել և, միևնույն ժամանակ, Ադրբեջանը ունի Թուրքիայի լիակատար աջակցությունը։ Վերը նշված դիրքորոշումները գրեթե նույնությամբ արտահայտվել են նաև եռակողմ հայտարարությունից հետո Արցախի և ՀՀ դեմ Բաքվի իրականացրած լոկալ ռազմագործողությունների ընթացքում։
ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Պատերազմից հետո փաստացի բանակցային գործընթացը ընթանում է երեք հարթակում՝ Մոսկվա, Բրյուսել և Վաշինգտոն։ Ըստ որում՝ Արևմտյան միջնորդները և Մոսկվան իրենց աշխատանքը որևէ կերպ չեն կոորդինացնում, և կողմերից յուրաքանչյուրը փորձում է հասնել իր միջնորդությամբ պայմանավորվածությունների հաստատմանն ու իրականացմանը։ Սրան զուգահեռ, թեև ոչ ֆորմալ բանակցային դաշտում, սակայն էականորեն մեծացել է նաև հակամարտությանը Թուրքիայի և Իրանի ներգրավվածությունը։
Պատերազմին նախորդած շրջանում Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ոտնձգությունների ակտերի նկատմամբ միջազգային դերակատարների արձագանքները կարող ենք դիտարկել 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի արձագանքների օրինակով։ Այսպես, ԱՄՆ-ի պետքարտուղարը Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները(47)։ Սեպտեմբերի 26-ի մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակը հայտարարում է, որ ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին իր զորքերը հետ քաշել դեպի ելման դիրքեր(48)։ Ռազմական գործողությունների ավարտից հետո՝ սեպտեմբերի 27-ին Ի. Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր և դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից(49)։ Եվրամիության և ՌԴ արձագանքները անհասցե էին՝ ուղղված երկու կողմերին(50)։ Ավելի ուշ՝ գործողությունների ավարտից հետո, 2022 թ. հոկտեմբերի 4-ին Եվրոպական խորրդարանում հարց ու պատասխանի ժամանակ ԵՄ Բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Ժ. Բորելը ընդգծում է, որ Ադրբեջանը հարձակվել է ՀՀ տարածքի վրա, նշում, որ Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի ՀՀ տարածքից(51)։ Մյուս կողմից, սակայն, ԵՄ պաշտոնյան նշում է, որ Եվրամիությունը միայն քաղաքական ազդեցության գործիքակազմի է տիրապետում և շատ բան չի կարող անել։ Ժ. Բորելը նաև ընդգծում է, որ Ադրբեջանի հետ գազային գործարքը այս միջադեպի հետ որևէ կապ չունի, և այն չի ենթադրում մարդու իրավունքների խախտում և այլն։ Իրականում, նույն գազային գործարքը կարող է դիտարկվել որպես ԵՄ կողմից հավելյալ գործիք Ադրբեջանի վրա ազդելու տեսանկյունից, սակայն Բրյուսելում այս հարցը դիտարկում են ավելի լայն համատեքստում։ Ակնհայտ է, որ Բրյուսելի համար ավելի մեծ կարևորություն ունի ՌԴ-ի հետ հակամարտությունից բխած գազային ճգնաժամը հաղթահարելը, հետևաբար ԵՄ-ն ռիսկի չի դիմելու՝ չվտանգելու որպես ռուսական գազին այլընտրանք դիտարկվող Ադրբեջանի հետ հարաբերությունները այս հարցում։
Ինչ վերաբերում է ՌԴ մոտեցմանը, ապա Մոսկվան որևէ հայտարարությամբ չի արձանագրել ՀՀ տարածքից Ադրբեջանի դուրս գալու անհրաժեշտությունը, հետևաբար՝ նաև որևէ հստակ քայլ այդ ուղղությամբ չի իրականացրել։ Չնայած Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի խախտումներին, Արցախի շրջափակմանը՝ 2023 թ. ընթացքում բանակցային գործընթացը շարունակվում է, որի շրջանակներում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպումներ են անցկացրել Վաշինգտոնի, Բրյուսելի և Մոսկվայի միջնորդությամբ։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ստեղծված իրադրության պայմաններում, երբ Ադրբեջանը ունի միանշանակորեն հայտարարություններով և գործողություններով իրեն սատարող դաշնակից՝ ի դեմս Թուրքիայի, ինչպես նաև, երբ այլ միջազգային դերակատարները որդեգրում են համեմատաբար պասիվ կամ չեզոք դիրքորոշում, իսկ Հայաստանը՝ ընդհակառակը, չունի իրեն միանշանակորեն աջակցող դաշնակից՝ Ադրբեջանի համար թերևս լավագույն իրադրությունն է ճնշումային քաղաքականության միջոցով իր պահանջների իրականացմանը հասնելու համար։
Միջազգային խաղացողների նմանատիպ դիրքորոշման պատճառների մասին սույն հոդվածում արդեն խոսվել է տարբեր տեսանկյուններից։ Այս իրավիճակում խնդրի կարգավորման հիմնական բանալին, թերևս, ուժային հավասարակշռությունն է, որը տվյալ պահին հօգուտ Ադրբեջանի է։ Հետևաբար՝ բանակցային դաշտում Հայաստանի դիրքերի ամրապնդման մասին կարելի է խոսել միայն ուժային հավասարակշռության փոփոխության պարագայում։ Հավասարակշռության վերականգնումը ենթադրում է, այդ թվում, լրջագույն բարեփոխումներ բանակի վերակազմավորման հարցում, ինչը բացառապես սեփական ուժերով բարձր արդյունավետություն չի ունենա։ Այս տեսանկյունից կարևոր է այլ, այդ թվում՝ նաև արևմտյան պետությունների հետ համագործակցության խորացումը։ Նշվածը իր հերթին հանգեցնում է ՌԴ-ի հետ հակասությունների խորացման, ինչը նշված խնդրի մյուս կողմն է։ Հետևաբար, անհրաժեշտ է սպառնալիքների և հնարավորությունների մանրամասն համեմատական ուսումնասիրություն։ Հաշվի առնելով հոդվածում նշված խնդիրները՝ կարող ենք առանձնացնել ՀՀ տեսանկյունից հետևյալ հնարավորությունները և սպառնալիքները։
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ
Միջազգային դերակատարների՝ Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրության մեծացումը դաշտ է ստեղծում համագործակցության դիվերսիֆիկացման համար։ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների խափանումը և Ֆրանսիայի միջնորդությունից հրաժարվելը, իր հերթին, հնարավորություն է ստեղծում անվտանգային ոլորտում հարաբերություններ կառուցել Փարիզի հետ, քանի որ վերջինս կաշկանդված չէ միջնորդական առաքելությամբ։
Տեսականորեն Հայաստանը նաև կարող է օգտագործել ներգրավված միջազգային դերակատարների հակասությունները՝ ժամանակ խնայելու նպատակով, սակայն դա պետք է զուգորդվի բոլոր դերակատարների հետ արդյունավետ դիվանագիտական աշխատանքով։
Անվտանգային և տնտեսության ոլորտներում համագործակցության խորացման որոշակի նոր հնարավորություններ են ստեղծվել նաև Իրանի հետ հարաբերություններում՝ հաշվի առնելով Իրան–Ադրբեջան հարաբերությունների սրումը։ Տեսականորեն, որպես հնարավորություն կարող է դիտարկվել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորումը, Ադրբեջանի հետ հաղորդակցության ուղիների բացումը, հարաբերությունների կարգավորմանն ուղղված աշխատանքները։
Մյուս կողմից, սակայն, յուրաքանչյուր նշված հարց ունի իր խնդրահարույց կողմերը։ Այսպես, օրինակ Արևմուտքի հետ ՀՀ հարաբերությունների խորացումը անվտանգային ոլորտում կարող է հանգեցնել ՌԴ կողմից սուր ռեակցիայի, այդ թվում՝ հանգեցնելով Հայաստանի դեմ ճնշումային քաղաքականության խորացման։ Մյուս կողմից, միայն ՌԴ հետ անվտանգային ոլորտում համագործակցությունը խնդրահարույց է, քանի որ ուկրաինական պատերազմի սկսելուց հետո, անգամ ցանկության դեպքում, ՌԴ-ը դժվարությամբ կկարողանա ժամանակին կատարել զենքի վաճառքի պարտավորությունները։ Բացի այդ, ոչ բոլոր անհրաժեշտ զինատեսակներն է հնարավոր ձեռք բերել Ռուսաստանից։ Մյուս կարևոր հարցն էլ նոր որակի բանակի պատրաստության հարցն է, որտեղ պետք է անպայման հաշվի առնել արևմտյան փորձը, ինչը գրեթե անհնար է՝ առանց համագործակցության պատշաճ մակարդակի։
Նմանապես խիստ ռիսկային է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Անգամ նշված պետությունների կողմից առաջ քաշված բոլոր նախապայմանների իրականացումը բավարար երաշխիք չէ հետագայում այդ երկրների կողմից նոր նախապայմաններ առաջ չքաշելու համար։ Ինչ վերաբերում է միջազգային զսպման մեխանիզմներին, ապա դրանք կարող են արդյունավետ լինել միայն բոլոր հիմնական դերակատարների ներգրավման դեպքում։ Հակառակ պարագայում՝ Ադրբեջանը կունենա ցանկացած ստանձնած միջազգային պարտավորության իրականացման հարցում մանևրելու լայն հնարավորություն։
Մյուս լրջագույն ռիսկն այն է, որ միջազգային դերակատարների բախումը կարող է հանգեցնել Հարավային Կովկասում իրադրության լարման և անվտանգային միջավայրի ապակայունացման՝ այդ թվում՝ թե՛ Արևմուտք–ՌԴ, թե՛ ԱՄՆ/Իսրայել-Իրան հակամարտության շրջանակներում։ Այսպիսով, ցանկացած պարագայում ռիսկերը առկա են և մեծապես կախված արտաքին դերակատարների քաղաքականությունից։ ՀՀ խնդիրը այս բարդ իրավիճակում հնարավոր նվազ ռիսկերով լուծումներ գտնելն է:
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Խաչիկյան Հ., Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. մաս Գ. Բահթիյար Էրսայ. 18.03.2021, https://razm.info/150627(բեռնման օրը՝ 06.05.2023)։
- Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն. 11.01.2021. ՀՀ վարչապետի պաշտոնական կայք, https://www.prime-minister.am/hy/press-release/item/2021/01/11/Nikol-Pashinyan-Moscow-meeting-Announcement/ (բեռնման օրը՝ 17.05.2023)։
- Վարձկանների մասնակցությունը Արցախյան 2-րդ պատերազմում. Թուրքիայի դերը: 07.2022, https://war.karabakhrecords.info/2021/07/09/terrorists-in-the-2nd-artsakh-war/ (բեռնման օրը՝ 06.05.2023):
- Бордачев Т., Россия на Ближнем Востоке: десять лет после «арабской весны». 03.2021. https://ru.valdaiclub.com/a/highlights/desyat-let-posle-arabskoy-vesny/ (բեռնման օրը՝ 03.05.2023).
- Глава МИД РФ: создание КПП в Лачинском коридоре не предусмотрено.02.2023. Sputnik Армения, https://ru.armeniasputnik.am/20230228/mid-rf-sozdanie-kontrolno-propusknykh-punktov-v-lachins-kom-koridore-ne-predusmotreno-56036353.html (բեռնման օրը՝ 12.05.2023).
- Заявление МИД России в связи с эскалацией напряженности между Азербайджаном и Арменией. 13.09.2022. Официальный веб сайт МИД РФ, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/1829629/ (բեռնման օրը՝ 20.05.2023).
- Песков назвал соглашения России, Азербайджана и Армении о Карабахе безальтернативными. 04.2023. государственное ИА РФ ТАСС. https://tass.ru/politika/17592299 (բեռնման օրը՝ 12.05.2023).
- Путин заявил, что участок Решт – Астара позволит наладить сообщение по маршруту Север – Юг.05.2023. ТАСС.https://tass.ru/ekonomika/17766985 (բեռնման օրը՝ 20.05.2023).
- Тагиева А., Новак: Россия увеличит поставки газа в Азербайджан. 26.12.2022. Sputnik Азербайджан. https://az.sputniknews.ru/20221226/novak-rossiya-uvelichit-postavki-gaza-v-azerbaydzhan-4500 20226.html (բեռնման օրը՝ 04.05.2023).
- Шварцман В., «Нам не нужна война на севере» Почему Турция остается единственной страной НАТО, сохраняющей отношения с Россией? 03.2023. https://lenta.ru/articles/2023/ 03/09/cagri_erhan/ (բեռնման օրը՝ 03.05.2023).
- Akar H., The Caucasus region: A unique opportunity for peace and reconciliation. 04.05.2023. https://www.trtworld.com/opinion/the-caucasus-region-a-unique-opportunity-for-peace-and-reconciliation-13081129 (բեռնման օրը՝ 19.05.2023).
- Azerbaijan’s commandos under TSK model rise as new force. 02.2022. Daily Sabah Turkish newspaper.https://www.dailysabah.com/politics/azerbaijans-commandos-under-tsk-model-rise-as-new-force/news (բեռնման օրը՝ 06.05.2023).
- Azerbaijan, US discuss training of military pilots. 04.2023. Trend news agency. https://en.trend.az/azerbaijan/politics/3734995.html (բեռնման օրը՝ 01.05.2023).
- Bureau of political-military affairs, Fiscal Years 2018 and 2019 Joint Report to Congress: Volume I, p. 58-60. Website of the U.S. Department of State. https://www.state.gov/reports/foreign-military-training-and-dod-engagement-activities-of-interest-2018-2019/ (բեռնման օրը՝ 01.05.2023).
- Bureau of political-military affairs, Fiscal Years 2019 and 2020 Joint Report to Congress: Volume I, p z. 65-66.https://www.state.gov/reports/foreign-military-training-and-dod-engagement-activities-of-interest-2019-2020/ (բեռնման օրը՝ 01.05.2023).
- Borrell J. F., Twitter. 26.04.2023. https://twitter.com/JosepBorrellF/status/165098 18982129 9917 1?s=20 (բեռնման օրը՝ 12.05.2023).
- Brzezinski Z., The Grand Chessboard: American Primacy and Its Geostrategic Imperatives. 1997. 121-122, New York CIA digital library. https://www.cia.gov/ library/ abbottabad-compound/36/36669B7894E857AC4F3445EA646BFFE1_Zbigniew_Brzezinski_-_The_Grand_ChessBoard.doc.pdf (բեռնման օրը՝ 30.04.2023).
- Checkpoint on the Lachin Corridor. 04.2023. U.S. Mission to the OSCE. https://osce.usmission.gov/checkpoint-on-the-lachin-corridor__trashed-2/ (բեռնման օրը՝ 12.05.2023).
- Davranoglu N., Coskun O., Exclusive: Turkeydefers $600 million Russian energy payment under deal-sources. 10.05.2023. https://www.reuters.com/business/energy/turkey-defers-600-mln-russian-energy-payment-sources-2023-05-10/ (բեռնման օրը՝ 17.05.2023).
- Delegation of the European Union to Armenia, Armenia/Azerbaijan: Statement by High Representative/Vice-President Josep Borell on the military escalation. 13.09.2022. https://www.eeas.europa.eu/delegations/armenia/armeniaazerbaijan-statement-high-representa tivevice-president-josep-borell_en (բեռնման օրը՝ 20.05.2023).
- Department Press Briefing – September 26, 2022. Official website of the U.S. Department of State. https://www.state.gov/briefings/department-press-briefing-september-26-2022/ (բեռնման օրը՝05.2023).
- Diversification of gas supply sources and routes, European Commissionwebsite. https://energy.ec.europa.eu/topics/energy-security/diversification-gas-supply-sources-and-routes_en (բեռնման օրը՝ 13.05.2023).
- Elchin Ibadov: ‘About 45 bcm of natural gas was supplied through TANAP’.05.2023. Report News Agency. https://report.az/en/energy/elchin-ibadov-about-45-bcm-of-natural-gas-was-supplied-through-tanap/ (բեռնման օրը՝ 13.05.2023).
- Entretien du Président Emmanuel Macron avec M. Ilham Aliev, Président de la République d’Azerbaïdjan, Élysée. 27.09.2022. https://www.elysee.fr/emmanuel-macron/ 2022/09/27/entretien-du-president-emmanuel-macron-avec-m-ilham-aliev-president-de-la-republique-dazerbaidjan (բեռնման օրը՝ 20.05.2023).
- Fiscal Years 2019 and 2020 Joint Report to Congress. Volume II-Country Training Activities, p. 3. https://www.state.gov/reports/foreign-military-training-and-dod-engagement-activities-of-interest-2019-2020/ (բեռնման օրը՝ 01.05.2023 թ.).
- Foreign Military Training in Fiscal Years 2020 and 2021, Volume I, Section III-Part III-III- Europe, p. 1. https://www.state.gov/reports/foreign-military-training-and-dod-engagement-activities-of-interest-2020-2021/ (բեռնման օրը՝ 01.05.2023).
- Foreign Military Training in Fiscal Years 2020 and 2021, Volume II (country training activities), Section I – Part III – Europe, pp. 2-3. https://www.state.gov/reports/foreign-military-training-and-dod-engagement-activities-of-interest-2020-2021/ (բեռնման օրը՝ 01.05.2023).
- General Daniel H., 13.04.2023. https://twitter.com/ChiefNGB/status/1646278146 545647616 (բեռնման օրը՝ 01.05.2023).
- Ghaemian A., Why Iran won’t tolerate closure of its ancient borders with Armenia. https://www.presstv.ir/Detail/2022/10/12/690827/Why-Iran-Wont-Tolerate-Closure-Its-Ancient-Borders-Armenia-Investigator (բեռնման օրը՝ 19.05.2023).
- Gobrewold B., Security Assistance in Focus: Azerbaijan State Border Service and State Customs Committee. July 2019. https://securityassistance.org/publications/security-assistance-in-focus-azerbaijan-state-border-service-and-state-customs-committee/ (բեռնման օրը՝04.2023).
- Ilham Aliyev was interviewed by TRT Haber TV channel.10.2020. Official website of the President of Azerbaijan. https://president.az/en/articles/view/41763 (բեռնման օրը՝ 06.05.2023).
- Infographic-Where does the EU’s gas come from? Official website of the European Council. https://www.consilium.europa.eu/en/infographics/eu-gas-supply/ (բեռնման օրը՝ 13.05.2023).
- Joint press conference with NATO Secretary General Jens Stoltenberg and the President of Azerbaijan, Ilham Aliyev. 12.2021. Official website of NATO. https://www.nato.int/cps/ru/natohq/ opinions_190 225.htm?selectedLocale=en (բեռնման օրը՝ 17.05.2023).
- National Security Strategy of the United States of America. December 2017. The U.S. National Archives and Records Administration. The White House, President Donald J. Trump. https://trumpwhitehouse.archives.gov/wp-content/uploads/2017/12/NSS-Final-12-18-2017-0905.pdf (բեռնման օրը՝ 29.04.2023).
- National Security Strategy, October 2022, p. 39. (12.10.2022). The White House, President Joe Biden. https://www.whitehouse.gov/wp-content/uploads/2022/10/Biden-Harris-Administrations-National- Security-Strategy-10.2022.pdf (բեռնման օրը՝ 29.04.2023).
- National Security Strategy, February 2015, p. 25. The U.S. National Archives and Records Administration. The White House, President Barack Obama. https://obamawhitehouse.archives.gov/sites/default/files/docs/2015_national_security_strategy_2.pdf (բեռնման օրը՝ 29.04.2023).
- National Security Strategy, October 2022, p. 39.
- Poghosyan B., US policy in the South Caucasus prior to and after the 2020 Karabakh war in the context of the evolving regional andinternational geopolitics. 2022. «Journal of Political Science: Bulletin of Yerevan University», 1 No. 3, p. 46. https://pub.ysu.am/ index.php/j-pol-sci/article/ view/8689 (բեռնման օրը՝ 30.04.2023).
- Presidential Determination on Azerbaijan. January 25, 2002, Presidential Determination. 2002-06, https://georgewbush-whitehouse.archives.gov/news/releases/2002/01/20020128-20.html (բեռնման օրը՝ 06.05.2023).
- Question Time (VPC/HR) Heightening tensions between Armenia and Azerbaijan following the recent military escalation.10.2022. Website of the European Parliament. https://www.europarl.europa.eu/doceo/document/CRE-9-2022-10-04-ITM-015_EN.html (բեռնման օրը՝20.05.2023).
- Report to the Chairman, Committee on Foreign Relations, U.S. Senate, United States Government Accountability Office. January 2022. 10-11. https://www.gao.gov/assets/gao-22-104619.pdf (բեռնման օրը՝ 30.04.2023).
- Route and Above Ground Installations, website of the TANAP project. https://www.tanap.com/en/route-above-ground-installations (բեռնման օրը՝ 12.05.2023).
- Secretary Blinken’s Call with Azerbaijani President Aliyev. 09.2022. Official website of the U.S. Department of State. https://www.state.gov/secretary-blinkens-call-with-azerbaijani-president-aliyev-6/ (բեռնման օրը՝ 20.05.2023).
- Security Sector Assistance, Total Dollar Value – Armenia, Azerbaijan, Center for International Policy, Security Assistance Monitor. https://securityassistance.org/security-sector-assistance/ (բեռնման օրը՝ 30.04.2023).
- Shah Deniz project (SD), Official website of the Southern gas corridor project, https://www.sgc.az/en/project/sd (բեռնման օրը՝05.2023).
- South Caucasus Pipeline (SCP). https://www.sgc.az/en/project/scp (բեռնման օրը՝ 12.05.2023).
- TAP’s mission and vision, website of the TAP project, https://www.tap-ag.com/about-tap/tap-mission-and-vision (բեռնման օրը՝ 12.05.2023).
- The contract of the century – a national strategy for success. BP Azerbaijan. https://www.bp.com/en_az/azerbaijan/home/who-we-are/operationsprojects/acg2/the-contract-of-the-century—a-national-strategy-for-success.html (բեռնման օրը՝ 07.05.2023).
- Ülgen, Redefining the U.S.-Turkey Relationship. 2021. p. 4, Washington,Carnegie Endowment for International Peace. https://carnegieendowment.org/files/Ulgen_US-Turkey_ final.pdf (բեռնման օրը՝ 30.04.2023).
- Zanotti J., Clayton Th., Congressional Research Service, Turkey (Türkiye): Major Issues, May 2023 Elections, and U.S. Relations, May 11, 2023,pp. 11-12. https://sgp.fas.org/ crs/mideast/R44000.pdf (բեռնման օրը՝ 01.05.2023).
- Ali Məclisin sədri Günnütdə. 04.07.2018. Naxçıvan TV. http://naxcivantv.az/index. php/news/13917-ali-m%C9%99clisin-s%C9%99dri-g%C3%BCnn%C3%BCtd%C9%99-video.html (բեռնման օրը՝ 05.2023).
- Azərbaycan ötən il qaz idxalını iki dəfə artırıb. 23.02.2023. APA լրատվական գործակալություն. https://apa.az/az/energy-and-industry/azerbaycan-oten-il-qaz-idxalini-iki-defeartirib-750193 (բեռնման օրը՝ 06.05.2023).
- Laçın dəhlizində sərhəd-buraxılış məntəqəsi qurulub. Reaksiyalar. 24.04.2023. Azadlıq Radiosu. https://www.azadliq.org/a/lachin-xankendi-yolunda-serhed-kechid-menteqesi-qurub/32375 805.html (բեռնման օրը՝ 12.05.2023).
- Türkiye Cumhuriyeti Hükümet iile Azerbaycan Cumhuriyeti Hükümeti Arasında Askerî Eğitim İşbirliği Anlaşmasının Onaylanmasının Uygun Bulunduğuna Dair Kanun. 15.04.1993. https://www.tbmm.gov.tr/tutanaklar/KANUNLAR_KARARLAR/kanuntbmmc076/kanuntbmmc076/kanuntbmmc07603903.pdf (բեռնման օրը՝ 01.05.2023).
(1) Արևելագետ, թյուրքագետ, 2017 թ. ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի մագիստրատուրան։ 2014 թ.-ից որպես թյուրքագետ աշխատել է «Ռազմինֆո» վերլուծական կայքում, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»
ՊՈԱԿ-ում։ Դասախոսում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտում։ Թուրքիայի և Ադրբեջանի արդի քաղաքականության վերաբերյալ մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 25.05.2023 թ.։
(3) National Security Strategy of the United States of America. December 2017. The U.S. National Archives and Records Administration, The White House, President Donald J. Trump, https://trumpwhitehouse.archives.gov/wp-content/uploads/2017/12/NSS-Final-12-18-20170905.pdf (բեռնման օրը՝ 29.04.2023).
(4) National Security Strategy, October 2022, p. 39. (12.10.2022). The White House, President Joe Biden, https://www.whitehouse.gov/wp-content/uploads/2022/10/Biden-Harris-Administrations-National-Security-Strategy-10.2022.pdf (բեռնման օրը՝ 29.04.2023).
(5) National Security Strategy, February 2015, p. 25, The U.S. National Archives and Records Administration, The White House, President Barack Obama, https://obamawhitehouse.archives.gov/sites/default/files/docs/2015_national_security_strategy2.pdf (բեռնման օրը՝ 29.04.2023).
(6)National Security Strategy, October 2022, p. 39.
(7) Brzezinski Z., The Grand Chessboard: American Primacy and Its Geostrategic Imperatives 1997 pp. 121-122, New York CIA digital library, https://www.cia.gov/library/abbottabad-compound/36/36669B7894E857AC4F3445EA646BFFE1_Zbigniew_Brzezinski__The_Grand_ChessBoard.doc.pdf (բեռնման օրը՝ 30.04.2023)
(8) Ülgen S., Redefining the U.S.-Turkey Relationship. 2021. p. 4, Washington, Carnegie Endowment for International Peace, https://carnegieendowment.org/files/Ulgen_US-Turkey_final.pdf (բեռնման օրը՝ 30.04.2023).
(9) Poghosyan B., US policy in the South Caucasus prior to and after the 2020 Karabakh war in the context of the evolving regional andinternational geopolitics. 2022. «Journal of Political Science: Bulletin of Yerevan University», Vol. 1 No. 3, p. 46, https://pub.ysu.am/index.php/j-pol-sci/article/view/8689 (բեռնման օրը՝ 30.04.2023)
(10) Zanotti J., Clayton Th., Congressional Research Service, Turkey (Türkiye): Major Issues, May 2023 Elections, and U.S. Relations, May 11, 2023, pp. 11-12, https://sgp.fas.org/crs/mideast/R44000.pdf (բեռնման օրը՝ 01.05.2023).
(11) Шварцман В., «Нам не нужна война на севере» Почему Турция остается единственной страной НАТО, сохраняющей отношения с Россией? 09.03.2023, https://lenta.ru/articles/2023/03/09/cagri_erhan/ (բեռնման օրը՝ 03.05.2023).
(12) Бордачев Т., Россия на Ближнем Востоке: десять лет после «арабской весны». 31.03.2021, https://ru.valdaiclub.com/a/highlights/desyat-let-posle-arabskoy-vesny/ (բեռնման օրը՝ 03.05.2023).
(13) Presidential Determination on Azerbaijan. January 25, 2002, Presidential Determination.
No 2002-06, https://georgewbush-whitehouse.archives.gov/news/releases/2002/01/20020128-20.html (բեռնման օրը՝ 06.05.2023).
(14) Report to the Chairman, Committee on Foreign Relations, U.S. Senate, United States Government Accountability Office. January 2022. p. 10-11, https://www.gao.gov/assets/gao-22-104619.pdf (բեռնման օրը՝ 30.04.2023).
(15) Ibid, p. 14.
(16) Security Sector Assistance, Total Dollar Value – Armenia, Azerbaijan, Center for International Policy, Security Assistance Monitor, https://securityassistance.org/security-sector-assistance/ (բեռնման օրը՝ 30.04.2023).
(17) Gobrewold B., Security Assistance in Focus: Azerbaijan State Border Service and State Customs Committee. July 2019, https://securityassistance.org/publications/security-assistance-in-focus-azerbaijan-state-border-service-and-state-customs-committee/ (բեռնման օրը՝ 30.04.2023).
(18) Report to the Chairman, Committee on Foreign Relations, U.S. Senate, United States Government Accountability Office. January 2022. pp. 23-25, https://www.gao.gov/assets/gao-22-104619.pdf (բեռնման օրը՝ 30.04.2023).
(19) Bureau of political-military affairs, Fiscal Years 2018 and 2019 Joint Report to Congress: Volume I, p. 58-60, website of the U.S. Department of State, https://www.state.gov/reports/foreign-military-training-and-dod-engagement-activities-of-interest-2018-2019/ (բեռնման օրը՝ 01.05.2023). Bureau of political-military affairs, Fiscal Years 2019 and 2020 Joint Report to Congress: Volume I, p. 65-66. https://www.state.gov/reports/foreign-military-training-and-dod-engagement-activities-of-interest-2019-2020/ (բեռնման օրը՝ 01.05.2023); Foreign Military Training in Fiscal Years 2020 and 2021, Volume I, Section III — Part III-III — Europe, p. 1, https://www.state.gov/reports/foreign-military-training-and-dod-engagement-activities-of-interest-2020-2021/ (բեռնման օրը՝ 01.05.2023).
(20) Fiscal Years 2019 and 2020 Joint Report to Congress: Volume II — Country Training Activities, p. 3, https://www.state.gov/reports/foreign-military-training-and-dod-engagement-activities-of-interest-2019-2020/ (բեռնման օրը՝ 01.05.2023 թ.). Foreign Military Training in Fiscal Years 2020 and 2021, Volume II (country training activities), Section I — Part III — Europe, pp. 2-3, https://www.state.gov/reports/foreign-military-training-and-dod-engagement-activities-of-interest-2020-2021/ (բեռնման օրը՝ 01.05.2023).
(21) Azerbaijan, US discuss training of military pilots. 13.04.2023. Trend news agency, https://en.trend.az/azerbaijan/politics/3734995.html (բեռնման օրը՝ 01.05.2023).
(22) General Daniel H., 13.04.2023, https://twitter.com/ChiefNGB/status/1646278146545647616 (բեռնման օրը՝ 01.05.2023).
(23) Türkiye Cumhuriyeti Hükümet iile Azerbaycan Cumhuriyeti Hükümeti Arasında Askerî Eğitim İşbirliği Anlaşmasının Onaylanmasının Uygun Bulunduğuna Dair Kanun. 15.04.1993. Թուրքիայի խորհրդարանի կայք, https://www.tbmm.gov.tr/tutanaklar/KANUNLAR_KARARLAR/kanuntbmmc076/kanuntbmmc076/kanuntbmmc07603903.pdf (բեռնման օրը՝ 01.05.2023).
(24) Ali Məclisin sədri Günnütdə. 04.07.2018. Naxçıvan TV, http://naxcivantv.az/index.php/news/13917-ali-m%C9%99clisin-s%C9%99dri-g%C3%BCnn%C3%BCtd%C9%99-video.html (բեռնման օրը՝ 01.05.2023).
(25) Ilham Aliyev was interviewed by TRT Haber TV channel. 05.10.2020. Official website of the President of Azerbaijan, https://president.az/en/articles/view/41763 (բեռնման օրը՝ 06.05.2023).
(26) Azerbaijan’s commandos under TSK model rise as new force. 09.02.2022. Daily Sabah Turkish newspaper, https://www.dailysabah.com/politics/azerbaijans-commandos-under-tsk-model-rise-as-new-force/news (բեռնման օրը՝ 06.05.2023).
(27) Այս թեմայով տես՝ Վարձկանների մասնակցությունը Արցախյան 2-րդ պատերազմում. Թուրքիայի դերը. 09.07.2022, https://war.karabakhrecords.info/2021/07/09/terrorists-in-the-2nd-artsakh-war/ (բեռնման օրը՝ 06.05.2023), Խաչիկյան Հ., Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. մաս Գ. Բահթիյար Էրսայ. 18.03.2021. https://razm.info/150627 (բեռնման օրը՝ 06.05.2023)։
(28) The contract of the century – a national strategy for success. BP Azerbaijan, https://www.bp.com/en_az/azerbaijan/home/who-we-are/operationsprojects/acg2/the-contract-of-the-century—a-national-strategy-for-success.html (բեռնման օրը՝ 07.05.2023).
(29) Shah Deniz project (SD), Official website of the Southern gas corridor project, https://www.sgc.az/en/project/sd (բեռնման օրը՝ 08.05.2023).
(30) Infographic – Where does the EU’s gas come from, Official website of the European Council, https://www.consilium.europa.eu/en/infographics/eu-gas-supply/ (բեռնման օրը՝ 13.05.2023).
(31) Diversification of gas supply sources and routes, European Commission website, https://energy.ec.europa.eu/topics/energy-security/diversification-gas-supply-sources-and-routes_en (բեռնման օրը՝ 13.05.2023).
(32) Elchin Ibadov: ‘About 45 bcm of natural gas was supplied through TANAP’.12.05.2023. Report News Agency, https://report.az/en/energy/elchin-ibadov-about-45-bcm-of-natural-gas-was-supplied-through-tanap/ (բեռնման օրը՝ 13.05.2023).
(33) Route and Above Ground Installations, website of the TANAP project, https://www.tanap.com/en/route-above-ground-installations (բեռնման օրը՝ 12.05.2023). TAP’s mission and vision, website of the TAP project, https://www.tap-ag.com/about-tap/tap-mission-and-vision (բեռնման օրը՝ 12.05.2023). South Caucasus Pipeline (SCP), https://www.sgc.az/en/project/scp (բեռնման օրը՝ 12.05.2023).
(34) Azərbaycan ötən il qaz idxalını iki dəfə artırıb. 23.02.2023. APA լրատվական գործակալություն. https://apa.az/az/energy-and-industry/azerbaycan-oten-il-qaz-idxalini-iki-defe-artirib-750193 (բեռնման օրը՝ 06.05.2023).
(35) Тагиева А., Новак: Россия увеличит поставки газа в Азербайджан. 26.12.2022. Sputnik Азербайджан, https://az.sputniknews.ru/20221226/novak-rossiya-uvelichit-postavki-gaza-v-azerbaydzhan-450020226.html (բեռնման օրը՝ 04.05.2023).
(36) Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Ռուսաստանը համաձայնել է թույլատրել Թուրքիային ներկրվող գազի դիմաց շուրջ 600 միլիոն դոլարի վճարումը հետաձգել մինչև 2024 թ.։ Մեկ այլ աղբյուր նշել է, որ ընդհանուր առմամբ Թուրքիան կարող է մինչև 4 մլրդ դոլարի վճարում էներգակիրների համար հետաձգել մինչև 2024 թ.։ Տես՝ Davranoglu N., Coskun O., Exclusive: Turkeydefers $600 million Russian energy payment under deal-sources. 10.05.2023. https://www.reuters.com/business/energy/turkey-defers-600-mln-russian-energy-payment-sources-2023-05-10/ (բեռնման օրը՝ 17.05.2023).
(37) Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն. 11.01.2021. ՀՀ վարչապետի պաշտոնական կայք, https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/01/11/Nikol-Pashinyan-Moscow-meeting-Announcement/ (բեռնման օրը՝ 17.05.2023)։
(38) Joint press conference with NATO Secretary General Jens Stoltenberg and the President of Azerbaijan, Ilham Aliyev.14.12.2021. Official website of NATO, https://www.nato.int/cps/ru/natohq/opinions_190225.htm?selectedLocale=en (բեռնման օրը՝ 17.05.2023).
(39) Laçın dəhlizində sərhəd-buraxılış məntəqəsi qurulub. Reaksiyalar. 24.04.2023. Azadlıq Radiosu, https://www.azadliq.org/a/lachin-xankendi-yolunda-serhed-kechid-menteqesi-qurub/32375805.html (բեռնման օրը՝ 12.05.2023).
(40) Песков назвал соглашения России, Азербайджана и Армении о Карабахе безальтернативными. 24.04.2023. государственное ИА РФ ТАСС, https://tass.ru/politika/17592299 (բեռնման օրը՝ 12.05.2023).
(41) Глава МИД РФ: создание КПП в Лачинском коридоре не предусмотрено. 28.02.2023. Sputnik Армения, https://ru.armeniasputnik.am/20230228/mid-rf-sozdanie-kontrolno-propusknykh-punktov-v-lachinskom-koridore-ne-predusmotreno-56036353.html (բեռնման օրը՝ 12.05.2023).
(42) Checkpoint on the Lachin Corridor. 27.04.2023. U.S. Mission to the OSCE. https://osce.usmission.gov/checkpoint-on-the-lachin-corridor__trashed-2/ (բեռնման օրը՝ 12.05.2023).
(43) Borrell J. F., Twitter. 26.04.2023, https://twitter.com/JosepBorrellF/status/1650981898212999171?s=20 (բեռնման օրը՝ 12.05.2023).
(44) Akar H., The Caucasus region: A unique opportunity for peace and reconciliation. 04.05.2023, https://www.trtworld.com/opinion/the-caucasus-region-a-unique-opportunity-for-peace-and-reconciliation-13081129 (բեռնման օրը՝ 19.05.2023).
(45) Ghaemian A., Why Iran won’t tolerate closure of its ancient borders with Armenia, https://www.presstv.ir/Detail/2022/10/12/690827/Why-Iran-Wont-Tolerate-Closure-Its-Ancient-Borders-Armenia-Investigator (բեռնման օրը՝ 19.05.2023).
(46) Путин заявил, что участок Решт – Астара позволит наладить сообщение по маршруту Север–Юг. 17.05.2023. ТАСС, https://tass.ru/ekonomika/17766985 (բեռնման օրը՝ 20.05.2023).
(47) Secretary Blinken’s Call with Azerbaijani President Aliyev. 13.09.2022. Official website of the U.S. Department of State, https://www.state.gov/secretary-blinkens-call-with-azerbaijani-president-aliyev-6/ (բեռնման օրը՝ 20.05.2023).
(48) Department Press Briefing – September 26, 2022. օfficial website of the U.S. Department of State, https://www.state.gov/briefings/department-press-briefing-september-26-2022/ (բեռնման օրը՝ 20.05.2023).
(49) Entretien du Président Emmanuel Macron avec M. Ilham Aliev, Président de la République d’Azerbaïdjan, Élysée. 27.09.2022, https://www.elysee.fr/emmanuel-macron/2022/09/27/entretien-du-president-emmanuel-macron-avec-m-ilham-aliev-president-de-la-republique-dazerbaidjanhttps://www.elysee.fr/emmanuel-macron/2022/09/27/entretien-du-president-emmanuel-macron-avec-m-ilham -aliev-president-de-la-republique-dazerbaidjan (բեռնման օրը՝ 20.05.2023).
(50) Заявление МИД России в связи с эскалацией напряженности между Азербайджаном и Арменией. 13.09.2022. Официальный веб сайт МИД РФ, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/1829629/ (բեռնման օրը՝ 20.05.2023). Delegation of the European Union to Armenia, Armenia/Azerbaijan: Statement by High Representative/Vice-President Josep Borell on the military escalation. 13.09.2022. https://www.eeas.europa.eu/delegations/armenia/armeniaazerbaijan-statement-high-representativevice-president-josep-borell_en (բեռնման օրը՝ 20.05.2023).
(51) Question Time (VPC/HR) Heightening tensions between Armenia and Azerbaijan following the recent military escalation. 04.10.2022. Website of the European Parliament. https://www.europarl.europa.eu/doceo/document/CRE-9-2022-10-04-ITM-015_EN.html (բեռնման օրը՝ 20.05.2023).