Թուրք-քրդական «խաղաղության գործարքը»՝ ձախողման վտանգի տակ

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 27.07.2025 թ.
-
ՔԲԿ-ի լուծարման նախաձեռնությունը և «խաղաղության գործարքի» պայմանները
Ընթացիկ տարվա փետրվարից ի վեր Թուրքիայի ներքաղաքական օրակարգի կենտրոնական թեման դարձել է «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) լուծարման և այդ ռազմականացված կազմակերպության գործունեությունն օրինական քաղաքական դաշտ տեղափոխելու հարցը: Գործընթացի ենթադրյալ նախաձեռնողը ՔԲԿ-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանն է, ով 1999 թվականից գտնվում է ցմահ ազատազրկման մեջ թուրքական Իմրալը կղզում։ Օջալանի և ՔԲԿ-ի ազատության մեջ գտնվող առաջնորդների միջև թուրքական կառավարության հետ բանակցություններում որպես միջնորդ հանդես է եկել ձախակենտրոն քրդամետ «Ժողովրդական հավասարության և ժողովրդավարության կուսակցությունը» (DEM): Գործընթացի ևս մեկ ակտիվ մասնակից է դարձել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) դաշնակից ծայրահեղ աջ «Ազգայնական շարժման կուսակցությունը» (ԱՇԿ) Դևլեթ Բահչելիի գլխավորությամբ: Ըստ թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ հենց նրան էր պատկանում կամ բանտարկության պայմանների բարելավման, կամ քուրդ առաջնորդի լրիվ ազատ արձակման գաղափարը՝ պայմանով, որ համախոհներին ուղղված նրա կոչը հաջողություն ունենա։
2025 թ. փետրվարի 27-ին Թուրքիայի խորհրդարանում ընթերցվեց Ա. Օջալանի գրավոր դիմումը՝ ուղղված Իրաքի Էրբիլ քաղաքի կենտրոնական շտաբի իր կազմակերպությանը, որի մեջ նա խորհուրդ է տվել «գումարել կուսակցական կոնգրես և որոշում կայացնել»։ Նրա խոսքով՝ «բոլոր խմբերը պետք է վայր դնեն զենքը, իսկ ՔԲԿ-ն պետք է լուծարվի»[1]: Դրանից հետո, չնայած փորձագիտական հանրության թերահավատությանը, Թուրքիայի և Իրաքի քրդական ազատագրական շարժման հրամանատարների մեծամասնությունը հայտարարեց մշտական առաջնորդի կամքին ենթարկվելու իրենց պատրաստակամության մասին մի պայմանով, որ Անկարան իսկապես կատարի գործարքով ստանձնած իր պարտավորությունները։ Ա. Օջալանի ազատ արձակումից բացի խոսքը համաներմանը և շարժման շուրջ 2000 ակտիվ մասնակիցների` Թուրքիա վերադառնալու իրավունքի, ՔԲԿ-ի հարյուրավոր առավել անցանկալի անդամների անարգել տեղափոխման Հարավային Աֆրիկա և Եվրոպա, ինչպես նաև՝ Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների մեկնարկի մասին է, որոնց նպատակը, ի թիվս այլ հանգամանքների, պետք է դառնա ազգային քաղաքականության ազատականացումը և քրդերին առավել լայն քաղաքական իրավունքների ու երկրի քրդաբնակ տարածաշրջաններում տնտեսական զարգացման պայմանների տրամադրումը:
Ա. Օջալանի ելույթը, ինչպես նաև նրա մասին ՔԲԿ կոնգրեսի գնահատականն անակնկալ չէին թուրքական, քրդական և ընդհանրապես միջազգային հանրության համար, քանի որ բանակցային գործընթացը և «գործարքի» նախապատրաստումն ակտիվ կերպով ընթանում էին դեռևս 2024 թվականին։ Արդեն անցյալ տարվա նոյեմբերից հայտնի էր, որ ՔԲԿ-ի հովանու ներքո գործող քրդական հիմնական կազմավորումները համաձայն են ինքնալուծարման և զինաթափման, եթե դա է պահանջում Օջալանի խոսքը՝ «զինված պայքարի այլևս ոչ արդիական լինելու» մասին։
-
Գործընթացի հրապարակայնության մեջ Անկարայի ռազմավարական դրդապատճառները
«Գործարքի» կնքման գործընթացը կարող էր ավելի գաղտնի բնույթ կրել, սակայն պաշտոնական Անկարան պահանջեց, որպեսզի Օջալանի դիմումը հնարավորինս բարձր միջազգային հնչեղություն ստանա, իսկ ՔԲԿ կառույցների պաշտոնական պատասխան հայտարարությունը հնարավորինս լուսաբանվի համաշխարհային ԶԼՄ-ներում: Դա պայմանավորված էր մի քանի գործոններով․
- Նախ, նախագահ Ռեջեփ Թայըփ Էրդողանից պահանջվում էր, որպեսզի քրդերը հրապարակավ ճանաչեն իրենց 40-ամյա պայքարի «ահաբեկչական էությունը» և դրանով իսկ ցույց տան, որ փաստացի մոլորվել են վերջին տասնամյակների ընթացքում:
- Երկրորդ՝ Թուրքիայի առաջնորդը ձգտում էր, որ գործարքի լայն լուսաբանումը դարակազմիկ նշանակություն տա դրան՝ բարձրացնելով նրա անձնական դերն ու ներդրումը Թուրքիայի պատմության մեջ։ Դատելով արդեն կայացած նախերգանքից (Ա. Օջալանի հրապարակային ուղերձը և ՔԲԿ կառույցների արձագանքը), Ռ. Էրդողանին հաջողվել է այս փուլում պահանջվող առավելագույն արդյունքի հասնել։ Սակայն գործարքի իրականացման գործնական մասը՝ ՔԲԿ-ի զինաթափումը, դեռ զգուշավոր գնահատականներ է պահանջում։
- Զինաթափման մարտահրավերներն ու ներքրդական տարաձայնությունները
ՔԲԿ-ին ինքնալուծարման և զինաթափման հարկադրելու փորձեր արվել են դեռևս 2010-ականների սկզբից։ Սակայն այդ կազմակերպության կառույցներում համախմբվածության բացակայությունը և դրա շարքերում ծայրահեղ արմատական հայացքներով երիտասարդ առաջնորդների կայացումը, որոնք չունեն Ա. Օջալանի հետ անձնական շփման փորձ և չեն ենթարկվում նրա հեղինակությանը, չեն նպաստել գործարքի իրականացմանը։ Իր հերթին, Անկարան ինքը դեռ պատրաստ չէր լիարժեք փոխզիջման՝ ավելի շատ ապավինելով ուժին և վստահությանը՝ ռազմական միջոցներով նպատակներին հասնելու համար:
Դեռևս 2013 թվականին Ա. Օջալանը բանտից կոչ էր արել ՔԲԿ-ին վայր դնել և զենքը համաձայնության գալ Անկարայի հետ[2], սակայն երկու կողմից իրականացված մի շարք սադրիչ զինված հարձակումներ վերջ դրեցին այդ նախաձեռնությանը: Մի շարք փորձագետների կարծիքով, հազիվ թե կարելի է ակնկալել, որ այս անգամ Ա. Օջալանից ենթադրաբար եկող նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի: Կասկած է հարուցում, որ Օջալանի դիմումին ՔԲԿ վերնախավի որոշ ներկայացուցիչների դրական արձագանքն արտացոլում է ողջ կազմակերպությունում, այդ բազմաբարդ և ճյուղավորված կառույցի բոլոր թևերում տիրող տրամադրությունները[3]։ Բացի այդ, զինաթափմանն արդեն կտրականապես դեմ են արտահայտվել Ռոժավայի սիրիական քրդական ինքնավարության ներկայացուցիչները, դրա ժողովրդական աշխարհազորի հրամանատարները և «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (ՍԺՈՒ) ջոկատների ղեկավարությունը, որոնց Անկարան համարում է ՔԲԿ-ի հետ փոխկապակցված ռազմականացված խմբավորումներ: Նրանց միջև գոյություն ունի որոշակի կապ, սակայն Ռոժավայի քրդերն իրենց պարտավորված չեն համարում կատարել Ա. Օջալանի հրահանգները, ով միանշանակ հանդես է գալիս կամ Անկարայի ճնշման ներքո, կամ 26 տարվա ազատազրկման հոգեբանորեն ծանր պայմաններում ձևավորված զուտ անձնական նկատառումներից ելնելով:
Ընդհանուր առմամբ, փորձագետների մեծ մասը հակված է կարծելու, որ այս փուլում դեռ վաղ է խոսել նախաձեռնության ճակատագրի մասին։ Եվ դրա համար կա չորս հիմնական պատճառ.
- Ա. Օջալանն արդեն օբյեկտիվ պատճառներով չունի բավարար հեղինակություն՝ ՔԲԿ-ի բոլոր խմբակցությունների և թևերի վրա ազդելու համար:
- Պատմական փորձը քրդերին հուշում է, որ թուրքական կառավարությունը հաճախ է խախտել այդ ազգային փոքրամասնության հանդեպ իր պարտավորությունները, որոնք ստանձնել էր երկխոսության վերսկսման և հաշտեցման փորձերի կարճատև ժամանակահատվածներում;
- Քրդական հարցն այնքան շփոթեցնող և խճճված է կլանային հակասությունների և փոխադարձաբար բացառող քաղաքական և գաղափարական դիրքորոշումների հիման վրա, որ Թուրքիայի կողմից առաջարկվող ապագա խաղաղ փոխգործակցության պայմանները, նույնիսկ նրա խոստումների պահպանման պայմանով, չեն կարող բավարարել այս մեծ, բայց ապակենտրոնացված էթնոսի բոլոր խմբերի շահերը:
- Քրդական հիմնախնդիրն այնքան ամուր է միահյուսված Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական խաղերի բազմաբարդ սխեմայի հետ, որ հազիվ թե հայտնի դերակատարները, որոնք վիճարկում են Թուրքիայի տարածաշրջանային գերիշխանությունը և որոշակի ազդեցություն ունեն քրդական խմբավորումների վրա, թույլ կտան Անկարային հաղթահարել տվյալ պատնեշը։ Խոսքը, մասնավորապես, Իսրայելի մասին է, որը հստակ գիտակցում է, որ իրաքյան, սիրիական և բուն թուրքական քրդերի հետ հաշտեցումը Անկարայի համար ճանապարհ կբացի Մերձավոր Արևելքում գրեթե միանձնյա գերիշխանություն հաստատելու համար։ Իր հերթին, Թուրքիան խիստ զգուշանում է քրդական ուղու վրա Իսրայելի գործողություններից՝ արդարացիորեն կարծելով, որ թուրք-քրդական ռազմական դիմակայության չլուծված խնդիրը տեսանելի ապագայում կվերածվի Անկարայի վրա Թել Ավիվի ազդեցության լուրջ գործիքի[4]։
4․Գործարքի իրացումը և Անկարայի ռազմավարական խուսավարումները
2025 թ. հուլիսի սկզբին թուրքական ԶԼՄ-ները տեղեկացրել էին ՔԲԿ-ի 20-30 հոգանոց առաջին ջոկատի մասին, ովքեր Իրաքի Սուլեյմանիա քաղաքի շրջանում խարույկի վրա այրել էին իրենց զենքերը։ Գործողությունն անցել է թուրքական հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո և լայնորեն լուսաբանվել լրագրողների կողմից[5]: Միջոցառումը կազմակերպվել էր մեծ շուքով՝ ակնհայտորեն միջազգային հանրությանը ներշնչելու համար, որ «գործարքը» կայացել է, և որ այն այլընտրանք չունի: Չնայած հաղորդվում էր, որ Իրաքում մինչև աշնան կեսը մոտ 2000 քուրդ զինյալների, իսկ Թուրքիայում՝ մի քանի հարյուրի զինաթափում է սպասվում, սակայն զինաթափվող ջոկատների մասին նոր տեղեկություններ այլևս չեն ստացվել: Հնարավոր է, որ գործընթացը շարունակվում է ոչ հրապարակային ձևաչափով, սակայն չի բացառվում, որ քարոզչական բնույթ կրող առաջին ձեռնարկից հետո գործընթացը կանգ է առել, քանի որ առանձին հրամանատարներ և շարքային քուրդ մարտիկներ չեն ցանկանում կատարել կուսակցական վերադաս մարմինների հրամանները։
Պետք է ենթադրել, որ կուսակցական վերնախավի որոշումները սաբոտաժ անող ՔԲԿ անդամները շտապ կարգով Իրաքից տեղափոխվում են Սիրիա՝ Ռոժավայի տարածք, որտեղ քրդական ինքնապաշտպանական ջոկատները չեն ենթարկվում «Քրդստանի բանվորական կուսակցությանը»: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով էլ Ռ. Էրդողանը, ըստ «Հյուրիեթ» թերթի, հուլիսի կեսերին կարգադրել է ռազմական պլան կազմել՝ Ռոժավային ստիպելու կազմալուծել իր ջոկատները (ՍԺՈՒ), որոնք, իբր, ՔԲԿ-ի մաս են կազմում[6]: Հատկանշական է, որ ինքը՝ Ա. Օջալանը, դիմելով ՔԲԿ-ին և նրա կազմում գործող տարբեր խմբակցությունների, չի նշել ՍԺՈՒ-ն, և դա տրամաբանական է, քանի որ Մազլում Աբդիի գլխավորած սիրիական քրդերի ջոկատներն անմիջական կապ չունեն ՔԲԿ-ի հետ և, հետևաբար, չեն կարող մաս կազմել Օջալանի հետ թուրքերի գործարքին, եթե անգամ ապաստան տրամադրեն Իրաքից և Թուրքիայից ժամանած ՔԲԿ «սաբոտաժ անողներին»։
Այնուամենայնիվ, Ռ. Էրդողանն ավելի հեռուն գնաց՝ կարողանալով իր ծրագրերում ներգրավել նաև Վաշինգտոնին, որն, ի դեմս Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի և Սիրիայի հարցով ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Թոմ Բարաքի, միացավ Սիրիայի քրդերին զինաթափելու պահանջներին՝ առանց հաշվի առնելու նրանց հնարավոր կապերը ՔԲԿ-ի հետ[7]։ Իր պահանջները վավերացնելու համար Անկարան վկայակոչում է Դամասկոսի և Այն Իսայի (քաղաքատիպ ավան Սիրիայի Արաբական Հանրապետության Ալ-Ռակկայի մարզում, Թել Աբյադի գավառում) միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց համաձայն քրդերն, իբրև թե, պարտավորություններ ունեն Սիրիայի նոր կառավարության առջև՝ զինաթափելու ՍԺՈՒ կազմի «ահաբեկչական տարրերին» և այդ՝ արդեն «մաքրված», ռազմական կառույցը սիրիական նոր բանակին միացնելու համար:
Ակնհայտ է, որ հենց այդ պատճառով էլ թուրքական իշխանություններն սկսել են Ա. Օջալանի դիմումի նախապատրաստումը՝ Ահմեդ աշ-Շարաայի և Մազլում Աբդիի միջև իրենց իսկ նախաձեռնած բանակցային գործընթացին գրեթե զուգահեռ։ Նպատակն էր՝ միաժամանակ ճնշում գործադրել Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի բոլոր քրդական խմբավորումների վրա (բացի Էրբիլում Բարզանիի կլանից, որը բարեկամական հարաբերություններ է պահպանում Անկարայի հետ), որպեսզի Ա. Օջալանի հետ չհամաձայնող ՔԲԿ ջոկատներին հնարավորություն չթողնվի ապաստան գտնել քրդերի վերահսկողության տակ գտնվող որևէ տարածքում։ Ընդ որում, Անկարային քիչ է հուզում իր կողմից փաստերի և միջազգային իրավունքի դրույթների խեղաթյուրման հանգամանքը, երբ օրինական հիմքերով ստեղծված սիրիական քրդերի ժողովրդական աշխարհազորն ասոցացվում է աշխարհում ահաբեկչական ճանաչված ՔԲԿ-ի հետ։
Անկարան մեկ ամիս ժամկետով նոր վերջնագիր է ներկայացրել Այն Իսային (մինչ այդ՝ 2025 թ. հունվարին, Թուրքիան հանդես էր եկել Սիրիայի քրդերին ուղղված «վերջին նախազգուշացմամբ»)՝ պահանջելով կատարել Դամասկոսի հանդեպ իր պարտավորությունները։ Նման պայմանը բացահայտ հակասում է Ա. Օջալանի հետ «գործարքի» ժամկետներին, ըստ որի ՔԲԿ-ն, իբր, մինչև տարեվերջ զինաթափվելու ժամանակ ունի։ Հետևաբար, ակնհայտ է, որ Անկարայում արդեն գիտակցում են թուրք-քրդական «դարակազմիկ» համաձայնագրի տապալումը։
-
Թուրքական ներքաղաքականհամատեքստը և ռիսկերը
ՔԲԿ-ի մարտիկները զենքը հանձնելու ցանկություն չունեն և, ըստ Ռ. Էրդողանի, չեն ցանկանում օգտվել «պատմական հնարավորությունից»: Թվում է, թե նրանք նախընտրում են շարունակել իրենց զինված պայքարը՝ հենվելով Ռոժավայի վրա, և այդ պատճառով Անկարան ձգտում է մինչև ՔԲԿ-ի զինաթափման համաձայնագրի ժամկետի ավարտը Դամասկոսին օգնել ուժի միջոցով վերջ տալու սիրիական քրդական ինքնավարությանը: Անկարայում ոչ առանց պատճառի այն մտավախությունն ունեն, թե մոտ ժամանակներս ՔԲԿ-ի կառույցներում կարող է վերջնական պառակտում տեղի ունենալ. առավել արմատական տրամադրված խմբակցությունները կարող են թուրքական իշխանությունների կողմից Ա․ Օջալանի վրա գործադրվող ճնշման պատրվակով պաշտոնապես հայտարարել նրա «հարկադրված» կոչին հնազանդվելուց հրաժարվելու մասին։ Այդ դեպքում «Ապո»-ն (հայրենակիցների շրջանում Ա. Օջալանի մականունը, քրդերեն նշանակում է «Քեռի») Անկարայի համար ամբողջությամբ կկորցնի թուրք-քրդական հարաբերությունների օրակարգում քաղաքական ակտիվի նշանակությունը։
Բուն Թուրքիայում ՔԲԿ-ի զինաթափման և լուծարման նախաձեռնությունն օրեցօր ավելի շատ հակառակորդներ է ձեռք բերում։ Խորհրդարանական ընդդիմությունն առաջին քրդական ջոկատի կողմից ԶԼՄ-ներում լայնորեն լուսաբանված զենքի հանձնման ակտը, որի մասին խոսվեց վերևում, արդեն սարկազմով անվանել է «խորովածով երեկույթ»։
Ծայրահեղ ազգայնական կուսակցությունները, բացառությամբ ԱՇԿ-ի՝ Դ. Բահչելիի գլխավորությամբ, հայտարարել են, որ Էրդողանի կառավարությունը, ձգտելով խաղաղ գործարք կնքել «ահաբեկիչների» հետ, գնում է դավաճանելու ճանապարհով և մոռանում քրդական ծայրահեղականության դեմ 40-ամյա պայքարի մասին, որը 40.000 մարդու կյանք է արժեցել: Թուրքական արմատական ընդդիմությունը կարծում է, որ այդպիսով Ռ. Էրդողանը ցանկանում է «քրդերի աջակցությունն ստանալ նոր Սահմանադրության հարցում, որը կընդլայնի նրանց իրավունքները, իսկ նրան թույլ կտա կրկին դառնալ նախագահի թեկնածու 2028 թվականի ընտրություններում»: Սակայն քրդերի հետ նման սիրախաղերը, ըստ ընդդիմության, կհանգեցնեն Թուրքիայի ամբողջականության փլուզմանը։ Այս լույսի ներքո շատ թուրք փորձագետներ հանգել են այն եզրակացության, որ քրդական ընտրազանգվածին իր տրամադրության տակ վերցնելու ձգտման մեջ Ռ. Էրդողանը վտանգի տակ է դնում այն ազգայնական ուժերի աջակցությունը, որոնց վրա նա մշտապես և հուսալիորեն հենվել է երկրի քառորդդարյա կառավարման ընթացքում[8]:
-
Երկարաժամկետ կարգավորման հիմնարար խոչընդոտները
Թուրք-քրդական հակասությունների խնդրի լայն դիտարկումը և դրա պատմական պրիզման թույլ են տալիս եզրակացնել, որ այս բարդագույն խնդրի լուծման համար բավարար չեն միայն քաղաքական գործիչների կամքն ու ջանքերը։ Նույնիսկ այնպիսի քաղաքական դեմքերի ջանքերը, ինչպիսին Ռ. Էրդողանն է, և այնպիսի հեղինակավոր առաջնորդների, ինչպիսին Ա. Օջալանն է, կարող են լիակատար անհաջողության մատնվել. մեկին դա կարժենա իշխանության, մյուսին՝ ցեղակիցների սիրո ու հարգանքի կորուստը։ Թուրք-քրդական դիմակայությունը վերջին հարյուրամյակի ընթացքում չափազանց շատ «արյունոտ հիշողություն» է կուտակել, ատելություն և անվստահություն, որպեսզի լուծվի զուտ քաղաքական համադրությամբ, ինչը չի ենթադրում թուրքական պետականության կառուցվածքի ողջ փիլիսոփայության, դրա զարգացման հարացույցի և դրա գոյության հիմնարար հիմունքների վերանայում: Նույնը վերաբերում է քրդերին, որոնք օբյեկտիվ հանգամանքների բերումով մինչ օրս գիտեն և հասկանում են ազգային ինքնության պահպանման միայն մեկ ճանապարհ՝ զինված պայքարը։ Առանց ազգայնական գաղափարախոսության վերաիմաստավորման, որը քաղաքական դասին և հասարակությանն առատորեն սնուցել է շովինիզմով և անհանդուրժողականությամբ։ Թուրքիան ի սկզբանե ի վիճակի չէ հաշտվել քրդական ինքնության պահպանման իրավունքի հետ, չհաշված այդ փոքրամասնության քաղաքական և սոցիալական իրավունքները: Քուրդական տարրը, մեծ մասամբ չտեսնելով թուրքական պետական համակարգում քաղաքական ու քաղաքացիական ինտեգրման հեռանկարներ՝ առանց ազգային ինքնահաստատման և վերածննդի մեթոդների հիմնարար վերագնահատման, կշարունակի բախվել բիրտ ուժի, բռնության և ուծացնաբ վտանգի հետ ոչ միայն Թուրքիայում, այլև իր պատմական գործունեության և ներկայիս բնակության ողջ տարածքում՝ Մերձավոր Արևելքում։ Այս պահին այդ առումով որևէ փոփոխություն չի նկատվում։ Փոխաբերական իմաստով, թուրք-քրդական «վառոդի տակառի» պարունակությունն ըստ էության մնում է անվնաս և չոր՝ հետևաբար, ո՛չ թուրք-քրդական հարաբերությունների համակարգի ներսում, ո՛չ էլ դրանից դուրս, հերթական վառված պատրույգը մոտեցնել ցանկացողների պակաս չի լինելու:
[1] «Քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Քրդստանի բանվորական կուսակցությանը բանտից կոչ է արել վայր դնել զենքը»: RFI (ռուս.), 27.07.2025, https://www.rfi.fr/ru/в-мире/20250227-курдский-лидер-абдулла- оджалан-объявил-о -роспуске-рабочей-партии-курдистана-из-тюрьмы (բեռնման օրը՝ 23.07.2025):
[2] «Օջալանը քրդերին զինաթափվելու կոչ է արել»: Kommersant (ռուս.), 28.02.2025, https://www.kommersant.ru /doc/7549449 (բեռնման օրը՝ 23.07.2025):
[3] Ս.Շաքարյանց, «Ո՞վ» «հրամայեց» Թուրքիայի քրդերին «ինքնալուծարվել» և զինաթափվել:…»: Live News (ռուս.), 16.07.2025, https://livenews.am/2025/351337/16/13/34/ (բեռնման օրը ՝ 23.07.2025):
[4] Պարխոմչուկ Յա․, «Առանց պայքարի. Ինչո՞ւ թուրքական քրդերի առաջնորդը կոչ արեց վայր դնել զենքը և ինչի՞ կհանգեցնի դա»: Forbes (ռուս.), 06.03.2025, https://www.forbes.ru/society/531913-bez-bor- by-pocemu-lider-tureckih-kurdov-prizval-slozit-oruzie-i-k-cemu-eto-privedet (բեռնման օրը՝ 23.07.2025):
[5] «Իրաքում քրդերը սկսել են զենքը հանձնել կուսակցության ինքնալուծարումից հետո»: РБК, (ռուս.), 11.07.2025, https://www.rbc.ru/rbcfreenews/6870d4fb9a7947786fe40844 (բեռնման օրը՝ 23.07.2025):
[6] «Քրդերը զենքը չեն հանձնում։ Թուրքիան ռազմական ծրագիր է քննարկում»։ Haqqin.az (ռուս.), 18.07.2025, https://haqqin.az/news/354315 (բեռնման օրը՝ 23.07.2025):
[7] Դ.Բուստանի,«Ոչինչ այնքան էժան չէ, որքան արևելքում քրդերի ծառայությունը»: Haqqin.az, (ռուս.), 23.07.2025, https://haqqin.az/news/35448 (բեռնման օրը՝ 24.07.2025):
[8] «Էրդողանը վտանգում է կորցնել ազգայնականների աջակցությունը՝ խաղաղություն կնքելով ՔԲԿ-ի հետ»: Cyprus Inform (ռուս.), 17.07.2025, https://www.kiprinform.com/cyprus_news/yerdogan-riskuet- poteryat-podderzhku-n (բեռնման օրը՝ 24.07.2025):