Մեկնաբանություններ

Կիպրոսյան գամբիտ. սրացում իրանական հակամարտության ստվերում

Кипрский гамбит эскалация в тени иранского конфликта
1 դիտում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 23.03.2026 թ.[1]

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական դաշինքի շարունակվող ռազմական արշավն իրավիճակի սրում հրահրեց Արևելյան Միջերկրական ծովում՝ մասնավորապես, խթանելով ռազմական գործողությունները Լիբանանում և լարվածության աճը Կիպրոսի շուրջ: Սակայն, եթե ՑԱԽԱԼ-ի և «Հզբոլլահի» նոր բախումները տրամաբանորեն տեղավորվում են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) և նրա տարածաշրջանային պրոքսի ուժերի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի դիմակայության հոլովույթի մեջ, ապա կիպրոսյան սրացումն ավելի բարդ բնույթ է կրում և շոշափում է մի շարք տարածաշրջանային դերակատարների առանցքային շահերը, որոնք ուղղակիորեն ներգրավված չեն իրանական հակամարտության մեջ:

  1. Ակրոտիրի միջադեպը. պատասխանատվության երկընտրանքը

02.03.2026 թ. անհայտ պատկանելության ԱԹՍ-ները երկու անգամ հարձակում են գործել Կիպրոսում բրիտանական ՌՕՈՒ Ակրոտիրի օդային ռազմակայանի վրա։ Կիպրոսի իշխանությունների տեղեկություններով՝ երեք հարվածային դրոններից երկուսը չեզոքացվել են։ Հույն և բրիտանացի մասնագետները դրանք նույնականացրել են որպես Shahed տիպի ԱԹՍ-ներ, որոնք ակտիվորեն օգտագործվում են Իրանի զինված ուժերի և ԻՀՊԿ-ի կողմից: Սակայն Կիպրոսում բրիտանական հրամանատարության ներկայացուցիչները ձեռնպահ են մնացել հարձակմանն Իրանի մասնակցության մասին միանշանակ պնդումներից, մինչդեռ Կիպրոսի իշխանությունները, մասնավորապես` Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը, հայտարարել են, որ այդ ռազմական գործողության հետևում կանգնած է Թեհրանը: Նիկոսիայի կարծիքով՝ անօդաչու թռչող սարքերը, ամենայն հավանականությամբ, «Հզբոլլահի» կողմից արձակվել են Լիբանանի տարածքից, հետևաբար, Իրանը հիմնական պատասխանատվությունն է կրում իր պրոքսի ուժերի գործողությունների համար:

  1. Բրիտանական զսպվածությունն ընդդեմ Կիպրոսի խուճապի

Միջադեպին բրիտանական կողմի ավելի զուսպ արձագանքը՝ կիպրոսյան կողմի համեմատությամբ, ենթադրաբար, պայմանավորված է հենց Ակրոտիրիի վրա հարձակման հարցում Իրանի շահագրգռվածության վերաբերյալ կասկածներով: Այս ենթադրությունը հիմնված է այն փաստի վրա, որ դեռևս փետրվարի կեսերին Լոնդոնը մերժել էր ԱՄՆ-ի խնդրանքը Մերձավոր Արևելքի և Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում իր ռազմակայանները տրամադրելու մասին՝ ԻԻՀ-ի դեմ  հարվածներ կազմակերպելու համար։ Մասնավորապես, խոսքը Կիպրոսում բրիտանական երկու ռազմակայանի և Չագոս արշիպելագի «Դիեգո Գարսիա» ռազմական օդանավակայանի մասին է, որը Մեծ Բրիտանիան փոխանցել է Մավրիկիային: «Դիեգո Գարսիա» ռազմական օդանավակայանը վարձակալված է ԱՄՆ-ի կողմից, սակայն Լոնդոնի և Վաշինգտոնի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ամերիկյան կողմն իրավունք չունի առանց Մեծ Բրիտանիայի համաձայնության այն օգտագործել որևէ ռազմական գործողությունում: Նույնիսկ 2025 թ. մայիսին Չագոս արշիպելագը Մավրիկիայի ինքնիշխանությանը հանձնելուց հետո բրիտանացիները հատուկ պայմանագրի միջոցով պահպանեցին իրենց իրավունքը՝ վերահսկելու Միացյալ Նահանգների կողմից ՌՕՈՒ «Դիեգո Գարսիա» ռազմակայանի շահագործումը և, անհրաժեշտության դեպքում, սահմանափակելու նրա այն գործողությունները, որոնք հակասում են Միացյալ Թագավորության շահերին:

Իրանական կողմը չէր կարող չնկատել հակաիրանական արշավին մասնակցության խնդրում Լոնդոնի կտրական մերժումը Վաշինգտոնին՝ այն պատճառաբանությամբ, որ դա արմատապես հակասում է միջազգային իրավունքին: Այդ հողի վրա նույնիսկ անձնական խնդիր է ծագել Դոնալդ Թրամփի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի միջև։ Հետևաբար, Թեհրանն ուղղակի դրդապատճառներ չուներ Կիպրոսում բրիտանական ռազմակայանի վրա պատժիչ կամ կանխարգելիչ հարձակում կազմակերպելու համար, ռազմակայան, որը չէր տրամադրվել Իրանին հարվածելու համար: Նույնիսկ այն փաստը, որ փետրվարի սկզբին բրիտանացի զինվորականները Ակրոտիրիում իրենց օդային հավաքակայանը համալրեցին մի քանի F-35 կործանիչներով և ուղղաթիռներով, հազիվ թե իրանցիներին մղեր այդ ռազմակայանը ներառելու հարվածի թիրախների ցանկում, քանի որ Թեհրանում չէին կարող չհասկանալ, որ լայնածավալ հակամարտության նախաշեմին բրիտանացիները, ամենայն հավանականությամբ, պարզապես փորձում էին ուժեղացնել Կիպրոսում սեփական ռազմա-ռազմավարական շահերի անվտանգության ապահովման միջոցառումները:

  1. Հունաստանն ու Ֆրանսիան ամրապնդում են «հարավային թևը»

Մինչդեռ Հունաստանի արձագանքը կտրական անհամաձայնություն է արտահայտել Ակրոտիրիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ  Մեծ Բրիտանիայի զուսպ դիրքորոշմանը, որը նախընտրել է չշտապել միանշանակ եզրակացությունների հարցում ու կղզու շուրջ չսրել իրավիճակը: Արդեն Ակրոտիրիի վրա հարձակման օրը Աթենքը հայտարարեց, որ Կիպրոսը հայտնվել է պատերազմի վտանգի տակ, և Հունաստանը ստանձնում է կղզին իրանական սպառնալիքից պաշտպանելու պատասխանատվությունը: Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն արտաքին գործերի և պաշտպանության կառավարական խորհրդի (KYSEA) արտահերթ նիստի արդյունքներով հայտարարել է, որ իր երկիրը երկու ֆրեգատ («Կիմոն» եւ «Փսարա») է ուղարկում Կիպրոս, ինչպես նաև զույգ F-16 կործանիչներ՝ «կղզի-պետության հակաօդային պաշտպանության հնարավորությունների ուժեղացման համար»: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Աթենքը Կիպրոս է տեղափոխել նաև 4 կործանիչ և կղզում տեղակայել ՀՕՊ Patriot լրացուցիչ համակարգեր:

Մինչդեռ 03.03.2026 թ. Ֆրանսիան դիմել է Նիկոսիային՝ կղզու շուրջ անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու առաջարկությամբ։ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հաստատել է իր համաձայնությունն առ այն, որ Փարիզը Կիպրոսի տարածքային ջրեր ուղարկի Ֆրանսիայի ռազմածովային ուժերի ֆրեգատներից մեկը, ինչպես նաև կղզում տեղակայի իր հակադրոնային և հակահրթիռային համակարգերը:

  1. Անկարայի պատասխանը. հավասարիրավ ուժեղացում «ՀԿԹՀ»-ում

Պետք է ենթադրել, որ Կիպրոսի Հանրապետության պաշտպանական ներուժի աննախադեպ ամրապնդումը կառաջացնի Թուրքիայի զգուշավորությունն ու ծայրահեղ դժգոհությունը։ Անկարան Նիկոսիայի դաշնակիցների աշխուժացումը գնահատել է որպես սպառնալիք կղզու շուրջ ստեղծված անվտանգության հավասարակշռությանը՝ նրա ինքնիշխանության առնչությամբ արդեն կես դար շարունակվող վեճի համատեքստում։ Թուրքիան անհապաղ արձագանքել է այդ «մարտահրավերին»՝ անհրաժեշտ համարելով իր ռազմական զորախմբի իրավահավասար ուժեղացումը կղզու բռնազավթված տարածքում՝ միջազգային հանրության կողմից չճանաչված, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում» (ՀԿԹՀ): Արդեն 09.03.2026 թ. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «տարածաշրջանային վերջին իրադարձությունների լույսի ներքո ՀԿԹՀ-ի անվտանգության ամրապնդմանն ուղղված փուլային ծրագրերի շրջանակներում» Անկարան կղզու հյուսիսային մաս է տեղափոխել վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր: Նախարարությունը նաև տեղեկացրել է, որ «ելնելով իրադարձությունների զարգացման գնահատականից, անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ»:

Հատկանշական է, որ Անկարան, ինչպես Հունաստանն ու Ֆրանսիան, իր գործողությունները հիմնավորել է «իրանական սպառնալիքով» ձգտելով չեզոքացնել միջազգային հանրության, մասնավորապես, եվրոպական երկրների մեղադրանքները Թուրքիայի կողմից ԵՄ անդամ պետության նկատմամբ զավթողական քաղաքականության հրահրման և Հյուսիսային Կիպրոսի ռազմականացման վերաբերյալ: Աթենքն ու Նիկոսիան, ինչպես ապասվում էր, Անկարային անհապաղ մեղադրեցին Ակրոտիրիի միջադեպը որպես հարմար պատրվակ օգտագործելու՝ կղզու հյուսիսում իր ռազմական ներկայությունը մեծացնելու և Արևելյան Միջերկրական ծովի ողջ տարածաշրջանում անվտանգության իրավիճակն ապակայունացնելու համար:

Այսպիսով, երեք անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպը, որի նախաձեռնողը ստույգ  չի հաստատվել, կղզու շուրջ իրավիճակի կտրուկ սրում և նրա երկու հակամարտ ստորաբաժանումների ռազմականացման նոր փուլ է հրահրել: Հաշվի առնելով, որ գործարկված երեք ԱԹՍ-ներից միայն մեկն է հասել թիրախին՝ աննշան վնաս հասցնելով Ակրոտիրիի թռիչքուղուն, կարելի է եզրակացնել, որ այս համեմատաբար աննշան հարձակումը, ամենայն հավանականությամբ, ոչ այնքան պատճառ, որքան կողմերի համար հարմար պատրվակ հանդիսացավ՝ կղզում և նրա տարածքային ջրերում իրենց ռազմական ներկայության ավելացումը նախաձեռնելու համար։ Ավելին, լարվածության աճող մակարդակը որոշակի փուլում կարող է դուրս գալ վերահսկողությունից և սուբլիմացվել դիմակայության ակտիվ փուլում, հատկապես հաշվի առնելով, որ միջազգային հանրության ուշադրությունն ամբողջովին սևեռված է Իրանի՝ որպես ասիական տարածաշրջանում աննախադեպ սրացման կիզակենտրոնի վրա: Իրական վտանգ կա, որ Միջերկրական ծովում հասունացող հակամարտությունը կարող է իրանական օրակարգից ինքնուրույն զարգանալ, օրակարգ, որը խթանում է այդ հակամարտությունը, նույնիսկ այն դեպքում, եթե որոշ ժամանակ անց ԱՄՆ-ն և Իսրայելը կարողանան Իրանի հետ հասնել հրադադարի և լիցքաթափման բանաձևի:

  1. Աշխարհաքաղաքական ծուղակ. Անկարան շրջապատված է ճակատներով

Հարկ է ենթադրել, որ ստեղծված իրավիճակում Թուրքիան մտահոգվելու ավելի շատ հիմքեր ունի, քանի որ նրա ցամաքային և ծովային սահմանների գրեթե ողջ պարագիծը, բացառությամբ եվրոպական ուղղության, հայտնվել է մրրկայնության և ապակայունացման գոտում։ Հաշվի առնելով իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածության աճը, թուրք-իրանական սահմանին և դրան հարող քրդաբնակ շրջաններում իրավիճակի սրումը, ինչպես նաև Ուկրաինայում և Սև ծովում լարվածության երկար ձգվելը, Միջերկրական ծովում լարվածության աճը Անկարային բերում է իր ազգային անվտանգությանն սպառնացող կրիտիկական գծի: Երկրի վրա արտաքին ճնշումը սաստկանում է, ինչը, իշխանության համար քաղաքական մրցակցության, էթնոքաղաքացիական օրակարգի և տնտեսության ներքին խնդիրների հետ համատեղ, կարող է նրան գոյութենական խնդրի առաջ կանգնեցնել:

  1. Թուրք-իսրայելական մրցակցությունը՝ որպես Մերձավոր Արևելքի մեծ վերակազմավորման նախաբան

Թուրքական քաղաքական և փորձագիտական շրջանակներն ստիպված են իրենց վերլուծություններում հաշվի առնել երկրի շուրջ չափազանց բարդացող աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև Իսրայելի գնահատականները, ըստ որոնց Անկարան հանդես է գալիս որպես տարածաշրջանում հրեական պետության առանցքային մրցակից: Ավելին, թուրքական ռազմաքաղաքական վերնախավերն իրենց հաշիվ են տալիս, որ թուրք-իսրայելական ուղիղ առճակատումն սկսվելուց առաջ ժամանակային ընդմիջումը, հնարավոր է, կրճատվել է նվազագույնի, քանի որ Թել Ավիվը ջանքեր կգործադրի առավել արդյունավետ օգտագործելու այն հնարավորությունները, որոնք բացվել են, երբ  ԱՄՆ-ում իշխանության եկան ընդգծված իսրայելամետ շրջանակները։ Ըստ էության, արդեն ամերիկյան փորձագիտական շրջանակներում դատողություններ են արվում առ այն, որ հակաիրանական ռազմական արշավը գագաթնակետ չէ, այլ ընդամենը նախաբան է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի գլոբալ աշխարհաքաղաքական վերակազմավորման համար, որը նախաձեռնել են Դ. Թրամփի վարչակազմը և նրա իսրայելցի դաշնակիցները: Հետևաբար, Անկարան երաշխիքներ չունի, որ այդ ծրագրի առաջնային նպատակներից մեկը Թուրքիայի թուլացումը չէ, նրա մրցակցային ռազմաքաղաքական ներուժի ապաակտիվացումը ու տարածաշրջանում ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը ձևավորող երկրների ու կենտրոնների ցանկից հանելը։

Իր նախորդ հրապարակումներում ԱՌՎԱԿ կենտրոնն արդեն անդրադարձել էր այն հարցին, թե ինչպես է Թուրքիայի Հանրապետությունը ձգտում խուսափել Նախիջևանում և իրանական Քրդստանում իրականացվող սադրանքներից, որոնք ենթադրաբար ուղղված են Իրանի հետ անմիջական ռազմական հակամարտության մեջ նրա ներգրավմանը: Չի բացառվում, որ Կիպրոսի շուրջ լարվածության աճը, որը ծագել է Ակրոտիրի ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման միջադեպից հետո, նույնպես պետք է դիտարկել ինչպես Թուրքիայի արևելյան սահմաններին, այնպես էլ Միջերկրական ծովում նրա կրիտիկական շահերի գոտում իրավիճակը սրելու ինչ-որ ռազմավարական մտահղացման համատեքստում: Վերլուծաբանները համակարծիք են. քրդական և ադրբեջանական գործոնների աշխուժացման միջոցով իրանական հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավումը մի շարք պատճառներով ձեռնտու է նախ և առաջ Իսրայելի պետությանը և, հետևապես, նրա նախաձեռնությունն է: Եթե այս ենթադրությունը համապատասխանում է իրականությանը, ապա Կիպրոսի շուրջ իրադարձությունների զարգացումը նույնպես տրամաբանորեն տեղավորվում է Թել Ավիվի աշխարհաքաղաքական համադրությունների մեջ, որն այս դեպքում ձգտում է Անկարայի դեմ զորաշարժի ենթարկել դիմակայության հունա-եվրոպական ճակատը։

  1. «Կապույտ հայրենիք». ռազմավարական ռիսկերն ու խուսավարման սահմանները

Իսրայելը պաշտոնական մակարդակով դեռևս բացահայտորեն չի արձագանքում Կիպրոսի շուրջ լարվածության աճին։ Սակայն նման պասիվությունը Թուրքիայի կողմից չպետք է որպես ինքնահանգստացման առիթ դիտվի, քանզի ՑԱԽԱԼ-ը Կիպրոսի ափից ընդամենը 200 կմ հեռավորության վրա ակտիվ մարտական գործողություններ է իրականացնում «Հզբոլլահի» դեմ: Թշնամական տարրերի ապաակտիվացումը և Լիբանանի նկատմամբ վերջնական վերահսկողության հաստատումն Իսրայելին թույլ կտան ոչ միայն ապահովել իր հյուսիսային սահմանները, այլև հույն-եվրոպական դաշնակիցների հետ միասին Թուրքիային փաստորեն դուրս մղել Արևելյան Միջերկրական ծովի ռազմավարական գոտուց: Այս տարածաշրջանում Անկարան, իր «Կապույտ հայրենիք» («Մավի վաթան») դոկտրինի համաձայն, ձգտում է գերիշխող դիրքեր և առաջնորդություն հաստատել: Դատելով Անկարայից ստացվող տեղեկություններից՝ Թուրքիայում աճում է անհանգստությունն  իր սահմաններին ապակայունացման օջախները բազմապատկվելու առնչությամբ։ Միևնույն ժամանակ, երկրի իշխանությունները ձգտում են սառնասրտություն ու լիակատար վերահսկողություն ցուցաբերել իրավիճակի նկատմամբ։ Ակնհայտ է, որ նրանք հետագայում էլ կփորձեն խուսափել իրենց շահերի գոտում անօդաչու ԱԹՍ-րի և սեփական տարածքի վրա խոցված իրանական հրթիռների հետ կապված միջադեպերի կապակցությամբ  կտրուկ պատասխան գործողություններից, քանի դեռ աշխարհաքաղաքական ընդդիմախոսներն իրենց  սադրիչ մտահղացումներում այնքան չեն բարձրացրել խաղադրույքները, որ դա կզրոյացնի խուսավարելու Անկարայի հնարավորությունները։

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 14.03.2026 թ.: