Հրապարակում
«Խաղաղության խորհրդի» առաջին նիստի արդյունքների մասին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 05.03.2026 թ.[1]
-
Նախաձեռնության հաստատութենակացում. ՙԽաղաղության խորհրդի՚ մեկնարկը
2026 թ. փետրվարի 19-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ, այսպես կոչված, «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը, մի վերազգային կառույց, որը հիմնադրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ։ Միջոցառումն անցկացվել է «Դոնալդ Թրամփի անվան խաղաղության ինստիտուտի» հիմքի վրա, ինչը խորհրդանշականորեն ընդգծում է ամերիկյան առաջնորդի ձգտումը՝ գլոբալ հակամարտությունների կարգավորման առանցքային միջնորդի կարգավիճակ ամրագրել իրեն:
Նոր միջազգային մարմնի կանոնադրությունն ստորագրել է Դ. Թրամփն ինքը՝ 2026 թ. հունվարի 22-ին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում: Փաստաթղթի հիմնարար դրույթների համաձայն՝ «Խաղաղության խորհուրդն» ստեղծվել է «հետհակամարտային շրջանում Գազայի հատվածի կառավարման» և կազմակերպության անդամ երկրների գործունեության համակարգման համար՝ ուղղված վերջին հակամարտության ընթացքում տուժած պաղեստինյան տարածքների վերականգնմանը: Այն պետությունները, որոնք ցանկանում են ստանալ տվյալ մարմնի մշտական անդամի կարգավիճակ, պարտավոր են նրա ֆինանսական հիմնադրամ մտցնել $1 մլրդ։ Ընդ որում, այն երկրները, որոնք չեն ցանկանում փոխանցել նշված գումարը, կարող են սահմանափակվել դրա աշխատանքներին մասնակցելով 3 տարի ժամկետով, որից հետո ենթակա են փոփոխման։ Դ. Թրամփը «Խաղաղության խորհրդի» նախագահ է նշանակել իրեն։ Reuters գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ կանոնադրության նախագիծը նախատեսում է, որ Թրամփը կպահպանի կազմակերպության նախագահի պաշտոնը նաև Սպիտակ տան ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո, ինչը վկայում է ԱՄՆ նախագահի կարգավիճակին այդ դիրքորոշումը չհամապատասխանելու մասին:
-
Մանդատի ընդլայնում. Գազայից դեպի գլոբալ օրակարգ
Ի սկզբանե «Խաղաղության խորհուրդը» մտահղացվել է որպես մի նախագիծ, որն ուղղված է պաղեստինա-իսրայելական հակամարտության արմատական կարգավորմանը և Գազայի հատվածում խաղաղ կյանքի լիարժեք պայմանների վերականգնմանը: Սակայն փորձագիտական հանրությունն այս նախաձեռնությունը գնահատել է որպես ավելին, քան փորձ՝ կենտրոնանալու բացառապես տեղային մերձավորարևելյան հակամարտության վրա։ Այս ենթադրությունները հաստատվել են ԶԼՄ-ներում Թրամփի կողմից մի շարք պետությունների առաջնորդներին ուղարկված հրավիրատոմսերի բովանդակության արտահոսքից հետո։ Դրանցում առկա էր միատեսակ ձևակերպում. ««Խաղաղության խորհուրդը» կդառնա բախտորոշ ու վեհ ձեռնարկ, որի նպատակն է ոչ միայն ամրապնդել խաղաղությունը Մերձավոր Արևելքում, այլև միաժամանակ նոր խիզախ մոտեցում ցուցաբերել գլոբալ հակամարտության լուծման հարցում»:
Հավանաբար, նոր կազմակերպության հենց հավակնություններն են՝ կապված դրա լիազորությունների և պատասխանատվության ընդլայնման հետ, որ դարձան այդ նախաձեռնության նկատմամբ մասնակցության հրավեր ստացած առաջատար համաշխարհային տերությունների թերահավատ վերաբերմունքի առանցքային պատճառը: Չինաստանը, Ռուսաստանը և Հնդկաստանը խուսափողաբար են արձագանքել Դ. Թրամփի կոչին՝ պատճառաբանելով մտածելու համար լրացուցիչ ժամանակի անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) առաջնորդներն անմիջապես մերժել են առաջարկը։ Նրանք հասկացել են, որ «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը դուրս է գալիս Գազայի իրավիճակի պարզ կարգավորման շրջանակներից, ինչը «լուրջ հարցեր է առաջացնում, մասնավորապես, ՄԱԿ-ի սկզբունքների և կարգավիճակի նկատմամբ հարգանքի առնչությամբ, որոնք ոչ մի պարագայում չի կարելի կասկածի տակ դնել»:
-
ՄԱԿ-ի ճգնաժամը և նրա գործառույթների կրկնօրինակման ռազմավարությունը
Մի շարք վերլուծաբաններ ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը գնահատել են որպես բացահայտ նենգափոխում՝ համարելով, որ Պաղեստինի հակամարտության կարգավորման քողի տակ Դ. Թրամփը փորձում է ի դեմս նոր ստեղծված վերազգային մարմնի փոխարինել ՄԱԿ-ի հաստատութենական գործառույթները, իսկ հետագայում նաև հիմնարար դերը: Հավանաբար, այդ մտավախությունները լուրջ հիմքեր չէին ունենա, եթե այդ ժամանակ ԱՄՆ առաջնորդը չստորագրեր ՄԱԿ-ին առընթեր 31 կազմակերպություններից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին հուշագիր, որոնց գործունեությունը, նրա կարծիքով, հակասում է Վաշինգտոնի շահերին:
Դ. Թրամփը, ինչպես իր նախընտրական քարոզարշավի ընթացքում, այնպես էլ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, բազմիցս հայտարարել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը հնացած կառույց է և քաղաքական ժամանակավրիպություն, որը կորցրել է գլոբալ մակարդակում անվտանգության հավասարակշռությունն արդյունավետորեն ապահովելու ունակությունը: Հետևաբար, վաղուց հասունացել է միջազգային հանրությունում կոլեգիալ որոշումների կայացման ձևաչափերի և մեխանիզմների բարեփոխման առարկայական անհրաժեշտությունը։ Եթե նախկինում նման հայտարարությունները դիտորդները հիմնականում մեկնաբանում էին որպես ամբոխահաճո հռետորաբանության դրսևորումներ, ապա «Խաղաղության խորհրդի» ստեղծումը, որի օրակարգում, բացի պաղեստինա-իսրայելական հակամարտությունից, ավելի հաճախ են ի հայտ գալիս առճակատումներ Ուկրաինայի, Աֆղանստանի, Պակիստանի, Հնդկաստանի և այլ տարածաշրջանների համատեքստում, թույլ է տալիս եզրակացնել, որ Սպիտակ տունը լուրջ մտադրություն ունի վերանայելու ՄԱԿ-ի դերն ու տեղը և կրկնօրինակել նրա գործառույթները նոր, Վաշինգտոնի կողմից առավել վերահսկվող վերազգային հավաքական մարմնի միջոցով:
-
Ֆինանսական ցուցիչը և ԱՄՆ առաջնահերթությունների աշխարհագրությունը
«Խաղաղության խորհրդի» առաջին նիստը, որին մասնակցել են երկու տասնյակ երկրների ներկայացուցիչներ, տեղի է ունեցել և առավելապես նվիրված էր Գազայի խնդրին: Դ. Թրամփն իր ելույթում փաստել է, որ իր նախաձեռնությունն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը, քանի որ առաջին նիստին խորհրդի հայտարարած դրամական հիմնադրամը հասել է $7 միլիարդի: Նրա խոսքով՝ այդ գումարը հավաքել են Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ-ն, Մարոկկոն, Բահրեյնը, Քաթարը, Ուզբեկստանը, Սաուդյան Արաբիան և Քուվեյթը: Ընդ որում՝ նա չի հստակեցրել, թե նշված գումարը ներառո՞ւմ է, արդյոք, առանձին պետությունների անդամավճարները մշտական անդամակցության համար, թե՞ հիմնադրամի առաջին կուտակումները ձևավորվել են բացառապես կամավոր նվիրատվությունների շնորհիվ: Այնուամենայնիվ, որոշ երկրների կողմից խորհրդի հիմնադրամին միջոցների հատկացումն արդեն իսկ Թրամփի հետ վստահելի և սերտ փոխգործակցության ձգտման նշան է՝ բնութագրելով ԱՄՆ նախագահի առաջնահերթությունների աշխարհագրության ուրվագծերը նրա «նոր» միջազգային քաղաքականության համատեքստում: Հարցը կայանում է ոչ այնքան պաղեստինյան տարածքների ապագայի հարցում ամերիկյան կողմի հետ նշված երկրների գործընկերության, որքան գործող ամերիկյան նախագահի հետ ավելի լայն խնդիրների շուրջ համագործակցելու պատրաստակամության մեջ։ Գազայի խնդիրը միայն պատրվակ է կամ ԱՄՆ-ի հետ նշված երկրների աշխարհաքաղաքական համագործակցության ոլորտներից մեկը, իսկ նրանց փոխանցած միջոցները տվյալ գործընկերների հետ փոխգործակցության նոր մոդելի կառուցման վերաբերյալ Վաշինգտոնի փորձի նկատմամբ վստահության ակտ են։
-
Ընդլայնում մրցակցային տարածաշրջաններում. Հարավային Կովկաս, Պարսից ծոց, Կենտրոնական Ասիա
Վաշինգտոնի վերոնշյալ նախաձեռնությունը լուրջ մտահոգություն է առաջացնում նրա գլոբալ մրցակիցների շրջանում, որոնք այն գնահատում են որպես ամերիկյան ծավալարշավի սկզբունքորեն նոր մեխանիզմների ձևավորում։ Այս գործիքներն ուղղված են այն տարածաշրջաններին, որտեղ մինչ այժմ պահպանվել է մրցակցությունը հիմնական աշխարհաքաղաքական խաղացողների միջև, մասնավորապես, Պարսից ծոցում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում:
Հատկանշական է, որ հենց այդ տարածաշրջանների պետություններն են կազմել հրավերին արձագանքած և «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին մասնակցած պետությունների հիմնական մասը (մոտ 20 մասնակից), չնայած այն հանգամանքին, որ, ըստ միջազգային ԶԼՄ-ների, հրավեր է ուղարկվել 60 երկրի: Ավելին, հենց այդ երկրներն են առաջինը ձևավորել այդ կազմակերպության բյուջեն։
Մասնավորապես, ՉԺՀ-ի և ՌԴ-ի համար դա պետք է ազդանշան հանդիսանա, ինչը վկայում է նոր կազմակերպության միջոցով մրցակցային տարածաշրջաններում ամերիկյան բազմակողմանի ազդեցության աճի մասին, կառույց, որը ձևացնում է Գազայի վերականգնման հարցերով համագործակցության ձևաչափը: Տվյալ համատեքստում նպատակահարմար է թվում ուշադրություն դարձնել Պարսից ծոցում ընդլայնման և «Խաղաղության խորհուրդ» հիմնելու Դ. Թրամփի նախաձեռնությանն այդ տարածաշրջանի արաբական միապետությունների դրական արձագանքի միջև առկա զուգահեռներին: Կայուն տպավորություն է հարուցում, որ Իրանի շուրջ լարվածության աճը նպաստել է թագավորությունների ավելի ակտիվ ներգրավմանը Թրամփի առաջարկած հարաբերությունների նոր ձևաչափին, որը նրանք դիտարկում են որպես «իրանական գոյութենական բնույթի սպառնալիքից» պաշտպանվելու լրացուցիչ մեխանիզմ։ Դա թույլ է տալիս որոշակի եզրակացություններ անել Պարսից ծոցում ամերիկյան կողմի ուժգնացող ծավալարշավի իրական դրդապատճառների վերաբերյալ։ Բացի այդ, չի կարելի բացառել Թրամփի նախաձեռնությանն Էր Ռիադի միանալու և ամերիկյան ԶԼՄ-ներում հայտարարված՝ «Խաղաղության խորհրդի» առաջին նիստի հենց հաջորդ օրը միջուկային էներգետիկայի ոլորտում Սաուդյան Արաբիային ամերիկյան տեխնոլոգիաներ փոխանցելու ծրագրի միջև փոխկապակցվածությունը։
«Խաղաղության խորհրդին» Ադրբեջանի, Ուզբեկստանի և Ղազախստանի միանալն զգալի հետաքրքրություն է ներկայացնում։ Նշված պետությունները Կասպից–Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական տարածաշրջանի առանցքային սուբյեկտներն են, և նրանք հայտարարել են այդ կազմակերպության ֆինանսական հիմնադրամի ձևավորման գործում ակտիվ մասնակցություն ունենալու պատրաստակամության մասին: Պաշտոնապես այդ երկրների կառավարություններն իրենց ակտիվությունը բացատրում են Գազայում «հավատակիցների» վիճակի կապակցությամբ իրենց անհանգստությամբ։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ավելի վաղ՝ ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում, բավականին զուսպ էր նրանց արձագանքը Պաղեստինում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններին:
Վաշինգտոնում «Խաղաղության խորհրդի» առաջին նիստի ընթացքում այդ պետությունների ղեկավարները, անշուշտ, քննարկել են պաղեստինյան հատվածում տեղի ունեցած մարդասիրական աղետը։ Սակայն ամերիկյան լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ անուշադրության են մատնել այս քննարկման մանրամասները՝ կենտրոնանալով հիշյալ հանրապետությունների հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների աննախադեպ խորացումը վկայող փաստերի լուսաբանման վրա: Մասնավորապես, լրատվամիջոցների ուշադրությունը գրավել են Դ. Թրամփի հայտարարություններն առ այն, որ Ուզբեկստանի առաջնորդ Շավքաթ Միրզիեևը դարձել է իր շատ մտերիմ ընկերը, ինչպես նաև Կասիմ–Ժոմարտ Տոկաևի պաշտոնական հայտարարությունն «Աբրահամական համաձայնագրերին» Ղազախստանի միանալու մասին։
Ուզբեկստանի առաջնորդի նկատմամբ Դ. Թրամփի «ջերմ» վերաբերմունքի մասին հայտնի էր դարձել դեռևս 2025 թ. նոյեմբերին՝ ամերիկյան առաջնորդի հետ Կենտրոնական Ասիայի երկրների նախագահների հանդիպումից հետո, որի արդյունքներով Վաշինգտոնն ու Տաշքենդը $100 մլրդ գերազանցող ներդրումային գործարք են կնքել։ Նույնպես արդեն 2025 թ. նոյեմբերին հայտնի էին դարձել Թրամփի լոբբիստական «Աբրահամական համաձայնագրերին» միանալու Աստանայի մտադրությունները։
Այնուամենայնիվ, Թրամփն անհրաժեշտ է համարել համաշխարհային հանրությանը և գլոբալ աշխարհաքաղաքական ընդդիմախոսներին հերթական անգամ ցույց տալ, որ Միացյալ Նահանգների աշխարհառազմավարական օրակարգում Կենտրոնական Ասիայի երկրների ամուր ինտեգրումն այլընտրանքային չէ: Այս տեսանկյունից «Խաղաղության խորհրդի» վաշինգտոնյան նիստն առավելապես ՄԱԿ-ի վարկաբեկմանն ուղղված նախաձեռնության միջանկյալ արդյունքների ստուգատես էր հիշեցնում և ԱՄՆ-ի համար առավել կարևոր երկու ասիական տարածաշրջանների՝ Պարսից ծոցի և Կենտրոնական Ասիայի առանցքային երկրների հետ որակապես նոր դաշնակցային հարաբերությունների ցուցադրանք։
-
Նախաձեռնության քննադատությունն ու օրինականությունը
Հաշվի առնելով ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերակայությունները, ամենայն հավանականությամբ, վաշինգտոնյան հանդիպման իրական օրակարգում երկրորդական նշանակություն է ունեցել Գազայի հատվածի վերականգնման և Պաղեստինի բնակչության հետագա ճակատագրի հիմնախնդիրը։ Զգալի թվով միջազգային փորձագետների համար տվյալ փաստն անակնկալ չէր։ Նրանք ի սկզբանե ուշադրությունը կենտրոնացրել են այն հանգամանքի վրա, որ պաղեստինյան խնդիրը միայն պատրվակ է ծառայել Սպիտակ տան գործող վարչակազմի ավելի ծավալուն ծրագրերի ու հավակնությունների իրականացման համար։ Այս դիրքորոշման հետ դժվար է չհամաձայնել, հատկապես հաշվի առնելով երկու էական մանրամասներ։ Նախ, հատկանշական է, որ «Խաղաղության խորհրդի» կանոնադրության մեջ Գազայի հատվածն ընդհանրապես որևէ կարգավիճակով չի հայտնվում, իսկ նրա երկու առանցքային կառույցներում («Հիմնադիր գործկոմ» և «Գազայի գծով գործկոմ») բացակայում է պաղեստինյան կողմի ներկայացուցչությունը: Երկրորդ, Իսրայելն ինքը խիստ քննադատական վերաբերմունք է ցուցաբերում այդ նախաձեռնության հայտարարագրված նպատակների նկատմամբ, ինչի մասին, մասնավորապես, վկայում է այն փաստը, որ Թել Ավիվը «Խաղաղության խորհրդում» ներկայացված է լինելու ընդամենը մեկ անձով և միայն «Գազայի գծով գործկոմում»՝ ի դեմս Կիպրոսում բնակվող իսրայելցի միլիարդատեր Յակիր Գաբայի։ Սա առավել շատ, քան մյուս ցուցիչները, արտացոլում է իսրայելական վերնախավերի թերահավատությունը Դ. Թրամփի նախաձեռնության, դրա ներուժի և, ընդհանուր առմամբ, հեռանկարների վերաբերյալ: Այս հարցում Թել Ավիվը համերաշխություն է վայելում աշխարհի շատ ազդեցիկ երկրների շրջանում։
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 28.02.2026 թ.: