Սեղմագիր
Հոդվածի նպատակն է ներկայացնել Իրաքի քրդական ինքնավարության համապարփակ նկարագիրը և արտաքին ու ներքին հարաբերությունները: Մասնավորապես, ուսումնասիրվում են հարաբերությունները ինքնավարության քրդական հիմնական քաղաքական ուժերի միջև, դրանց հարաբերությունները Բաղդադի կենտրոնական կառավարության, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի քրդական քաղաքական ուժերի հետ, ինչպես նաև այդ երկրների քաղաքականությունը քրդական ինքնավարության նկատմամբ: Հոդվածի վերջում տրվում են եզրակացություններ և կանխատեսումներ:
КУРДСКАЯ АВТОНОМИЯ В ИРАКЕ И ЕЕ ОТНОШЕНИЯ
С ВНУТРЕННИМИ И ВНЕШНИМИ СИЛОВЫМИ ЦЕНТРАМИ
Саиян А. С.
Аннотация
Цель статьи – дать исчерпывающую характеристику иракско-курдской автономии, ее внешних и внутренних отношений. В частности, изучаются взаимоотношения между основными курдскими политическими силами автономии, их отношения с центральным правительством в Багдаде, курдскими политическими силами Турции, Сирии и Ирана, а также политика этих стран в отношении курдской автономии. Выводы и прогнозы приведены в конце статьи.
KURDISH AUTONOMY IN IRAQ AND ITS RELATIONS
WITH INTERNAL AND EXTERNAL POWER CENTERS
Sayiyan A. S.
Summary
The purpose of the article is to give a comprehensive description of the Kurdish autonomy in Iraq, its external and internal interactions. In particular, the relationships between the main Kurdish political forces of the autonomy, their relations with the central government in Baghdad, the Kurdish political forces of Turkey, Syria and Iran, as well as the policies of these countries towards the Kurdish autonomy are studied. Conclusions and forecasts are given at the end of the article.
1. Ներածություն
Իրաքյան Քրդստանը դարձավ աշխարհաքաղաքական լուրջ գործոն 1990–1991 թթ. Պարսից ծոցի պատերազմից հետո, երբ տարիներ շարունակ իրենց անկախության համար պայքարող քրդական ուժերը ստեղծեցին Քրդական ինքնավարություն (ՔԻ), որի գոյությունը լրջագույն սպառնալիք էր Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի համար: ԱՄՆ-ը և իր դաշնակիցները, առաջին հերթին՝ Միացյալ թագավորությունը և Իսրայելը, ընդհակառակը՝ ցանկանում էին ավելի հզորացնել քրդերին՝ դարձնելով նրանց «դագանակ»` մերձավորարևելյան այդ երկրների գլխին կախված:
Ինքնավարության նշանակությունն ավելի մեծացավ «Արաբական գարուն»-ից հետո, երբ, հիմնականում, քրդական «Փեշմերգա»-ի(3) շնորհիվ կասեցվեց «Իսլամական պետության» հարձակումը դեպի Բաղդադ: Տարածաշրջանային ուժային կենտրոնները աշխատում են իրենց կողմը գրավել ինքնավարության կարևոր քաղաքական ուժերին, սակայն, միաժամանակ, ջանք չեն խնայում քաղաքականապես, իսկ հետագայում նաև՝ ֆիզիկապես, մասնատելու Իրաքյան Քրդստանը: Մյուս կողմից, վերը նշված երկրների՝ այստեղ բախվող շահերն իրենց մեջ տարածաշրջանային մեծ պատերազմի սպառնալիք են պարունակում, որը չի կարող չանդրադառնալ Հայաստանի անվտանգության վրա: Այդ իսկ պատճառով Իրաքյան Քրդստանի մասին այս հոդվածը խիստ արդիական է և ունի թե՛ կիրառական և թե՛ տեսական մեծ նշանակություն:
Հոդվածի նպատակն է ուսումնասիրել Իրաքյան Քրդստանը, իսկ խնդիրը՝ վերլուծել դրա ներքին և արտաքին հարաբերություններն ու խնդիրները, բացահայտել դրա ռազմական, քաղաքական և տնտեսական ներուժն ու կարողականությունը:
Հոդվածը գրելիս հիմնականում օգտվել ենք սկզբնաղբյուրներից, որոնք են՝ պետական ինստիտուտների և կուսակցությունների պաշտոնական կայքէջերը: Կարևորել ենք նաև վերլուծական կենտրոնների զեկույցները և տեղեկանքները, որոնք իրենց մեջ կրում են անկողմնակալ վերլուծություններ:
Ներկայումս աշխարհի բազմաթիվ երկրներում Իրաքյան Քրդստանին մասին լույս են տեսնում բազմաթիվ քաղաքական և վերլուծական հոդվածներ: Սակայն, մեր կարծիքով, դրանց մեծ մասը անկողմնակալ չեն և բազմաթիվ հարցերում արտացոլում են տվյալ պետության շահերն այդ տարածաշրջանում: Ցավոք, հայկական գիտական, մասնավորապես՝ քաղաքագիտական շրջանակներում Իրաքյան Քրդստանին նվիրված աշխատությունները սակավ են, չեն տալիս համապարփակ նկարագրություն և վերլուծություններ: Սույն հոդվածը նպատակ է հետապնդում լրացնել այդ բացը:
2. Իրաքի քրդական ինքնավարությունը, նրա կառուցվածքը և հիմնական քաղաքական ուժերը
Իրաքյան Քրդստանը գտնվում է Իրաքի հյուսիսային և հյուսիս-արևմտյան մասում: Տարածքը կազմում է 85.027 կմ2, որից ինքնավարության վարչակազմը վերահսկում է 46.862-ը, իսկ բնակչությունը 2024 թ. դրությամբ կազմում է 10.226.528 մարդ(4), որի 70%-ը քրդեր են: Ինքնավարության մայրաքաղաքն, ըստ սահմանադրության, Քիրքուք քաղաքն է, սակայն 2017 թ. իրաքյան բանակի հարձակման հետևանքով այն անցել է Բաղդադի կենտրոնական կառավարության վերահսկողության տակ: Այժմ դե ֆակտո ինքնավարության մայրաքաղաքը Էրբիլն է: Ինքնավարությունը վարչականորեն բաժանված է 10 նահանգների՝ Էրբիլ, Սուլեյմանիե, Դոխուկ, Քիրքուք, Թել-Աֆար, Դիալա, Սինջար, Հալաբջա, Թուզ և Բադրա:
Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Տարածաշրջանային ասամբլեան, ունի 111 տեղ, որից 45-ը պատկանում է Քրդստանի Դեմոկրատական շարժմանը (ՔԴԿ), 21-ը՝ Քրդստանի Հայրենասիրական միությանը (ՔՀՄ), 12-ը՝ «Գորրան»-ին, 4-ը՝ «Նոր սերունդ» շարժմանը, Քրդստանի արդարադատության խումբն ունի 7 տեղ, «Դեպի բարեփոխումներ» դաշինքը՝ 5, «Սարդամ» սոցիալիստական-ժողովրդավարական կուսակցությունը՝ 1, կոմունիստական «Ազադի» կուսակցությունը՝ 1, քրիստոնեական Ազգային միասնության դաշինքը՝ 3, Ասորական սիրիական քաղդեական ժողովրդական խորհուրդը՝ 1, «Ռաֆիդայն» կուսակցությունը՝ 1, Թուրքմենական զարգացման կուսակցությունը՝ 2, Թուրքմենական բարենորոգումների կուսակցությունը՝ 1, Թուրքմենական ճակատը՝ 1, Ազգային կուսակցությունը (թուրքմենական)՝ 1, հայերը՝ 1, և անկախ պատգամավորները՝ 4 տեղեր(5): Օգտվելով Իրաքի թուլությունից՝ ինքնավարության խորհրդարանը ձեռք է բերել շատ լայն լիազորություններ. ինչպես նախատեսված է Իրաքի դաշնային սահմանադրությամբ, քրդական խորհրդարանը զգալի իրավասություն ունի՝ բանավիճելու և տարբեր ոլորտների քաղաքականություն սահմանելու վերաբերյալ: Ինքնավարության խորհրդարանն այս ոլորտներում կիսում է օրենսդիր իշխանությունը դաշնային իշխանությունների հետ, սակայն առաջնահերթությունը տրվում է նրա օրենքներին: Բացի այդ, Իրաքի դաշնային սահմանադրության 121-րդ հոդվածի համաձայն՝ Քրդստանի խորհրդարանն իրավունք ունի փոփոխելու Իրաքի ողջ օրենսդրության կիրառումը, որը դուրս է դաշնային իշխանությունների բացառիկ լիազորություններից(6):
Պետք է նշել, որ 2024 թ. մարտին ինքնավարության նախագահ Նեչիրվան Բարզանին հայտարարեց, որ խորհրդարանի հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեին հունիսի 10-ին, սակայն հետագայում դրանք չեղարկվեցին:
Քրդական ինքնավարության կառավարությունը կազմում է խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած կուսակցությունը, որն էլ ընտրում է վարչապետին, իսկ ինքնավարության նախագահն ընտրվում է ժողովրդի կողմից: Նա նաև Քրդստանի զինված ուժերի՝ «Փեշմերգա»-ի գերագույն գլխավոր հրամանատարն է: Կառավարության ղեկավարը՝ վարչապետը, կիսում է գործադիր իշխանությունը նախագահի հետ: 2019 թ.-ից ինքնավարության նախագահը Նեչիրվան Բարզանին է(7), իսկ վարչապետը՝ Մասրուր Բարզանին(8): Կառավարությունն ունի 19 նախարար և հետևյալ կառուցվածքը.
Նախարարություններ
- Արդարադատության նախարարություն
- «Փեշմերգա»-ի գործերի նախարարություն
- Ներքին գործերի նախարարություն
- Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
- Բնական պաշարների նախարարություն
- Առողջապահության նախարարություն
- Կրթության նախարարություն
- Շինարարության և բնակարանաշինության նախարարություն
- Քաղաքապետարանների և զբոսաշրջության նախարարություն
- Բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարություն
- Պլանավորման նախարարություն
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- Մշակույթի և երիտասարդության նախարարություն
- Նահատակների և Անֆալի գործերի նախարարություն
- Գյուղատնտեսության և ջրային պաշարների նախարարություն
- Առևտրի և արդյունաբերության նախարարություն
- Տրանսպորտի և կապի նախարարություն
- Օժանդակության և կրոնի հարցերի նախարարություն
- Էլեկտրաէներգիայի նախարարություն
Առանձին վարչություններ
- Արտաքին կապերի վարչություն
- Լրատվության և տեղեկատվության վարչություն
- Համակարգման և հետազոտության վարչություն
- Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
- Հասարակական կազմակերպության վարչություն
Այլ միավորներ
- Շրջակա միջավայրի պահպանության և բարելավման խորհուրդ
- Ներդրումների խորհուրդ
- Տարածաշրջանից դուրս գտնվող Քրդստանի տարածքների գլխավոր վարչություն
- Ականազերծման գործողությունների գործակալություն
- Կանանց և զարգացման բարձրագույն խորհուրդ
- Քրդական ակադեմիա
- Միջազգային շահերի պաշտպանության համակարգողի գրասենյակ(9)
Առաջին Պարսից ծոցի պատերազմից հետո ստեղծված Քրդական ինքնավարությունում սկսվեցին տարաձայնությունները տարածաշրջանի քաղաքական ուժերի միջև, և ինքնավարությունը մինչև այժմ քաղաքականապես բաժանված է երկու խոշոր կուսակցությունների՝ Քրդական դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) և Քրդստանի հայրենասիրական միության (ՔՀՄ) միջև: Պետք է նշել, որ այս կուսակցությունները, բացի քաղաքական գաղափարախոսությունից, կազմավորվել են նաև ըստ ցեղային պատկանելիության: ՔԴԿ-ն ղեկավարվում է Բարզանի տոհմի կողմից և իր իշխանությունը տարածում է Էրբիլ և Դոհուկ շրջանների վրա (մինչև 2017 թ.՝ նաև Քիրքուքում), իսկ ՔՀՄ-ն իշխում է Սուլեյմանիեում(10): Ճիշտ է՝ 2009 թ. ընտրություններից հետո հայտնվեցին այլ քաղաքական ուժեր ևս, որոնց մեջ ամենաազդեցիկները Փոփոխության շարժումն էր, «Հանուն ժողովրդավարության և արդարության» կոալիցիան, «Նոր սերունդը» և մի քանի իսլամական կուսակցություններ: Ընդհանուր առմամբ Քրդական ինքնավարությունում կա 34 քաղաքական կուսակցություն, որոնց մեծամասնությունը ներկայացված չէ ինքնավարության խորհրդարանում(11):
Սակայն Իրաքյան Քրդստանում քաղաքական եղանակը շարունակում են ձևավորել ՔԴԿ-ն, ՔՀՄ-ն և «Գորրան»-ը: Այս երեք կուսակցությունների պայքարն ինքնավարությունում լիակատար իշխանության համար է: Տարբեր են նաև դրանց մոտեցումները կառավարման ձևի հարցում: ՔԴԿ-ն կողմ է ինքնավարությունում նախագահական կառավարմանը, իսկ ՔՀՄ-ն և «Գորրան»-ը՝ խորհրդարանական: Բարզանի տոհմը գրավել է ղեկավար պաշտոններ ոչ միայն կուսակցությունում, այլև՝ ինքնավարության կառավարությունում: Այսպես՝ երբ ՔԴԿ-ն և Քրդական ինքնավարությունը ղեկավարում էր Մասուդ Բարզանին, նրա բարեկամ Նեչիրվան Բարզանին, ստանձնելով կուսակցության փոխնախագահի պաշտոնը, միաժամանակ հանդիսանում էր նաև ինքնավարության վարչապետը, իսկ որդին՝ Մասրուրը, կուսակցությունում զբաղեցնում էր հետախուզության ղեկավարի պաշտոնը՝ համատեղելով այն ինքնավարության վարչակազմում Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնի հետ:
Նմանատիպ իրավիճակ է նաև ՔՀՄ-ում, որտեղ 2017 թ. մահացած Ջալալ Թալաբանիին փոխարինել է նրա որդի Բաֆել Թալաբանին:
Դրան հակառակ մնացած կուսակցությունները՝ «Գորրան»-ը, Քրդստանի իսլամական միությունը և մնացածները, համագումարների միջոցով, պարբերաբար, փոխում են իրենց ղեկավարներին: Եվ եթե, նույնիսկ, ղեկավարը խարիզմատիկ և ազդեցիկ առաջնորդ է և կարողանում է մինչև մահ մնալ կուսակցության ղեկավարի պաշտոնում, միևնույն է՝ նրա մահից հետո կուսակցության առաջնորդ դառնում է ոչ թե նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը, այլ՝ մեկ ուրիշ ազդեցիկ գործիչ:
Քրդստանի դեմոկրատական կուսակցություն – ստեղծվել է 1946 թ. Իրանական Քրդստանի Մեհաբադ քաղաքում Մուսթաֆա Բարզանիի կողմից, որն էլ դարձել է նրա նախագահը: 1958 թ. Իրաքյան հեղափոխությունից հետո Բարզանին և ՔԴԿ-ն վերադառնում են Իրաք, սակայն շատ շուտով լարվում են հարաբերությունները Իրաքի իշխող սոցիալիստական Բաաս կուսակցության և Իրաքի ղեկավար Աբդել-Քասըմ Քարիմի հետ, և 1961 թ. սկսվում է «Սեպտեմբերյան ապստամբությունը», որը 1975 թ. ավարտվում է պարտությամբ: ՔԴԿ-ի երկրորդ վերելքը սկսվում է 1991 թ.՝ Պարսից ծոցի պատերազմից հետո, երբ ՔՀՄ-ի հետ միասին դաշնակիցների օգնությամբ ազատագրվեցին քրդաբնակ մարզերը և հիմնվեց Քրդական ինքնավարություն: Ստեղծվեց ինքնավարության խորհրդարանը, որտեղ ՔԴԿ-ն ստացավ 51, իսկ ՔՀՄ-ն՝ 49 տեղ: Սակայն կարճ ժամանակ անց՝ 1994 թ. այս երկու կուսակցությունների միջև սկսվում է քաղաքացիական պատերազմ, որը տևում է մինչև 1998 թ., որի արդյունքում ՔԴԿ-ն կորցնում է իր ազդեցությունը ինքնավարության հարավում՝ որտեղ ՔՀՄ-ն ստեղծում է սեփական կառավարությունը Սուլեյմանիե կենտրոնով: Սակայն 2005 թ. տեղի ունեցած ընտրություններում թեև ՔԴԿ-ն ստացել էր 52 %, սակայն համաձայնեց ՔՀՄ-ի՝ պաշտոնները «50–50» բաժանման առաջարկին, որը հիմքեր ստեղծեց ինքնավարության վերամիավորման համար: Արդյունքում, նույն թվականի հունիսին Մասուդ Բարզանին դառնում է ինքնավարության նախագահ, իսկ հաջորդ տարում ստեղծվում է միացյալ կառավարություն, որի ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում Նեչիրվան Բարզանին:
Քրդստանի Հայրենասիրական միություն (ՔՀՄ) – ինքնավարությունում իր հզորությամբ երկրորդ քաղաքական ուժն է: Հիմնադրվել է 1975 թ. Ջալալ Թալաբանիի, Նեչիրվան Մուսթաֆայի, Ֆուադ Մասումի և այլ քաղաքական գործիչների կողմից: 2005 թ.-ից երկրի նախագահ են դառնում Թալաբանի տոհմի անդամները, ինչը նշանակում է, որ արաբական իշխանություններն այդ քայլով փորձում են ստեղծել հակակշիռ Բարզանի տոհմին: 2024 թ. դրությամբ Իրաքի խորհրդարանի 329 տեղերից զբաղեցնում է 18-ը, իսկ Քրդական ինքնավարության խորհրդարանի 211 տեղերից՝ 11-ը: Կուսակցության կենտրոնակայանը Սուլեյմանիե քաղաքն է, քաղաքական դիրքորոշումը՝ ձախ կենտրոնամետ, իսկ քաղաքական հայացքներն են քրդական ազգայնականությունը և սոցիալիզմը: Թեև կուսակցությունը դավանում է սոցիալիզմ և դեմ է ՔԴԿ-ի կազմավորման ցեղային հիմքին, սակայն Թալաբանիները փաստացի կրկնում են Բարզանիներին և, հեռացնելով կուսակցությունից Նեչիրվան Մուսթաֆային 2009-ին, նրանք դարձել են լիակատար տերեր և փոխանցում են ղեկավարությունը ժառանգաբար: Նեչիրվան Մուսթաֆան հետագայում հիմնեց «Գորրան» կուսակցությունը: 2017-ին, երբ մահացավ կուսակցության ղեկավար և Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին, կուսակցության ընդդիմադիր հատվածին հաջողվեց 2019-ին քվեարկությամբ նոր նախագահ դարձնել Լահուր Շեյխ Ջանգիին, որպեսզի Ջալալ Թալաբանիի որդի Բաֆել Թալաբանին չկարողանա զավթել ղեկավարությունը: Վերջինս դարձավ կուսակցության փոխնախագահ, սակայն 2021-ին զավթեց իշխանությունը, իսկ ինքնավարության և իրաքյան դատարանները հաստատեցին այդ զավթումը՝ հայտարարելով դա որպես կուսակցության ներքին գործ: Ինչպես Նեչիրվան Մուսթաֆան, այնպես էլ Լահուր Շեյխ Ջանգին 2024 թ. ստեղծեց նոր կուսակցություն՝ Ժողովրդական ճակատ, որի անդամներ դարձան ՔՀՄ-ի նախկին անդամներ:
ՔՀՄ-ն ինքնավարության ողջ տարածքում ունի 36 մասնաճյուղ և կազմված է 8 բյուրոներից՝ 1. Կազմակերպչական, 2. Տեղեկատվական, 3. Մշակութային և ժողովրդավարության կազմակերպման, 4. Ֆինանսների և կառավարման, 5. Մարդու իրավունքների, 6. Սոցիալական հարցերի, 7. Նահատակների և վետերանների և 8. Միջազգային հարաբերությունների:
Այս ամենով պետք է նշել, որ կուսակցության ազդեցությունն ինչպես կենտրոնական (Բաղդադ), այնպես էլ ինքնավարության խորհրդարաններում ընտրությունից ընտրություն նվազում է: Այսպես, եթե 1992 թ. կուսակցությունը ինքնավարության խորհրդարանի ընտրություններում ստացել էր 423.833 ձայն, որը կազմում էր ընտրողների 43,8%-ը, և խորհրդարանի 100 տեղերից՝ 49-ը, ապա 2018-ին համապատասխանաբար՝ 319.219 ձայն, 20.5% և 111 տեղերից՝ ընդամենը 21-ը: Նույն պատկերն է իրաքյան խորհրդարանում՝ 2014-ին՝ 851.326 ձայն, 6,07% և խորհրդարանի 328 տեղերից՝ 21-ը, ապա 2021-ին՝ 368.226 ձայն, 4,17% և 329 տեղերից՝ 17-ը: Սա նշանակում է, որ ՔԴԿ-ին հաջողվել է նվազեցնել ՔՀՄ-ի ազդեցությունը Քրդական ինքնավարության ողջ տարածքում և, փաստացի, կուսակցության ազդեցությունը տարածվում է միայն ինքնավարության հարավային 4 նահանգներում՝ Սուլեյմանիե կենտրոնով: ՔԴԿ-ի ազդեցությունը չեզոքացնելու նպատակով ՔՀՄ-ն համագործակցում է Քրդական բանվորական կուսակցության հետ: Այս երկու կուսակցությունների համագործակցությունը հնարավորություն տվեց կասեցնելու «Իսլամական պետություն» կազմակերպության հարձակումը Հյուսիսային Իրաքում 2014 թ.: Այժմ էլ նրանք միասին պայքարում են թուրքական ներխուժման դեմ, մինչդեռ ՔԴԿ-ն համագործակցում է Անկարայի հետ:
«Գորրան» («Շարժում փոփոխության նպատակով») կուսակցություն – ինչպես և նշել էինք, կուսակցությունը ստեղծվել է 2009 թ. ՔՀՄ-ի պառակտման հետևանքով: Դրա հիմնադիրն էր Նեչիրվան Մուսթաֆան, որի մահից հետո (2017) կուսակցության ղեկավար է դարձել Օմար Սայիդ Ալին: Իրաքյան իշխանություններին ձեռնտու էր քրդական քաղաքական դաշտի հետագա պառակտումը, և Ն. Մուսթաֆայի՝ կուսակցության ստեղծման հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց՝ ապրիլի 28-ին, Իրաքի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը ճանաչում է «Գորրան»-ը՝ որպես Իրաքյան Քրդստանի քաղաքական կուսակցություն: Այն հանդիսանում է ինքնավարությունում իշխող երկու հիմնական քաղաքական ուժերի՝ ՔԴԿ-ի և ՔՀՄ-ի ընդդիմադիրը:
«Գորրան»-ի ազդեցության աճը սկսվեց 2011-ին, երբ «Արաբական գարնան» օրինակով կուսակցությունը կոչ արեց քրդերին ոտքի կանգնել բարեփոխումների նպատակով, որտեղից էլ ծագում է նրա երկրորդ անվանումը: Նրա կոչը լայն արձագանք գտավ հատկապես Սուլեյմանիեի երիտասարդության շրջանում, ինչը հետևանք էր ՔՀՄ-ի ավելի լոյալ քաղաքականության: Իսկ ահա ՔԴԿ-ի ազդեցության տակ գտնվող շրջաններում շարժումը լայն տարածում չգտավ՝ Բարզանիների կոշտ բռնաճնշումների հետևանքով(12): Սակայն այս ամենը չխանգարեց, որ արդեն 2013 թ. ինքնավարության խորհրդարանի ընտրություններում «Գորրան»-ը ստանա ՔՀՄ-ից ավելի շատ ձայներ (ՔԴԿ–38, «Գորրան»–24, ՔՀՄ–18 պատգամավոր): Կուսակցության դիրքերն ուժեղացան 2017 թ., երբ Քրդական ինքնավարության և ՔԴԿ-ի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարեց անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: «Գորրան»-ն ի սկզբանե դեմ էր այդ հանրաքվեին, քանի որ այն չէր ստացել խորհրդարանի հաստատումը: Հանրաքվեից և անկախություն հռչակելուց հետո իրաքյան բանակը, ստանալով Իրանի և Թուրքիայի աջակցությունը, հարձակվեց ինքնավարության վրա և գրավեց դրա հարավային մասը՝ ռազմավարական նշանակություն ունեցող Քիրքուք քաղաքով: Այս ռազմագործողությունը էապես թուլացրեց ինչպես ՔԴԿ-ի, այնպես էլ՝ ՔՀՄ-ի դիրքերը, քանի որ Քիրքուքը գտնվում էր վերջինիս վերահսկողության տակ:
Գաղափարախոսական տեսակետից «Գորրան»-ի հայացքները հիմնականում համընկնում են Քրդական բանվորական կուսակցության հետ, այն է՝ Քրդական ինքնավարության կառավարությունում և կուսակցություններում կլանային համակարգի վերացում, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար, մարդու և հասարակության քաղաքական և քաղաքացիական ազատություններ(13): Ինչպես և ՔԲԿ-ն (Քրդստանի բանվորական կուսակցություն, PKK), «Գորրան»-ը նույնպես պայքարում է ինչպես կանանց իրավունքների, այնպես էլ խորհրդարանական հանրապետության ստեղծման և ժողովրդավարական սահմանադրության ընդունման համար: Ինչ վերաբերում է զինված ուժերին և հատուկ ծառայություններին, ապա կուսակցությունը գտնում է, որ թե՛ ՔԴԿ-ի և թե՛ ՔՀՄ-ի զինված ուժերը՝ «Փեշմերգա»-ն, պետք է ծառայեն ժողովրդին, այլ ոչ թե այդ կուսակցությունների ղեկավարներին: Բացի այդ, ըստ «Գորրան»-ի, քրդական ուժերը պետք է ներգրավվեն իրաքյան բանակի կազմի մեջ, որպեսզի հավասարակշռվի իրաքյան կենտրոնական կառավարության քաղաքականությունը ինքնավարության հանդեպ, և քրդերը վերահսկողություն ունենան իրաքյան զինված ուժերի նկատմամբ:
Ինչ վերաբերում է իսլամիստական կուսակցություններին, ապա նրանց ազդեցությունը քրդական հասարակությունում ընկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության՝ Սիրիայում և Իրաքում քրդերի դեմ հարձակման հետևանքով:
3. Իրաքյան Քրդստանի կրոնաէթնիկական կազմը
Ինքնավարության կրոնաէթնիկական կազմը խայտաբղետ է: Ինչպես արդեն վերը նշվեց, բնակչության 70%-ը քրդեր են: Ազգային փոքրամասնություններ են կազմում արաբները, թուրքոմանները (թուրքմենները), ասորիները, քաղդեացիները և հայերը: Կային նաև լախլուխներ՝ քրդերի հետ խիստ ուծացված հրեաներ, որոնք, սակայն, Պարսից ծոցի պատերազմներից հետո մեծ մասամբ գաղթեցին Իսրայել:
2024 թ. դրությամբ ինքնավարությունում ազգային պատկերը հետևյալն է. 10.226.528 բնակչության 7.159.789-ը քրդեր են, 1. 269.907-ը կամ 12,4%-ը՝ թուրքոմաններ, 1.095.680-ը կամ 10.7%-ը՝ արաբներ, 630.628-ը կամ՝ 6.2%-ը՝ ասորիներ և քաղդեացիներ, 65.474-ը կամ 0,6%-ը՝ հայեր: Մնացած ազգությունների թիվը չի անցնում մի քանի հարյուրը, որը շարունակում է նվազել: Նվազում է նաև հայերի թիվը, որոնց մեծ մասը բնակություն է հաստատում Հայաստանի Հանրապետությունում(14): Քրդերն, իրենց հերթին, կրոնական առումով բաժանված են 3 խմբերի՝
- սուննի-մահմեդականներ, որոնք կազմում են մեծամասնություն,
- շիա-մահմեդականներ՝ հիմնականում բնակվում են Խանեկինում, նախկինում նրանց թիվը շատ էր, սակայն 1971–1972 թթ. շիա ուսմունք դավանող ֆայլի ցեղի մեծ մասն արտաքսվեց Իրան,
- եզդիներ՝ բնակվում են Սինջարում և Դախուկում, որտեղ էլ գտնվում է նրանց գլխավոր սրբավայրը՝ Լալեշը:
Վերջին ժամանակաշրջանում «Իսլամական պետություն» կազմակերպության կողմից իրականացված ջարդերի հետ կապված նկատվում է քուրդ մահմեդականների մի հատվածի կրոնափոխություն դեպի զրադաշտություն՝ եզիդիզմ(15):
Իրաքում քրդերը միավորված են հիմնականում ցեղերում և բնակվում են երկրի հյուսիսային և կենտրոնական մասերում: Բացի բուն Քրդական ինքնավարությունից քրդերի հոծ խմբեր կան նաև Մոսուլում և Բաղդադում:
Սուլեյմանիե նահանգում բնակվում են արդալան, բադալան, բարզինջի, չենգինի, գուրան, համավանդ, ջաֆֆ, ջիբարի, կալխոր, մանգուր, շվան և զանգանա ցեղերը(16), որոնք հիմնականում սուննիներ են:
Էրբիլ նահանգում են բնակվում հետևյալ ցեղերը՝ ակո, բալակ, բարզանի, բարզինջի, բիլբաս, բրադոստ, դիզայեե, դոլամարի, գերդի, հարութի, հերքի, կաուանի, խայլանի, խոշնավ, մանթիկ, նանակալի, շվան, սիանի, սիյան, սուրչի, զարարի և զեբանի(17):
Դոխուկում բնակվում են բաբիրի, բամերնի, բարզանի, բերվարի, քոչար, դոլամարի, դոսկի, էրթուշի, գուլի, մլհմբանի, մամեշ, միզուրի, ներվայ, նհելի, ռեկանի, շարաֆանի, սիդնի, սիպնա, սիլևանի, սուրչի, տովի և զեբարի սուննիական ցեղերը: Բացի այդ, նահանգում բնակվում են եզդիական ցեղեր՝ բասիդկի, բելեսինի, բիրիմենի, դինա, դիննադի, դումիլի, հևերի, հեքիարի, հերաքի, մամուսի, միսուսան, փեդայի, քայիքի, քիրնայի, ռուբանիստի, թըրք, խալթի և խեթարի(18): Պետք է նշել, որ այս և Իրաքի այլ վայրերում բնակվող եզդիները միավորված են խորկան և ջուվանա ցեղային միություններում:
Հալաբջա նահանգում բնակվում է ջաֆֆ ցեղը:
Քիրքուք նահանգում բնակվում են ամարմել, բարզինջի, բիբան, դիլո, համավանդ, ջաբարի, կակայի, սալեհի, սիյան, շարաֆբայանի, շուրան, թալաբանի և զանգանա ցեղերը(19):
4. Իրաքի Քրդական ինքավարության ներքաղաքական իրավիճակը. ՔԴԿ-ի և ՔՀՄ-ի հակամարտությունը
Այս երկու կուսակցությունների հակամարտությունը սկիզբ է առնում 1964 թ.-ից, երբ Մուսթաֆա Բարզանին և Էբրահիմ Ահմադը, չկարողանալով հաղթահարել սուր տարաձայնությունները, երկու մասի բաժանեցին ՔԴԿ-ն: Նրանց միջև թշնամանքն ավելի խորացավ 1990-ականների կեսերին, երբ երկու տոհմերը՝ Բարզանիները և Թալաբանիները, պայքարում էին ինքնավարությունում իշխանության համար: ՔԴԿ-ն ավելի ուժեղ էր, սակայն Սադդամ Հուսեյնը և Թուրքիան (վարչապետ՝ Թանսու Չիլլեր) քաղաքական, տնտեսական և ռազմական օգնություն էին տրամադրում ՔՀՄ-ին, ինչը թույլ տվեց վերջինիս կասեցնել Բարզանիների «Փեշմերգա»-ի հարձակումը և բաժանել ինքնավարությունն ըստ ազդեցության գոտիների, որը պահպանվում է մինչև այժմ: Ինքնավարության հյուսիսային հատվածը՝ Էրբիլ քաղաքով անցավ Բարզանիներին, իսկ հարավը՝ Քիրքուք և Սուլեյմանիե քաղաքներով, համապատասխանաբար՝ Թալաբանիներին: Եվ թեև 2000-ականներին փորձեր կատարվեցին հաշտեցնել այս երկու ուժերին և նորից միավորել Իրաքյան Քրդստանը, սակայն տարիների հետ հակասությունները միայն ավելի խորացան: Բացի քաղաքական բաղադրիչից՝ հակամարտության հիմքում ընկած են նաև տնտեսական շահերը, որոնք ոչ պակաս կարևոր են: Խնդիրն այն է, որ 2017 թ. Մասուդ Բարզանիի արկածախնդիր քայլերի պատճառով (անկախության հանրաքվեի անցկացում և դրա հիման վրա անկախության հռչակում) իրաքյան կենտրոնական կառավարությունը, ստանալով Թուրքիայի և Իրանի քաղաքական աջակցությունը, հարձակվեց Իրաքյան Քրդստանի վրա և խլեց բավականին ընդարձակ տարածքներ՝ Քիրքուք քաղաքով, որը Թալաբանիների նավթային գլխավոր կենտրոնն էր: Այսպիսով, նրանք իրենց ենթակայության տակ գտնվող տարածքներում չէին կարողանում վճարել ծառայողների աշխատավարձները, թոշակները, իսկ ՔԴԿ-ն մերժում էր ինքնավարության ընդհանուր բյուջեից ավելացնել հատկացումներն այդ շրջաններին: Որպես պատասխան ինքնավարության կառավարությունում ՔՀՄ-ական նախարարները վայր դրեցին իրենց լիազորությունները, ինչն առաջացրեց կառավարական ճգնաժամ:
Դեղին գույնով նշված է ՔԴԿ-ի (Բարզանի), իսկ կանաչով՝ ՔՀՄ-ի (Թալաբանի) ազդեցության գոտիները։
Հակամարտության մյուս պատճառը նավթն է և գազը: ՔԴԿ-ի ենթակայության տարածքներում նավթն ավելի շատ է, սակայն իր որակով զիջում է Սուլեյմանիեի նավթին, և Բարզանիները ցանկանում են ստանալ այդ նավթը, որպեսզի խառնեն իրենց նավթին և ավելի թանկ վաճառեն: Բացի այդ՝ Թալաբանիների շրջաններում հայտնաբերվել է մեծ քանակությամբ գազ, որի շահագործումը տարեցտարի ավելի է ընդլայնվում՝ 2021 թ. արդյունահանվել է 452 մլն մ3 գազ, իսկ 2023-ին՝ 700 մլն մ3, ինչը, իհարկե, չէր կարող անհանգստություն չպատճառել Բարզանիներին(20):
Ամփոփելով ՔԴԿ-ՔՀՄ հակամարտությունը՝ պետք է նշել, որ այս երկու քաղաքական ուժերի միջև նոր քաղաքացիական պատերազմ չի սկսվում այն պատճառով, որ թե՛ Թալաբանիները և թե՛ Բարզանիները գիտակցում են դրա՝ երկուսի համար աղետաբեր և կործանարար լինելու հանգամանքը:
ՔԲԿ-ի հակամարտությունը ՔԴԿ-ի և ՔՀՄ-ի հետ
Այս հակամարտությունը սկսվել է դեռևս 1983 թ., երբ Թուրքիայում պարտված օջալանական ջոկատներն անցան Սիրիա և Իրաք: Իրաքում նրանք Բարզանիներից պահանջեցին Թուրքիային սահմանակից շրջաններ, իսկ 90-ականների սկզբին, երբ Սադդամ Հուսեյնի պարտությունից հետո ստեղծվեց Քրդական ինքնավարությունը, ՔԲԿ-ն պահանջեց նաև տեղեր դրա կառավարությունում: Իրաքյան Քրդստանի քաղաքացիական պատերազմում, որը տեղի ունեցավ 90-ական թթ. երկրորդ կեսին, ՔԲԿ-ի դեմ կռվում էին ինչպես ՔԴԿ-ի, այնպես էլ ՔՀՄ-ի զինված ուժերը: Արդյունքում, ՔԲԿ-ն թողեց քաղաքները և ամրացավ Քանդիլի լեռներում, որտեղից հաճախակի հարձակումներ էր գործում այդ ուժերի վրա: ՔԴԿ-ին և ՔՀՄ-ին պաշտպանում էին Թուրքիան, Իրանը և ամերիկացիները, իսկ ահա ՔԲԿ-ին պաշտպանում էր Սադդամ Հուսեյնը՝ նպատակ ունենալով օջալանականների ուժերով ծանր հարվածներ հասցնել Քրդական ինքավարությանը:
2015 թ. ՔԲԿ-ն, օգտվելով «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ հաղթական պատերազմի արդյունքներից՝ անցավ հարձակման և հաջողության հասավ թե՛ ՔԴԿ-ի և թե՛ ՔՀՄ-ի նկատմամբ: Կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց տարածքներ գրավել այս երկու կուսակցությունների վերահսկողության տակ գտնվող շրջաններում: Տարվա վերջում ՔԲԿ-ի իշխանության տակ էին գտնվում 515 գյուղեր, որոնցից 304-ը՝ Դոխուկի, 177-ը՝ Էրբիլի և 34-ը՝ Սուլեյմանիեի նահանգներում(21):
2024 թ. ամռան սկզբից շարունակվեց թուրքական բանակի լայնածավալ հարձակումը Իրաքյան Քրդստանում՝ ստանալով ՔԴԿ-ի և Քրդական ինքնավարության ղեկավարության՝ Նեչիրվան, Մասուդ և Մասրուր Բարզանիների աջակցությունը: ՔՀՄ-ն, «Գորրան»-ը դատապարտում են ինչպես թուրքական հարձակումը, այնպես էլ ՔԴԿ-ի թուրքամետ դիրքորոշումը և իրենց աջակցությունն են հայտնում ՔԲԿ-ին: Թուրքերն օգտվում են ոչ միայն այն հանգամանքից, որ ՔԴԿ-ն փորձում է իր ձեռքերով վերացնել ՔԲԿ-ին՝ որպես ինքնավարությունում հակառակորդ քաղաքական և ռազմական ուժ, այլև հայր և որդի Մասուդ և Մասրուր Բարզանիների՝ Նեչիրվան Բարզանիի դեմ տարվող կատաղի պայքարից: Մասուդ Բարզանին մեկնել էր Բաղդադ՝ որպես Քրդական ինքնավարության ղեկավար, ցանկանալով ստանալ կենտրոնական կառավարության աջակցությունը, մինչդեռ Նեչիրվանը ջանքեր էր գործադրում ստանալու միջազգային աջակցություն, մյուս կողմից էլ Հարավային Քրդստանի Միդիայի շրջան էր բերել «Իսլամական պետություն» շարժման ջոկատներ, որը վերահսկում էին Մասրուր Բարզանիի «Պարաստին» և «Գուլան» հատուկ նշանակության միավորումների կողմից(22): Այս ամենը հիմք է տալիս Օջալանի կողմնակիցներին մեղադրել Բարզանիներին թուրքերի հետ համագործակցելու, իսկ ավելի ճիշտ՝ ուղղակի դավաճանության մեջ(23):
«Գորրան» կուսակցության թիվ մեկ հակառակորդը ՔԴԿ-ն է, սակայն կուսակցությունը ոչինչ չի կարող անել Բարզանիների դեմ, քանզի չունի զինված ուժեր: Այս իրավիճակը թուլացնում է դրա դիրքերը նաև ՔՀՄ-ի հետ հարաբերություններում: Այս բացը լրացնելու նպատակով կուսակցությունը ՔԲԿ-ի օգնությամբ դեռ 2016 թ. աշխատանքներ է տանում ստեղծելու համար սեփական զինված ուժերը: Դա, անկասկած, ուժեղացնելու է ՔԲԿ-ի դիրքերն Իրաքում և թույլ է տալու վերջինիս հիմնովին թուլացնել ՔԴԿ-ն: «Գորրան» կուսակցության զինված ուժերի ստեղծման ջատագով է նաև Իրաքի նախկին վարչապետ, շիա գործիչ Նուրի ալ-Մալիքին, որը ցանկանում է ներգրավել դրանք շիական «Հաշիդ ալ Շաաբի» («Ալ-Հաշդ ալ-Շաաբի») զինված կազմավորման մեջ՝ նպատակ ունենալով խորացնել քրդերի տարանջատվածությունը և նրանց մանիպուլացնելու ավելի լայն հնարավորություն ստանալ(24):
5. Ինքնավարության հիմնական քաղաքական ուժերի հարաբերությունները կենտրոնական իշխանության (Բաղդադ) հետ
Թերևս գաղտնիք չէ, որ քրդական ինքնավարության ազդեցիկ քաղաքական ուժերից Իրաքի կենտրոնական իշխանությունն ամենալարված հարաբերություններն ունի ՔԴԿ-ի հետ, ընդ որում՝ թե՛ հատկապես 2017 թ. Մասուդ Բարզանիի կողմից անցկացված անկախության հանրաքվեի և դրա տվյալների հիման վրա քրդական անկախ պետության հռչակման, և թե՛ թուրքերի հետ համագործակցելու պատճառով: Դրան գումարվում են նաև տնտեսական չլուծված խնդիրները՝ մաքսային, նավթագազային և այլն: Պաշտոնական Բաղդադը ՔԴԿ-ի ազդեցությունը նվազեցնելու նպատակով լայնորեն հենվում է վերջինիս թշնամի ՔՀՄ-ի և «Գորրան»-ի, ինչպես նաև որոշ իրավիճակներում նաև՝ ՔԲԿ-ի վրա: Դրա վառ ապացույցն էր 2017 թ. իրաքյան բանակի աշնանային հարձակումը ինքնավարության վրա՝ անկախության հռչակումից անմիջապես հետո, երբ ստանալով Թուրքիայի և Իրանի, բայց որ ամենագլխավորն է՝ ՔԴԿ-ին թշնամի քրդական, եզդիական և թուրքմենական ուժերի աջակցությունը, Բաղդադին հաջողվեց գրավել ինքնավարության հարավային հատվածը՝ Քիրքուք քաղաքով հանդերձ: Հետագա տարիներին, կապված թուրքական բանակի՝ Իրաք ներխուժման ժամանակ ՔԴԿ-ի համագործակցության հետ, հակասությունները միայն ավելի սրվեցին: Այս հակասությունները լուծելու նպատակով 2024 թ հուլիսի սկզբին ՔԴԿ-ի առաջնորդ Մասուդ Բարզանին ժամանել էր Բաղդադ՝ հանդիպելու իրաքյան իշխանության ազդեցիկ ներկայացուցիչների հետ: Խնդրի բարդությունն այն է, որ Իրաքի իշխանությունները դավանանքով շիա մահմեդականներ են, իսկ Իրաքի քրդերի մեծամասնությունը, այդ թվում՝ ՔԴԿ-ն և Բարզանիները՝ սուննի մահմեդականներ:
Սակայն իրաքյան իշխանությունները հակված չեն ընդառաջ գնալու Մ. Բարզանիի ծրագրերին, քանի որ 2014 թ. «Իսլամական պետություն» կազմակերպության հարձակման ժամանակ շիա արաբների և Շենգալի (Սինջար) եզդիների կոտորածներին մասնակցել էին ինչպես սուննի արաբներ, այնպես էլ՝ շատ սուննի քրդեր: Հնարավոր մերժումները կանխելու համար Բարզանին հանդիպումներ է ունեցել Իրաքի ազդեցիկ սուննի գործիչների հետ(25), որից հետո նա հանդիպել է Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիի և երկրի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ֆաիք Զիդանի, ինչպես նաև այլ ազդեցիկ շիա գործիչների հետ։ Նախկինում ՔԴԿ-ն հատկապես լուրջ խնդիրներ է ունեցել այս դերակատարների հետ:
77-ամյա Մասուդ Բարզանիի այցը Բաղդադ ընդհանուր առմամբ կարելի է համարել հաջողված, ընդ որում՝ մի քանի ուղղություններով: Նախ՝ նա հասավ նրան, որ պաշտոնական Բաղդադն ընդունեց, որ Քրդական ինքնավարությունում իր ազդեցությամբ առաջին քաղաքական ուժը մնում է ՔԴԿ-ն: Նա հասավ նրան, որ Բաֆել Թալաբանին, լինելով այդ ժամանակ Բաղդադում, չկարողացավ մասնակցել Իրաքի կառավարական կոալիցիայի նիստին: Բարզանին Բաղդադում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական պետությունների դեսպանների հետ, ինչը նշանակում էր, որ այս երկրներն ընդունում են նրան՝ որպես ինքնավարության ղեկավար:
Մյուս կողմից, Բարզանին զիջումներ արեց դաշնային կառավարությանը՝ ցույց տալով, որ Քրդական ինքնավարության հարաբերություններն արտաքին աշխարհի հետ այսուհետ կատարվելու են Բաղդադի միջոցով: Իսկ Պարսից ծոցի արաբական երկրների դեսպանների հետ հանդիպելով նա ընդունեց, որ ինքնավարության քաղաքական կյանքում արաբական երկրների դերակատարությունը միայն մեծանալու է: Եվ, ամենակարևորը, հասկանալով, որ նրա անջատողական քաղաքականությունը չի ունենալու աջակցություն թե՛ արտաքին աշխարհում, և թե՛ երկրի ներսում՝ Բարզանին մտադրվել է սուննի արաբական քաղաքական ուժերի հետ դաշինքով մասնակցել Իրաքի խորհրդարանի 2025 թ. ընտրություններին և, այդպիսով, քաղաքական մեծ կշիռ ձեռք բերել երկրի ներսում:
Քրդական քաղաքական ուժերից Բաղդադի հետ սերտ համագործակցում է ՔՀՄ-ն: Եվ դա ունի մի քանի պատճառներ: Նախ, ՔՀՄ-ն, անկասկած, իր ներուժով զիջում է ՔԴԿ-ին, և դա ավելի է խորացել 2017-ին՝ Քիրքուքի նավթային շրջանները կորցնելուց հետո: Բացի այդ՝ իր վերահսկողության տակ գտնվող շրջաններում՝ Սուլեյմանիեում, կուսակցությունը կորցնում է հեղինակությունը՝ զիջելով դիրքերը «Գորրան»-ին և ՔԲԿ-ին: Այս իրավիճակն է, որ ստիպում է Թալաբանիներին ապավինել Բաղդադի աջակցությանը: Իրաքի իշխանություններն էլ հմտորեն օգտվում են այդ իրավիճակից և որոշ չափով չեզոքացնում ՔԴԿ-ի ազդեցությունը(26): Այսպես՝ Իրաքի նախագահի պաշտոնին, որը խորհրդանշական նշանակություն ունի, իրաքյան խորհրդարանը 2005 թ.-ից մինչև այսօր նշանակում է ՔՀՄ-ի թեկնածուին: Այժմ Իրաքի նախագահը ՔՀՄ-ի անդամ, նախկինում Մեծ Բրիտանիայում ՔՀՄ-ի խոսնակ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդն է: Ամփոփելով՝ կարելի է ասել, որ իրաքյան իշխանությունները օգտագործում են ՔՀՄ-ի ավելի թույլ դրությունն ինքնավարությունում և վերջինիս միջոցով փորձում են մեծացնել իրենց ազդեցությունը և պահել քրդական ինքնավարությունը իրենցից կախյալ վիճակում:
Իրաքյան իշխանությունները լավ հարաբերություններ ունեն նաև «Գորրան»-ի հետ: Կուսակցությունը դեմ էր ՔԴԿ-ի կողմից 2017-ին անցկացված անկախության հանրաքվեին: ՔԴԿ-ի դեմ ավելի արդյունավետ պայքարելու նպատակով ՔՀՄ-ի «Գորրան»-ի ղեկավարները մտադրվել են կազմել դաշինք, ինչն, իհարկե, թշնամաբար ընդունվեց Բարզանիների կողմից(27): ՔԴԿ-ի համար իրավիճակն ավելի է տագնապալից է դարձել այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ այդ երկու կուսակցությունները դաշնակցում են նաև ՔԲԿ-ի հետ, որի հետ լավ հարաբերություններ ունի նաև իրաքյան կառավարությունը՝ փորձելով օգտագործել դրան Իրաք ներխուժած թուրքական զորքերի դեմ, որոնց աջակցում է ՔԴԿ-ն:
6. Ինքնավարության հիմնական քաղաքական ուժերի հարաբերությունները Թուրքիայի հետ
Դատելով Թուրքիայի՝ Սիրիական և Իրաքյան Քրդստանի նկատմամբ տարվող քաղաքականությունից Անկարայի ռազմավարական տեսլականը ենթադրում է դրանց կլանում: Չանտեսելով հնարավոր տնտեսական դրդապատճառները՝ հիշյալ շրջաններն ունեն շոշափելի նավթա-գազային պաշարներ, որոնցից զուրկ է Թուրքիան, այնուամենայնիվ, կարելի է փաստել, որ գլխավոր պատճառը քրդերն են. Անկարան գիտակցում է, որ առանց քրդական բոլոր տարածքներն իր տիրապետության տակ առնելու, անհնար է ճնշել քրդերի ազատագրական շարժումը սեփական տարածքներում և վերջնականապես լուծել Քրդական հարցը: Ավելին՝ արաբական այս պետությունների թուլացման պայմաններում առավել քան իրական է քրդական անկախ պետության կամ պետությունների ստեղծումը, ինչն աներկբա բերելու է իր քրդական շրջանների անջատմանը:
Պետք է փաստել, որ ՔԲԿ-ի դեմ պայքարն Իրաքում Թուրքիայի համար լոկ պատրվակ է Հյուսիսային Իրաքում հաստատվելու՝ նվաճելով դրա գլխավոր քաղաք Մոսուլը և վերջնականորեն նվաճելով Իրաքյան Քրդստանը: Առաջին անգամ թուրքական զորքերը Հյուսիսային Իրաք են ներխուժել 1993–1995 թթ.՝ ՔԲԿ-ի դեմ պայքարի պատրվակով, սակայն իրականում քրդական անկախ պետություն ստեղծելու նկրտումները վիժեցնելու նպատակով: Այդ անգամ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հաջողվեց ստիպել Թուրքիային դուրս բերել իր զորքերը, սակայն հետագայում թուրքական բանակը ևս մի քանի անգամ ներխուժեց Իրաք՝ ավելի ու ավելի երկարացնելով ռազմագործողության ժամկետները: Բացի անմիջական ռազմական ներխուժումից, թուրքական կառավարությունը զինում էր ՔԲԿ-ին թշնամաբար տրամադրված ուժերին: Մասնավորապես, այդպիսի փաստի մասին իր զոհվելուց մեկ ամիս առաջ՝ 1993 թ. փետրվարին, «Ջումհուրիեթ» թերթում տպագրված «Վերջնագիր» հոդվածում հայտնեց թուրք լրագրող Ուղուր Մումջուն՝ նշելով, որ թուրքական հատուկ ծառայությունը՝ ԱՀԿ-ն, իր և բանակային պահեստներից 100.000 միավոր հրազեն է տրամադրել Ջալալ Թալաբանիին(28):
21-րդ դարում իրավիճակը շատ չի փոխվել: Օգտագործելով Իրաքում ՔԲԿ-ի և «Իսլամական պետության» միջև ընթացող պատերազմը, երկուսին էլ հռչակելով ահաբեկչական կազմակերպություններ և այդպիսով իր համար «օրինական հիմքեր» ստեղծելով Իրաք ներխուժելու համար, թուրքական իշխանությունները գրավել են Հյուսիսային Իրաքի զգալի տարածքներ՝ ուղիղ նշելով, որ այդ վայրերից այլևս չեն հեռանալու:
Եվ ինչպես նախորդ դարերում՝ թուրքական իշխանությունները հարձակումից առաջ կարողացան հմտորեն օգտագործել քրդական քաղաքական ուժերի միջև եղած թշնամանքը և ՔԴԿ-ին դարձրեցին իրենց դաշնակիցը, առավել ևս որ Բարզանի և Էրդողան ընտանիքներին կապում է նավթային բիզնեսը: Բարզանիները (Մասուդ, Մասրուր և Նեչիրվան) իրենց հերթին ցանկանում են թուրքերի ձեռքերով հաշվեհարդար տեսնել ՔԲԿ-ի նկատմամբ, որից նրանք պարտություն էին կրել և զիջել մի շարք ռազմավարական շրջաններ: Այսպիսով պետք է փաստել, որ Քրդական ինքնավարությունում Թուրքիայի դաշնակիցը ՔԴԿ-ն է: Այս քաղաքականության դեմ է ոչ միայն ՔԲԿ-ն, այլև նրա հետ սերտորեն դաշնակցող «Գորրան» շարժումը և Թալաբանիների գլխավորած ՔՀՄ: Եվ քանի որ ըստ իրաքյան սահմանադրության երկրի նախագահը Թալաբանիները պետք է լինեն, հասկանալի է, որ թուրքական ներխուժումը և ՔԴԿ-ի փաստացի դավաճանությունն ինչպիսի արձագանք պետք է գտնի իրաքյան իշխանական օղակներում: Սակայն ՔԴԿ-ի համար դրությունն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ Նեչիրվան և Մասրուր Բարզանիները պայքարում են Քրդական ինքնավարության համար, և թեև պաշտոնապես նախագահ է Նեչիրվան Բարզանին, սակայն Մասրուր Բարզանին չի ընդունում այդ փաստը և ամեն կերպ ցանկանում է հեռացնել Նեչիրվանին: Այդ նպատակով թուրքական շարունակվող հարձակման և Բաղդադից ՔԴԿ-ի հասցեին հնչող մեղադրանքների պայմաններում Բաղդադ որպես ինքնավարության ղեկավար է շտապում Մասրուրը: Նեչիրվանը մեղադրում է վերջինիս իշխանությունը զավթելու փորձերի մեջ և աջակցություն ստանում որոշ երկրների և, առաջին հերթին՝ Թուրքիայի կողմից(29):
Ի տարբերություն ՔԴԿ-ի՝ ՔՀՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները սկսել են լարվել 2017-ից, երբ Թուրքիան սկսեց ռազմագործողություններ իրականացնել թե՛ սիրիական և թե՛ իրաքյան Քրդստաններում: Ընդ որում՝ ՔՀՄ-ն թուրքական հարձակումների դեմ պայքարելու նպատակով համագործակցում էր ոչ միայն ՔԲԿ-ի, այլև վերջինիս հետ սերտ փոխկապակցված սիրիական քրդերի Դեմոկրատական ուժերի կուսակցության (PYD) ինքնապաշտպանական ուժերի (YPG) հետ (այդ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս): Որպես պատասխան՝ Թուրքիան 2017 թ. դադարեցրեց Սուլեյմանիեից դեպի Թուրքիա օդային կապը: Թռիչքները վերսկսվել են 2019 թ. միայն այն բանից հետո, երբ միջամտել են Իրաքի այն ժամանակվա նախագահ և ՔՀՄ-ի նախկին անդամ Բարհամ Սալիհը(30)։ Սակայն հետագա տարիներին Բաֆել Թալաբանիի կապերը սիրիական քրդական կուսակցության հետ միայն ամրապնդվել են: Ընդ որում՝ Բաֆելն իր այդ քայլով լուծում է երկու խնդիր.
ա) Թեև կապերը ՔԲԿ-ի հետ պահպանվում են, այնուամենայնիվ, պաշտոնական հարաբերություններ են իրականացվում սիրիական քրդական կուսակցությունների հետ, որոնք հանդիսանում են ամերիկացիների դաշնակիցները:
բ) Բաֆել Թալաբանին իր այս քայլով ձգտում է ՔՀՄ-ն դարձնել համաքրդական կուսակցություն: Նա ցանկանում է ընկալվել որպես քուրդ առաջնորդ, որը ներգրավված է բազմաթիվ տարածաշրջանային գործընթացներում և բանակցություններում:
Բացի Թուրքիայի դեմ ՔԲԿ-ի հետ դաշնակցելուց՝ ՔՀՄ-ն սերտորեն համագործակցում է նաև Թեհրանի և Բաղդադի հետ՝ ավելի բորբոքելով Անկարայի զայրույթը:
Այսպիսով, Քրդական ինքնավարությունում Թուրքիայի հիմնական դաշնակիցը Քրդստանի դեմոկրատական կուսակցությունն է՝ Բարզանի տոհմի ղեկավարությամբ: Ինքնավարության մյուս երեք ազդեցիկ ուժերը՝ Քրդստանի բանվորական կուսակցությունը, «Գորրան»-ը և Քրդստանի հայրենասիրական միությունն ունեն հակաթուրքական դիրքորոշում:
7. Ինքնավարության հիմնական քաղաքական ուժերի հարաբերությունները Իսրայելի հետ
Իսրայելի համար քրդերն ընդհանրապես և Քրդական ինքնավարությունն Իրաքում մասնավորապես կարևորվում են անվտանգային տեսանկյունից, քանի որ երկու կողմերն էլ ունեն ընդհանուր թշնամիներ ի դեմս արաբական Սիրիայի և Իրաքի, շիա Իրանի, իսկ վերջին ժամանակներս նաև՝ Թուրքիայի: Փոքր պատմական ակնարկ կատարելով՝ նշենք, որ իսրայելա-քրդական հարաբերությունները սկիզբ են առել դեռ 1931 թ., երբ Մոսադի ապագա ղեկավար Ռեուվեն Շիլոախը որպես եբրայերենի ուսուցիչ ժամանել էր Քրդստան և շփումներ ունեցել ոչ միայն քրդերի, այլև տարածաշրջանի այլ ոչ արաբ փոքրամասնությունների ղեկավարների հետ: 1960–1970-ական թթ. արաբա-իսրայելական պատերազմների ժամանակ Իսրայելը սերտ ռազմական համագործակցություն է ծավալել Իրաքի քրդերի առաջնորդ մոլլա Մուսթաֆա Բարզանիի հետ՝ նրա զորակայան ուղարկելով ռազմական խորհրդատուների, ինչպես նաև հրաձգային և հակաօդային սպառազինություն(31), իսկ 1970-ական թթ. երկրորդ կեսին Իսրայել է այցելել Մուսթաֆա Բարզանին(32):
21-րդ դարի սկզբում Սադդամ Հուսեյնի իշխանության տապալումը և Քրդական ինքնավարության ստեղծումը նոր հնարավորություններ բացեցին հրեական պետության առջև: Ռազմաքաղաքական կապերն ավելի ընդլայնվեցին: Եվ թեև իսրայելա-քրդական կապերը չունեն պաշտոնական բնույթ, սակայն ակնհայտ է, որ քրդերը ստանում են հրեական պետությունից ինչպես ռազմական և հումանիտար, այնպես էլ քաղաքական աջակցություն: Այսպես՝ երբ 2014 թ. «Իսլամական պետությունը» իրականացրեց լայնածավալ ներխուժում Հյուսիսային Իրաք և Քրդական ինքնավարություն, իսրայելական ոչ կառավարական «IsraAid» կազմակերպությունը, Ամերիկայի հրեական կոմիտեի հետ միասին, հայտարարեց այն քրիստոնյաներին, եզդիներին և այլ ոչ մահմեդականներին հրատապ օգնություն տրամադրելու մասին, ովքեր ապահովության նպատակով տեղափոխվել էին Քրդստանի ինքնավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններ(33):
2017 թ., երբ Մասուդ Բարզանին անցկացրեց անկախության հանրաքվե, Իսրայելը միակ երկիրն էր, որ ճանաչեց այն: Իսկ երբ՝ ի պատասխան այդ հանրաքվեի, իրաքյան ուժերը Քրդական ինքնավարությունից զավթեցին Քիրքուքը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը աջակցում է քրդերին(34): Սակայն ռազմաքաղաքական շահերի հետ մեկտեղ իսրայելա-քրդական հարաբերություններում առկա է նաև տնտեսական բաղադրատարր՝ մասնավորապես, Քրդական ինքնավարությունը իսրայելական մասնավոր ընկերություններին վաճառում էր նավթ: Միայն նույն 2017 թ. Իսրայել է առաքվել օրական մոտ 300.000 բարել նավթ(35): Բացի այդ՝ Իսրայելի քաղաքացիներն ի հեճուկս Բաղդադի կենտրոնական իշխանությունների բողոքների կարող են իրենց անձնագրերով ազատորեն մուտք գործել ինքնավարության տարածք: Սակայն քրդերն իրաքյան անձնագրերով չեն կարող մեկնել Իսրայել, քանի որ Իրաքն արգելում է իր քաղաքացիներին այցելել Իսրայել, իսկ արգելքի խախտումը ենթադրում է քրեական պատասխանատվություն: Իրաքի, Սիրիայի և Իրանի ղեկավարները 2005 թ.(36) մեղադրում էին Քրդական ինքնավարությանը Իսրայելի հետ կապեր պահելու համար։ Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին 2005 թ. նշել է սակայն, որ Իսրայելի հետ կապեր ունենալը չի կարող քրեական հանցագործություն դիտարկվել, քանի որ որոշ արաբական երկրներ ճանաչել են Իսրայելը և հաստատել են նրա հետ դիվանագիտական կապեր:
8. Ինքնավարության հիմնական քաղաքական ուժերի հարաբերությունները Սիրիայի քրդական քաղաքական ուժերի հետ
ՔԴԿ – Հյուսիսային Սիրիայի դաշնային ժողովրդավարություն (ՀՍԴԺ) – այս հարաբերությունները ամենաբարդն ու հակասականն են Սիրիայի և Իրաքի քրդերի միջև, քանզի կողմերը բազմաթիվ տարբերություններ ունեն ինչպես գաղափարական, այնպես էլ քաղաքական տիրույթներում: ՔԴԿ-ն իր բնույթով ազգայնական, նախագահական կուսակցություն է, որտեղ կուսակցության ղեկավարն ունի բացարձակ իշխանություն, իսկ ՔԲԿ-ի կողմից ստեղծված ՀՍԴԺ-ն բազմազգ և համադաշնային ժողովրդավարական կառույց է: Նրա կազմի մեջ գտնվող «Քրդստանի համայնքների միության» (KCK) անդամներից է ամենաազդեցիկ «Ժողովրդավարական միությունը» (PYD), և արդեն իսկ հասկանալի է, որ այս երկու կուսակցությունները չէին կարողանալու համագործակցել: Երկրորդ կարևոր պահն այն է, որ ՔԴԿ-ն դաշնակցում է Թուրքիային, և մասնակցում սիրիական քրդերի դեմ տարվող տնտեսական պատժամիջոցներին:
ՔԴԿ-ի նախագահ Մասուդ Բարզանին դեռ 2011 թ. ձեռնարկեց գործուն ջանքեր(37), որպեսզի չեզոքացնի ՔԲԿ-ի ազդեցությունը: Նույն թվականի հոկտեմբերին Էրբիլում նա ստեղծել է «Քրդական ազգային խորհուրդը», որի մեջ սկզբնապես մտնում էին 11 կուսակցություններ, սակայն արդեն 2013 թ. դրանց թիվը հասավ 15-ի: Պետք է նշել, որ Բարզանին խորհուրդը ստեղծում էր ոչ թե սիրիական քրդերին օգնելու, այլ իր ազդեցության տակ գցելու և թուրքական շահերն առաջ տանելու նպատակով: Նա համագործակցում էր Բաշար Ասադին ընդդիմադիր Սիրիական ազգային խորհրդի հետ, որը, ինչպես հայտնի է, ստանում էր Թուրքիայի լիակատար աջակցությունը: Ավելին՝ նա մեղադրում էր ՀՍԴԺ-ին Բ. Ասադի հետ համագործակցության և նրանից ինքնավարություն ստանալու մեջ, որն, իհարկե, ուղղակի հակասում էր թուրքական շահերին:
Որպեսզի ավելի լայնորեն և խորը տարածի իր ազդեցությունը սիրիական քրդերի վրա՝ Մասուդ Բարզանին արդեն 2012 թ. տեղափոխում է Քրդական ազգային խորհուրդը Սիրիա, որից հետո Էրբիլում ստեղծում է «Բարձրագույն քրդական խորհուրդը»(38), որի կենտրոնակայանը հետագայում տեղափոխվում է Քոբանի և, օգտվելով սիրիական քրդերի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից՝ ստիպում է Ժողովրդավարական միությանը Քրդական ազգային խորհրդի հետ մտնել այդ խորհրդի մեջ՝ «50-50» հարաբերակցությամբ: Սա Բարզանիի հաղթանակն էր, որովհետև Ժողովրդավարական միության զինված ուժերը դրվում էին Բարձրագույն քրդական խորհրդի տրամադրության տակ: Սակայն նրա հաղթանակը երկար չտևեց. մեկ տարի անց, հասկանալով, որ այդպիսով մեծանում է Բարզանիի, այսինքն՝ թուրքերի ազդեցությունը, Ժողովրդավարական միությունը, առանց հաշվի առնելու Քրդական ազգային խորհրդի կարծիքը, սկսում է Սիրիայի քրդաբնակ տարածքներում ստեղծել ինքնավար տարածքային կառավարություն, որի մեջ չկար և ոչ մի Քրդական ազգային խորհրդի անդամ: Այս քայլը ստիպում է Քրդական ազգային խորհրդին դուրս գալ Բարձրագույն քրդական խորհրդի կազմից, ինչի հետևանքով վերջինս դադարեցնում է իր գործունեությունը: Այսպիսով՝ Բարզանին և նրա թիկունքում կանգնած Ռ. Թ. Էրդողանը, պարտություն են կրում: Այս քայլից հետո ՔԴԿ-ի և ԺՄ-ի հարաբերությունները լարված են:
ՔՀՄ – «Ժողովրդավարական միությունը» (PYD) – Ի տարբերություն ՔԴԿ-ի՝ ՔՀՄ-ի հարաբերությունները սիրիական քրդերի քաղաքական ուժերի հետ գտնվում են ջերմ և դաշնակցային մակարդակի վրա: «Իսլամական պետության»՝ Սիրիայի քրդաբնակ տարածքների վրա հարձակման ժամանակ Ջալալ Թալաբանին այնտեղ էր ուղարկել իր հակաահաբեկչական լավագույն ստորաբաժանումը՝ հրամանատար Վահաբ Հալաբջայի գլխավորությամբ: Նրա որդի Բաֆել Թալաբանին 2022 թ. այցելեց Քոբանի և հանդիպում ունեցավ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Մազլում Աբդիի հետ(39), որի ժամանակ երկու կողմերն էլ գոհունակությամբ արձանագրել էին իրենց միջև ձևավորված հարաբերությունների ջերմությունը: Վերադառնալով Սուլեյմանիե՝ Բ. Թալաբանին նշել էր իր պատրաստակամությունը մշտապես բազմատեսակ օգնություն տրամադրել սիրիական քրդական ինքնավարությանը: Որպես նշված քաղաքական ուժերի միջև ջերմ հարաբերությունների ապացույց կարելի է նշել, որ Սուլեյմանիեում գործում է «Ժողովրդավարական միության» (PYD) գրասենյակը:
«Գորրան» – «Ժողովրդավարական միություն» (PYD) – «Գորրան»-ը նույնպես շատ լավ հարաբերություններ ունի «Ժողովրդավարական միության» հետ: Դեռ 2014 թ.՝ «Իսլամական պետության» հետ թեժ մարտերի ժամանակ «Գորրան»-ի քաղբյուրոյի ղեկավար Մուհամադ Հաջջին այցելել է Սուլեյմանիեում գործող «Ժողովրդավարական միության» (PYD) գրասենյակ և հայտնել կուսակցության անվերապահ աջակցությունը «Ժողովրդավարական միությանը»(40):
Այսպիսով, Քրդական ինքնավարության երեք ազդեցիկ և հզոր քաղաքական ուժերից երկուսը սատարում են Սիրիայի քրդական կազմակերպություններին, սակայն ՔԴԿ-ն, արտաքնապես ցույց տալով, թե օգնում է «Ժողովրդավարական միությանը», իրականում փորձում էր թուլացնել վերջինիս ազդեցությունը:
9. Ինքնավարության հիմնական քաղաքական ուժերի հարաբերությունները Թուրքիայի քրդական քաղաքական ուժերի հետ
Թուրքական քրդերի հիմնական կուսակցությունը, որը շփումների մեջ է գտնվում Իրաքի քրդական քաղաքական ուժերի հետ, Քրդստանի բանվորական կուսակցությունն (PKK) է և դրա կողմից ստեղծված ու միջնորդավորված կերպով կառավարվող կուսակցությունները, ինչպես, օրինակ, 2008 թ, ստեղծված և 2014 թ. թուրքական իշխանությունների կողմից փակված «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը», որի նախագահ Սելահաթթին Դեմիրթաշն այժմ գտնվում է թուրքական բանտում: Այդ կուսակցության իրավահաջորդն է «Ժողովրդավարական շրջանների կուսակցությունը» (ԺՇԿ), որի նախագահներն են Չիղդեմ Քըլըչգյուն Ուչարը և Քեսքին Բայընդըրը:
Բնականաբար, նման իրողությունները չեն կարող բավարարել Թուրքիային, ինչպես նաև ՔԴԿ-ին: Վերջին տարիներին Թուրքիայի քրդերի շրջանում ստեղծվել են իսլամական և բարզանիական (Քրդական դեմոկրատական կուսակցություն՝ ՔԴԿ-Թ) ուղղվածության կուսակցություններ, որոնք թեև արտաքուստ հայտարարում են, թե դեմ են և՛ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ին, և թե՛ ԺՇԿ-ին։ Ավելին՝ Անկարան իսլամիստական «Ազատ գործի կուսակցությունը» իբր համարում է ահաբեկչական, սակայն «տարօրինակ» կերպով այս կուսակցությունները նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել են Էրդողանի թեկնածությունը, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ աջակցել են իշխող ԱԶԿ-ին: Մեր կարծիքով այս կուսակցությունների ստեղծման նպատակն է քրդերի մի մասին հետ պահել ՔԲԿ-ին անդամակցելուց և իրաքյան ձախ քրդական կուսակցություններին աջակցելուց:
10. Ինքնավարության հիմնական քաղաքական ուժերի հարաբերությունները Իրանի քրդերի հետ
Իրանական քրդերի հետ համագործակցությունն էականորեն տարբերվում է սիրիական քրդերի հետ շփումներից, քանզի ուժեղ իրանական պետությունը, ի տարբերություն թույլ սիրիական կառավարությունից, շատ կոշտ կերպով բռնաճնշումների է ենթարկում ժողովրդավարական քրդական քաղաքական ուժերին՝ երկրում թողնելով միայն իրեն հավատարիմ, հիմնականում՝ իսլամական կուսակցությունների գործունեությունը: Դեռ 1979 թ. իսլամական հեղափոխությունից հետո, իրանական նոր իշխանությունները փակեցին շատ քրդական քաղաքական և հասարակական կազմակերպություններ, որոնցից շատերի անդամները փախան Իրաքի Քրդական ինքնավարության տարածք(41):
Այս ամենով հանդերձ սակայն, պետք է նշել, որ Իրանի քաղաքականությունը իրաքյան քրդերի հանդեպ դրական էր 1980-ական թվականներին, քանի որ նրանք դիտարկվում էին որպես դաշնակիցներ Սադդամ Հուսեյնի դեմ պայքարում: Սակայն դրությունը փոխվեց վերջինիս իշխանության տապալումից հետո, երբ իշխանության եկած շիա կառավարության, այսինքն՝ նաև իր համար, քրդերը դիտվում էին արդեն որպես թշնամիներ:
Ինքնավարությունում իշխող ՔԴԿ-ն թշնամաբար էր տրամադրված սոցիալիստական այս կուսակցությունների նկատմամբ՝ ոչ անհիմն երկյուղելով, որ վերջիններս կուժեղացնեն ՔԲԿ-ին: Այդ իսկ պատճառով նրանք իրենց կուսակցությունները վերաբացեցին ոչ թե Էրբիլում, այլ Սուլեյմանիեում, որտեղ նրանց ջերմորեն ընդունեցին և ապաստան տվեցին ՔՀՄ-ն և «Գորրան»-ը: Այդ իսկ պատճառով իրաքյան քաղաքական ուժերի շփումները իրանական քրդական քաղաքական ուժերի հետ տեղի են ունենում հիմնականում ինքնավարության տարածքում:
Իրաքի Քրդական ինքնավարությունում այժմ իրենց գործունեությունն են ծավալել իրանական քրդական հետևյալ կուսակցությունները.
ա) Քրդստանի աշխատավորական «Քոմալա» կուսակցություն,
բ) Իրանական Քրդստանի «Քոմալա» կուսակցություն՝ Սուլեյմանիե,
գ) Իրանի կոմունիստական կուսակցության «Քոմալա» Քրդստանի կազմակերպություն՝ Սուլեյմանիե,
դ) Քրդստանի դեմոկրատական կուսակցություն (Իրան)՝ Քոյ սանջաք (Իրաք),
ե) Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցություն՝ Քոյ սանջաք,
զ) Քրդստանի ազատության կուսակցություն՝ Էրբիլ:
Քրդստանի ազատ կյանք կուսակցությունը ՔԲԿ-ի իրանական մասնաճյուղն է, որը 2004 թ. ստեղծել է սեփական կուսակցությունը և ինչպես ՔԲԿ-ն, այն ևս իր մասնաճյուղերն ունի Քրդստանի բոլոր 4 մասերում, այդ թվում՝ Իրաքյան Քրդստանում:
Ինչպես տեսնում ենք, տեղակայման վայրից արդեն պարզ է, թե տվյալ իրանական քրդական կուսակցությունը իրաքյան քրդական որ քաղաքական ուժի դաշնակիցն է: Այսինքն՝ Սուլեյմանիեում տեղակայվածները սերտ հարաբերությունների մեջ են ՔՀՄ-ի և «Գորրան»-ի հետ, Քոյ սանջաքում տեղակայվածները՝ ՔԲԿ-ի, իսկ Էրբիլում տեղակայվածները՝ ՔԴԿ-ի հետ:
Ինչպես Սիրիայի քրդերի հարցում Մ. Բարզանին համագործակցում է Թուրքիայի հետ, այնպես էլ իրանական քրդերի հարցում նա սերտ շփումների մեջ է պաշտոնական Թեհրանի հետ, նախ՝ վերջինիս կողմից ահաբեկիչներ հռչակված այդ քաղաքական ուժերի հետ համագործակցելու մեջ չմեղադրվելու, և երկրորդ՝ ՔԲԿ-ի ազդեցության տակ գտնվող այդ ուժերին թուլացնելու նպատակով: Պետք է նշել, որ Իրանի կողմից եկող վտանգն իրական է, և ԻԻՀ (Իրանի Իսլամական Հանրապետություն) ղեկավարությունը հստակորեն նշել է, որ քրդերի կողմից իր տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները «կարմիր գիծ» են իր համար և այն պահպանելու նպատակով Իրանը կանգ չի առնի անգամ ռազմական գործողությունների առջև(42): Մասուդ Բարզանին 2017 թ. աշնանը անձամբ համոզվել էր դրանում, երբ, չնայած Թեհրանի կողմից բազմիցս արված նախազգուշացումների, իր իսկ կողմից նախաձեռնված անկախության հանրաքվեից հետո նա հռչակեց Քրդստանի անկախությունը, որին հետևեցին իրանական բանակի հրետանային հարվածները Իրաքյան Քրդստանին, իսկ Իրաքի շիական իշխանությունները, ստանալով Իրանի ռազմական, նյութական և ֆինանսական աջակցությունը, անցան հարձակման և Քրդական ինքնավարությունից խլեցին Քիրքուք քաղաքը:
Պետք է նշել, որ ՔԴԿ-ի և Իրանի ղեկավարության միջև հարաբերությունները լարված են դեռ 1960–70-ական թվականներից, երբ արաբա-իսրայելական պատերազմների ժամանակ ՔԴԿ-ի հիմնադիր մոլլա Մուսթաֆա Բարզանին դաշնակցում էր Իսրայելի հետ: Այդ նույն քաղաքականությունը շարունակեց նաև իր որդին՝ Մասուդ Բարզանին 1990–2000-ականներին: Իսկ այժմ պաշտոնական Թեհրանը կասկածներ ունի, որ Մասուդ Բարզանին մաս է կազմում Սաուդյան Արաբիայի կողմից ստեղծվող հակաիրանական դաշինքին: Իրանը մեղադրում է ՔԴԿ-ին նաև Թուրքիայի հետ սերտ համագործակցության համար: Թեհրանի կողմից Բարզանիի դեմ մեղադրանքներ կան նաև իրաքյան ներքին քաղաքականության հետ կապված. Բարզանին դեմ է Իրանի թեկնածու ալ-Մալիքի վարչապետությանը և նախընտրում է ներկայիս վարչապետ ալ-Աբադիին, որն արևմտամետ է: Մեղադրանքների շարքը եզրափակում են Իրաքի սուննի առաջնորդների հետ Բարզանիի սերտ շփումները, որն, ըստ իրանական ղեկավարության, մի օր Թուրքիայի կամ Սաուդյան Արաբիայի աջակցությամբ կարող է հանգեցնել Իրաքում սուննիների իշխանության վերականգնմանը:
ՔԴԿ-ն, իր հերթին, մեղադրում է Իրանին 1990-ականների քաղաքացիական պատերազմի ժամանակ ՔՀՄ-ին աջակցելու մեջ: Այս ամենը, սակայն, չի խանգարում, որպեսզի նրանք կապեր հաստատեն և, նույնիսկ, որոշ դեպքերում համագործակցեն միմյանց հետ: Այս կապերն ավելի ամրացան 2010 թ. հետո, երբ ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարեց Իրաքից զորքերը դուրս բերելու մասին:
Իրանը, սակայն, հարաբերությունների մեջ է ոչ միայն ՔԴԿ-ի, այլև ՔՀՄ-ի և «Գորրան»-ի հետ, նախ պատմական և աշխարհագրական ավելի մոտ կապերի շնորհիվ, ապա՝ նրանց միջոցով ՔԴԿ-ի՝ իր հետ հարաբերությունների մենաշնորհը չեզոքացնելու և Քրդական ինքնավարության մյուս քաղաքական ուժերի վրա իր ազդեցությունը տարածելու նպատակով: Մինչդեռ Իրանը, ի տարբերություն Թուրքիայի, որը Իրաքի քրդերի հետ նախընտրում է խոսել զենքի լեզվով, շեշտն ավելի շատ դնում է տնտեսական, քաղաքական, կրթական և մշակութային կապերի ամրապնդման վրա: Այս կապերն ավելի շատ են Սուլեյմանիեում:
Եզրակացություններ և կանխատեսումներ
Ամփոփելով թեման՝ կարելի է եզրակացնել, որ.
ա) Իրաքյան Քրդստանում Թուրքիան դաշնակցում է Քրդստանի դեմոկրատական կուսակցության հետ, իսկ Իրանը և նրա ազդեցության տակ գտնվող Իրաքի շիական կառավարությունն ավելի շատ հենվում են Քրդստանի հայրենասիրական միության և «Գորրան»-ի վրա,
բ) չնայած քաղաքական կուսակցությունների բազմաթվությանը և բազմազանությանը, պետք է փաստել, որ Իրաքյան Քրդստանում դեռևս շատ ուժեղ են ցեղային կապերը, և կուսակցություններն ավելի շատ արտահայտում են ոչ այնքան որևէ գաղափարախոսություն կամ քաղաքական ուժ (արևմտյան ընկալմամբ), այլ, որպես կանոն, հանդիսանում են որևէ ցեղի քաղաքական պատյանը,
գ) թեև Ինքնավարության բնակչությունը 70%-ով կազմված է քրդերից, սակայն նրանք բաժանված են ըստ լեզվական, ցեղային, քաղաքական-գաղափարական և, փոքր չափով՝ կրոնական հատկանիշների, որոնք հանդիսանում են լուրջ խոչընդոտ՝ իբրև միասնական ազգ ձևավորվելու և ազգային պետություն ստեղծելու համար,
դ) ակնհայտ է, որ քրդական ինքնավարությունը գոյատևում է ԱՄՆ-ի քաղաքականության, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի՝ Մերձավոր Արևելքի առաջատար գերտերությունը դառնալու համար պայքարի շնորհիվ, որտեղ երկու կողմն էլ ձգտում են օգտագործել քրդերին իրար դեմ,
ե) վերը նշված տերությունները և Իրաքի կառավարությունը անընդհատ ձեռնարկելու են քայլեր, որպեսզի ինքնավարության քաղաքական ուժերը միմյանց հետ մշտապես լինեն թշնամական հարաբերությունների մեջ,
զ) ելնելով այս ամենից՝ կարելի է գալ այն եզրահանգման, որ կարճաժամկետ և միջնաժամկետ ապագայում հնարավոր չէ ո՛չ իրաքյան և սիրական քրդերի միավորումը մեկ միասնական պետության մեջ, և ո՛չ էլ Իրաքյան Քրդստանի անկախացումը:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
- Kurdistan Region Statistics Office, Ministry of Planning, Kurdistan Regional Government, https://krso.gov.krd/en/statistics/population
- Kurdistan Parliament – Iraq: Composition in 5th term, 2019-2023, https://www.parliament.krd/english/members-and-parties/parties/
- Parliament’s powers, https://www.parliament.krd/english/about-parliament/role-and-powers/
- Kurdistan Region President Nechirvan Barzani, https://presidency.gov.krd/en/about/
- Masrour Barzani, https://gov.krd/english/government/the-prime-minister/
- Government Entities, https://gov.krd/english/government/entities/
- Hawre Hasan Hama, Farhad Hassan Abdullah Mamshai, Political Parties and the Political System in Iraqi Kurdistan, p. 606, Journal of Asian and African Studies. July 2020, pp. 606-624.
- Shunum Abdwullah Khoshnau, ‘Kurdish Political Parties and Parties: We Reject the Policy of De Facto from Baghdad and Will Not Abandon the Results of the Referendum’. Rudaw, 22 October 2017, http://www.rudaw.net/arabic/kurdistan/221020179
- Сергей Малыженков, Движение «Горран». История и перспективы после смерти лидера, (08.06.2017), https://russiancouncil.ru/analytics-and-comments/columns/sandbox/dvizhenie-gorran-istoriya-i-perspektivy-posle-smerti-lidera/
- National goals. http://surl.li/ldyfva
- Аракс Пашаян, Армянская община Ирака: новые вызовы, (12.03.2007), http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENTID=3061
- Judit Neurink, Zoroastrian faith returns to Kurdistan in response to ISIS violence, (02.06.2015), https://www.rudaw.net/english/kurdistan/020620153
- Archibald Roosevelt, Kurdish tribal map of Iraq : showing the Iraq portion of Kurdistan and the major Kurdish tribal divisions within Iraq, https://collections.library.yale.edu/catalog/15509654
- Refugee Review Tribunal, Australia (03.07.2009), https://www.ecoi.net/en/file/local/1121798/17 881293716355irq35023.pdf
- Massoud Barzani, Mustafa Barzani and the Kurdish Liberation Movement, Palgrave Macmillan US, 2003, p.
- Pierre Oberling, Kurdish tribes, Encyclopædia Iranica, (16.06.2004), https://www.iranicaonline.org/articles/kurdish-tribes
- Nawras Jaff, PUK and KDP: A New Era of Conflict, (21.12.2022), https://www.washington institute.org/policy-analysis/puk-and-kdp-new-era-conflict
- Karwan Faidhi Dri, Will KDP-PKK tensions ever end in reconciliation? (25.11.2020), https://www.rudaw.net/english/analysis/25112020
- Atakan Ararat, Внутреннее проявление предательства! (10.07.2024). http://surl.li/vfixmc
- Rostam Broi, Предателей Родины всегда ждёт неизбежная, тяжёлая кара, (13.07.2024), http://surl.li/kohjuw
- Малики и РПК помогают Горран создать собственную вооруженную силу, (14.12.2014), https://web.archive.org/web/20180402225955/http://riataza.com/2016/12/14/maliki-i-rpk-pomogayut-gorran-sozdat-sobstvennuyu-vooruzhennuyu-silu/
- KDP leader raises hopes of new Baghdad-Erbil relationship, (09.07.2024), https://amwaj.media/media-monitor/kdp-leader-raises-hopes-of-new-baghdad-erbil-relationship
- WinthropRodgers, Bafel in Baghdad: Finding the contours of the PUK’s strategy in federal Iraq, (13.03.2023). https://www.mei.edu/publications/bafel-baghdad-finding-contours-puks-strategy-federal-iraq
- Mohammed Salih, The New Politics of Iraqi Kurdistan, (16.08.2016), https://www.washingtoninstitute.org/policy-analysis/new-politics-iraqi-kurdistan
- Ergenekon linked to Mumcu murder, Today’s Zaman. (05.08.2008), https://web.archive.org/web/20131213010827/http://www.todayszaman.com/ newsDetail_getNewsById.action?load=detay&link=149402
- Mehmet Alaca, Roots of the Rift between Turkey and Iraqi Kurdistan’s PUK, (28.04.2023). https://www.washingtoninstitute.org/policy-analysis/roots-rift-between-turkey-and-iraqi-kurdistans-puk
- Nader Entessar, Kurdish Politics in the Middle East. 2010, http://surl.li/pcaiss
- Ofra Bengio, Surprising ties between Israel and the Kurds, Surprising ties between Israel and the Kurds (10.06.2014), https://www.researchgate.net/publication/297093743SurprisingtiesbetweenIsraelandtheKurds
- JTA, Israeli NGO delivers aid to refugees in Iraq, https://www.timesofisrael.com/israeli-ngo-delivers-aid-to-refugees-in-iraq/
- Michael B Bishku, Israel and the Kurds: A Pragmatic Relationship in Middle Eastern Politics in JOURNAL of SOUTH ASIAN and MIDDLE EASTERN STUDIES, p. 71, Vol. 41, No. 2 (Winter 2018), pp. 52–72.
- Jacob Atkins, Israel and Iraqi Kurdistan: the oil connection, October 13, 2017, https://www.i24news.tv/en/news/middle-east/157303-171009-israel-and-iraqi-kurdistan-the-oil-connection
- Hevidar Ahmed, Liberated Kurdish cities in Syrian Kurdistan move into next phase, (25.7.2012), https://ekurd.net/mismas/articles/misc2012/7/syriakurd554.htm
- Станислав Тарасов, Турция в курдском капкане: хождение Давудоглу в Каноссу, (03.08.2012), http://surl.li/nkpbto
- Esta Media Network, PUK President meets with Commander-in-Chief of SDF in Rojava, (20.12.2022), https://esta.krd/en/215498/
- Gorran Backs PYD Autonomy in Rojava, (02.02.2014), https://www.rudaw.net/english/middleeast/syria/02022014?v=1362363401000?v=1362363401000
- Danish National ID Centre, Centre for Documentation and Counter Extremism, Iranian Kurds in the Kurdistan Region of Iraq, June 2024, https://us.dk/media/10700/coi-ffm-iranian-kurds-in-kri-06-06-2024-ii2.pdf
- Othman Ali, Iran and Barzani: Worsening Relations and the Risk of an Inevitable Clash?, Orsam Review of Regional Affairs. Nօ.58, January 2017, https://www.orsam.org.tr/dhbanaliz/58eng.pdf
(1) Արևելագետ, թուրքագետ, համաշխարհային պատմության մասնագետ: 2017 թ. առ այսօր աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում` որպես գիտաշխատող: 2020 թ. առ այսօր աշխատում է «Գլաձոր» համալսարանում` որպես դասախոս: 2022 թ. առ այսօր աշխատում է Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանում` որպես դասախոս: 2023 թ. առ այսօր աշխատում է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ` որպես գիտնական- վերլուծաբան: 1 մենագրության և 17 հոդվածների հեղինակ է:
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 12.09.2024 թ.։
(3) Իրաքյան Քրդստանի ինքնավարության զինված ուժերի անվանումը:
(4) Kurdistan Region Statistics Office, Ministry of Planning, Kurdistan Regional Government, https://krso.gov.krd/en/statistics/population (բեռնման օրը՝ 17.07.2024).
(5) Kurdistan Parliament – Iraq: Composition in 5th term, 2019-2023, https://www.parliament.krd/english/members-and-parties/parties/ (բեռնման օրը՝ 19.07.2024).
(6) Parliament’s powers, https://www.parliament.krd/english/about-parliament/role-and-powers/ (բեռնման օրը՝ 28.07.2024).
(7) Kurdistan Region President Nechirvan Barzani, https://presidency.gov.krd/en/about/ (բեռնման օրը՝ 28.07.2024).
(8) Masrour Barzani, https://gov.krd/english/government/the-prime-minister/ (բեռնման օրը՝ 28.07.2024).
(9) Government Entities, https://gov.krd/english/government/entities/ (բեռնման օրը՝ 28.07.2024).
(10) Hawre Hasan Hama, Farhad Hassan Abdullah Mamshai, Political Parties and the Political System in Iraqi Kurdistan, p. 606, Journal of Asian and African Studies. July, 2020, pp. 606–624.
(11) Shunum Abdwullah Khoshnau, ‘Kurdish Political Parties and Parties: We Reject the Policy of De Facto from Baghdad and Will Not Abandon the Results of the Referendum’. Rudaw, 22 October, 2017, http://www.rudaw.net/arabic/kurdistan/221020179 (բեռնման օրը՝ 08.07.2024).
(12) Сергей Малыженков, Движение «Горран». История и перспективы после смерти лидера, (08.06.2017), https://russiancouncil.ru/analytics-and-comments/columns/sandbox/dvizhenie-gorran-istoriya-i-perspektivy-posle-smerti-lidera/ (բեռնման օրը՝ 19.08.2024).
(13) National goals. http://surl.li/ldyfva (բեռնման օրը՝ 21.08.2024).
(14) Аракс Пашаян, Армянская община Ирака: новые вызовы, (12.03.2007), http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENTID=3061 (բեռնման օրը՝ 27.07.2024).
(15) Judit Neurink, Zoroastrian faith returns to Kurdistan in response to ISIS violence, (02.06.2015), https://www.rudaw.net/english/kurdistan/020620153 (բեռնման օրը՝ 28.07.2024).
(16) Archibald Roosevelt, Kurdish tribal map of Iraq : showing the Iraq portion of Kurdistan and the major Kurdish tribal divisions within Iraq, https://collections.library.yale.edu/catalog/15509654 (բեռնման օրը՝ 04.08.2024).
(17) Refugee Review Tribunal, Australia). (03.07.2009), https://www.ecoi.net/en/file/local/1121798/17881293716355irq35023.pdf (բեռնման օրը՝ 05.08.2024).
(18) Massoud Barzani, Mustafa Barzani and the Kurdish Liberation Movement, Palgrave Macmillan US, 2003, p․ 392:
(19) Pierre Oberling, Kurdish tribes, Encyclopædia Iranica, (16.06.2004), https://www.iranicaonline.org/articles/kurdish-tribes (բեռնման օրը՝ 05.08.2024).
(20) Nawras Jaff, PUK and KDP: A New Era of Conflict, (21.12.2022). https://www.washingtoninstitute.org/policy-analysis/puk-and-kdp-new-era-conflict (բեռնման օրը՝ 22.08.2024).
(21) Karwan Faidhi Dri, Will KDP-PKK tensions ever end in reconciliation? (25.11.2020). https://www.rudaw.net/english/analysis/25112020 (բեռնման օրը՝ 22.07.2024).
(22) Atakan Ararat, Внутреннее проявление предательства! (10.07.2024), http://surl.li/vfixmc (բեռնման օրը՝ 12.07.2024).
(23) Rostam Broi, Предателей Родины всегда ждёт неизбежная, тяжёлая кара, (13.07.2024), http://surl.li/kohjuw (բեռնման օրը՝ 21.07.2024).
(24) Малики и РПК помогают Горран создать собственную вооруженную силу, (14.12.2014), https://web.archive.org/ web/20180402225955/ http://riataza.com/2016/12/14/maliki-i-rpk-pomogayut-gorran-sozdat-sobstvennuyu-vooruzhen nuyu-silu/ (բեռնման օրը՝ 21.08.2024).
(25) KDP leader raises hopes of new Baghdad-Erbil relationship, (09.07.2024), https://amwaj.media/media-monitor/kdp-leader-raises-hopes-of-new-baghdad-erbil-relationship (բեռնման օրը՝ 25.08.2024).
(26) Winthrop Rodgers, Bafel in Baghdad: Finding the contours of the PUK’s strategy in federal Iraq, (13.03.2023). https://www.mei.edu/publications/bafel-baghdad-finding-contours-puks-strategy-federal-iraq (բեռնման օրը՝ 25.08.2024).
(27) Mohammed Salih, The New Politics of Iraqi Kurdistan, (16.08.2016), https://www.washingtoninstitute.org/policy-analysis/new-politics-iraqi-kurdistan (բեռնման օրը՝ 25.08.2024).
(28) Ergenekon linked to Mumcu murder, Today’s Zaman. (05.08.2008). https://web.archive.org/web/20131213010827/http://www.todayszaman.com/newsDetailgetNewsById.action?load=detay&link=149402 (բեռնման օրը՝ 22.08.2024).
(29) Rostam Broi, նույն տեղում։
(30) Mehmet Alaca, Roots of the Rift between Turkey and Iraqi Kurdistan’s PUK, (28.04.2023). https://www.washingtoninstitute.org/policy-analysis/roots-rift-between-turkey-and-iraqi-kurdistans-puk (բեռնման օրը՝ 25.08.2024).
(31) Nader Entessar, Kurdish Politics in the Middle East. 2010, http://surl.li/pcaiss (բեռնման օրը՝ 31.07.2024).
(32) Ofra Bengio, Surprising ties between Israel and the Kurds, Surprising ties between Israel and the Kurds (10.06.2014), https://www.researchgate.net/publication/297093743SurprisingtiesbetweenIsraelandtheKurds (բեռնման օրը՝ 31.07.2024).
(33) JTA, Israeli NGO delivers aid to refugees in Iraq, https://www.timesofisrael.com/israeli-ngo-delivers-aid-to-refugees-in-iraq/ (բեռնման օրը՝ 31.07.2024).
(34) Michael B Bishku, Israel and the Kurds: A Pragmatic Relationship in Middle Eastern Politics in JOURNAL of SOUTH ASIAN and MIDDLE EASTERN STUDIES, p. 71, Vol. 41, No. 2 (Winter 2018), pp. 52-72.
(35) Jacob Atkins, Israel and Iraqi Kurdistan: the oil connection, October 13, 2017, https://www.i24news.tv/en/news/middle-east/157303-171009-israel-and-iraqi-kurdistan-the-oil-connection (բեռնման օրը՝ 31.07.2024).
(36) Ofra Bengio, Surprising ties between Israel and the Kurds, Surprising ties between Israel and the Kurds (10.06.2014), https://www.researchgate.net/publication/297093743SurprisingtiesbetweenIsraelandtheKurds (բեռնման օրը՝ 31.07.2024).
(37) Hevidar Ahmed, Liberated Kurdish cities in Syrian Kurdistan move into next phase, (25.7.2012), https://ekurd.net/mismas/articles/misc2012/7/syriakurd554.htm (բեռնման օրը՝ 31.07.2024).
(38) Станислав Тарасов, Турция в курдском капкане: хождение Давудоглу в Каноссу, (03.08.2012), http://surl.li/nkpbto (բեռնման օրը՝ 02.09.2024).
(39) Esta Media Network, PUK President meets with Commander-in-Chief of SDF in Rojava, (20.12.2022), https://esta.krd/en/215498/ (բեռնման օրը՝ 02.09.2024),
(40) Gorran Backs PYD Autonomy in Rojava, (02.02.2014), https://www.rudaw.net/english/middleeast/syria/02022014?v=1362363401000?v=1362363401000 (բեռնման օրը՝ 02.09.2024).
(41) Իրաքյան Քրդստանում իրանական քրդերի և նրանց քաղաքական կազմակերպությունների մասին ավելի մանրամասն տե՛ս Danish National ID Centre, Centre for Documentation and Counter Extremism, Iranian Kurds in the Kurdistan Region of Iraq, June 2024, https://us.dk/media/10700/coi-ffm-iranian-kurds-in-kri-06-06-2024-ii2.pdf (բեռնման օրը՝ 08.09.2024).
(42) Othman Ali, Iran and Barzani: Worsening Relations and the Risk of an Inevitable Clash?, Orsam Review of Regional Affairs NO.58, JANUARY 2017, https://www.orsam.org.tr/dhbanaliz/58eng.pdf (բեռնման օրը՝ 08.09.2024),