ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 11.06.2024 թ.
06.02.2024 թ. Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում Չինաստանի դեսպանին և բողոք ներկայացրել՝ Պարսից ծոցում երեք կղզիների կարգավիճակի վերաբերյալ Պեկինի դիրքորոշման պատճառով, որոնք Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկարատև տարածքային վեճի առարկա են։
Խոսքը ռազմավարական նշանակություն ունեցող Մեծ Թունբ, Փոքր Թունբ և Աբու Մուսա կղզիների մասին է, որոնք Մեծ Բրիտանիայի մերձավորարևելյան ժառանգության ապագաղութացման արդյունքում դարձան արաբական միապետության և Իրանի միջև վիճարկման թեմա։
Իրանի ԱԳՆ-ի բողոքը կապված է Էմիրաթ-չինական համատեղ հայտարարության հետ, որը հրապարակվել է ԱՄԷ-ի նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի Պեկին կատարած այցից հետո։ Փաստաթղթում ասվում է, որ Չինաստանը «աջակցություն է հայտնել ԱՄԷ-ի ջանքերին՝ միջազգային իրավունքին համապատասխան երկկողմ բանակցությունների միջոցով երեք կղզիների՝ Մեծ Թունբ, Փոքր Թունբ և Աբու Մուսա կղզիների խնդրի խաղաղ լուծմանը հասնելու համար»: Իրանական կողմը կարծում էր, որ դրանով Պեկինը կասկածի տակ է դնում Իրանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը կղզիների նկատմամբ, որոնք ԱՄԷ-ն համարում է Թեհրանի կողմից անօրինական կերպով բռնազավթված։
Սա առաջին դեպքը չէ, երբ Թեհրանը Պեկինին բողոք է ներկայացնում Ծոցի նշված կղզիների խնդրով։ Վերջին անգամ Իրանի ԱԳՆ-ն Չինաստանի դեսպանին բողոքի նոտա էր հանձնել 2022 թ. դեկտեմբերին, երբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նմանօրինակ հայտարարություն էր ստորագրել Սաուդյան Արաբիայում կայացած Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի և Չինաստանի գագաթնաժողովից հետո։
Հատկանշական է, որ առնվազն երկու անգամ Իրանը բողոքի նոտա է հղել նաև Ռուսաստանին՝ կղզիներում ԱՄԷ-ի դիրքորոշմանը վերջինիս համերաշխության հետ կապված։ 2023 թ. հուլիսին ռուսական կողմը Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի և Ռուսաստանի Դաշնության գագաթնաժողովում ստորագրել է վերոնշյալի նման փաստաթուղթ, որից հետո Թեհրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովին հանձնվել է բողոքի նոտա։ Այնուհետև 2023 թ. դեկտեմբերին Իրանի բողոքն արտահայտվեց Իրանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին, այն բանից հետո, երբ Մարոկկոյում կայացած ռուս-արաբական համաժողովի 6-րդ նիստի շրջանակներում Մոսկվան վերահաստատեց իր համաձայնությունը՝ կղզիների կարգավիճակի շուրջ խնդրի լուծման խաղաղ գործընթացին։ Նշված բոլոր դեպքերում, դեսպաններին կանչելով ԱԳՆ՝ Իրանը չինական և ռուսական կողմերից պահանջել է ճանաչել «Իրանի հավերժական և անփոփոխ ինքնիշխանությունը կղզիների նկատմամբ»։
Այդպիսով, Մոսկվայի և Պեկինի համար այս հարցում ձևավորվում է փակուղային իրավիճակ։ Մի կողմից, ԱՄԷ-ն և Պարսից ծոցի արաբական երկրները ՉԺՀ-ի և ՌԴ հետ ցանկացած քաղաքական և տնտեսական համագործակցության համար անփոխարինելի պայման են դարձնում, որպեսզի վերջիններս ճանաչեն կղզիների վիճելի կարգավիճակը։ Մինչդեռ Իրանն իր հերթին պահանջում է կղզիների նկատմամբ իր ինքնիշխանության անվերապահ ճանաչում։ Նման պայմաններում ո՛չ Չինաստանը, ո՛չ էլ Ռուսաստանը չեն կարող հույս դնել Պարսից ծոցի առանցքային տարածաշրջանն իրենց աշխարհառազմավարական ծրագրերում ամբողջությամբ ներառելու վրա։ Ո՛չ կողմերի դիրքորոշումներից համաչափ հեռավորությունը, ո՛չ, հատկապես, նրանցից որևէ մեկին աջակցելու փորձը չի նպաստում բարենպաստ միջավայրի ստեղծմանը տարածաշրջանի հարուստ էներգետիկ ռեսուրսների և դրա նյութատեխնիկական նշանակության հետ կապված նրանց հավակնոտ ծրագրերի լիարժեք իրականացման համար։ Քանի դեռ անհամաձայնություն կա Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսի հետ կապող Հորմուզի նեղուցի մատույցներում գտնվող կղզիների կարգավիճակի շուրջ, տարածաշրջանը միշտ կլինի փաստացի մշտական առճակատման պայմաններում։
Ինչպես ցույց են տալիս Պեկինի և Մոսկվայի ռեվերանսները մեկ և մյուս ուղղություններով (բողոքի յուրաքանչյուր նոտայից հետո ՉԺՀ-ն և ՌԴ-ն պետք է հավաստիացնեին Իրանին՝ իր տարածքային ամբողջականության ճանաչումը), Պեկինը և Մոսկվան դեռևս չեն գտել կղզիների խնդրի նկատմամբ հավասարակշռված և վերջնական կեցվածքի բանաձև։ Եվ սա ևս մեկ անգամ հաստատում է բրիտանական քաղաքականության արդյունավետությունը, որը կարողացավ ամենուր, որտեղ նախկինում ծածանվել էր գաղութատիրական կայսրության դրոշը՝ Union Jack-ը, թողնել խնդիրներ, որոնց համար չկան կարգավորման համապիտանի բանալիներ։