Հակաիրանական հակամարտությանը Թուրքիայի և Ադրբեջանի ներգրավման մասին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 02.04.2025 թ.(1)
Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ Թուրքիայում ապակայունացումը կարող է ուղղակի կապ ունենալ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակվելու ծրագրերի հետ։ Վերջին տարիներին փորձագետների շրջանում կարծիք կար, որ 2015 թվականից տարածաշրջանում Վաշինգտոնի և Թել Ավիվի քաղաքականությունն ուղղված է Իրանի դեմ հակամարտության մեջ Թուրքիային և Ադրբեջանին ներգրավելու համար պայմանների ստեղծմանը։ Անկարան ամեն կերպ դեմ էր այդ ծրագրերին՝ արդարացիորեն համարելով, որ իրադարձությունների նման ընթացքը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ իր համար և նույնիսկ աղետի վերածվել Բաքվի համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Իրանը Թուրքիայի համար անփոխարինելի, հուսալի գործընկեր է, և նա երբեք շահագրգռված չի լինի երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունների փլուզմամբ։ Հնարավոր է, որ հենց այս դիրքորոշմամբ էին մասամբ կապված Արևմուտքի և, մասնավորապես, Միացյալ Նահանգների և Մերձավոր Արևելքում նրա գլխավոր դաշնակցի՝ Իսրայելի հետ Անկարայի հարաբերություններում առաջացած բարդությունները։ Եվ հենց ամերիկա-իսրայելական ճնշումը զսպելու համար էր, որ Ռ. Էրդողանն սկսեց աջակցություն ակնկալել Մոսկվայից, նույնիսկ ՌԴ «ուկրաինական քաղաքականությունը» չընդունելու և Սիրիայի հարցում նրա հետ հակասությունների պայմաններում, Իրանի շուրջ լարվածության նվազեցման հարցում հնարավորություն որոնել հույսեր կապելու հյուսիսային հարևանի հետ։ Մասնավորապես, նման ռազմավարության օրինակ էր Ռ. Էրդողանի նախաձեռնությունը՝ ստեղծել «3+3» հարթակը, որը կոչված էր բացառելու Արևմուտքի միջամտությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի դեմ ռազմական գործողության հարմար ցատկահարթակ է համարվում։ Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի մասին է՝ որպես հակաիրանական կոալիցիայի ամենաարժեքավոր պոտենցիալ ռեսուրսի՝ թե՛ հարձակման ռազմավարական հարթակի, թե՛ հաշվի առնելով Իրանը ներսից ապակայունացնելու համար ադրբեջանական էթնիկ գործոնի օգտագործման հնարավորությունը։
Թուրքիայի կողմից ամերիկա-իսրայելական երկյակի ծրագրերի սկզբունքային մերժումը լույս է սփռում Ռ. Էրդողանի նկատմամբ Մոսկվայի ընդգծված բարեհաճության դրդապատճառների վրա, ինչն առավել ցայտուն դրսևորվեց 2016 թ. ամռանն Անկարայում, այսպես կոչված, «հեղաշրջման փորձերի» օրերին: Չնայած ռուս-թուրքական թշնամության համար կուտակված հակասություններին ու նախադրյալներին, Մոսկվան այն ժամանակ Անկարային զգուշացրեց մոտալուտ դավադրության մասին և քաղաքական հայտարարություններով աջակցեց Ռ. Էրդողանին։ Ի դեպ, Թուրքիայի վերջին իրադարձությունների համապատկերում ՌԴ-ն կրկին մնում է այն միակ երկիրը, որը պաշտոնապես համերաշխություն է հայտնում Թուրքիայի ներկայիս իշխանություններին։ Միանգամայն հնարավոր է, որ, ի լրումն այլ հանգամանքների, Կրեմլի աջակցությունը Թուրքիայի ղեկավարին պայմանավորված է նաև Իրանի նկատմամբ Ռ. Էրդողանի դիրքորոշմամբ և նրանով, որ նա չի կամենում գործիք դառնալ հակաիրանական արշավում։
Այս լույսի ներքո, 01.03.2025 թ. Թուրքիայի ԱԳՆ ղեկավար, թուրքական ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախկին տնօրեն Հաքան Ֆիդանի հնչեցրած սպառնալիքները հակասում են Ռ. Էրդողանի դիրքորոշմանը։ Կարելի է ենթադրել, որ Հ․ Ֆիդանը, ով տակավին Արևմուտքում իր ուսման և փորձաշրջանների ժամանակ (ինչի մասին վկայում են բաց աղբյուրները) «ամուր կապեր» էր հաստատել ՆԱՏՕ-ական պաշտոնյաների հետ, առաջ է մղում Էրդողանից տարբերվող իր դիրքորոշումը։ Այս առումով հարկ է նաև նշել, որ որոշ թուրք փորձագետների կարծիքով՝ երբ Ռ. Էրդողանի հետ քննարկում էին Իմամօղլուի ծրագրված ձերբակալության հետ կապված իրավիճակի հնարավոր զարգացումները, թուրքական անվտանգության ուժերը միտումնավոր կերպով անիրատեսական կանխատեսումներ են ներկայացրել նախագահին։ Էրդողանը պատրաստ չէր բողոքի նման ծավալուն ձեռնարկումների, քանզի նրան վստահեցրել էին, որ հասարակության կողմից ընդդիմության առաջնորդի ձերբակալությունը բավականին հանդուրժողաբար կընկալվի։ Մինչդեռ իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ Իմամօղլուի ձերբակալությունը միայն մեծացրեց նրա հեղինակությունը՝ միաժամանակ անմիջական ազդեցություն ունենալով Էրդողանի սեփական վարկանիշի վրա։ Ստացվում է, որ հենց թուրքական իշխանության ներսում որոշակի ուժեր կարող էին միտումնավոր կերպով Թուրքիայի նախագահին մղել հապճեպ քայլի։ Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով վերը նշվածը, կարելի է ենթադրել, որ Ռ. Էրդողանը բախվում է հակաիրանական արշավանքին մասնակցելուց իր հրաժարվելու հետևանքներին, որոնց նախապատրաստությունը լրիվ ընթացքի մեջ է ներկայումս։
Այս համատեքստում աչքի են ընկնում նաև ադրբեջանական իրադարձությունների հետ կապված զուգահեռները։ Ակնհայտ է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անընդհատ հետաձգող Իլհամ Ալիևին արևմտյան հանրությունը խստորեն հորդորել է արագացնել գործընթացն ու հայտարարել պայմանագրի կետերին համաձայնության մասին։ Մի կողմից, Ի. Ալիևին ստիպեցին հայտարարել այդ մասին՝ արձանագրելով, որ Երևանի հետ հակասությունները հաղթահարված են։ Սակայն, մյուս կողմից, Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են պնդել, թե ստորագրման հարցը առանց Բաքվի նոր որոշակի պահանջների բավարարման չի կարող լուծվել։ Կայուն տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը փորձում է դիմակայել ՀՀ-ի հետ խաղաղության հաստատմանը նույնիսկ իր համար ամենաբարենպաստ պայմաններով, քանի որ մտավախություն ունի, թե այդ «խաղաղությունը» դուռ կբացի այլ, ավելի բարդ փորձությունների համար։
Տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի խնդրի չլուծվածությունը և հայ-ադրբեջանական առճակատումը, բացի ուղղակի բացասական հետևանքներից, Բաքվին հնարավորություն էին տալիս խուսանավելու միջազգային ասպարեզում և թույլ չէին տալիս, որ իրեն ներքաշեն վտանգավոր գոյութենական արկածախնդրության մեջ։ Այդ վտանգներից գլխավորն արևմտյան «բազեների» և Իսրայելի կառավարության արմատական ուժերի «իրանական խնդիրն» էր։ Ի. Ալիևը նրանց հույս է տվել, թե ապագայում Բաքուն կմիանա հակաիրանական ճակատին և, այդպիսով իսկ, օգտագործել է նրանց աջակցությունը սեփական իշխանությունն ամրապնդելու համար ու նրանց օգնությամբ կուտակել է ուժեր, որպեսզի ռազմական ճանապարհով լուծի Ղարաբաղի հիմնախնդիրը։ Հենց այդ հարցն էր, որ, փաստորեն, նրա կողմից հայտարարվեց որպես հակաիրանական արշավին ԱդրՀ-ի մասնակցության գին։
2020-ին, իսկ հետո 2023-ին, Ղարաբաղյան հիմնախնդիրը, ըստ անձամբ Ի. Ալիևի, «վերջնականապես լուծվեց», ինչը հակաիրանական կոալիցիային դրդեց, որպեսզի Ադրբեջանի ղեկավարից սկսի պահանջել կատարել իր ստանձնած պարտավորությունները: Ի. Ալիևը ձգձգեց հայերի հետ բանակցային գործընթացը՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, թե խաղաղության պաշտոնական կնքման տեղապտույտը թույլ կտա նրան խուսափելու «պարտքը վճարելու» պատասխանատվությունից։ Իսկ այժմ, Դ. Թրամփի գալով, արևմտյան «բազեները» շտապեցնում են Բաքվին և պահանջում դե-յուրե ամրապնդել «հողային խնդրում» առաջացած հայ-ադրբեջանական առճակատման իրավիճակը և վերացնել համաձայնագրին առնչվող վերջին ձևականությունը։
Բաքուն հայտնվել է ծանր կացության մեջ։ Չի կարելի հույսը դնել Ռ. Էրդողանի վրա, ով կանգնել է ներքաղաքական լուրջ խնդիրների առջև, ենթադրաբար՝ կապված նույն իրանական խնդրի հետ։ Ալիևի մեկ այլ գործընկեր՝ Վ. Պուտինը, ինչպես անձամբ Դ. Թրամփն է հայտարարել, արդեն «իր համերաշխությունն է հայտնել» ԱՄՆ-ի դիրքորոշմանը՝ թույլ չտալ Իրանին սպառազինվել միջուկային զենքով։ Երևանն, իր հերթին, որևէ կերպ չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրելու Բաքվի փորձերին, ասել է թե՝ դրանով իսկ Ի. Ալիևին զերծ պահելու իր տարածքը (և ոչ միայն) հակաիրանական կոալիցիային տրամադրելու պարտավորությունից։ Բաքվում մտավախությամբ սպասում են այն օրվան, երբ կստորագրվի Թել Ավիվի արդեն իսկ նախապես հայտարարած «Աբրահամյան համաձայնագիրը», որը կարելի է համարել Իրանի գազազեցնելուն ուղղված Ադրբեջանին պարտադրված նախաձեռնություն։ Ուստի, ադրբեջանական ԶԼՄ-ների սկզբնական լավատեսությունը կարելի է համարել ոչ տեղին արձագանք Թել Ավիվի և Վաշինգտոնի այս սադրիչ նախաձեռնությանը։
Ամփոփելով, հարկ է նշել, որ Թուրքիան և Ադրբեջանը, չնայած իրենց ցուցադրած ինքնուրույնությանը, հարկադրված են ներքաշվել ահեղ հարևանի հետ պատերազմի մեջ, ինչից հրաժարվելը հղի է ներքաղաքական ցնցումներով՝ իշխող վարչակարգերի պաշտոնանկությամբ հանդերձ։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 23.03.2025 թ.: