Մեկնաբանություններ

Կայսրությունը դուրս է գալիս ստվերից

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 12.03.2024 թ.

2024 թ. մարտի 10-ին Մեծ Բրիտանիայի Պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ռուսաստանի դեմ պայքարում աջակցելու Հայաստանին: «Մեծ Բրիտանիան ճանաչում է այս որոշումը (նկատի ունի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության «սառեցման» մասին Փաշինյանի խոսքը. – խմբ.) որպես Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրացում և համագործակցելու Է եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին Ռուսաստանից բխող պատասխան գործողությունների սպառնալիքների դեպքում»:

Թերևս այլ հանգամանքներում Ջ. Հիպիի հավակնոտ հայտարարությունը կարելի էր դիտել որպես զուտ հռետորաբանություն, բայց փաստն այն է, որ նման հաղորդագրություններ հնչեցվում են նաև թագավորության այլ ատյանների կողմից, ինչը վկայում է ՀՀ-ի առնչությամբ Լոնդոնի որոշակի գործողությունների ծրագրի առկայության մասին: Հիշեցնենք, որ 06.03.2024 թ. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Մարկ Մակիննեսը ելույթ ունեցավ արտաքին քաղաքականության վերաբերյալ լսումների ժամանակ, որում նաև կոչ արեց բրիտանական իշխանություններին՝ աջակցելու Հայաստանին Պուտինի դեմ սպասվող պայքարում:

Հատկանշական է, որ և՛ նախարար Հիպին, և՛ լորդ Մակիննեսը ընդգծել են, որ Երևանի համար հիմնական վտանգը գալիս է ոչ թե Անկարայից և Բաքվից, այլ Ռուսաստանից, որն իբր ծրագրում է ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ: Դա է պատճառը, որ երկու հայտարարություններն էլ միանշանակ կերպով չընդունվեցին հայ հասարակության կողմից և նույնիսկ այն շրջանակներում, որոնք, ընդհանուր առմամբ, քննադատաբար են մոտենում Հարավային Կովկասի գործընթացներում և, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտությունում ՌԴ դերին: Տարակուսելի է նաև այն, որ Մեծ Բրիտանիայի Պաշտպանության փոխնախարարը փորձում է Ն. Փաշինյանի՝ «ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման» մասին հայտարարությանը արհեստականորեն տալ միջազգային-իրավական նշանակություն այն դեպքում, երբ ՀՀ վարչապետն հետագայում բազմիցս հայտարարել է, որ իր խոսքերը պետք է մեկնաբանել ոչ թե որպես ընդունված քաղաքական որոշում, այլ՝ որպես ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ աշխատանքի տեխնիկական դադարեցման հետ կապված իրավիճակի հայտարարություն:

Ընդհանուր առմամբ, հայկական ուղղությամբ բրիտանական քաղաքականության ակտիվացումը անհանգստացրել է հայ հասարակությանը և քաղաքական լայն շրջանակներին: Եվ դրա համար կան որոշակի պատճառներ: Լոնդոնի կողմից Հայաստանին անսպասելիորեն առաջարկված աջակցությունը մտահոգությունների տեղիք է տալիս՝ հաշվի առնելով Լոնդոնի սերտ կապերը Բաքվի և Անկարայի հետ, բրիտանական կապիտալի կարևորությունը Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսությունների հումքային և բանկային ոլորտներում, տարածաշրջանում թագավորության ավանդական թուրքամետ քաղաքականությունը և, վերջապես, Մեծ Բրիտանիայի դերը Ուկրաինան «Հակառուսաստան» նախագծի վերակազմավորելու գործում` դրան հաջորդած հայտնի իրադարձություններով: Մինչդեռ բրիտանական նախաձեռնության նկատմամբ վերաբերմունքը կտրուկ հակասում է Ֆրանսիայի կողմից նման քայլերի ընկալմանը, որը հայկական ուղղության վրա աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում: Ֆրանսիացի քաղաքական գործիչները, սկսած անձամբ նախագահից, վերջին հանդիպումների և ԶԼՄ-ներում հայտարարությունների ժամանակ բազմիցս ընդգծել են Մոսկվայի կործանարար դերը Ղարաբաղի և Հայաստանի շուրջ վերջին իրադարձությունների համատեքստում, բայց, միևնույն ժամանակ, միանշանակ դատապարտել են Թուրքիային և Ադրբեջանին Արցախում ագրեսիայի, էթնիկ զտումների և ՀՀ ինքնիշխան տարածքների զավթման համար:

Ի դեպ, լորդ Մակիննեսը իր խոսքում շեշտել է նաև, որ Ֆրանսիան շատ ավելի գործնական է Հայաստանին քաղաքական աջակցության գործընթացում և, նույնիսկ, ծառայություններ է մատուցում պաշտպանության ոլորտում: Լորդը նշել է, որ Լոնդոնը Երևանին զինելու հարցում դժվար թե Փարիզի հետ համընթաց քայլի, սակայն ակնարկել է, որ աջակցության այլ մեխանիզմներ ևս կան: Մնում է ենթադրել, թե ի՛նչ նկատի ուներ Մակիննեսը, սակայն նրա նշած՝ Հայաստանին ուղղված «աջակցությունը» ակնհայտորեն չէր առնչվում հայ-ադրբեջանական խնդրին: Խոսքը դարձյալ հայ-ռուսական առաջիկա հակամարտության մասին էր, որի մասին, դատելով որոշ նշաններից, երազում են բրիտանացի որոշ քաղաքական գործիչներ: Եվ սա շատ վտանգավոր հայտանիշ է: