ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 27.07.2024 թ.(1)
05.07.2024-ին արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Իրանի Իսլամական Հանրապետության նոր նախագահ դարձավ «բարեփոխական» Մասուդ Փեզեշքիանը։ Նրա թեկնածության օգտին քվեարկել է երկրորդ փուլին մասնակցող ընտրողների 53,7%-ը։ Իրանի սահմանադրության համաձայն՝ Փեզեշքիանը պետք է հաստատվի նոր պաշտոնում Գերագույն այաթոլլահի կողմից, ընտրությունների մեկնարկից 30 օր անց։
Փեզեշքիանի հակառակորդ, «պահպանողական» Սայիդ Ջալիլին ձայների հաշվարկի արդյունքները չվիճարկեց և ճանաչեց իր հակառակորդի հաղթանակը։ Սակայն Իրանի ներքաղաքական դաշտում, ամեն դեպքում, որոշակի լարվածություն առաջացավ՝ ընտրական գործընթացի և, հետևաբար, դրա արդյունքի հետ կապված։ Մասնավորապես, Ռահբարն իր դժգոհությունն է հայտնել քվեարկության առաջին փուլում ընտրողների աննախադեպ ցածր մասնակցության կապակցությամբ և հրամայել է կառավարության հետաքննություն սկսել այս հարցի շուրջ։ Բանն այն է, որ իրանական այլախոհ շրջանակները, այդ թվում՝ շահ Փահլավիի ընտանիքը, «Հանուն Իրանում ժողովրդավարության և ազատության դաշինքի» ներկայացուցիչները և այլ ընդդիմադիր ակտիվիստներ ընտրողների ցածր մասնակցությունը որակեցին որպես ազատամիտ զանգվածների հաղթանակ «վարչակարգի» նկատմամբ։ Ռահբարն իր կտրուկ անհամաձայնությունն է հայտնել այս գնահատականի հետ, սակայն նրա նախաձեռնած հետաքննությունը վկայում է երկրի բարձրագույն քաղաքական շրջանակներում որոշակի անհանգստության առկայության մասին։ Ընդ որում, թե՛ ընտրությունների ժամանակ, թե՛ դրանից հետո երկրում չեն հանդարտվում վեճերը Փեզեշքիանի գլխավորած բարեփոխականների համար վարչական լծակների միջոցով պայքարի անհավասար պայմաններ ստեղծելու պահպանողական ուժերի փորձերի շուրջ։ Մասնավորապես, Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախկին նախարար այաթոլլահ Մոհաջերանին բացահայտորեն մեղադրել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերին, որ նա ամեն կերպ նպաստել է Սայիդ Ջալիլիի նախընտրական արշավին` իր անմիջական պարտականությունները կատարելու և չեզոքություն պահպանելու փոխարեն:
Այնուամենայնիվ, երկրում ոչ ոք կասկած չուներ, որ Ալի Խամենեին կհաստատի Փեզեշքիանին որպես նախագահ, ինչը միջազգային հանրությանը և Իրանի հասարակայնությանը ցույց կտա Իսլամական Հանրապետության հավատարմությունը ժողովրդավարության և ընտրության ազատության սկզբունքներին: Արդեն 22.07.2024 Fars գործակալությունը առաջինն էր, որ հայտարարեց, որ Փեզեշքիանի հաստատման արարողությունը տեղի է ունենալու 1403 թ. մորդադի 7-ին, որն՝ ըստ Գրիգորյան օրացույցի, համապատասխանում է 2024 թ. հուլիսի 28-ին։ Դրանից երկու օր անց պետք է տեղի ունենա երդմնակալությունը։
Ընդհանուր առմամբ, իրանական վերջին ընտրությունների ընթացքը միջազգային դիտորդների և քաղաքական շրջանակների կողմից ընկալվեց Իրանում վերջին քառորդ դարի ընթացքում պահպանողականների և բարեփոխականների միջև ավանդական քաղաքական պայքարի համատեքստում: Հիմնականում, իբր, Իրանի քաղաքացիների՝ հենց այս երկու քաղաքական առավելությունների օգտին նախապատվություններն են որոշել քվեարկության արդյունքները։ Սակայն, ըստ էության, ընտրությունների ընթացքի վրա ազդած հանգամանքները պետք է փնտրել մի փոքր այլ հարթության վրա։ Խոսքը ազգային գործոնի, իսկ ավելի ճիշտ՝ թեկնածուներից մեկի՝ Մասուդ Փեզեշքիանի ազգային պատկանելության մասին է։ Վերջին ընտրություններում հաղթած Փեզեշքիանը իրեն համարում է զտարյուն մեխաբադցի թյուրք (տեղեկություններ կան, որ, ամեն դեպքում, նրա մայրը քրդուհի է), մտերիմների շրջապատում էլ փորձում է խոսել միայն իր հարազատ թյուրքական բարբառով և ընդգծված կերպով մեծ կարևորություն է տալիս սեփական էթնիկ պատկանելությանը։ Ընդհանրապես, թյուրքական արմատներով գործիչները շատ են Իրանի քաղաքական կյանքում, իշխանական կառույցներում, բանակում և հոգևորականների շրջանում։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ինքը Խորասանի թյուրք է։ Այնուամենայնիվ, հետհեղափոխական Իրանի պետական կառուցվածքում էթնիկ պատկանելությունը երբեք չի դիտարկվել կրոնապետական համակարգի քաղաքական և գաղափարական բովանդակության վրա ազդող գերակշռող հատկանիշ կամ գործոն: Մասուդ Փեզեշքիանը դարձավ, թերևս, առաջինն իրանցի հայտնի թյուրք-ադրբեջանական ծագում ունեցող քաղաքական գործիչներից, որը բացահայտ ակնածանք է դրսևորում իր ազգային արմատների նկատմամբ, ինչն, ի վերջո, չէր կարող չազդել վերջին ընտրությունների արդյունքների վրա։
Նույնիսկ հաշվի առնելով նախընտրական քարոզարշավում իր էթնիկ ծագումը չընդգծելու Փեզեշքիանի ջանքերը (նա իրեն համարում է համոզված իրանակենտրոն, հավատարիմ գոյություն ունեցող քաղաքական համակարգի պահպանմանը՝ ազատականացման և երկրում առկա կարգերի մասնակի մեղմացման պայմանով), նրա ընտրազանգվածը զգալիորեն ընդլայնվել է՝ հիմնականում իր ազգային արմատները հանրահռչակելու նախկին փորձի շնորհիվ։ Ընդ որում, հատկապես պետք է ընդգծել, որ այս հանգամանքն իր ազդեցությունն է թողել ոչ միայն Իրանի թյուրքալեզու ընտրողների, այլև երկրի մյուս ազգային փոքրամասնությունների տրամադրությունների վրա։ Այս առումով շատ հատկանշական է, որ ընտրությունների երկու փուլում էլ, հօգուտ Փեզեշքիանի, Սիստան և Բելուջիստան նահանգի բնակիչները, ովքեր՝ չունենալով ադրբեջանցիների հետ էթնիկ ընդհանրություններ, քվեարկել են Փեզեշքիանի օգտին, բայց նրանք ազգային ինքնության եռանդուն կողմնակիցների համբավ ունեն՝ իրանական ներկայիս պետականության հիմքում հավասարապես մերժում են թե՛ իրանական կրոնապետությունը, թե՛ պարսկական տարրի անվանական տիտղոսային կարգավիճակը: Ընդհանուր առմամբ, Իրանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները և դրանց կից ազգագրական քարտեզները վկայում են այն մասին, որ Իրանի կենտրոնական և հյուսիսարևելյան նահանգները հիմնականում քվեարկել են Ջալիլիի օգտին, իսկ հյուսիսային և հարավ-արևելյան նահանգների բնակիչները վստահություն են հայտնել Փեզեշքիանին։ Ավելին, տոկոսային հարաբերակցությամբ Ջալիլին ամենաշատ ձայները ստացել է Թեհրանի հարավում գտնվող Ղոմ օսթանում, իսկ Արդաբիլ, Արևելյան Ադրբեջան և Արևմտյան Ադրբեջան շրջանները՝ գրեթե ջախջախիչ 80-90%-ով, ինչպես նաև՝ Քրդստանի և Քերմանշահի նահանգները փոքր-ինչ ցածր թվերով քվեարկել են Փեզեշքիանի օգտին։ Համեմատելով այս տվյալները Իրանի ողջ տարածքի էթնիկ բնակավայրերի քարտեզների հետ՝ չի կարելի չնկատել այն փաստը, որ Իրանում ընտրական ձայները բաշխվել են գրեթե ամբողջությամբ երկրի ժողովրդագրական կազմին համապատասխան։ Այսպես, պարսկախոս օսթանները կողմ են քվեարկել որպես նախագահ՝ Սայիդ Ջալիլիի ընտրությանը, իսկ թյուրքախոս, քրդախոս շրջանները և այլ ազգային փոքրամասնություններով բնակեցված մի շարք շրջաններ աջակցել են Մասուդ Փեզեշքիանի հաղթանակին։
Հաշվի առնելով դա՝ պարզ է դառնում, որ թեկնածուների բաժանումը բացառապես ըստ «բարեփոխական–պահպանողական» սկզբունքի, իրանական իրականության նկատմամբ կիրառելու դեպքում պետք է արհեստական խոսույթ համարել։ Եվ այն իմաստ է ստանում միայն, այն էլ՝ խիստ պայմանական, եթե Իրանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները դիտարկենք էթնիկ–ազգային շարժումների ու գործընթացների պրիզմայով։ Սա հուշում է, որ երկրում բարեփոխումների և կարգերի մասնակի ազատականացման մասին խոսույթը մեծապես հետաքրքրում է Իսլամական Հանրապետության ազգային փոքրամասնություններին և, հիմնականում, կենտրոնական իշխանությունների ազգային քաղաքականության հնարավոր մեղմացման, լեզվական իրավունքների ընդլայնման, երկրի ապակենտրոնացման և նմանատիպ այլ նախաձեռնությունների տեսանկյունից։ Համապետական բարեփոխումները, որոնց մասին անընդհատ խոսում են իրանական քաղաքական վերնախավի պայմանական ազատական թևի ներկայացուցիչները, հետաքրքրում են թյուրքերին, քրդերին, բելուջներին, արաբներին և այլ փոքրամասնություններին այնքանով, որքանով կարող են նպաստել նրանց լայն իրավունքների ապահովմանը, որոնք իրանական ներկայիս պետականության կերտման գործընթացում իրենց համարում են ոչ լիիրավ։
Իրանական ընտրությունների ընթացքը և արդյունքները լայն ակնարկով ցույց են տալիս, որ դրանցում պայքարը ծավալվել է ոչ այնքան արտաքին քաղաքականության վարքագծի տարբեր մոդելներ, տնտեսական կառուցվածքը և պետության սոցիալ–իրավական հարաբերությունները առաջարկող գաղափարական շարժումների միջև, որքան ընտրազանգվածի՝ էթնիկ սկզբունքով տարանջատված մասերի միջև: Այս առումով բավականին ուրույն իրավիճակ ստեղծվեց, երբ թեկնածուները մրցում էին միասնական Իրանի ապագայի վերաբերյալ գաղափարական հայացքների հարթության վրա, մինչդեռ հանրությունն իր նախընտրություններում առաջնորդվում էր բացառապես հակառակորդների էթնիկ պատկանելությամբ: Այս լույսի ներքո Փեզեշքիանը տոնեց իր հաղթանակը ոչ թե այն պատճառով, որ ընտրողին փոխանցեց երկրի արդիականացման իր ծրագրի արժանահավատությունը, այլ հենց ընտրազանգվածը ներքևից նրան տրամադրեց անհրաժեշտ ձայները՝ ղեկավարվելով իր ազգային պատկանելության գործոնով։ Նշենք, որ միակ օսթանը, որտեղ, չնայած գերակշռող պարսկախոս բնակչությանը, համոզիչ կերպով հաղթեց Փեզեշքիանը (ինչև և որոշեց ընտրությունների վերջնական արդյունքը ողջ երկրում), Թեհրանն էր։ Եվ դա բացատրվում է նրանով, որ միայն Իրանի մայրաքաղաքում թեկնածուների պայքարն այստեղ կենտրոնացած իրանցի առաջադեմ երիտասարդության մեջ «բարեփոխումներ ընդդեմ պահպանողականության» բանաձևի համաձայն էր ընկալվում՝ հաշվի չառնելով հակառակորդների՝ իրանական ադրբեջանցի Փեզեշքիանի և մաշհադցի պարսիկ Ջալիլիի, ազգային պատկանելությունը:
Այդուամենայնիվ, ընտրությունների ելքը անսպասելի էր իրանական վերնախավի համար։ Բացի այդ, որքանով կարելի է դատել իրանական մամուլի հրապարակումներից, Փեզեշքիանի նման համոզիչ հաղթանակն անակնկալ էր անձամբ իր համար ևս։ Իրանական ընտրազանգվածը քվեարկել է իր տրամաբանությամբ, որի վրա, ըստ էության, նվազագույն ազդեցություն են ունեցել հակառակ կողմերի քաղաքական տեխնոլոգիաները։
Թերևս սա է պատճառը, որ իրանական կառավարամետ լրատվամիջոցները հապճեպ սկսեցին նյութեր հրապարակել այաթոլլա Ալի Խամենեիի՝ Մասուդ Փեզեշքիանի նկատմամբ ենթադրյալ համակրանքի և վերջինիս կողմից Ռահբարի նկատմամբ տածած հարգանքի մասին: Երկրում ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Փեզեշքիանը երբեք չի համարվել աշխարհիկ գաղափարախոսության արմատական հետևորդ՝ չնայած բարեփոխական թևին իր պատկանելությանը, և՝ որպես համոզված շիա մահմեդական, ընդգրկված է երկրի բարձրագույն հոգևորականների շրջանակում և Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ այդ կառույցներում ծառայությունը կարևոր դեր է խաղացել նրա կենսագրության մեջ:
Մասուդ Փեզեշքիանին՝ որպես Իրանի կրոնապետական համակարգի բարձրագույն օղակների հետ ամուր կապված քաղաքական գործիչ, միտումնավոր ներկայացնելու փորձը ակնհայտորեն պայմանավորված է, մի կողմից, նրա ընտրազանգվածին արմատական փոփոխությունների անհարկի ակնկալիքներից զրկելու անհրաժեշտությամբ, իսկ մյուս կողմից, չափավորելու հենց նորընտիր նախագահի բարեփոխական ոգին։ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (CAST–ՌՏՎԿ) իրանագետ Յուրի Լյամինի կարծիքով, բարեփոխական Փեզեշքիանը կաշկանդված կլինի անկախ գործելու հարցում, և նրա բոլոր բարեփոխումների նախաձեռնությունները թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ ծանր փորձությունների կենթարկվեն պահպանողականների վերահսկողության տակ գտնվող երեք ատյանների կողմից, որոնք են՝ երկրի խորհրդարանը, Սահմանադրության Ավագների խորհուրդը և, վերջապես, անձամբ Ռահբարը, որն իրավունք ունի չեղարկելու նախագահական ցանկացած նախաձեռնություն։ Փեզեշքիանը ստիպված կլինի բանակցելու այս բոլոր ուժերի հետ։ Եվ դժվար թե նա մտադրություն ունենա հակադրվելու իրերի նման վիճակին, քանի որ, ամեն դեպքում, նա արդեն անցել է պահպանողականների կողմից վերահսկվող Վերահսկիչ խորհրդի «ֆիլտրը», որը նրան թույլ է տվել մասնակցել նախագահական ընտրություններին։
Soufan Center վերլուծական կենտրոնի փորձագետները նույնպես համաձայն են, որ Փեզեշքիանը կզրկվի մեծ անկախությունից։ Նրանց կարծիքով, գերագույն այաթոլլա Ալի Խամենեիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավորած պահպանողականների համար Փեզեշքիանի ընտրությունն իսկապես անակնկալ էր: Բանն այն է, որ Վերահսկիչ խորհուրդը, վախենալով բարեփոխականների հաղթանակից, Իրանում այս թևի ամենասիրված ներկայացուցիչ Էսհաք Ջահանգիրիին զրկել է նախընտրական մրցապայքարին մասնակցելուց։ Որոշվել է դրա փոխարեն նախագահական ընրություններին թույլ տալ առաջադրվել հանրության մեջ մեծ համբավ կամ հեղինակություն չվայելող Մասուդ Փեզեշքիանին: Սակայն, քիչ հայտնի Փեզեշքիանը սկսեց արագորեն ձայներ հավաքել։ Մյուս կողմից, պահպանողականները սխալվել էին հաշվարկներում, որ սկզբում առաջադրել էին իրենց թեկնածուներից հինգին և, դրանով իսկ, փոշիացրել իրենց ընտրազանգվածը։ Իսկ երկրորդ փուլը, մի շարք պատճառներով, չօգնեց մրցապայքարում մնացած Ջալիլիին՝ պահպանողական ընտրազանգվածի բոլոր ձայները հավաքել իր օգտին։
Ըստ ամենայնի, այաթոլլա Ալի Խամենեիի և նրա թիկունքում կանգնած արմատական կուսակցության հիմնական սխալ հաշվարկը Էսհաք Ջահանգիրիին որպես բարեփոխականների ներկայացուցիչ ընտրություններին մասնակցելու թույլ չտալու ցանկությունն էր։ Եթե նրան ընդունեին, էթնիկ թյուրքերի, քրդերի, բելուջների ձայների մի զգալի մասը բարեփոխականներին չէր հասնի։ Փոքրամասնության ընտրազանգվածը, որը քվեարկեց ազգային հատկանիշով, նման ակտիվություն չէր ցուցաբերի էթնիկ պարսիկ Ջահանգիրիի նկատմամբ: Այդ իսկ պատճառով ձևավորվել է ձայների որոշակի հարաբերակցություն, որը շատ արտաքին դիտորդների կողմից մեկնաբանվում է որպես բարեփոխականների հաղթանակ պահպանողականների նկատմամբ։ Իրականում, ինչպես ցույց տվեցինք վերևում, այս արդյունքը մեծապես պայմանավորված էր ազգային գործոնի առկայությամբ:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Իրանում կառավարման շատ ճկուն համակարգը, որը մինչ այժմ հնարավորություն է տվել պահպանել հարաբերական կայունությունը բազմազգ երկրում, չի կարելի բացառել, որ իշխանություններն իրենք միտումնավոր քաղաքական կոմբինացիա են իրականացրել, որպեսզի պետական համակարգում երկրորդ պաշտոնի բարձրացնեն մեկին, ով բացահայտ խոսում է իր ազգային արմատների մասին։ Թերևս, դա պայմանավորված էր երկրի ազգային փոքրամասնությունների մոտ բողոքի տրամադրությունները թուլացնելու ցանկությամբ և դրանով իսկ թույլ չտալով, որ գործընթացներն անցնեն էթնիկ անջատողականության վրա հիմնված անկարգությունների անկառավարելի փուլ: Այս պարագայում արտաքին հայտնի ուժերի փորձերը, որոնց նպատակն է օգտագործել երկիրը պառակտելու «ադրբեջանական գործոնը», որտեղ առաջին և երկրորդ առաջնորդները էթնիկ թուրքեր են, նկատելիորեն կկորցնեն իրենց արդյունավետությունը։ Բացի այդ, այս կերպ հնարավոր է փոխել իրանական հասարակության մեջ բուռն առճակատման ալգորիթմը՝ էթնիկ հակասությունների օրակարգը փոխարինելով չափավոր բարեփոխականների և պահպանողականների զուտ քաղաքական մրցակցությամբ, ինչն իրանակենտրոն կրոնապպետական վարչակարգի համար երկրում ուժերի հավասարակշռությունը պահպանելու շատ ավելի շահավետ ձև է։
Այսպես թե այնպես, Մասուդ Փեզեշքիանը հարկադրված է լինելու խաղալ երկրում իշխող պահպանողական կուսակցության սահմանած կանոններով, որը ղեկավարում է երկրի կյանքի հիմնական ոլորտները և ամբողջ արտաքին քաղաքական թղթապանակը։ Սա առավել ևս կասկածից վեր է, երբ ընտրություններում հաղթած թեկնածուն մի շարք հայտարարություններով արդեն նախանշել է իր հետագա քայլերի ուրվագծերը, որոնք լիովին համահունչ են Ռահբարի, ԻՀՊԿ-ի և ողջ պահպանողական ռեժիմի տեսակետներին: Այսպիսով, Փեզեշքիանը կշտամբանքով դիմեց Եվրոպային այն բանի համար, որ հենց նա է ԱՄՆ-ի ճնշման տակ մերժել Թեհրանի հետ երկխոսությունը (միջուկային գործարքի չեղարկումը), նպաստել վերջինիս դիրքորոշումների կոշտացմանը, ինչից նա այլևս մտադիր չէ նահանջել: Փեզեշքիանը մեկ այլ հայտարարության մեջ ընդգծել է, որ Իրանը պատրաստ է բարեկամ լինել աշխարհի ցանկացած երկրի հետ, բացի սիոնիստական Իսրայելից։ Նա Ռուսաստանին և Չինաստանին անվանել է Իրանի բարեկամներ, որոնց հետ իր երկիրը պատրաստ է խորացնել իր ռազմավարական գործընկերությունը։ Նա Իրանը համարում է անբաժանելի տերություն, որի հեղինակությունն ու մեծությունը պետք է ճանաչեն բոլոր միջազգային դերակատարներն ու հարևանները։
Այս բոլոր հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նոր նախագահը աշխատելու է Խամենեիի և նրա շրջապատի առաջադրած խնդիրների համաձայն՝ փորձելով հետևել իրեն նախորդի՝ ողբերգական մահով հեռացած Իբրահիմ Ռաիսիի ուղեգծին։ «Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի» փորձագետների կարծիքով, հնարավոր է, որ հենց Փեզեշքիանին կտրվի երկրի ներքին կառավարման համակարգում «մակերեսային հարդարման աշխատանքներ» իրականացնելու (հիջաբ կրելու կանոնների ազատականացում, «բարոյականության ոստիկանության» գործառույթների վերանայում, էթնիկ փոքրամասնությունների լեզուներով կրթության ներդրում և այլն) սահմանափակ հնարավորություն, սակայն ոչ ոք նրան երբեք թույլ չի տա «վերանայել» այս երկրում կյանքի հիմնական հաստատված կանոնները։ Արտաքին քաղաքականության մեջ նա բացարձակապես կզրկվի ազատ գործելու իրավունքից, և եթե անգամ փորձի բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ, ապա դա կնշանակի, որ դա է Խամենեիի և նրա արմատական պահպանողական շրջանակների կամքը։ Այս փուլում պետք է ակնկալել, որ Փեզեշքիանը կիրականացնի Իսրայելի վրա ճնշում գործադրելու օրակարգը, կձգտի հասնել Արևմուտքի հարգալից վերաբերմունքին Իրանի և նրա շահերի նկատմամբ, կշարունակի ՌԴ-ի հետ ռազմավարական մերձեցման համաձայնագրի նախապատրաստումը և կնպաստի Չինաստանի ու Հնդկաստանի հետ բազմամակարդակ համագործակցության խորացման գործընթացին։
Այս լույսի ներքո ընտրությունների ընթացքում ակտիվացած «Փեզեշքիանի էթնիկ պատկանելության գործոնի» մասին քննարկումները գործնականում կորցնում են իրենց իմաստը։ Թուրքական, ադրբեջանական և, մասամբ, իրանական թյուրքալեզու մամուլում ոգևորությամբ Փեզեշքիանի արծարծվող արմատները դեր չեն խաղում Իրան–Թուրքիա և Իրան–Ադրբեջան ապագա հարաբերությունները կարգավորելու առումով։ 2024 թ. հուլիսի 17-ին նախագահ Ռ. Էրդողանը իր երկրի լրագրողներին տված հարցազրույցում նշել է Փեզեշքիանի ազգային պատկանելությունը, սակայն, միևնույն ժամանակ, հասկացրել, որ Իրանի նախագահը ուշադիր է բոլոր ազգությունների նկատմամբ և ներկայացնում է ԻԻՀ բոլոր ժողովուրդների շահերը։ Էրդողանն, ի սկզբանե, չէր կարող իրեն թույլ տալ այլ մեկնաբանություն, քանի որ գիտակցում է Թեհրանի կողմից թույլատրված սահմանները։ Իսկ Ադրբեջանի առաջնորդ Ի. Ալիևը, որքանով կարելի է դատել բաց աղբյուրներից, ընդհանրապես չի անդրադարձել Փեզեշքիանի արմատներին։ Իրականում Թեհրանի և Բաքվի բարդ քաղաքական հարաբերությունների համատեքստում սա արգելված թեմա է, և Ալիևը դժվար թե պատրաստ լինի շահարկել այդ փաստը։ Ընդհանրապես, ադրբեջանցի փորձագետներն ասում են, որ Փեզեշքիանի ազգային պատկանելությունը, թերևս, այս փուլում կարելի է Ալիևի հետ վստահության երկխոսություն ստեղծելու համար լրացուցիչ պայման համարել, բայց ոչ ավելին։ Ադրբեջանցի փորձագետները վկայակոչում են այն փաստը, որ Գերագույն այաթոլլա Ալի Խամենեին ինքն էթնիկ թյուրք է, սակայն, այնուամենայնիվ, Ադրբեջանի նկատմամբ նա ինքը գործում է մեծ զգուշավորությամբ և, նույնիսկ, անվստահությամբ։ Բաքվում ընդունում են, որ Թեհրանը շահագրգռված է Երևանի հետ հատուկ հարաբերություններով, և Փեզեշքիանը չի փոխի ԻԻՀ և ՀՀ միջև հարթ հարաբերությունների ընթացքը։ Բաքուն արձանագրում է այն փաստը, որ եթե մի քանի տարի առաջ, դեռևս պատգամավոր եղած ժամանակ Իրանի ներկայիս նախագահը հայտարարում էր, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին», ապա այժմ նա ասում է, որ իր վարչակազմի համար առաջնահերթ խնդիր է լինելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին 06.06.2024 թ. Մ. Փեզեշքիանը հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանին ասել է անձամբ՝ ընտրվելու առթիվ վերջինիս կողմից շնորհավորանքներն ընդունելուց հետո։
Այսպիսով, նախագահական ընտրություններում որոշիչ գործոն դարձած Մասուդ Փեզեշքիանի ազգային պատկանելությունը Իրանի արտաքին քաղաքականության առումով որևէ ազդեցություն չունի, և երկրի ներսում այն դերակատարում կունենա միայն երկրի պահպանողական կրոնապետական վարչակարգի սահմանած շրջանակներում։ Անշուշտ, Փեզեշքիանին կտրվի որոշակի տարածություն՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում մտածված և հռչակված որոշ բարեփոխումներ իրականացնելու համար, որպեսզի էապես լիցքաթափվի թե՛ ազգային փոքրամասնությունների, թե՛ պետական կառույցի ազատականացման ձգտող հասարակական շրջանակների կողմից իշխանությունների հանդեպ դժգոհության մթնոլորտը։ Սակայն համակարգը արմատապես վերափոխելու իրավունք նրան չի տրվի։ Ինքը՝ Փեզեշքիանը, չի ձգտի դրան, քանի որ այս դեպքում ստիպված է լինելու առերեսվելու հենց այս համակարգի հետ, որը խորապես արմատավորված է ոչ միայն կրոնական ավանդապաշտության, այլև, ըստ էության, խարսխված է պարսկական ազգայնականության և իրանական քաղաքակրթական հազարամյա հիմքի վրա։
Իրանական համակարգում էական փոփոխություններ կարելի է սպասել միայն այն մարմնավորող գործչից։ Այս գործիչը երկրի բարձրագույն հոգևոր–քաղաքական առաջնորդ Ռահբարն է։ Իրանում, ինչպես և ամբողջ աշխարհում, լավ են հասկանում, որ երկրի ապագան այժմ կախված է ոչ թե նախագահից, ով արդեն ընտրվել է առաջին ժամկետով, այլ այն անձից, ում կպատրաստեն Ռահբարը և նրան կից գործող Գերագույն խորհուրդը՝ Գերագույն այաթոլլայի իշխանության փոխանցման համար։ Այս իմաստով Իրանում անվիճելի էր զոհված Իբրահիմ Ռաիսիի քաղաքական կշիռն ու հեղինակությունը ոչ թե նրա նախագահական պաշտոնի պատճառով, այլ հիմնականում այն պատճառով, որ հենց նա էր համարվում հաջորդ Գերագույն այաթոլլա ընտրվելու հիմնական և ամենաուժեղ թեկնածուն։ Ընդամենը երկու ամիս առաջ իրանական վերնախավն ու հասարակությունը պատկերացում ունեին իրենց երկրի ապագայի մասին՝ առնվազն 20 տարվա հեռանկարում։ Պետության ճակատագիրը կանխատեսելի էր: Սակայն Ռաիսիի մահից հետո երկիրը պատեց անորոշությունը և ինչ-որ առումով պահպանողական ուժերի ապակողմնորոշումը, որն արտահայտվեց նախագահական ընտրությունների արդյունքներով։ Այաթոլլա Ալի Խամենեին պատկառելի տարիքում է (85 տարեկան), բայց այս պահին նոր ընդհանուր համաձայնությամբ իրավահաջորդը դեռ որոշված չէ, և հենց դա է հիմա ստեղծում հիմնական ինտրիգը Իրանում և դրա շուրջ, և ոչ թե՝ նախագահական ընտրությունների արդյունքները։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 25.06.2024 թ.: