Տեսակետ

Կոսովոյի ռազմականացումը Թուրքիայի բալկանյան քաղաքականության համատեքստում

Փորձագետի տեսակետ 15.10.2025 թ.

Արեստակես Ս Սիմավորյան[1]

Առաջաբան

Վերջին երկու տասնամյակի ընթացքում Բալկանները և, մասնավորապես, Կոսովոն Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ զբաղեցնում են յուրահատուկ միջանկյալ դիրք։ Այդ դիրքը գտնվում է Անկարայի «նեոօսմանական» գաղափարախոսության[2], նեոռեալիստական հաշվարկների[3] և «փափուկ ուժի»[4] դիվանագիտության հատման կետում՝ դառնալով այս երեք մոտեցումների համադրման օրինակ։

Այս համատեքստում, Կոսովոյի ռազմականացման գործընթացը վերջին տարիներին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ արագացել է։ Անկարան, օգտագործելով ՆԱՏՕ-ի իր անդամության գործոնը, նպատակ ունի Կոսովոն վերածել Բալկանյան տարածաշրջանի իր ռազմական և քաղաքական հենման դիրքերից մեկը։ Այս գործընթացն արտահայտվում է Կոսովո՝ թուրքական ռազմական սպառազինությունների բացահայտ «ներթափանցմամբ», հատկապես՝ ԱԹՍ-ների, հակատանկային համակարգերի, Otokar Land Rover, BMC Vuran, Otokar Cobra զրահամեքենաների և գրոհային/դիպուկահար հրացանների մատակարարմամբ, ռազմական պատրաստության ծրագրերով և տեղական բանակային կառույցների վերակազմակերպմամբ։

Կոսովոն որպես քաղաքական փորձաքար

Կոսովոյի հետ ԱԹՍ-ների հետ կապված վերջին գործարքը և ռազմական նշանակության այլ սպառազինությունների արտահանումները խորքային առումով մարտահրավեր է ոչ միայն Սերբիայի համար, այլև ազդակ է Արևմուտքին, որ Անկարան ձգտում է դառնալ առանցքային խաղացող եվրոատլանտյան անվտանգության ենթահամակարգում՝ սեփական օրակարգով և ռազմավարական ինքնուրույնությամբ։ Եվ ի վերջո, Անկարայի ակտիվությունը ոչ միայն իրեն հնարավորություն է տալիս արտահանելու ռազմական տեխնոլոգիաներ, այլև իր դաշնակիցների պաշտպանական համակարգերում ներդնելու սեփական ստանդարտները։

2025 թ․ հոկտեմբերին թուրքական Baykar պաշտպանական կապալառու ընկերության հետ կնքված պայմանագրով հազարավոր Skydagger կամիկաձե ԱԹՍ-ների մատակարարումը Կոսովո վերակենդանացրեց Թուրքիայի և Սերբիայի միջև նախկինում արձանագրված հակասությունները։ Սերբիայի նախագահ Ա․ Վուչիչը սկզբնական հայտարարությունում հանդես եկավ կտրուկ քննադատությամբ՝ մեղադրելով Անկարային «Օսմանյան կայսրության վերականգնման» մտադրությունների մեջ, սակայն, շատ չանցած, մեղմեց իր դիրքորոշումը՝ բնութագրելով Ռ․ Թ․ Էրդողանին որպես «մեծ առաջնորդ» և շեշտելով Թուրքիայի հետ «ամենամերձ հարաբերությունների» անհրաժեշտությունը[5]։

Ի դեպ, Թուրքիայի ՊՆ-ը չի արձագանքել Սերբիայի պաշտոնական հայտարարություններին։ Այնուամենայնիվ, Անկարայի պաշտոնյաները շարունակաբար ընդգծում են, որ ռազմական արտահանումները լիովին օրինական են և իրականացվում են միջազգային իրավունքի շրջանակում։ Նրանց գնահատմամբ՝ «Սերբիայի կողմից զենքի մատակարարումը Կիպրոսի հունական վարչակազմին՝ մի կառույց, որը Թուրքիան չի ճանաչում որպես Կիպրոսի Հանրապետություն, ստեղծում է նախադեպ, որի նույն սկզբունքը պետք է տարածվի նաև Թուրքիայի տարածաշրջանային վաճառքների վրա»[6]։

Փաստորեն, Անկարան օգտագործում է դիվանագիտական-պաշտպանական մի հռետորաբանություն, որով փորձում է Սերբիայի նախադեպը վերածել սեփական քաղաքականության օրինականացման գործիքի։ Քաղաքական առումով սա «հայելային սկզբունքի» կիրառություն է՝ ինչ թույլատրվում է մեկին, պետք է թույլատրվի մյուսին։ Սակայն, այս տրամաբանությունը համարժեք չէ, որովհետև երկու դեպքերի իրավաքաղաքական հիմքերը տարբեր են․ Կոսովոն Արևմուտքի աջակցությամբ իրեն հռչակել է որպես անկախ պետություն՝ խախտելով Սերբիայի տարածքային ամբողջականությունը, իսկ Կիպրոսը բռնազավթվել է Թուրքիայի նվաճողական գործողությունների շնորհիվ։

Անկարա-Բելգրադ հարաբերությունների համատեքստը

Անկախ առկա տարաձայնություններից, անցած տասնամյակում Թուրքիան և Սերբիան կառուցել են հարաբերությունների այնպիսի ձևաչափ, որին բնորոշ է քաղաքական պրագմատիզմը, որը, սակայն, անթաքույց ուղեկցվում է ռազմավարական անվստահությամբ։ Մյուս կողմից՝ Անկարայի հետ տնտեսական կապերի խորացումը և պաշտպանական ոլորտում երկկողմ շփումները, կարծես, նախանշում են, որ Բելգրադը հարմարվել է իր հանդեպ Թուրքիայի որդեգրած արտաքին քաղաքական օրակարգին։

Ինչպես վերը նշեցինք, Անկարա–Բելգրադ հարաբերություններում միշտ են գրանցվել լարվածություններ։ Դեռևս 2013 թ․ Կոսովոյի հարավում գտնվող Պրիզրեն քաղաք կատարած այցի ժամանակ «Մի մոռացե՛ք, Թուրքիան Կոսովո է, Կոսովոն՝ Թուրքիա»[7]Էրդողանի արտահայտությունը սուր բացասական արձագանք գտավ Սերբիայում[8]։ Սակայն 2014-ից լարվածությունը մեղմացավ, իսկ հարաբերությունների բեկումնային պահը եղավ 2016 թ․ ձախողված հեղաշրջման փորձից հետո։ Սերբիան անմիջապես դատապարտեց հեղաշրջման փորձը և փակեց Ֆ․ Գյուլենի հետ կապված հաստատությունները:

Այդ ամենից հետո, 2017 թ․ կողմերը ստեղծեցին Բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ, իսկ 2019 թ. Թուրքիան և Սերբիան ստորագրեցին ռազմական համագործակցության շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում էր համատեղ զորավարժություններ և ուսումնական ծրագրերի կազմակերպում։ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը վերջին անգամ Բելգրադ այցելեց 2024 թ. հոկտեմբերին, որի ընթացքում ստորագրվեցին առևտրի, էներգետիկայի և անվտանգության ոլորտների վերաբերյալ 11 նոր համաձայնագրեր։

Հատկանշական է, որ 2019-ից հետո, երբ համագործակցությունը աստիճանաբար տեղափոխվեց պաշտպանական ոլորտ, սերբական կողմը հետաքրքրություն ցուցաբերեց Bayraktar TB2 անօդաչուների ձեռքբերման հարցում, սակայն, երբ Կոսովոն նույն տեխնոլոգիաները գնեց՝ հրաժարվեց այդ մտքից։ Այս դրվագը բացահայտեց նրանց միջև եղած վստահության սահմանները և Անկարա–Բելգրադ հարաբերություններում առկա փխրուն հավասարակշռությունը։

Կոսովոյի հարցերի շուրջ քաղաքական մակարդակում կողմերը հաճախ են հայտնվում հակադիր դիրքերում, մինչդեռ տնտեսության ոլորտում իրավիճակը մի փոքր այլ է։ Երկկողմ ապրանքաշրջանառությունը 2010 թ.-ից ի վեր աճել է ավելի քան հնգապատիկ անգամ՝ 2023 թ. կազմելով շուրջ $2.3 մլրդ: Ավելի քան 1000 թուրքական ընկերություններ են գործում Սերբիայում՝ թեթև և տեքստիլ արդյունաբերության, ավտոպահեստամասերի արտադրության և շինարարության ոլորտներում։ Վերջին 10 տարում Թուրքիան Սերբիայում կատարել է $400 մլն-ի ներդրումներ[9]։ Ի դեպ, թուրքական կապիտալը հիմնականում ուղղված է Սերբիայի թերզարգացած շրջաններին, որտեղ նոր գործարանների բացումը, ինչպես նշում են սերբ փորձագետները, ծառայել է որպես Վուչիչի ներքաղաքական հեղինակության ամրապնդման գործիք։

Հատկապես կարևոր են դարձել թուրքական շինարարական ընկերությունների նախագծերը՝ Բելգրադ–Սարաևո ավտոմայրուղու կառուցումը[10] և Նովի Բազար–Տուտին ճանապարհի վերակառուցումը[11], որոնք ունեն ոչ միայն տարածաշրջանային ինտեգրման նշանակություն։ Վերոհիշյալ նոր մայրուղիները ապագայում կարող են դառնալ որպես լոգիստիկ հիմք՝ թուրքական բիզնեսի և, նույնիսկ, պաշտպանական արտադրանքի արտահանման համար դեպի Բոսնիա, Մոնտենեգրո և Հյուսիսային Մակեդոնիա։

Տնտեսական իմաստով սա ԵՄ շուկա տանող նոր առևտրային ուղի է, որը Թուրքիան փորձելու է օգտագործել որպես այլընտրանք Դանուբյան և արևմտաեվրոպական միջանցքներին։ Տնտեսականից զատ, Թուրքիան ձգտում է նաև լինել միջնորդ Բոսնիայի և Սերբիայի հարաբերություններում, ուստի Բելգրադ–Սարաևո մայրուղու քաղաքական նշանակությունն ակնհայտ է․ այն Անկարայի խոսույթում ներկայացվում է որպես «խաղաղության ճանապարհ»։ Թուրքիայի տնտեսական նման ակտիվությունը կարելի է նաև բացատրել Բալկանների կրիտիկական համարվող ենթակառուցվածքներում ԵՄ-ի թույլ ֆինանսավորմամբ և ռազմավարական դանդաղկոտությամբ, որից էլ օգտվում են ոչ լավ ժամանակներում ապրող Թուրքիայի գործարար շրջանակները։

Անկարա–Պրիշտինա հարաբերությունների վերաձևումը

2008 թ. ԱՄՆ-ից հետո Թուրքիան Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրորդ պետությունն էր։ Երկրամասի անկախացումից հետո Անկարան արագորեն ամրապնդեց իր դիրքերն այդ կազմավորման տնտեսության տարբեր ոլորտներում։ Թուրքական ներդրումները տարածվեցին բանկային, կապի, էներգետիկ և լոգիստիկ (օդանավակայան, մայրուղիներ) համակարգերում[12]։ Նույն տարեթվին էլ Թուրքիայի Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (DEIK) շրջանակներում հիմնադրվեց Թուրքիա–Կոսովո գործարար խորհուրդը։

Ի համեմատ Սերբիայի՝ Թուրքիա–Կոսովո երկկողմ առևտուրն ավելի համեստ վիճակագրություն ունի՝ 2023 թ. դրությամբ այն կազմում էր $785 միլիոն, իսկ թուրքական ընկերությունների ներդրումները Կոսովոյում 2023 թ. դրությամբ հասել են €429 միլիոնի[13]։

Ինչ վերաբերում է 2 երկրների քաղաքական հարաբերություններին, ապա 2016–2018 թթ. երկկողմ հարաբերություններում առաջացան ճգնաժամեր[14], չնայած նրան, որ հատկապես նախագահ Հաշիմ Թաչիի հետ Էրդողանն ուներ սերտ հարաբերություններ։ Հ. Թաչիի պաշտոնավարման տարիներին Անկարան Պրիշտինայում վայելում էր վստահելի գործընկերոջ ներկայություն, սակայն նրա հրաժարականից հետո Թուրքիան անցավ ինստիտուցիոնալ ներգրավման մոդելի, որի շրջանակում համագործակցությունը հիմնականում ծավալվեց ՆԱՏՕ-ի և երկկողմ պաշտպանական ուղիներով։

Ռուսաստան–Ուկրաինա պատերազմի սրացումից հետո Անկարան 2023 թ. լրացուցիչ զորքեր ուղարկեց Կոսովոյում տեղակայված ՆԱՏՕ-ի KFOR խաղաղապահ առաքելությանը։ Ի դեպ, 2025 թ. հոկտեմբերի 3-ից Թուրքիան մեկ տարով ստանձնել է Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության հրամանատարությունը[15]։ 2024 թ. Կոսովոյի հետ պաշտպանական՝ ներառյալ անօդաչուների, ռազմական մեքենաների արտահանումները և զինամթերքի արտադրության ոլորտում համաձայնագրերը[16] փաստացի վերաձևեցին Թուրքիայի ազդեցությունը՝ քաղաքականից դեպի ռազմատեխնիկականի։

Գալով Կոսովոյի հարցի վերաբերյալ գնահատականներին արձանագրենք, որ, ինչպես նշում են որոշ փորձագետներ, Ա. Վուչիչի ներքաղաքական օրակարգում այն հանդիսանում որպես «կարմիր գիծ», և հատկապես բողոքի շարժումների և ժողովրդական դժգոհության աճի ֆոնին վերջինս հաճախ է դիմում Կոսովոյի թեմային՝ ազգային համախմբման և լեգիտիմության ամրապնդման նպատակով[17]։

Այնպես որ թուրքական ԱԹՍ-ների մատակարարման շուրջ բարձրացված հռետորաբանությամբ, ըստ ամենայնի, նախագահ Ա. Վուչիչը նպատակ ուներ արտաքին լարվածությունը վերածել ներքին համախմբման գործիքի՝ առանց Անկարայի հետ հարաբերությունների խորքային խզման մտադրության։

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. Simavoryan, A. (2010). Ideological Trends in the Context of Foreign Policy of Turkey. Europe&Orient, (11), 55-62. https://hal.science/hal-03232994/
  2. Սիմավորյան, Ա․ (2012). Թուրքական «խորքային ռազմավարության» տեսությունը, Գլոբուս Ազգային անվտանգություն, թիվ 1, էջ 17, https://www.noravank.am/arm/articles/detail.php? ELEMENT_ ID=6263
  3. Dinçer, M. (2022). Türkiye’nin Kosova’daki Yumuşak Gücü. Çankırı Karatekin Üniversitesi İktisadi ve İdari Bilimler Fakültesi Dergisi12(1), 326-362. https://dergipark.org.tr/tr/pub/ckuiibfd/issue/70935/1089652
  4. Sırbistan Cumhurbaşkanı Vucic: Türkiye’nin Kosova’ya drone teslimatı Sırbistan’ın menfaatlerine aykırı․ Egealternatif, 10.2025, https://www.egealternatif.com/haber/sirbistan-cumhurbaskani-vucic-turkiye-nin-kosova-ya-drone-teslimati-sirbistan-in-menfaatlerine-aykiri_42112/
  5. Erdogan’s family-linked drone exports spark tensions with Serbia․ Nordicmonitor, 10․10․2025, https://nordicmonitor.com/2025/10/erdogans-family-linked-drone-exports-stir-tensions-with-serbia/
  6. Levent Kenez․ Erdogan ‘Misunderstood’ Over ‘Turkey is Kosovo’ Claim. BalkanInsight,10.2013, https://balkaninsight.com/2013/10/28/davutoglu-erdogan-s-kosovo-statement-misinterpreted/
  7. Kosova’da İş Yapan Türk Firmaları․ Living in Kosova, 05․05․2025, https://www.livinginkosova.com/ sirket/kosovada-is-yapan-turk-firmalari/
  8. Kosovo, Türkiye’s MKE ink deal to establish ammunition factory․ Daily Sabah, 18․12․2024, https://www.dailysabah.com/business/defense/kosovo-turkiyes-mke-ink-deal-to-establish-ammunition-factory
  9. Laszlo Szerencses․ Turkey’s Drone Sales to Kosovo Test its Friendship with Serbia․ BalkanInsight, 10․10․2025, https://balkaninsight.com/2025/10/10/turkeys-drone-sales-to-kosovo-test-its-friendship-with-serbia/
  10. Fatma Eda Topcu․ Türkiye targets $1B in bilateral trade with Kosovo․ Anadolu Agency, 03․06․2024, https://www.aa.com.tr/en/turkiye/turkiye-targets-1b-in-bilateral-trade-with-kosovo/3238792
  11. Eren Beksaç․Turkish unit completes deployment to Kosovo under NATO mission․ Anadolu Agency, 09.2025, https://www.aa.com.tr/en/europe/turkish-unit-completes-deployment-to-kosovo-under-nato-mission/370 2212
  12. Sena Guler․ Erdogan: Who told Kosovo’s PM to protect terrorists? Anadolu Agency,03.2018, https://www.aa.com.tr/en/europe/erdogan-who-told-kosovos-pm-to-protect-terrorists/1104880#
  13. Sergio Cantone․ Can a motorway to Bosnia strengthen the ties between Serbia and Turkey? Euronews, 14․10․2024, https://www.euronews.com/2024/10/14/can-a-motorway-to-bosnia-strengthen-the-ties-between-serbia-and-turkey
  14. Erdoğan bugün Thaçi ile görüşecek. KOHA, 12.2016, https://koha.mk/tr/erdogan-sot-pret-thacin/
  15. Turkish contractor signs $27M deal to repair southern Serbia highway․ Daily Sabah, 29․10․2018, https://www.dailysabah.com/economy/2018/10/29/turkish-contractor-signs-27m-deal-to-repair-southern-serbia-highway

 

[1] Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014-2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021-2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածներիև 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

[2] Simavoryan, A. (2010). Ideological Trends in the Context of Foreign Policy of Turkey. Europe&Orient, (11), 55-62. https://hal.science/hal-03232994/ (բեռնման օրը՝ 13․10․2025)․

[3] Սիմավորյան, Ա․ (2012). Թուրքական «խորքային ռազմավարության» տեսությունը, Գլոբուս Ազգային անվտանգություն, թիվ 1, էջ 17, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6263 (բեռնման օրը՝ 13․10․2025)։

[4] Dinçer, M. (2022). Türkiye’nin Kosova’daki Yumuşak Gücü. Çankırı Karatekin Üniversitesi İktisadi ve İdari Bilimler Fakültesi Dergisi12(1), 326-362. https://dergipark.org.tr/tr/pub/ckuiibfd/issue/70935/1089652 (բեռնման օրը՝ 13․10․2025)․

[5] Sırbistan Cumhurbaşkanı Vucic: Türkiye’nin Kosova’ya drone teslimatı Sırbistan’ın menfaatlerine aykırı․ Egealternatif. 09.10.2025. https://www.egealternatif.com/haber/sirbistan-cumhurbaskani-vucic-turkiye-nin-kosova-ya-drone-teslimati-sirbistan-in-menfaatlerine-aykiri_42112/ (բեռնման օրը՝ 13․10․2025)․

[6] Erdogan’s family-linked drone exports spark tensions with Serbia․ Nordicmonitor․ 10․10․2025․ https://nordicmonitor.com/2025/10/erdogans-family-linked-drone-exports-stir-tensions-with-serbia/ (բեռնման օրը՝ 13․10․2025)․

[7] Erdoğan bugün Thaçi ile görüşecek. KOHA, 28.12.2016, https://koha.mk/tr/erdogan-sot-pret-thacin/ (բեռնման օրը՝ 13․10․2025)․

[8] Levent Kenez․ Erdogan ‘Misunderstood’ Over ‘Turkey is Kosovo’ Claim. BalkanInsight, 13.10.2013, https://balkan insight.com/2013/10/28/davutoglu-erdogan-s-kosovo-statement-misinterpreted/ (բեռնման օրը՝ 13․10․2025)․

[9] Yunus Türk․ Türkiye ile Sırbistan arasındaki ticaret hacminde hedef 5 milyar dolar․ Anadolu Ajansı, 16.06.2024, https://www.aa.com.tr/tr/ekonomi/turkiye-ile-sirbistan-arasindaki-ticaret-hacminde-hedef-5-milyar-dolar/3251347 (բեռնման օրը՝ 13․10․2025)․

[10] Sergio Cantone․ Can a motorway to Bosnia strengthen the ties between Serbia and Turkey? Euronews, 14․10․2024, https://www.euronews.com/2024/10/14/can-a-motorway-to-bosnia-strengthen-the-ties-between-serbia-and-turkey (բեռնման օրը՝ 13․10․2025)․

[11] Turkish contractor signs $27M deal to repair southern Serbia highway․ Daily Sabah, 29․10․2018, https://www.dailysabah.com/economy/2018/10/29/turkish-contractor-signs-27m-deal-to-repair-southern-serbia-highway (բեռնման օրը՝ 13․10․2025)․

[12] Ավելի մանրամասն տես, Kosova’da İş Yapan Türk Firmaları․ Living in Kosova, 05․05․2025, https://www.livinginkosova.com/sirket/kosovada-is-yapan-turk-firmalari/ (բեռնման օրը՝ 13․10․2025)․

[13] Fatma Eda Topcu․ Türkiye targets $1B in bilateral trade with Kosovo․ Anadolu Agency, 03․06․2024, https://www.aa.com.tr/en/turkiye/turkiye-targets-1b-in-bilateral-trade-with-kosovo/3238792 (բեռնման օրը՝ 13․10․2025)․

[14]Sena Guler․ Erdogan: Who told Kosovo’s PM to protect terrorists? Anadolu Agency, 31.03.2018, https://www.aa.com.tr/en/europe/erdogan-who-told-kosovos-pm-to-protect-terrorists/1104880# (բեռնման օրը՝ 13․10․2025)․

[15] Eren Beksaç․Turkish unit completes deployment to Kosovo under NATO mission․ Anadolu Agency, 29.09.2025, https://www.aa.com.tr/en/europe/turkish-unit-completes-deployment-to-kosovo-under-nato-mission/3702212 (բեռնման օրը՝ 13․10․2025)․

[16] Kosovo, Türkiye’s MKE ink deal to establish ammunition factory․ Daily Sabah, 18․12․2024, https://www.dailysabah.com/business/defense/kosovo-turkiyes-mke-ink-deal-to-establish-ammunition-factory (բեռնման օրը՝ 13․10․2025)․

[17] Laszlo Szerencses․ Turkey’s Drone Sales to Kosovo Test its Friendship with Serbia․ BalkanInsight, 10․10․2025, https://balkaninsight.com/2025/10/10/turkeys-drone-sales-to-kosovo-test-its-friendship-with-serbia/ (բեռնման օրը՝ 14․10․2025)․