ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 05.07.2024 թ.(1)
2024 թ. հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի Կայսերի քաղաքում սկսվել են այնտեղ հաստատված սիրիացի փախստականների ցույցերն ու բռնությունները։ Ըստ լրատվամիջոցների՝ պատճառը ազգակցի կողմից 6-ամյա սիրիացի աղջկա բռնաբարությունն է եղել։ Երեկոյան անկարգությունները տարածվեցին ամբողջ քաղաքում, որոնց մասնակից երիտասարդները ավերեցին սիրիական խանութները, այրեցին մեքենաներ, ներխուժեցին բնակարաններ։
Նույն կերպ արձագանքեցին սիրիացի արաբները, իսկ հաջորդ օրը անկարգություններն ընդգրկեցին Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային շրջանները։ Այստեղ, սակայն, հարձակման հիմնական թիրախները եղել են թուրքական նոր վարչական իշխանություններն ու Սիրիայի օկուպացված տարածքներում «Կայունության պահպանման օպերացիայի» շրջանակներում մարտական հերթապահություն իրականացնող զինվորականները։ Թուրքերի վրա ամենազանգվածային հարձակումները տեղի են ունեցել Աֆրին քաղաքում, որտեղ իրական փողոցային մարտեր են տեղի ունեցել։ Միաժամանակ Թուրքիայում անկարգությունների աշխարհագրությունն ընդլայնվեց։ Կայսերիից անմիջապես հետո սիրիացիների դեմ բռնությունները տեղափոխվեցին նաև Կոնիա, Բուրսա և Ստամբուլ, ինչպես նաև Կենտրոնական Անատոլիայի քաղաքներ:
Իրավիճակը երկու երկրներում էլ հուլիսի 2-ի օրվա վերջին համեմատաբար կայունացել էր, սակայն, չնայած Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների ձեռնարկած միջոցներին, մթնոլորտը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։
Տեղի ունեցածը կարելի է համարել ինքնաբուխ բռնկում, որն առաջացել է շարքային թուրքերի՝ դեպի երկիր սիրիացի արաբների զանգվածային ներհոսքի փաստով կուտակված դժգոհությունից, սակայն մի շարք հանգամանքներ վկայում են կատարվածի զուտ քաղաքական, այլ ոչ թե սոցիալական նախապատմության մասին։ Համենայն դեպս, դժվար թե սովորական պատահականություն համարվի, որ անկարգությունները ժայթքեցին Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների սկիզբ առնող կարգավորման գործընթացին զուգահեռ։ Թուրքական «ԱԼ Վաթան» (AL Watan) հրատարակությունն առաջինն է հայտարարել սպասվելիք շփումների մասին, որոնց համաձայն՝ մոտ ապագայում իրաքյան և ռուսական կողմերի միջնորդությամբ Բաղդադում պետք է տեղի ունենան փակ բանակցություններ։ Ըստ թերթի, Թուրքիան և Սիրիան Բաղդադում պետք է քննարկեն «բոլոր մանրամասները, որպեսզի երկու հարևանների հարաբերությունները վերադարձնեն նախկին մակարդակին»։ Կայսերիի իրադարձություններն էլ տեղի են ունեցել Բաղդադում սպասվող բանակցությունների մասին հայտնի դառնալուց ուղիղ մեկ օր անց։
Բացի այդ, հունիսի վերջին արաբական տելեգրամ-ալիքները, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնել էին, որ թուրք-սիրիական սահմանին գտնվող Հավար Կիլիս բնակավայրում թուրքական հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչները Հյուսիսային Սիրիայի թուրքամետների խմբավորումների առաջնորդներին ասել էին, որ «ստիպված կլինեք վայր դնել զենքերը և ենթարկվել Դամասկոսի իշխանություններին»: Եթե այս լուրը հավաստի է, ապա այն ուղղակիորեն հաստատում է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Ռ. Էրդողանը պատրաստվում է կրճատել իր ռազմական ներկայությունը Հյուսիսային Սիրիայում, գոնե այն շրջաններում, որտեղ չեն գերակշռում քուրդ բնակչությունն ու Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) հետ կապված խմբերը:
Համադրելով այս տվյալները՝ կարելի է ենթադրել, որ Անկարան, Լիբանանում իսրայելա-շիական մեծ պատերազմի նախաշեմին, ձգտում է հապճեպորեն հեռու քաշվել ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմից (Լիբանան, Սիրիա, Իսրայել)՝ Արևմուտքի և Իրանի միջև օրըստօրե սպասվող գլոբալ առճակատման մեջ ներքաշվելու հեռանկարից խուսափելու համար։ Իր կառավարման վերջին 10 տարիների ընթացքում նախագահ Էրդողանը բազմիցս հասկացրել է, որ ոչ մի դեպքում չի հանդուրժի Թուրքիայի ներգրավվածությունը Իրանի դեմ պատերազմի մեջ։ Տարածաշրջանում ներկա աշխարհաքաղաքական գործընթացները հուշում են, որ Թեհրանի և Անկարայի միջև ուղիղ բախումն անխուսափելի կդառնա, եթե Թուրքիան վերջնականապես չազատվի «Սիրիայի մասնատման» ռազմաքաղաքական ծրագրերի իր մասից։
Ուստի, շատ մեծ է հավանականությունը, որ Կայսերիի իրադարձությունների և դրան հաջորդած Թուրքիայում և Սիրիայում բռնությունների բռնկումների դիրիժորները դրսի աշխարհաքաղաքական կենտրոններն են, որոնք չեն ցանկանում, որ Թուրքիան դուրս գա տարածաշրջանային հակաշիական խաղից։ Ամենայն հավանականությամբ, խոսքը Վաշինգտոնի և Թել Ավիվի մասին է, որոնք ժամանակին խոհեմաբար թույլ տվեցին Էրդողանի Անկարային՝ ներխուժելով Աֆրին և սիրիական այլ շրջաններ, ինչպես նաև սահմաններ բացելով արաբ փախստականների համար, հիմնովին խճճվել սիրիական խնդրի մեջ և ուժեղացնել բախումները Թեհրանի հետ։
Հատկանշական է, որ ցույցերի ու ջարդերի ժամանակ երիտասարդները բղավում էին հակակառավարական և հակաէրդողանական կարգախոսներ։ Որից կարելի է ենթադրել, որ սիրիական խնդրի վերաբերյալ կուտակված բացասական հասարակական վերաբերմունքը հեշտությամբ կարող է վերածվել ներքաղաքական օրակարգի, ինչը լրացուցիչ խնդիր է դառնում Էրդողանի և նրա ղեկավարած թիմի համար։ Սա ևս մեկ նշանակալի ազդանշան է առ այն, որ Թուրքիայի անկախությունը, որի մասին նա մշտապես խոսում է, ըստ էության, իրականում չի կարող այդպիսին համարվել, և որ Անկարայի գործողությունները չեն կարող ձեռնարկվել Մերձավոր Արևելքում Արևմուտքի ընդհանուր ռազմավարության համատեքստից դուրս։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 04.07.2024 թ.: