Մեկնաբանություններ

ԱՄՆ-ի նախագահ Դ. Թրամփի օրոք հայկական լոբբիի մեկնարկային դիրքերը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 27.11.2024 թ.(1)

2024 թ. նոյեմբերի 9-ին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (Armenian National Committee of America, ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարեց, որ հայկական կազմակերպության աջակցությունը վայելող թեկնածուների 90%-ը մանդատներ ստացել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում։ Խոսքը մոտ 80 քաղաքական գործիչների մասին է, որոնց աջակցությունը ANCA-ն իրականացրել է՝ մանրամասն ծանոթանալով նրանց «ծառայությունների ցուցակին» հայկական օրակարգի շրջանակներում։ Կազմակերպությունը գործել է ավելի քան 40 չափանիշներով, ինչպիսիք են՝ այս քաղաքական գործիչների մասնակցությունը հայկական համայնքների միջոցառումներին, նրանց ակտիվության աստիճանը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար ղարաբաղյան հայերի ցեղասպանության և էթնիկ զտումների համար, արցախցիների պաշտպանության հրապարակային հայտարարությունները, նրանց նամակները, համապատասխան հայամետ բանաձևերի քվեարկությունները և, նույնիսկ, անցյալում Ստեփանակերտ կատարած ուղևորությունները։

Համբարյանի խոսքով՝ «ANCA-ն այս աշխատանքները խելամտորեն է իրականացրել» և ստացել է բավականին տպավորիչ արդյունքներ։ «Մենք կարողացանք ավելի ուժեղ դուրս գալ, քան մտանք [ընտրական գործընթաց]»: Համբարյանը հատկապես նշեց, որ ANCA-ն չի աջակցել որևէ նախագահի թեկնածուի, փոխարենը կենտրոնացել է «քաղաքական ծախսեր ստեղծելու վրա նրանց համար, ովքեր անցնում են հայկական համայնքի վրայով և նպաստում հայերի ցեղասպանությանը»:

Այսպիսով, Արամ Համբարյանը նշեց, որ վերջին ընտրությունների ընթացքում Ազգային կոմիտեն ամբողջությամբ փոխել է իր գործողությունների ռազմավարությունը և նախագահի թեկնածուներին աջակցելու փոխարեն կենտրոնացել է երկու օրենսդիր պալատներում բարենպաստ ֆոն ստեղծելու վրա, ինչպես նաև, փաստորեն, ապագա պետության ղեկավարի շրջապատում և թիմում։

Այն մասին, որ ANCA-ն նախընտրել է այլևս չծախսել իր ռեսուրսները նախագահական մրցավազքի վրա, պաշտոնապես հայտնի դարձավ 2024 թ. նոյեմբերի 4-ին, երբ Համբարյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ ո՛չ Դ. Թրամփը, ո՛չ էլ Ք. Հարիսն անձամբ արժանի չեն, որ ANCA-ն նրանց համակարգված աջակցություն ցուցաբերի և ուղղորդի հայկական ընտրազանգվածին։ Համբարյանը բացահայտ հայտարարեց, որ Դ. Թրամփը, որի առաջին նախագահական ժամկետի ընթացքում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը Արցախում, ոչինչ չի արել այն կանգնեցնելու համար, իսկ Ք. Հարիսը, լինելով ԱՄՆ-ի փոխնախագահ, Դ. Բայդենի հետ միասին անտեսել է 2023 թ. սեպտեմբերի իրադարձությունները, որոնց ընթացքում Արցախը վերջնականապես գրավվեց և ենթարկվեց էթնիկ զտումների։ Այն ժամանակ Ա. Համբարյանը խորհուրդ տվեց հայ ընտրողներին առաջնորդվել սեփական կարծիքով և քվեարկել ըստ դրա։ Նախագահի թեկնածուներից մեկին համակարգված աջակցությունը, ամեն դեպքում, հրապարակային մակարդակում, բացառվեց նրանց կողմից։ Ինչ վերաբերում է Կոնգրեսի և դրա Վերին պալատի ընտրություններին, ապա, ինչպես պարզվեց, Կոմիտեն շատ մեծ աշխատանք է կատարել և ուղղորդել հայ ընտրողների նախապատվությունները առանձին նահանգներում։

Ինչպես կարելի է դատել Հայկական սփյուռքի կառույցների և ՀՀ ամերիկագետների հայտարարություններից, նոր ռազմավարությունը ավելի քան արդարացրեց իրեն։ Երկու կուսակցություններից ընտրված սենատորների և կոնգրեսականների թիվը, ովքեր ստանձնել են չբարձրաձայնվող պարտավորություններ՝ հետագայում աջակցելու նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանի, արցախցի փախստականների և, փաստորեն, ամերիկահայերի շահերի պահպանմանը, թույլ է տալիս ANCA-ին ստանալ ավելի զգալի ազդեցության լծակներ Կապիտոլիումի բլուրում և, հետևաբար, Սպիտակ տանը։

Բացի այդ, ամերիկահայերը կարող են իրենց ակտիվում ներառել նաև այն կարևոր հանգամանքը, որ ANCA-ի որոշումը՝ նախագահական մրցավազքում համակարգված կերպով մասնակցություն չցուցաբերելու մասին, ստիպեց Դ. Թրամփին փորձել ինքնուրույն անմիջական կապ հաստատել հայկական կենտրոնների և ազդեցիկ անձանց հետ, որոնք վայելում են Ազգային կոմիտեի վստահությունը և տրամադրություններ ձևավորում Հայկական սփյուռքում։ Մասնավորապես, 2024 թ. նոյեմբերի 4-ին Դ. Թրամփը զանգահարեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին, ինչը պետք է մեկնաբանել որպես ընտրություններից առաջ հոգևոր հովվի աջակցությունը ստանալու փորձ։ Կիլիկիոյ կաթողիկոսը մեծ հարգանք է վայելում ANCA-ում և հայտնի է իր կապերով ՀՅԴ կուսակցության հետ, որը նախկինի պես ուժեղ դիրքեր ունի ԱՄՆ-ի Հայկական սփյուռքում։ Ըստ Կիլիկիոյ կաթողիկոսարանի մամուլի հաղորդագրության՝ խոսակցությունը հիմնականում վերաբերում էր Արցախի խնդրին և արցախահայերի՝ Հայրենիք վերադարձի հետ կապված հարցերին։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Արամ Ա-ն հենց այս խնդիրը դրել է իր պահանջների առաջնահերթության մեջ՝ Դ. Թրամփին աջակցություն ցուցաբերելու դիմաց։ Հենց արցախյան թեման է այժմ ամերիկահայերի օրակարգի հիմնական խնդիրը և ընտրարշավի վերաբերյալ նրանց դիրքորոշումների ձևավորման որոշիչ գործոնը։

Նշանակալի է, որ դեռևս 2024 թ. հոկտեմբերի 24-ին Դ. Թրամփը «X» սոցիալական ցանցի իր էջում տեղադրել էր գրառում, որով դատապարտում էր Քամալա Հարիսին՝ այն ժամանակահատվածում անգործության համար, երբ «հայ քրիստոնյաները ենթարկվում էին հետապնդումների և բռնի տեղահանման»։ Այս գրառման մեջ նա օգտագործել է «Արցախ» տեղանունը, մինչդեռ Ք. Հարիսի և նրա գործընկեր, Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցի նախընտրական շտաբը 2024 թ. սեպտեմբերի 23-ին հայերին աջակցելու հայտարարության մեջ տարածաշրջանը անվանել է «Լեռնային Ղարաբաղ»։ Այնուամենայնիվ, կարճ ժամանակ անց Թրամփի արցախյան գրառումը հանվեց նրա էջից, ինչն էլ, ըստ երևույթին, ազդել է ANCA-ի վերջնական որոշման վրա՝ զրկել հանրապետական թեկնածուին համակարգված աջակցությունից։ Հաշվի առնելով, որ ըստ ելքային հարցումների (exit poll-երի)՝
Դ. Թրամփը և Ք. Հարիսը մինչև ընտրությունների օրը «քիթ-քթի» էին գնում, հանրապետականների շտաբը շտապ միջոցներ է ձեռնարկել՝ հայ ընտրողների բարեհաճությունը շահելու համար։

Ըստ ԱՄՆ-ի հայկական լրատվամիջոցների՝ մի քանի առանցքային նահանգներում հայերի ձայները կարող էին վճռորոշ նշանակություն ունենալ նախագահական թեկնածուների քվեարկության արդյունքների համար։ Այս առումով Թրամփին, ով վերջին օրերին կրկին անդրադարձավ Արցախի թեմային, հաջողվեց ստանալ նրանց ձայները, մինչդեռ Հարիսի թիմը առանձնապես ջանքեր չգործադրեց «հայկական ուղղության» վրա՝ վստահ լինելով իրենց ավանդական, կայուն ընտրազանգվածի հաշվին ջախջախիչ հաղթանակի մեջ։ Այսպիսով, ձևավորվեց հետաքրքիր մի պատկեր, երբ ANCA-ն Դ. Թրամփին թողեց իր թեկնածության համար էթնիկ հայերի քվեարկությունն ապահովելու աշխատանքը՝ հասնելով նրա նախաձեռնողականությանն ու առավելագույն ջանքերին, իսկ ինքը կենտրոնացավ Կոնգրեսի ընտրությունների վրա, ինչը թույլ տվեց Կոմիտեին հաջողությունների հասնել երկու պալատներում հայամետ ուժերի նոր միջուկի ձևավորման գործում։

Ենթադրվում է, որ ANCA-ի այս ռազմավարությունն ունի մի քանի պատճառ, այդ թվում՝ անհրաժեշտությունը հրապարակայնորեն ընդգծելու Հայկական սփյուռքի սառը վերաբերմունքը Ք. Հարիսի և Դ. Թրամփի անձերի, ինչպես նաև ընդհանրապես ԱՄՆ-ի գործադիր իշխանության ինստիտուտի նկատմամբ։ Ամերիկյան նախագահների համար ավանդույթ է դարձել նախընտրական շրջանում կլանել հայկական կառույցների հասարակական և ֆինանսական ռեսուրսները, իսկ հետո մոռանալ իրենց խոստումները՝ հղում անելով ներքաղաքական իրավիճակին և «փոփոխված արտաքին քաղաքական իրողություններին»։ Ներկայիս կոնֆիգուրացիայում, նախագահական թեկնածուներից առնվազն մեկն ու ամենաօդիոզը հրապարակայնորեն հաստատեց իր հետաքրքրվածությունը «հայկական աջակցությամբ», ինչը նպաստեց Հայկական սփյուռքի դիրքերի և հեղինակության ամրապնդմանը ԱՄՆ-ի քաղաքական դաշտում և հաստատեց Վաշինգտոնի արտաքին քաղաքական օրակարգում Արցախի խնդրի պահպանման պարտավորությունը։ Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ ANCA-ի ռազմավարության փոփոխության հիմնական շարժառիթը նախագահի թեկնածուին աջակցելուց հրաժարվելու հարցում եղել է Կոմիտեի նախազգուշությունը, որը հիմնավոր կերպով համարում է, որ և՛ Դ. Թրամփը, և՛ Ք. Հարիսը, ընտրվելու դեպքում, կլինեին թույլ նախագահներ։ Հաշվի առնելով, որ նախագահական ընտրություններն արդեն կայացել են, խոսքը տվյալ դեպքում վերաբերում է հանրապետական թեկնածուին։

Դ. Թրամփը այն անձնավորությունն է, որը հավակնում է ուժեղ, վճռական և անզիջում առաջնորդի բնութագրին։ Այնուամենայնիվ, իրականում այս որակների հետևում թաքնված է էքսցենտրիկությունը, որը նրա թուլության հիմնական պատճառն է։ Թրամփի կողմից հայտարարված պատերազմն ամերիկյան քաղաքականության և տնտեսության ծանրակշիռ կառուցվածքի, և, եթե կուզեք, «խորքային պետության» դեմ, հազիվ թե իր համար «թեթև զբոսանք» լինի։ Համակարգը անողոք կերպով կդիմադրի Դ. Թրամփի արմատական որոշումներին, կբոյկոտի դրանք, ընդհուպ մինչև նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում նրան պաշտոնանկության ենթարկելու փորձերը ։ Ինչպես կանխատեսում են հենց ամերիկացիները, Դ. Թրամփը իսկապես ուժեղ կլիներ նախագահի պաշտոնի հավակնորդի կարգավիճակում, բայց որպես գործող նախագահ նրա թուլությունը ակնհայտ կլինի։ Այլ բան է Սենատը և Ներկայացուցիչների պալատը, որտեղ ընտրությունների արդյունքներով ձևավորված պատկերը կարող է մնալ անփոփոխ մինչև հաջորդ ընտրությունները, և, հետևաբար, Հայկական սփյուռքի համար չափազանց կարևոր է այստեղ ապահովել առավելագույն ազդեցություն և ձեռք բերել նոր կապեր։ Հնարավոր է, որ հենց այդ պատճառով ANCA-ն նախընտրեց ամբողջությամբ կենտրոնանալ Կապիտոլիումի բլուրի՝ լոբբիստական գործունեության տեսանկյունից ավելի կայուն և կանխատեսելի ինստիտուտի հետ աշխատանքի վրա ։

Հայկական սփյուռքի հաջողության մեկ այլ կարևոր բաղադրիչ դարձավ այն փաստը, որ Դ. Թրամփի ցուցակում պետական ապարատում առանցքային պաշտոնների թեկնածուների թվում հայտնվեցին քաղաքական գործիչներ, որոնք ունեն արտահայտված «հայամետ նախապատմություն»։ Բնականաբար, հայկական սփյուռքի կառույցները չեն կարող առնչություն ունենալ այս ապագա նշանակումների հետ, սակայն կարևոր է նշել, որ հենց ANCA-ն ժամանակին ձևավորել է այս քաղաքական գործիչների համապատասխան մոտեցումները հայկական խնդիրների նկատմամբ և ներգրավել նրանց Կապիտոլիումի բլուրում հայկական շահերի պաշտպանության գործում։

Խոսքը, առաջին հերթին, Ֆլորիդայից ընտրված ներկայիս սենատոր Մարկո Ռուբիոյի մասին է, որին Դ. Թրամփն արդեն հայտարարել է նոր վարչակազմում պետքարտուղարի պաշտոնում։ Կուբայական ծագումով Մ. Ռուբիոն աչքի է ընկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններում մասնակցությամբ, որոնք ուղղված են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության զսպմանը հայերի նկատմամբ և Բաքվի դեմ խիստ պատժամիջոցների կիրառմանը։ Լինելով Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ՝ Մ. Ռուբիոն 2022 թվականի սեպտեմբերի 27-ին այս կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսի հետ համատեղ ներկայացրեց երկկուսակցական օրենսդրական նախաձեռնություն, որը դատապարտում էր Ադրբեջանի վերջին ագրեսիան Հայաստանի դեմ և կոչ էր անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաև ազատել հայ ռազմագերիներին և կիրառել պատժամիջոցներ ռազմական հանցագործությունների համար։ 2023 թ. նոյեմբերին Մարկո Ռուբիոն աջակցեց ԱՄՆ Սենատի կողմից ընդունված «Հայաստանի պաշտպանության ակտին», որը ԱՄՆ նախագահի կողմից արգելք էր նախատեսում Ադրբեջանին ռազմական-տեխնիկական օգնության տրամադրման վրա։ Այն ժամանակ Ռուբիոն հայտարարեց, որ «ամերիկացի հարկատուների գումարները չպետք է ուղղվեն Ադրբեջան՝ երկիր, որը տարածաշրջանում անկայունություն է բերել»։

Թրամփի մերձավոր շրջապատում ևս մեկ նշանավոր հայամետ գործիչ դարձավ Թալսի Գաբարդը՝ ԱՄՆ բանակի պահեստազորի փոխգնդապետ և նախկին կոնգրեսական-դեմոկրատական Հավայան կղզիներից (2013–2021): Թրամփը նրան առաջադրել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում, որի կազմում են ԿՀՎ-ն, ՀԴԲ-ն և երկրի այլ հատուկ ծառայություններ: Հայամետ գործունեության համատեքստում Թ. Գաբարդի ծառայությունների ցուցակը տպավորիչ է: Գաբարդը Կոնգրեսում իր աշխատանքի տարիներին քվեարկել է բոլոր հայամետ օրինագծերի օգտին, մշտապես դատապարտել է Ադրբեջանի հարձակումները Արցախի և Հայաստանի վրա և բազմիցս հանդես եկել արցախահայերի ազատության և ինքնիշխանության իրավունքի օգտին: 2017 թվականին ANCA-ի կազմակերպած համահայկական ֆորումի շրջանակներում Թ. Գաբարդը ժամանել է Երևան և ցանկություն հայտնել այցելել նաև Ստեփանակերտ, ուր մեկնել է՝ չնայած Հայաստանում ԱՄՆ դեսպանի նախազգուշացումներին՝ Բաքվի հետ սպասվող դիվանագիտական սկանդալի մասին: Այս այցի և Արցախի Հանրապետության խորհրդարանում ելույթի պատճառով կոնգրեսականը ներառվել է Ադրբեջանի, այսպես կոչված, «սև ցուցակում», որն արգելում է նրա մուտքը այդ երկիր: Ըստ լրատվամիջոցների՝ Գաբարդը նաև ԱՄՆ քաղաքականության խստացման կողմնակից է Թուրքիայի նկատմամբ, որին նա համարում է «համաշխարհային ահաբեկչության ֆինանսավորման աղբյուր»:

Եվ, վերջապես, Դ. Թրամփի թիմի երրորդ առանցքային դեմքը, որը հայերի նկատմամբ ընդգծված համակրանք ունի, ձեռնարկատեր, էթնիկ հնդիկ Վիվեկ Ռամասվամին է: Թրամփը նախատեսում է նրան նշանակել Իլոն Մասկի հետ միասին ապագա «Պետական կառավարման արդյունավետության վարչության» ղեկավար, որն, ըստ էության, ԱՄՆ-ի նոր նախագահի համար կդառնա պետական կառավարման համակարգի վերանայման և բարեփոխման ու ուռճացված պետական ապարատի օպտիմալացման հիմնական գործիքը: Վ. Ռամասվամին ակտիվորեն ներգրավվել է հայերի, առաջին հերթին՝ արցախցիների շահերի պաշտպանության գործընթացում՝ նախագահական մրցավազքի ընթացքում, երբ առաջադրել է իր թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից և, այդպիսով, լայն հասանելիություն ստացել լրատվամիջոցներին: Մասնավորապես, հեղինակավոր ամերիկացի լրագրողներ Փիրս Մորգանին, Թաքեր Կարլսոնին և այլոց տրված իր հարցազրույցներում Վ. Ռամասվամին Բաքվի գործողությունները Արցախում որակել է որպես «վայրագություններ» և «պետական հանցագործություններ»: Նա նաև լայնորեն քննադատել է ԱՄՆ-ի պասիվ արձագանքը հայ քրիստոնյաների դեմ հալածանքներին: Ռամասվամին բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում մտադիր է ամբողջությամբ փոխել ԱՄՆ-ի քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ, որն, այդ թվում՝ ամերիկացի հարկատուների գումարներով, Հարավային Կովկասի տարածաշրջանը ներքաշել է պատերազմի մեջ և կազմակերպել էթնիկ զտումներ բնիկ հայերի դեմ:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ պետք է արձանագրել, որ ANCA-ն ունի օպտիմալ մեկնարկային դիրքեր՝ Դ. Թրամփի անմիջական շրջապատի հետ արդյունավետ աշխատանքի համար, որը 2025 թ. հունվարին կզբաղեցնի մի շարք առանցքային պաշտոններ ԱՄՆ-ի պետական ապարատում: Եվ, այնուամենայնիվ, մի շարք էական գործոնների պատճառով, չպետք է չափազանց մեծ սպասելիքներ ունենալ այս աշխատանքի ապագա արդյունքներից:

Առաջին. Պետք է հաշվի առնել ԱՄՆ-ում ավանդական դարձած միտումը, երբ քաղաքական գործիչների մտածելակերպն ու հայացքները հաճախ ենթարկվում են կերպափոխման այն բանից հետո, երբ նրանք զբաղեցնում են գործադիր իշխանության տեղը, ստանում են գաղտնի տեղեկատվության հասանելիություն և ընդգրկվում «համակարգում»:

Երկրորդ. Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ Թրամփի շրջապատի քաղաքական գործիչները զգում են և շարունակելու են զգալ բացահայտ համակրանք հայերի նկատմամբ, պարզ չէ, թե ինչպե՞ս են նրանք գործնականում համատեղելու այս տրամադրությունները հայերի շահերին հակասող քայլերի հետ: Օրինակ, Մարկո Ռուբիոն, ինչպես և ինքը՝ Դոնալդ Թրամփը, Իսրայելի համապարփակ աջակցության, այդ թվում՝ Իրանի նկատմամբ ամենաարմատական քայլերի կողմնակից է: Նման դիրքորոշումը սկզբունքորեն հակասում է Հայաստանի անվտանգային շահերին: Բացի այդ, Ռուբիոյի հետ համագործակցող հրեական լոբբին հանդես է գալիս Վաշինգտոնի կողմից Ադրբեջանի աջակցման օգտին, ինչը նախապես էապես թուլացնում է Երևանի դիրքերը ԱՄՆ-ի արտաքին քաղաքական օրակարգում: Կամ հարց է առաջանում, թե ի՞նչ դիրքորոշում կընտրեն Թալսի Գաբարդը և նրա ղեկավարած գերատեսչությունը Թուրքիայի նկատմամբ, եթե Պենտագոնը և ԱՄՆ-ի ռազմաարդյունաբերական համալիրը Սպիտակ տանը և Պետքարտուղարությունում լոբբինգ անեն Վաշինգտոնի և Անկարայի դաշնակցային հարաբերությունների խորացման օրակարգը: Սրանք հարցեր են, որոնց, ըստ երևույթին, դեռևս պատասխաններ չունեն ո՛չ ինքը՝ Դ. Թրամփը, ո՛չ նրա թիմը, որը բաղկացած է քաղաքական և գաղափարապես դիվերսիֆիկացված շրջանակների ներկայացուցիչներից:

Երրորդ. Պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ի ներքաղաքական դաշտում իր ողջ կշռով հանդերձ, ANCA-ն չի կարող զբաղեցնել ԱՄՆ-ի գործադիր իշխանության լիարժեք գործընկերոջ դերը և, առավել ևս, պահանջել նրանից որոշակի պարտավորությունների կատարում «Հայկական օրակարգի» շրջանակներում: ANCA-ն չի կարող և լիազորված չէ ձևակերպել լիարժեք օրակարգ Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և այլ ամերիկյան գերատեսչությունների հետ փոխգործակցության համար, եթե չունի Երևանի աջակցությունը: Նույն Արցախի հարցով Ազգային կոմիտեի պահանջները սկզբունքորեն չեն կարող համարվել պատշաճ՝ ԱՄՆ-ի գործադիր իշխանության կողմից քննարկման համար, եթե Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքը խուսափի այս օրակարգից: Ներկայումս պաշտոնական Երևանը, ըստ էության, գրեթե սառեցրել է իր փոխգործակցությունը ANCA-ի հետ և ամբողջությամբ հեռացել է ԱՄՆ-ի ներքաղաքական դաշտում համատեղ աշխատանքից, և եթե այս երկու կողմերը մոտ ապագայում չհասնեն փոխհամաձայնության և չհամաժամանակացնեն նպատակներն ու գործողությունները, ապա «Հայկական օրակարգի» շրջանակներում հնարավոր դրական փոփոխությունների պատուհանը արագ կկորսվի:

Փաստորեն, «Հայկական օրակարգը» ինքնին ձևակերպված չէ, և հայ համայնքի՝ Հայաստանի նկատմամբ դրական քայլերի սպասելիքները ԱՄՆ-ի ապագա վարչակազմից վերացական են՝ հաշվի առնելով Հայկական սփյուռքի կառույցների և պաշտոնական Երևանի հետապնդած անհամաձայնությունն ու նպատակների անորոշությունը:

Ամփոփելով վերը նշվածը՝ պետք է ևս մեկ անգամ նշել, որ ամերիկյան ընտրությունների նախնական արդյունքները անսպասելիորեն հաջող էին հայերի համար, սակայն հարցն այն է, թե որքա՞ն արդյունավետորեն կօգտագործվեն այս մշակված ակտիվները: Պաշտոնական Երևանի՝ Թրամփի շրջապատում և Կոնգրեսի երկու պալատներում հայամետ տրամադրությունների քաղաքական կապիտալացման գործընթացում հետևողական մասնակցության դեպքում, Հայաստանը կարող է լրացուցիչ գործիքներ ձեռք բերել իր անվտանգության և ինքնիշխանության ամրապնդման համար, ինչպես նաև ձևակերպել իր տեսլականը արցախահայերի ապագայի վերաբերյալ: Հակառակ պարագայում, Հայկական սփյուռքի կառույցների հաղթանակը կլինի վաղանցիկ և չի անդրադառնա տարածաշրջանում Երևանի բարդ և նոր մարտահրավերներով լի դիրքորոշման վրա:

Նման սցենարի դեպքում Ամերիկայի hայկական ազգային կոմիտեն նույնպես հիմնովին և, հնարավոր է, անդառնալիորեն կկորցնի տասնամյակների ընթացքում վաստակած հեղինակավոր կառույցի կարգավիճակն ու ամբողջությամբ կզրկվի ԱՄՆ-ի ներքաղաքական դասավորությունների վրա ազդելու հնարավորությունից:

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 24.11.2024 թ.: