Սահմանակից երկրներ

Իրանը՝ արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին

Ժաննա Մ. Վարդանյան(1)(2)

2024 թ. մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո նախագահի լիազորությունները 50-օրյա ժամկետով ստանձնեց նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերը։ ԻԻՀ Սահմանադրության համաձայն՝ Մոխբերը, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Էժեին ձևավորեցին խորհուրդ, որը հունիսի 28-ին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակեց Իրանում։

Թեկնածուների գրանցումը տեղի ունեցավ մայիսի 30-ից հունիսի 3-ը։ Թեկնածություն էր գրանցել 80 մարդ, որից Սահմանադրության պահապանների խորհուրդը(3) հաստատել է 6-ի թեկնածությունը։ Թեկնածուներից 5-ը պահպանողականներ են, 1-ը՝ բարեփոխական(4)։ Այս պայմաններում, մեծ հավանականությամբ, նորից վերարտադրվելու է պահպանողական իշխանություն։

Ընտրությունների ֆոնը. Իրանի քաղաքական դաշտի միտումները

Նախագահական ընտրություններին մասնակցելու համար իրենց թեկնածությունն էին գրանցել նաև բարեփոխական և չափավորական թևի երկու առանցքային ներկայացուցիչներ՝ նախագահի նախկին առաջին տեղակալ (2013–2021) Էսհաղ Ջահանգիրին և խորհրդարանի նախկին նախագահ (2008–2020) Ալի Լարիջանին։ Երկուսն էլ թեկնածություն էին գրանցել նաև 2021 թ. ընտրություններին, սակայն և՛ 2021-ին, և՛ 2024-ին նրանց թեկնածությունը չհաստատվեց, ինչն սպասելի էր։

Առնվազն 2019-ից պահպանողական ճամբարը սկսել է իր դիրքերն ամրապնդել իշխանական բուրգում։ Դրան նպաստեց միջուկային գործարքում նախկին նախագահ Հասան Ռոհանիի կառավարության ձախողումը։

Միջուկային բանակցություններին հանգուցալուծում տալու, երկիրը տնտեսական ծանր բեռից թոթափելու խոստումներով 2013 թ. իշխանության եկած Հասան Ռոհանիին, որին թեև հաջողվել էր Միջուկային համաձայնագիրը կնքել և վերացնել Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, սակայն ԻԻՀ տնտեսությունը դեռ չէր սկսել զգալ այդ փոփոխությունների ազդեցությունները, երբ 2018-ին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դուրս բերեց ԱՄՆ-ի միջուկային գործարքից: Թրամփը ոչ միայն վերականգնեց Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներն, այլև սահմանեց նորերը։ Այս ամենի հետևանքով Իրանի տնտեսությունը հայտնվեց շատ ավելի ծանր դրության մեջ, քան նախկինում էր. ըստ նավթի նախկին նախարարի՝ «անգամ ավելի վատ դրության մեջ, քան իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ էր»(5)։

Արտաքին ուղղությամբ բարեփոխականների աջակցած Ռոհանիի կառավարության ձախողումներից օգտվեցին պահպանողականները, որոնք երկրում առկա բոլոր խնդիրների բեռը բարդեցին Ռոհանիի կառավարության, լայն առումով՝ բարեփոխականների վրա՝ նրանց մեղադրելով սխալ քաղաքականություն վարելու և Արևմուտքին վստահելու մեջ՝ ընդհուպ մինչև նրանց ներկայացնելով Արևմուտքի շահերի սպասարկու։

Այդ պայմաններում աստիճանաբար մեկնարկեց պահպանողականների՝ իշխանության երեք ճյուղերը վերցնելու գործընթացը: 2019 թ. երկրի հոգևոր առաջնորդի հրամանագրով դատական իշխանության ղեկավար նշանակվեց Էբրահիմ Ռայիսին, որը 2017 թ. ընտրություններում Ռոհանիի հիմնական մրցակիցն էր։

Հաջորդիվ՝ 2020 թ. խորհրդարանական ընտրություններում Սահմանադրության պահապանների խորհուրդը պարզապես չհաստատեց բարեփոխական գործիչների զգալի մասի թեկնածությունը, ինչի հետևանքով ձևավորվեց գլխավորապես պահպանողական խորհրդարան, որի նախագահ ընտրվեց Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ 2013 թ. ընտրություններում Ռոհանիի հիմնական մրցակիցը։

Բարեփոխականներին մարգինալացնելու գործընթացը շարունակվեց նաև խորհրդարանական ընտրություններից հետո։ Սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ՝ թիրախում էր հայտնվել, հատկապես, արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Միջուկային գործարքի կնքումից հետո Զարիֆն իրանական հասարակության շրջանում մեծ հեղինակություն էր վայելում, և պահպանողականները մտավախություն ունեին, որ նա կարող է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, ուստի հնարավոր բոլոր ձևերով փորձում էին չեզոքացնել Զարիֆին (մասնավորապես, մի քանի անգամ հանրայնացվել են Զարիֆի փակ խոսակցություններ)։

Չնայած բարեփոխականների ջանքերին՝ Զարիֆը 2021-ին թեկնածությունը չդրեց, բարեփոխականներին ստիպելով կենտրոնանալ Էսհաղ Ջահանգիրիի շուրջ, որի թեկնածությունը ևս չհաստատվեց։ Իսկ պահպանողականների թեկնածուն միանշանակորեն Էբրահիմ Ռայիսին էր։ Ռայիսիի առանձնահատկությունն այն էր, որ նա ընդունելի էր պահպանողական տարբեր հոսանքների կողմից։ Իր այդ հեղինակությամբ՝ նա նաև համարվում էր հոգևոր առաջնորդի հնարավոր թեկնածուներից։

2021-ի ընտրություններին արվեց հնարավոր ամեն ինչ Ռայիսիի հաղթանակն ապահովելու համար։ Նախ՝ Սահմանադրության պահապանների խորհուրդը կրկին չհաստատեց բարեփոխականների թեկնածությունները։ Խորհուրդը հաստատել էր 7 թեկնածուների, որոնցից միայն 2-ն էին բարեփոխական, ընդ որում՝ ոչ առանցքային դերակատարներ։ Նրանցից մեկը հետագայում դուրս եկավ ընտրապայքարից։ Պահպանողականներից երկուսն էլ դուրս եկան ընտրապայքարից, հօգուտ Ռայիսիի։ Արդյունքում՝ Ռայիսիի հաղթանակն անկասկած էր։

Այս նույն տրամաբանությամբ էլ ընթացան նաև 2024-ի խորհրդարանական ընտրությունները, և նորից ձևավորվեց պահպանողական խորհրդարան։

Այս համատեքստում միանգամայն սպասելի էր, որ նախագահական ընտրություններում ևս հաստատելու էին պահպանողականներին։

Հաստատված թեկնածուները. ով ով է

Եթե չլիներ նախագահի ուղղաթիռի վթարը, ակնկալվում էր, որ 2025-ի նախագահական ընտրություններում նորից վերընտրվելու է Ռայիսին։ Ռայիսիի մահն ու արտահերթ ընտրությունները, սակայն, չփոխեցին Իրանում քաղաքական գործընթանցների տրամաբանությունը։ Հաստատված 6 թեկնածուներից 5-ը պահպանողական են, 1-ը՝ բարեփոխական(6)։ Նրանք են՝

  • Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ.
  • 1997–2000 թթ.՝ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար,
  • 2000–2005 թթ.՝ Ոստիկանական ուժերի հրամանատար,
  • 2005–2017 թթ.՝ Թեհրանի քաղաքապետ,
  • մասնակցել է 2005 թ. նախագահական ընտրություններին,
  • 2013 թ. նախագահական ընտրություններում պարտվել է Հասան Ռոհանիին,
  • 2017 թ. ընտրություններում դուրս է եկել ընտրապայքարից հօգուտ Էբրահիմ Ռայիսիի,
  • 2021-ին չի գրանցել իր թեկնածությունը հօգուտ Ռայիսիի,
  • 2020–2024 թթ.՝ 11-րդ գումարման խորհրդարանի նախագահ,
  • 2024 թ. մայիսին ընտրվել է 12-րդ գումարման խորհրդարանի նախագահ:
  • Սաիդ Ջալիլի.
  • 1989–2007 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ-ում (1-ին, 2-րդ, 3-րդ քարտուղար, վարչության պետի տեղակալ),
  • 2007–2013 թթ.՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջուկային հարցերով բանակցող,
  • 2013-ից համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ,
  • 2013-ից՝ Ազգային անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ,
  • 2014-ից՝ Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի անդամ,
  • մասնակցել է 2013 և 2021 թվականների ընտրություներին,
  • 2021-ին դուրս է եկել ընտրապայքարից հօգուտ Ռայիսիի:
  • Մոսթաֆա Փուրմոհամմադի.
  • 1979–1986 թթ.՝ Խուզիստանի, Բանդար Աբբասի, Մաշհադի, Քերմանշահի դատախազ,
  • 1990–1999 թթ.՝ Հետախուզության նախարարության արտաքին հետախուզության բաժնի պետ,
  • 1997–1999 թթ.՝ Հետախուզության նախարարի պաշտոնակատար,
  • 2002-ից մինչև այժմ հոգևոր առաջնորդի գրասենյակի ղեկավարի խորհրդական,
  • 2005–2008 թթ.՝ Ներքին գործերի նախարար,
  • 2008–2013 թթ.՝ Գլխավոր տեսչության գրասենյակի նախագահ,
  • 2013–2017 թթ.՝ Արդարադատության նախարար,
  • 2017-ից՝ «Պայքարող հոգևորականներ» միության նախագահ,
  • 2021-ից՝ Իսլամական հեղափոխության փաստաթղթերի կենտրոնի ղեկավար:
  • Ալիռեզա Զաքանի.
  • 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ (1 տարի) գումարման խորհրդարանների պատգամավոր,
  • 2021-ից՝ Թեհրանի քաղաքապետ,
  • մասնակցել է 2021-ի նախագահական ընտրություններին, հրաժարվել ընտրապայքարից հօգուտ Ռայիսիի։
  • Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմի
  • 8-րդ (2008–2012), 9-րդ (2012–2016), 10-րդ (2016–2020), 11-րդ (2020–2024) գումարման խորհրդարանների պատգամավոր,
  • 2021-ից նահատակների և վետերանների հիմնադրամի նախագահ,
  • մասնակցել է 2021-ի ընտրություններին:
  • Մասուդ Փեզեշքիան (բարեփոխական)
  • 8-րդ (2008–2012), 9-րդ (2012–2016), 10-րդ (2016–2020), 11-րդ (2020–2024), 12-րդ (2024) գումարման խորհրդարանների պատգամավոր,
  • 10-րդ գումարման խորհրդարանի փոխնախագահ,
  • 2001–2005 թթ.՝ Առողջապահության նախարար,
  • 2016 թ․ խորհրդարանում հիմնել է թյուրքախոսների ֆրակցիա։

Նախընտրական իրադրությունը

Բարեփոխական ճամբարն արդեն համախբվել է Մասուդ Փեզեշքիանի շուրջ՝ առաջ տանելով այն թեզը, որ նա միայնակ պայքարելու է 5-ի դեմ(7), և որ հենց նա կարող է փոփոխություններ բերել Իրանում(8)։ Փեզեշքիանը Թավրիզից է, թյուրքախոս։ Իր պատգամավորական գործունեության ընթացքում հանդես է եկել մի շարք աղմկահարույց հայտարարություններով ու նախաձեռնություններով (օրինակ՝ թյուրքախոսների ֆրակցիայի ստեղծումը), որոնց համար Իրանում նրան համարում են «անջատողական», «երկրի միասնությունը խաթարող»։ Իրանի ազգայնական շրջանակները հատկապես մեծ դժգոհություն են հայտնում նրա թեկնածության հաստատման կապակցությամբ՝ ընդգծելով, որ եթե Փեզեշքիանը նախագահ դառնա, ապա «Ադրբեջանն ու Թուրքիան կարող են հանգիստ լինել Իրանի մասնատման հարցում»։ Փեզեշքիանն, ի դեպ, հանդես է եկել նաև հայ-իրանական հարաբերությունները թիրախավորող և պրոադրբեջանական հայտարարություններով(9)։ Թեև պատգամավորը կարող է շահել թյուրքախոսների ձայները, սակայն լայն շերտերի մոտ նա հեղինակություն չունի, ինչը կասկածի տակ է դնում նախագահի պաշտոնում ընտրվելու նրա շանսերը:

Մյուս թեկնածուներից հնարավոր հավակնորդներ չեն համարվում նաև Փուրմոհամմադին և Ղազիզադե Հաշեմին, որոնք, հնարավոր է, դուրս կգան ընտրապայքարից։

Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, ով 2021-ի ընտրություններում հօգուտ Ռայիսիի հրաժարվել էր պայքարից, հայտարարել է, որ այս անգամ մինչև վերջ պայքարելու է(10)։ Նա փորձում է դիրքավորվել որպես «Ռայիսիի գործը շարունակող» և ստանալ կառավարականների աջակցությունը։ Նման ցուցիչներ, սակայն, դեռ չկան, և հաղթելու նրա շանսերը ևս մեծ չեն։

Այս կերպ, հիմնական պայքարն, ամենայն հավանականությամբ, ընթանալու է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և Սաիդ Ջալիլիի միջև։ Ի տարբերություն Էբրահիմ Ռայիսիի, նրանցից որևէ մեկը պահպանողականների շրջանում չի վայելում այն լիակատար աջակցությունը, որն ուներ Ռայիսին։ Նախագահական ընտրությունների ելքը հնարավորինս պարզ կլինի, երբ պահպանողական տարբեր հոսանքները որոշեն, թե ով է լինելու իրենց միասնական թեկնածուն։ Եթե դա տեղի չունենա, Իրանում չեն բացառում, երկրորդ փուլի հնարավորությունը: Իսկ մինչ այդ ուշադրության է արժանի մի քանի հանգամանք.

  • Սաիդ Ջալիլիի շտաբի ղեկավար է նշանակվել նախագահի տեղակալ Մոհսեն Մանսուրին(11), ինչը կարող է նշանակել, որ կառավարականները կարող են աջակցել Ջալիլիին։
  • Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի շտաբի ղեկավար է նշանակվել խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը(12), որը 2021-ին եղել է նաև Էբրահիմ Ռայիսիի շտաբի ղեկավարը։ Նիքզադի նշանակումը կարող է նախկինում ունեցած հաջող փորձը պրոյեկտելու և թյուրքախոսների ձայները ստանալու նպատակ ունենալ (Նիքզադը ևս թյուրքախոս է)։ Ղալիբաֆի օգտին կարող է ծառայել մեկ այլ հանգամանք ևս՝ նրա ԻՀՊԿ-ական անցյալը։
  • 2013-ի ընտրություններում Ղալիբաֆը «հաղթել է» Ջալիլիին. 6 մլն ձայնով նա երկրորդ տեղում էր, Ջալիլին՝ 4 մլն-ով 3-րդ (18 մլն ձայնով հաղթել էր Ռոհանին):

Անկախ նրանից, թե ով, ի վերջո, կընտրվի Իրանի նախագահ, Իրանի ներքին ու արտաքին քաղաքականությունը մեծ փոփոխություններ չի կրելու, քանի որ կառավարությունն Իրանում քաղաքականություն մշակող համակարգի մաս է և ոչ թե միակ մշակողը, և կառավարության գործունեության վրա ազդում են մյուս ինստիտուտների հետ փոխհարաբերությունները: Այս համատեքստում Հայաստանի տեսանկյունից ևս հայ–իրանական հարաբերությունները լուրջ ազդեցությունների չեն ենթարկվի՝ հատկապես այն պարագայում, երբ 2020 թ. Արցախում պատերազմից հետո Հարավային Կովկասը դարձել է Իսլամական հանրապետության առաջնահերթություններից:

Որպես ամփոփում հարկ է ընդգծել նաև, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս ընտրությունների հիմնական խնդիրը լինելու է քվեարկությանը հասարակութան լայն մասնակցությունը։ 2021-ի նախագահական, 2024-ի խորհրդարանական ընտրություններում մասնակցության ռեկորդային ցածր ցուցանիշներ են գրանցվել (համապատասխանաբար՝ 48,8% և 42,5%) քանի որ իրանական հասարակության զգալի մասը հիասթափված է բոլորից։ Հասարակության այդ հատվածի համար ցանկալի փոփոխությունը համակարգի և ոչ թե դեմքերի փոփոխությունն է։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    1. ۶ نامزد تایید صلاحیت شده انتخابات ریاست جمهوری معرفی شدند, Irna.ir, 09.06.2024,
      https://www.irna.ir/news/85503207/
    2.  زنگنه: شرایط بسیار سخت است، پر قدرت کار می‌کنیم,Shana.ir, 18.06.2019,
      https://www.shana.ir/news/290053/
    3.  رزومه و سوابق ۶ نامزد انتخابات ریاست جمهوری, Irna.ir, 09.06.2024,
      https://www.irna.ir/news/85503027/
    4. پنج نامزد اصولگرا و یک نامزد اصالح طلب, Shargh, 10.06.2024,
      https://www.pishkhan.com/Archive/1403/03/14030321/Shargh831041031149750514953160.pdf
    5.  انتخابات از همین الان چهار قطبی است, Entekhab.ir, 10.06.2024,
      https://www.entekhab.ir/fa/news/790984/
    6.  پزشکیان: قره‌باغ خاک اسلام است؛ تمام, Instagram.com, 28.09.2020,
      https://www.instagram.com/p/CFsSozGhHWI/
    7. زاکانی: تا آخر می‌مانم و رقابت می‌کنم, Tasnim.com, 10.06.2021,
      https://www.tasnimnews.com/fa/news/1403/03/20/3100941/
    8.  درخواست مرخصی منصوری از مخبر,Isna.ir,
      https://www.isna.ir/news/1403032114112/
    9.  «نیکزاد» رئیس ستاد انتخاباتی قالیباف شد, Mehrnews.com, 10.06.2024,
      https://www.mehrnews.com/news/6132532/

(1) Իրանագետ: 2013–2017 թթ. սովորել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի բակալավրիատում, 2017–2019 թթ.՝ մագիստրատուրայում: 2023 թ-ից ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ է:

(2) Հոդվածը խմբագրություն է հանձվել 11.06.2024 թ.:

(3) 12 կրոնագետից և իրավաբանից բաղկացած մարմին է։ 6 կրոնագետի նշանակում է հոգևոր առաջնորդը, 6 իրավաբանի առաջարկում է դատական իշխանության ղեկավարը, հաստատում՝ խորհրդարանը։ Պահապանների խորհուրդը հաստատում է ընտրություններում գրանցված թեկնածուներին, ինչպես նաև խորհրդարանի ընդունած օրենքները։

(4) ۶ نامزد تایید صلاحیت شده انتخابات ریاست جمهوری معرفی شدند, Irna.ir, 09.06.2024, https://www.irna.ir/news/85503207/ (բեռնման օրը՝ 11.06.2024).

(5) زنگنه: شرایط بسیار سخت است، پر قدرت کار می‌کنیم, Shana.ir, 18.06.2019, https://www.shana.ir/news/290053/ (բեռնման օրը՝ 11.06.2024).

(6) رزومه و سوابق ۶ نامزد انتخابات ریاست جمهوری, Irna.ir, 09.06.2024, https://www.irna.ir/news/85503027/ (բեռնման օրը՝ 11.06.2024).

(7) پنج نامزد اصولگرا و یک نامزد اصالح طلب تأیید صالحیت شدند, Shargh, 10.06.2024, https://www.pishkhan.com/Archive/1403/03/14030321/Shargh831041031149750514953160.pdf (բեռնման օրը՝ 11.06.2024).

(8) انتخابات از همین الان چهار قطبی است, Entekhab.ir, 10.06.2024, https://www.entekhab.ir/fa/news/790984/ (բեռնման օրը՝ 11.06.2024).

(9) پزشکیان: قره‌باغ خاک اسلام است؛ تمام, Instagram.com, 28.09.2020, https://www.instagram.com/p/CFsSozGhHWI/ (բեռնման օրը՝ 11.06.2024).

(10) زاکانی: تا آخر می‌مانم و رقابت می‌کنم, Tasnim.com, 10.06.2021, https://www.tasnimnews.com/fa/news/1403/03/20/3100941/, (բեռնման օրը՝ 11.06.2024).

(11) درخواست مرخصی منصوری از مخبر, Isna.ir, https://www.isna.ir/news/1403032114112/, (բեռնման օրը՝ 11.06.2024).

(12) «نیکزاد» رئیس ستاد انتخاباتی قالیباف شد, Mehrnews.com, 10.06.2024, https://www.mehrnews.com/news/6132532/, (բեռնման օրը՝ 11.06.2024).