Մեկնաբանություններ

Հայկական երկաթուղի. ուղղագծեր և ուղղություններ

Армянская железная дорога векторы и направления
8 դիտում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 26.02.2026 թ.[1]

  1. Վերջնագիր տարեդարձի օրը. նոր պահանջներ ՀԿԵ-ին

13.02.2026 թ.՝ ուղիղ 18 տարի առաջ Հայկական երկաթուղիները Ռուսաստանի օպերատորի կառավարմանը հանձնելու մասին պայմանագրի ստորագրման օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ չի բացառում «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վաճառքը «թե Ռուսաստանին, թե Հայաստանին բարեկամ երկրներից որևէ մեկին» [1]։ Նա նշել է, որ ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ առանձնազրույցների ընթացքում համոզվել է, որ Մոսկվան հասկանում է Հայաստանի համար բացված հնարավորությունները և պատրաստ է աջակցել Երևանի տարանցիկ ներուժի ամրապնդմանն ուղղված նախագծերին:

Սակայն, մյուս կողմից, վարչապետն ափսոսանք է հայտնել առ այն, որ Հայաստանի հնարավոր գործընկերները, ենթադրաբար, պայման են դնում տարածաշրջանային տարանցիկ մեգանախագծերում այն ընդգրկելու համար «Հայկական երկաթուղիների» նկատմամբ կոնցեսիայի իրավունքի օտարումը Ռուսաստանի Դաշնությունից: Նրանք Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը գնահատում են բարձր ռիսկային և չեն ցանկանում, որ առևտրային երթուղիների հայկական հատվածը գտնվի ռուսական կողմի վերահսկողության ներքո։

  1. Պետական կառավարումից դեպի «երրորդ կողմ». Ն. Փաշինյանի հռետորաբանության փոխակերպումը

Ն. Փաշինյանն առաջին անգամ չէ, որ բարձրացնում է 2008 թվականին կնքված միջպետական պայմանագրի վերանայման հարցը: Դեռևս 2025 թ. դեկտեմբերին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Երևանը դիմել է Մոսկվային՝ առաջարկելով կարճ ժամանակում վերականգնել երկաթուղիների այն հատվածները, որոնք տանում են դեպի Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ։ Ռուսական կողմի մոտ ֆինանսավորման և վերանորոգման հարցերում դժվարություններ առաջանալու դեպքում Հայաստանը, Փաշինյանի հայտարարությամբ, ստիպված կլինի խզել կոնցեսիոն պայմանագիրը։ Սակայն եթե 2025 թ. դեկտեմբերին խոսքը գնում էր կոնցեսիան պետական կառավարման վերադարձնելու մասին [2], ապա ներկայումս նա բացահայտ հայտարարել է այն երրորդ կողմին փոխանցելու տարբերակը քննարկելու մասին։ Այս համատեքստում որպես օրինակ նշվել են Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։

Ռուսական կողմը քննադատաբար է վերաբերվել  դեկտեմբերին Ն. Փաշինյանի արած հայտարարություններին։ Այնուամենայնիվ, փետրվարյան ճեպազրույցից մեկ օր առաջ, որի ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարը փաստացի հնչեցրեց կոնցեսիան հետ կանչելու մտադրությունը, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ա. Օվերչուկը հայտարարեց Մոսկվայի պատրաստակամության մասին՝ քննարկելու Երևանի դեկտեմբերյան առաջարկը և համատեղ մշակելու ՀԿԵ ենթակառուցվածքի ինտեգրման գործողությունների ծրագիրը տարածաշրջանի տարանցիկ երթուղիների համակարգում [3]։ Այս հայտարարությունը նշանակում էր Մոսկվայի պատրաստակամությունը՝ իրականացնել Հայաստանի ողջ երկաթուղային տնտեսության գրեթե ամբողջական արդիականացում՝ 18-ամյա վաղեմության համաձայնագիրն ուժի մեջ պահելու և ռուսական կողմից ՀԿԵ-ի կառավարումը շարունակելու պայմանով։

  1. Տնտեսական շանտաժ, թե՞ դուրսմղման քաղաքական ռազմավարություն

Մի շարք հայ փորձագետներ կարծում են, որ Ն. Փաշինյանի դիրքորոշման կտրուկ լինելը պայմանավորված է ռուսական կողմին աշխատանքների արագացմանը դրդելու և «ՀԿԵ» ՓԲԸ ենթակառուցվածքներում մոսկովյան խոշոր ներդրումների հոսքը խթանելու ձգտմամբ: Միևնույն ժամանակ, այլ վերլուծաբանների կարծիքով, Հայաստանի գործող իշխանությունը դրանով իսկ հրահրում է Ռուսաստանի Դաշնությանը՝ նախադրյալներ ստեղծելով 2008 թ. փետրվարի 13-ի համաձայնագրի լուծարման համար, որը ստորագրվել էր 30 տարի ժամկետով՝ ևս 10 տարով երկարաձգման իրավունքով [4]:

Այս տեսակետի համաձայն՝ հայկական երկաթուղային գծերի կառավարման իրավունքի դադարեցման մասին քաղաքական որոշումն արդեն իսկ ընդունված է, և, հավանաբար, որոշված է նաև այն կողմը, որին փոխանցվելու է կոնցեսիան: Վերլուծաբանները նման վստահությունը հիմնավորում են Հայաստանի գործող ղեկավարության ռազմավարական ծրագրի ընդհանուր համատեքստով, որն ուղղված է տնտեսության առանցքային ոլորտներից՝ էներգետիկայից, լոգիստիկայից և լեռնահանքային արդյունաբերությունից Ռուսաստանի և նրա կապիտալի հետևողական դուրսմղմանը:

Հատկանշական է, որ դեռևս 2025 թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը չեղարկեց ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր կապիտալ» ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարման լիցենզիան [5]: Դրան հաջորդեց 09.02.2026 թ.-ին Երևանում Հայաստանի վարչապետի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից «Ատոմային էներգետիկայի բնագավառում համագործակցության մասին հայտարարության» ստորագրումը, որը նախատեսում է միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական բազային փոխգործակցության հեռանկարային փոխարինում ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների ծրագրով [6]: Ներկայումս քննարկման առարկա է դարձել երկաթուղին, որի կառավարման իրավունքը դիտարկվում է որպես Ռուսաստանի Դաշնության առանցքային ռազմավարական ակտիվներից մեկը Հայաստանում: Փորձագիտական հանրությունը կարծում է, որ այս միջոցառումները կրում են համալիր բնույթ և ուղղված են ռուսական մնացորդային ազդեցության վերացմանը: Մոսկվային արդիականացման վերաբերյալ պահանջներ ներկայացնելով՝ ՀՀ իշխանությունները, հավանաբար, նպատակ ունեն ոչ այնքան բարելավել հարթակների որակը, որքան հիմքեր ստեղծել դրանց հետագա ազգայնացման և այլ շահագրգիռ կողմերին փոխանցելու համար:

  1. Ջեյ Դի Վենսի այցը և Երևանի դիրքորոշման արմատականացումը

Այս խնդիրը արմատներով քաղաքական է, այլ ոչ թե տնտեսական, ինչը հաստատվում է Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցով: Հենց այս այցից հետո վարչապետ Ն. Փաշինյանն արմատականացրեց իր հայտարարությունները և փաստացի մատնանշեց երկաթուղիները երրորդ կողմին փոխանցելու անայլընտրանքայնությունը՝ անկախ Մոսկվայի՝ դրանց վերականգնման գործում ներդրումներ անելու պատրաստակամությունից:

Այս համատեքստում հատկանշական է, որ հայկական ընդդիմությունն ընդհանուր առմամբ թույլ արձագանք դրսևորեց իշխանության նախաձեռնությանը՝ սահմանափակվելով «թուրք-ադրբեջանական երկյակին» կառավարման հնարավոր փոխանցման մասին մտահոգություններով: Ռացիոնալ և բանավեճային հարթությունում թեման մեկնաբանեց միայն «Հայաստան» դաշինքի առաջնորդ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 2026 թ. հունվարի 29-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարեց, որ TRIPP նախագիծը, որի հիմքը պետք է կազմի Սյունիքի տարածքում գտնվող երկաթուղային գիծը, չի կարող արդյունավետ համարվել Հայաստանի համար առանց Նախիջևանի արևելյան սահմաններից մինչև հայկական Երասխ հաղորդակցությունների ներառման [7]: Ըստ նախկին նախագահի՝ միայն այդ դեպքում ամերիկյան կառավարումը Հայաստանին օգուտ կերաշխավորի՝ ապահովելով կարճագույն հասանելիություն դեպի հարավային շրջաններ և իրանական սահման: Բացի այդ, Ռ. Քոչարյանն ընդգծեց, որ Հայաստանը առավելություն կստանա, եթե երթուղու շահագործմանը մասնակցեն այնպիսի պետություններ, ինչպիսիք են ՌԴ-ն և ՉԺՀ-ն:

  1. Ռ. Քոչարյանի այլընտրանքը. Աբխազական երկաթուղի

13.02.2026 թ. Ռ. Քոչարյանը ուշադրություն հրավիրեց Աբխազական երկաթուղու վրա, որի ապաշրջափակումը Հայաստանի Հանրապետությանը կապահովի ավելի կարճ և շահավետ հաղորդակցություն Ռուսաստանի Դաշնության հետ՝ համեմատած Ադրբեջանի տարածքով անցնող երթուղու հետ: Ըստ Ռ. Քոչարյանի՝ աբխազական հատվածի գործարկման վերսկսումը ռազմավարական առումով ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև Վրաստանին, որը մտահոգություններ է հայտնում տարանցիկ փոխադրումների ոլորտում մրցունակության հնարավոր կորստի վերաբերյալ [8]: ՀՀ նախկին նախագահը այս խնդրի լուծմանն անհամաձայնությունը որակեց որպես «հանցագործություն»։ Նրա գնահատմամբ, դրա իրականացումը հնարավորություն կտար Հայաստանին նվազեցնել «միջազգային գործընկերների» պայմաններից կախվածությունը, որոնք սպառնում են դուրս թողնել երկիրը տարածաշրջանային գործընթացներից։ Ըստ էության, նա ձգտում է ցույց տալ, որ կառավարության գործողությունները թելադրված են բացառապես քաղաքական նկատառումներով: Այնուամենայնիվ նրա առաջարկած «այլընտրանքը» բավականին վիճահարույց է: Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը քննարկվում է ավելի քան 30 տարի՝ առանց էական առաջընթացի հասնելու: Տնտեսական տեսանկյունից Ռ. Քոչարյանի դիրքորոշումը հիմնավորված է, սակայն քաղաքական գործոնները մշտապես դարձել են բանակցային գործընթացի տապալման պատճառ:

  1. Թուրք-ադրբեջանական վեկտորը և Ռուսաստանի մեկուսացումը

Կասկածներ է հարուցում նաև Թուրքիայի շահագրգռվածությունը Թբիլիսի–Սուխում–Սոչի գծի վերագործարկման հարցում: 2020 թ. իրադարձություններից հետո և ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Անկարան փոխել է առաջնահերթությունները: Այժմ Թուրքիան կենտրոնացած է Արևելք–Արևմուտք առանցքով երթուղիների վրա, որոնք ճանապարհ են բացում դեպի Կենտրոնական Ասիա, այլ ոչ թե Հյուսիս–Հարավ ուղղության վրա, ինչը թույլ կտար ՌԴ-ին պահպանել դիրքերը Սևծովյան-կասպյան տարածաշրջանում: Այս հարցում Անկարային աջակցում է Բաքուն, որը Հյուսիս–Հարավ երթուղիների գործարկումը թույլատրում է միայն իր տարածքով և իր վերահսկողության տակ:

Ադրբեջանը տիրապետում է Վրաստանի նկատմամբ ազդեցության զգալի լծակների՝ Աբխազիայի վերաբերյալ նախաձեռնությունները արգելափակելու համար, և դեմ է հանդես գալիս հայկական այն նախագծերին, որոնք կարող են Երևանը վերածել տրանսպորտային խաչմերուկի: Սա ևս մեկ անգամ հաստատեցին Իլհամ Ալիևի հայտարարությունները 2026 թ. փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ: Նախ՝ նա կասկած հայտնեց Երասխի երկաթուղային ճյուղը Կարս–Իգդիր–Նախիջևան–Բաքու երթուղուն միացնելու նպատակահարմարության վերաբերյալ: Երկրորդ՝ հեգնանքով ակնարկեց, որ Ն. Փաշինյանի «առասպելական» «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վիճակված չէ իրականություն դառնալ [9]:

  1. Եզրակացություն. երկընտրանք Մոսկվայի համար

Նոր աշխարհաքաղաքական իրականությունը Հայաստանին ստիպում է բավարարվել բացառապես Արևմուտք–Արևելք առանցքի տրամաբանության մեջ տարանցիկ օղակի գործառույթներով, ընդ որում՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար ընդունելի երթուղային կոնֆիգուրացիաներով: Հայաստանի երկաթուղային կապը ՌԴ-ի հետ հյուսիսում և Իրանի հետ հարավում երկու դեպքում էլ պետք է անցնի ադրբեջանական տարածքներով՝ Երևանին դնելով Բաքվից ծայրահեղ տնտեսական կախվածության մեջ:

Մոսկվան էլ հայտնվել է բարդ երկընտրանքի առջև. կամ նա հրաժարվում է ՀԿԵ-ից և դուրս գալիս խաղից, ինչը կատեգորիկ չի համապատասխանում Հարավային Կովկասում նրա շահերին, կամ, հույսը դնելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի փոփոխության վրա, ավելացնում է ներդրումները ենթակառուցվածքներում, որոնք Ն. Փաշինյանի իշխանության պահպանման դեպքում կօգտագործվեն ի շահ Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցների:

Հղումներ 

[1]«Пашинян предложил РФ продать концессию на ж/д Армении третьей стране». Ведомости, 14.02.2026, https://www.vedomosti.ru/politics/news/2026/02/14/1176359-pashinyan-predlozhil-prodat (բեռնման օրը՝ 16.02.2026).

[2]«Пашинян и Путин обсуждали вопрос восстановления участков железной дороги в Армении». ARKA News Agency, 25.12.2025, https://arka.am/news/economy/pashinyan-i-putin-obsuzhdali-vopros-vosstanovleniya-uchastkov-zheleznoy-dorogi-v-armenii/ (բեռնման օրը՝ 16.02.2026).

[3]«Россия поможет Армении наладить железнодорожное сообщение с Азербайджаном и Турцией». ARKA News Agency, 12.02.2026, https://arka.am/news/economy/rossiya-pomozhet-armenii-naladit-zheleznodorozhnoe-soobshchenie-s-azerbaydzhanom-i-turtsiey/ (բեռնման օրը՝ 16.02.2026).

[4]«Ереван больше не устраивает российская концессия на железные дороги Армении». Ритм Евразии, 15.02.2026, https://www.ritmeurasia.ru/news–2026-02-15–erevan-bolshe-ne-ustraivaet-rossijskaja-koncessija-na-zheleznye-dorogi-armenii-85868 (բեռնման օրը՝ 16.02.2026).

[5]«ЗАО «Электросети Армении» лишено лицензии на распределение электроэнергии и мощности». ARKA News Agency, 17.11.2025, https://arka.am/news/economy/zao-elektroseti-armenii-lisheno-litsenzii-na-raspredelenie-elektroenergii-i-moshchnosti-/ (բեռնման օրը՝ 07.02.2026).

[6]«Что заставило власти Армении спешно подписать с Вэнсом заявление о модульных АЭС: эксперт». Sputnik Armenia, 11.02.2026, https://am.sputniknews.ru/20260211/chto-zastavilo-vlasti-armenii-speshno-podpisat-s-vensom-zayavlenie-o-modulnykh-aes-ekspert–98653116.html (բեռնման օրը՝  17.02.2026).

[7] «Кочарян назвал проект TRIPP крупнейшей угрозой безопасности Армении». Голос Армении, 29.01.2026, https://www.golosarmenii.am/кочарян-назвал-проект-tripp-крупнейшей-уг/ (բեռնման օրը՝ 17.02.2026).

[8]«Роберт Кочарян: Ж/Д сообщение через Грузию и Абхазию – полностью реалистичный проект, которым надо заниматься». NEWS.am, 13.02.2026, https://news.am/rus/news/930469.html (բեռնման օրը՝ 17.02.2026).

[9] «Он и перезапустит ваш «Перекресток мира»» – ВИДЕО. Qafqazinfo, 14.02.2026, https://qafqazinfo.az/news/detailru/-61542 (բեռնման օրը՝ 18.02.2026).

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 23.02.2026 թ.: