Մեկնաբանություններ

Իշխանության ապագան Թուրքիայում. ընտանեկան ձևաչափ

ԱՌՎԱԿ Կենտրոնի մեկնաբանությունը, 01.04.2024թ.

30.03.2024 թ. The Wall Street Journal հոդված է հրապարակել հաջորդ նախագահական ընտրություններում Թուրքիայի նախագահ Էրդողանի հնարավոր իրավահաջորդի մասին: Ըստ հանդեսի` դա կարող է լինել Թուրքիայի առաջնորդի փեսան` Սելջուկ Բայրաքթարը: Էրդողանի հետ ընտանեկան կապերի գործոնից բացի, նա մեծ հեղինակություն է վայելում թուրքական հասարակության մեջ և, առաջին հերթին, Թուրքիայի մարտական անօդաչու ավիացիայի ստեղծման ծրագրի մշակման և իրականացման շնորհիվ: Ըստ The Wall Street Journal-ի՝ հենց Ս. Բայրաքթարի ձեռնարկություններում արտադրված անօդաչու սարքերն էին օգնել կասեցնել «Ռուսաստանի առաջխաղացումը ուկրաինական տարածքում»: Դրանք նաև Ադրբեջանի կողմից «հաջողությամբ կիրառվել են» 2020 թ. Ղարաբաղում հայկական ուժերի դեմ: Եվ դրանց օգնությամբ է, որ «չեզոքացվեցին Մոսկվայի դաշնակից մարշալ Խալիֆա Հաֆթարի հարձակումները» Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի վրա:

Հոդվածում նաև նշվում է, որ անցյալ տարվա աշնանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Ս. Բայրաքթարն ասել էր, որ ինքը «ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում», սակայն, եթե իր աները՝ Էրդողանը դիմի իրեն նման առաջարկությամբ, ապա նա դեմ չի լինի առաջադրվել ապագա նախագահական ընտրություններում: «Ամեն ինչ կախված է հանգամանքներից», – ասել է Բայրաքթարը:

Դժվար թե այս հոդվածի հրապարակումը կարելի է պատահական համարել Թուրքիայում կայանալիք միջանկյալ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, որոնց արդյունքները, ինչպես պարզվեց, աղետալի դարձան Էրդողանի և իշխող ԱԶԿ կուսակցության համար: Իշխող կուսակցությունը պարտվել է ընդդիմությանը երկրի բոլոր առանցքային շրջաններում, ինչպես նաև մեծ քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Անկարայում: Կարելի է ենթադրել, որ Բայրաքթարի անվան հիշատակումը երկրի ապագա քաղաքական իշխանության համատեքստում համաշխարհային հայտնի հրատարակության կողմից պայմանավորված էր նրա աներոջ` Թուրքիայի ղեկավարի ցանկությամբ՝ բացել իր խաղաքարտերն ու առաջ անցնել, մինչ նրա պարտության հայտնի դառնալը: Ի վերջո, այն փաստը, որ ԱԶԿ-ի հաղթելու շանսերը շատ կասկածելի են, և որ Էրդողանը դառնում է հենց իշխող կուսակցության «կաղ բադիկը», կարծես թե պարզ էր արդեն ընտրությունների նախօրեին:

Այնպես որ, կարելի է ակնկալել, որ մոտ ապագայում Էրդողանն ինքը հանրությանը կներկայացնի իր փեսային` Ս. Բայրաքթարին որպես նախագահի թեկնածու: Ի դեպ, ԱՌՎԱԿ կենտրոնը 2023 թ. նախագահական ընտրությունների նախաշեմին արդեն իսկ կանխատեսել էր նման կոմբինացիայի մեծ հավանականություն: Այնուամենայնիվ, այն ժամանակ Էրդողանը հաղթեց մրցավազքում, մինչդեռ ԱԶԿ-ի ձախողումը ՏԻՄ ընտրություններում սպառնում է Թուրքիայի ներկայիս ղեկավարին քաղաքական իշխանության լիակատար և, հնարավոր է, վաղաժամ կորստով:

 «Երամին նոր առաջնորդ է պետք» – կուսակցությանը նոր դեմք է պետք: Եվ եթե Էրդողանի ընտրությունը, այնուամենայնիվ, կանգ առնի Բայրաքթարի վրա, դա կնշանակի, որ գործող նախագահը խաղադրույքը դնում է փեսայի հետ ընտանեկան կապերի, նրա խարիզմայի և հանրային համակրանքի բարձր վարկանիշի վրա: Այսպիսով, կանխատեսումները, թե՝ Էրդողանը, արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրելով Հաքան Ֆիդանի թեկնածությունը, իրեն իրավահաջորդ է պատրաստում MIT-ի` Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության նախկին ղեկավարին, կարող են չարդարանալ: Ի դեպ, թեև ծագումով քուրդ Ֆիդանը վայելում է Էրդողանի անվիճելի վստահությունը, ունի կառավարման անհրաժեշտ հմտություններ և, բնականաբար, մանրամասն տեղեկացված է կառավարական ողջ անցուդարձին, այնուամենայնիվ, նա չունի անհրաժեշտ քաղաքական խարիզմա և անհատական «փայլ»: Նրա հոգեկերտվածքը և հակվածությունը ոչ հրապարակային լինելուն բնորոշ են հատուկ ծառայությունների դասական կադրին, ինչը, հավանաբար, սեփական քաղաքական փորձով առաջնորդվող Էրդողանի աչքերում նրան դարձնում է ԱԶԿ-ի վերաբրենդավորման համար ոչ այնքան հարմար կերպար:

Համենայնդեպս, դեռևս հաստատում չկա այն մասին, որ Էրդողանը (վերջնականապես) կողմնորոշվել է իր իրավահաջորդի ընտրության հարցում: Չի կարելի նաև բացառել, որ նա դեռ կարող է դիմել ոչ ստանդարտ լուծման: