ԱՊՀ, Արևմուտք, ՀՀ, Արցախ, Սփյուռք

«Հայկական ճգնաժամի» առանձնահատկությունները ՌԴ արտաքին քաղաքականության արդի մոտեցումների համատեքստում

Սեղմագիր

Հոդվածը նվիրված է «հայկական ճգնաժամի» վերլուծությանը` ՌԴ արտաքին քաղաքականության ժամանակակից մոտեցումների մշակման համատեքստում։ «Հայկական ճգնաժամը» վերաբերում է ռուս-հայկական հարաբերությունների համապարփակ վերանայման գործընթացին՝ իր քաղաքական, տնտեսական և գաղափարական հարթություններում։ Աշխատությունը դիտարկում է նաև ռուսաստանյան աշխարհաքաղաքական մտքի կողմից Հարավային Կովկասի դերի ընկալման հիմնարար փոփոխությունները ՌԴ արտաքին քաղաքականության ռազմավարության զարգացման շրջանակներում։

СПЕЦИФИКА «АРМЯНСКОГО КРИЗИСА» В КОНТЕКСТЕ СОВРЕМЕННЫХ ПОДХОДОВ ВНЕШНЕЙ ПОЛИТИКИ РФ
Дунамалян Н. A.

Аннотация

Статья посвящена анализу «армянского кризиса» в контексте развития современных подходов российской внешней политики. Под «армянским кризисом» понимается процесс комплексного пересмотра российско-армянских отношений в их политическом, экономическом и мировоззренческом измерении. В работе также рассматриваются кардинальные изменения в восприятии российской геополитической мыслью места Южного Кавказа в рамках развития стратегии внешней политики РФ.

SPECIFICS OF THE “ARMENIAN CRISIS” IN THE CONTEXT
OF MODERN APPROACHES TO THE RUSSIAN FOREIGN POLICY
Dunamalyan N. A.

Summary

The article is devoted to the analysis of the “Armenian crisis” in the context of the development of modern approaches to the Russian foreign policy. The “Armenian crisis” refers to the process of a comprehensive review of the Russian-Armenian relations in their political, economic, and ideological dimensions. The study also examines fundamental changes in the perception of the place of the South Caucasus in the Russian geopolitical thought within the framework of the Russian foreign policy strategy development.

Դունամալյան Ն. Ա.(1)(2)

«Ճգնաժամը համակարգի տարրերի կազմի և դրա կառուցվածքի միջև հակասությունների սրման այնպիսի աստիճանն է, որը գերազանցում է հակասության կողմերից յուրաքանչյուրի հարաբերական անկախության աստիճանը, որի պատճառով կառուցվածքը վերածվում է համակարգի զարգացման արգելակի, և կառուցվածքը վերափոխելու միջոցով առաջանում է նոր որակի կտրուկ անցման հնարավորություն»(3):

Ներածություն

Քաղաքական ճգնաժամերը ուղեկցում են ցանկացած աշխարհակարգի կործանմանը, սակայն դրանց առանձնահատկությունը կախված է հարաբերությունների մակարդակից և մեկ միասնական համակարգի տարրերի միջև հակասությունների խորությունից: Բացի այդ, նախկին գլոբալ կառույցների փլուզումը սովորաբար հանգեցնում է աշխարհաքաղաքական մի քանի խնդրահարույց գոտիների բացահայտմանը, որոնց շուրջ ձևավորվում են ապագա հակասություններ։ Առաջին աշխարհամարտից առաջ Բալկանները դարձան այնպիսի գոտի, որտեղ մեծ տերությունների միջև հակասությունները հանգեցրին 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի բուլղարական, սերբական և բոսնիական ճգնաժամներին: Այդ գործընթացների ընթացքում անուղղելի վնաս հասցվեց Ռուսաստանի հեղինակությանը (այդ թվում՝ հենց ցարական իշխանությունների գործողություններով)՝ Ռուսաստանի շահերի ուղեծրում պահելով միայն Սերբիան և Չեռնոգորիան։ «Վերսալ-Վաշինգտոնյան» աշխարհակարգի կործանումն իրեն դրսևորեց անկախ պետություններ դարձած կայսրության բեկորների տարածքներում, սակայն համաշխարհային պատերազմի ժամանակ այս կամ այն կերպ ազդեց աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջանների վրա։ Երկբևեռ համակարգի փլուզումը հանգեցրեց առճակատման տեղափոխմանը, այդ թվում՝ նաև հետխորհրդային տարածք։ Աշխարհակարգի փլուզման ժամանակաշրջանում «բաժանման գծերը» դարձան այն տարածքները, որոնք կարևոր էին ինչպես տրանսպորտային հաղորդակցության, այնպես էլ առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև՝ խոշոր տերությունների միջև բուֆերային գոտիների ստեղծման տեսանկյունից: Իզուր չէ, որ Զ. Բժեզինսկին հետխորհրդային Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանները անվանեց «Եվրասիական Բալկաններ»՝ ակնարկելով այստեղ տեղի ունեցող իրադարձությունների կարևորությունը ապագա ամբողջ աշխարհակարգի համար(4)։

Եթե 1990-ական թթ. հետխորհրդային տարածքում միջպետական ճգնաժամերը կրում էին «սահմանափակ» բնույթ, այսինքն՝ վերահսկվում էին միջազգային հարաբերությունների ներկայիս կառուցվածքի շրջանակներում, ապա ներկա պայմաններում ցանկացած քաղաքական ճգնաժամ կարող է միջազգայնացման ենթարկվել։ Այսպես, ՌԴ շահերի ոլորտում մի քանի դերակատարների ներգրավումը տեղի է ունեցել ուկրաինական ճգնաժամի ժամանակ և Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո։

Շատ վերլուծաբաններ կանխատեսում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր միջազգայնացումը, սակայն, եթե Լեռնային Ղարաբաղի շուրջ 2020–2023 թթ. խոշոր տերությունների միջև փոխհամաձայնություն է ձևավորվել, ապա ՀՀ-ի շուրջ քաղաքական ճգնաժամն արդեն դառնում է մի քանի բևեռների միջև աշխարհաքաղաքական հակասությունների խտացման հանգույց։ Այս ճգնաժամը մենք անվանում ենք «հայկական», քանի որ խնդիրը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղի կամ հայ-ադրբեջանական հակամարտության, հայ-ռուսական հարաբերությունների կամ Հայաստանում ներքաղաքական կոլապսի շրջանակներից՝ այլ դերակատարների մասնակցության ֆոնին ցույց տալով հայ-ռուսական հարաբերությունների համակարգային ճգնաժամ, նախևառաջ, իրենց սոցիալ-մշակութային, աշխարհաքաղաքական ու աշխարհայացքային հարթություններում(5)։

«Հայկական ճգնաժամը»՝ որպես աշխարհայացքային խնդիր

Ռուս-հայկական հարաբերությունների ճգնաժամը կարծես թե առավել ցավալի է հայկական կողմի համար, սակայն այս գործընթացը, առաջին հերթին, Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ փոփոխությունների ցուցիչ է։ Անդրադառնալով հարաբերությունների պատմությանը, կարելի է նկատել համընկնում ռուսական կայսերական նախագծի կայացման ժամանակաշրջանի և հայության ազգային-ազատագրական շարժման գործընթացի միջև։ Ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ ժամանակահատվածը լի է եղել դրական ու ողբերգական իրադարձություններով, սակայն թե՛ Ռուսաստանի, թե՛ հայ ժողովրդի սուբյեկտայնությունը ժամանակի ընթացքում փոփոխվեց՝ իր հետքը թողնելով ընթացիկ գործընթացների վրա։ Չնայած պետականության բացակայությանը՝ հայերը կարողացան ձևավորել ինքնության էթնոմշակութային մոդելի վրա հիմնված ազգային ինքնության ամրապնդման յուրահատուկ մեխանիզմ, մինչդեռ ռուսական ինքնությունը կառուցված էր պետականության կոնկրետ ընկալման շուրջ՝ հասնելով մինչև այդ քաղաքական ինստիտուտի սակրալ կամ առանձնահատուկ առաքելության ճանաչմանը։

Ռուսաստանի կերպարը հայ ժողովրդի ընկալման մեջ ուներ խիստ առասպելականացված բնույթ, որը բխում էր միջնադարում տարածված՝ «փրկիչ-պետության» հայեցակարգը ձևավորած «ազատագրական լեգենդից»(6): Ընդ որում, «փրկչի» կերպարը տարբեր ժամանակաշրջաններում փորձարկվել է տարբեր խոշոր տերությունների կողմից, մինչև որ 18-րդ դարում այն ​​հատկացվել է Ռուսաստանին և դարձել հայերի և ռուսական ցարիզմի հարաբերությունների հիմնական սյուժեն։ Չնայած ցարական ժամանակաշրջանում հայ բնակչության հետ բազմաթիվ ճգնաժամերին և հակամարտություններին, Ռուսաստանի նկատմամբ լոյալությունը կարճ ժամանակում վերականգնվում էր: Դա պայմանավորված էր ինչպես Օսմանյան կայսրությունում հայերի դիրքով(7), այնպես էլ՝ հայ բնակչության սահմանափակ սուբյեկտայնությամբ Ռուսաստանի կայսրությունում (ՌԿ), որի շահերը փորձում էին ներկայացնել տարբեր կառույցներ՝ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու, հայազգի ռուս ազնվականության, հայ մտավորականության կամ ազգային կուսակցությունների։ Ռուսաստանի կայսրության հետ հայերի հարաբերությունների յուրաահատկությունը դուրս էր ռուսական և տարածաշրջանային վերնախավերի միջև այն ժամանակ գործող դաշինքների շրջանակից, քանի որ ռուսաստանյան և արտասահմանյան հայությունը, չունենալով որևէ կենտրոն կամ կոնկրետ ներկայացուցիչներ, իրենց հավատարմությունը ձևավորեցին «քրիստոնեական համերաշխության», «պատմական արդարության» և այլնի՝ ավելի վերացական գաղափարների հիմքի վրա, ստեղծելով ցանցային հարաբերություններ, որոնք չէին նպաստում բարձրագույն իշխանությունների հետ ավելի աստիճանակարգային հաղորդակցությանը: Հայերը շատ առումներով ենթարկվում էին վաղուց հաստատված առասպելներին և չէին ընկալում իրերի իրական վիճակը կայսրությունում, ինչը կարող էր հանգեցնել քաղաքական ուղղության փոփոխության, այդ թվում՝ հայ բնակչության նկատմամբ։

Ռուսաստանն իր հերթին հայկական գործոնն օգտագործում էր՝ որպես Օսմանյան կայսրության վրա ճնշում գործադրելու միջոց, բայց, միևնույն ժամանակ, հովանավորում էր հայկական համայնքներին՝ որպես Անդրկովկասյան ժողովուրդների ամենահավատարիմ մաս։ Դրա հետ մեկտեղ կայսերական իշխանությունները վախենում էին հայ բնակչության ներսում ազգայնական տրամադրությունների աճից, ուստի նրանց իրավունքները աստիճանաբար սահմանափակվում էին։ Չնայած դրան, հայերը հաջողությամբ ինտեգրվում էին կայսրության ողջ տարածքում՝ ներկայացնելով ոչ այնքան սեփական, որքան կայսերական պրոեկտի շահերը։ Այս իրավիճակը շատ առումներով կանխորոշեց 20-րդ դարասկզբին հայերի լոյալ վերաբերմունքը տարբեր տեսակի տարածաշրջանային ծրագրերին («Անդրկովկասյան համադաշնությունների» շրջանակներում, «դենիկինյան ուժերի» հետ, ապա՝ բոլշևիկների հետ փոխգործակցության(8)) և ձևավորեց Հայաստանի «ռուսամետության» հատուկ նարատիվ, որը տարածվեց ինչպես ներքին, այնպես էլ` արտաքին քաղաքականության մեջ։

Ռուս-հայկական հարաբերությունների տեսլականը ձևավորվել է ոչ թե պրագմատիկ հիմքի վրա, այլ, առաջին հերթին, առասպելականացված հիմքի վրա։ Սրան արժե ավելացնել, որ հայերի և կայսրության (այդ թվում՝ «խորհրդային») միջև ծագած բազմաթիվ ճգնաժամերի ընթացքում, հայերը դեռ լիարժեք սուբյեկտայնություն չունեին։ Անկախության երեսուն տարիներին զուգընթաց, չնայած սոցիալական, քաղաքական և տնտեսական բոլոր խնդիրներին, ծնվեց հայերի նոր սերունդ, որը «կայսերական արժեքների» կրողը չէր։ Ռուս-հայկական ինտենսիվ հարաբերությունների երեք հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ ստեղծվեց այսպիսի իրավիճակ։

Ռուս-հայկական ճգնաժամերի քաղաքական չափման համատեքստում որոշակի ցիկլայնությամբ կրկնվում էր նույն սյուժեն, որն առաջանում էր Անդրկովկասյան տարածաշրջանից Ռուսաստանի դուրս գալու արդյունքում (1917 և 1991 թթ.): Եվ այս գործընթացում Հայաստանի սուբյեկտայնությունը կարևոր դեր խաղաց թե՛ որպես Ռուսաստանին սպառնացող վտանգները զսպելու ռեսուրս, թե՛ որպես Հարավային Կովկասում լիակատար վերահսկողությունը վերականգնելու խոչընդոտ։ Այսպես, Ա. Դենիկինի կամավորական բանակը հայկական գործոնն օգտագործեց Վրաստանի և Ադրբեջանի հետ հակամարտությունը զսպելու համար, իսկ 1990-ական թթ. Ռուսաստանի օգնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում նպաստեց Հյուսիսային Կովկասում իրավիճակի վերահսկողության պահպանմանը։ Իրավիճակի պարադոքսն այն էր, որ Հայաստանի բնակչությունը բոլոր դեպքերում հավատարիմ էր մնում Ռուսաստանին, ինչը մեղմացնում էր հայ բնակչության համար ողբերգական հետևանքներ ունեցող իրադարձությունների ազդեցությունը (օգնություն Ք. Աթաթուրքին ընդդեմ դաշնակցական Հայաստանի, Գ. Նժդեհի պայքարը բոլշևիկների դեմ, խորհրդային զորքերի մուտքը Երևան, «Օղակ» օպերացիան և այլն)։

Հայաստանի շուրջ զարգացած արդի գործընթացները կարող են հիշեցնել 20-րդ դարի իրադարձությունները, սակայն ինչպես ռուսների, այնպես էլ հայերի աշխարհայացքը զգալի ձևափոխման ենթարկվեց։ Ռուսաստանի ղեկավարությունը Վրաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները բնութագրում է որպես «պրագմատիկ» և «փոխշահավետ», իսկ Ռուսաստանի ազդեցության տարածումը Մերձավոր Արևելքում (Սիրիայում ռազմակայանի միջոցով) և աֆրիկյան երկրներում նվազեցնում է Հայաստանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ կարևորությունը, քանի որ ՌԴ ազդեցության դաշտը ներկայումս ենթադրում է հետխորհրդային տարածքից ավելի լայն գոտի։ Բացի այդ, միջազգային հարաբերությունների նոր համակարգի կառուցման ավելի գլոբալ մոտեցումը հետին պլան է մղում տարածաշրջանային կամ միջպետական հեռանկարը: Հայաստանում նկատվում է նաև տեկտոնական տեղաշարժ Արցախի կորստով հրահրված քաղաքական նոր ինքնության որոնման շրջանակներում, ինչն, առաջին հերթին, հանգեցնում է «թուրքերի» հետ դարավոր թշնամանքի առասպելի վերաիմաստավորմանը, և երկրորդ, դա նպաստում է բացասական «հակակայսերական» ինքնության ձևավորմանը՝ չնայած այն հանգամանքին, որ «հետգաղութային համախտանիշը» Հայաստանում պահանջված չէր անկախության ողջ ընթացքում։

Ինքնության ազդեցությունը արտաքին քաղաքականության վրա. «ազգայնականությունն» ընդդեմ «կայսրության»

Ժամանակակից Ռուսաստանը՝ Ռուսական կայսրության կամ Խորհրդային Միության հետ իր շարունակականությամբ հանդերձ, նոր պետություն է՝ քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտում որակապես նոր հաստատութենական համակարգով։ Փոխվել է նաև ՌԴ ղեկավարության սեփական արտաքին քաղաքականության ընկալումը։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ձևավորման մեջ ամենակարևոր դերը խաղաց սեփական ինքնության ընկալման փոխակերպման գործընթացը, որը նեղացրեց ըմբռնումը «կայսերականից» դեպի «ազգային» մոդելի։ ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսական ազգայնականության գաղափարներն իր տարատեսակությամբ (չափավոր պահպանողականից մինչև ծայրահեղ աջ գաղափարներ, որոնք հաճախ կարող էին ներկայացնել նույն մարդիկ, բայց տարբեր ժամանակաշրջաններում) ավելի հայտնի դարձան ծայրամասերի տարանջատման և ռուս մեծամասնության համար սեփական ազգային առասպելաբանության կառուցման ֆոնին։ Այս համատեքստում կարևոր դեր խաղաց ուշ կայսերական ժամանակաշրջանի փիլիսոփաների և մտածողների գաղափարների վերածնունդը։ Հայտնի սլավոնասերների, «սևհարյուրականների», փիլիսոփաներ Ի. Իլյինի, Ն. Բերդյաևի, Ն. Տրուբեցկոյի, իսկ ավելի ուշ՝ Ա. Սոլժենիցինի, Վ. Ցիմբուրսկու և Ա. Դուգինի մտքերը դարձան ժամանակակից Ռուսաստանի իշխանության, քաղաքական համակարգի և արտաքին քաղաքականության լեգիտիմացման գաղափարների հիմք։

Հատկանշական է, որ որոշ փորձագետներ ԽՍՀՄ փլուզումն ընկալեցին որպես ռուսաստանյան (լայն իմաստով) տարածությունը ազգային հիմքի վրա համախմբելու աշխարհաքաղաքական շանս, քանի որ ժամանակակից Ռուսաստանի համար կայսերական և ազգային մոդելների միջև «մնալու» բոլոր ռիսկերով հանդերձ ստեղծվում էր հնարավորություն ձևավորել մակրոքաղաքական ինքնության համար ավելի կայուն դիրքորոշում(9)։ Այս ընկալումը կարծես դարձավ «ընդհանուր» գաղափարախոսություն՝ ռուսական պետության ձևավորման ողջ պատմական փորձը հարմարեցնելով միօրինակ, շատ դեպքերում հակասական, «ազգային-կայսերական» չափանիշներին(10), որտեղ ինքնավարության գաղափարները կարող էին գոյակցել ստալինիզմի իդեալականացման հետ, իսկ Սպիտակ գվարդիայի շարժման առաջնորդները կարող էին հավասար լինել Կարմիր բանակի հերոսների հետ:

Նման խառնաշփոթը չի ընկալվում որպես այդպիսին՝ ժամանակակից ռուսական քաղաքական առասպելաբանության կառուցման համար սյուժեների գիտակցված ընտրության պատճառով։ Մեզ համար այս համատեքստում հետաքրքիր է այդ երկու սկզբունքներից («ազգայինի» և «կայսերականի») մեկի առաջնայնության խնդիրը, որոնք դրսևորվում էին նաև հայ քաղաքական ինքնության մեջ և անկախությունից 30 տարի անց, ի վերջո, հանգեցրեցին դրա ճգնաժամին։

Հրանտ Մաթևոսյանի լայնորեն տարածված մեջբերման մեջ հայ քաղաքացու՝ որպես «կայսրության քաղաքացի» ընկալումը հիմնականում ներկայացվում էր որպես հայերի կողմից սեփական պետական նախագիծ կառուցելու անկարողության վկայություն, եթե այն դուրս է «կայսերական» անցյալի ուղենիշներից(11): Մինչդեռ գրողի հիմնական միտքը վերաբերում էր հայ (աշխարհա)քաղաքական մտքի «գավառականության» խնդրին, նրա թերարժեքությանը(12)։ Նմանատիպ բովանդակություն ուներ մեկ այլ բանաձև՝ «արևելահայերը քաղաքական իմաստով ռուս են», որը մեծապես ցույց էր տալիս հայկական քաղաքական ինքնության կապվածությունը «կայսերական» անցյալի գործելակերպին(13)։ Սակայն սա էր հայկական ինքնության՝ որպես մշակութային-դավանական և կայսերական-քաղաքական ինքնաընկալման բախման տարածքի հիմնական հակասությունը, որտեղ տեղ չկար հայ ազգային-պետական ինքնագիտակցության ձևավորման համար(14)։ Վերջ ի վերջո, ՀՀ ժամանակակից իրողություններում «քաղաքականին» հավատարիմ մնալը ժխտելով «կայսերականը» հանգեցրել է «մշակութային-դավանականի» նսեմացմանը։

Հայկական քաղաքական ինքնության երեսնամյա ձևափոխմանը զուգահեռ, նույն գործընթացը տեղի ունեցավ նաև Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ 2014 թ. «ուկրաինական ճգնաժամը» սահման գծեց Ռուսաստանի արտաքին քաղաքականության արևմտակենտրոն անցյալի և նոր պայմաններում ինքնաորոնման սկզբի միջև: Որոշ նոր գաղափարներ ընդգծեցին Ռուսաստանի՝ որպես ազգային-քաղաքակրթական համայնքի զարգացման հատուկ ուղի, որը չի կարող դաշնակիցներ ունենալ, քանի որ ունի հատուկ՝ օտար արժեքների հետ անհամատեղելի էություն։ Դեռևս Ա. Սոլժենիցինի էսսեում Ռուսաստանի ապագան ընկալվում էր «Ռուսական աշխարհի» իրեդենտիստական գաղափարի սահմաններում՝ միավորելով ժամանակակից Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուկրաինայի և Հյուսիսային Ղազախստանի տարածքները(15), չներառելով ԽՍՀՄ մյուս հանրապետությունները։ Այնուհետև, «ինքնիշխան» ինքնության համախմբող գաղափարի երկարատև որոնումը հանգեցրեց Ռուսաստանի՝ որպես «պետություն-քաղաքակրթության» մասին գաղափարի ձևավորմանը։ Միևնույն ժամանակ, նման տեսակետների քարոզչությամբ զբաղվում էին տարբեր գործիչներ՝ սկսած էքսցենտրիկ եվրասիականության ջատագով փիլիսոփա Ա. Դուգինից(16), վերջացրած քաղաքական ֆունկցիոներ-պրակտիկ Վ. Սուրկովով(17), ինչը պատկերում էր ռուսական վերնախավերի ընդհանուր տրամադրությունները։

Այսպիսով, ռուսական վերնախավերի պատկերացումներում առկա էր «մեկուսացվածության» և «կայսերական» հասկացությունների սինթեզ, ինչը հանգեցրեց նոր արժեքային ուղենիշների կազմմանը ներքին լսարանի(18), և ծայրահեղ պրագմատիզմին՝ հետխորհրդային տարածության մնացած երկրների համար։ Ռուսական կայսրության և ԽՍՀՄ կազմում երկրորդային արդիականացման երկու փուլ անցած Հայաստանի համար Ռուսաստանը ասոցացվում էր, առաջին հերթին, եվրոպական քաղաքակրթության հետ։ Ինչպես նշում է փիլիսոփա Ա. Ոսկանյանը. «…հայ-ռուսական հարաբերությունների դարավոր պատմության ամբողջ ընթացքում Ռուսաստանը Հայաստանի համար երբեք հակա-Արևմուտք չի եղել։ Ընդհակառակը, Ռուսաստանն իր աշխարհաքաղաքական դիրքով և մշակութային ինքնատիպությամբ, ի տարբերություն Իրանի և Թուրքիայի, ընկալվում էր որպես եվրոպական գաղափարների մատակարար։ Հայաստանի Եվրոպան հենց Ռուսաստանն էր։ Հենց դա էր նրա քաղաքակրթական դերը»(19): Ռուսաստանի հրաժարումը նման դերից հանգեցրեց Հայաստանի և հայկական վերնախավերի համար նրա կերպարի փոփոխության։

Հայկական ինքնությունը, ինչպես և ժամանակակից ռուսականը, հնագույն ժամանակներից կրել է սինթետիկ բնույթ՝ համադրելով գլոբալ և էթնոմշակութային տարրերը։ Սակայն, եթե նման սինթեզի հայկական մոդելը նշանակում էր ազգային ինքնության պահպանման փորձ պետականության բացակայության պայմաններում, ապա ժամանակակից ռուսաստանյան հարացույցը ձգտում է հրաժարվել Արևմուտքի հետ մշակութային կապերից՝ պահպանելով ներկայիս միտումները։ Այս համատեքստում հատկանշական են պատմության այն ժամանակաշրջանները, որոնք ռուսաստանցիներն ու Հայաստանի քաղաքացիները ամենամոտն են համարում իդեալին (Աղ. 1):

Ռուսաստանի համար պատմականորեն առավել կարևոր դարձել է կայունության խնդիրը, որն ուղեկցվել է ազգային համախմբման գաղափարների բյուրեղացմամբ՝ ուղղված լինելով «պետական», «քաղաքական» և «քաղաքացիական» հասկացությունների նույնացմանը։ Պատահական չէ, որ հարցվածների մեծամասնությունը Խրուշչովի և Բրեժնևի դարաշրջանն անվանել է Ռուսաստանի պատմության իդեալական ժամանակաշրջանին ամենամոտը, քանի որ «ձնհալի» և «լճացման/կայունության» փուլերը դրականորեն համահունչ են ռուսաստանյան քաղաքականության արդի զարգացման փուլերին:

Աղյուսակ 1. Ռուսաստանի և Հայաստանի պատմության կատարելությանը ամենամոտ ժամանակաշրջանը՝ ըստ ռուս և հայ հարցվածների

Աղբյուրը՝ Шестопал Е. Б. Образ идеального будущего: нормативные представления российских граждан о власти /Е. Б. Шестопал // Вестник Томского государственного университета. 2021. № 464, сс. 99–112, http://vital.lib.tsu.ru/vital/access/manager/Repository/koha:000708059; Погосян Г.А. Историческая память и национальная идентичность. Ер., Изд-во РАУ, – 2023, – 134с., https://shorturl.at/bhnFY

Ավելին, բրեժնևյան ժամանակաշրջանում էր, որ «կոսմոպոլիտիզմի» դեմ պայքարը և «նացիոնալ-կոմունիզմի» դարաշրջանի ռոմանտիզացումը հող նախապատրաստեցին ազգայնական գաղափարների զարգացման համար, որոնք, ի թիվս այլ բաների, վերածնվեցին ռուսական այլախոհական շարժման ջանքերով(20): Հայաստանի պարագայում հեռավոր անցյալի և խորհրդային շրջանի ընկալումը ժամանակակից ՀՀ բնակչության շրջանում որպես «լավագույն ժամանակներ»՝ ընդօրինակման համար պիտանի պատմական դարաշրջանի «ազգային» պատկերի բացակայության ցուցիչ է։

Անկախության 30 տարիների ընթացքում հայ հասարակության և իր վերնախավի խնդիրը դարձել է ռուսական քաղաքականության խորքային հիմքերի վերափոխման որևէ վերլուծության բացակայությունը, որն, ի վերջո, հանգեցրեց հայ ազգային առասպելաբանության ճգնաժամին, որի մի մասն էր Ռուսաստանի՝ որպես «լռելյայն հովանավորի» ընկալումը, մինչդեռ իրական քաղաքականությունը զարգանում էր այլ սցենարով: Դրանով կարելի է բացատրել ՀՀ արտաքին քաղաքականության մշտական «ուշացումը» համաշխարհային՝ այն ժամանակ արդեն անտեղին օրակարգերի ընտրության հարցում, քանի որ ռուսաստանյան քաղաքական վերնախավի քայլերը ՀՀ ղեկավարության կողմից հաշվարկված չէին, իսկ ռուս-հայկական հարաբերություններն ընկալվում էին՝ որպես կարծրացած և անփոփոխ մի բան: Այդ իսկ պատճառով հայկական փոխլրացման քաղաքականությունը որոշակի փուլում մտավ փակուղի, ինչն էլ հետագայում նպաստեց տարածաշրջանային ճգնաժամին։

ՌԴ արտաքին քաղաքական մոտեցումների փոփոխության պատճառները 2015 թվականից հետո. «կայսրության ազգայնացում»

Ուկրաինայում ճգնաժամը հանգեցրեց Ռուսաստանի արտաքին քաղաքականության բազմաթիվ հիմնական սկզբունքների վերանայմանը, որոնք մինչ այդ հետխորհրդային տարածքը դիտարկում էին որպես ռուսաստանյան գերակայության գոտի: Այս հարացույցում Հայաստանի դերը առաջնահերթ չէր, այլ դիտվում էր որպես Հյուսիսային և Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման կարևոր ասպեկտ։ Աշխարհաքաղաքական իրավիճակը, որը ՌԴ-ին հնարավորություն ընձեռեց ընդլայնելու իր ներկայությունը նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս, հանգեցրեց նրա «շախմատային» աշխարհառազմավարության շեշտադրումների փոփոխության, ըստ որի՝ անհրաժեշտ է հակամարտության գոտին հեռացնել «կորիզից»՝ աշխարհի տարբեր մասերում (Վենեսուելա, Սիրիա, Լիբիա, ԿԱՀ և այլն) ամրանալու շնորհիվ: Նմանատիպ մարտավարություն կիրառվել է 1990-ականների սկզբին, Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման տրամաբանության համատեքստում, սակայն արդեն դարավերջին հանգեցրել ճգնաժամի։ Հայաստանը նաև չեչենական հակամարտության ֆոնին էր ընկալվում որպես կարևոր ամրակետ՝ ամբողջ Մեծ Կովկասում իսլամիստական սպառնալիքի «տարածումը» զսպելու համար։

Երկրորդ չեչենական պատերազմում տարած հաղթանակը փոխեց բազմաթիվ շեշտադրումներ։ Ռուսաստանը սկսեց ավելի պրագմատիկ քաղաքականություն վարել «մերձավոր արտասահմանի» նկատմամբ՝ հավակնելով գլոբալ խաղացողի դերին։ Այդ ընթացքում փոխվեցին նաև համագործակցության, գործընկերության և, որ ամենակարևորն է, դաշինք ստեղծելու հայեցակարգի հիմնարար մոտեցումները։ «Ռուսաստանի դաշնակիցները և աշխարհաքաղաքական սահմանագիծը Եվրասիայում»(21) վերնագրով «Վալդայ» բանավեճի ակումբի ծրագրային հոդվածում հեղինակները նշել էին «դաշինք» կատեգորիայի փոխակերպումը, ինչը պայմանավորված էր մեծ տերությունների ցանկությամբ վարելպակաս պարտավորություններով ծանրաբեռնված արտաքին քաղաքականություն և միջազգային հարաբերությունների ավելի բարդ համակարգի ձևավորմամբ։ Եզրակացության մեջ նշվում է, որ «Ռուսաստանը պետք է կայունացնի սահմանակից տարածքները միայն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է՝ իր տարածքի անվտանգությունն ապահովելու համար, և թույլ չտա, որ իր դաշնակիցները ներգրավեն իրեն անհարկի հակամարտությունների մեջ»(22): Այս գաղափարը բացատրվում է նրանով, որ Ռուսաստանի Դաշնությունը, ի տարբերություն Ռուսական կայսրության կամ Խորհրդային Միության, իր արտաքին քաղաքականությունը այլևս չի սահմանափակում գաղափարական որևէ բեռով՝ առաջ քաշելով տնտեսական կապերի առաջնահերթությունը։

Հարավային Կովկասն այս համատեքստում ընկալվում է որպես միասնական համալիր, որտեղ կարևոր է պահպանել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա։ Սա ենթադրում է իրավիճակի վերահսկման նպատակով հակամարտությունների հաղթող կողմին աջակցելու միտումը, ինչը չի խանգարում միջնորդի դերին։ «Հաղթողի» դերը կարող են խաղալ տարբեր պետություններ, սակայն շահագրգիռ արբիտրը կարող է իր ազդեցությունը վերածել միջնորդական գործառույթի: Այս առումով Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ անհատական մոտեցումն այնքան էլ կարևոր չէ, քանի որ Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը շահագրգռված է, առաջին հերթին, այդ պետությունների կողմից ընդհանուր աշխարհաքաղաքական մտադրության շրջանակներում կատարվող գործառույթով։

Հասարակություններ և վերնախավեր.
«հայկական ճգնաժամի» ընկալման հիմնախնդիրը

Ռուսաստանի վերնախավերի և հասարակության կողմից ռուս-հայկական հարաբերություններում առկա գործընթացները չեն ընկալվում որպես բարդ ճգնաժամ։ Շատերի համար Հայաստանն, ընդհանրապես, տարաշխարհիկ պետություն է, որի պատմական հարաբերությունները Ռուսաստանի հետ կասկածելի են։ Ռուս-հայկական ժամանակակից հարաբերությունները ինքնաբերաբար շարունակում են զարգանալ՝ միաժամանակ կորցնելով իրենց բովանդակությունը։ Ընդհանուր հումանիտար տարածքի փլուզումը, երկու երկրների տնտեսությունների փոփոխությունները (ավելի քիչ թվով հայեր են գնում աշխատելու ՌԴ-ում), ՀՀ անվտանգության երաշխիքների բացակայությունը, ռուսական «փափուկ ուժի» անարդյունավետությունը, ռուսաստանյան և հայկական արտաքին քաղաքականության վերակողմնորոշումը՝ այս բոլոր գործոնները չեն նպաստել հարաբերությունների խորացմանը։ Ռուսաստանյան վերնախավերի տեսանկյունից Հայաստանն այսօր հետաքրքիր է միայն ռազմակայանի առկայությամբ և հարաբերությունների առևտրատնտեսական ներուժով։ Բացի այդ, երկար ժամանակ ռուսաստանյան փորձագիտական հանրության մոտ ձևավորվել է կարծիք՝ գլոբալ համատեքստում Հարավային Կովկասի ակնհայտորեն ուռճացված դերի մասին(23): Մնացյալում Ռուսաստանը ծանրաբեռնված է Հայկական հարցով, որը (արդի ներռուսական գաղափարախոսական կեցվածքի տեսածրում) շատ հեռու է թվում ՌԴ շարքային քաղաքացիների, ինչպես նաև վերնախավերի մեծ մասի համար։

Մյուս կողմից, ի հեճուկս հայ բնակչության սպասումների, ռուս-հայկական հարաբերությունների շուրջ չի ձևավորվել որևէ առանձնահատուկ իմիջ, որը, համեմատած մյուս հետխորհրդային երկրների հետ, արտահայտված է Հայաստանի առաջնահերթությամբ։ Այս հանգամանքը բացատրվում էր թե՛ հայերի ազգային մշակույթի մեկուսացվածության յուրահատկությամբ, թե՛ Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ հավասարապես հարաբերություններ կառուցելու ռուսաստանյան շահագրգռվածությամբ։ Հայկական վերնախավը և հասարակությունը հիմնականում անտեսեցին այս իրողությունները՝ հավատարիմ մնալով նախկին առասպելներին և որևէ տեղեկատվական քաղաքականություն չվարելով՝ ՀՀ-ի կերպարը Ռուսաստանում բարելավելու համար(24)։ Իսկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ վատանում էր նաև երկու երկրների քաղաքականության «ոճերի» միջև անհամապատասխանության և տարբեր պատճառներով «թշնամական» նարատիվի դրսևորման ֆոնին։ Հատկանշական է, որ ժամանակի ընթացքում բացասական վերաբերմունք սկսեց արտահայտվել ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլ նաև Հայաստանի նկատմամբ, ընդհանրապես (Նկ. 1):

Նկար 1. Ռուսների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ. Աղբյուր՝ «Լևադա կենտրոն»

Հայաստանում հակառուսական տրամադրությունները սկսեցին աճել ՀՀ անվտանգության մակարդակին հակադարձ համեմատականությամբ (Նկ. 2): Հարաբերությունների հիմնական արժեզրկումը տեղի է ունեցել 2020–2023 թթ. ԱդրՀ-ի շարունակական ագրեսիայի և ռուս պաշտոնյաների հռետորաբանության փոփոխության ֆոնին(25): Դրան նպաստեց ինչպես ՌԴ անհեռատես քաղաքականությունը, այնպես էլ՝ ՀՀ վարչապետի՝ իշխանությունը պահելու ցանկությունը։ Որոշակի փուլում հարաբերությունների վատթարացումը ձեռնտու դարձավ ինչպես ՌԴ ղեկավարությանը, որը Արցախում իր անգործությունը կարող էր արդարացնել Երևանի «ոչ բարեկամական» գործողություններով, այնպես էլ՝ ՀՀ իշխանություններին, որոնք ՌԴ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարումը ներկայացնում են որպես ներքին և արտաքին քաղաքական ճգնաժամերի հիմքը։

Փաստորեն, ռուսական և հայկական վերնախավերը հրաժարվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու իրենց ընդհանուր պատասխանատվությունից, որը հանգեցրել է

Նկար 2. Ռուս-հայկական հարաբերությունների գնահատումը ժամանակակից պայմաններում. Աղբյուր՝ https://www.iri.org/resources/public-opinion-survey-residents-ofarmenia-december-2023/

արտաքին ուժերի ներթափանցմանը տարածաշրջան։ Արդյունքում, Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը չի նվազել, իսկ ՌԴ-ն կանգնած է տարածաշրջանից աստիճանաբար դուրս մղվելու վտանգի առջև։

Առանձնակի հարկ է նշել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որը երկու դար շարունակ ամենահավատարիմ ռուսամետ համայնքն էր Հարավային Կովկասի տարածաշրջանում(26)։ Արցախի կորուստը ցավալի երևույթ դարձավ ինչպես ՀՀ (ավելի ճիշտ՝ ժամանակակից հայ հասարակության քաղաքական ինքնության), այնպես էլ՝ ՌԴ աշխարհաքաղաքական շահերի համար, քանի որ ոչնչացվեց ոչ միայն Երևանի և Բաքվի վրա ազդեցության գործիքներից մեկը, այլև՝ Ռուսաստանի «կայսերական» քաղաքականության վերջին մասունքը Կովկասում։ Ն. Փաշինյանի՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում» ճանաչելու մասին խոսքերին ՌԴ քաղաքական գործիչների և փորձագետների մշտական հղումներից նույնպես խորամանկության հոտ է գալիս, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ռուսական միջնորդության ակտիվ փուլի սկզբից ռուս դիվանագետներն առանձին-առանձին ընդգծել են Ղարաբաղի հայերի շահերը հաշվի առնելու կարևորությունը։ Սակայն ներկա պայմաններում այս գործոնը մոռացության է մատնվել թե՛ ռուս(27), թե՛ հայ(28) քաղաքական գործիչների կողմից՝ հօգուտ ադրբեջանական պահանջների բավարարման:

«Հայկական ճգնաժամի» միջազգայնացում. հայացք դեպի ապագա

«Հայկական ճգնաժամի» չձևակերպված լինելը ստիպում է մեզ ավելի շատ խոսել ապագայի, քան ներկայի մասին, քանի որ ուժերի հավասարակշռության նախկին կառույցների ոչնչացումը (այդ թվում՝ ՌԴ մասնակցությամբ) հանգեցնում է հնարավորությունների պատուհանի բացմանը, ինչը կփորձեն օգտագործել արտատարածաշրջանային տերությունները։ Մենք արդեն գրել ենք ուկրաինական պատերազմի ֆոնին Հարավային Կովկասում տարբեր երկրների հնարավոր աշխարհաքաղաքական դիրքավորման մասին(29), սակայն արժե ուշադրություն դարձնել տարածաշրջանում հայկական գործոնի ազդեցության սցենարներին։

Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության խաթարումը, որը հրահրվել էր 2020 թ. հայկական կողմի պարտությամբ, սաստկացավ Ուկրաինայում պատերազմով, քանի որ տարածաշրջանում գլխավոր արբիտրի ուշադրությունը շեղելը հանգեցրեց հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման օրակարգերի քաոսային փոփոխության։ Լինելով բանակցությունների հիմնական հարթակ՝ Ռուսաստանի Դաշնությունը, ռազմական գործողությունների բռնկումից հետո, հետխորհրդային տարածքում նախկին հարաբերությունների փլուզման պատճառով ժամանակավորապես կորցրեց վերահսկողությունը բազմաթիվ գործընթացների նկատմամբ։ Թուրքիան, Իրանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ֆրանսիան և այլ դերակատարներ սկսեցին որպես միջնորդներ և «մարտավարական դաշնակիցներ» ակտիվորեն հանդես գալ Հարավային Կովկասում։ Միաժամանակ, կարևոր է նշել, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները ներառվել էին նոր աշխարհակարգի ձևավորման ընդհանուր տրամաբանության մեջ։

Ակնհայտ է, որ Ռուսաստանի ղեկավարությունը սխալ է հաշվարկել Ուկրաինայում ռազմական գործողությունների տևողությունը և բնույթը(30), ինչը մասամբ դարձել է ռուս-հայկական հարաբերություններում ճգնաժամի խորացման օբյեկտիվ հիմքը։ Սուբյեկտիվ հիմքն արդեն վերաբերում էր ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից հարաբերությունների նախկին ձևաչափը վերանայելու ցանկությանը՝ հրաժարվելով միակողմանի կախվածությունից։ Այս մոտեցումն արտահայտվել է «դիվերսիֆիկացման» նոր քաղաքականության մեջ, որն ուղղված է ռազմատեխնիկական և պաշտպանական ոլորտներում նոր գործընկերներ գտնելուն։ Եթե Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ սերտ ռազմաքաղաքական կապերի հաստատումը ի սկզբանե հակառուսական չէր, ապա 2024 թ. ապրիլի 5-ին ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համաձայնագրերի կնքումը ցույց տվեց տերությունների՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար ճգնաժամային իրավիճակը օգտագործելու ցանկությունը։ ԱՄՆ-ը, աջակցելով անկախ պետություններին, Հարավային Կովկասում շարունակեց վարել դասական քաղաքականություն՝ տարածաշրջանային հեգեմոնի առաջացմանը հակազդելու համար։ Դրանով է բացատրվում հավասարակշռված մոտեցումը և՛ ՀՀ-ի, և՛ ԱդրՀ-ի հետ հարաբերություններում այլ դաշնակիցների (Ֆրանսիա, մասամբ՝ Թուրքիա, Մեծ Բրիտանիա և այլն) հետ համագործակցությամբ։

«Հայկական ճգնաժամի» միջազգայնացման երևույթը կապված է հին աշխարհակարգի քայքայման և աշխարհաքաղաքական տարբեր բևեռների միջև «բաժանման գծերի» ձևավորման հետ։ Հայաստանը, այս համատեքստում, կարող է դառնալ մի քանի հակամարտային սյուժեների պրոյեկտման առարկա։ Մասնավորապես, կարելի է առանձնացնել Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտությունը, իրանա-իսրայելական առճակատումը, ռուս-ֆրանսիական հակամարտությունը Նիգերում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում և Մալիում, ինչպես նաև Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների հավանական վերսկսումը։ Ռուսաստանն ուղղակի կամ անուղղակի դեր է խաղում այս բոլոր հակամարտություններում, ինչը չի վերացնում ռուս-հայկական հարաբերությունների ճգնաժամն ավելի մեծ բանի վերածվելու վտանգը։

«Հայաստանը Բուլղարիան չէ». ռուս-հայկական հակասությունները հաղթահարելու հիմնախնդիրը (Եզրակացության փոխարեն)

Կար ժամանակ, երբ Հայաստանն ընկալվում էր որպես թուրքական և ռուսական մասերի բաժանված քաղաքական-աշխարհագրական տարածք, որտեղ հավաք կերպով ապրող հայ բնակչությունը պետք է վերականգներ իր իրավունքները, իսկ ոմանք նույնիսկ երազում էին անկախության մասին։ 19-րդ դարում առաջացավ «Հայաստանը Բուլղարիան չէ» բանաձևը, որն արտահայտում էր Բուլղարիայի նման Հայաստանին ազատագրված ինքնավար տարածքի կարգավիճակ տրամադրելու մերժումը(31)։ Հատկանշական է, որ ռուսաստանյան պատմության համար «բուլղարական» դեպքը հետագայում բավականին ցավոտ դարձավ, քանի որ ռուսաստանյան վերնախավի տեսանկյունից բուլղարական կողմն ազատագրմանը պատասխանեց «դավաճանությամբ»։ Հայաստանի պարագայում լիակատար անկախությունը ձեռք բերվեց միայն 1991 թվականին, և այսօր հայկական պետությունը, թեև մեծ դժվարություններով, շարունակում է զարգանալ։

Ռուսական և հայկական վերնախավերը (ոչ միայն քաղաքական) պետք է հասկանան, որ առանձին պետությունների ինքնիշխան զարգացման դեպքում «հպատակության» կամ «հովանավորության» հարաբերությունը ենթադրում է տարբեր գործիքների օգտագործում երկկողմ հարաբերություններ կառուցելու համար։ Վերջին տարիներին ազգային ողբերգությունների մի քանի փուլերով անցած հայկական կողմի համար նման ըմբռնումը գոյութենական կարևորություն ունի, քանի որ «հայկական ճգնաժամը» տեղի է ունենում, առաջին հերթին, հայկական պետականության զարգացման գործընթացում։ Ռուսական վերնախավերի ցանկության հետ կապված Ռուսաստանի խնդիրն այս համատեքստում արդեն այլ հարթության վրա է: Այն է՝ պահպանել ոչ թե իրենց ռազմավարական մշակույթի շարունակականության «մեկուսացված» գաղափարը՝ ընտրելով բացասական «հակաարևմտյան» ինքնության մոդելը, այլ՝ Ռուսաստանի ազդեցության տարածման ներուժը՝ այլ պետությունների հետ վստահության և կայուն կապերի ձևավորման միջոցով։ Սակայն, որպեսզի դա տեղի ունենա, և՛ ռուսաստանյան, և՛ հայաստանյան քաղաքականության մեջ պետք է գերակայի ռազմավարական մոտեցումը։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Айвазян А. М. Воздействие средневековой армянской национально-освободительной эсхатологии на психологию масс и военно-политические проекты XVI – XVIII вв. //Учен. зап. Казан. ун-та. Сер. Гуманит. науки. – 2018. – Т. 160, кн. 3, сс. 735–748.
  2. Бжезинский З. Великая шахматная доска. Господство Америки и его геостратегические императивы. – М.: Международ. отношения, 1999. – 256с.
  3. Восканян А. В. Идеологические основания армяно-российских отношений: история, реалии, перспективы //Вестник РАУ. – 2018. – 2 (29), сс. 18–23, https://science.rau.am/uploads/documents/1624448211.pdf
  4. Дунамалян Н. А. Геополитическое позиционирование Южного Кавказа в контексте противостояния Запад–Россия: мотивы, субъекты и факторы. //АРВАК, https://arvak.am/ru/геополитическо-позиционирование-юж/
  5. Дунамалян Н. A. Геополитическое позиционирование Южного Кавказа в контексте противостояния Запад–Россия: мотивы, субъекты и факторы (Часть 2) / АРВАК, https://arvak.am/wp-content/uploads/2023/12/Norayr-DunamalyanGeopolitical-positioning-in-the-South-CaucasusRus.pdf
  6. Иванов А. А., Казин А. Л., Светлов Р. В. Русский национализм: основные вехи исторического осмысления //Вестник Русской христианской гуманитарной академии. – 2015. – № 4, сс. 143–157.
  7. Колесников А. Истоки и смысл русского национал-империализма: исторические корни идеологии Путина //Берлинский центр Карнеги по изучению России и Евразии. Ноябрь 2023, https://carnegieendowment.org/2023/11/01/ru-pub-90833
  8. Космачев М. В. Армения: нациостроительство, имперские практики и этнонационализм как способы выживания //Вестник Российского университета дружбы народов. Серия: Политология. – 2015. – №3, сс. 86–97. doi: 10.22363/2313-1438-2015-3-86–97.
  9. Левинтов Н. Г. Социально-философское содержание категории кризиса / Н. Г. Левинтов // Философские науки. – 1980. – № 1, сс. 40–41.
  10. Лунев С. Центральная Азия и Южный Кавказ как геополитические регионы и их значение для России // Центральная Азия и Кавказ, 2006, № 3 (45), сс. 14–27.
  11. Лурье С. В. «Россия, я верю в твою силу…» Образ России и русских в современном массовом сознании армян, http://svlourie.ru/Russia-I-believe-in-your-power-image-of-Russia-Armenian#ftnref1
  12. Петросян Г. А. Отношения Республики Армения с Россией (1918 – 1920 гг.). ЕГУ; – Ер.: Изд-во ЕГУ, – 2012. – 424 с.
  13. Потто В. А. Первые добровольцы Карабаха в эпоху водворения русского владычества. Тифлис, 1902 г. (переизданно: Москва, «Интер-Весы», 1993 г.), https://shorturl.at/gntyB
  14. Пухов Р. Н. От «специальной» к «военной»: уроки двух лет операции на Украине // Россия в глобальной политике. Т. 22. № 2(126). 2024, сс. 21-36, https://globalaffairs.ru/articles/ot-speczialnoj-k-voennoj/
  15. Ремизов М. Русский национализм и российская геополитика. Пойдет ли Россия путем Турции? //Россия в глобальной политике. №6 2019 Ноябрь/Декабрь, https://globalaffairs.ru/articles/russkij-naczionalizm-i-rossijskaya-geopolitika-2/
  16. Силаев Н. Ю. Сушенцов А. А. Союзники России и геополитический фронтир в Евразии [Электронный ресурс] //Международный дискуссионный клуб Валдай. Валдайские записки. – №66. – 2017. – 21 апреля, http://ru.valdaiclub.com/a/valdai-papers/valdayskaya-zapiska-66/?sphraseid=17471
  17. Солженицын А. И. Как нам обустроить Россию? //Публицистика: в 3 т. Ярославль: Верхняя Волга, 1995–1997. Т. 1, сс. 538-598.
  18. Сурков Вл. Одиночество полукроваки (14+) / Россия в глобальной политике. № 2 2018 Март/Апрель, https://globalaffairs.ru/articles/odinochestvo-polukrovki-14-2/
  19. Тунян В. Г. Армянский вопрос: мифотворческий аспект/ В. Г. Тунян.– Ер.: ЕГУ, –2015. – 402 с.
  20. Մաթևոսյան Հ. Աշխարհի վերջը չէ (գրողը պատասխանում է խմբագրի հարցերին) / Գրական թերթ, 01.1991թ., https://hrantmatevossian.org/m/up/ashxariverjy%20che.pdf
  21. Minassian G. What Is the Armenian People’s Relationship with “The Political”? / EVN report (April 6, 2022), https://evnreport.com/opinion/what-is-the-armenian-peoples-relationship-with-the-political/
  22. «Лавров сообщил о планах провести саммит РФ-Азербайджан-Армения в этом году» //Интерфакс (25.07.2023), https://www.interfax.ru/russia/913279
  23. «Мы поощряем наших партнеров в Степанакерте вовлечься в диалог с международным механизмом»» / am (14.09.2023), https://rus.azatutyun.am/a/32592554.html
  24. «Российская дипломатия генерирует русофобию в Армении» // Комментарий Центра АРВАК, (12.02.2024), https://arvak.am/ru/comments/дипломатия-рф-генерирует-русофобию-в/
  25. «Согласно опросам, отношение россиян к Армении в последние несколько лет постепенно ухудшалось. Почему?» // Civilnet. (19.10.2023), https://shorturl.at/cHSY3
  26. «У нас больше союзников, чем кажется» Почему философ Александр Дугин отвергает либерализм и каким он видит будущее мира?» // Lenta.ru. (13.11.2023), https://lenta.ru/articles/2023/11/13/dugin/

(1) Քաղաքական գիտությունների թեկնածու, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ։ Հեղինակ է ավելի քան 15 գիտական աշխատությունների և հոդվածների։

(2) Հոդվածը ներկայացվել է խմբագրություն 19.05.2024 թ.։

(3) Левинтов Н. Г. Социально-философское содержание категории кризиса /Н. Г. Левинтов // Философские науки. – 1980. – № 1, сс. 40– 41.

(4) Бжезинский З. Великая шахматная доска. Господство Америки и его геостратегические императивы. – М.: Международ. отношения, 1999. 256 с.

(5) Дунамалян Н. A. Геополитическое позиционирование Южного Кавказа в контексте противостояния Запад–Россия: мотивы, субъекты и факторы (Часть 2) / АРВАК, https://arvak.am/wp-content/uploads/2023/12/Norayr-DunamalyanGeopolitical-positioning-in-the-South-CaucasusRus.pdf (բեռնման օրը՝ 08.05.2024).

(6) Айвазян А. М. Воздействие средневековой армянской национально-освободительной эсхатологии на психологию масс и военно-политические проекты XVI – XVIII вв. // Учен. зап. Казан. ун-та. Сер. Гуманит. науки. – 2018. – Т. 160, кн. 3, сс. 735–748.

(7) Лурье С. В. «Россия, я верю в твою силу…». Образ России и русских в современном массовом сознании армян, http://svlourie.ru/Russia-I-believe-in-your-power-image-of-Russia-Armenian#ftnref1 (բեռնման օրը՝ 08.05.2024).

(8) Петросян Г. А. Отношения Республики Армения с Россией (1918 – 1920 гг.). ЕГУ; – Ер.: Изд-во ЕГУ, 2012, 424 с.

(9) Ремизов М. Русский национализм и российская геополитика. Пойдет ли Россия путем Турции? //Россия в глобальной политике. №6 2019 Ноябрь/Декабрь, https://globalaffairs.ru/articles/russkij-naczionalizm-i-rossijskaya-geopolitika-2/ (բեռնման օրը՝ 08.05.2024).

(10) Колесников А. Истоки и смысл русского национал-империализма: исторические корни идеологии Путина // Берлинский центр Карнеги по изучению России и Евразии. Ноябрь, 2023, https://carnegieendowment.org/2023/11/01/ru-pub-90833 (բեռնման օրը՝ 08.05.2024).

(11) Космачев М. В. Армения: нациостроительство, имперские практики и этнонационализм как способы выживания // Вестник Российского университета дружбы народов. Серия: Политология. – 2015. – № 3, – сс. 86-97. doi: 10.22363/2313-1438-2015-3-86-97.

(12) Մաթևոսյան Հ. Աշխարհի վերջը չէ (գրողը պատասխանում է խմբագրի հարցերին)/ Գրական թերթ. 01.01.1991 թ., https://hrantmatevossian.org/m/up/ashxariverjy%20che.pdf (բեռնման օրը՝ 08.05.2024):

(13) Восканян А. В. Идеологические основания армяно-российских отношений: история, реалии, перспективы// Вестник РАУ. – 2018. – 2 (29), сс. 18-23, https://science.rau.am/uploads/documents/1624448211.pdf (բեռնման օրը՝ 08.05.2024):

(14) Minassian G. What Is the Armenian People’s Relationship with “The Political”? / EVN report (April 6, 2022), https://evnreport.com/opinion/what-is-the-armenian-peoples-relationship-with-the-political/ (բեռնման օրը՝ 08.05.2024).

(15) Солженицын А. И. Как нам обустроить Россию? // Публицистика: в 3 т. Ярославль: Верхняя Волга, 1995–1997. Т. 1, сс. 538-598.

(16) «У нас больше союзников, чем кажется» Почему философ Александр Дугин отвергает либерализм и каким он видит будущее мира?// Lenta.ru. (13.11.2023), https://lenta.ru/articles/2023/11/13/dugin/ (բեռնման օրը՝ 08.05.2024).

(17) Сурков Вл. Одиночество полукровки (14+) // Россия в глобальной политике. № 2, 2018, Март/Апрель, https://globalaffairs.ru/articles/odinochestvo-polukrovki-14-2/ (բեռնման օրը՝ 08.05.2024).

(18) Այստեղ պետք է հասկանալ ՌԴ, Բելառուսի և Ուկրաինայի բնակչությունը:

(19) Иванов А. А., Казин А. Л., Светлов Р. В. Русский национализм: основные вехи исторического осмысления // Вестник Русской христианской гуманитарной академии. – 2015. № 4, сс. 143–157.

(20) Иванов А. А., Казин А. Л., Светлов Р. В. Русский национализм: основные вехи исторического осмысления // Вестник Русской христианской гуманитарной академии. – 2015. № 4, сс. 143–157.

(21) Հոդվածը գրվել է 2017 թ. և պարունակում էր մի քանի փաստական սխալներ (օրինակ՝ համեմատում էր ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը և Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածը, մինչդեռ ավելի ճիշտ կլիներ համեմատել ՀԱՊ-ի 4-րդ հոդվածի դրույթների հետ), սակայն այս հրապարակումը լայնորեն քննարկվել է փորձագետների շրջանում։

(22) Силаев Н. Ю., Сушенцов А. А. Союзники России и геополитический фронтир в Евразии [Электронный ресурс] // Международный дискуссионный клуб Валдай. Валдайские записки. – №66. 21.04.2017, http://ru.valdaiclub.com/a/valdai-papers/valdayskaya-zapiska-66/?sphraseid=17471. (բեռնման օրը՝ 08.05.2024).

(23) Лунев С. Центральная Азия и Южный Кавказ как геополитические регионы и их значение для России // Центральная Азия и Кавказ, 2006, № 3 (45), сс. 14–27.

(24) Ըստ հարցումների՝ ռուսների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ վերջին մի քանի տարիների ընթացքում աստիճանաբար վատթարացել է։ Ինչո՞ւ։// Civilnet. (19.10.2023), https://shorturl.at/cHSY3 (բեռնման օրը՝ 08.05.2024):

(25) Российская дипломатия генерирует русофобию в Армении // Комментарий Центра АРВАК, (12.02.2024), https://arvak.am/ru/comments/дипломатия-рф-генерирует-русофобию-в/ (բեռնման օրը՝ 08.05.2024).

(26) Потто В. А. Первые добровольцы Карабаха в эпоху водворения русского владычества. Тифлис, 1902 г. (переизданно: Москва, «Интер-Весы», 1993 г.), https://shorturl.at/gntyB (բեռնման օրը՝ 08.05.2024):

(27) «Лавров сообщил о планах провести саммит РФ-Азербайджан-Армения в этом году» / Интерфакс (25.07.2023), https://www.interfax.ru/russia/913279 (дата обращения: 08.05.2024).

(28) «Премьер Армении: «Мы поощряем наших партнеров в Степанакерте вовлечься в диалог с международным механизмом»» / Azatutyun.am (14.09.2023), https://rus.azatutyun.am/a/32592554.html (բեռնման օրը՝ 08.05.2024).

(29) Пухов Р. Н. От «специальной» к «военной»: уроки двух лет операции на Украине // Россия в глобальной политике. Т. 22. № 2(126). 2024, сс. 21–36, https://globalaffairs.ru/articles/ot-speczialnoj-k-voennoj/ (բեռնման օրը՝ 08.05.2024).

(30) Пухов Р. Н. От «специальной» к «военной»: уроки двух лет операции на Украине // Россия в глобальной политике. Т. 22. № 2(126). 2024. сс. 21-36, https://globalaffairs.ru/articles/ot-speczialnoj-k-voennoj/ (բեռնման օրը՝ 08.05.2024).

(31) Тунян В. Г. Армянский вопрос: мифотворческий аспект / В. Г. Тунян.– Ер.: ЕГУ, 2015, – 402 с.