Մեկնաբանություններ

Լուկաշենկոյի սկզբունքների «նիհիլիզմը»

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 04.07.2024 թ.(1)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արտաքին քաղաքական ակտիվությունը ադրբեջանական ուղու վրա և նրա էքսցենտրիկ հռետորաբանությունը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ առաջացնում է մի շարք հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն։ Նախ և առաջ պետք է հասկանալ, թե Բելառուսի ղեկավարի գործողությունները որքանո՞վ են համաձայնեցված Մինսկի գլխավոր դաշնակցի՝ Մոսկվայի դիրքորոշման հետ։ Երկրորդ՝ Լուկաշենկոյի արմատականացումը որքանո՞վ է պայմանավորված Հայաստանում իշխող քաղաքական թիմի հետ միջանձնային հարաբերությունների գործոնով, և որքանո՞վ է Բելառուսի զուտ պրագմատիկ, օբյեկտիվ շահերը նրան մղում դեպի արտաքին քաղաքականության էապես հակահայկական վեկտոր Հարավային Կովկասում։ Եվ, վերջապես, որքան հեռու կարող է գնալ Մինսկը ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ կազմակերպությունների շրջանակներում Երևան–Մոսկվա–Մինսկ եռանկյունու հարաբերությունների վատթարացմանը նպաստելու գործում։

Դիվանագիտական վերջին սկանդալի և Երևանի ու Մինսկի միջև լարվածության հաջորդ փուլի հրահրողը համարվում է Ա. Լուկաշենկոյի 2024 թ. մայիսի 16-ին Բաքվում Ի. Ալիևի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունը։ Այդ ժամանակ Բելառուսի ղեկավարը բացահայտորեն խոստովանել էր, որ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել են Ղարաբաղում առաջիկայում սպասվող ռազմական բախումը, որը հետագայում ստացավ 44-օրյա պատերազմ անվանումը, և որ ինքը լիովին աջակցում էր նրան այդ գործում։ Այն, որ Լուկաշենկոյի հայտարարությունը չափազանց անկեղծ էր ստացվել, անուղղակիորեն վկայում է այն փաստը, որ Բելառուսի պետական լրատվամիջոցները և նախագահի մամուլի ծառայությունը հետագայում կտրեցին իրենց նախագահի ելույթի այս հատվածը, մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները, հայտնի պատճառներով, ամենաշատը կենտրոնացան դրա վրա: Բացի այդ, Լուկաշենկոյի մայիսյան այցն Ադրբեջան ինքնին դարձավ ԱՊՀ և ՀԱՊԿ դաշնակից Հայաստանի նկատմամբ «անբարյացակամության» ընդգծված ժեստ, քանի որ Բելառուսի ղեկավարը 2024 թ. մայիսի 17-ին այցելել է Լեռնային Ղարաբաղ և այս այցի ընթացքում բազմիցս և ցուցադրաբար իր գոհունակությունը հայտնել բնիկ հայ բնակչության տեղահանությունից հետո այս տարածաշրջանում գոյություն ունեցող նոր ստատուս քվոյի վերաբերյալ։

Եվ այնուամենայնիվ, Բելառուսի նախագահի բացահայտումները նորություն չէին փորձագիտական շրջանների և լայն հասարակության համար։ Լուկաշենկոն երբեք չի թաքցրել իր համակրանքը Ադրբեջանի և անձամբ Իլհամ Ալիևի նկատմամբ, չնայած այն բանին, որ նրա «հատուկ հարաբերությունները» այնքան էլ չեն տեղավորվել ՀՀ-ի հետ ինտեգրացիոն դաշինքների շրջանակներում Բելառուսի Հանրապետության պարտավորությունների տրամաբանության մեջ դեռ այն ժամանակաշրջանում, երբ դրա ղեկավարն էր Ս. Սարգսյանը։

Դեռևս 2016 թ. նոյեմբերին Ադրբեջանի նախագահն իր բելառուս գործընկերոջը պարգևատրել էր Հեյդար Ալիևի շքանշանով՝ ի երախտագիտություն երկու երկրների միջև բարեկամության մեջ ունեցած անձնական ավանդի և ծավալվող արդյունավետ փոխգործակցության լայն շրջանակի համար։ Իսկ այն իսկապես խորն էր ու ընդգրկուն։ Այսպես. Բելառուսը 2005–2018 թթ. Ադրբեջանին մատակարարել է ավելի քան 150 T-72 տանկ, մոտ մեկ տասնյակ գրոհային Սու-25 ինքնաթիռ, մոտ 150 միավոր հաուբից հրետանի և ինքնագնաց հրացանների կայանքներ, մի քանի տասնյակ Պոլոնեզ ՀԿՌՀ, ինչպես նաև հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ զինատեսակներ։ Այս մասին է վկայում բելառուս ընդդիմադիր լրագրողների հետաքննությունը, որը հրապարակվել է Euroradio-ի ռեսուրսում։ Բաքուն իր հերթին հում նավթի մատակարարումներ է հաստատել բելառուսական նավթավերամշակման գործարանների համար, որոնք անգործության են մատնվել Մոսկվայի հետ Մինսկի քաղաքական և տնտեսական հարաբերությունների կոշտության պատճառով, որոնք սկսվել են 2000-ական թվականներին և մշտապես զգացվել մինչև 2020 թվականը:

Մինսկի և Բաքվի միջև երկկողմ տնտեսական և ռազմատեխնիկական շահերի համալիրի առկայությունը չէր կարող չազդել նրանց քաղաքական հարաբերությունների վրա և տեղիք չտալ փոխհամաձայնեցված քայլերի՝ երկու կողմերի համար կարևոր արտաքին քաղաքականության և միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ։ Բնականաբար, այս փոխգործակցությունը չէր կարող շրջանցել հայ-ադրբեջանական հակամարտությունը, որի առնչությամբ Բելառուսը տարեցտարի հավատարիմ էր մնում հստակորեն ադրբեջանամետ դիրքորոշմանը։ Ընդ որում, առանց Հայաստանի հետ պաշտոնական դաշնակցային հարաբերությունների շրջանակներում ստանձնած պարտավորություններին գոնե ֆորմալ հավատարմություն ցուցաբերելու։ Հատկանշական է, որ, նույնիսկ, Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրները (ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ), որոնք, հայտնի հանգամանքների բերումով, բավական սերտ հարաբերություններ են պահպանում Ադրբեջանի հետ, առնվազն մինչև 2020 թ. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները, փորձել են հավատարիմ մնալ նշված համատեքստում ավելի հավասարակշռված դիրքորոշմանը և հռետորաբանությանը։ Հենց այս գործոնն էլ հիմք դարձավ ադրբեջանցի քաղաքական գործիչների և անձամբ Իլհամ Ալիևի կողմից կրկնվող հեգնական հայտարարությունների համար, թե՝ իրականում Բաքուն «ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ և դաշնակիցներ ունի, քան Երևանը»։ Անհերքելի է Ա. Լուկաշենկոյի նշանակալից դերը նման կոնֆիգուրացիայի ձևավորման գործում, քանի որ նա ոչ միայն նպաստել է Բաքվին նշված ինտեգրացիոն միավորումների քաղաքականություն ներգրավելուն, այլև անձամբ բազմիցս փորձել է ստիպել Երևանին լուծել Ղարաբաղի հարցը՝ համաձայն Բաքվի պահանջների ու պայմանների։ Այդ մասին է վկայում 2016 թ. ՀԱՊԿ հանդիպման շրջանակում Սերժ Սարգսյանի հետ նրա զրույցի «արտահոսքի» ձայնագրությունը, որի ժամանակ Բելառուսի ղեկավարը հայ գործընկերոջն առաջին փուլում համոզում էր Ալիևին զիջել «Ղարաբաղի շուրջ 5 շրջանները 5 մլրդ ԱՄՆ դոլար» պատկառելի գումարի դիմաց։ Զրուցակիցներից ոչ ոք հետագայում չհերքեց ձայնագրության իսկությունը։ Ինքը՝ Լուկաշենկոն, բազմիցս հաստատել է, որ իրականում մեծ ջանքեր է գործադրել՝ համոզելու Հայաստանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղը զիջել Ադրբեջանին «Երևանին ֆինանսական և տնտեսական օգնություն տրամադրելու Բաքվի խոստումների դիմաց»։ Օրինակ՝ 2021 թ. ապրիլին Բելառուսի նախագահը հայրենական լրատվամիջոցներին տրված հարցազրույցում ասել էր, որ դեռևս 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ Ալիևից «Հայաստանի ղեկավարության հետ անձնապես խոսելու» խնդրանքներ է ստացել, որպեսզի հայկական կողմն ընդունի Բաքվի պայմանները՝ Ղարաբաղի «ապաօկուպացիա» թեմայով:

Բելառուսի ընդդիմադիր լրագրողների վկայությունների համաձայն՝ Լուկաշենկոյի քաղաքականությունը ղարաբաղյան հիմնախնդրի և, ընդհանրապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ միշտ ունեցել է ընդգծված ադրբեջանամետ բնույթ՝ հավակնելով հիմնախնդրի ռազմական լուծման Բաքվի ծրագրերի լիակատար հավանությանը։ Այդ մասին են վկայում ադրբեջանա-բելառուսական զենքի գործարքների մասշտաբները։ Բելառուսի նախագահը մի կողմից շահագրգռված էր խնդրի քաղաքական և դիվանագիտական հանգուցալուծմամբ, իսկ մյուս կողմից՝ օգտվում էր 1994 թվականից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված ստատուս քվոյից, որպեսզի ապահովի բելառուսական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մեծածավալ մատակարարումներ դեպի ադրբեջանական շուկա: Դեռևս 2020 թ. հոկտեմբերին բելառուս լրագրող Ալեքսեյ Կարպենկոն ԱդրՀ-ին վաճառված բելառուսական զենքի իրական մասշտաբների մասին իր հետաքննական հոդվածում գրել էր, որ Լուկաշենկոն «չէր կարող չիմանալ», որ այդ մահաբեր զենքերը վաղ թե ուշ օգտագործվելու են «դաշնակից Հայաստանի» դեմ։ Նա քաջատեղյակ էր, բայց ցուցադրական մտահոգություն էր արտահայտում գործերի առաջընթացի վերաբերյալ և փորձում էր Հայաստանի ղեկավարությանը համոզել գոնե իր չեզոքության մեջ։ Այդպես էր, օրինակ, 2020 թ. հոկտեմբերի 1-ին, երբ նա զանգահարեց և՛ Ալիևին, և՛ Փաշինյանին՝ երկուսին էլ հայտնելու իր «խորը մտահոգությունը» ռազմական գործողությունների բռնկման վերաբերյալ։ Այդ ժամանակ Լուկաշենկոն արդեն բազմիցս շփումներ էր ունեցել Հայաստանի վարչապետի հետ և այս հարցի շուրջ ի լուր հանրությանը բազմիցս հայտարարել, որ պատրաստ է աշխատել Փաշինյանի հետ և նպաստել նրա աստիճանական ներգրավմանը ինտեգրացիոն միությունների գործերում։

Դժվար թե կարելի է պնդել, որ Հայաստանի նկատմամբ կուրսի կտրուկ փոփոխության պատճառը Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունն էր և Լուկաշենկոյի հնարավոր անձնական թշնամանքը Փաշինյանի նկատմամբ։ Իհարկե, Լուկաշենկոյի նման քաղաքական գործիչների մտածելակերպը ներառում է նրանց հատուկ ուշադրությունը գործընկերների անձնական հատկանիշների վրա և, հետևաբար, այս կամ այն կերպ ազդում է նրանց հետ քաղաքական փոխգործակցության դինամիկայի և արդյունավետության վրա: Նման օրինակ կարող է ծառայել Բելառուսի ղեկավարի և նրա ադրբեջանցի գործընկերոջ միջև հատուկ կապն ու հաղորդակցման հեշտությունը։ Ըստ ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովի՝ Լուկաշենկոյին և Ալիևին «միավորում է այդ առաջնորդների բացարձակ հետխորհրդային մտածելակերպի վրա հիմնված վստահությունը»։ Սակայն, միևնույն ժամանակ, ինչպես ցույց է տալիս բելառուսական քաղաքականության վերլուծությունը հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում, Փաշինյանի անձը, ըստ էության, որոշիչ գործոն չի հանդիսացել Մինսկի հայ-ադրբեջանական քաղաքականության լայնածավալ ճշգրտումների համար։ Սերժ Սարգսյանի քաղաքական-հոգեբանական անձնավորության տեսակը, որն ավելի «մոտիկ» է Լուկաշենկո–Ալիևին, չխանգարեց Բելառուսի ղեկավարին տարիների ընթացքում խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ ի հաշիվ «դաշնակից» Հայաստանի կենսական շահերի։

Իսկ ինչ վերաբերում է հենց Փաշինյանի անձին, ապա, ամենայն հավանականությամբ, Լուկաշենկոյի և նրա բացահայտումների առավել նկատելի «խոսքի» անբռնազբոսության վրա վերջին ժամանակներս ազդել են Հայաստանի վարչապետի անփորձությունը և կարևոր որոշումներ կայացնելու անհեռատեսությունը (Յու. Խաչատուրովի ձերբակալման խնդիրը, ով այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում էր և այլն), ինչպես նաև Փաշինյանի թիկունքում ընթացող համոզված «արևմտամետի» քաղաքական և կենսագրական հետագիծըը, որն ի սկզբանե բացառում է նորմալ շփումը ոչ միայն Լուկաշենկոյի, այլև՝ ինտեգրացիոն միությունների այլ գործընկերների հետ։

Այս առումով կարելի է ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, Ն. Փաշինյանի պահվածքն ու անձը հարմար առիթ են դարձել Ա. Լուկաշենկոյի համար՝ խորացնելու փոխգործակցությունը Ի. Ալիևի հետ և նրանց հանրային հարթություն հասցնելու համար, այլ ոչ թե՝ պատճառ։ Ակնհայտ է, որ Բելառուսի նախագահը վաղուց (Փաշինյանից առաջ) որոշել էր «Ադրբեջանի նախընտրելիությունը» և մտադիր էր էլ ավելի ընդլայնել Բաքվի հետ քաղաքական և տնտեսական փոխգործակցության ճակատը։ Եվ այս ճանապարհին նրան ՀՀ-ի հետ ֆորմալ դաշինքը ոչ մի կերպ չի զսպել ու չի էլ զսպելու։ Բելառուսի ընդդիմադիր լրագրող, БелаПАН լրատվական գործակալության վերլուծական նախագծերի ղեկավար Ալեքսանդր Կլասկովսկու կարծիքով. «Լուկաշենկոյի համար փողը հոտ չունի»։ «Լուկաշենկոն չի վախենում փչացնել հարաբերությունները Երևանի հետ, քանի որ Հայաստանն իր համար վտանգավոր չէ, և դրանից շահելու ոչինչ չկա»։ Այս տրամաբանության մեջ Ադրբեջանն այլ խնդիր է, և այստեղ Բելառուսի նախագահը մեծ ռեսուրս է տեսնում ֆինանսատնտեսական օգուտներ ստանալու համար։

Լուկաշենկոյի պրագմատիկ գործելաոճի մասին Կլասկովսկու պնդումները հիմնված չեն միայն բելառուսական քաղաքականության հայ-ադրբեջանական նախադեպի վրա։ Միջազգային լրատվամիջոցներն ու փորձագիտական շրջանակները երկար ժամանակ խոսում են Լուկաշենկոյի՝ երկրի գործերը վարելու բնորոշ ձևի մասին՝ անտեսելով իր մերձավոր դաշնակիցների շահերը։ Մոսկվան՝ ինքը, բազմիցս դարձել է նման ձեռնածությունների զոհ։ Որպես ակնառու օրինակ՝ կարող ենք բերել այն պատմությունը, երբ Մինսկը արգելափակեց իբր «ցածրորակ ռուսական նավթի» մղումը Եվրոպա՝ ի պատասխան բելառուսական նավթավերամշակման գործարանների համար հումքի գների բարձրացման: Սկանդալային իրավիճակ է ստեղծվել Մինսկի կողմից Բելառուսում իր գործունեությունն ընդլայնած ռուսական «Ուրալկալիի» արտադրանքի չարտոնված վաճառքով պայմանավորված։ Կարելի է նաև նշել Մոսկվայի կողմից չարտոնված արևմտյան պարենային ապրանքները (խնձոր, ծովախեցգետին, միս և այլն) բելառուսական մակնշմամբ Ռուսաստան ներկրելու Մինսկի պրակտիկան։ Ակնհայտ է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն չէր կաշկանդում իր դաշնակիցների հանդեպ բաց լինելու և նրանց քաղաքական ու տնտեսական շահերը հարգելու իր պարտավորությունները կատարելու հանձնառությամբ։ Այս համատեքստում Բաքվի հետ աշխատելու պաշտոնական Մինսկի ակտիվությունը, որն ուղղակիորեն շոշափում է Երևանի շահերը, չպետք է զարմանք պատճառի։ Բելառուսի կողմից վարվող «սկզբունքների նիհիլիզմի» քաղաքականության շրջանակներում այդ գործողությունները պետք է համարել ոչ թե տհաճ թյուրիմացություն, այլ՝ նորմ։

«Առանձնազրույցի ժամանակ ես Իլհամ Հեյդարովիչին խնդրեցի. եթե դա հնարավոր է, մի տեղ Բելառուսի համար, խնդրում եմ, տվեք մեզ: Իսկ Իլհամ Հեյդարովիչը պաշտպանեց նման մոտեցումը»։ Լուկաշենկոյի այս արտահայտությունը, որը հնչեցվել է մայիսին Ադրբեջան կատարած այցից հետո, ցույց է տալիս նրա ծրագրերը՝ ընդլայնելու իր մասնակցությունը ադրբեջանական տնտեսական նախագծերին, որոնք ուղղված են «Ղարաբաղի վերականգնմանը»: Լուկաշենկոն ադրբեջանական կողմին հասկացրել է, որ եթե Մինսկը աջակցում է Բաքվին ԼՂՀ-ի գրավման ռազմաքաղաքական ծրագրում, նրան զենք մատակարարում և իր հերթին ամեն ինչ արեց ՀԱՊԿ-ի ցանկացած գործունեություն և գործողություն ադրբեջանական շահերին կցելու համար, ապա նա իրավունք ունի նյութապես օգտվել «ազատագրական պատերազմի» արդյունքներից։ Կարելի է ենթադրել, որ հենց դա է պատճառը, որ փորձառու քաղաքական գործիչ Լուկաշենկոն 16.05.2024 թ. միանգամայն գիտակցաբար հնչեցրել է սկանդալային արտահայտությունը, որ ինքը, փաստորեն, «ամեն կերպ նպաստել է» Ալիևի ռազմատենչ նկրտումներին։

Ելնելով բաց աղբյուրներից կարելի է դատել, որ Բելառուսի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում առաջին հերթին շահագրգռված է շինարարական մրցույթներով, գյուղատնտեսական նախագծերով և անասնաբուծության ոլորտով, գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքի ընդլայնման հնարավորությամբ և այլն: Բելառուսի նախարարների կաբինետի ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ Լուկաշենկոյի նշված այցի ընթացքում արդեն երկու երկրների պատվիրակությունները 50 մլն դոլար ընդհանուր արժողությամբ մի քանի տնտեսական համաձայնագրեր են ստորագրել։ Սակայն Լուկաշենկոն, ըստ ամենայնի, ուղղված է շատ ավելի մեծ և նշանակալի համատեղ նախագծերին Ղարաբաղում և, ընդհանրապես, Ադրբեջանում, որոնք կարող են մեծ դիվիդենտներ բերել Մինսկին։ Դատելով անձամբ Լուկաշենկոյի խոսքերից, ինչպես նաև բելառուսական լրատվամիջոցների նյութերից, Բաքուն Մինսկի իր գործընկերներին խոստացել է Ղարաբաղում լայնածավալ փոխգործակցության հնարավորություն գտնել, նույնիսկ եթե ստիպված լինի դուրս մղել Ադրբեջանի մյուս գործընկերներին։ Ղարաբաղում Բելառուսի նախագահն անձամբ խոսեց, որ տեղյակ է «տարածաշրջանի վերածննդի» տնտեսական նախագծերում բազմաթիվ շահագրգիռ կողմերի առկայության մասին, բայց, միևնույն ժամանակ, ակնարկեց, որ Մինսկը չի պատրաստվում հրաժարվել սեփական ակնկալիքներից։

Այսպիսով, պարզ է դառնում, որ Բելառուսի նախագահը պատրաստակամություն է հայտնում էլ ավելի մեծացնել փոխգործակցությունը Ի. Ալիևի հետ, նույնիսկ այն պայմաններում, երբ այդ միտումը ակնհայտորեն ազդում է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն կառույցների ձևաչափի հետագա ճակատագրի վրա։ Հայաստանը Ն. Փաշինյանի գլխավորությամբ ահազանգում է, որ այս պարագայում Բելառուսի հակասական պահվածքն այն համոզիչ պատճառներից մեկն է, որն ստիպում է Երևանին վերանայել ԱՊՀ-ին և ՀԱՊԿ-ին իր անդամակցության արդարացվածությունը։ Միևնույն ժամանակ, Բելառուսը հաղորդագրություն է ուղարկում Երևանի համապատասխան որոշումներն առանց «հատուկ ափսոսանքի» ընդունելու իր պատրաստակամության մասին, քանի որ 2018 թվականից հետո Հայաստանն ինքը, իբր, գիտակցաբար արել է ամեն ինչ՝ վնասելու «միությունների» ներդաշնակ և արդյունավետ աշխատանքին։ Ընդ որում, Մինսկը գործի է դնում այն փաստարկը, որ Բաքվի հետ իր սերտ հարաբերությունները չպետք է «անհանգստացնեն» ինտեգրացիոն կառույցների գործընկերներին, քանի որ դրանք իրականացվում են երկկողմանի, դաշնակցային սերտ հարաբերությունների ընդհանուր ընդունված ձևաչափով, ցանկացած ռազմաքաղաքական դաշինքների շրջանակից դուրս։ Այսպիսով, Լուկաշենկոն հստակորեն հասկացնում է, որ կաշկանդված չէ Հայաստանի հետ կապված որևէ սահմանափակումով և մտադիր չէ հաշվի առնել նրա շահերը ո՛չ ԱՊՀ և ՀԱՊԿ անդամի կարգավիճակում, և հատկապես՝ ինտեգրացիոն միություններից նրա հնարավոր հրաժարումից հետո։

Բելառուս-ադրբեջանական քաղաքական և տնտեսական համագործակցությունը շարունակում է ամրապնդվել: Հնարավոր է, որ սրան զուգահեռ ընդլայնվի համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, տվյալներ, որոնց մասին, ըստ բելառուս ընդդիմադիրների, Մինսկը գաղտնի է պահում 2020 թ. հայ-ադրբեջանական պատերազմից հետո։

Եվ վերջապես, այս թեմայի համատեքստում հատկապես կարևոր է դառնում այն հարցը, թե արդյոք պաշտոնական Մինսկի և Մոսկվայի միջև վարքագծի նման գիծը համաձայնեցված է, թե դա բելառուսական քաղաքական իշխանությունների անհատական մոտեցումների արդյունք է։ ԱՊՀ երկրների գծով ռուս փորձագետ Արկադի Դուբնովի կարծիքով՝ առանց Մոսկվայի համաձայնության Լուկաշենկոն իրեն թույլ չէր տա բացահայտ արմատականացնել հարաբերությունները Երևանի հետ՝ Բաքվի հետ համաժամանակյա մերձեցման ֆոնին։ Դուբնովի կարծիքով՝ Ալիևին «Հարավային Կովկասի լիակատար առաջնորդ» անվանելով՝ Լուկաշենկոն հաճոյախոսություններ է հայտնում, որոնք Մոսկվայից ուղիղ կերպով չեն կարող արտահայտվել։ «Բայց դա հարմար է անել Լուկաշենկոյի միջոցով», – բացատրում է ռուս փորձագետը, – այնպես որ այստեղ սլովենա-կովկասյան փոխլրացնող քաղաքականությունը շատ լավ է աշխատում»։

Ուստի պետք չէ հույսեր փայփայել, որ ռուսական գործոնը կարող է կայունարարի դեր խաղալ, որը գոնե Ն. Փաշինյանի իշխանության մեջ մնալու պայմաններում կձգտի հավասարակշռել Երևան-Մինսկ հարաբերությունները, թեկուզ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում և հանուն դրանց ձևաչափի պահպանման։ Հաշվի առնելով Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լարվածության ինտենսիվությունը, իսկապես դժվար է խուսափել այն զգացումից, որ Բելառուսի ղեկավարը զգում է Մոսկվայի ըմբռնումն ու աջակցությունն իր թիկունքում։ Այլ հարց է, թե որքանով են ընդունելի Լուկաշենկոյի արտառոց հարձակումներն ու բացահայտումները Մոսկվայի համար։ Ի վերջո, Մոսկվան պետք է քաջ գիտակցի, որ հայտնի հանգամանքներից ելնելով, հայ հասարակության և քաղաքական շրջանակների կողմից Բելառուսի նախագահի ճանաչումը ԼՂՀ-ի վրա ադրբեջանական հարձակմանը նպաստելու գործում պրոյեկտվում է հենց Պուտինի վրա։ Հայ հասարակության շարքային ներկայացուցչի և արևմտամետ քաղաքական գործիչների համար, լայն իմաստով, կարիք չկա տարբերակել Պուտին–Լուկաշենկո ռազմավարական կապի հարաբերությունները ՀՀ-ի, ԱդրՀ-ի և ամբողջ Հարավային Կովկասի հետ։ Հայաստանում շատերը հակված են աքսիոմատիկ համարել ռուս-բելառուսական երկյակի քայլերի համաձայնեցված լինելը, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն է կանգնած Ադրբեջանին բելառուսական աջակցության հետևում, և Լուկաշենկոյի հակահայկական հարձակումները չեն կարող տեղի ունենալ առանց Մոսկվայի հետ համաձայնեցման։

Հաշվի առնելով Երևան–Մինսկ և Երևան–Մոսկվա հարաբերություններում դիվանագիտական սկանդալների աճող շփումն ու սինխրոնացումը՝ դժվար է հակառակը ենթադրել։ Սակայն, մյուս կողմից, չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ Ռուսաստանի ռազմավարական շահերը տարածաշրջանում, ըստ էության չեն կարող նմանվել Լուկաշենկոյի՝ ի վնաս Երևանի, Բաքվի հետ շահութաբեր կապերը մեծացնելու իղձերին։ Չէ՞ որ, եթե Լուկաշենկոն Հայաստանից «խլելու» և «Երևանից զգուշանալու բան չունի», ապա Պուտինի համար Հայաստանի հետ հարաբերությունների վատթարացումը անդրադառնալու է ռազմավարական բնույթի խնդիրների և ՌԴ գլոբալ անվտանգության վրա: Ռուսաստանի համար հայ-ադրբեջանական հիմնախնդիրը և հարավկովկասյան խնդիրների կծիկը ի սկզբանե չեն կարող լուծվել իրավիճակային միջոցներով և հատկապես զգայական «պոռթկումներով»: Ռուսաստանը, ի տարբերություն Բելառուսի, չի կարող իրեն թույլ տալ Հարավային Կովկասի հետ հարաբերություններ կառուցել կարճաժամկետ տնտեսական օգուտների կամ անձնական համակրանքի հարացույցում, անկախ նրանից, թե դա զգացվում է որոշակի քաղաքական գործիչների նկատմամբ, թե ոչ: Ռուսաստանյան խաղը Հարավային Կովկասում, ըստ էության, չի կարող ընթանալ Լուկաշենկոյի պես քաղաքական գործիչների համար առաջնահերթ շահերի և նախասիրությունների առաջմղման տրամաբանությամբ։ Հակառակ դեպքում, դա կարող է նշանակել միայն այդ երկրի պետական համակարգի լիակատար անկում և դրա ինքնիշխանության դարաշրջանի մայրամուտ։ Հետևաբար, Մոսկվայի վարքագծի անտրամաբանությունը, որը հակասում է պրագմատիկ ընկալմանը, առանձին քննարկում առարկա է։

Պետք է հասկանալ, թե ինչու Մոսկվան արտաքին քաղաքական օրակարգում «Փաշինյան» և «Հայաստան» հասկացությունները միմյանցից ռացիոնալ կերպով տարանջատելու ցանկություն չի ցուցաբերում։ Ինչո՞ւ է այն հայաստանյան ընդդիմադիր որոշակի շրջանակների ձեռքից դուրս մղում վերջին հաղթաթղթերը, որոնց օգնությամբ նրանք փորձում են կասեցնել Երևանի կտրուկ շրջադարձը դեպի եվրացենտրիզմ։ Ինչո՞ւ է այն գործնականում, այլ ոչ թե հռչակագրային դաշտում ինքնին նպաստում սեփական ռազմաքաղաքական դաշինքների վերջնական սնանկացմանը, որոնք արդեն «ճաքեր են տալիս բոլոր կարերից»։ Եվ, վերջապես, պետք է հասկանալ՝ Մոսկվան համակարգում է Լուկաշենկոյի նման դաշնակից առաջնորդների էքսցենտրիկ-արմատական գործողությունները, թե, այնուամենայնիվ, իրենց չափից դուրս ազատությամբ ու նախաձեռնողականությամբ Մոսկվային կանգնեցնում են «կրտսեր դաշնակիցների» նկատմամբ վերահսկողության ամբողջական կորստի փաստի առջև։

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 25.06.2024 թ.: