Սահմանակից երկրներ

ԹՈՒՐՔԻԱ–ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ ՄՐՑԱԿՑՈւԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Սեղմագիր

Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների, հայ-թուրքական հարաբերությունների ապակառուցողական տրամաբանությունից ելնելով Անկարայի դիրքերի ամրապնդումը ցանկացած այլ ուժային կենտրոնի, այդ թվում` արաբական երկրների շահերի հաշվին, թուլացնելու է ՀՀ անվտանգային միջավայրը։ Հայաստանի արտաքին քաղաքականության ճարտարապետությունը կարիք ունի որակապես նոր, բեկումնային ու հավակնոտ նախաձեռնությունների, որոնք թույլ կտան բարձրացնել ՀՀ տարածաշրջանային կշիռը, արաբական ազդեցիկ երկրների հետ երկխոսությունը բերել քաղաքական անհամեմատ բարձր մակարդակի։ Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային գործոն, որի հետ գործակցությունը կհիմնվի փոխշահավետ հավասարակշռության վրա։ Սա իր հերթին, մեր կարծիքով, կփոխի Երևան–Անկարա հարաբերությունների ներկայիս տրամաբանությունը։

Սեղմագիր

Аннотация

Исходя из процессов, происходящих вокруг Армении и деструктивной логики армяно-турецких отношений, усиление позиций Анкары за счет интересов любого другого центра силы, в том числе арабских стран, ослабит среду безопасности Армении. Архитектура внешней политики Армении нуждается в качественно новых, амбициозных инициативах, которые позволят увеличить региональный вес Армении, вывести диалог с влиятельными арабскими странами на несравненно более высокий политический уровень. Только в этом случае Армения может стать региональным фактором, сотрудничество с которым будет основываться на взаимовыгодном балансе. Это, на наш взгляд, в свою очередь, изменит нынешнюю логику отношений Еревана и Анкары.

TURKEY–ARAB WORLD COMPETITION AND ARMENIA
Veranyan K. V.

Summary

Based on the processes taking place around Armenia and the destructive logic of Armenian–Turkish relations, the strengthening of Ankara’s positions at the expense of the interests of any other power center, including Arab countries, will weaken Armenia’s security environment. The architecture of Armenia’s foreign policy needs new, groundbreaking and ambitious initiatives to increase the regional weight of Armenia, to bring the dialogue with influential Arab countries to an incomparably higher political level. Only in that case, Armenia can become a regional factor, with which cooperation will be based on a mutually beneficial balance. In our opinion, this, in turn, will change the current logic of Yerevan–Ankara relations.

Կարեն Վ. Վերանյան(1)(2)

ԹՈՒՐՔԻԱ–ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ ՄՐՑԱԿՑՈւԹՅՈՒՆԸ
ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

1. Թուրքիայի հավակնությունը իսլամական աշխարհում հատուկ կարգավիճակ ունենալու

Իսլամական աշխարհում այս կամ այն պետության լիդերության հարցին անդրադառնալիս անհրաժեշտ է հստակեցնել, որ իսլամական աշխարհն ինքնին միատարր չէ, առկա են տարբեր,  որոշ դեպքերում` մրցակից ու հակասական հոսանքներ և ուղղություններ։ Ուստի, դժվար է միանշանակ հայտարարել, որ իսլամական աշխարհում առաջատարություն ունի այս կամ այն երկիրը։ Մյուս կողմից, եթե խոսում ենք իսլամական աշխարհում առաջատարության կարգավիճակի մասին, ապա պետք է տարբերակել քաղաքական իսլամը և հանրային ընկալումները։ Քաղաքական իսլամը պայմանավորված է գլխավորապես տվյալ երկրի իշխանությունների ընտրած արտաքին քաղաքականությամբ, որը կարող է տարբերվել այդ երկրի հանրային ընկալումներից և նույնիսկ հակասել դրանց։

1. Թուրքիայի կշիռն իսլամական աշխարհում. իսլամի քաղաքականացումը

Էրդողանի ու «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորությամբ Թուրքիան կառուցում է իր արտաքին քաղաքականության ճարտարապետությունը իսլամական հիմնասյունի շուրջ։ Էրդողանն իրեն համարում է Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիայի մերօրյա սուլթանը։ Սակայն այն տարբերությամբ, որ Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետությունը տեսնում էր աշխարհիկության շրջանակում, Էրդողանը` իսլամի։

Էրդողանի` Օսմանյան կայսրության վերականգնման տեսլականը չի կարող չմտահոգել արաբական աշխարհին։ Քաղաքական իսլամը դարձել է Էրդողանի արտաքին քաղաքականության կարևորագույն լծակներից մեկը` Մեծ Մերձավոր Արևելքում հաստատելու Անկարայի մենիշխանությունը։

Իսլամական աշխարհում Անկարայի լիդերության հարցը ավելի լայն է, քան արաբական երկրների քարտեզը։ Այդ մրցակցությունը տարածվում է այնպիսի երկրների ուղղությամբ, ինչպիսիք են Իրանը, Պակիստանը, Ինդոնեզիան։ Եվ դժվար է ասել, Իրանի կշիռն է ավելի ազդեցիկ շիաների շրջանում, թե Սաուդյան Արաբիայինը կամ Թուրքիայինը` սուննիական հատվածում։ Սակայն ակնհայտ է, որ Թուրքիան իսլամական աշխարհի առանցքային հանգույցներից մեկն է։

Միանշանակ չէ նաև հետևյալ հարցի պատասխանը. արդյոք «Արաբական գարունը» դրական, թե բացասական ազդեցություն ունեցավ տարածաշրջանում ու իսլամական աշխարհում Թուրքիայի դիրքերի ամրապնդման գործում։ Ըստ էության, Էրդողանը ընդունեց այդ գործընթացը` հույս ունենալով, որ այն կթուլացնի արաբական պետությունների դիրքերը տարածաշրջանում և կամրապնդի Անկարայի ազդեցությունը։ «Արաբական գարնան» նկատմամբ արաբական երկրների լիդերների անորոշ դիրքորոշումը և Էրդողանի ոգևորությունը ևս մեկ քայլով օտարեցին արաբական-իսլամական երկրների ու Թուրքիայի միջև հարաբերությունները։ «Արաբական գարնան» նկատմամբ Էրդողանի համակրանքը կարող էր պայմանավորված լինել արաբական երկրների՝ հատկապես երիտասարդության շրջանում հանրային ընկալումների վրա նրա խաղադրույքով։

Վերջին տասնամյակներում Թուրքիայի իշխանությունները կարողացել են լուրջ հաջողություններ արձանագրել տարբեր տարածաշրջաններում թուրքական մշակույթի ազդեցության տարածման ուղղությամբ։ Հատկապես մեծ է երգ-երաժշտության, կինեմատոգրաֆիայի, խոհանոցի, իսլամադավան կրթօջախների ներգործությունը։ Մյուս կողմից, սիրիական ճգնաժամն ու Սիրիայում թուրքական ռազմական գործողությունները մեծապես ստվերեցին թուրքական մշակույթի նկատմամբ տարբեր երկրների և, հատկապես, արաբական պետությունների հանրային ընկալումները։ Ժամանակին առկա այդ դրական ընկալումները «սեղմվում» են նաև Թուրքիայում ազգայնականության խորացման միտումների համատեքստում։ Երկրում  ազգայնականության աճն ավելի շուտ բացասական, քան դրական ազդեցություն է թողնում Մերձավոր Արևելքում ու իսլամական աշխարհում Անկարայի դիրքերի վրա։ Տարածաշրջանային մի շարք տերություններ, ինչպես, օրինակ` Սաուդյան Արաբիան և Իրանը, մտավախություն ունեն, որ Թուրքիան, ազգայնականության աճի ֆոնին քաղաքականացնելով իսլամը՝ ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրության ավանդույթներն իրենց ազդեցության հաշվին։

Իսլամական աշխարհում Թուրքիայի կշիռը թուլանում է նաև «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանն ու Քաթարին ցուցաբերվող Թուրքիայի քաղաքական աջակցության արդյունքում։ Հատկապես լարվածություն կա Թուրքիայի և, մյուս կողմից, Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերություններում։

Անկարայի` իբրև իսլամական աշխարհի առաջատար ներկայանալու Էրդողանի կոչերը ավելի շուտ մարտահրավեր, քան միասնականության կոչ են ներկայանում իսլամական ու արաբական պետությունների իշխանությունների ու հանրային ընկալումների համար. Էրդողանը քանիցս է հայտարարել, որ «Թուրքիան իր հարուստ մշակութային ու պատմական ժառանգությամբ, աշխարհագրական դիրքով միակ պետությունն է, որը կարող է առաջնորդել իսլամական աշխարհը»(3)։ Իսլամական աշխարհում Թուրքիայի ազդեցության ընդլայնման նպատակով Էրդողանը օգտագործում է նաև տնտեսական լծակները։ Եթե իսլամադավան երկրների հետ Թուրքիայի առևտրաշրջանառությունը 2002 թ.-ին $8.4 մլրդ էր, ապա 2018 թ. այն կազմում էր $69 մլրդ(4)։

Էրդողանի իսլամակենտրոն արտաքին քաղաքականությունը մտահոգում է նաև Արևմուտքին։ Լարվածությունը ավելանում է Էրդողանի վարած արտաքին քաղաքականության` ասիական դաշտում կենտրոնանալու և Ռուսաստանի հետ գործակցության ֆոնին։

Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության իսլամականացումը պայմանավորված է նաև երկրի ներքաղաքական, ներիշխանական մրցապայքարով։ Երկրի ներսում Էրդողանի իշխանությանը մշտական սպառնալիք է ներկայանում աթաթուրքիզմն ու նրա աշխարհիկությունը։ Հիմնվելով իսլամական ազգայնականության վրա` Էրդողանը կարողանում է հակակշռել աթաթուրքական աշխարհիկությունը։

Շուրջ երկու տասնամյակների կառավարումից հետո Էրդողանն ու իր թիմը շարունակում են ունենալ բազում կողմնակիցներ երկրի հանրության ազգայնական-իսլամական շրջանակներում։ Սակայն քիչ չեն նաև նրա իշխանությունից դժգոհների ու փոփոխությունների կողմնակիցների շարքերը, հատկապես՝ երիտասարդների շրջանում, որոնք մեծ ակնկալիքներ են ունեցել Էրդողանից, սակայն այդպես էլ դրանք չեն արդարացել։ Երիտասարդության շրջանում մեծ է այն կողմնակիցների թիվը, ովքեր տեսնում են Թուրքիայի ապագան աշխարհիկ-ազգային, ժողովրդավարական կառավարման ուղու մեջ։ Էրդողանի քաղաքականության իսլամականացումը նվազեցրել է իսլամի դերը հանրային այդ ընկալումներում։ Մեծ է նաև հիասթափությունը հանրության երիտասարդ այն թևի շրջանում, ովքեր Թուրքիայի եվրոպականացման կողմնակիցներն էին և մեծ հույսեր ունեին ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությունից(5):

Իսլամական աշխարհում Էրդողանի առաջնորդության հավակնությունները բախվում են Սաուդյան Արաբիայի հետ։ Մրցակցությունն առավել ընդգծվում է այն առումով, որ երկու երկրներն էլ բնակչության մեծամասնությամբ սուննի են։ Բացի դա, Սաուդյան Արաբիայում է գտնվում ուխտագնացների սրբավայր Մեքքան, ինչը հարկադրում է իսլամական աշխարհին առնվազն լավ հարաբերություններ պահպանել Սաուդյան Արաբիայի հետ։ Անկարա–Էր Ռիադ հակասությունները սրվեցին հատկապես Եմենի քաղաքացիական պատերազմին Սաուդյան Արաբիայի միջամտության հետևանքով։ Անկարան առիթը բաց չէր թողնում մեղադրելու Էր Ռիադի իշխանություններին արաբական-իսլամական համերաշխության պառակտման մեջ։

2. Նոր միտումներ

Վերջին տարիներին, սակայն, Էր Ռիադի ուղղությամբ Էրդողանի արտաքին քաղաքականությունը դառնում է ավելի կառուցողական ու փոխզիջումային։ 2022թ. հունիսին Էրդողանը հյուրընկալեց Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմադ իբն Սալմանին` որակելով երկու երկրների միջև հարաբերությունները որպես նոր դարաշրջան(6)։

2022թ. ապրիլին Թուրքիան սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի գործը հանձնեց Էր Ռիադին, ինչը սրել էր լարվածությունը երկու երկրների միջև։ Էրդողանի այդ քայլը փորձագետները որակում են՝ որպես երկու պետությունների միջև հակամարտության թուլացման, միգուցե նաև հարաբերությունների կարգավորման նոր հնարավորություն(7) Էր Ռիադ-Անկարա հարաբերությունների կարգավորման հարցում մեկ այլ լուրջ քաղաքական ժեստը «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանը Էրդողանի քաղաքական աջակցության թուլացումն էր(8)։ Խմբավորումը լուրջ սպառնալիք է համարվում ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ՝ Եգիպտոսի ու ԱՄԷ գործող վերնախավի իշխանության պահպանման համար։ «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանը Թուրքիայի քաղաքական աջակցության թուլացումը կարող է խոսել իսլամական աշխարհում Անկարայի և առաջին հերթին Էրդողանի դիրքերի թուլացման հավանականության մասին։

Ընդհանուր առմամբ, Էր Ռիադի հետ հաշտեցման այս քայլերը կարող են պայմանավորված լինել երկու իրողություններով։ Նախ` վերջին տարիներին լուրջ վերափոխումներ են տեղի ունենում Մեծ Մերձավոր Արևելքի ռազմավարական քարտեզում, որտեղ գնալով առանցքային դերակատարություն են ստանձնում Ծոցի արաբական երկրները։ Այդ փոփոխությունները չի կարող շրջանցել Էրդողանը։ Մյուս կողմից, իսլամական աշխարհում առաջնորդության քաղաքականությունը, կարծեք թե, իրեն սպառում է, և իսլամական ու արաբական աշխարհում անհրաժեշտ է փոխել մրցակցության ու հակասությունների տրամաբանությունը հաշտեցմամբ։

3. Թուրքիայի դերը արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում

Խոսելով Թուրքիայի և արաբական աշխարհի միջև մրցակցության մասին, նախ անհրաժեշտ է հստակեցնել «Արաբական աշխարհ» սահմանումը։ Մասնագիտական գրականությունում շատ հաճախ կարելի է հանդիպել «Արաբական աշխարհ» սահմանումը որպես քաղաքական, քաղաքագիտական կատեգորիա։ Իրականում արաբական երկրները արդեն տասնամյակներ չեն ներկայանում որպես մեկ միասնական ամբողջություն։ Արաբական երկրներին միավորող թերևս միակ գործոնը եղել է Պաղեստինյան հիմնահարցն ու դրա կարգավորման գործընթացը։ Թեև հիշյալ հիմնահարցն առայսօր շարունակում է մնալ չկարգավորված, այդուհանդերձ, այն վաղուց արդեն դադարել է գոյություն ունենալ որպես արաբական երկրներին միավորող քաղաքական գործոն։ Վաղուց արդեն արդիական չէ նաև «Արաբա-իսրայելական հակամարտություն» սահմանումը։ Իսրայելի ու մի շարք արաբական պետությունների միջև նախկին հակասություններին այսօր փոխարինում է հաշտեցման գործընթացի տրամաբանությունը։ Այսօր որոշ արաբական երկրներ (օրինակ` Եգիպտոսը, Հորդանանը, ԱՄԷ-ն) շատ ավելի շոշափելի համագործակցություն են հաստատել Իսրայելի, քան Պաղեստինի իշխանությունների հետ։ Հեռանկարային է Իսրայելի ու Ծոցի արաբական երկրների միջև համագործակցությունը (Բահրեյն–Իսրայել, Սաուդյան Արաբիա–Իսրայել)։

Հիշյալ համատեքստում առաջին հայացքից ստեղծվել է մի իրավիճակ, որը լավ հնարավորություններ է ընձեռում Թուրքիային՝ ընդլայնելու իր ներգրավվածությունը Պաղեստինյան հիմնահարցի կարգավորման գործընթացում։

3.1 Պաղեստինյան հիմնախնդրի համատեքստում
Արաբական աշխարհ– Թուրքիա հարաբերությունները.
մրցակցությո՞ւն, թե՞ լիդերության փոփոխություն

Իսրայել-Թուրքիա ռազմավարական դաշինքի տապալմամբ վերջին տասնամյակում Էրդողանը կարողացել է որոշ քաղաքական դիվիդենտներ ստանալ Պաղեստինյան հիմնահարցի շուրջ արաբական երկրների հանրային ընկալումներում։ Ինչպես արդեն նշվեց, արաբական երկրների համար պաղեստինյան հիմնահարցը այլևս օրակարգային չէ։ Պաղեստինի ուղղությամբ Իսրայելի ռազմական գործողությունների շուրջ պաշտոնական հայտարարություններում առաջամարտիկն ավելի շատ Էրդողանն է, քան որևէ արաբական պետության առաջնորդ։ Տպավորություն է ստեղծվում, որ Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը վաղուց արաբական երկրներից լուռ համաձայնությամբ փոխանցվել է Անկարային։ Այս դինամիկան սահմանափակվումէ, սակայն, թերևս միայն դեկլարատիվ հայտարարություններով։ Իրական քաղաքականությունում պաղեստինյան հիմնահարցի կարգավորման հարցը չի անցնում հայտարարություններից այն կողմ։ Էրդողանը քանիցս հանդես է եկել տարբեր հակամարտությունների կարգավորման հարցում միջնորդական առաքելությամբ հանդես գալու պատրաստակամությամբ, այդ թվում՝ նաև Պաղեստինյան հակամարտության դեպքում։ Էրդողանի համար սա կարող է լավ հնարավորություն լինել մեծացնել Թուրքիայի քաղաքական ազդեցությունը Իսրայելի ուղղությամբ, ինչպես նաև ամրապնդել դիրքերը տարածաշրջանում` ներակայալով որպես հաշտարար։

Ուշագրավ է, որ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի իրավունքների Էրդողանի հայտարարությունները չունեն կրոնական համատեքստ։ Ասել է, թե հայտարարություններում չի ընդգծվում իսլամական գործոնը։ Սա, թերևս, հասկանալի է հատկապես Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների հնարավոր բարելավման ֆոնին։ Այլապես ստացվում է, որ մի կողմից Էրդողանը շահարկում է իսլամական գործոնը, մյուս կողմից` խոսում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումից։

3.2 Պաղեստինյան հիմնախնդրի կարգավորման շուրջ
ներկայիս քաղաքական միտումները և Թուրքիայի ներգրավվածությունը

2023թ. հուլիսին Անկարայում Էրդողանը հյուրընկալեց Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին`պաղեստինյան հիմնահարցի, Պաղեստինի ուղղությամբ Իսրայելի ռազմական գործողությունների քննարկման նպատակով։ Էրդողանը, ինչպես նախկինում, հանդես եկավ Իսրայելի գործողությունները դատապարտող հայտարարությամբ։

Իրականում դժվար չէ տեսնել, որ վերջին ամիսներին նկատվում է Իսրայելի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լարվածության թուլացման միտում։ Անգամ Իսրայելի ղեկավարությունը նախատեսում էր այցելել Թուրքիա։ 2022թ. փետրվարին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան չի լքի Պաղեստինի ժողովրդին, եթե վերականգնի հարաբերությունները Իսրայելի հետ, ինչպես դա արեցին որոշ երկրներ(9)։ Ըստ էության, Աբբասի վերջին այցելությունը Անկարա ուղղված էր մեղմելու պաղեստինյան կողմի դիրքորոշումը Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավման գործընթացի հետ կապված։ 2022թ. մայիսին Իսրայել այցելեց Չավուշօղլուն։ Սա թուրք բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցելությունն էր Իսրայել վերջին 15 տարիների ընթացքում։ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիայի և Իսրայելի միջև կապերը կնպաստեն Պաղեստինյան հիմնահարցի կարգավորմանը(10)։

Քաղաքական հարաբերություններից բացի, կողմերը քննարկում են համագործակցության հնարավորությունները նաև տնտեսական-էներգետիկական ոլորտում։ Մասնավորապես, խոսքը Միջերկրական ծովի ավազանից Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա բնական գազի արտահանման հարցերի շուրջ է(11):

4. Թուրքիայի ներգրավվածությունը Սիրիայում

Թուրքիայի ներգրավվածությունը Սիրիական ճգնաժամում ընդհանուր առմամբ կարելի է բնութագրել իբրև ապակառուցողական, որը նպաստեց ճգնաժամի խորացմանը, ինչպես նաև խորացրեց անկայունությունը ողջ Մերձավոր Արևելքում։ Քրդական խմբավորումների դեմ հակաահաբեկչական գործողություններ նախաձեռնելու պատրվակով Թուրքիայի ներխուժումը Սիրիայի սուվերեն տարածք նախադեպ ստեղծեց Անկարայի համար տարածաշրջանի այլ երկրների ինքնիշխանության ու սուվերենության խախտման հնարավորության համար։ Սիրիային հաջորդեց Թուրքիայի ռազմաքաղաքական ներխուժումը Իրաք, այնուհետև՝ Լիբիա:

Սիրիայի տարածքում Անկարայի ռազմական գործողությունները եղել են ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական նշանակության։ Այդ երկրի քրդերի դեմ ռազմական գործողություններով Էրդողանը, մասնավորապես, թուլացրեց Թուրքիայի քրդերի ռազմաքաղաքական դիմադրությունը, ինչպես նաև քաղաքացիական ընդդիմության ազդեցությունը, հետևաբար՝ ամրապնդեց իր ու իր թիմի ռազմաքաղաքական դիրքերը։ Ռազմական օպերացիաները միտված էին ցուցադրելու միջազգային հարաբերություններում ու Վաշինգտոնից անկախ Անկարայի ինքնուրույն որոշումներ կայացնելու ու գործելու հնարավորությունը։Սա նաև տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներուժի ու տարածաշրջանային հավակնությունների ցուցադրություն էր։ Էրդողանն առժամանակ իր շուրջը մոբիլիզացրեց երկրի զինված ուժերը` թուլացնելով ուժայինների ազդեցությունը երկրի քաղաքական գործընթացի վրա։

4.1 Սիրիական ճգնաժամի քաղաքական հետևանքները
և Թուրքիայի տարածաշրջանային կշիռը հետճգնաժամային իրավիճակում

Հարցի կարճաժամկետ հեռանկարում, հետճգնաժամային իրավիճակում Թուրքիան կարողացավ ամրապնդել դիրքերը տարածաշրջանում` հարկադրելով իր որոշումների հետ հաշվի նստել թե տարածաշրջանային տերություններին, թե միջազգային խաղացողներին ու, առաջին հերթին՝ Վաշինգտոնին։

Երկարաժամկետ տեսլականով, հետճգնաժամային իրավիճակում Թուրքիան դարձավ անկանխատեսելի գործընկեր ու հարևան տարածաշրջանի պետությունների համար։ Այդ գործողությունները առավել մտահոգիչ են Թուրքիայի բնական հակառակորդներ Հունաստանի ու Կիպրոսի համար։ Քիչ չէ նաև անհանգստությունը Ծոցի արաբական երկրների շրջանում (Սաուդյան Արաբիա–Թուրքիա մրցակցությունը, լարվածությունը Թուրքիա–ԱՄԷ հարաբերություններում), չնայած վերջերս Անկարան ձգտում է բարելավել հարաբերությունները
Ծոցի արաբական երկրների հետ(12): Որքան էլ Սիրիայի տարածքում Թուրքիայի գործողությունները, ընդհանուր առմամբ, զուգակցվեցին արաբական երկրների լուռ համաձայնությամբ, այդուհանդերձ, սա մարտահրավեր է այդ երկրներից յուրաքանչյուրի համար։

Թուրքիայի միանձնյա գործողությունները լուրջ մարտահրավեր նետեցին տարածաշրջանի անվտանգային համակարգին` դարձնելով այն էլ ավելի խոցելի։ Սիրիայի ինքնիշխան տարածք Թուրքիայի ներխուժումը մեկ քայլով ևս նպաստեց տարածաշրջանում վերջինիս մեկուսացմանը, ինչը մեկնարկել էր Արաբական գարնան ընթացքում։ Էրդողանի ռազմական արկածախնդրությունը համալրեց նրա քաղաքական ընդդիմախոսների շարքերը, թուլացրեց իր ու իր թիմի քաղաքական ազդեցությունը(13)։

4.2 Ահաբեկչական խմբերը և Թուրքիան

Սիրիական ճգնաժամի ընթացքում Թուրքիայի ու ահաբեկչական խմբավորումների միջև կապերի մասին բազմիցս անդրադարձել են ինչպես տարբեր վերլուծաբաններ, այնպես էլ նման գնահատականներ հնչեցրել են բարձրաստիճան պաշտոնյաներ։ ՌԴ նախագահ Վ. Պուտինը քանիցս անդրադարձել է այն հարցին, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքներից նավթը տեղափոխվում է Թուրքիա։ Անգամ հրապարակվել են արբանյակային լուսանկարներ, որոնք հավաստում էին ահաբեկչական խմբավորումների ու Թուրքիայի միջև նավթային գործարքների փաստը։ ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը նույնիսկ հայտարարեց, որ Էրդողաննանհատապես իր ընտանիքի անդամների հետ է ներգրավված Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ նավթային առևտրում(14)։ Տարբեր գնահատականներով՝ Սիրիայից օրական արտահանվում էր շուրջ 30.000 բարել հում նավթ, որի զգալի բաժինը` դեպի Թուրքիա(15)։

Երկրորդ Արցախյան պատերազմի հետ կապված ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ ահաբեկչության ֆինանսավորման հոդվածով։ Այն վերաբերում է արցախյան ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական պաշտոնատար անձանց կողմից ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորմանը։ Առկա տվյալներով, Արցախի և ՀՀ տարածքում ահաբեկչություն կատարելու նպատակով Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտոնատար անձինք գործել են կազմակերպված խմբի կազմում և դրամական միջոցներ, ինչպես նաև զենք և ռազմամթերք են տրամադրել «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ», «Սուկուր», «Ալ Համզաթ», «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորումներին։ Հիշյալ խմբավորումներից ընտրվել են ահաբեկիչ-վարձկաններ, ապահովել է նրանց անցումը սիրիա-թուրքական սահմանով Թուրքիայի, ապա Ադրբեջանի տարածքներ(16)։

Վերջերս տված հարցազրույցներից մեկում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել էր, որ հենց Թուրքիան է հովանավորում ռազմականացված ընդդիմադիր խմբավորումներին, որոնք փորձում են իշխանությունից հեռացնել Ասադին` 2016թ.-ից ի վեր իրականացնելով երեք հիմնական ներխուժում Սիրիայի հյուսիս։ Արդյունքում Թուրքիան է վերահսկում Սիրիայի հյուսիսային տարածքները։ Նրա խոսքով, Սիրիայում ահաբեկչությունը կազմակերպվում է Թուրքիայում(17)։

Փորձագետները նկատում են, որ Անկարան ֆինանսական ու քաղաքական աջակցություն է ցուցաբերում ոչ միայն Սիրիայում, այլև՝ տարածաշրջանի այլ երկրներում տեղակայված ռազմականացված ահաբեկչական խմբավորումներին։ Շատ է խոսվել Ծոցի արաբական երկրներում, ՌԴ-ում ահաբեկչական խմբավորում հռչակված «Մուսուլման եղբայրների» ու Թուրքիայի կապերի մասին։ Խմբավորումը որոշ դեպքերում «Իսլամական պետություն» խմբավորման հետ համատեղ գործողություններ է իրականացրել Եգիպտոսում` երկրի քաղաքական իրադրությունը ապակայունացնելու նպատակով(18)։ Նշենք, որ այսպես, օրինակ, 2015թ. հուլիսին Եգիպտոսի հատուկ ծառայությունները բացահայտեցին Թուրքիայի արտաքին հետախուզական ծառայության 4 գործակալների, որոնք կապեր ունեին «Իսլամական պետություն» խմբավորման հետ(19)։

5. Վտանգներ և հնարավորություններ ՀՀ-ի համար

Ինչպես արդեն նշվեց, Սիրիայի սուվերեն տարածք Թուրքիայի ներխուժումը նոր նախադեպ ստեղծեց Մեծ Մերձավոր Արևելքում։ Արդյունքում, Թուրքիայի անպատժելիությունը Էրդողանին խրախուսեց նոր արկածախնդրությունների դիմել Իրաքում, Լիբիայում, իսկ հետագայում նաև անուղղակիորեն երկրորդ պատերազմում։ Միջազգային իրավունքի դե յուրե ու դե ֆակտո անընդունակությունը Թուրքիային բերելու պատասխանատվության դաշտ վերջինիս դարձրեց անկանխատեսելի գործընկեր տարածաշրջանի համար։

Հարավային Կովկասում Թուրքիայի շահերը մասամբ փոխկապակցված են հայ-ադրբեջանական հակամարտությամբ, ինչը վտանգներ է ներկայացնում ՀՀ տարածաշրջանային անվտանգության համար։ Հայաստանի անկախացումից ի վեր հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են եղել արցախյան հակամարտությամբ և դրանում Երևանի ներգրավվածությամբ։ Թուրքիայի իշխանությունները պայմանավորել են արցախյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերություններով` այն հիմնավորմամբ, որ քանի դեռ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող բարելավվել։ Դժվար է ասել, թե արդյոք Արցախի հայաթափումը կհանգեցնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը թե ոչ, հետևաբար, նույնքան անորոշ է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների հեռանկարը։

Տարածաշրջանում Անկարայի դիրքերը ամրապնդվում են նաև հայ-ռուսական հարաբերությունների լարվածությամբ։ Որքան թուլանում է Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցությունը, այնքան ուժեղանում են տարածաշրջանային երկրների` Թուրքիայի ու Իրանի դիիրքերը։ Հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը կարող է ակտուալացնել ՀԱՊԿ-ից Երևանի դուրս գալու, ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության նպատակահարմարության հարցերը, ինչը առանձին ուսումնասիրության թեմա է։

5.1 Արաբական աշխարհ–Թուրքիա մրցակցության ազդեցությունը ՀՀ-ի վրա. մարտահրավերներ և հնարավորություններ

Արդեն խոսվեց, որ այնքան էլ տեղին չէ օգտագործել «Արաբական աշխարհ» սահմանումը նախ այն պատճառով, որ արաբական երկրների համար չկա այն միասնական գաղափարը, որը կարող էր ձևավորել միասնական ճակատ։ Պաղեստինյան հիմնահարցը վաղուց դադարել է իր շուրջը միավորել արաբական երկրների համերաշխությունը։ Արաբական երկրներն ունեն տարածաշրջանային շահեր, որոնք կարող են ոչ միայն չհամընկնել, այլև հակասել միմյանց։ Այդ երկրների արտաքին քաղաքականության ճարտարապետությունը զգալի փոփոխություններ կրեց հատկապես Արաբական գարնան արդյունքում։

Արաբական երկրների ու Թուրքիայի միջև մրցակցության հարցին անդրադառնալիս նախ անհրաժեշտ է հաստատել, որ Անկարայի ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում, գործողությունները Սիրիայում ու այլ արաբական երկրներում լուրջ մարտահրավեր են ներկայացնում տարածաշրջանի ազդեցիկ արաբական պետությունների համար։ Հատկապես դա վերաբերում է Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային ու Ծոցի արաբական երկրներին, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում կոորդինացնել իրենց շահերը` զսպելու Անկարայի հավակնությունները տարածաշրջանում։

Ինչ վերաբերում է ՀՀ վրա արաբական երկրների ու Թուրքիայի միջև մրցակցության ազդեցության հարցին, ապա նախ պետք է հասկանալ, թե որքանո՞վ են տվյալ արաբական երկրները քաղաքական գործոն ՀՀ արտաքին քաղաքականությունում։ Նույնը կարելի է ասել նաև հակառակ դեպքում, այն է` որքանո՞վ է ՀՀ-ն տեղավորվում արաբական երկրների արտաքին քաղաքական հորիզոնում։ Հանուն արդարության պետք է նշել, որ Երևանը շարունակում է արաբական մի շարքերկրների հետ պահպանել ավանդաբար ձևավորված ջերմ, բարիդրացիական հարաբերություններ։

Սակայն դժբախտաբար, անկախությունից ի վեր ՀՀ-ն այդպես էլ չկարողացավ անհրաժեշտ ճկունություն ցուցաբերել իր արտաքին քաղաքականությունում, որը թույլ կտար այդ ավանդական հարաբերություններից դուրս բերել որակապես ավելի բարձր երկկողմանի ու բազմակողմանի համագործակցության մակարդակ։ Արդյունքում, արաբական ազդեցիկ երկրների տարածաշրջանային քաղաքականությունում Երևանը, որպես այդպիսին, չունի այն կշիռը, որը թույլ կտար դարձնել այն գործոն Թուրքիայի հետ հարաբերություններում։ Հայաստանն իր հերթին արաբական երկրների հետ պահպանում է տնտեսական, առևտրային որոշ հարաբերություններ, սակայն քաղաքական հարաբերությունները էական ազդեցություն չունեն տարածաշրջանային գործընթացներում։

Թերևս սխալ չի լինի ասել, որ այդ ամենի արդյունքում մեծ հաշվով արաբական երկրների ու Թուրքիայի միջև մրցակցությունը էական ազդեցություն չունի և չի ունեցել ՀՀ ուղղությամբ։ Բացառությամբ այն, որ Սիրիայի տարածք Թուրքիայի ներխուժումը հանգեցրեց արաբական այդ երկրի հայ համայնքի հայաթափմանը, տեղահանություններին ու բռնություններին։ Սակայն այս հարցըհայագիտական ուսումնասիրության հարթությունում է։

5.2 Թուրքիայի իսլամական հավակնությունները
և հնարավոր հետևանքները ՀՀ-ի համար

Իսլամի քաղաքականացումը այսօրվա Թուրքիայի ու, անհատապես, Էրդողանի հիմնական լծակներից մեկն է տարածաշրջանում իր երկրի ազդեցությունը ընդլայնելու համար։ Մյուս կողմից, Թուրքիայի իսլամական հավակնությունները միանշանակ չեն կարող ընդունվել իսլամական աշխարհում։ Ինչպես նշեցինք, այդ աշխարհն ինքը միատարր չէ։ Բացի այդ, տարբեր տարածաշրջանային իսլամադավան ազդեցիկ պետությունների շահերը առնվազն մրցակցային են թե կրոնական, թե քաղաքական հարթությունում։

Տարածաշրջանում, այդ թվում` ՀՀ-ի համար Թուրքիայի իսլամական հավակնությունները շատ ավելի մտահոգիչ են, երբ դրանք ներկայանում են ազգայնականության հետ միախառնված։ Հենց այս երկու գործոններն են որպես գաղափարական հենք գործադրվել ՀՀ ու Արցախի ուղղությամբ Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերի համատեղման հարցում։ Կովկասում ու Միջին Ասիայում իր ազդեցությունը խորացնելու նպատակով Անկարան իսլամական գործոնից բացի խաղարկում է թյուրքական խաղաքարտը։ Եվ որքան ՌԴ դիրքերը թուլանան այդ տարածաշրջաններում, որքան շատ Մոսկվան խրվի ուկրաինական ճգնաժամում, այնքան մեծանում են Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները։ Համենայն դեպս, Արևմուտքը առայժմ բավարար վճռականություն չի ցուցաբերում խորացնելու ազդեցությունը հարավկովկասյան ու ՀՀ ուղղությամբ։

Մյուս կողմից, Երևանը կարող է խուսափել Անկարայի կողմից իսլամի քաղաքականացման հնարավոր ազդեցությունից, եթե փորձի հարցը շեղել կրոնական հարթությունից։ Ինչ-որ իմաստով Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում, թմբկահարելով քրիստոնեական պետություն ու ժողովուրդ լինելու իրողությունը, ինքնաբերաբար ջուր է լցրել թուրք-ադրբեջանական ջրաղացին։ Արդյունքում, վերջիններս սա օգտագործում են հայ-ադրբեջանական հակամարտությունը տանելով նաև կրոնական ուղղությամբ։ Այն դեպքում, երբ Հայաստանը տասնամյակներ շարունակ բարիդրացիական հարաբերություններ է հաստատել ազդեցիկ իսլամադավան երկրների հետ, ինչպես Իրանն է, Եգիպտոսը կամ Սիրիան։

Տարածաշրջանում ու ՀՀ ուղղությամբ Թուրքիայի իսլամական հավակնությունների ազդեցության հնարավոր հետևանքները մեղմելու և առհասարակ Թուրքիայից եկող մարտահրավերները զսպելու համար Հայաստանը կարող է քաղաքական որոշում ընդունել` երկխոսություն սկսել Անկարայի հետ։ Սա ինչ-որ առումով կարող է շեղել թուրք-ադրբեջանական տանդեմի վեկտորը հայկական օրակարգից։ Դա կարող է աշխատել Անկարայի համար։ Որքան էլ դինամիկ է զարգանում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցությունը, Անկարան հնարավորության դեպքում կփորձի թուլացնել Ադրբեջանի քաղաքական ճնշումը հայկական օրակարգի առումով։

Տարբեր երկրներում ու տարածաշրջաններում Թուրքիայի իսլամական հավակնություններին ժամանակին ակտիվորեն նպաստում էր գյուլենականության շարժումը` արտերկրում հիմնելով թուրքական իսլամական կրթօջախներ։ Անգամ Թուրքիայի ներկայիս իշխանությունների հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո շարժման տրամադրության տակ են գտնվում լոբբիստական խմբեր ու կազմակերպություններ, ուղեղային կենտրոններ՝ Վաշինգտոնում ու Բրյուսելում, մեդիա ու հեռուստատեսային ցանցեր, համալսարաններ եվրոպական այլ խոշոր քաղաքներում։ 2000-ականների դրությամբ շարժման հիմնադրած կրթօջախներում ուսում էր ստանում ավելի քան 2 մլն ուսանող(20)։

Այսօր ևս պաշտոնական Անկարան իսլամն օգտագործում է նաև Հյուսիսային Կովկասում իր ազդեցությունը տարածելու նպատակով։ Այդ հարցում քաղաքական լծակ են ծառայում Թուրքիայում բնակվող հյուսիսկովկասյան ազգային փոքրամասնությունները։ Հատկապես մեծ հեղինակություն է վայելում Թուրքիայում գործող հյուսիսային կովկասյան ժողովուրդների իրավունքների պաշտպանության KAFFED կազմակերպությունը։ Խոսվում է նաև կազմակերպության հակառուսական ուղղվածության մասին(21)։

6. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տասնամյակներ առաջ արաբական համերաշխությունը գործում էր պաղեստինյան հիմնահարցի շուրջ, սակայն այն այլևս չի ներկայանում որպես արաբական երկրներին միավորող գաղափար։ Դա հավասարապես վերաբերում է նաև Թուրքիային, սակայն այն տարբերությամբ, որ վերջինս հարցը կշարունակի բարձրաձայնել դեկլարատիվ մասով։

Տարածաշրջանում Անկարայի շահերը մրցակցային են այնպիսի արաբական երկրների հետ, ինչպիսիք են Ծոցի համագործակցության խորհրդի երկրները։Առաջիկա տարիներին կողմերի միջև շահերի բախումն առավել շոշափելի կդառնա։ Թուրքիան մերձավորարևելյան ռազմավարությունում սկսել է առավել հաճախ կիրառել «փափուկ» կամ «խելացի ուժի» դիվանագիտությունը։ Անկարայում նախընտրում են Իսրայելի հետ ավելի քան տասնամյակ տևած առճակատումը փոխարինել համագործակցության նոր փուլով։ Սա, իր հերթին, կմեծացնի մրցակցությունը Թուրքիայի և Ծոցի արաբական երկրների միջև։

Հայաստանի ուղղությամբ Թուրքիայի և արաբական երկրների միջև մրցակցության հնարավոր ազդեցությոան հարցը կախված է նրանից,  թե որքանով Թուրքիային կհաջողվի ամրապնդել դիրքերը տարածաշրջանում արաբական երկրների շահերի հաշվին։ Հասկանալի է, որ ՀՀ շուրջ առկա անվտանգային մարտահրավերների և հայ-թուրքական ներկայիս հարաբերությունների տրամաբանության շրջանակում որքան տարածաշրջանում ավելանա Անկարայի ազդեցությունը, այդքան ՀՀ շուրջ օղակը կսեղմվի։

Հայաստանի արտաքին քաղաքականությունում անհրաժեշտ ճկունությունը թույլ կտա բարձրացնել արաբական երկրների հետ քաղաքական համագործակցությունը որակապես նոր մակարդակի։Այդ իմաստով Երևանին անհրաժեշտ է վարել հավակնոտ, պրագմատիկ քաղաքականություն, որը կարտացոլի Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող խորքային գործընթացները։ Դա, իր հերթին, կբարձրացնի Հայաստանի տարածաշրջանային կշիռը արաբական երկրների համար։ Միևնույն ժամանակ, չպետք է բացառել Թուրքիայի հետ ՀՀ ուղիղ երկխոսության հնարավորության օրակարգը։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. Only Turkey can lead Muslim world, says Erdoğan (2018). Ahlav news agency (15.10.2018), https://ahvalnews.com/islam/only-turkey-can-lead-muslim-world-says-erdogan?amp (բեռնման օրը` 03.09.23).
  2. Birol Baskan. Turkey’s Pan-Islamist Foreign Policy (2019). The Cairo review of global affairs (spring 2019), https://www.thecairoreview.com/essays/turkeys-pan-islamist-foreign-policy/ (բեռնման օրը` 03.09.23).
  3. Turks Divided on Erdogan and the Country’s Direction (2014). Pew research center (30.07.2014), https://www.pewresearch.org/global/2014/07/30/turks-divided-on-erdogan-and-the-countrys-direction/ (բեռնման օրը` 06.09.23).
  4. Orhan Coskun and Tuvan Gumrukcu. Saudi crown prince, Erdogan meet in Turkey with ‘full normalisation’ in sights (2022). Reuters news agency (22.07.2022), https://www.reuters.com/world/middle-east/saudi-crown-prince-erdogan-meet-turkey-with-full-normalisation-sights-2022-06-22/ (բեռնման օրը` 06.09.23).
  5. 5. Anchal Vohra. The Muslim Brotherhood’s Survival Is Now in Question (2023). Foreign policy (27.08.2023), https://foreignpolicy.com/2023/08/07/muslim-brotherhood-turkey-survival/ (բեռնման օրը` 07.09.23).
  6. Turkey says it will not abandon Palestinian support for closer ties to Israel (2022). Reuter’s agency (08.02.2022), https://www.reuters.com/world/middle-east/turkey-says-it-will-not-abandon-palestinian-support-closer-ties-israel-2022-02-08/ (բեռնման օրը` 15.09.23):
  7. Baris Balci. Turkey, Israel Discuss Natural Gas Exports With Eye on Europe (2023). Bloomberg (03.09.2023), https://www.bloomberg.com/news/articles/2023-09-03/turkey-israel-discuss-natural-gas-exports-with-eye-on-europe (բեռնման օրը` 15.09.23):
  8. Emily Milliken and Giorgio Cafiero. What does Erdogan’s re-election mean for Turkey-Gulf relations? (2023). Aljazeera news agency (06.06.2023). https://www.aljazeera.com/amp/news/ 2023/6/6/what-does-erdogans-re-election-mean-for-turkey-gulf-relations (բեռնման օրը` 24.09.23).
  9. Maya Margit. With Attacks on Kurds, Erdogan Aims To Weaken Opposition Ahead of Election (2022). The Media line (22.11.2023), https://themedialine.org/by-region/with-attacks-on-kurds-erdogan-aims-to-weaken-opposition-ahead-of-election/ (բեռնման օրը` 25.09.23).
  10. Tara John. Is Turkey Really Benefiting From Oil Trade With ISIS? (2015). Time agency (02.12.2015). https://time.com/4132346/turkey-isis-oil/ (բեռնման օրը` 23.09.23).
  11. Carole Nakhle. ISIL sells its oil, but who is buying it? (2015). Aljazeeea 06.12.2015), https://www.aljazeera.com/amp/opinions/2015/12/6/isil-sells-its-oil-but-who-is-buying-it (բեռնման օրը` 24.09.23).
  12. Նաիրա Բուլղադարյան, ՀՀ գլխավոր դատախազությունը ահաբեկչության ֆինանսավորման հոդվածով նոր քրգործ է հարուցել (2020). Ազատություն ռադիոկայան (01.12.2020), https://www.azatutyun.am/amp/30977633.html (բեռնման օրը` 24.09.23).
  13. Bassem Mroue, Kareem Chehayeb. Assad blames Erdogan for violence in Syria and insists on a pullout of Turkish troops (2023). ABCnews agency (09.08.2023), https://abcnews.go.com/amp/ International/wireStory/syrias-assad-blames-turkeys-erdogan-violence-syria-insists-102132242(բեռնման օրը` 24.09.23).
  14. Christina Lin. Turkey’s Double Standard on Terrorism (2015). ISPSW Strategy Series: Focus on Defense and International Security (September 2015), http://www.ispsw.de. (բեռնման օրը` 25.09.23).
  15. Soner Cagaptay On Turkey’s Ergenekon Case (2009). Newsweek news agency (15.05.2009), https://www.newsweek.com/soner-cagaptay-turkeys-ergenekon-case-79723 (բեռնման օրը` 25.09.23).
  16. Alexander Thatcher. Turkey’s largest North Caucasian organisation to take anti-Kremlin turn? (2022). Open Caucasus Media (06.07.2022), https://oc-media.org/features/turkeys-largest-north-caucasian-organisation-to-take-anti-kremlin-turn/ (բեռնման օրը` 25.09.23).

(1) Արևելագետ, արաբագետ։ 2004–2018 թթ. աշխատել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում` որպես փորձագետ, 2017թ-ից` Հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։ 2018–2021 թթ. կատարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ավագ փորձագետի պարտականությունները։ Հեղինակել է ավելի քան 350 տպագրված հոդվածներ, գրքեր։ Գրքերի համահեղինակ է։

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 26.09.23 թ.:

(3) Only Turkey can lead Muslim world, says Erdoğan. (2018). Ahlav news agency (15.10.2018), https://ahvalnews.com/islam/only-turkey-can-lead-muslim-world-says-erdogan?amp (բեռնման օրը` 03.09.23).

(4) Birol Baskan. Turkey’s Pan-Islamist Foreign Policy. (2019). The Cairo review of global affairs (spring 2019). https://www.thecairoreview.com/essays/turkeys-pan-islamist-foreign-policy/ (բեռնման օրը` 03.09.23).

(5) Turks Divided on Erdogan and the Country’s Direction. (2014). Pew research center (30.07.2014). https://www.pewresearch.org/global/2014/07/30/turks-divided-on-erdogan-and-the-countrys-direction/  (բեռնման օրը` 25.09.23).

(6) Orhan Coskun and Tuvan Gumrukcu. Saudi crown prince, Erdogan meet in Turkey with ‘full normalisation’ in sights. (2022). Reuters news agency (22.07.2022). https://www.reuters.com/world/middle-east/saudi-crown-prince-erdogan-meet-turkey-with-full-normalisation-sights-2022-06-22/ (բեռնման օրը` 25.09.23).

(7) Anchal Vohra. The Muslim Brotherhood’s Survival Is Now in Question (2023). Foreign policy (27.08.23), https://foreignpolicy.com/2023/08/07/muslim-brotherhood-turkey-survival/ (բեռնման օրը` 04.09.23):

(8) Anchal Vohra. The Muslim Brotherhood’s Survival Is Now in Question. (2023). Foreign policy (27.08. 23), https://foreignpolicy.com/2023/08/07/muslim-brotherhood-turkey-survival/ (բեռնման օրը` 04.09.23):

(9) Turkey says it will not abandon Palestinian support for closer ties to Israel. (2022). Reuter’s agency. (08.02.2022). https://www.reuters.com/world/middle-east/turkey-says-it-will-not-abandon-palestinian-support-closer-ties-israel-2022-02-08/ (բեռնման օրը` 15.09.23):

(10) Turkey Says Ties with Israel Help Ease Palestinian Conflict (2022). Asharq Al Awsat (25.05.2022) .https://english.aawsat.com/home/article/3665286/turkey-says-ties-israel-help-ease-palestinian-conflict (բեռնման օրը` 19.09.23):

(11) Baris Balci. Turkey, Israel Discuss Natural Gas Exports With Eye on Europe (2023). Bloomberg (03.09.23). https://www.bloomberg.com/news/articles/2023-09-03/turkey-israel-discuss-natural-gas-exports-with-eye-on-europe (բեռնման օրը` 25.09.23):

(12) Emily Milliken and Giorgio Cafiero. What does Erdogan’s re-election mean for Turkey-Gulf relations? (2023). Aljazeera news agency. (06.06.2023). https://www.aljazeera.com/amp/news/2023/6/6/what-does-erdogans-re-election-mean-for-turkey-gulf-relations (բեռնման օրը` 25.09.23)։

(13) Maya Margit. With Attacks on Kurds, Erdogan Aims To Weaken Opposition Ahead of Election (2022). The Media line. (22.11.2023), https://themedialine.org/by-region/with-attacks-on-kurds-erdogan-aims-to-weaken-opposition-ahead-of-election/ (բեռնման օրը` 25.09.2023).

(14) Tara John. Is Turkey Really Benefiting From Oil Trade With ISIS? (2015). Time agency (02.12.2015), https://time.com/4132346/turkey-isis-oil/ (բեռնման օրը` 23.09.2023).

(15) Carole Nakhle. ISIL sells its oil, but who is buying it? (2015). Aljazeeea 06.12.2015), https://www.aljazeera.com/amp/opinions/2015/12/6/isil-sells-its-oil-but-who-is-buying-it (բեռնման օրը` 25.09.2023).

(16) Նաիրա Բուլղադարյան, ՀՀ գլխավոր դատախազությունը ահաբեկչության ֆինանսավորման հոդվածով նոր քրգործ է հարուցել (2020). Ազատություն ռադիոկայան (01.12.2020). https://www.azatutyun.am/amp/30977633.html (բեռնման օրը` 24.09.2023).

(17) Bassem Mroue, Kareem Chehayeb. Assad blames Erdogan for violence in Syria and insists on a pullout of Turkish troops. (2023). ABC news agency.(09.08.2023). https://abcnews.go.com/amp/ ernational/wireStory/syrias-assad-blames-turkeys-erdogan-violence-syria-insists-102132242 (բեռնման օրը` 24.09.2023).

(18) Christina Lin. Turkey’s Double Standard on Terrorism (2015). ISPSW Strategy Series: Focus on Defense and International Security (September 2015), http://www.ispsw.de, (բեռնման օրը` 25.09.2023):

(19) Christina Lin. Turkey’s Double Standard on Terrorism (2015). ISPSW Strategy Series: Focus on Defense and International Security (September 2015), http://www.ispsw.de, (բեռնման օրը` 25.09.2023):

(20) Soner Cagaptay. On Turkey’s Ergenekon Case. (2009). Newsweek news agency (15.05.2009), https://www.newsweek.com/soner-cagaptay-turkeys-ergenekon-case-79723 (բեռնման օրը` 25.09.23).

(21) Alexander Thatcher. Turkey’s largest North Caucasian organisation to take anti-Kremlin turn? (2022). Open Caucasus Media (06.07.2022), https://oc-media.org/features/turkeys-largest-north-caucasian-organisation-to-take-anti-kremlin-turn/ (բեռնման օրը` 25.09.23).