Սեղմագիր
Թուրքիայի հայությունն իրենից ներկայացնում է բազմաշերտ հանրույթ՝ ընդգրկելով հայ առաքելականներին, կաթողիկեներին, ավետարանականներին, մահմեդականացված և ծպտյալ հայերի սերունդներին, համշենահայերին, ինչպես նաև՝ ՀՀ-ից Թուրքիա մեկնած աշխատանքային գաղթականներին։ Չնայած ներկա բարդ իրողություններին ու վտանգավոր միտումներին, Թուրքիայի հայերը, լինելով դարավոր համայնք, ինչպես նաև բնիկ ժողովուրդ այդ երկրում, շարունակում են պահպանել իրենց ինքնությունը և ներուժը՝ գիտամշակութային, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում։
АРМЯНСКАЯ ОБЩИНА И АРМЯНЕ В ТУРЦИИ
Овян В. Р.
Аннотация
Армянство Турции представляет собой многослойную общность общину, включая апостольских армян, армян-католиков, армян-евангелистов, поколений исламизированных и скрытых армян, амшенских армян, а также трудовых мигрантов, уезжавших из РА в Турцию. Несмотря на настоящие сложные реалии и опасные тенденции, армяне Турции, будучи вековой общиной, а также коренным народом в этой стране, продолжают сохранять свою идентичность и потенциал в научно-культурной, политической, экономической и других сферах.
THE ARMENIAN COMMUNITY AND ARMENIANS IN TURKEY
Hovyan V. R.
Summary
Վահրամ Ռ. Հովյան(1)
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆ ՈՒ ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ(2)
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայ համայնքը և հայերը Թուրքիայում իրենցից ներկայացնում են բազմաշերտ և տարասեռ հանրույթ։ Որպես ավելի որոշակի համայնքներ հանդես են գալիս հայ առաքելականները, հայ կաթողիկեները և հայ ավետարանականները։ Վերջիններիս շրջանում քանակական գերակշռությունը պատկանում է հայ առաքելականներին։ Նրանց առավելությունը նաև այն է, որ նրանք, համաձայն Լոզանի պայմանագրի, ունեն պետության կողմից ճանաչված կրոնական փոքրամասնության կարգավիճակ։
Թուրքիայի հայության մեկ այլ շերտ են կազմում Ցեղասպանության տարիներին բռնի մահմեդականացված և ծպտյալ հայերի ժառանգները, ինչպես նաև համշենահայերը։ Հիշյալ բոլոր խմբերը գտնվում են հայկական ինքնության (ինքնագիտակցության) պահպանման տարբեր մակարդակների վրա։ Նրանց թվաքանակի մասին հստակ տվյալներ չկան, իսկ հնչեցվող գնահատականները խիստ մոտավոր են։
Թուրքիայի հայության շրջանում նոր շերտ հայտնվեց հետխորհրդային տարիներին՝ պայմանավորված ՀՀ-ից այդ երկիր տեղի ունեցած աշխատանքային գաղթով (միգրացիա)։ Այդ շերտը կազմում են Թուրքիայում բնակվող, սակայն ՀՀ քաղաքացի հանդիսացող հայերը, որոնց թվաքանակը մի քանի տասնյակ հազար է։ Վերջիններս ունեն իրենց յուրահատուկ խնդիրները և համարվում են բավականին խոցելի հանրություն։
Թուրքիայի հայության առջև ծառացած հիմական մարտահրավերներն են ավանդական հայ համայնքի քանակական նվազումը, ձուլման միտումները, համայնքային հաստատությունների թուլացումը, բռնագրավված եկեղեցական գույքի վերադարձի հետ կապված բարդությունները, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը, հայաստանցի գաղթականների պարագայում՝ հնարավոր արտաքսման վտանգը, և այլն։ Չնայած այս ամենին, Թուրքիայի հայությունը ներկայում էլ ունի գիտամշակությաին, տնտեսական և քաղաքական որոշակի ներուժ, որը կարելի է նպատակաուղղել ինչպես տեղի հայության խնդիրների լուծման, այնպես էլ՝ Հայաստան-Սփյուռք կապերի խորացման ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացման դեպքում՝ երկու երկրների միջև համագործակցության խթանման գործին։
Աշխատանքի նպատակն է վերհանել Թուրքիայի հայ հանրության տարբեր շերտերի ներկա իրավիճակը, խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև՝ նրանց ներուժը, ցույց տալ համազգային նպատակներին այդ ներուժի համադասման հնարավորությունները։
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Հայկական համայնքը` ըստ Լոզանի պայմանագրի
Շարունակելով Օսմանյան կայսրության ավանդույթը՝ ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունն էլ երկրի բնակչությունը շերտավորում է ոչ թե ազգային, այլ կրոնական չափանիշով։ Ասել է թե հայությունը, ինչպես և մյուս ազգությունները, պետության կողմից դիտվում են ոչ թե ազգային, այլ կրոնական փոքրամասնություններ։ Վերջիններս էլ, ելնելով Լոզանի պայմանագրի (1923 թ. հուլիսի 24) տրամաբանությունից, բաժանվում են երկու խմբի՝ պետության կողմից ճանաչված և չճանաչված համայնքներ։
Լոզանի պայմանագրով Թուրքիայի կրոնական փոքրամասնություններ են համարվում հայ առաքելականները, հույն ուղղափառները և հուդայականները (հրեաները)։ Ինչ վերաբերում է պետության կողմից չճանաչված քրիստոնեական համայնքներին, ապա՝ որպես այդպիսիք, Թուրքիայում հանդես են գալիս ասորական համայնքը(3), Հռոմի կաթողիկե եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, բողոքական ուղղության տարբեր եկեղեցիները։ Պետությունը ընդունում է նրանց փաստացի գոյությունը, սակայն հրաժարվում է նրանց տալ իրավական կարգավիճակ։ Այդ համայնքների կողմից ջանքեր են գործադրվել իրավական գրանցում ստանալու համար, սակայն առ այսօր դրանք չեն հանգեցրել ցանկալի արդյունքի:
Այսպիսով, ըստ Լոզանի պայմանագրի տրամաբանության՝ հայկական երեք եկեղեցիները (Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական) նույնպես Թուրքիայում բաժանվում են երկու մասի։ Առաջին մասը կազմում են հայ առաքելականները։ Վերջիններս ունեն պետության կողմից ճանաչված համայնքի կարգավիճակ։ Երկրորդ մասը հայ կաթողիկե և ավետարանական համայնքներն են, որոնք չունեն կրոնական փոքրամասնության իրավական կարգավիճակ։
Իրավական կարգավիճակի բացակայությունը զգալիորեն սահմանափակում է չճանաչված քրիստոնեական եկեղեցիների գործունեության հնարավորությունները սոցիալական, բարեգործական, հոգևոր-քարոզչական, կրթական, բռնագրավված գույքի վերադարձի և այլ հարցերում։ Համաձայն Լոզանի պայմանագրի 40-րդ հոդվածի՝ Թուրքիայի կրոնական փոքրամասնությունները «…պետք է ունենան հավասար իրավունք իրենց սեփական ծախսերով հիմնելու, կառավարելու և վերահսկելու ցանկացած բարեգործական, կրոնական և սոցիալական կառույց, դպրոցներ և այլ կրթական ու ուսումնական հաստատություններ՝ ազատորեն կիրառելով իրենց սեփական լեզուն և իրականացնելով իրենց սեփական կրոնը դրանցում»(4)։ Իսկ ըստ 41-րդ հոդվածի՝ թուրքական կառավարությունը պարտավորվում է այն քաղաքներում և շրջաններում, որտեղ կրոնական փոքրամասնությունները կազմում են բնակչության նշանակալի մասը, ապահովել տարրական դպրոցներում հանրակրթության իրականացումը՝ նրանց մայրենի լեզվով։ Այդ քաղաքներում և շրջաններում կրոնական փոքրամասնությունները պետք է ստանան արդարացի չափաբաժին պետական, տեղական և այլ բյուջեներով կրթական, կրոնական և բարեգործական նպատակների համար հատկացվող հանրային միջոցներից(5)։ Իսկ համաձայն 42-րդ հոդվածի Թուրքիան պարտավորվում էր երաշխավորել կրոնական փոքրամասնությունների եկեղեցիների, սինագոգների, գերեզմանների և կրոնական այլ հաստատությունների լիակատար պաշտպանությունը(6)։ Արդյունքում՝ չգրանցված քրիստոնեական համայնքների առջև ծառացած կարևոր խնդիրներից է, օրինակ, հոգևոր կրթություն ստանալու անհնարինությունը։
Թեև Թուրքիան միշտ չէ, որ պահպանում է Լոզանի պայմանագրի դրույթները, այնուամենայնիվ, կրոնական փոքրամասնության կարգավիճակ չունենալը իրավական տեսակետից չճանաչված համայնքներին աննպաստ դրության մեջ է դնում ճանաչված համայնքների նկատմամբ հետևյալ առումներով.
- Կառույցներ հիմնելու և ղեկավարելու իրավունքը։ Ճանաչված համայնքները իրավունք ունեն սեփական միջոցների հաշվին հիմնել, կառավարել և վերահսկել բարեգործական, կրոնական, սոցիալական, կրթական կառույցներ, ինչից զուրկ են իրավական կարգավիճակ չունեցող համայնքները։
- Լեզվի խնդիրը։ Ճանաչված համայնքները իրավունք ունեն իրենց հիմնած կառույցներում ազատորեն օգտագործելու իրենց մայրենի լեզուն։ Բացի այդ, այն քաղաքներում և շրջաններում, որտեղ բնակչության զգալի մաս են կազմում ճանաչված կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները, վերջիններիս համար հանրակրթությունն առաջնային դպրոցներում իրականացվում է իրենց մայրենի լեզվով։ Այսինքն, այդ կրոնական փոքրամասնությունների համար, ըստ էության, գործում են առանձին պետական (պետության հաշվին պահվող) տարրական հանրակրթական դպրոցներ։ Կրոնական փոքրամասնության կարգավիճակ չունեցող ոչ մահմեդական համայնքները չեն օգտվում նման արտոնություններից։
- Կրոնական արարողությունների և հոգևոր կրթության խնդիրը։ Ճանաչված համայնքներն իրավունք ունեն իրենց պատկանող հոգևոր-կրոնական և այլ կառույցներում ազատորեն օգտվել իրենց կրոնից (օգտագործել իրենց կրոնը)։ Այսինքն՝ կրոնական փոքրամասնության կարգավիճակ ունեցող համայնքների պարագայում իրավականորեն երաշխավորված է հոգևոր կրթություն ստանալու կամ մատուցելու, կրոնական ծիսակատարություններ իրականացնելու ազատությունը, ինչը երաշխավորված չէ նման կարգավիճակ չունեցող համայնքների պարագայում։
- Պետությունից ֆինանսական միջոցներ ստանալու իրավունքը։ Կրոնական փոքրամասնության կարգավիճակ ունեցող համայնքները իրավունք ունեն համաչափության սկզբունքով համապետական, տեղական և այլ բյուջեներից ստանալ պետական ֆինանսավորում՝ մշակութային, բարեգործական, կրթական և կրոնական ծրագրերի իրականացման նպատակով։ Նման արտոնություն չունեն իրավական գրանցում չունեցող համայնքները։
- Եկեղեցիների, սինագոգների, գերեզմանների և այլ կրոնական հաստատությունների պաշտպանությունը պետության կողմից։ Թուրքական իշխանությունները Լոզանի պայմանագրով պարտավորվածություն ունեն պետական մակարդակով երաշխավորելու կրոնական փոքրամասնությունների եկեղեցիների, սինագոգների, գերեզմանների և այլ կրոնական հաստատությունների պաշտպանությունը։ Այսինքն՝ իրավական կարգավիճակ ունեցող կրոնական համայնքների եկեղեցիների, սինագոգների, գերեզմանների և այլ կրոնական հաստատությունների պաշտպանությունը գտնվում է պետության հոգածության ներքո, ինչից պետությունը ազատված է չճանաչված համայնքների գույքի պարագայում։
Հայ առաքելականներ, կաթողիկեներ, ավետարանականներ,
մահմեդականացված և ծպտյալ հայեր, համշենահայեր.
ներուժ և մարտահրավերներ
Հայ առաքելականների թվաքանակը Թուրքիայում պաշտոնական տվյալներով կազմում է մոտ 70 հազար։ Նրանք կենտրոնացած են հիմնականում Կ. Պոլսում։ Մայրաքաղաք Անկարայում հայերի թվաքանակը կազմում է մոտ 2.5 հազար։ Աննշան թվաքանակով հայեր կան նաև Կեսարիայում (Կայսերի), Զմյուռնիայում (Իզմիր) և այլ քաղաքներում, որտեղ նրանց թիվը պակաս է հազարից։ Ներկայումս ողջ Թուրքիայի տարածքում կա մեկ հայկական գյուղ՝ Վագըֆ գյուղը, որը գտնվում է Հաթայ նահանգում։
Հայ առաքելականների ղեկավար մարմինը Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունն է։ Նրա ենթակայության տակ է գործում 42 եկեղեցի
(35-ը՝ Կ. Պոլսում, 7-ը՝ դրա սահմաններից դուրս), 13 վարժարան և Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցը։
Բացի Հայ Առաքելական եկեղեցուց, Թուրքիայում գործում են նաև Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները։ Ի տարբերություն առաջինի՝ դրանք, ինչպես նշվեց վերը, չունեն իրավական, այն է՝ կրոնական համայնքի կարգավիճակ, չնայած պետությունն ընդունում է այդ եկեղեցիների փաստացի գոյությունը։ Հայ կաթողիկեների թվաքանակը կազմում է 2-3 հազար։ Նրանք ունեն 11 եկեղեցի և 3 դպրոց։ Հայ կաթողիկե եկեղեցին նույնպես ունի իր առողջապահական հաստատությունը՝ ի դեմս Սուրբ Հակոբ ազգային հիվանդանոցի։
Հայ ավետարանականների թվաքանակն ավել փոքր է՝ մոտ 500։ Նրանք ունեն երկու եկեղեցի, որոնք գտնվում են Կ.Պոլսում (Գեդիքփաշա և Բեյօղլու թաղամասերի Հայ ավետարանական եկեղեցիները)։ Վերջիններս մտնում են Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության մեջ։ Հայ ավետարանական համայնքի հովանավորությամբ է գործում նաև հայաստանցի երեխաների կրթության նպատակով հիմնված «Հրանտ Դինք» դպրոցը(7)։
Թուրքիայի Հայ Ավետարանական եկեղեցին որոշակիորեն իրականացնում է նաև քաղաքական դերակատարություն՝ պարբերաբար բարձրացնելով այնպիսի հարցեր, որոնք, եթե իրենց բնույթով ամբողջությամբ քաղաքական չեն, ապա՝ առնվազն, ունեն քաղաքական երանգավորում։ Այն պայքարում է էրդողանյան վարչակարգի արատների և Թուրքիայի հայության վրա դրանց բացասական ազդեցության դեմ, արծարծում Հայոց ցեղասպանության խնդիրը, ջանքեր գործադրում մահմեդականացված հայերի սերունդների վերջնական ձուլման կանխման, նրանց հայադարձության ուղղությամբ։ Հայ ավետարանական համայնքն իր այս գործունեությունը ծավալում է ի հեճուկս թուրքական իշխանությունների, որի համար նույնպես ենթարկվում է հալածանքների։ Մասնավորապես, վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուն բազմիցս ենթարկվել է իրավական հետապնդումների ու բռնությունների, հատկապես՝ մահմեդականացված հայերի երեխաների փրկության հարցում իր գործադրած ջանքերի համար(8)։
Ժամանակակից Թուրքիայի հայության մեջ ներառվում են նաև Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի տարածքում Ցեղասպանությունից հետո պահպանված հայության բեկորները և բռնի մահմեդականացված հայերի սերունդները(9)։ Վերջիններիս թվաքանակի վերաբերյալ չկա ճշգրիտ վիճակագրություն։ Որոշ գնահատականների համաձայն՝ այն հասնում է մինչև 1 միլիոնի։ Առհասարակ՝ մահմեդականացված, ծպտյալ, թրքացած, քրդացած, ալևիացած հայերը իրենցից ներկայացնում են մեկ միահյուսված (խառը) մարդկային հանրություն։ Հետևաբար՝ նրանց շրջանում հստակ սահմանազատումներ անելն անհնար է։ Դերսիմի օրինակով(10) նրանց վերաբերյալ կարելի է արձանագրել երկու իրողություն. ա) նրանք ձգտում են գաղտնի պահել իրենց հայկական ծագումը կամ ինքնությունը, քանի որ դա վտանգավոր է իրենց գոյության համար, բ) գաղտնի պահելով անգամ իրենց հայկական ծագումն ու ինքնությունը՝ նրանք շրջապատի կողմից որպես հայ ենթարկվում են խտրական վերաբերմունքի, ծաղրի և հալածանքների, այսինքն՝ ունեն թուրքական միջավայրի հետ համարկման խնդիր։ Սա վկայում է այն մասին, որ որքան էլ նրանք պաշտոնապես հայ չհամարվեն, շրջակա թուրք հասարակությունը, այնուամենայնիվ, գիտի նրանց հայկական ծագման մասին։
Մահմեդականացված հայերի սերունդների բնակության շրջանը, բացի Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից, ընդգրկում է նաև մերձսևծովյան շրջանները (Հոփա, Արտաշեն, Համշեն, Տրապիզոն և այլն)։ Այս շրջաններում ապրող հայությանն ընդհանրական եզրաբանությամբ ընդունված է անվանել համշենահայեր։ Վերջիններս յուրահատուկ շերտ են կազմում Թուրքիայի հայության կազմում։
Համշենահայերը (հեմշիններ, հեմշիլներ, ռուսերեն՝ хемшины, хемшилы) 8-րդ դարի վերջից Սև ծովի հարավ-արևելյան ափին բնակություն հաստատած հայերն են։ Այդ ժամանակ արաբական բռնություններից խուսափելու նպատակով շուրջ 12 հազար հայ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն, Կոտայք և Վասպուրական նահանգի Արտազ գավառներից Շապուհ, Համամ Ամատունի իշխանների և այլ նախարարների գլխավորությամբ գաղթում և բնակություն են հաստատում Սև ծովի հարավ-արևելյան ծովեզրյա լեռնաստանում։ Ստեղծվում է Համշենի հայկական իշխանությունը՝ Համամշեն (Համշեն) կենտրոնով, որը 15-րդ դարում վերանում է՝ հայտնվելով Օսմանյան կայսրության տիրապետության ներքո։ 18-րդ դարի սկզբից համշենցիներին և նրանց հարևան հույներին ու լազերին պարտադրվում է մահմեդականությունը։ Խուսափելով կրոնափոխությունից ու հալածանքներից՝ համշենցիների մեծ մասն աստիճանաբար սփռվում է Սև ծովի հարավային ափերին՝ Սինոպից մինչև Բաթում։
19-րդ դարի 60–70-ական թթ., հատկապես 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, համշենցիների մեծ մասը գաղթում և հաստատվում է Սև ծովի կովկասյան ափերին։ Հայոց ցեղասպանության տարիներին համշենցիների գաղթը դեպի Սև ծովի կովկասյան ափերն ու այլուր զանգվածային բնույթ է կրում(11)։
Ներկայում Թուրքիայի համշենցիների թվաքանակը կազմում է 300-400 հազար։ Նրանք խոսում են տեղական բարբառով՝ համշեներենով, որն էլ իր հերթին ունի իր ենթաբարբառները (Հոփայի ենթաբարբառ և այլն)։ Դարեր շարունակ ենթարկվելով շրջապատի խայտաբղետ մշակութային ազդեցությանը, համշենցիների մոտ, այնուամենայնիվ, պահպանվում են հայկական մշակույթի և կենցաղի որոշ տարրեր։ Պահպանվում է նաև հայկական ծագում ունենալու, ինչպես նաև՝ նախկինում քրիստոնյա լինելու վերաբերյալ հիշողությունը(12)։ Համշենցիները, միաժամանակ, ձգտում են պահպանել մշակութային կապերը Թուրքիայի հայության այլ շերտերի հետ(13):
Կ.Պոլիսը ավանդաբար եղել է հայկական մամուլի և հրատարակչության կենտրոն։ Ներկայում այնտեղ լույս է տեսնում 4 հայկական թերթ՝ «Ժամանակ» և «Նոր Մարմարա» օրաթերթերը, «Ակոս» շաբաթաթերթը (երկլեզու՝ հայերեն և թուրքերեն), «Փարոս» ամսագիրը։ Պոլսահայ լրատվամիջոցների շարքում կարևոր տեղ ունի նաև «Լույս» հեռուստատեսությունը(14)։ Քաղաքում գործում է նաև 1 հայկական հրատարակչություն՝ «Արաս» հրատարակչատունը, որը ծավալում է ակտիվ գործունեություն։ Այն տպագրում է ինչպես գեղարվեստական, այնպես էլ՝ հրապարակախոսական և գիտական գրականություն։ «Արաս»-ի աշխատանքը կարևոր հանգամանք է Պոլսում հայալեզու տպագրությունը շարունակելու և նրան զարկ տալու համար(15)։
Չնայած պատմությունից եկող և ներկայում շարունակվող բարդ հանգամանքներին, հայությունը Թուրքիայում թե՛ որպես այդ երկրի բնիկ ժողովուրդ, և թե՛ որպես Սփյուռքի ամենահին համայնքներից մեկը, շարունակում է պահպանել որոշակի ներուժ։ Խոսելով ժամանակակից Թուրքիայի հայության գիտական-մասնագիտական ներուժի մասին՝ կարող ենք ասել, որ այստեղ հայերը ներկայացված են ինչպես հասարակագիտական, այնպես էլ՝ բնագիտական ճյուղերում։ Հասարակագիտական ոլորտում հայերը ներկայացված են առաջին հերթին հայագիտության ասպարեզում՝ ի դեմս բանասերների և պատմաբանների։
Թուրքիայում, ինչպես այլուր, հայ աշխարհիկ մտավորականներից բացի, հայագիտական գործունեության մեջ ընդգրկված են նաև հոգևորականները։ Նրանցից ամենանշանավորը ներկա պահին Հայ կաթողիկե բարձրաստիճան հոգևորական, արքեպիսկոպոս հայր Լևոն Զեքիյանն է։ Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակները հիմնականում ընդգրկում են հայագիտությունը (բանասիրություն, պատմություն) և աստվածաբանությունը։ Լ. Զեքիյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է(16)։
Աշխարհիկ հայագետներից նշանավոր է լեզվաբան Սևան Նշանյանը։ Բազմակողմանիորեն զարգացած հայ մտավորականի աշխատությունները դուրս են գալիս զուտ հայագիտության շրջանակներից և ընդգրկում այլ ոլորտներ։ Նրա լեզվաբանական հետազոտություններն ամփոփված են թուրքերեն գրքերում։
Բացի գիտականից, հայ մտավորականի աշխատանքներն ունեն նաև հասարակական-քաղաքական նշանակություն։ Սևան Նշանյանը Թուրքիայում հայկական «այլախոհության» վառ ներկայացուցիչներից մեկն է, որի համար հալածանքների է ենթարկվել իշխանությունների կողմից։ Այնուամենայնիվ, Նշանյանը կարողացել է փախչել բանտից (2014 թ.) և հեռանալ արտասահման։ Ներկայում, ստանալով քաղաքական ապաստան, նա գտնվում է Հունաստանում։
Ինչ վերաբերում է բնագիտության ոլորտին, ապա Թուրքիայում հայ մասնագետները որոշակի տեղ ունեն բժշկության, ճարտարապետության և ճարտարագիտության ոլորտներում։
Թուրքիայում գործում են այնպիսի գիտականամերձ հայկական կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության Թուրքիայի մասնաճյուղը, Թուրքիայի հայ ճարտարապետների և ճարտարագետների միությունը (Հայճար) և Ստամբուլի հայ ճարտարապետների ընկերակցությունը։ Այս կառույցներն ունեն հասարակական կազմակերպությունների կարգավիճակ և ավելի շատ կոչված են միավորելու հիշյալ մասնագիտությունները ներկայացնող հայերին՝ ընդհանուր խնդիրներին միասնական ջանքերով լուծում տալու նպատակով։
Թուրքիայի հայության տնտեսական ներուժի վերաբերյալ կարող ենք ասել, որ այս երկրում կան որոշակի քանակությամբ գործարարներ։ Նրանցից շատերը զբաղվում են նաև բարերարությամբ՝ հովանավորելով հայկական (համայնքային) կառույցների գործունեությունը, ինչպես նաև տարատեսակ ծրագրեր։ Հայ գործարար-բարերարներից Օնիկ Նալբանդը հայտնի է նաև Հայաստանում իր իրականացրած բարեգործություններով, որոնք, մասնավորապես, նպատակաուղղված են Աղետի գոտու՝ 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից տուժած շրջանների կարիքավոր բնակչությանն օգնելուն։
Թուրքիայի հայ նշանավոր գործարարների պարագայում առկա է գործարարի, բարերարի, համայնքային գործչի (առաջնորդի) և քաղաքական գործչի սերտաճում։ Այս բոլորը երբեմն համատեղվում են մեկ անձի մեջ։ Այս երևույթի ամենավառ օրինակը Տիգրան Գյուլմեզգյուլն է, որը գործարար-բարերար է, միաժամանակ՝ համայնքային գործիչ և «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, այսինքն՝ զբաղվում է նաև քաղաքականությամբ։ Այս կարգի գործիչները, որոնք իրենց մեջ համատեղում են գործունեության մի քանի բնագավառներ, ավելի շատ հարում են իշխանամետ գործիչների թևին։ Նրանք սերտորեն համագործակցում են Կ. Պոլսի Հայոց պատրիարքության՝ որպես Թուրքիայի հայության ղեկավար մարմնի հետ և հայ համայնքի խնդիրների լուծումը տեսնում են իշխանությունների հետ համագործակցության և պետության ու իշխանությունների հանդեպ լոյալության մեջ։
Հայ գործարարները Թուրքիայում գործունեություն են ծավալում ամենատարբեր բնագավառներում՝ ռեստորանային բիզնես, ոսկերչություն և ադամանդագործություն, էլեկտրական սարքեր, ավտոծառայություններ։ Ընդհանուր առմամբ նրանց շրջանում չկան խոշոր գործարարներ՝ միլիոնավոր կամ, առավել ևս, միլիարդավոր դոլարների կարողություններով։ Թուրքիայի հայ գործարարները իրենց գործունեությունը ծավալում են հիմնականում փոքր և միջին բիզնեսի ասպարեզում և առավելապես հայտնի են համայնքային շրջանակներում։
Քաղաքական ասպարեզում ժամանակակից Թուրքիայի հայերը ներկայացված են ինչպես իշխող կուսակցության («Արդարություն և զարգացում» կուսակցություն – ԱԶԿ) մեջ, այնպես էլ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի շրջանակներում։ Իշխող կուսակցության ներկայացուցիչ Սևան Սվաճըօղլուն 2023 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի պատգամավոր(17)։ Լինելով ԱԶԿ անդամ՝ նա կտրված չէ հայ համայնքից և ակտիվորեն մասնակցում է համայնքային կյանքին(18)։
Ներկայումս Թուրքիայի ընդդիմադիր ամենանշանավոր հայազգի գործիչը «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Կարո Փայլանն է։ Նրան կարելի բնորոշել որպես «այլախոհության» ներկայացուցիչ ժամանակակից Թուրքիայում։ Իր հասարակական-քաղաքական գործունեությամբ Փայլանը պայքարում է Թուրքիայում էրդողանյան վարչակարգի արատների դեմ, ազգային-կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և, առհասարակ, մարդակենտրոն իրավական պետության ամրապնդման համար։ Կարո Փայլանի հասարակական-քաղաքական գործունեության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում նաև հայկական հիմնախնդիրները։ Նա պայքարում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ժխտողականության հաղթահարման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, 2007թ. Կ.Պոլսում նահատակված հայազգի լրագրող, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով արդար դատաքննության համար։ Իր գործունեության համար Փայլանը բազմիցս հալածանքների է ենթարկվել ինչպես պետական հաստատությունների, այնպես էլ՝ հասարակական-քաղաքական հետադեմ շրջանակների կողմից։
Մինչև վերջերս Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր էր։ 2023 թ. Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, ելնելով կանոնադրական սահմանափակումներից, հայազգի գործչին չի առաջադրել որպես պատգամավորության թեկնածու։
Ընդդիմադիր մեկ այլ գործիչ է Սելինե Դողանը։ Նա անդամակցում է Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, եղել է խորհրդարանի նախկին պատգամավոր։ Ներկայումս Թուրքիայում գործունեություն ծավալող հայ լրագրող է Վերջիհան Զիֆլիօղլուն։
Մինչև 2023 թ. խորհրդարանական ընտրությունները Թուրքիայի խորհրդարանում, բացի իշխող քաղաքական ուժը ներկայացնող հայազգի պատգամավորներից, եղել են նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչ հայազգի պատգամավորներ։ Վերջին ընտրությունների արդյունքներով Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր դաշտը ներկայացնող հայազգի քաղաքական գործիչներ չկան։ Սա որոշակի աննպաստ հանգամանք է ստեղծում՝ նվազագույնը երկու առումով։ Նախ՝ պատգամավորական մանդատը ավելի լուրջ լծակներ է ընձեռում հայ համայնքի և առհասարակ հայության խնդիրները բարձրաձայնելու, դրանցով զբաղվելու համար, ինչպիսիք են, օրինակ՝ գրավոր և բանավոր հարցումները գործադիր իշխանության ներկայացուցիչներին, օրենսդրական նախաձեռնության իրավունքը և այլն։ Զրկվելով պատգամավորի կարգավիճակից՝ հայազգի գործիչները զրկվում են նաև հիշյալ հնարավորություններից։ Երկրորդ՝ պատգամավորական անձեռնմխելիությունը թույլ էր տալիս հայազգի ընդդիմադիր գործիչներին ավելի անկաշկանդ գործունեություն ծավալել, ինչը խնդրահարույց է, երբ չկա այդպիսի պաշտպանվածություն։
Թուրքիայում չեն գործում Հայկական սփյուռքի ավանդական և արդի քաղաքական կառույցները՝ ավանդական կուսակցությունները (ՀՅԴ, ՌԱԿ և ՍԴՀԿ), նրանց կից և նրանցից անկախ գործող լոբբիստական կազմակերպությունները։
«Ակոս» շաբաթաթերթի ազդեցությունը երկլեզու լինելու բերումով դուրս է գալիս զուտ հայ համայնքի շրջանակներից և պոտենցիալ կերպով ընդգրկում է ողջ թուրքական հասարակությունը։ Թերթի էջերում սուր կերպով բարձրաձայնվում են քաղաքական բնույթի խնդիրներ, որոնք վերաբերում են ինչպես Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանը, այնպես էլ՝ հայկական խնդիրներին։
Վերջին տարիներին Թուրքիայում ձևավորվել է «Նոր զարթոնք» անվանումով հայկական երիտասարդական շարժում, որի գործունեությունը նույնպես ունի քաղաքական ենթատեքստ։ Այս շարժման մեջ ներգրավված երիտասարդները պայքարում են հայ համայնքի իրավունքների պաշտպանության համար։ 2015 թ. նրանց ակտիվ պայքարի արդյունքում կանխվեց հայկական բողոքական որբանոց-ճամբարի (Քեմփ Արմեն – Camp Armen)(19) շենքի քանդումը, և այն վերադարձվեց հայ ավետարանական համայնքին։
Թուրքիայի հայությունը ներկայում կանգնած է մի շարք լրջագույն մարտահրավերների առաջ, ինչպիսիք են՝ թվաքանակի նվազումը, ձուլման միտումները, բռնագրավված եկեղեցական գույքի վերադարձման հետ կապված բարդությունները, հայկական պատմամշակութային ժառանգության խնդիրը։ Ասվածին կարելի է հավելել նաև վերջին տարիներին երկրի տնտեսական դժվարությունները, լիրայի անկումը, որը տնտեսապես աննպաստ իրավիճակ է ստեղծում նաև հայերի համար(20):
Տասնամյակներ շարունակ հոգևոր և ֆիզիկական անվտանգությանը սպառնացող վտանգները հանգեցրել են Թուրքիայի հայ համայնքի թվաքանակի աղետալի նվազմանը։ Եթե 1960-ական թվականներին այն շուրջ 200 հազար էր, ապա այժմ հաշվվում է մոտ 70 հազար։ Հայության քանակական սպառման գործընթացը, ցավոք, շարունակվում է և չկանգնելու դեպքում կհանգեցնի վերջինիս իսպառ վերացմանը։
Թուրքիայի հայության հնարավոր սպառումը բացասական հետևանքներ կունենա բովանդակ հայության համար՝ նվազագույնը երկու առումով։ Նախ՝ ծանր հարված կհասցվի արևմտահայ քաղաքակրթությանը, քանի որ առկա բոլոր խնդիրներով հանդերձ Թուրքիայի հայությունը, մասնավորապես՝ Կ. Պոլսի հայ համայնքը, եղել և մնում է արևմտահայ մշակութաստեղծ հանրույթ.
- Այստեղ լույս տեսնող հայալեզու թերթերի էջերում ոչ միայն պահպանվում, այլև զարգանում է արևմտահայերենը։ Այնտեղ, բացի լուրերից, հրատարակվում են նաև հրապարակախոսական, գրական և այլ ժանրի նյութեր։
- Կ.Պոլսում, չնայած բազմաթիվ դժվարություններին, շարունակում է ծաղկել արևմտահայ գրականությունը։ Անցյալի գրողների ստեղծագործությունների հետ մեկտեղ հրատարակվում են նաև ժամանակակից պոլսահայ գրողների երկերը, ինչը նշանակում է, որ առկա է կենսունակ գրական հայ համայնք, որին էլ պատկանում է ներկա բարդ ժամանակներում արևմտահայ գրականության զարգացման առաքելությունը(21)։
- Կ.Պոլսում արևմտահայերենով հրատարակվում է նաև հայագիտական գրականություն, ինչը վկայում է այն մասին, որ այնտեղ առկա է ոչ միայն մշակութային, հրապարակախոսական, գրական, այլև գիտական հայ կյանք։
- Թուրքիայում շարունակում է կենսունակ մնալ նաև հայկական մշակույթը։ Գործում են արվեստի և մշակույթի բազմաթիվ ստեղծագործական խմբեր, որոնք ապահովում են այդ երկրի հայության մշակութային կյանքը։
Երկրորդ խնդիրը, որը կապված է Թուրքիայի հայության սպառման հետ, Կ. Պոլսի Հայոց պատրիարքության ճակատագիրն է։ Նման սցենարի դեպքում Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկը կհայտնվի «առանց հոտի մնացած հովվի» կարգավիճակում։ Թուրքիան հայության վիճակի տեսակետից կնմանվի Հնդկաստանին, որտեղ կան հայկական եկեղեցիներ, կալվածքներ, սակայն չկա համայնք։
Հայության թվաքանակի նվազումը հանգեցնում է նաև ազգային ինքնության պահպանման խնդրի սրմանը։ Մասնավորապես, կրճատվում է նաև ինքնության հենասյուն հայկական դպրոցների և եկեղեցիների թվաքանակը, ինչը զուգակցվում է հայերի շրջանում հայկականությունից հեռանալու միտումների հետ։ Ծնողները հաճախ նախընտրում են իրենց երեխաներին ուղարկել ոչ թե հայկական, այլ՝ օտար դպրոցներ։ Հայությունը հրաժարվում է հանգանակությունների միջոցով լրացնել ազգային կրթական հաստատությունների բյուջեների բացը։ Համայնքի թվաքանակի նվազումը, ձուլման խնդիրները, մասնավորապես՝ հայախոսության շրջանակի նվազումը, տնտեսական դժվարությունները, ինչպես նաև համացանցը գոյաբանական սպառնալիքներ են ստեղծել պոլսահայ տպագիր մամուլի համար, որը հայտնվել է նյութական առումով խիստ ծանր իրավիճակում և իր գոյությունը պահպանելու համար ստիպված է ապավինել բարերարների նվիրատվություններին(22)։
Բռնագրավված եկեղեցական գույքի վերադարձման խնդիրն առավելապես առնչվում է հայ համայնքի տնտեսական մարտահրավերներին, քանի որ վերջինիս դիմագրաված դժվարությունները հիմնականում ունեն նյութական (ֆինանսական) բնույթ։ Տնտեսական անբավարար պայմանները բացասաբար են անդրադառնում հատկապես կրթական հաստատությունների գործունեության վրա, որոնք պարբերաբար կանգնում են բյուջեի սղության (երբ ծախսերը գերազանցում են առկա հնարավորությունները) խնդրի առջև՝ ստիպված լինելով բացը լրացնել հանգանակությունների միջոցով։
Չնայած վերջին շրջանում Թուրքիայի դիմագրաված տնտեսական դժվարություններին, հայկական կառույցների շրջանում նյութական սղության խնդիրը մեծ հաշվով պայմանավորված է եկեղեցական կալվածքների բռնագրավված լինելու, ինչպես նաև՝ առկա գույքի օգտագործման սահմանափակ հնարավորությունների հետ, քանի որ դրանց օգտագործումը (հիմնականում՝ վարձակալության հանձնումը) մեծ եկամուտների աղբյուր է ազգային հաստատությունների համար։
Նյութական դժվարությունները լրացուցիչ պառակտման աղբյուր են Թուրքիայի հայության համար։ Առաջանում է սոցիալական բևեռացում Կ. Պոլսի հայկական համայնքների միջև։ Հարուստ թաղամասերը կարողանում են լուծել իրենց խնդիրները և որոշ չափով օգնել նաև աղքատներին։ Մինչդեռ աղքատ թաղամասերը շարունակաբար տառապում են նյութական անբավարարությունից։
Պատմամշակութային ժառանգության խնդրի առումով նույնպես առկա են մտահոգիչ երևույթներ։ Պետությունը որոշակի խնամք է ցուցաբերում այն հուշարձանների նկատմամբ, որոնք զբոսաշրջային արժեք են ներկայացնում։ Մինչդեռ այն հայկական հուշարձանները, որոնք այդ առումով մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում, արժանանում են լիովին այլ վերաբերմունքի՝ ա) դիտավորյալ կամ պետության լռելյայն թույլտվությամբ ենթարկվում են ոչնչացման, բ) օգտագործվում են այլ նպատակներով, գ) որպես «լքյալ գույք» վաճառվում են մասնավոր անձանց, դ) պատկան մարմինների անտարբերության հետևանքով ժամանակի ընթացքում ենթարկվում են «բնական» մաշման և տարերային աղետների (երկրաշարժեր, սողանքներ և այլն) ու գանձագողերի հասցրած հարվածներին։
Հայաստանի հետ կապի հարցում Թուրքիայի հայության պարագայում կան որոշակի յուրահատկություններ՝ Սփյուռքի այլ համայնքների համեմատ։ Գլխավոր առանձնահատկությունը ՀՀ և ԹՀ միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է։ Սովորաբար արտասահմանյան երկրներում ՀՀ դեսպանություններն են այն հիմնական օղակը, որով Սփյուռքի համայնքները կապվում են Հայրենիքի, հայրենի իշխանությունների հետ։ Թուրքիայի հայության պարագայում, քանի որ չկան Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ, չկան նաև Թուրքիայում ՀՀ դեսպանություն և հյուպատոսություններ։
Սակայն հայկական դիվանագիտական ներկայացուցչության բացը զգալի չափով լրացնում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցչությունը, որը գտնվում է Կ.Պոլսում։ Այդ կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչները մասնակցում են հայ համայնքում տեղի ունեցող կարևոր միջոցառումներին՝ պահպանելով մշտական կապ համայնքային կառույցների (Պատրիարքություն, թերթերի խմբագրություններ և այլն) հետ։
Այնուամենայնիվ, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցչությունը չի կարող լիարժեք փոխարինել Թուրքիայում ՀՀ դեսպանությանը, քանի որ չունի նույն լիազորությունները։ Մասնավորապես, հայ համայնքի և պետության միջև խնդիրների պարագայում այն չի կարող հանդես գալ ՀՀ անունից։
Հայաստանի հետ Թուրքիայի հայության կապը որոշակիորեն ապահովվում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքության փոխհարաբերությունների, ինչպես նաև՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի (նախկինում՝ Սփյուռքի նախարարություն) և այլ գերատեսչությունների կազմակերպած կրթամշակութային միջոցառումներին Թուրքիայի հայության ներկայացուցիչների մասնակցության միջոցով։
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայում հայաստանցի ներգաղթյալների թվի մասին ճշգրիտ վիճակագրություն չկա: Թեև երկրի իշխանությունները հաճախ խոսում են 100 հազարի մասին, իրականում, սակայն, այդ թիվը խիստ ուռճացված է։ 100 հազար ասելով՝ թուրքական իշխանությունները, ամենայն հավանականությամբ, նկատի ունեն երկրի ողջ հայությունը՝ ինչպես ԹՀ քաղաքացի հայերին (հայ համայնքի ներկայացուցիչներին), այնպես էլ՝ հայաստանցի աշխատանքային ներգաղթյալներին։ Եթե հայ համայնքի թիվը, համաձայն պաշտոնական տվյալների, մոտ 70 հազար է, ապա մնացյալ 30 հազարը, ամենայն հավանականությամբ, ՀՀ քաղաքացիներ են։ «Հրանտ Դինք» հիմնադրամի և Ստամբուլի Բիլգի համալսարանի Գաղթականության ուսումնասիրության կենտրոնի 2019 թ. հունիսին հրապարակած տեղեկագիրը հայ գաղթականների ավելի սահմանափակ թիվ է նշում՝ 15-20 հազար(23)։ Հայաստանյան փորձագիտական շրջանակները (օրինակ՝ թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը(24)) նույնպես համանման գնահատական են տալիս։
Թուրքական իշխանությունները, արհեստականորեն ուռճացնելով հայ գաղթականների թիվը, փորձում են լուծել մի քանի խնդիր.
ա) Թուրքիայի համար հանդուրժողական, ժողովրդավար, հյուրընկալ և գրավիչ երկրի կերպարի ձևավորում և քարոզչություն այդ ուղղությամբ,
բ) Ցեղասպանության քողարկված ժխտում՝ այն տրամաբանությամբ, որ եթե Թուրքիան ցեղասպան երկիր է, ապա ինչո՞ւ են այդքան մեծ թվով հայեր հաստատվել այնտեղ,
գ) արտաքսման սպառնալիքի ազդեցիկության մեծացում:
Հայաստանցի գաղթականները Թուրքիայում հիմնականում վարձու աշխատողներ են կամ էլ փոքր և միջին գործարարության ոլորտի ներկայացուցիչներ։ Նրանք հաստատվել են քաղաքներում՝ հիմնականում Կ.Պոլսում։ Դա պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
ա) Կ. Պոլիսը, որպես մեգապոլիս և կոսմոպոլիտ քաղաք, ավելի լայն հնարավորություններ է տալիս աշխատանք գտնելու, ինչպես նաև ձեռներեցությամբ զբաղվելու համար,
բ) Կ.Պոլսում են կենտրոնացած Թուրքիայի հայ համայնքի մեծագույն մասը, ինչպես նաև համայնքային հաստատությունները, ինչը թույլ է տալիս հայաստանցի գաղթականներին ավելի հեշտությամբ լուծել իրենց խնդիրները։ Թուրքիա տեղափոխված հայաստանցիները հաճախ աշխատանքի են անցնում Կ. Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչների մոտ, երբեմն էլ՝ համայնքային հաստատություններում։ Օրինակ՝ Հայաստանից Կ.Պոլիս տեղափոխված Նաիրա Սյուզմեն այժմ աշխատում է «Նոր Մարմարա» օրաթերթում։ Դատելով «Հրանտ Դինք» դպրոցում, ինչպես նաև՝ «Գարուն» մանկապարտեզում դասավանդող ուսուցիչների անուն-ազգանուններից (Հերիքնազ Ավագյան՝ տնօրեն, Դոնարա Բեբուրյան, Մարգարիտ Ավագյան, Նոնա Հարությունյան, Անժելա Ենգոյան)(25), ինչպես նաև այն հանգամանքից, որ դպրոցում ուսուցումն իրականացվում է ՀՀ կրթական ծրագրերով, կարելի է ենթադրել, որ նրանք նույնպես հայաստանցի են։
Հայաստանցի աշխատանքային ներգաղթյալները Թուրքիայի հայության համեմատաբար խոցելի խումբն են՝ պայմանավորված հետևյալ հանգամանքներով.
ա) նրանց կեցությունն ու աշխատանքային գործունեությունը Թուրքիայում հաճախ անօրինական է,
բ) Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Հայաստանի Հանրապետությունը պետական խողովակներով չի կարող անհրաժեշտության դեպքում օգնել, նպաստել նրանց տարատեսակ խնդիրների լուծմանը կամ պաշտպանել ոտնձգություններից։
Հիշյալ հանգամանքների պատճառով հայաստանցի ներգաղթյալները դառնում են ինչպես քաղաքական մեքենայությունների գործիք թուրքական իշխանությունների և քաղաքական շրջանակների ձեռքում, այնպես էլ ոտնձգությունների թիրախ՝ պետության և հասարակական հետադեմ ուժերի համար։
Լինելով խոցելի խումբ՝ հայաստանցի գաղթականները պարբերաբար հայտնվում են թուրքական ցասման թիրախում։ Հայ ներգաղթյալներին արտաքսելու թեման թուրքական հասարակական-քաղաքական շրջանակներում օրակարգային է եղել դեռևս 1990-ական թթ. կեսից։ Առաջին անգամ այդ մասին հիշատակել է վարչապետ Թանսու Չիլլերը(26)։ Դրանից հետո էլ ամեն անգամ, երբ միջազգային ասպարեզում արծարծվում է Հայոց ցեղասպանության խնդիրը, թուրքական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հիշելու հայ ներգաղթյալներին՝ մի կողմից շեշտելով նրանց ապօրինի կեցությունը Թուրքիայում, մյուս կողմից՝ վտարելու հնարավորությունը։
Թեման առավել ակտիվ շոշափվել է հատկապես 2010-ականներին։ 2010 թ. հայերին արտաքսելու սպառնալիքով հանդես եկավ Թուրքիայի՝ այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Էրդողանը(27)։ Հետագայում նույնպես համանման սպառնալիքները պարբերաբար կրկնվեցին ինչպես բարձրագույն իշխանությունների(28), այնպես էլ հասարակական-քաղաքական շրջանակների կողմից։ Հերթական դեպքը տեղի ունեցավ 2019 թ. փետրվարի 5-ին՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ նախագահ Էմանուել Մակրոնի ելույթից հետո։ Վերջինս հայտարարել էր, որ ապրիլի 24-ն առաջիկայում Ֆրանսիայում կհռչակվի Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր(29), ինչն ի կատար ածվեց ապրիլի 10-ին՝ նախագահի հրամանագրով(30)։
Այդ հայտարարությունը բուռն արձագանքի արժանացավ Թուրքիայում։ Կուսակցություններից մեկի` «Մեծ միության կուսակցության» (Büyük Birlik Partisi) նախագահ Մուստաֆա Դեսթիջին, խիստ քննադատելով Ֆրանսիային և նրա նախագահին, ասել էր. «Այսօր Թուրքիայում որպես փախստական գտնվող հարյուր հազար հայաստանցի հայ կա։ Ես ասում եմ, որ մենք էլ սրանց Թուրքիայի սահմաններից դուրս վտարենք։ Նրանք մի կողմից հակաթուրքական լոբբի են կազմում, մյուս կողմից էլ մենք ենք նրանց սնուցում»(31)։
Բացի քանակի հարցում անճշտությունից, սույն հայտարարության մեջ առկա էր քաղաքական մեքենայության ևս մեկ ակնհայտ դրսևորում. հայ գաղթականներին վերագրվում էր Թուրքիայի դեմ գործունեություն ծավալելու մեղադրանք։ Իրականում հայտնի չէ որևէ փաստ, որ հայաստանցիները Թուրքիայում զբաղվում են լոբբիստական գործունեությամբ։ Նրանք ընդամենը աշխատանքային գաղթականներ են, ովքեր, ելնելով կյանքի ծանր պայմաններից, իրենց հանապազօրյա հացը վաստակելու նպատակով արտագնա աշխատանքի են մեկնել։ Մեծ ցանկության դեպքում անգամ նրանք չեն կարող զբաղվել հակաթուրքական լոբբինգով, քանի որ դրա համար չունեն ո՛չ իրավական, ո՛չ կազմակերպչական, ո՛չ նյութական-ֆինանսական և ո՛չ էլ այլ ռեսուրսներ։ Ստացվում է, որ հայ միգրանտների թվի արհեստական ուռճացումը թուրքական հասարակական-քաղաքական որոշ շրջանակների համար ծառայում է մեկ այլ կարևոր նպատակի՝ հակահայկական քարոզչությանը։
2019 թ. հուլիսին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Սուլեյման Յոզգարաասլանը սոցիալական ցանցերում հանդես է եկել սիրիացի փախստականների և այլ ներգաղթյալների հետ միասին «Թուրքիոյ մէջ ապօրէն կերպով բնակող 100 հազար հայաստանցիները» արտաքսելու վերաբերյալ հարց-առաջարկությամբ։ Հայաստանցի միգրանտներին արտաքսելու թեման այնքան սովորական է դարձել Թուրքիայի քաղաքական խոսույթում, որ «Նոր Մարմարա» թերթի բնորոշմամբ «… երբ քաղաքական օրակարգը պարապ է, եւ հարց մը չկայ մէջտեղը, հայաստանցիները երկրէն արտաքսելու թէման միշտ «պատրաստ» վիճակի մէջ կը հանուի քաղաքական դարաններու մէջէն ու յանկարծ կը դրուի օրակարգի վրայ»(32)։
Հայ գաղթականները ենթարկվում են նաև թուրք հասարակության հետադեմ տարրերի ոտնձգություններին։ Այդպիսի դեպք էր Արթուր անունով 13-ամյա հայ տղայի «կրոնափոխությունը» հեռուստաեթերով 2019 թ. մայիսին(33), ինչպես նաև նույն թվականի մայիսի 31-ին Արփինե Թումանյանի դանակահարությունը՝ հետագայում նմանատիպ գործողությունները կրկնելու «սա դեռ սկիզբն է» սպառնալիքով(34):
Ըստ որոշ տեղեկությունների՝ Կ.Պոլսում (Սամաթիայում) ապրող շատ հայերի տների արտաքին պատերի վրա հատուկ նշաններ են արված(35)։ Սա նշանակում է, որ հայ գաղթականների նկատմամբ ոտնձգությունները դիպվածային երևույթներ չեն, այլ վկայում են որոշակի մթնոլորտի և տրամադրությունների մասին։
Անհանդուրժողականության նման դրսևորումներն, ի վերջո, ստիպում են Թուրքիայում հաստատված հայաստանցի ներգաղթյալներին մտածել այդ երկրից հեռանալու մասին։ Դանակահարված Արփինե Թումանյանի ընտանիքը (ամուսիններ և երկու երեխա) հանցագործությունից հետո նախ ապահովության նկատառումներով տեղափոխվեց այլ բնակարան, ապա՝ կնոջ ապաքինումից հետո, վերադարձավ Հայաստան։ Այս միտմանը նպաստում է նաև ոտնձգությունների նկատմամբ թուրքական պետության կրավորական վերաբերմունքը. հանցագործությունը այդպես էլ չբացահայտվեց՝ հակառակ հայկական համայնքային կառույցների, պատգամավոր Կարո Փայլանի և Թուրքիայի առաջադեմ այլ ուժերի գործադրած ջանքերին։
Հարկ է նշել, որ թուրքական անհանդուրժողականության պատճառով այդ երկրից Հայաստան տեղափոխվելու երևույթը բնորոշ է ոչ միայն աշխատանքային գաղթականներին, այլև՝ տեղի ավանդական հայ համայնքի ներկայացուցիչներին։ Օրինակ՝ ավելի քան 10 տարի առաջ զինվորական ծառայության ընթացքում սպանված հայազգի երիտասարդ Սևակ Բալըքջըի ընտանիքը, չդիմանալով ծանր հոգեկան ապրումներին, ստիպված թողեց Կ.Պոլիսը և հայրենադարձվեց Հայաստան։
2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ աշխուժացավ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների բնականոնացման վերաբերյալ խոսույթը, ինչպես նաև որոշակի գործընթաց սկսվեց այդ ուղղությամբ, հայ գաղթականների արտաքսման մասին խոսակցություններն էլ դադարեցին։ Դա, սակայն, չի նշանակում, որ հայ աշխատանքային գաղթականները Թուրքիայում դադարել են լինել խոցելի խումբ և չեն կարող կրկին դառնալ ինչպես պետական հաստատությունների, այնպես էլ՝ հետադեմ ուժերի թիրախ։
Այնուամենայնիվ, չի կարելի պնդել, թե հայաստանցի գաղթականները Թուրքիայում լիովին անպաշտպան են։ Նրանց շահերի ու իրավունքների պաշտպանությունը մասամբ իրենց վրա են վերցնում այլ կառույցներ և անհատներ, որոնց թվում են հայկական եկեղեցական հաստատությունները՝ Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունը, Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները։ Օրինակ՝ հայաստանցի մանուկների հայեցի կրթությունն ապահովելու նպատակին ծառայող «Հրանտ Դինք» դպրոցը հիմնվել է վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուի ջանքերով դեռևս 2003թ.։
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը նույնպես, ինչպես արդեն նշվեց, հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում որոշակիորեն իրականացնում է Թուրքիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության գործառույթներ։ Բացի այդ, հայաստանցի աշխատանքային գաղթականների իրավունքների պաշտպանության հարցում նախանձախնդրություն է ցուցաբերում նաև Թուրքիայի հայկական մամուլը՝ օպերատիվ և քննադատաբար արձագանքելով ոտնձգություններին:
Ինչ վերաբերում է անհատներին, ապա նրանցից ամենաակնառու գործիչը Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր («Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից») Կարո Փայլանն է, ով այդ երկրի օրենսդիր մարմնում և դրանից դուրս հայության բազմաթիվ խնդիրների հետ միասին բարձրաձայնում է նաև Թուրքիայում հաստատված հայ գաղթականների խնդիրները։
Ինչպես 13-ամյա հայաստանցի տղայի «կրոնափոխությունը», այնպես էլ՝ Արփինե Թումանյանի դանակահարությունը, դատապարտվել են Կարո Փայլանի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքության կողմից։ Ուղիղ եթերում 13-ամյա Արթուրի «կրոնափոխությունից» հետո Կ. Պոլսի Հայոց պատրիարքի նախկին ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը(36) զանգահարել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության պետին և հայտնել իր մտահոգությունը։ Սրբազանը բողոք է ներկայացրել հայ պատանուն «կրոնափոխած» մահմեդական քարոզիչ Նիհաթ Հափիթօղլուի դեմ(37), իսկ Կարո Փայլանը սոցիալական ցանցերում երևույթը համարել է անչափահասների շահագործում և հայտարարել, թե պատրաստվում է պաշտոնապես բողոք ներկայացնել Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդին և դատախազությանը՝ ընդդեմ այդ հեռուստահաղորդման(38)։
Հայաստանցի կնոջ վրա հարձակումից հետո Կ. Պոլսի Հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կապ է հաստատել Ստամբուլի Ապահովության տնօրինության հետ՝ հանցագործությունը բացահայտելու խնդրանքով։ Վերջինս նաև այցելել է դանակահարված կնոջը՝ օրհնելով և լիակատար ապաքինում մաղթելով նրան(39)։ Կարո Փայլանը հանցագործության մասին հարցում է արել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սյուլեյման Սոյլուին։ Հայազգի պատգամավորը ևս այցելել է հարձակման ենթարկված ընտանիքին(40):
Հայաստանցիների նկատմամբ ոտնձգությունները դատապարտվել են ոչ միայն Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերի, այլև իշխանական առողջ շրջանակների կողմից։ Սուլեյման Յոզգարաասլանի վերոհիշյալ թվիթերյան գրառումը բողոքի ալիք է բարձրացրել անգամ «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանակներում և ներկայացվել վերջինիս կարգապահական խորհրդի քննարկմանը(41)։
Չնայած առկա դժվարություններին և մարտահրավերներին, հայաստանցի ներգաղթյալների երեխաների կրթական խնդիրների նկատմամբ հոգածությունը, նրանց անվտանգության ապահովման նպատակով քայլերի ձեռնարկումը և, առհասարակ, նրանց խնդիրների լուծմանն աջակցությունը հայկական համայնքային կառույցների և տեղի անհատ հայերի կողմից վկայում է ոչ միայն ՀՀ–ԹՀ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում համայնքային հաստատությունների կողմից պետության գործառույթները որոշակիորեն իրենց վրա վերցնելու հանգամանքի, այլև՝ տեղի ավանդական հայ համայնքի մեջ աշխատանքային գաղթականների համարկման մասին։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացում հայաստանցի աշխատանքային գաղթականների դերին, ապա կարելի է ասել, որ նրանք, առաջին հերթին, կարող են լինել այդ գործընթացի շահառու։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման պարագայում Թուրքիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը լուրջ գործոն կլինի պետական (դիվանագիտական) խողովակներով այդ երկրում աշխատող հայ գաղթականների իրավունքների պաշտպանության համար։ Խոսելով Թուրքիայում հաստատված ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ-ԹՀ հարաբերությունների զարգացման գործում ապագայում հնարավոր ներդրման մասին, կարելի է փաստել, որ նրանք կարող են որոշակի դեր խաղալ՝ որպես թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան ներսից ճանաչող հանրույթ։ Նրանք կարող են իրենց փորձով փոխանակվել նախատեսվող առևտրատնտեսական կապերում ներգրավվող իրենց հայրենակիցների հետ՝ անհրաժեշտ խորհրդատվություն և ճիշտ ուղղություն տալով նրանց գործունեությանը։ Այնուամենայնիվ, հայաստանցի աշխատանքային ներգաղթյալներից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ Հայաստանում ներդրումներ անելու առումով, քանի որ նրանք խոշոր ձեռներեցներ չեն, այլ՝ վարձու աշխատողներ կամ էլ փոքր գործարարությամբ զբաղվողներ։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սպառնալիքներ
- Թուրքիայի հայ համայնքի առջև ծառացած գլխավոր մարտահրավերը քանակական նվազման շարունակական գործընթացն է, որը կարող է հանգեցնել համայնքի վերջնական սպառմանը։
- Դա իր հերթին սպառնում է վերջ տալ պոլսահայ համայնքի գրական, գիտական, մշակութային կյանքին, որը, չնայած բարդ պայմաններին, դեռևս շարունակվում է և դրանով իսկ շարունակում է սնել արևմտահայ (նաև՝ առհասարակ, հայկական) քաղաքակրթությունը։
- Թուրքիայի տնտեսական դժվարությունները լրացուցիչ բարդություններ են ստեղծում այդ երկրի հայկական հաստատությունների համար, ինչպիսիք են՝ դպրոցները, տպագիր մամուլը, որոնք առանց այդ էլ կանգնած են գոյութենական խնդիրների առաջ։
- Թուրքիայի հայ համայնքի սպառման պարագայում պարզ չէ դրա ղեկավար կառույցի՝ Կ. Պոլսի Հայոց պատրիարքության հետագա ճակատագիրը։ Հայ Առաքելական եկեղեցու այս դարավոր նվիրապետական աթոռներից մեկը, ունենալով նյութական և հոգևոր հարուստ արժեքներ, այնուամենայնիվ, կզրկվի իր հոտից։
- Այս տարի տեղի ունեցած աղետալի երկրաշարժերը՝ մեծ ավերածությունների հետ միասին, վնաս պատճառեցին նաև Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմական հուշարձաններին՝ պատմամշակութային ժառանգությանը, որն առանց այդ էլ գտնվում էր անմխիթար վիճակում։ Վնասը դեռ գնահատված չէ։ Հայտնի չէ նաև, թե պետությունը արդյոք կստանձնի վնասված հուշարձանների վերականգնման գործը։ Իսկ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը կհանգեցնի Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի տարածքում հայկական հետքի անհետացմանը, քանի որ պատմական հուշարձաններն են այդ տարածքներում հայերի գոյության իրեղեն ապացույցները։
- Հայաստանցի աշխատանքային գաղթականների՝ Թուրքիայում հաճախ անօրինական կեցության հետևանքով անկայուն իրավիճակի առաջացման պարագայում նրանք կարող են դառնալ բռնության և ցասման թիրախ, ինչն անվտանգային լուրջ սպառնալիք է այդ հանրության համար։
- Հայաստանցի ներգաղթյալների պետականորեն կազմակերպված հնարավոր արտաքսումը Թուրքիայից հերթական անգամ Հայաստանը կկանգնեցնի տարերային հայրենադարձության խնդրի առաջ, ինչպես տեղի ունեցավ ադրբեջանահայության պարագայում 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, իրաքահայերի (2003 թ.-ից հետո) և սիրիահայերի (2011 թ.-ից հետո) պարագայում։ Ճիշտ է, Թուրքիայում հաստատված հայաստանցիները էապես տարբերվում են ադրբեջանահայերից, սիրիահայերից և իրաքահայերից այն առումով, որ նրանք ունեն ՀՀ քաղաքացիություն, շարժական և անշարժ գույք Հայաստանում, հարազատներ և բարեկամներ, հետևաբար՝ նրանց վերահամարկման խնդիրը սուր չի լինի, այնուամենայնիվ, նրանց զանգվածային արտաքսումը կարող է որոշակիորեն սրել սոցիալական իրավիճակը Հայաստանում։
Հնարավորություններ
- Առհասարակ՝ Սփյուռքի համայնքները յուրահատուկ կամուրջ են Հայաստանի և տվյալ երկրի միջև։ Թուրքիայի հայության պարագայում, պայմանավորված Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ, վերջինս մեծ հաշվով զրկված է այդ դերակատարությունից։ Այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման պարագայում, Թուրքիայի հայությունը կարող է էական դեր խաղալ երկու երկրների առևտրատնտեսական, գիտամշակութային կապերի խթանման գործում։
- Թուրքիայի հայազգի «այլախոհ» գործիչների (մտավորականներ, քաղաքական գործիչներ և այլն) գործունեությունը թույլ է տալիս այդ երկրում արծարծել տաբու համարվող խնդիրներ, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության հարցը, մահմեդականացված, հայկական ինքնությունը կորցրած հայության խնդիրները և այլն։
- Ինչ վերաբերում է իշխանամերձ հայազգի քաղաքական գործիչներին, ապա նրանք առավելաբար օգտակար են համայնքային խնդիրների լուծման գործում, ինչպիսիք են եկեղեցական գույքի վերադարձի, հայկական դպրոցների սեյսմակայունության բարձրացման հարցը և այլն։ Նրանք որոշ չափով դրական դերակատարություն կարող են ունենալ նաև հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործընթացում։
- Հայկական հոգևոր-եկեղեցական կառույցների (Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիներ) գործունեությունը թույլ է տալիս որոշ չափով զբաղվել նաև ինքնության կորստի տարբեր մակարդակներում գտնվող հայերի (մահմեդականացված, ծպտյալ, թրքացած, քրդացած հայեր) խնդիրներով և աշխատանքներ տանել նրանց հայ ինքնության վերականգնման ուղղությամբ։ Իսկ դա կուժեղացնի հայկական գործոնը Թուրքիայում։
- Պոլսահայ համայնքի գիտական, մշակութային և գրական կյանքը թույլ է տալիս ամրապնդել Հայրենիք–Սփյուռք համագործակցությունն այդ ոլորտներում, ինչը կհանգեցնի հայկական քաղաքակրթության էլ ավելի զարգացմանը։ Հարկ եղած պարագայում ՀՀ-ն և Արցախը կարող են օգտվել նաև Թուրքիայի հայ համայնքի մասնագիտական ներուժից՝ ճարտարապետության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, հայագիտության, մշակույթի և այլ ոլորտներում։ Չէ՞ որ Պոլիսը բազմաթիվ նշանավոր դեմքեր է տվել Հայաստանին՝ Վահրամ Փափազյան, Հովհաննես Չեքիջյան և այլն։ Եթե դա հնարավոր է եղել անցյալում, ապա ինչո՞ւ չի կարող հնարավոր լինել ներկայում։
- Թուրքիայի հայության գործարար շրջանակների ներկայացուցիչները կարող են թե՛ որոշակի ներդրումներ անել ՀՀ-ում և Արցախում, թե՛ իրականացնել բարեգործական ծրագրեր։ Միաժամանակ, որպես Թուրքիան ներսից ճանաչող հանրույթ, նրանք կարող են նպաստել հայ-թուրքական առևտրատնտեսական կապերին։
- Հայաստանցի աշխատանքային ներգաղթյալների հայտնվելը Թուրքիայում որոշ չափով ուժեղացրել է հայկական ներկայությունն այդ երկրում՝ որոշակիորեն հակակշռելով հայ համայնքի քանակական նվազման գործընթացը։ Թուրքիայում հայկական ներկայության ամրապնդման համար անհրաժեշտ է հայաստանցի ներգաղթյալների սերտ համարկում տեղի հայ համայնքի հետ։
- Միևնույն ժամանակ, Թուրքիայում հաստատված ՀՀ քաղաքացիները որպես երկու երկրին էլ ներսից ծանոթ հանրույթ նույնպես կարող են ներդրում ունենալ հայ-թուրքական առևտրատնտեսական, գիտամշակութային, կրթական և այլ կապերի խթանման գործում։
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
- Աքչամ Թ., Երիտթուրքերի գործած ոճիրը մարդկության դեմ. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում, 2015, Երևան, «Տիգրան Մեծ», 583 էջ։
- Այշէնուր Գոլիվար հիւրընկալուեցաւ Հայաստանեան դպրոցին մէջ, Նոր Մարմարա, 20.05.2023։
- Անտեղի առաջարկ մը՝ Ա-Գէ-Փէցի երեսփոխանէն. «Երկրէն արտաքսենք ապօրէն կերպով ապրող հայաստանցիները», Նոր Մարմարա, 12.07.2019։
- Արամ արք. Աթէշեան այցելեց դաշունահարուած հայաստանցիին, Նոր Մարմարա, 10.06.2019։
- Բողոքի ձայներ «Հայաստանցիները վտարենք» ըսող քաղաքագէտին դէմ, Նոր Մարմարա, 27.07.2019։
- Գարակէօզեանի Խնամակալութենէն զօրակցութիւն՝ պոլսահայ մամուլին եւ «Լոյս Մէտիա»ին, Նոր Մարմարա, 28.04.2023։
- Գարակէօզեան տան խնամակալութիւնը նոր ծրագիր մը եւս կ՚իրականացնէ ընկերային գետնի վրայ, Նոր Մարմարա, 26.05.2023։
- Զեքիյան Պողոս Լևոն Անտոնի, ՀՀ ԳԱԱ պաշտոնական կայք, https://www.sci.am/membersview.php?id=201&d=0&l=6&langid=1#top (բեռնման օրը` 05.2023):
- Էրդողանն ակնարկել է Թուրքայից հայերին արտաքսելու հնարավոր սպառնալիքի մասին, լուր, 15.04.2015. https://www.ermenihaber.am/am/news/2015/04/15/Էրդողանն-ակնարկել-է-Թուրքայից-հայերին-արտաքսելու-հնարավոր-սպառնալիքի-մասին/55629 (բեռնման օրը՝ 26.05.2023):
- Թուրքիայում հայ տղայի «կրոնափոխությունն» ու դրան հաջորդած արձագանքները, լուր, 16.05.2019. https://www.panorama.am/am/news/2019/05/16/ Թուրքիա-հայ-տղա-կրոնափոխ/2115156 (բեռնման օրը՝ 26.05.2023):
- Թուրքիայի համշենցիներ. բարդ ինքնություն, հարցազրույց, 27.10.2016. https://repairfuture.net/index.php/hy/identity-standpoint-of-turkey-ar/turkey-s-hemshinli-a-complex-identity-armenian (բեռնման օրը` 27.05.2023):
- Իսլամ ընդունած տղայի դեպքը Փայլանը որակում է երեխայի շահագործում. նա բողոք կներկայացնի, լուր, հարցազրույց, 14.05.2019, https://armeniasputnik.am/20190514/ turkey-islam-yndunac-txayi-mayry-texyak-chi-yexel-vor-yerexan-tv-haxordman-e-masnakcelu-18594787.html (բեռնման օրը` 05.2023):
- Լուրեր՝ «Հրանդ Տինք» Հայաստանեան դպրոցէն, Նոր Մարմարա, 25.05.2023։
- Հայաստանցի գաղթականներու հարցի շուրջ քննարկում՝ Պիլկի համալսարանին մէջ, Նոր Մարմարա, 14.06.2019։
- Հայաստանցիներին կարտաքսե՞ն Թուրքիայից. երկրում խաղի կանոններ են փոխվել, հարցազրույց, 05.05.2019. https://armeniasputnik.am/20190505/hayastanci nerin-kartaqsen-turqiayic-erkrum-khaxi-kanonner-en-poxvel-18422017.html (բեռնման օրը` 05.2023):
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6, 1980, Երևան, 720 էջ։
- Հէ-Տէ-Փէցի Հիւտա Գայա հայաստանցի դաշունահարուած կնոջ հարցը օրակարգի բերաւ խորհրդարանի մէջ, Նոր Մարմարա, 12.06.2019։
- Մարտիրոսյան Ա., Էրդողանը սպառնում է արտաքսել հազարավոր հայերի. Հայաստանը դատապարտում է, լուր, 18.03.2010. https://www.azatutyun.am/a/ 1986701.html (բեռնման օրը` 05.2023):
- Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու հրամանագիրը, 11.04.2019. https://www.Ermenihaber.am/am/news/2019/04/11/Մակրոն-Ֆրանսիա-ցեղասպանություն/152474 (բեռնման օրը` 05.2023):
- Նոր Գիրքեր, Նոր Մարմարա, 20.04.2023։
- ՊՊՓ-ի կուսակցապետ Տէսթիճիի պատասխանը նախագահ Մաքրոնի, Նոր Մարմարա, 08.02.2019։
- Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդը բողոք է ներկայացրել հայ տղային կրոնափոխած հաղորդավարի դեմ, լուր, 15.05.2019. https://artsakhpress.am/arm/news/ 106712/polsi-hayoc-patriarqi-pokhanordy-boxoq-e-nerkayacrel-hay-txayin-kronapokhats-haxor davari-dem.html (բեռնման օրը` 05.2023):
- «Պոլսահայ գրականութիւնը 20րդ դարի կէսից մինչեւ մեր օրերը» ժողովածուի շնորհանդէսը՝ Երեւանի մէջ, Նոր Մարմարա, 25.05.2023։
- Ս. Փրկիչ Ազգային Հիւանդանոցը 191ամեայ անխափան գնացքով պատմութեան կը յանձնէ իր տարեգրութիւնը, Նոր Մարմարա, 19.05.2023։
- «Սա դեռ սկիզբն է». Սամաթիայում հայ կնոջ դանակահարության դեպքի մասին, հարցազրույց, 03.06.2019. https://hayeli.am/?p=136373&l=am (բեռնման օրը` 05.2023):
- Սիմավորյան Ա., Հովյան Վ., Հայ կաթողիկե և ավետարանական համայնքները Թուրքիայում. ժամանակակից միտումներ, 2012, Երևան, «Գասպրինտ», 160 էջ։
- Տօքթ. Սեւան Սվաճըօղլու Ա-Գէ-Փէցի երեսփոխան է, Նոր Մարմարա, 15.05.2023։
- Փրկիչ Մ., Մեր գոյության հետքերը (Դերսիմահայերի ինքնության վերադարձի պատմությունը), 2020, Ստամբուլ, «Փրկիչ» հրատարակչատուն, 97 էջ։
- Փայլանի գրառումը՝ հայաստանցի ընտանիքի մասին, Նոր Մարմարա, 13.06.2019։
- Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, լուր, 06.02.2019. https://www.tert.am/am/news/2019/02/06/Genocide/2913693 (բեռնման օրը` 05.2023):
- Lausanne Treaty: Part I, article 40, 41, 42. http://www.hri.org/docs/lausanne/part1. html (բեռնման օրը` 05.2023).
(1) Քաղաքագետ, սփյուռքագետ, 1999-2005 թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում։ 2006-2019 թթ. աշխատել է «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնում՝ որպես փորձագետ, ապա՝ ավագ փորձագետ։ 2012–2019 թթ. եղել է նաև «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղարը։ 2019–2021 թթ. աշխատել է «Օրբելի» վերլուծական կենտրոնում՝ որպես փորձագետ։ 2022 թ.-ից՝ որպես դասախոս, աշխատում է ՀՊՏՀ Հասարակական գիտությունների ամբիոնում։
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 28.05.2023 թ.։
(3) Ասորական համայնքը պատկանում է արևելյան միաբնակ քրիստոնեական եկեղեցիների խմբին։
(4) Lausanne Treaty: Part I, article 40. http://www.hri.org/docs/lausanne/part1.html (բեռնման օրը` 28.05.2023)
(5) Lausanne Treaty: Part I, article 41. http://www.hri.org/docs/lausanne/part1.html (բեռնման օրը` 28.05.2023)
(6) Lausanne Treaty: Part I, article 42. http://www.hri.org/docs/lausanne/part1.html (բեռնման օրը` 28.05.2023)
(7) Դպրոցի այժմյան գործունեության մասին տե՛ս, օրինակ, Լուրեր՝ «Հրանդ Տինք» Հայաստանեան դպրոցէն, Նոր Մարմարա, 25.05.2023։
(8) Թուրքիայի հայ կաթողիկե և ավետարանական համայնքների մասին մանրամասն տե՛ս Սիմավորյան Ա., Հովյան Վ., Հայ կաթողիկե և ավետարանական համայնքները Թուրքիայում. ժամանակակից միտումներ, Երևան, «Գասպրինտ», 2012։
(9) Ցեղասպանության ժամանակ հայերի իսլամացման մասին տե՛ս Աքչամ Թ., Երիտթուրքերի գործած ոճիրը մարդկության դեմ. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում, Երևան, «Տիգրան Մեծ», 2015, էջ 354-419։
(10) Տե՛ս Փրկիչ Մ., Մեր գոյության հետքերը (Դերսիմահայերի ինքության վերադարձի պատմությունը), Ստամբուլ, «Փրկիչ» հրատարակչատուն, 2020։
(11) Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6, Երևան, 1980, էջ 119։
(12) Թուրքիայի համշենցիներ. բարդ ինքնություն, հարցազրույց, 27.10.2016. https://www.repairfuture.net/index.php/hy/identity-standpoint-of-turkey-ar/turkey-s-hemshinli-a-complex-identity-armenian (բեռնման օրը` 27.05.2023)։
(13) Տե՛ս, օրինակ, Այշէնուր Գոլիվար հիւրընկալուեցաւ Հայաստանեան դպրոցին մէջ, Նոր Մարմարա, 20.05.2023։
(14) Տե՛ս Գարակէօզեանի Խնամակալութենէն զօրակցութիւն՝ պոլսահայ մամուլին եւ «Լոյս Մէտիա»ին, Նոր Մարմարա,
28.04.2023։
(15) Տե՛ս Նոր Գիրքեր, Նոր Մարմարա, 20.04.2023։
(16) Զեքիյան Պողոս Լևոն Անտոնի, ՀՀ ԳԱԱ պաշտոնական կայք, https://www.sci.am/ membersview.php?id=201&d= 0&l=6&langid=1#top (բեռնման օրը` 28.05.2023):
(17) Տօքթ. Սեւան Սվաճըօղլու Ա-Գէ-Փէցի երեսփոխան է, Նոր Մարմարա, 15.05.2023։
(18) Տե՛ս Ս. Փրկիչ Ազգային Հիւանդանոցը 191ամեայ անխափան գնացքով պատմութեան կը յանձնէ իր տարեգրութիւնը, Նոր Մարմարա, 19.05.2023։
(19) Այստեղ ժամանակին ապրել են Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը։
(20) Տե՛ս Գարակէօզեան տան խնամակալութիւնը նոր ծրագիր մը եւս կ՚իրականացնէ ընկերային գետնի վրայ, Նոր Մարմարա, 26.05.2023։
(21) Տե՛ս «Պոլսահայ գրականութիւնը 20-րդ դարի կէսից մինչեւ մեր օրերը» ժողովածուի շնորհանդէսը՝ Երեւանի մէջ, Նոր Մարմարա, 25.05.2023։
(22) Տե՛ս Գարակէօզեանի Խնամակալութենէն զօրակցութիւն՝ պոլսահայ մամուլին եւ «Լոյս Մէտիա»ին, Նոր Մարմարա, 28.04.2023։
(23) Հայաստանցի գաղթականներու հարցի շուրջ քննարկում՝ Պիլկի համալսարանին մէջ, Նոր Մարմարա, 14.06.2019։
(24) Հայաստանցիներին կարտաքսե՞ն Թուրքիայից. երկրում խաղի կանոններ են փոխվել, հարցազրույց, 05.05.2019, https://armeniasputnik.am/20190505/hayastancinerin-kartaqsen-turqiayic-erkrum-khaxi-kanonner-en-poxvel-18422017.html (բեռնման օրը` 26.05.2023)։
(25) Լուրեր՝ «Հրանդ Տինք» Հայաստանեան դպրոցէն, Նոր Մարմարա, 25.05.2023։
(26) Հայաստանցիներին կարտաքսե՞ն Թուրքիայից. երկրում խաղի կանոններ են փոխվել, հարցազրույց, 05.05.2019. https://armeniasputnik.am/20190505/hayastancinerin-kartaqsen-turqiayic-erkrum-khaxi-kanonner-en-poxvel-18422017.html (բեռնման օրը` 26.05.2023)։
(27) Տե՛ս Մարտիրոսյան Ա., Էրդողանը սպառնում է արտաքսել հազարավոր հայերի. Հայաստանը դատապարտում է, լուր, 18.03.2010. https://www.azatutyun.am/a/1986701.html (բեռնման օրը` 26.05.2023)
(28) Տե՛ս, օրինակ, Էրդողանն ակնարկել է Թուրքիայից հայերին արտաքսելու հնարավոր սպառնալիքի մասին 15.04.2015, https://www.ermenihaber.am/am/news/2015/04/15/Էրդողանն-ակնարկել-է-Թուրքայից-հայերին-արտաքսելու-հնարավոր-սպառնալիքի-մասին/55629(բեռնման օրը` 26.05.2023)
(29) Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, լուր, 06.02.2019. https://www.tert.am/am/news/2019/02/06/Genocide/2913693 (բեռնման օրը` 26.05.2023)։
(30) Մակրոնը ստորագրել է Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու հրամանագիրը, լուր, 11.04.2019. https://www.ermenihaber.am/am/news/2019/ 04/11/Մակրոն-Ֆրանսիա-ցեղասպանու թյուն/152474 (բեռնման օրը` 26.05.2023):
(31) Մեջբերումը արևմտահայերենից արևելահայերենի է վերածվել հեղինակի կողմից։ ՊՊՓ-ի կուսակցապետ Տէսթիճիի պատասխանը նախագահ Մաքրոնի, Նոր Մարմարա, 08.02.2019։
(32) Անտեղի առաջարկ մը՝ Ա-Գէ-Փէցի երեսփոխանէն. «Երկրէն արտաքսենք ապօրէն կերպով ապրող հայաստանցիները», Նոր Մարմարա, 12.07.2019։
(33) Թուրքիայում հայ տղայի «կրոնափոխությունն» ու դրան հաջորդած արձագանքները, լուր, 16.05.2019, https://www.panorama.am/am/news/2019/05/16/Թուրքիա-հայ-տղա-կրոնափոխ/ 2115156 (բեռնման օրը` 26.05.2023):
(34) «Սա դեռ սկիզբն է». Սամաթիայում հայ կնոջ դանակահարության դեպքի մասին, հարցազրույց, 03.06.2019, https://hayeli.am/?p=136373&l=am (բեռնման օրը` 26.05.2023):
(35) Հէ-Տէ-Փէցի Հիւտա Գայա հայաստանցի դաշունահարուած կնոջ հարցը օրակարգի բերաւ խորհրդարանի մէջ, Նոր Մարմարա, 12.06.2019։
(36) Կ. Պոլսի նախկին հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ծանր հիվանդության շրջանում, երբ նա անգործունակ էր, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իրականացնում էր պատրիարքի ընդհանուր փոխանորդի պաշտոնը։
(37) Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդը բողոք է ներկայացրել հայ տղային կրոնափոխած հաղորդավարի դեմ, լուր, 15.05.2019. https://artsakhpress.am/arm/news/106712/polsi-hayoc-patriarqi-pokhanordy-boxoq-e-nerkayacrel-hay-txayin-kronapokhats-haxordavari-dem.htm (բեռնման օրը` 27.05.2023):
(38) Իսլամ ընդունած տղայի դեպքը Փայլանը որակում է երեխայի շահագործում. նա բողոք կներկայացնի, լուր, հարցազրույց, 14.05.2019. https://armeniasputnik.am/20190514/turkey-islam-yndunac-txayi-mayry-texyak-chi-yexel-vor-yerexan-tv-haxordman-e-masnakcelu-18594787.html (բեռնման օրը` 27.05.2023):
(39) Արամ արք. Աթէշեան այցելեց դաշունահարուած հայաստանցիին, Նոր Մարմարա, 10.06.2019։
(40) Փայլանի գրառումը՝ հայաստանցի ընտանիքի մասին, Նոր Մարմարա, 13.06.2019։
(41) Բողոքի ձայներ «Հայաստանցիները վտարենք» ըսող քաղաքագէտին դէմ, Նոր Մարմարա, 27.07.2019։