ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 09.02.2024թ.
Ռուս-թուրքական հարաբերությունների շուրջ ծավալվող իրադարձությունները կարող են վկայել, որ Անկարան, պատկերավոր ասած, «հավաքում է ճամպրուկները» Մոսկվայի հետ ոչ այնքան երկար, բայց բուռն «քաղաքական-տնտեսական սիրավեպից» հետո։ ՌԴ-ում թուրքամետ վերլուծական շրջանակների ներկայացուցիչները սպասելիորեն կհերքեն այդ փաստը, սակայն հետագայում, ընդունելով դրա գոյությունը, կպնդեն, որ բաժանումը տեղի է ունեցել օբյեկտիվ պատճառներով և, որ ամենակարևորն է, անցել է «սահուն» և առանց աղմուկի: Սակայն դրանից էությունը չի փոխվի։
Թվում է, թե Անկարան արդեն ստացել է այն ամենը, ինչ կարող էր ստանալ Մոսկվայի հետ «սիրախաղից», ուստի և համարեց, որ ժամանակն է վերադառնալու հայրենի օջախ՝ ՆԱՏՕ-ի ընտանիք։
2023 թ. դեկտեմբերից, երբ ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բայդենը հրամանագիր ստորագրեց օտարերկրյա ընկերությունների նկատմամբ երկրորդական պատժամիջոցների մասին, թուրքական բանկերը՝ ԱՄՆ-ի գանձապետարանի (ֆինանսների նախարարություն) ճնշման ներքո, հաջորդաբար սկսեցին կասեցնել ռուսական ընկերություններից վճարումները և դադարեցնել գործարքները ռուսական բանկերի հետ։ Ավելին, եթե ի սկզբանե Թուրքիայում փակվում էին միայն այն ռուսական ընկերությունների և բանկերի հաշիվները, որոնք այս կամ այն կերպ կասկածվում էին Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողություններին մասնակցելու մեջ, ապա 2024 թ. գործընթացը տարածվել է արդեն Թուրքիայում ներկայացված բոլոր ռուս իրավաբանական անձանց վրա։ Բացի այդ, խնդիրներ կան նաև Թուրքիայում ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի աշխատանքի հետ կապված, որոնք սկսվել են դեռ 2022 թ. գարնանը և շարունակվում են մինչ օրս։
Այդպիսով, Անկարան, ուզենա, թե՝ ոչ, անուղղելի հարված է հասցնում Ռուսաստանի ֆինանսատնտեսական հատվածին, որը որոշ ժամանակ թուրքական բանկային համակարգն օգտագործում էր որպես «օդանցք»՝ արտաքին աշխարհի հետ իր ֆինանսական գործարքներն իրականացնելու միջոց։
Սակայն, Թուրքիայի և Ռուսաստանի միջև ֆինանսատնտեսական հարաբերությունների վատթարացման խնդիրները դրանով չեն ավարտվում. թուրքական խոշոր ընկերությունները նույնպես սկսեցին կրճատել իրենց բիզնեսը Ռուսաստանում։ Այսպես, 2024 թ. փետրվարի 2-ին, հայտնի դարձավ ևս մեկ նման դեպք, երբ թուրքական շինարարական կապալառու Ronesans Holding-ը հայտարարեց ռուսական շուկայից դուրս գալու մասին, որտեղ նա նավթագազային ոլորտի տասը խոշորագույն կապալառուներից մեկն էր։ Այս ընկերությունը Ռուսաստանում հաստատվել է դեռ 1993 թ. և, այնուհետև, զգալիորեն ընդլայնել իր բիզնես շահերը Եվրոպայում և Ասիայում՝ հիմնականում ՌԴ-ում վաստակած կապիտալի շնորհիվ: Այժմ Ronesans Holding-ն այլևս հետաքրքրված չէ Ռուսաստանում պայմանագրեր կնքելով, այլ ձգտում է իր գործունեությունն ավելի ակտիվացնել մի կողմից Եվրոպայում, մյուս կողմից՝ Կենտրոնական Ասիայում (Ղազախստան և Թուրքմենստան), ինչը նույնպես մտորելու տեղիք է տալիս։
Պաշտոնական Մոսկվան դեռ հրապարակավ չի արձագանքել այս լուրերին, թեև տեղի ունեցողը չի կարող մտահոգություններ չառաջացնել: Կարելի է ենթադրել, որ Թուրքիա նախատեսվող այցի ժամանակ ՌԴ նախագահ Վ.Պուտինն իր թուրք գործընկերոջ հետ կկիսի իր մտահոգություններն այս հարցերի շուրջ, և վերջինս կփորձի Մոսկվայից «պոկել» հետագա զիջումներ՝ խոստանալով քննարկել այդ խնդիրները։ Այնուամենայնիվ, Թուրքիայի գործողությունները ռազմավարական առումով դժվար թե հետայսու ընթանան ռուս-թուրքական ֆինանսատնտեսական միջավայրի բարելավման ուղղությամբ։
Ռուսաստանյան հանրության շրջանում Անկարայի և Մոսկվայի «սերտ» փոխգործակցությունը ավանդաբար մատուցվում էր որպես Ռուսաստանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցների հետևանքների մեղմացման երաշխավոր, մինչդեռ Թուրքիան իրեն ներկայացնում է՝ որպես Ռուսաստանի նկատմամբ իր «անկախ» ֆինանսատնտեսական քաղաքականությունը որոշող երկիր։
Սակայն, այդ հարաբերությունները, ինչպես երևում է, նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում ընդունակ չեն դիմանալու տարածաշրջանում և աշխարհում ուժային հիմնական կենտրոնների կողմից աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հեգեմոնիայի համար ծավալված բուռն գործընթացների «քննությանը»։ Ուստի, Թուրքիայի պահվածքը միանգամայն սպասելի էր։