ԱՊՀ, ՀՀ, Արցախ, Սփյուռք, Մերձավոր Արևելք, Տեսակետ

«Թրամփի երթուղին» տարածաշրջանային երկրների շահերի համատեքստում

Маршрут Трампа в контексте интересов региональных стран

Բոգդան Բ. Աթանեսյան[1] 

«Թրամփի երթուղին» տարածաշրջանային երկրների
շահերի համատեքստում
[2]

  1. «Թրամփի երթուղին». ԱՄՆ-ի ռազմավարական նպատակներն ու դրանց աշխարհաքաղաքական հետևանքները

ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թ. օգոստոսի 8-ին ստորագրված՝ խաղաղության նախապատրաստման և հայկական Սյունիքով հաղորդակցությունների ճակատագրի մասին հռչակագիրը դարձել է միջազգային օրակարգի կենտրոնական իրադարձությունը: Ինչպես և սպասվում էր, ստորագրված փաստաթղթերը անբեկանելի վերջակետ չեն դրել Հարավային Կովկասում 35-ամյա հակամարտությանը, սակայն ամրագրել են ճգնաժամը լուծելու և բոլոր հակասությունները կարգավորելու կողմերի «սկզբունքային պատրաստակամությունը»՝ «ի շահ տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման»: Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Դոնալդ Թրամփին հաջողվել է այս նախաձեռնությունը ներկայացնել հնարավորինս հանդիսավոր «փաթեթավորմամբ», սակայն աղմկահարույց միջոցառման արդյունքները միայն հաստատել են, որ իրական խաղաղությունը դեռ շատ հեռու է[3]:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ջանքերի համատեքստում հայ-ադրբեջանական գործերի փաթեթում Դ. Թրամփի թիմի ձեռք բերած կարևորագույն ակտիվը դարձավ «Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ստեղծման մասին պայմանավորվածությունը: ԱՄՆ-ը չի ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երաշխավոր լինելու պարտավորությունները և չի ստորագրել համաձայնագրի որևէ կետի տակ, որը սահմանում էր ԱՄՆ-ի գործողությունները կողմերից մեկի կողմից պայմանավորվածության խախտման դեպքում, բայց փոխարենը ստացել է Առաջավոր Ասիայի տարածաշրջանային անվտանգության և առևտրա-էներգետիկ լոգիստիկայի համատեքստում առանցքային նշանակություն ունեցող միջանցքի փաստացի կառավարման իրավունք: Մի շարք փորձագետների պնդումների համաձայն՝ ԱՄՆ-ը հաջողությամբ խուսափել է կողմերին ստանձնած պարտավորությունների կատարման համար իրավական և քաղաքական պարտավորվածություններից, ինչը բացատրվում է երկարաժամկետ ջանքեր և լիակատար ուշադրություն պահանջող խաղաղապահ աշխատանքի ծանր բեռն իր վրա վերցնելու Վաշինգտոնի դժկամությամբ: Օրինակ՝ անհասկանալի է մնում, թե ինչպե՞ս է ամերիկյան կողմը մտադիր գործել, եթե Ադրբեջանն ու Հայաստանը վերսկսեն լարվածության սրացումը սահմաններին, կամ տարածքների սահմանազատման ու սահմանագծման հարցը փակուղի մտնի։ Պարզ չէ նաև, թե ի՞նչ մեխանիզմներով է Վաշինգտոնը որոշելու խաղաղ համաձայնագրերի դրույթները խախտած կողմին և պատասխանատվության ենթարկելու նրան:

Այս անորոշություններն ԱՄՆ-ի վերլուծաբաններին դրդել են եզրակացնելու, որ ստորագրված հռչակագիրը խախտման դեպքում գործնական իրավական հետևանքներ իրականում չի ենթադրում, և դրա կատարման միակ երաշխիքը կարող է լինել միայն Դոնալդ Թրամփի հեղինակությունը: Ըստ էության, նույն միտքը հաստատել է Իլհամ Ալիևը՝ հայտարարելով, որ Երևանի կողմից իր պարտավորությունների չկատարումը, մասնավորապես, երկրի Սահմանադրությունը փոխելու դժկամությունը, կդիտվի որպես «անհարգալից վերաբերմունք Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ»[4]: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի օրոք կարող է խախտումն ընկալել որպես անհարգալից վերաբերմունք իր հասցեին և դիմել «խախտողի» խիստ պատժի։ Սակայն նույն աստիճանի հավանականությամբ Վաշինգտոնը կարող է պարզապես ափսոսանք հայտնել կողմերին հաշտեցնելու ձախողված փորձի համար և այլ քայլեր չձեռնարկել։ Տեսականորեն, այս տարբերակն ավելի հավանական է, քանի որ ԱՄՆ-ի գերխնդիրը ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև պարտադրված վերջնական խաղաղության հաստատումն է, ինչը կպահանջի բոլոր քաղաքական-դիվանագիտական ռեսուրսների շտապ հավաքագրում, այլ՝ տարածաշրջանում հակամարտային իրավիճակի կառավարման բուն փաստը, ինչը տասնամյակներ շարունակ անում էր Ռուսաստանը: Վաշինգտոնում հասկանում են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հավակնությունների առկայության դեպքում ԱՄՆ-ի հովանու ներքո կայուն խաղաղության հասնելն այս փուլում անիրատեսական խնդիր է, որի լուծման անկեղծ մտադրությունները կարող են ամերիկացիներին ներքաշել ծանր, ռեսուրսատար և ուժեր սպառող պայքարի մեջ։ Սակայն ցուցադրական խաղաղապահության քողի տակ հակամարտայնության ներուժի կառավարումը և խնդրի ժամանակային երկարաձգումը կարող են նպաստել տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացմանը և սեփական շահերից ելնելով՝ Ռուսաստանի ու Իրանի դեմ աշխարհաքաղաքական մեծ խաղում ծխացող խնդրի պահպանմանը։ Վաշինգտոնը չունի որևէ երաշխիք, որ ամերիկյան ջանքերի հաշվին երկարատև խաղաղության հաստատումը հեռանկարում չի հանգեցնի Մոսկվայի և Թեհրանի հետ Բաքվի հարաբերությունների կարգավորմանը և չի բացի Չինաստանի ազատ մուտքը դեպի Մերձավոր Արևելք ու Եվրոպա։ Փոխարենը վստահություն կա, որ «Թրամփի երթուղին» ԱՄՆ-ին կապահովի տարածաշրջանային դասավորություններում անվիճելի գերակայություն ու վերահսկողություն Հարավային Կովկասի նկատմամբ՝ անկախ լիակատար խաղաղության ճանապարհին Երևանի և Բաքվի հաջողությունների աստիճանից։ Ուստի պետք է հստակ հասկանալ, որ վաշինգտոնյան հանդիպումն ԱՄՆ–ի համար նշանակալից է դարձել ոչ թե խաղաղապահության համատեքստում, այլ Արևելք–Արևմուտք և Հյուսիս–Հարավ առանցքներով ռազմավարական կարևոր տարածաշրջանային հաղորդակցությունների նկատմամբ ամերիկյան վերահսկողության հաստատման հեռանկարի առնչությամբ։

Այսպիսով, «Թրամփի երթուղու» մասին համաձայնագիրը դարձավ ԱՄՆ-ի գլխավոր քաղաքական-դիվանագիտական ակտիվը, որը ձեռք է բերվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման միջնորդության դիմաց: Նախագիծը ներկայացվել է որպես խաղաղության հասնելու համալիր պայմանների մաս, սակայն իրականում ամեն ինչ հակառակն է. Վաշինգտոնը նախաձեռնել է կողմերի հաշտեցման գործընթաց՝ տարածաշրջանում իր կիրառական ռազմաքաղաքական ներկայությունը օրինականացնելու համար։ Ակնհայտ է դառնում, որ իրականում մասնավոր ընկերությունը, որը պետք է իրականացնի երթուղու կառավարումը, և ՄՌԸ-ն (Մասնավոր ռազմական ընկերություն), որը նախատեսված է ամբողջ նախագծի անվտանգությունն ապահովելու համար, ոչ այլ ինչ են, քան կառույցներ, որոնք աշխատում են սերտ համակարգմամբ և ԱՄՆ-ի ուժային և հետախուզական մարմինների հովանու ներքո:

Խոսքը ԱՄՆ-ի բանակի փաստացի մուտքի մասին է տարածաշրջան, քանի որ աշխարհում ամերիկացիների կողմից կառուցված իրենց ռազմակայաններն ու հատուկ հետաքրքրություն ներկայացնող գոտիները քողարկելու համակարգը ենթադրում է, որ TRIPP-ի և դրա աշխատանքը սպասարկող ՄՌԸ-ի պաշտպանության համար կստեղծվեն լրացուցիչ ռազմական ենթակառուցվածքներ և լոգիստիկ հաղորդակցություններ, որոնք անհրաժեշտության դեպքում կապահովեն ուժերի և միջոցների օպերատիվ տեղափոխումը Սյունիք: Չի բացառվում, որ ԱՄՆ-ը ծրագրում է տեսանելի ապագայում Հայաստանի և Ադրբեջանի հետ համապատասխան փաստաթղթեր ստորագրել իրենց տարածքներում ամերիկյան զինվորականների որևէ ձևով տեղակայման մասին՝ շրջանցելով նրանց ներքին օրենսդրության (Ադրբեջան) և դաշինքի պարտավորությունները (Հայաստան) արգելող դրույթները: Ակնկալվում է նաև, որ Պենտագոնը կմշակի «Թրամփի երթուղու» օդային պաշտպանության հատուկ ծրագրեր՝ ներգրավելով Արևմտյան Մերձսևծովյան տարածաշրջանում, Թուրքիայում և Լևանտի ու Կարմիր ծովերում պարեկություն իրականացնող ավիակիր խմբավորումները: Այսպիսով, Վաշինգտոնի համար TRIPP-ն իրենից ներկայացնելու է ոչ թե առևտրային նախագիծ, այլ՝ ռազմավարական նշանակության օբյեկտ, որի միջոցով ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ազդեցությունը կարտացոլվի ողջ Սևծովյան-Կասպյան տարածաշրջանում: Դա նշանակում է ՆԱՏՕ-ի լիարժեք ներդրում տարածաշրջանում՝ առանց համապատասխան պաշտոնական պայմանագրային հիմքերի, բայց Դաշինքի ուժերի և միջոցների ծավալման բոլոր փաստացի հատկանիշներով։

Հայաստանի և Ադրբեջանի համար «Թրամփի երթուղու» կառուցման հետ կապված ձեռքբերումների և օգուտների կամ կորուստների ու թաքնված սպառնալիքների հարցըպահանջում է առանձինվերլուծություն, որը դուրս էսույն հրապարակմանշրջանակներից։ Ահա այստեղպետքէ դիտարկել տարածաշրջանային երկրների արձագանքը և վաշինգտոնյան հռչակագրի արդյունքները վերլուծել դրանց ռազմավարական շահերի տեսանկյունից՝ ելնելով այն խոսույթից, որ ԱՄՆ-ը հաջող քաղաքական և դիվանագիտական համադրության արդյունքում պատրաստվում է ի ցույց դնել իր լիարժեք և գերիշխող ներկայությունն հիմնական տարածաշրջանում։

  1. Տարածաշրջանային դերակատարների արձագանքը

2.1. Վրաստան

Վաշինգտոնյան հանդիպումից անմիջապես հետո Վրաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ «աջակցություն է հայտնում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ու համագործակցության ամրապնդմանը, ինչն ուղղված կլինի Հարավային Կովկասի կայունությանն ու բարգավաճմանը»[5]: Արտահայտվում է նաև այն միտքը, որ «այս պատմական իրադարձությունը շղթայական ռեակցիայի ազդեցություն կունենա Սևծովյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորման տեսանկյունից»: Ակնհայտ է, որ Թբիլիսին նկատի ունի վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունները, որոնց լուծման վրա կարող է դրական ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի միջնորդությամբ մեկնարկած հայ-ադրբեջանական «խաղաղ գործընթացը»:

Սակայն Վրաստանում փորձագիտական շրջանակներում կարծիք են հայտնում, որ չնայած ընդգծված դրական արձագանքներին, հանրապետությունում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իրականում խիստ մտահոգված է տարածաշրջանի գործերին ԱՄՆ-ի բացահայտ միջամտության և TRIPP-ի կառավարման միջոցով այստեղ վերահսկողություն հաստատելու փաստով: Դրանով Վաշինգտոնը խաղից դուրս բերեց և՛ Ռուսաստանին, և՛ Թուրքիային, որոնք հույս ունեին գերակայություն հաստատել առանցքային տարանցիկ երթուղու նկատմամբ[6]։ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման համապատկերում պաշտոնական Թբիլիսիի մտահոգությունն ակնհայտորեն արդարացված է, քանի որ տարածաշրջանում ամերիկյան ներկայությունը և Վաշինգտոնի ազդեցության բազմակի ուժեղացումը Բաքվի և Երևանի վրա զգալիորեն խաթարում են Հարավային Կովկասում միակ իշխող ուժի կարգավիճակում հայտնված, հավաքական Արևմուտքի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող «Վրացական երազանքի» դիրքերը։ Մյուս կողմից, վրացական ընդդիմությունը խիստ սաստկացնում է հասարակության անհանգստությունը Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների ծավալների փլուզման մեծ հավանականության կապակցությամբ։ Ըստ այդմ. «Թրամփի երթուղին» իրագործվելու դեպքում կարող է դեպի իրեն ձգել Վրաստանի տարածքով անցնող ապրանքների հոսքի զգալի մասը։ Այս մասին բազմիցս արտահայտվել է նաև անազատության մեջ գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ նախազգուշացնելով, որ հանրապետությունը կհայտնվի Հարավային Կովկասում «անդամահատված օրգանի» դերում[7]։

Սակայն, վրացական համակարգային ընդդիմությունը ողջունում է հայ-ադրբեջանական «խաղաղ գործընթացի» բուն փաստը ՝ համարելով, որ այն նպաստում է ՌԴ-ի վերջնական վտարմանը տարածաշրջանից։ Մոտեցումների նման երկվությունը վկայում է, որ Հարավային Կովկասում նոր գործընթացների նկատմամբ Վրաստանի վերաբերմունքը ձևավորվում է այդ հանրապետությունում իշխանության համար ներքաղաքական պայքարի պրիզմայով, որի ընթացքն ուղղակիորեն կախված է տարածաշրջանում Վաշինգտոնի խաղաղարար նախաձեռնության հաջողությունից կամ ձախողումից:

2.2. Իրան

Վաշինգտոնյան հանդիպման արդյունքների վերաբերյալ Իրանի արձագանքները նույնպես խիստ հակասական են։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում այդ երկրի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ աչքի ընկան «Թրամփի երթուղու» մասին տրամագծորեն հակառակ հայտարարություններով՝ միաժամանակ դրական գնահատելով Երևանի և Բաքվի միջև «խաղաղ գործընթացը»։ Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարծիք է հայտնել, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, որը ստացել է TRIPP պաշտոնական անվանումը, «չնայած ԶԼՄ-ների հաղորդագրություններին, այնքան էլ սպառնալիք չէ, ինչպես դա մատուցվել էր, և դրանում հաշվի են առնված իրանական առանցքային շահերը, ինչպիսիք են (Հայաստանի) տարածքային ամբողջականության պահպանումը և տրանսպորտային ուղիների կայունության հաստատումը՝ առանց հյուսիսային շրջանների բաժանման»: Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդհանրապես հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի հարցն ամբողջությամբ հանվել է (վաշինգտոնյան հանդիպման) օրակարգից»։ Նրա խոսքով՝ տարանցիկ երթուղու կառուցման նախագիծն իրականացնելու է Հայաստանում գրանցված և հայկական օրենքների համաձայն գործող հայ-ամերիկյան ընկերությունը:

Իրանի քաղաքական դաշտի մեկ այլ խոշոր գործիչ՝ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, ի տարբերություն Մ. Փեզեշքիանի և Ա. Արաչիի լավատեսության, հանդես է եկել նախազգուշացմամբ, որ Թեհրանը թույլ չի տա Հայաստանի Սյունիքի մարզով «Թրամփի միջանցքի» ստեղծումը, քանի որ, ըստ նրա, այդ նախագիծը ոչ միայն կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլև կարող է հանգեցնել տարածաշրջանային աշխարհաքաղաքական կայունության վերացմանը[8]: Ավելի կոշտ են արտահայտվել ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) գեներալիտետի ներկայացուցիչները։ Օրինակ՝ ԻՀՊԿ ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ, գեներալ Յադոլլահ Ջավանին նախազգուշացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, որ վստահելով ԱՄՆ-ին՝ «նրանք կատարել են նույն սխալը, ինչ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին»[9]։ Նման համեմատությունն ակնհայտորեն մատնանշում է իրանցի արմատականների ծայրահեղ նյարդայնությունը, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկում են որպես Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Վաշինգտոնի և նրա դաշնակիցների հետ ուղիղ բախման պոտենցիալ թատերաբեմ:

TRIPP-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների առնչությամբ ծայր աստիճան հակասական արձագանքները ցույց տվեցին, թե որքան խորն է ԻԻՀ-ում բարեփոխականների և պահպանողականների միջև պառակտումը: Ըստ էության, դրանք վերջնականապես բացահայտեցին Իրանում երկիշխանության փաստը, ինչը խոչընդոտում է արտաքին քաղաքականության բոլոր առանցքային հարցերի վերաբերյալ միասնական օրակարգի մշակմանը։ Հարավային Կովկասում մեկնարկած գործընթացների մասով բարեփոխականները մտավախություն ունեն, որ պահպանողականների արմատական դիրքորոշումը միայն կսաստկացնի Թեհրանի թշնամիների գրգռվածությունն Արևմուտքում և այնտեղ կավելացնի Իսլամական Հանրապետության դեմ երկրորդ, առավել վճռական ռազմական արշավի կողմնակիցների շարքերը: Իրենց հերթին̀ կղերական վերնախավի ներկայացուցիչներն ու նրանց մոտ կանգնած ուժայինները կարծում են, որ հաջորդ պատերազմն անխուսափելի է, իսկ «Թրամփի երթուղուն» իրանական համաձայնությունը միայն կհեշտացնի Իրանը հյուսիսից մեկուսացնելու և երկրին հարվածելու համար հզոր ռազմական հենադաշտ ստեղծելու արևմտյան թշնամիների խնդիրը: Բացի այդ, արմատականները կարծում են, որ նույնիսկ եթե Իրանին հաջողվի ինչ-որ հրաշքով խուսափել երկրի վրա հերթական հարձակումից, «Թրամփի երթուղին» կզրոյացնի Թեհրանի բոլոր ջանքերն ու աշխատանքը՝ ԻԻՀ-ն Հյուսիս–Հարավ և Արևմուտք–Արևելք առանցքներով անդրմայրցամաքային առևտրի գլխավոր տարանցիկ հանգույցի վերածելու ուղղությամբ: Ըստ նրանց՝ 100 միլիոնանոց երկրի տնտեսապես խեղդամահ լինելը պատերազմից լավ չէ և նրա անխուսափելի փլուզման պատճառ կդառնա։

2.3. Ռուսաստան

Վաշինգտոնյան հանդիպման արդյունքների վերաբերյալ ամենապասիվ պաշտոնական դիրքորոշմամբ առայժմ առանձնանում է Ռուսաստանը։ Ամենաբարձր մակարդակով միակ արձագանքը հնչել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ելույթում, որում նա դրական է գնահատել Երևանի և Բաքվի առաջընթացը դեպի խաղաղություն, սակայն հարկ է համարել ընդգծել, որ այդ գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ քննարկումների շրջանակն սկսվել է Մոսկվայի միջնորդությամբ̀ 2020 թվականին։ Ընդհանուր առմամբ, ԱԳՆ ներկայացուցիչն ուղղակիորեն չի դատապարտել TRIPP-ի նախաձեռնությունը, սակայն հստակ ակնարկել է, որ նման նախագիծը, ինչպես և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության կնքման մյուս բոլոր պայմանները, պետք է հաշվի առնի տարածաշրջանային դերակատարների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) շահերը և չխախտի անվտանգության հավասարակշռությունը Հարավային Կովկասում[10]: Մ. Զախարովայի կողմից հստակ ձևակերպումներից խուսափելը և նրա հայտարարության ուղերձների երկիմաստությունը կարելի է բացատրել ոչ թե դիրքորոշման անորոշությամբ, ինչպես շտապեցին հայտարարել շատ փորձագետներ, այլ Դ. Թրամփի և Վ. Պուտինի Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին Մոսկվայի սպասողական մարտավարությամբ։ Ակնհայտ է, որ այս հանդիպմանը քննարկվող հարցերի շրջանակը չպետք է սահմանափակվեր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով, այլ ընդգրկեր ռուս-ամերիկյան հարաբերությունների և շահերի ամբողջ օրակարգը։ Պետք է հասկանալ, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը և TRIPP նախաձեռնությունը նույնպես սպասում էին իրենց քննարկմանը Ալյասկայում և հաստատ ոչ առանց երկու կողմերի սուր հարցադրումների: Ամեն դեպքում, Ռուսաստանի նախագահը չէր կարող իրեն թույլ տալ ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպման նախօրեին կտրուկ բարձրացնել նախաձեռնության հետ անհամաձայնության հարցը կամ հավանություն հայտնել նախագծին: Առայժմ միայն թղթի վրա ամրագրված՝ «Թրամփի երթուղին» արդեն դարձել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի մեծ սակարկություններում օգտագործվող քաղաքական ակտիվ, և դրա իրականացման նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը ամբողջովին կախված կլինի Ուկրաինայի և այլ խնդիրների շուրջ գերտերությունների ձեռքբերված կամ չձեռքբերված պայմանավորվածությունների ընդհանուր համատեքստից։

Միևնույն ժամանակ, պաշտոնական Մոսկվայի սպասողական մարտավարությունը չխանգարեց նրան պատժամիջոցներ կիրառել Պետդումայի և Դաշնության խորհրդի որոշ քաղաքական շրջանակների, իշխանամետ լրատվամիջոցների և փորձագիտական լայնածավալ խմբերի նկատմամբ՝ Դ. Թրամփի «միջանցքի նախաձեռնությունը» վարկաբեկելու արշավ սկսելու համար: ՌԴ-ում հաջողությամբ գործի են դրվում գաղափարներ այն մասին, որ Վաշինգտոնը, ըստ էության, TRIPP նախագիծը «գողացել է» Մոսկվայից, որը բացառիկ իրավունք ուներ միանձնյա վերահսկողություն հաստատել Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզի նկատմամբ։ Վերը նշված շրջանակների կարծիքով՝ Երևանն ու Բաքուն խաբեցին Մոսկվային և արժեզրկեցին տարածաշրջանում արդար, երկարատև խաղաղություն հաստատելու նրա անկեղծ ձգտումները՝ ըստ էության արևմտյան ճամբար անցնելով և իրենց ճակատագիրը վստահելով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների արկածախնդիր, չափազանց վտանգավոր քաղաքականությանը։

Հանուն արդարության պետք է նշել, որ ձայներ են հնչում նաև Ռուսաստանից , որոնք օբյեկտիվ են գնահատում Հարավային Կովկասում «ռուսական ձախողման» պատճառները։ Մի շարք անկախ փորձագետներ և քաղաքական գործիչներ միանգամայն իրավացիորեն նշում են, որ ռուսական միջնորդությունից Երևանի և Բաքվի հրաժարումն ու «Թրամփի երթուղու» շուրջ համաձայնությունները պայմանավորված էին Կրեմլի և Սմոլենսկի հրապարակի մշուշոտ քաղաքականությամբ, Հարավային Կովկասի քաղաքական և -դիվանագիտական ռազմավարության հստակ առաջնահերթությունների բացակայությամբ, Ն. Փաշինյանի և Ի. Ալիևի հետ մշտական սիրախաղերով, Թուրքիայի ճնշման տակ Ղարաբաղը զիջմամբ և տարածաշրջանում ՌԴ բնական դաշնակից Իրանի հետ մերձենալու անկեղծ մտադրությունների բացակայությամբ։

Այսպես թե այնպես, Ռուսաստանում շատ քաղաքական գործիչներ և փորձագետներ կարծում են, որ TRIPP-ը Ռուսաստանի համար չափազանց վտանգավոր նախաձեռնություն է, որն իրականում ՆԱՏՕ-ական տերությանը ներգրավում է Մոսկվայի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան, փակում ՌԴ-ի ելքը դեպի Մերձավոր Արևելք ու Հնդկական օվկիանոս և, շրջանցելով Ռուսաստանը, փակում «Մեծ Մետաքսի ճանապարհի» «Միջին միջանցքի» լոգիստիկան։ Ի թիվս այլոց, «Թրամփի երթուղին» նախագիծ է, որը թույլ կտա ԱՄՆ-ին և դաշնակիցներին վերջ տալ Կասպից ծովի՝ որպես ներքին ռուս-իրանական ծովի փաստացի կարգավիճակին, ապահովել Արևմուտքի և Թուրքիայի առաջընթացը դեպի Կենտրոնական Ասիա ու ճնշել Ռուսաստանի քաղաքական և տնտեսական ազդեցության վերջին մնացորդները ռազմավարական նշանակություն ունեցող ասիական այս տարածաշրջանում: Ընդհանուր առմամբ, TRIPP-ն իրենից ներկայացնում է բացակայող օղակ, այսպես կոչված, «Անակոնդայի պլանում», որի իրականացումից հետո ՆԱՏՕ-ի համար Ռուսաստանի վերջնական «խեղդամահ անելը» պարզապես ժամանակի խնդիր կդառնա:

2.4. Թուրքիա

Առաջին հայացքից Թուրքիայի դիրքորոշումը միանշանակ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման և TRIPP-ի իրականացման հարցում։ Վաշինգտոնում հռչակագիրը ստորագրելուց անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, գոհունակություն է հայտնել «խաղաղության գործընթացի» և Ի. Ալիևի առաջնորդական կարողությունների դրսևորման կապակցությամբ: Ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ «տրանսպորտային միջանցքը, որը կծառայի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապի հաստատմանը, կնպաստի ամբողջ տարածաշրջանի բարգավաճմանը»[11]:

Միջազգային փորձագետները կարծիք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններն ու «Թրամփի երթուղու» շուրջ պայմանավորվածությունները, առաջին հերթին, Անկարայի շահերից բխող գործարք են, և որ նա ինքը մեծապես նպաստել է նման արդյունքների հասնելուն: Անկարայի համար Սյունիքով անարգել միջանցքը ոչ միայն էքսկլավի կապն է «մայրցամաքային» Ադրբեջանի հետ և Թուրքիայի ցամաքային ելքը դեպի Կասպից ծով, այլև պարտադիր պայման է թյուրքական պետությունների միավորման գաղափարախոսական ծրագրի շրջանակներում ավելի լայնածավալ ռազմավարության համար։ Այս համատեքստում միջազգայնագետներից շատերը հակված են Թուրքիային համարել TRIPP-ի գլխավոր շահառուն, առանց որի ԱՄՆ-ը չի կարող իրագործել Ռուսաստանին խեղդելու և, այսպես կոչված, «Գլոբալ Հարավի» միությունը կազմալուծելու իր դոկտրինը:

Սակայն, ինչպես պարզվեց, այդքան էլ միանշանակ չէ ամեն ինչ։ Որոշ տվյալներով՝ «Թրամփի երթուղին» այնքան էլ այն չէ, ինչի վրա հույսը դրել էր Ռ. Էրդողանը՝ լիովին աջակցելով Ադրբեջանին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Դա անուղղակիորեն հաստատում է նաև այն հանգամանքը, որ, ըստ պաշտոնական ամփոփագրի, Ի. Ալիևի հետ հեռախոսազրույցում նա որպես մեծ ձեռքբերում հիշատակել է միայն խաղաղության հռչակագիրն ու դրան առնչվող համաձայնագրերը, բայց չի անդրադարձել TRIPP-ի թեմային: Ի. Ալիևն էլ, ընդհակառակը, փորձել է Սյունիքում ամերիկյան հովանավորությունը զրուցակցին ներկայացնել որպես Բաքվի նշանակալի ձեռքբերում։

Եթե հավատանք վրացի վերլուծաբան Միրիան Միրիանաշվիլու տեղեկատվությանը, թուրքական վերնախավը իրականում չափազանց հիասթափված է վաշինգտոնյան հանդիպումից, քանի որ Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրումը ի սկզբանե ծրագրվում էր իրականացնել Ստամբուլում՝ Ռ. Էրդողանի մասնակցությամբ։ Սակայն, վերջին շաբաթներին տեղի ունեցած որոշակի փոփոխությունների արդյունքում Դոնալդ Թրամփը որոշել է «խաղաղության հարթակը» տեղափոխել Վաշինգտոն՝ դրանով իսկ հարված հասցնելով Թուրքիայի նախագահի ինքնասիրությանը և նրա քաղաքական ծրագրերին։ Ակնհայտ է, որ նման որոշում է կայացվել գործընթացում Անկարայի դերը նսեմացնելու և տարածաշրջանում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական դասավորության գլխավոր շահառուների ցանկից նրան դուրս մղելու նպատակով։ Թուրքական ԶԼՄ-ները շատ զգուշավոր են լուսաբանում այս թեման՝ ակնհայտորեն հաշվի առնելով հենց նախագահի և նրա շրջապատի զսպվածությունը, սակայն որոշ ընդդիմադիր շրջանակների հայտարարությունները վկայում են, որ Թուրքիայի համար ոչ միանշանակ իրավիճակ է ստեղծվում՝ կապված Հայաստանի տարածքով անցնող երթուղու ամերիկյան վերահսկողության հետ։ Մասնավորապես, թուրքական Vatan Partisi կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքն իրանական Mehr News գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» (տվյալ դեպքում նկատի ունի TRIPP-ը) ԱՄՆ-ի և Իսրայելի նախաձեռնությունն է և սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Իրանի, այլև Թուրքիայի անվտանգության համար»[12]: Նրա խոսքով, Թուրքիան արդեն շրջապատված է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ու քաղաքական ազդեցությամբ̀ Էգեյան ծովից և Արևելյան Միջերկրական ծովից մինչև Հյուսիսային Սիրիա ու Հյուսիսային Իրաք, իսկ Կովկասում միջամտությունը կստեղծի լրացուցիչ վտանգ: Դ. Փերինչեքը միշտ ներկայացել է որպես Ռուսաստանի հետ մերձեցման և «իմպերիալիստական Արևմուտքի» հետ չափազանց զգուշավոր հարաբերությունների կողմնակից, սակայն նրա հայտարարությունը չի կարելի տառանիշային արձագանք անվանել, քանի որ նրա փաստարկները զուրկ չեն օբյեկտիվ տրամաբանությունից։

Ամերիկյան վերահսկողության տակ գտնվող «Թրամփի երթուղին», անշուշտ, մեծացնում է Թուրքիայի տեսական հնարավորությունները Կենտրոնական Ասիայում իր ազդեցության ուժեղացման գործում։ Սակայն, մյուս կողմից, այն վերածվում է Վաշինգտոնի կողմից Անկարայի վրա ճնշման ոչ պակաս լուրջ լծակի և սահմանափակում է Թուրքիայի ինքնուրույնությունը Հարավային Կովկասում ու Կասպից տարածաշրջանում ռազմավարություն մշակելու հարցում։ Թուրքիային նեղացրել են՝ զրկելով իր համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան տանող դռան «անձնական բանալիներից», այն դեպքում, երբ ինքը՝ Անկարան, մեծագույն ջանքեր է գործադրել հենց այդ դուռը տեղադրելու համար։ Ուստի, հազիվ թե ճիշտ լինի Անկարայի անվերապահ հաղթանակը համարել Սյունիքի երթուղին ԱՄՆ-ի կառավարմանը հանձնումը։ Այս հարցում Թուրքիայի հաջողության աստիճանը կախված կլինի նրա պատրաստակամությունից՝ համընթաց խաղալու ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությանը և Վաշինգտոնի ռազմավարությանը հակասող ինքնուրույն մենախաղեր չնախաձեռնելուց։

Հարկ է նաև նշել, որ Վրաստանում, Հայաստանում և Իրանում մի շարք վերլուծաբաններ կարծում են, թե չպետք է գերագնահատել «Թրամփի երթուղու» տնտեսական դերը, հետևաբար նաև դրա ռազմավարական նշանակությունը: Նրանց կարծիքով՝ այս հարցում վերջին խոսքը կմնա Չինաստանին։ Դժվար թե Պեկինը համաձայնի, որ «Մեկ գոտի̀ մեկ ճանապարհի՚ «Միջին միջանցքը» փակվի ամերիկացիների կողմից վերահսկվող երթուղու վրա։ Վրաստանում արձանագրվում է ենթակառուցվածքային շինարարական բում, որն ուղղված է Կասպից ծովի ադրբեջանական նավահանգիստներից դեպի Սևծովյան ափեր, Թուրքիա և Եվրոպա բեռնափոխադրումների տարանցիկ կարիքների բավարարմանը: Զուգահեռաբար Թեհրանը շինարարական աշխատանքներ է իրականացնում Սյունիքի երթուղին կրկնօրինակող իրանական միջանցքով՝ սահմանային Արաքս գետի աջ ափին։ Փորձագետները պնդում են, որ հենց ՉԺՀ-ն, որն ապահովում է առևտրի և ապրանքների հոսքի առյուծի բաժինն Արևելք-Արևմուտք առանցքի երկայնքով, կթելադրի այլընտրանքային TRIPP երթուղիների ընտրությունը, նույնիսկ եթե դրանք զիջեն գների և փոխադրման ժամկետների շահութաբերությանը:

Որոշակիորեն` այդ ենթադրություններն իրենց տակ իրական հիմքեր ունեն, սակայն հազիվ թե ԱՄՆ-ում հաշվի չառան այդ հնարավորությունը և համապատասխան հետևություններ չարեցին։ Թրամփի վարչակազմի և ամերիկյան ընտրանու համար TRIPP-ի արժեքը ոչ այնքան նրա տնտեսական շահութաբերության մեջ է (չնայած դրան, ԱՄՆ-ն բոլոր ջանքերը կգործադրի նրա անխափան աշխատանքի համար), որքան ռազմավարական դրության մեջ, որը թույլ է տալիս ռազմաքաղաքական վերահսկողություն հաստատել տարածաշրջանի նկատմամբ՝ այդտեղ «3+3 հարթակի» նման տեղական դաշինքներ թույլ չտալու, հակամարտայնությունը կառավարելու (իրենով փոխարինելով Ռուսաստանին) և Առաջավոր Ասիայում չինական քաղաքական-տնտեսական առաջխաղացումը կասեցնելու նպատակով։ Բայց այս ամենը՝ պայմանով, որ «Թրամփի երթուղին» և հայ-ադրբեջանական աշխարհն իրականում իրականություն դառնան քրտնաջան աշխատանքի արդյունքում, այլ ոչ թե մնան Նոբելյան մրցանակի մասին երազող ԱՄՆ խիստ տարօրինակ առաջնորդի հերթական անցողիկ մոլուցքը։

[1] Հրապարակախոս, վերլուծաբան, վավերագրող ռեժիսոր։ Հեղինակ է ավելի քան 1000 լրագրողական և քաղաքական-վերլուծական հոդվածների և 400 հեռուստատեսային վավերագրական տեսահոլովակների։ Աշխատել է «Հ1», «ԱՐ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններում։ Նա համագործակցել և եղել է «Голос Армении», Aysor.am, Voskanapat, «Ազատ Արցախ» և այլ պարբերականների ու լրատվական կայքերի թղթակից։

[2] Հոդվածը բերվում է թարգմանաբար՝ ռուսերենից: Բնագիրը խմբագրություն է ներկայացվել 14.08.2025 թ.։

[3] «Իրականում Հայաստանն ու Ադրբեջանը մինչ օրս խաղաղության պայմանագիր չեն ստորագրել. ԱՄՆ-ում կայացած հանդիպումը միայն ձևականություն էր»: «Մեդուզա» (ռուս.), 10.08.2025, https://meduza.io/feature/2025/08/10/na-samom-dele-armeniya-i-azerbaydzhan-do-sih-por-ne-podpisali-dogovor-o-mire-vstrecha-v-ssha-byla-lish-formalnostyu (բեռնման օրը՝ 11.08.2025):

[4] «Իլհամ Ալիև. «Չեմ կասկածում, որ ՀՀ Սահմանադրությունից կհեռացվեն տարածքային պահանջները»: Oxu.az (ռուս.), 09.08.2025, https://oxu.az/ru/politika/ilham-aliev-ne-somnevayus-chto-iz-konstitucii-armenii-budut-isklyucheny-territorialnye-pretenzii (բեռնման օրը՝ 11.08.2025):

[5] «Պատմական համաձայնագիր. Վրաստանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունների մասին»: Sputnik Грузия (ռուս.), 09.08.2025, https://sputnik-georgia.ru/20250809/istoricheskoe-soglashenie–mid-gruzii-o-dogovorennostyakh-armenii-i-azerbaydzhana-294478575.html (բեռնման օրը՝ 12.08.2025):

[6] «Վրացի վերլուծաբան. «Վրացական երազանքը» մտահոգված է Վաշինգտոնում տեղի ունեցող գործընթացներով»: Arminfo.info (ռուս.), 12.08.2025, https://arminfo.info/full_news.php?id=93799 (բեռնման օրը՝ 12.08.2025):

[7] Գ. Էլիբեկյան, Մ. Հովսեփյան, «Տարածաշրջանային հաղորդակցության ուղիներ. ինչպես է փոխվում Վրաստանի տարանցիկ դերը նոր իրողությունների լույսի ներքո»: JAM news (ռուս.), 09.10.2025, https://jnews.ge/133293/ (բեռնման օրը՝ 13.08.2025):

[8] «Իրանը բաժանված է «Թրամփի ճանապարհի՚ հարցով. աջակցությունից մինչև կտրական բողոք»: Վերելք, 11.08.2025, https://verelq.am/ru/node/163202 (բեռնման օրը՝ 13.08.2025):

[9] «Իրանում մեկնաբանել են «Թրամփի կամրջի» սպառնալիքների մասին լուրերը»: Газета.ru (ռուս.), 11.08.2025, https://www.gazeta.ru/tags/geo/iran.shtml (բեռնման օրը՝ 13.08.2025):

[10] «ՌԴ ԱԳՆ-ն դրական է գնահատել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը»: ARKA news agency (ռուս.), 09.08.2025, https://arka.am/news/politics/mid-rf-polozhitelno-otsenil-vstrechu-liderov-armenii-i-azerbaydzhana-v-vashingtone/ (բեռնման օրը՝ 13.08.2025):

[11] «Ալիևն ու Էրդողանը քննարկել են ԱՄՆ-ում ստորագրված ադրբեջանա-հայկական հռչակագիրը»: Интерфакс (ռուս.), 09.08.2025, https://www.interfax.ru/world/1040493 (բեռնման օրը՝ 13.08.2025):

[12] «Դողու Փերինչեք. «Զանգեզուրի միջանցքը՚ ԱՄՆ-ի և Իսրայելի նախագիծն է, որը սպառնում է Թուրքիային և Իրանին» (ռուս.): Caucasus-chronical.com, 11.08.2025, https://caucasus-chronicle.com/2025/08/11/5627/ (բեռնման օրը՝ 13.08.2025):