Մեկնաբանություններ

Թուրք-իսրայելական դիմակայությունը ՆԱՏՕ-ի ռազմավարության համատեքստում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 15.01.2025 թ.(1)

The Jerusalem Post-ը 01.07.2025 թ. զեկուցել է Իսրայելի կառավարության համար Nagel կոմիտեի (Պաշտպանական բյուջեի և անվտանգության ռազմավարության վերլուծության կոմիտե, որը ստեղծվել է 2024 թ.) պատրաստած զեկույցի մասին: Զեկույցում ասվում է, որ Իսրայելի և Թուրքիայի միջև բախումն անխուսափելի է և որ Թել Ավիվը պետք է շտապ մեծացնի իր պաշտպանական բյուջեն ու ընդլայնի բարձր տեխնոլոգիական զենքի մատակարարումը բանակին: Nagel կոմիտեն զգուշացնում է, որ Անկարայի՝ Օսմանյան կայսրությունը վերականգնելու ծրագրերն սպառնում են Իսրայելի անվտանգությանը և որ այդ սպառնալիքը կարող է ավելի շոշափելի լինել, քան իրանական գործոնը։

Իր հերթին, Թուրքիայի նախագահի աշխատակազմը 30.12.2024 թ. կրկին հայտարարել  է, որ Անկարան խզել է բոլոր հարաբերություններն Իսրայելի հետ։ Հայտարարությունը հնչել է ի պատասխան նախօրեին իսրայելական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվության, թե Էրդողանը, իբր, փորձել է կապ հաստատել Իսրայելի կառավարության և Պաշտպանության բանակի հետ՝ քննարկելու  համար սիրիական հարցը։ Մի շարք փորձագետներ ենթադրում են, որ Անկարան իսկապես փորձել է Թել Ավիվի հետ գաղտնի բանակցություններ վարել սիրիական օրակարգի շուրջ, սակայն Իսրայելը հրաժարվել է կապ հաստատել և ԶԼՄ-ներում միտումնավոր տեղեկատվություն հրապարակել Անկարայի խնդրանքի մասին: Սա վրդովմունքի ալիք է բարձրացրել Թուրքիայում՝ ստիպելով Անկարային իսկապես խզել բոլոր կապերը հրեական պետության հետ։ Եթե ​​ոչ վաղ անցյալում Էրդողանը և նրա Հանրապետական ​​դաշինքի դաշնակիցները Իսրայելին մշտապես սպառնում էին պատերազմով ու Երուսաղեմի գրավմամբ, բայց, միևնույն ժամանակ, խուսափում հրեական պետության հետ ստվերային առևտրի աճի թեմայից, ապա այժմ, ամենայն հավանականությամբ, նրանք ստիպված կլինեն դիմել համագործակցության ամբողջական դադարեցման։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն հայտարարել է, որ ի գիտություն է ընդունում Նագել կոմիտեի զեկույցը և պատրաստ է առաջնորդվել դրանով. «Մենք ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում արմատական փոփոխությունների։ Իրանը վաղուց եղել է մեր ամենամեծ սպառնալիքը, սակայն ասպարեզ են ելնում նոր ուժեր, և մենք պետք է պատրաստ լինենք անսպասելիին։ Այս զեկույցը «ճանապարհային քարտեզ» է Իսրայելի ապագան ապահովելու համար»: Այս կերպ Թել Ավիվն իր պաշտպանական քաղաքականության մեջ նոր առաջնահերթություն է սահմանել՝ կապված Թուրքիայից բխող սպառնալիքի հետ։ Ներկայիս իրականության մեջ Իսրայելի ռազմաարդյունաբերական համալիրի համար թուրքական պողպատի և նրա բանակի համար վառելիքի մատակարարումն անհեթեթ է դառնում, քանզի դա, ըստ էության, կնպաստի հրեական պետության «հակաթուրքական ռազմականացմանը»:

Թուրք-իսրայելական էսկալացիայի «նուրբ» ասպեկտներից մեկն այն է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային անդամ է համարվում, մինչդեռ Իսրայելը, փաստորեն, Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնական արտաբլոկային դաշնակիցն է։ Եվ եթե Վաշինգտոնին չհաջողվի լիցքաթափել Անկարայի և Թել Ավիվի հարաբերություններն ու կանխել նրանց անմիջական բախումը, ինչպես նախկինում բազմիցս է եղել, ապա՝ դաշինքը կկանգնի իր փլուզման սպառնալիքի կամ լավագույն դեպքում վերակազմավորման անհրաժեշտության առաջ։ ՆԱՏՕ-ի կառույցներում առկա խնդիրները վաղուց այս կազմակերպությանը հասցրել են ճգնաժամի եզրին, սակայն հենց թուրք-իսրայելական պատերազմն է, որ կարող է հանգեցնել Հյուսիսատլանտյան դաշինքի ամբողջ համակարգի և նրա կենսագործունեության քաղաքական ու իրավական հիմքերի փլուզմանը:

Ռազմաքաղաքական բլոկը, որը ժամանակին ստեղծվել էր ԽՍՀՄ-ին զսպելու համար, իր «հարավային թևը» հաջողությամբ  մխրճել էր Մերձավոր Արևելքի ռազմավարական տարածաշրջան և արդյունավետորեն հակազդել արաբական աշխարհի «խորհրդայնացմանը» հենց Թուրքիայի և Իսրայելի միջև սերտ փոխգործակցության շնորհիվ: Թուրքական ռազմաքաղաքական վերնախավը, որն ուսանած էր քեմալական գաղափարախոսությամբ, ԱՄՆ-ի ու դաշինքի այլ կարևոր անդամների հովանավորությամբ սերտ հարաբերություններ էր պահպանում հրեական պետության հետ։ Թուրքիան առաջիններից մեկն էր, ով ողջունեց Իսրայելի ստեղծումը և ճանաչեց նրա անկախությունն ու ինքնիշխանությունը։ Նա Թել Ավիվի հետ շփվել է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՆԱՏՕ-ի դոկտրինի շրջանակներում՝ համապարփակ օգնություն տրամադրելով իր «հիմնական արտաբլոկային դաշնակցին»: Նույնիսկ 1974-ի Կիպրոսի ճգնաժամը, որը փոխեց ուժերի հավասարակշռությունն Արևելյան Միջերկրական ծովում ու նշանավորեց դաշինքային համակարգում առաջին խոշոր «ճեղքը»՝  հունա-թուրքական հակասությունների տեսքով, չազդեց կողմերի միջև բարեկամական հարաբերությունների վրա։ Մինչ գոյություն ուներ ԽՍՀՄ-ը և մինչ Արևմուտքը Եգիպտոսի, սիրիական, իրաքյան «բռնապետություններն» ու նորաստեղծ ԻԻՀ-ն դիտարկում էր որպես սպառնալիք Մերձավոր Արևելքում իր շահերին, ՆԱՏՕ-ն ակտիվորեն աջակցում էր «թուրք-իսրայելական բարեկամությանը»: Այնուամենայնիվ, Խորհրդային Միության փլուզմամբ, իսկ հետո՝ Թուրքիայում քեմալիզմին այլընտրանք հանդիսացող գաղափարախոսական հոսանքների կրողների իշխանության գալով, թուրք-իսրայելական հարաբերություններն սկսեցին սառչել՝ արտացոլելով տարածաշրջանի ապագայի վերաբերյալ նրանց հայացքների հակասություններն  ու Անկարայի հավակնոտ ձգտումները՝ Մերձավոր Արևելքի վերակազմավորման հարցերում հասնել ավելի մեծ անկախության ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից: Թուրք-իսրայելական տարաձայնությունների միտումն արագացել է հատկապես 2000-ականներին Թուրքիայի տնտեսական բումից հետո, որը հնարավոր դարձավ ԱԶԿ-ի /Արդարություն ու զարգացում կուսակցություն/ դրամավարկային և տնտեսական քաղաքականության ազատականացման շնորհիվ: Ռ. Էրդողանն ու նրա համախոհները ոտքերի տակ ամուր հող էին զգում երկրում և հասարակության մեջ պանթուրքիստական ​​գաղափարներն ու  նեոօսմանական ռևիզիոնիզմը վերականգնելու համար, որոնք հիմնովին հակասում են «Նոր Մերձավոր Արևելքի» ամերիկա-իսրայելական դոկտրինին:

Ընդունված է համարել, որ երեք հիմնական իրադարձություններ նպաստեցին Թուրքիայի նկատմամբ Թել Ավիվի վերաբերմունքի փոփոխությանը և հրեական պետության աշխարհառազմավարական դաշնակիցների ցուցակից նրա դուրս մնալուն։ Դրանցից առաջինը 2003 թ․ Թուրքիայի մերժումն էր՝ իր տարածքը տրամադրել ամերիկա-բրիտանական ներխուժմանը Սադամի Իրաք, որը թշնամաբար էր տրամադրված Իսրայելի հանդեպ: Երկրորդը Ռ. Էրդողանի հայտարարությունն է, որ Թուրքիան «ոչ մի դեպքում թույլ չի տա իր տարածքն օգտագործել» ամերիկա-իսրայելական կոալիցիայի կողմից Իրանին հարվածելու համար։ Երրորդը՝ Անկարայի քաղաքական (և ոչ միայն) միջամտությունն է պաղեստինա-իսրայելական հակամարտությանն ու «երկու պետություն» սկզբունքի համապարփակ լոբբինգը։ Վերջին դեպքում, Թել Ավիվը թուրքական դիրքորոշումը գնահատել է ոչ թե որպես Անկարայի կողմից ընդունված միջազգային իրավական նորմերի շրջանակներում իր ազդեցությունն այս ուղու վրա մեծացնելու փորձ, այլ որպես ապագայում «կայսերական ռևիզիոնիզմի»  քաղաքականության իրականացման համար հող նախապատրաստելու փորձ։ Այս համատեքստում Թել Ավիվի համար որոշիչ ազդանշանը 2010 թ. մայիսին տեղի ունեցած սադրիչ միջադեպն էր թուրքական «Մավի Մարմարա» նավի գլխավորած, այսպես կոչված, «Ազատության նավատորմիկի» հետ։ Միջադեպից հետո Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կտրուկ վատացան, և ՆԱՏՕ-ի գծով  երկու կողմերի հիմնական դաշնակիցը՝ ԱՄՆ-ը, չկարողացավ կարգավորել դրանք։ Նույն 2010 թ., ապա՝ 2013 թ., 2015 թ. և 2016 թ. Վաշինգտոնի ճնշման ներքո կողմերը հերթով փորձում էին լիցքաթափել հակամարտությունը, բայց ամեն անգամ էլ դա հերթական սկանդալի և դեսպանների հետկանչման էր հանգեցնում:

Տարաձայնությունները հարթելու վերջին փորձը տեղի ունեցավ 2022 թ․ մարտին, երբ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն Անկարայում իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո ասաց, որ իրենց հաջողվել է փոխըմբռնման հասնել և որ այսուհետ Իսրայելն ու Թուրքիան «նորից կընկերանան»։ Այնուամենայնիվ, 2023 թ․ հոկտեմբերին Իսրայելում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից ու Գազայի վրա Իսրայելի հարձակումից հետո Թուրքիան հերթական անգամ մերժեց հարաբերությունների կարգավորումը և արմատականացրեց իր հռետորաբանությունը «սիոնիստական ​​պետության» դեմ։

Գազայում, այնուհետև Լիբանանում ռազմագործողությունների զարգացմանը զուգընթաց, կողմերի միջև քաղաքական ու դիվանագիտական ​​առճակատումը միայն աճեց, մինչև Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները վերջնականապես դադարեցրին կողմերին կրկին մերձեցնելու նրանց ընդհանուր դաշնակիցների փորձերը: Հարկ է հատկապես նշել, որ Թուրքիայի ռազմական զսպման նոր «ճանապարհային ծրագրի» վերաբերյալ  Բ. Նեթանյահուի վերջին հայտարարությունն իր նշանակությամբ ու բովանդակությամբ էապես տարբերվում է Էրդողանի զուտ հռետորական արտահայտություններից՝ «գրավել Երուսաղեմը» և «Պաղեստինը վերադարձնել Թուրքիայի պատմության գիրկը»: Խոսքը վերաբերում է իր երբեմնի դաշնակից Թուրքիայի հետ պատերազմի նախապատրաստության՝ Իսրայելի կողմից ընդունված ծրագրին, որը հրեական պետության պատմության մեջ առաջին անգամ նրա բարձրաստիճան պաշտոնյայի կողմից մատնանշվեց որպես «թիվ մեկ սպառնալիք»՝ դրանով իսկ մի կողմ մղելով «ավանդական թշնամական» Իրանը։

Ըստ էության, խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի և նրա շարժիչ ուժի՝ ԱՄՆ-ի համար աննախադեպ իրավիճակին, որը ծառացած է Հյուսիսատլանտյան դաշինքի հարավային թևում ձևավորվող աշխարհաքաղաքական նոր դասավորությունների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգի առջև: Անգամ Անկարայի և Թել Ավիվի միջև անուղղակի բախումը Բրյուսելին կկանգնեցնի երկընտրանքի առաջ՝ կամ Իսրայելին մերժել ավանդաբար նրան  ցուցաբերվող անվերապահ աջակցության խնդրում, կամ սկսել դաշինքի անդամակցությունից Թուրքիային զրկելու գործընթացը։ Հակառակ դեպքում հարցականի տակ կդրվի բլոկի գոյությունը։ Հնարավոր է, որ Թել Ավիվը, ՆԱՏՕ-ի իր ամենամերձավոր գործընկերների աջակցությամբ, իր հերթին սրում է իրավիճակը՝ «թուրքական թունավոր անդամակցության» վերանայման հարցում դաշինքի անդամների միջև ընդհանուր համաձայնության հասնելու համար։

Գոյություն ունի կարծիք, որ Իսրայելը վերջին տասնամյակներում իրականում փորձել է զբաղեցնել Թուրքիայի տեղը Հյուսիսատլանտյան դաշինքում, իսկ Անկարան իր հերթին կատաղի դիմադրել է այդ ծրագրերին։ Սակայն պայքարը հիմնականում ծավալվում էր դաշինքի կուլիսներում, որի շատ մանրամասներ հայտնի չեն լայն հանրությանը։ Իսրայելը երբեք պաշտոնապես չի դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն դա չի խանգարել նրան օգտվելու դաշինքի կողմից տրամադրվող անվճար օգնության լայն շրջանակից: Հրեական պետությանը ՆԱՏՕ-ի օգնությունն սկսվել է այդ պաշտպանական կազմակերպության ստեղծումից անմիջապես հետո՝ 1949 թ․: Իսրայելը հիմնադրվել էր ընդամենը մեկ տարի առաջ, և ժամանակի առումով այն առավել մեծ փորձ ունի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, քան Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է դարձել 1952 թ․։

1990-ականներից ՆԱՏՕ–Իսրայել հարաբերությունները դարձել են ավելի համակարգային և ամրապնդվել մի շարք ռազմավարական համաձայնագրերով։ 1994 թ․ Իսրայելն Ալժիրի, Թունիսի, Մավրիտանիայի, Մարոկկոյի, Հորդանանի և Եգիպտոսի հետ միասին դարձավ ՆԱՏՕ-ի նախաձեռնած Միջերկրածովյան երկխոսության համաշխարհային ծրագրի մասնակից-պետություն։ 1999 թ․ ամերիկյան կառավարությունը Թել Ավիվի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր, որը Վաշինգտոնին պարտավորեցնում էր տարեկան միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն տրամադրել Իսրայելին։ Դրա դիմաց ԱՄՆ-ն իր ռազմակայանները հիմնեց Իսրայելի տարածքում։ 2016 թ․ ՆԱՏՕ-ն մշտական ​​առաքելություն բացեց Իսրայելում, և շուտով հրեական պետությունը պաշտոնապես ստացավ դաշինքի առանցքային դաշնակիցներից մեկի կարգավիճակ՝ չմտնելով դրա մեջ:

Գործնական առումով Իսրայելն այնքան խորն է ինտեգրվել դաշինքի համակարգին, որ կազմակերպության շատ անդամներ բազմիցս բարձրացրել են վերջին ձևականությունը հաղթահարելու և հրեական պետությանը դաշինքի մեջ պաշտոնապես ընդգրկելու հարցը։ Օրինակ՝ 2006 թ., Իտալիայի պաշտպանության նախարար Անտոնիո Մարտինոն կազմակերպությանը կոչ էր արել «անհապաղ բացել դռներն» Իսրայելի առջև՝ պատճառաբանելով Իրանի հետ անմիջական առճակատման սպառնալիքը։ 2023 թ․ ապրիլին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի նախկին օգնական Ջոն Բոլթոնը նաև առաջարկ էր արել, որպեսզի չմիավորված դաշնակիցներին՝ Իսրայելին, Ճապոնիային և Ավստրալիային դարձնեն կազմակերպության անդամ՝ դրանով իսկ արդյունավետորեն հրապարակայնացնելով այս դիսկուրսը Բրյուսելի կուլիսներում:

Սակայն դաշինքի ներսում այս գաղափարի հակառակորդների ճամբարը նույնպես հետևողականորեն առաջ էր քաշում իր սեփական գիծը, հիմնականում հղում կատարելով ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին՝ Իսրայելի միջազգայնորեն ճանաչված սահմանների խնդրահարույց խնդրի համատեքստում, և այն փաստին, որ Թել Ավիվն արդեն վայելում է դաշինքի անսահմանափակ ռազմական ու քաղաքական աջակցությունը։ 2006 թ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը, ի պատասխան Իտալիայի նախարար Ա. Մարտինոյի դիմումին, հայտարարեց, որ դաշինքին Իսրայելի անդամակցության հարց չկա օրակարգում և իբր «նույնիսկ չի քննարկվում» դրա տրամադրման հնարավորությունը: 2018 թվականին, մեկնաբանելով Իսրայելի վրա Իրանի հարձակման հավանականությունը, կազմակերպության այն ժամանակվա գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նաև հասկացրեց, որ մշուշոտ են ՆԱՏՕ-ում հրեական պետության ընդգրկման հեռանկարները, ինչպես նաև համապարփակ աջակցությունը շարունակելու հնարավորությունը։ Թել Ավիվի համար. «Իսրայելը մեր գործընկերն է, բայց ոչ ՆԱՏՕ-ի անդամ։ Դաշինքի 5-րդ հոդվածով նախատեսված անվտանգության երաշխիքը չի տարածվում Իսրայելի վրա։ ՆԱՏՕ-ն չի մասնակցել և չի մասնակցում Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացին, ոչ էլ՝ տարածաշրջանում ռազմական բախումներին։ Սա մեր խնդիրը չէ»։

Politico պարբերականի համաձայն՝ ՆԱՏՕ-ի շատ երկրներ, իբր, դեմ են արտահայտվել Իսրայելի անդամակցությանը՝ բացառապես Խարտիայի 5-րդ հոդվածի պատճառով, որը, հաշվի առնելով Իսրայելի սահմանային խնդիրները Լիբանանի և Սիրիայի հետ, ինչպես նաև չլուծված պաղեստինյան հիմնախնդիրը, ի սկզբանե բացառել է Թել Ավիվին կազմակերպության շարքերն ընդունելու  հնարավորությունը: Ձևական առումով դա ճիշտ է։ Այնուամենայնիվ, պետք է ենթադրել, որ դաշինքի անդամ դառնալու Իսրայելի փորձերին հակադրվելու իրական պատճառները մի փոքր այլ հարթության մեջ են։ Մասնավորապես, Թուրքիային, որը կատաղի դիմակայել է ՆԱՏՕ-ի հարավային թևում իր բացառիկ տեղը զբաղեցնելու Իսրայելի փորձերին, 2007 թ.-ից հետո հնարավորություն տրվեց ապացուցելու իր անփոխարինելիությունը դաշինքի համար։ Սա կապված էր Ռուսաստանի՝ Արևմուտքից հեռու մնալու նոր ուղեգծի և Արևելյան Եվրոպայում (Ուկրաինա և Հարավային Կովկաս) ՌԴ-ի և Արևմուտքի միջև շահերի բախման հասունացման հետ։ Այս համատեքստում դաշինքի համար հերթական անգամ կտրուկ աճել է Թուրքիայի դերը, քանի որ նա զորաշարժի է ենթարկում իր ուժերը՝ դրանով իսկ ավելի նշանակալից դարձնելով նրա ձայնը կազմակերպության հնարավոր վերակառուցման հարցում։ Մյուս կողմից, 2015 թ․ Բարաք Օբամայի վարչակազմի նախաձեռնությամբ Իրանի հետ «Միջուկային գործարքն» (JCPOA) էապես լիցքաթափեց իրանական խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նվազեցնելով ՆԱՏՕ-ին Իսրայելի հրատապ ընդունման անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Անկարան սկսել է ավելի վճռական քաղաքականություն վարել ՆԱՏՕ-ի միջանցքներում և վստահորեն առաջ տանել իր տեսակետները կազմակերպության ապագայի և դրա քաղաքականության վերաբերյալ: Նման պահվածքի օրինակ էր Շվեդիան և Ֆինլանդիան այդ կազմակերպություն ընդունելու հարցը, որն Անկարան ամեն կերպ սրում էր՝ նպատակ ունենալով իր համար նոր նախապատվություններ ստանալ Բրյուսելից և հիմնականում Վաշինգտոնից։ Հասկանալի է, որ նման պայմաններում Իսրայելի անդամակցության հասնելն անհնարին խնդիր կլիներ։

Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում նոր միտումների լույսի ներքո իրավիճակն արմատական ​​փոփոխության նշաններ է ցույց տալիս: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դ. Թրամփն իր երկրորդ ժամկետի ընթացքում ԱՄՆ-ի գլոբալ ռազմավարությունը կտրուկ փոխելու և աշխարհում հարաբերությունների նոր վերադասավորում կառուցելու վճռականություն է ցուցադրում։ Ինչպես հայտնի է, Դ. Թրամփը ՆԱՏՕ-ի վերափոխման կողմնակից է, ինչպես նաև ուկրաինական հարցում ՌԴ հետ հարաբերությունների ապասրման գաղափարի կողմնակից։ Նա նաև հստակորեն իսրայելամետ դիրք է գրավում և ձգտում է «գործն ավարտել»՝ վերացնելով Իրանի կղերապետական ​​վարչակարգը: Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ կարելի է ենթադրել, որ Անկարան կարող է բախվել ՆԱՏՕ-ում և, հետևաբար, մերձավորարևելյան տարածաշրջանում իր առանցքային դիրքերը կորցնելու հեռանկարին՝ ի տարբերություն Իսրայելի, որին ամերիկյան նոր վարչակազմը համարում է ավելի կարևոր գործընկեր և ԱՄՆ-ի համախոհ, քան՝ «ՆԱՏՕ-ի շատ այլ դաշնակիցների»:

Միանգամայն հնարավոր է, որ հենց այս փոփոխություններին ընդառաջ է, որ Իսրայելն ավելի մեծ վստահություն է ցուցաբերում և տրամադրություններ  հայտնում Թուրքիայի հետ բաց առճակատման մեջ մտնելու իր պատրաստակամության մասին։ Վերջինս, իր հերթին, անհանգստության նշաններ է ցույց տալիս՝ հետզհետե ավելի հաճախակի հայտարարելով, որ պատրաստ է ուղիղ ներխուժման Սիրիայի և Իրաքի տարածքներ, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն Թել Ավիվի և Վաշինգտոնի շահերի համար։

Իսրայելցի մի շարք փորձագետների կարծիքով՝ Իսրայելի և Թուրքիայի միջև ուղիղ բախման հավանականությունն այժմ ավելի մեծ է, քան երբևէ։ Իսկ եթե դա տեղի ունենա, ապա, ըստ նրանց, Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնական անդամները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, հակառակ կազմակերպության կանոնադրության, կկանգնեն Իսրայելի կողքին, իսկ մնացածները չեզոք դիրքորոշում կընտրեն։ Սա անհեթեթություն կլինի, բայց հավանական է, որ հենց այս անհեթեթությունը Թրամփի համար հարմար պատրվակ ծառայի դաշինքի ներկայիս կառուցվածքը կազմաքանդելու և առանց Թուրքիայի և այլ «անհարմար անդամների» այն վերածելու որևէ ավելի հարմար բանի՝ կյանքի կոչելու համար Միացյալ Նահանգների նոր գլոբալ պլանները։ Եվ Անկարան բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ այդ գլոբալ ծրագրերում Թուրքիային շատ ավելի քիչ տեղ կհատկացվի, քան նա զբաղեցնում էր մինչ այդ։

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 13.01.2025 թ.: