Մեկնաբանություններ

Ենթակառուցվածք և պատերազմ. Կուրսկի ԱԷԿ-ից մինչև Խուդաֆերինի ՀԷԿ

Փորձագետի մեկնաբանություն, 10.08.2024 թ.(1)

Արա Հ. Մարջանյան(2)

2024 թ. օգոստոսի 6-ի գիշերը, «08.08.08 թ. օգոստոսյան պատերազմի» «հոբելյանից» երկու օր առաջ, Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈՒ) հատեցին Ռուսաստանի հետ սահմանն ու երեք ուղղությամբ ներխուժեցին Կուրսկի մարզ։ Նույն գիշերը գնդակոծության ենթարկվեց ռուս-ուկրաինական սահմանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Սուջա շրջկենտրոնը։ Այնտեղ է գտնվում ռուսական գազը Եվրոպա արտամղող և այսօր գործող միակ գազաչափիչ կայանը (ԳՉԿ)։ Նմանատիպ երկրորդ՝ «Սոխրանովկա» ԳՉԿ-ն ուկրաինական կողմից փակվել է 2022 թ. մայիսից՝ «ֆորս մաժորի» գոյացման հիմքով(3)։

Օգոստոսի 7-ին ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վ. Գերասիմովը հայտնեց, որ ուկրաինական զորքերի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի խորք կանգնեցվել է։ Օգոստոսի 8-ին ՌԴ ՊՆ-ն հաղորդեց, որ զորքերի «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ զորքերի հետ համատեղ ՈՒԶՈՒ-ի դեմ մարտեր են մղում Կուրսկի մարզի Սուջայի և Կորենևոյի շրջաններում։ Առբերվել են պահեստային ուժերը և ուժեղացման ստորաբաժանումները։ Օդուժի և հրետանու միջոցով հարվածներ են հասցվում ՈւԶՈւ-ի պահեստային ուժերին տեղակայված Սումիի մարզում (Ուկրաինա)։ Կասեցվել է Ուկրաինական զորքերի առաջխաղացումը դեպի Կուրսկի մարզի խորք։

Օգոստոսի 9-ին շարունակվել են մարտերը Սուջա քաղաքի համար։ Նույն օրը հաղորդվեց, որ ՌԴ ԶՈՒ-ն կանխել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հատուկ գործողությունների կենտրոնի հետախուզական խմբի ափհանման փորձը Սև ծովի Կինբուրնի ցամաքալեզվակ։ Նույն օրը հաղորդվեց նաև, որ ՈՒԶՈՒ-ի հրետակոծության արդյունքում մասամբ հոսանքազրկված է Էներգոդար քաղաքը, որի մոտակայքում է գտնվում Եվրոպայի խոշորագույն Զապորոժիեի ԱԷԿ-ը (ԶԱԷԿ)։ ԶԱԷԿ-ի հաղորդակցությունների գծով տնօրենի հաղորդման համաձայն, կայանը մասամբ հոսանքազրկված է էլեկտրահաղորդման գծերը վնասվելու պատճառով(4)։ Օգոստոսի 9-ի ցերեկը հայտնի դարձավ, որ Կուրսկի մարզի տարածքում մտցվել է դաշնային մակարդակի արտակարգ դրության ռեժիմ(5)։ Սպասվում է, որ կմտցվի նաև հակաահաբեկչական միջոցառումների ռեժիմ։

Օգոստոսի 7-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կ. Ժան-Պիերը հայտարարեց, որ «ԱՄՆ-ը կապվում է ուկրաինական զինվորականների հետ, որպեսզի ավելին իմանա Ռուսաստանի Կուրսկի մարզում իրականացվող գործողության մասին»։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի բոլոր «ողջամիտ» գործողությունները՝ ուղղված ռուսական զորքերի հարձակումների դադարեցմանը։ Իր հերթին, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջ. Քիրբին նշել է, որ ՈՒԶՈՒ-ի կողմից ամերիկյան զենքի կիրառման հարցում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ «ոչինչ չի փոխվել, և Վաշինգտոնը թույլատրում է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի այն թիրախներին, որոնք սպառնալիք են հանդիսանում Կիևի համար»։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մ. Միլլերը հայտարարել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին չի նախազգուշացրել Կուրսկի մարզում ռազմական գործողություններ անցկացնելու իր ծրագրերի մասին, բայց դա չի խախտում և ոչ մի ձեռք բերված պայմանավորվածություն։ Ս. թ. մայիսին ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բայդենը Կիևին թույլատրել էր Միացյալ Նահանգների կողմից մատակարարված զենքն օգտագործել այն թիրախների դեմ, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքում՝ ուկրաինական սահմանի երկայնքով, որպեսզի ետ մղի ՌԴ զորքերի ներխուժումը Խարկովի մարզ։

Սույն հոդվածը գրելու պահին իրադարձությունները Կուրսկի մարզում շարունակում էին զարգանալ։ Ընդհանուր առմամբ, ներխուժման բնույթն ու ծավալը թույլ են տալիս խոսել հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մերձճակատային գոտում ՌԴ ԶՈՒ ռազմական հետախուզության լուրջ ձախողման և տեղեկատվական քաղաքականության ամբողջական տապալման մասին։

Հիմնվելով բաց աղբյուրների վրա և վերլուծելով լրահոսը, կարելի է եզրակացնել, որ ՈՒԶՈՒ օգոստոսյան ներխուժման անմիջական ռազմական մտահղացումն էր. 1) կաշկանդել Խարկովի ուղղությամբ գործող Ռուսաստանի ԶՈՒ-ի հյուսիսային խմբավորման գործողություններ: 2) Գրավել և վերահսկել որոշակի տարածք այդ խմբավորման արևմտյան ճակատում։ 3) Արևելյան ուղղությամբ սպառնալիք ստեղծել դեպի ՌԴ Բելգորոդի մարզ, հակակշիռ գոյացնելով Ռուսաստանի ԶՈՒ-ի կողմից ավելի վաղ ստեղծված և հյուսիսից Խարկով քաղաքի վրա կախված «բուֆերային գոտուն։

Իսկ ավելի լայն իմաստով՝ նպաստել ՀՌԳ այլ ուղղություններով գործող ուժերը և միջոցները ետքաշմանը, օրինակ, Կուպյանսկից, Տորեցկից և Չասով Յարից։

Հօգուտ այդ ենթադրության է խոսում ներխուժման համար ուկրաինական կողմից անմիջականորեն ներգրավված ուժերի և միջոցների ծավալը, հաշվարկված՝ ռազմաճակատը 10-20 կմ խորությամբ և ճակատով ճեղքելուն, ինչպես նաև հետագա գործողությունների բնույթը (ծանր սպառազինության առբերում, հաղորդակցությունների ձգում, դիրքերի ամրապնդում, թիկունքի կահավորում և այլն)։ Ելնելով ասվածից և հաշվի առնելով, որ դեպի Եվրոպա գազամատակարարումն կարելի էր դադարեցնել առանց Սուջայի ԳՉԿ-ի զավթման, որպես ներխուժման անմիջական ռազմական թիրախ դժվար է համարել այդ ԳՉԿ-ի գրավումը(6), առավել ևս, ներխուժման գոտուց 62 կմ հեռավորության վրա գտնվող Կուրչատով քաղաքը ու մերձակա Կուրսկի ԱԷԿ-ը։

Բայց ահա ներխուժման քաղաքական (նաև լրատվական, որն այսօր անխզելի է քաղաքականից) նպատակները ավելի կարևոր են ու բազմակողմ։ Հիմնականը այստեղ, ամենայն հավանականությամբ կայանում է բանակցային դիրքերի ամրապնդումն է, հակամարտության անմիջական և միջնորդ բոլոր կողմերի մոտ օրեցօր հասունացող խաղաղ բանակցությունների անհրաժեշտ մեկնարկին ընդառաջ։ Ի վերջո, հենց այդպես էր բնութագրել տեղի ունեցածը Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը՝ ներխուժումից 32 ժամ անց տրված իր հարցազրույցում։

Կարելի է ենթադրել, որ ներխուժման նվազագույն հաջողության դեպքում բանակցային դիրքերի ուժեղացումը հանգում է տարածքների «փոխանակման ֆոնդի» գոյացմանը, օրինակ, Կուրսկի մարզի Սուջայի շրջանն՝ Խարկովից հյուսիս գտնվող «բուֆերային գոտու» (Լիպցի, Վոլչանսկ) դիմաց։ Իսկ, գործողության անսպասելի՝ առավել, քան պլանավորված հաջողության դեպքում, եթե հաջողվի կրակային վերահսկողության տակ առնել Կուրչատով քաղաքը և Կուրսկի ԱԷԿ-ը, հավասարակշռել իրավիճակը Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ (ներխուժումից 62 ժամ անց Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծության մասին նշել ենք վերը)։

Հնարավոր են ներխուժման լրատվական կամ քաղաքական այլ թիրախներ ևս։ Օրինակ, ՆԱՏՕ-ին և Արևմուտքին «վառ ուղերձ» հասցնել, որ «այսպես կարելի է», և ՌԴ տարածք ներխուժումը ինչ-որ աներևակայելի մի բան չէ։ Կամ, Սլովակիա, Չեխիա և արևելյան Գերմանիա գազի մատակարարման դադարեցումը «բարդել» ՌԴ տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների և «ֆորս մաժորի» գոյացման վրա, ինչպես որ դա արվեց 2022 թ. մայիսին՝ «Սոխրանովկա» ԳՉԿ-ի պարագայում։

Կամ, վերջապես, Ռուսաստանի տարածքում ստւեղծել Կրեմլի կողմից չվերահսկվող անկլավ, յուրահատուկ մի «ռուսական Թայվան», որտեղ և որի շուրջ կարելի է որոշակի քաղաքական գործընթաց ծավալել։ Այդպիսի անհաջող մի փորձ արդեն արվել էր ավելի վաղ, դեպի ՌԴ Բելգորոդի և Կուրսկի մարզեր Ռուսական կամավորական կորպուսի, «Սվոբոդա Ռոսիի» («Ազատություն Ռուսաստանին») լեգիոնի և «Սիբիրսկի բատալիոնի» («Սիբիրյան գումարտակ») ռազմերթի ժամանակ, իրականացված 2024 թ. մարտի 12-ից մինչև 21-ը։ Սակայն ընդգծենք, որ «օգոստոսյան ներխուժման» ընթացքում նշված կազմավորումները չեն նկատվել, և այն իրականացվել է բացառապես ՈւԶՈւ կանոնավոր ուժերով։

Այս ամենը 2024 թ. Ուկրաինայի «օգոստոսյան» ներխուժումը բնութագրում է առավելապես իբրև լրատվական-հոգեբանական ու քաղաքական արար, այլ ոչ թե զուտ ռազմական գործողություն՝ ուղղված որևէ կոնկրետ օպերատիվ խնդիրների լուծմանը։ Հավելենք, որ, «օգոստոսյան» ներխուժումը ռուսաստանցի որոշ ռազմական փորձագետներ ու լրագրողներ բնութագրել էին հենց որպես «ռազմական գործողություն», որոշակի ջղագրգռությամբ պատասխանելով պաշտոնական հայտարարություններին, որոնք տեղի ունեցածը որակել էին պարզապես «սահմանային սադրանք»։

Ինչևէ, այստեղ մեզ առաջին հերթին հետաքրքրում է հակամարտություններում ատոմային էլեկտրակայանների և այլ կրիտիկական ենթակառուցվածքների օգտագործման հանգամանքը։

Պատմական չափանիշներով տակավին վերջերս պարզապես անհնարին էր պատկերացնել, որ տարածաշրջանային հակամարտություններում կարող են, նախ պաշտոնական մակարդակով սպառնալիքներ հնչել ԱԷԿ-ների հանդեպ ահաբեկչական գործողություններ անցկացնելու վերաբերյալ։ Այնուհետ, պայթեցվել ԱԷԿ-ների բնականոն շահագործումն ապահովող բարձրավոլտ էլեկտրական հոսանքագծերը. հիշենք միայն Ռուսաստանի տարածքում մի քանի ԱԷԿ-ների մերձակայքում բարձրավոլտ գծերի դեմ դիվերսիաների շարանը։ Եվ ի վերջո, ծանր հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ գնդակոծվել բուն ԱԷԿ-ները։

Թեպետ, ժամանակին առիթ էինք ունեցել նշելու, որ ԱՄՆ բանակի բարձրագույն հրամկազմի համար անցկացված GAAT հրամանատարա-շտաբային խաղի 2005-07 թթ. ուսումնական ձեռնարկներում նշվում էր, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում և Հարավային Կովկասում կվերսկսվի 2016 թվականին՝ «Free Karabakh Movement»-ի կողմից Հայկական ԱԷԿ-ում ահաբեկչություն իրականացնելուց հետո։ Եվ այն կավարտվի երկու տարի անց՝ 2018-ին՝ Իրանի տարածքային մասնատմամբ։

Վերջին իրադարձությունների լույսի ներքո այս ամենը միանգամայն չարագույժ է հնչում, այդպես չէ՞։

Փառք աստծո, այն ժամանակ՝ իրական 2016 թ-ին, այլ ոչ թե GAAT-ի սցենարային 2016-ին, Հայկական ԱԷԿ-ում որևէ ահաբեկչություն չեղավ, թեպետ և սկսվեց Ապրիլյան քառօրյա պատերազմը։ Իսկ մի քանի տարի անց՝ 2020-ին, դարձյալ ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հուլիսյան սադրանքի եռուն շրջանում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վ. Դարգյահլին հայտարարել էր, թե ադրբեջանական բանակի հրթիռները կարող են բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամոր քաղաքում գտնվող Հայկական ԱԷԿ-ին, «ինչը մեծ աղետ կդառնա Հայաստանի համար»(7)։

2020 թ. հուլիսի 18-ին միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռ. Գրոսիի հետ Վիեննայում հանդիպման ժամանակ նշել էր, որ «Հայկական ԱԷԿ-ին հրթիռային հարված հասցնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքը լուրջ խնդիր է առաջացնում ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար»(8)։ Հայաստանը հույս էր հայտնել, որ ՄԱԳԱՏԷ-ն իր մանդատի շրջանակներում կարտահայտի իր դիրքորոշումն Ադրբեջանի նման անպատասխանատու և վտանգավոր հայտարարությունների վերաբերյալ։ Հայկական ԱԷԿ-ին հարված հասցնելու հավանականության մասին Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունների կապակցությամբ իրենց խոր մտահոգությունն էին հայտնել նաև հանրապետության վարչապետը և Հայաստանի ԱԳՆ-ն։ Սակայն ՄԱԳԱՏԷ-ից, ՄԱԿ-ից և կամ այլ միջազգային կառույցներից ոչ մի արձագանք չհետևեց։

Դե իսկ երկու ամիս անց ադրբեջանա-թուրքական ուժերը լայնածավալ հարձակման անցան ԼՂՀ-ի վրա, սկսվեց 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմը։

Եվս մի քանի տարի անց մենք արդեն ականատեսն եղանք, թե ինչպես են ռազմական գործողություններ ծավալվում Ուկրաինայի Էներգոդար քաղաքից ոչ հեռու գտնվող Եվրոպայի խոշորագույն՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում (ԶԱԷԿ)։ Ընդ որում, գնդակոծվում էին ոչ միայն ԶԱԷԿ-ի մերձակա ենթակառուցվածքները։ Հրետանային և ԱԹՍ-ների հարվածներ էին հասցվում բուն ԶԱԷԿ-ին և օգտագործված միջուկային վառելիքի պահեստարանին։

2024 թ. հունիսի 3-ին, հանդես գալով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի առջև, կառույցի ղեկավար Ռ. Գրոսին հայտարարել է(9), որ «Իրավիճակը ԶԱԷԿ-ում մնում է տագնապալի և անկայուն, այնտեղ լրիվ կամ մասամբ խախտվել են միջուկային անվտանգության բոլոր յոթ հիմնարար սկզբունքները։ [2024 թ.] Ապրիլի սկզբին, անցած մեկուկես տարում առաջին անգամ, ԶԱԷԿ-ը ենթարկվել է անմիջական հարձակման»։

Հասկանալի է, որ ՄԱԳԱՏԷ-ի մանդատը չի ենթադրում գնահատել, թե ով և որտեղից է կրակ վարում ԱԷԿ-ի ուղղությամբ, ինչ ուժեր և միջոցներ են օգտագործվում դրա համար և այլն։ Սակայն հասկանալի է նաև, որ նման «չեզոք» հայտարարությունները չեն նպաստում պատկերի հստակեցմանը ու չեն օգնում բացահայտելու, թե որ կողմն է իր գործողություններով սպառնում ԱԷԿ-ի շահագործման անվտանգությանը՝ ստեղծելով լայնածավալ ռադիացիոն վթարի ռիսկեր։ Տվյալ դեպքում պահանջվեց մի ամբողջ Նոբելյան մրցանակի դափնեկիր, որը Արևմտյան լսարանին մատչելի կբացատրի իրավիճակը ԶԱԷԿ-ում. «Ռուսները գտնվում են Զապորոժիեի ԱԷԿ-ի ներսում, ու վերահսկում են այն։ Ինչ եք կարծում ո՞վ է գնդակոծում այս ատոմակայանը»(10)։

Ետ գալով ՈՒԶՈՒ-ի «օգոստոսյան» ներխուժմանը և Կուրսկի ԱԷԿ-ին, ընդգծենք, որ 2024 թ. օգոստոսի 9-ի երեկոյան հայտնի դարձավ, որ արդեն Կուրչատով քաղաքը և Կուրսկի մարզի Օկտյաբրսկի, Բոլշեսոլդատսկի, Օբոյանսկի և Բելովսկի շրջանների որոշ մասեր ամբողջությամբ հոսանքազրկվել են տրանսֆորմատորային կայանին համակցված «հրետանա-ԱԹՍային» հարվածի հետևանքով։ Ռ. Գրոսին կողմերին կոչ արեց առավելագույնս զսպվածություն ցուցաբերել՝ արդեն Կուրսկի ԱԷԿ-ում միջուկային վթարից խուսափելու համար. «Տվյալ փուլում ես կցանկանայի կոչ անել բոլոր կողմերին՝ ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ խուսափելու համար միջուկային վթարից, որը հղի է լուրջ ռադիոբանական հետևանքներով։ Ես անձամբ կապի մեջ եմ երկու կողմերի համապատասխան իշխանությունների հետ ու շարունակելու եմ զբաղվել այդ հարցերով։ Ես շարունակելու եմ միջազգային հանրությանը տեղեկացնել ըստ անհրաժեշտության», – ասվում է Գրոսիի հայտարարությունում(11)։

Եվ ահա այստեղ անհրաժեշտ եմ համարում ընդգծել մեզ համար կարևոր մի հանգամանք։

Այսօր, Կուրսկի ԱԷԿ-ը մնում է այն սակավաթիվ հարթակներից մեկը, որտեղ պահպանվում է «ՌԴ-Արևմուտք» բարձր տեխնոլոգիական համագործակցությունը։ Ավելի կոնկրետ, խոսքը գնում է ռուսական պետական «Ռոսատոմ» կոնցեռնի և ֆրանսիական «Ֆրամատոմ» ընկերության միջև համագործակցության մասին։ 2020 թ. «Ֆրամատոմը» շահել էր Կուրսկի ԱԷԿ-ի երկրորդ հերթի ВВЭР-ТОИ ռուսական ատոմային ռեակտորների համար պաշտպանության ավտոմատ համակարգի մատակարարման միջազգային մրցույթը(12)։ Ավելի վաղ ֆրանս-ռուսական համանման ծրագրեր էին իրագործվել Նովովորոնեժի և Լենինգրադի ԱԷԿ-ներում։ Ավելին, «Ռոսատոմ»-ը և «Ֆրամատոմ»-ը համագործակցում են նաև Ռուսաստանի սահմաններից դուրս, օրինակ, Հունգարիայում՝ «Պակշ» ԱԷԿ-ում։ Առաջացնելով Գերմանիայի և ԱՄՆ-ի դժգոհությունը, և Ուկրաինայի ու Բալթյան երկրների կատաղությունը, ստիպված ենք հավելել։

Այնպես որ, դեպի Կուրսկի ԱԷԿ ընդհանուր ուղղությամբ Ուկրաինայի «օգոստոսյան ներխուժումը» կարելի է դիտարկել և որպես նման համագործակցությունը եթե ոչ տապալելու, ապա այն էապես բարդացնելու փորձ։ Համագործակցություն, որն այդքան հազվադեպ է պառակտված մեր ժամանակներում, և այդքան խոստումնալից՝ առավել ներդաշնակ աշխարհ կառուցելու տեսանկյունից։

Այս ամենը նշում ենք նաև այլ պատճառով։ Վերջերս հայտնի դարձավ, որ «Ֆրամատոմը» հետաքրքրություն է արտահայտել Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ։ Հայաստան էր ժամանել այդ ընկերության հատուկ պատվիրակությունը, որին ընդունել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Գրիգորյանը(13)։ Այս հանդիպումը տարօրինակ արձագանքի արժանացավ որոշ ռուսաստանյան, նաև մի շարք հայկական ԶԼՄ-ներում։ Սակայն ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու Հայկական ԱԷԿ-ը, Ռուսաստանում Կուրսկի կամ Լենինգրադի ԱԷԿ-ների, կամ Հունգարիայում «Պակշ» ԱԷԿ-ի հետ մեկտեղ, չդառնա ՌԴ-ի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարթակ՝ նպաստելով Եվրոպայում և աշխարհում համագործակցության ամրապնդմանը, այլ ոչ թե խորացնելով պառակտումը ու շիկացնելով պատերազմը։

Ավարտենք ևս մի դիտարկմամբ։ Ընդհանուր առմամբ, դժվար է ձերբազատվել այն զգացողությունից, որ 2014–2022 թթ. ուկրաինա-ռուսաստանյան դիմակայությունը, 2022-ի փետրվարից մեկնարկած Հատուկ ռազմական գործողությունը, ինչպես նաև հակամարտությունները Մերձավոր Արևելքում, որոշակիորեն կրկնում են Ղարաբաղյան պատերազմների տրամաբանությունը, դրանց զարգացման դինամիկան, սկսած անցյալ դարի վաղ 90-ականներից, մինչև 2023 թ. հայերի բիբլիական արտագաղթը Լեռնային Ղարաբաղից։ Բայց, ավելի արյունալի, եթե կուզեք՝ ավելի բարբարոս, մակարդակով։

Վերջին ամիսների ու տարիների լրահոսի խելահեղության մեջ մենք կարծես թե մոռացել ենք Կախովսկայա ՀԷԿ-ի պատվարի պայթեցումը, պատվարի փականներին ամերիկյան HIMARS-ներով (հայերեն՝ «հիմարներ»), Կախովսկայա ջրամբարի ջրով՝ ընդհուպ մինչև Սև ծով ընկած հսկայական տարածքի հեղեղման մասին։ Դա մարդկության պատմության մեջ էներգետիկ և ջրային ենթակառուցվածքի հանդեպ իրականացված խոշորագույն դիվերսիա էր, աննախադեպ իր ծավալներով և բարբարոսությամբ։

Իմ շատ հասակակիցներ մոռացել են, իսկ ավելի պատանի սերունդները չգիտեն էլ, որ Կախովսկայա ՀԷԿ-ը՝ Դնեպրյան ՀԷԿ-երի կասկադի 6-րդ և վերջին աստիճանը, ԶԱԷԿ-ը և Ղրիմի ջրանցքի ջրառը միասնական՝ հիդրոէներգետիկ, ատոմային, ջրային, տրանսպորտային և ոռոգման համալիր էր։

Այն ԽՍՀՄ հպարտություն էր, ենթակառուցվածքային «թագագոհարը», ու հանդիսանում էր ՈւկրԽՍՀ և անկախ Ուկրաինայի կենսագործունեության հիմքը։ Չէ՞ որ Կախովկայի ՀԷԿ-ը ոչ միայն մաքուր, այսօր կասեին՝ «կանաչ» էլեկտրաէներգիայի աղբյուր էր։ Բացի այդ, Կախովկայի ջրամբարի ջուրը, գոյացած ՀԷԿ-ի պատվարով, օգտագործվում էր ԶԱԷԿ-ի ատոմային ռեակտորների հովացման համար։ Վերջապես, այդտեղ է գտնվում նաև Ղրիմի ջրանցքի ջրառը, որով տասնամյակներ շարունակ սնուցվում էր ողջ Ղրիմի թերակղզին։

Ես, իհարկե, Նոբելյան մրցանակի դափնեկիր չեմ։ Բայց, ինձ համար ՀԻՄԱՐՍ-ների հարվածը, Կախովկայի ՀԷԿ-ից հոսքն ի վեր գտնվող Դնեպրովսկայա ՀԷԿ-ից ջրի մեծ քանակության համաժամանակեցված բացթողումը, ինչպես նաև «հին դպրոցի» էներգետիկներին լավ հայտնի «Բաբինե–Բէրի էֆեկտը» (հյուսիսային կիսագնդում գետերի ըստ հոսքի՝ աջ ափը ավելի բարձր է, քան ձախը), պարզ են դարձնում, թե ով և ինչու է պայթեցրել Կախովսկայա ՀԷԿ-ի պատվարը:

Ամենից ապշեցնողը այստեղ, էներգա-տրանսպորտային և ջրային ենթակառուցվածքների հսկայական դերն է, որը կանխորոշում է ռազմական գործողությունների բնույթը, ուրվագծում հակամարտությունների դինամիկան։ Միևնույն ժամանակ, լայն «հանրության», այդ թվում՝ մասնակից կողմերի փորձագետների ուշադրությունից այդ դերակատարման մշտապես սպրդումը։

Այս տեսակետից բնութագրական է Արաքս գետի վրա՝ Իրանի հետ սահմանի երկայնքով գտնվող հիդրոէներգետիկ և ոռոգման կառույցների դերը Ղարաբաղյան հակամարտության պատմության և զարգացման համար։ Ըստ էության, ենթակառուցվածքային տեսանկյունից հայկական կողմը Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանին տանուլ տվեց դեռ 1993 թ. այն օրը, երբ զիջեց վերահսկողությունը Հորադիզի ու Միլ-Մուղանի հիդրո-իրիգացիոն համալիրի նկատմամբ։ Ինչը և ամրագրվեց հրադադարի մասին 1994 թ. «Բիշքեկյան արձանագրության» ստորագրմամբ։ Դրանով իսկ հայկական կողմը զրկվեց ԼՂՀ կարգավիճակի հարցում Ադրբեջանի (նաև Իրանի) նկատմամբ ազդեցության որևէ գործուն ու երկարաժամկետ լծակներից։ Հետագայում այս իրավիճակը միայն խորացավ։

Այսպես, տասնամյակներ շարունակ Հայաստանը Իրանի հետ վարում էր միանգամայն անպտուղ բանակցություններ՝ Արաքս սահմանային գետի վրա Մեղրիի և Ուժտուբինի դերիվացիոն ՀԷԿ-երի կառուցման շուրջ։ Դրանք պետք է տեղակայվեին գետի հայկական և իրանական ափերին համապատասխանաբար, այն հատվածում, որը ներկայումս հայտնի է որպես «Զանգեզուրի միջանցք», և որը Թուրքիայի, Ադրբեջանի և ողջ թյուրքական աշխարհի բաղձանքի առարկան է։ Բայց այն ժամանակ «հյուսիսային ուղղությունը» և Հայաստանի հետ սահմանը Իրանում այնքան էլ կարևոր չէին համարվում։ Դրանք գտնվում էին իրանական «մեծ ռազմավարության» ուշադրությունից դուրս, մնալով իրանական աշխարհաքաղաքականության «ծայրամասում»։

Միևնույն ժամանակ, այդ անբովանդակ բանակցություններին զուգընթաց, Իրանը անաղմուկ սկսեց և ավարտին հասցրեց Խուդաֆերինի ՀԷԿ-ի շինարարությունը Արաքս գետի վրա, Մեղրիի և Ուժտուբինի ՀԷԿ-երի տեղակայման ենթադրյալ վայրից հոսքն ի վար, մինչև Միլ-Մուղանի համալիրը ընկած հատվածը։ Ավելի ուշ Իրանը, արդեն Խուդաֆերին ՀԷԿ-ի և Միլ-Մուղանի համալիրի միջակայքում կառուցեց նաև «Կըզ-Կալասի» ՀԵԿ-ը և ոռոգման հանգույցը։

«ԼՂՀ շուրջ» ծավալված բոլոր ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունեցել վաղ 90-աններից առ այսօր, ներառյալ 2016 թ. Ապրիլյան և 2020 թ. 44-օրյա պատերազմները, նշանակալի, եթե ոչ որոշիչ կերպով, կապված էին հիդրոէներգետիկ և իրիգացիոն այս ենթակառուցվածքային համալիրի հետ, Արաքսի գետի ձախափնյա հատվածում դրանց վերահսկման խնդրի հետ(14)։

Դառը հեգնանք կա այն բանում, որ Իրանի նախագահ Է. Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հ. Աբդոլլահիանը և այլ պաշտոնատար անձինք 2024 թ. մայիսի 19-ին զոհվեցին օդային վթարում այն բանից հետո, երբ հանդիպեցին Ադրբեջանի նախագահին, Խուդաֆերինի և Կըզ-Կալասիի բացման պաշտոնական արարողությանը։ Այս ողբերգական մահը, կարծես, որոշակի վերջ դրեց Գեյանի (Գեհենի)(15) տափաստանի ու Արաքսի ձախափնյա հատվածի վրա վերահսկման հաստատման ողբերգական պատմությանը։ Դա վերջակետ է, թե բազմակետ՝ ցույց կտա ժամանակը։

Այսօր «հյուսիսային ուղղությունը» և Հայաստանի հետ սահմանը Իրանի համար ձեռք են բերել ռազմավարական կարևորություն, հատկապես Հնդկաստան (Բհարատ)–Իրան–Ռուսաստան հաղորդակցական երթուղու տեսակետից։ Իսկ Արաքսի ձախափնյա հատվածի նկատմամբ վերահսկողության հարցը Իրանի համար դարձել է հրատապ։ Ինչի մասին և ասել էր Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը ՀՀ վարչապետին՝ 2024 թ. հուլիսի 24-ին, Իրանի նորընտիր նախագահ Մ. Փեզեշքիանի երդմնակալության արարողությունից առաջ(16)։

Արարողությունից ժամեր հետո, ահաբեկչության արդյունքում սպանվեց նույն առիթով Իրանում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Ի. Հանիեն(17)։

Ինչպես սիրում էր ասել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Ք. Անանը, բացելով հերթական գիտաժողովը՝ «վերջ ի վերջո կպարզվի, որ մենք բոլորս էլ ապրում ենք հոսանքն ի վար (downstream), փականի հետևում»։

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) ներկայացվել է խմբագրություն 10.08.2024 թ., մեր կայքում հրապարակվել է 12.08.2024 թ.: Թարգմանված տարբերակում հեղինակի կողմից արվել են որոշ փոփոխություններ։

(2) ՄԱԿ ԶԾ ազգային փորձագետ (էներգետիկա), ԵՄ ազգային փորձագետ (տրանսպորտ), ԵԱՏՄ Փորձագիտական ակումբի անդամ, առաջատար վերլուծաբան, տեխ.գ.դ., ա.գ.ա.:

(3) «Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգով (ԳՏՀ) ռուսական գազի տարանցիկ փոխադրման հայտերը նվազել են 25 տոկոսով։ Սակայն Սոխրանովկան»։ Neftegaz.RU, 11 մայիսի, 2022. https://neftegaz.ru/news/transport-and-storage/736777-zayavki-na-tranzit-rossiyskogo-gaza-po-gts-ukrainy-snizilis-na-25-odnako-sokhranovka/ (բեռնման օրը՝ 08.08.2024):

(4) «Կուրսկի մարզում մտցրել են դաշնային բնույթի ԱԴ ռեժիմ»։ ՏԱՍՍ, (09.08.2024), https://tass.ru/proisshestviya/21566673 (բեռնման օրը՝ 09.08.2024)։

(5) «ՈՒԶՈՒ-ի գնդակոծության արդյունքում մասամբ հոսանքազրկված է Էներգոդարը»։ EurAsia Daily, (09.08.2024). https://eadaily.com/ru/news/2024/08/09/v-rezultate-obstrela-vsu-chastichno-obestochen-energodar (բեռնման օրը՝ 09.08.2024)։

(6) Ի դեպ, «Սուջա» ԳՉԿ-ով գազի արտամղումը 2024 թ. օգոստոսի 7-ին կազմել է 42 մլն մ3, օգոստոսի 8-ին՝ 37 մլն3, իսկ օգոստոսի 9-ին նույնիսկ քիչ ավելի՝ 38 մլն3։ «Գազպրոմը» կանոնավոր կերպով հայտեր է ներկայացնում «Սոխրանովկա» ԳՉԿ-ով գազը արտամղելու համար, նույն կանոնավոր կերպով մերժում ստանալով ուկրաինական կողմից։

(7) «Ալիևը նաև միջուկային ահաբեկիչ է»։ «Առավոտ», (24.07. 2020.) https://ru.aravot.am/2020/07/24/332732/ (բեռնման օրը՝ 08.08.2024):

(8) «Ադրբեջանի սպառնալիքը ԱԷԿ-ին»։ «SPUTNIK Армения», 18.07.2020. https://am.sputniknews.ru/20200718/Ugroza-Azerbaydzhana-po-AES–ugroza-dlya-vsego-regiona-Papikyan-predstavil-situatsiyu-Grossi-23796663.html (բեռնման օրը՝ 08.08.2024):

(9) «ՄԱԳԱՏԷ. ԶԱԷԿ-ում խախտված են անվտանգության բոլոր սկզբունքները»։ DW, 03.05.2024, https://www.dw.com/ru/magate-na-zaporozskoj-aes-naruseny-vse-principy-bezopasnosti/a-69258082 (բեռնման օրը՝ 09.08.2024):

(10) Տես Ջ. Սաքսի հարցազրույցը Թ․ Կառլսոնին։ Jeffrey Sachs: The Untold History of the Cold War, CIA Coups Around the World. June, 2024, https://tuckercarlson.com/tucker-show-jeffrey-sachs?utmsource=google&utmmedium=paid&gadsource=1&gclid=EAIaIQobChMInvfo56blhwMVQkhBAh3tmhnWEAAYASAAEgL9BDBwE (բեռնման օրը՝ 01.08.2024):

(11) «Գրոսին կողմերին կոչ է արել խուսափել Կուրսկի մարզում միջուկային աղետից»։ ՌԻԱ Նովոստի, (09.08.2024), https://ria.ru/amp/20240809/grossja-1965298872.html (բեռնման օրը՝ 09.08.2024).

(12) «Framatome to deliver reactor protection system for Kursk II». NEI, April 9, 2020. https://www.neimagazine.com/news/framatome-to-deliver-reactor-protection-system-for-kursk-ii-7865990/ (բեռնման օրը՝ 08.08.2024)։ «Framatome» ընկերության բաժնետոմսերի 80.5%-ը պատկանում է ֆրանսիական EDF պետական ընկերությանը, 19.5% -ը՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries-ին.

(13) Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ֆրամատոմ»-ի պատվիրակությանը։ News.am, (23.07.2024), https://news.am/rus/print/news/835334.html (բեռնման օրը՝ 08.08.2024):

(14) Կսկիծով եմ հիշում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ներկայացուցիչների զարմացած դեմքերը, որոնք 2011–2013 թթ. անցկացված սեմինարների ժամանակ ակնհայտորեն առաջին անգամ էին լսում Միլ-Մուղանի համալիրի կամ Խուդաֆերինի ՀԷԿ-ի մասին:

(15) Յու. Առաքելյան, «Գեյանի տափաստանի անվան հայերեն տառադարձության ստուգաբանությունը»: ԱրՊՀ Գիտական Ընթերցումներ, 2016, https://artsakhlib.am/wp-content/uploads/2018/10/Arakelyan-Yuri-Tovmasyan-Rubina-Geyani-tapastan.pdf (բեռնման օրը՝ 09.11.2020):

(16) «Այաթոլլա Համենեին հանդիպումներ է անցկացրել Հայաստանի և Տաջիկստանի առաջնորդների հետ»։ INTERFAX.RU, (30.07.2024), https://www.interfax.ru/world/973153 (բեռնման օրը՝ 08.08.2024):

(17) «ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում»։ BBC, (31.07.2024), https://www.bbc.com/russian/articles/ce58l0gvk1ro (բեռնման օրը՝ 08.08.2024):