Մեկնաբանություններ

Իսրայելը կորցնում է «զոհի» կարգավիճակը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 07.04.2024 թ.

07.04.2024 թ.-ին ուղիղ վեց ամիս է անցել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև նոր արյունալի պատերազմի մեկնարկից։ Կես տարին կարևոր հոգեբանական հանգրվան է իսրայելական հասարակության համար, որը ստիպում է ընդհանրացնել առճակատման ներկա փուլի արդյունքները։ Եվ, ըստ օբյեկտիվ տվյալների, այդ արդյունքները մխիթարական չեն հրեական պետության համար՝ հաշվի առնելով Թել Ավիվի համար պաղեստինա-իսրայելական և արաբա-իսրայելական անցյալ պատերազմների շատ ավելի հաջող փորձը:

«Երկաթե թրեր» գործողության դինամիկան դժվար է հաջողված անվանել. Գազայի հատվածի հարավային և կենտրոնական շրջանները դեռևս ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ են, իսրայելցի պատանդները դեռ անազատության մեջ են, իսկ պաղեստինյան զորքերը շարունակում են հրթիռակոծել իսրայելական քաղաքներն ու բնակավայրերը: Միաժամանակ, երկրի տնտեսությունը անկում է ապրում: Ներքաղաքական ասպարեզում և հասարակության մեջ, ընդհանուր առմամբ, խորանում է պատերազմի վերաբերյալ տեսակետների պառակտումն ու բևեռացումը: Իսկ միջազգային ասպարեզում Թել Ավիվը գնալով ավելի ու ավելի է բախվում Գազայում պատերազմ վարելու հեռանկարների և մեթոդների վերաբերյալ իր գործընկերների և, նույնիսկ, ամենամոտ դաշնակիցների ոչ այնքան խրախուսող վերաբերմունքին:

Այնուամենայնիվ, հրեական պետության և, ընդհանուր առմամբ, իսրայելական ժողովրդի հիմնական խնդիրը ուժի՝ թերևս, ամենակարևոր ռեսուրսի վատնման գործոնն է, որը հնարավորություն է տվել հաջողությամբ հավասարակշռություն պահպանելու գլոբալ աշխարհաքաղաքական միջավայրում։ Խոսքը հրեա ժողովրդի «զոհի կերպարի» մասին է՝ սակրալ գաղափարախոսական-քարոզչական մի հայեցակարգի, որը դրված է Բրիտանական Պաղեստինի հողերում հրեական պետության ստեղծման ծրագրի հիմքում։ Հենց դա էր, որ մի կողմից նպաստեց ազգային ցավը միասնության վրա հիմնված ուժի վերածելուն, իսկ մյուս կողմից արևմտյան հանրային-քաղաքակրթական միջավայրում հատուկ հետաքրքրությամբ և հավատարմությամբ սնուցեց ՆԱՏՕ-ի երկրների աշխարհաքաղաքական դոկտրինի նկատմամբ Իսրայելի պետությանն ու ժողովրդին անզիջում աջակցություն ցուցաբերելուն:

Բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է։

Գազայում ՀԱՄԱՍ-ի զորքերի հետ բախումների ժամանակ ռազմամարտավարական ձախողումները, Նեթանյահուի կոալիցիոն կառավարությունում տիրող ծայրահեղ արմատական տրամադրությունների հետ զուգորդված, պատճառ դարձան, որ «Երկաթե թրեր» «հակաահաբեկչական գործողությունը» վերածվի պաղեստինյան էքսկլավի խաղաղ բնակչության դեմ ճղճիմ հաշվեհարդարի։ Գազայում իսրայելական ուժերի գործողությունների մեթոդները, չնայած Թել Ավիվի կողմից հայտարարված ահաբեկչության դեմ միջազգայնորեն ընդունված պայքարի սկզբունքներին, գնալով ավելի քիչ են տարբերվում այն ռեժիմների ձեռագրից, որոնցից մեկի զոհը նախկինում հենց հրեա ժողովուրդն էր։ Տեղեկատվության հասանելիության ժամանակակից պայմաններում անհնար է թաքցնել Գազայում տիրող աղետալի իրավիճակը, մանավանդ, որ հակաիսրայելական կենտրոնների կողմից դրա գրագետ և համակարգված մատուցումն իրականացվում է բարձր մասնագիտական մակարդակով։ Այսպիսով, համաշխարհային հանրության աչքում «զոհը» վերածվում է «դահիճի», իսկ Կրակովի կամ Վարշավայի գետտոյում կանանց ու երեխաների սպանությունները «ստվերվում են» «Գազա» անվանմամբ պաղեստինյան գետտոյի խաղաղ զոհերի դաժան լուսանկարներով և տեսանյութերով:

Իսրայելը մարգինալացնելու և «պաշտպանության» նման մեթոդի իրավունքից զրկելու գործընթացը մեծ թափ է հավաքում, և իսրայելական պետության ու հրեական սփյուռքի կառույցների հետ կապված արևմտյան քաղաքական վերնախավերի համար գնալով դժվարանում է Մերձավոր Արևելքում Իսրայելի քաղաքականության անվերապահ աջակցության անհրաժեշտությունը պաշտպանելը: Չէ՞ որ ժամանակին հենց մեղքի զգացումն էր, որ դրդում էր արևմտյան երկրներին աջակցել Իսրայելին: Եվ եթե նախկինում Արևմուտքում Իսրայելի հասցեին ցանկացած քննադատություն ընկալվում էր՝ որպես սրբապղծություն և հակասեմականություն, ապա այժմ Իսրայելը քննադատվում է և՛ աջերի, և՛ ձախերի կողմից, իսկ «հակասեմականության մասին» խոսույթն այլևս չի գործում։

Միևնույն ժամանակ, Նեթանյահուի կառավարության և նրան աջակցող արմատականների կողմից այս կենսական կարևոր ռեսուրսի վատնման արագությունն այնքան մեծ է, որ Թել Ավիվի և հրեական գլոբալ համերաշխության համար շուտով հնարավոր չի լինի այն լրացնել, նույնիսկ, Իսրայելում չափավորականների իշխանության գալուց հետո: Իսկ սա «Իսրայել» պատմական նախագծի համար հղի է մեծ աղետով։