ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 24.12.2024 թ.(1)
Սիրիայում Բ. Ասադի իշխանության անկումից հետո համաշխարհային լրատվամիջոցներն սկսեցին հաճախակի հիշատակել «Կատարի գազատարի» մասին, որը նախատեսվում է կառուցել Պարսից ծոցից մինչև Եվրոպա։ Այս նախագիծը համաձայնեցվել էր դեռ 2009 թ., սակայն «Արաբական գարունը» և Սիրիայում տեղի ունեցած պատերազմը հետաձգեցին դրա իրականացումը։ Երթուղին պետք է անցներ Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Սիրիայի և Թուրքիայի տարածքներով։ Այդպիսով, Դոհան կարող է Եվրոպային լիովին ապահովել «կապույտ վառելիքով»՝ վերջ դնելով Ռուսաստանից նրա կախվածությանը։
Այժմ, հիմնական խոչընդոտի՝ Ասադի վարչակարգի, վերացմամբ, ինչպես կարծում են մերձավորարևելյան և արևմտյան շատ վերլուծաբաններ, նախագիծը կարող է անխոչընդոտ վերածնունդ ապրել: Սակայն, իրականում, անցած տարիների ընթացքում «սիրիական խոչընդոտին» ավելացել են նաև այլ, ոչ պակաս լուրջ հիմնախնդիրներ, որոնց լուծումը դեռևս չի գտնվել։ Նախ, Էր Ռիադի և Դոհայի հարաբերություններում տեղի է ունեցել արմատական վատթարացում, և Սաուդյան Արաբիան հակված չէ իր տարածքը տրամադրել գազատարի կառուցման համար։ Երկրորդ՝ Կատարը հաջողությամբ հաստատել է իր էներգետիկ հումքի վաճառքը հեղուկ բնական գազի (ՀԲԳ) տեսքով, որը նրան ազատել է թանկարժեք խողովակաշարերի կառուցման ծախսերից և ապահովել դրանց անվտանգությունը միջազգային մակարդակով։ Երրորդ՝ Վաշինգտոնը (մի ժամանակ Կատարի երթուղու գլխավոր լոբբիստը) կորցրել է հետաքրքրությունը նախագծի նկատմամբ, քանի որ առանց այն էլ ՌԴ-ն գործնականում լքել է եվրոպական գազի շուկան՝ ԱՄՆ-ին և Կատարին հնարավորություն տալով Եվրոպային ապահովել իրենց ՀԲԳ-ով: Վերջապես՝ Ասադի հեռանալը չհանգեցրեց հիպոթետիկ գազատարի սիրիական հատվածի անվտանգության խնդրի լուծմանը։ Սիրիան քաղաքացիական պատերազմի նոր փուլի շեմին է, անկախ նրանից, որ նրա նոր իշխանությունների աշխարհաքաղաքական հովանավորները փորձում են վստահություն դրսևորել այս երկրի կայուն ապագայի նկատմամբ։
Ի սկզբանե այն կարծիքը կար, թե «Կատարի խողովակի» նախագծից ամենաշատը կշահի Թուրքիան: Գազատարը կիրականացնի եվրասիական գազային հանգույց դառնալու նրա վաղեմի երազանքը՝ թույլ տալով լծակներ ձեռք բերել Եվրոպայի վրա, մեծ գումարներ վաստակել և վերջ տալ էներգետիկ սովին, որն այս երկիրն ապրեց 2000-ական թվականներին իր արդյունաբերական և տնտեսական առաջընթացի ժամանակ: Հետևաբար, եթե «Կատարի խողովակի» հետ կապված իրավիճակը դեռ հեռու է կարգավորվելուց, ապա Թուրքիան ստիպված կլինի հետաձգել իր ծրագրերը։
Անկարայում, սակայն, այդպես չեն համարում։ Բանն այն է, որ Էրդողանի թիմն այժմ դիտարկում է գազի երթուղին փոխելու և այն Կատարից Իրաքով Թուրքիա տեղափոխելու հնարավորությունը։ Ինչպես հակված են ենթադրելու որոշ ռուս փորձագետներ, օրակարգ մտցնելով այդ հարցը, Անկարան ձևեր է թափում՝ Թուրքիայում ռուսական մատակարարումների հիման վրա «գազի բորսայի» ստեղծման շրջանակներում Մոսկվայից իր համար առավել հարմար պայմանների շուրջ բանակցելու համար։ Ռուս վերլուծաբանները չեն հավատում, որ իրագործելի լինի նախնական արժեքով $20 մլրդ արժեցող նոր «Կատարի երթուղին», կարծում են, որ դրա անցկացումն ու շահագործումը կապված են ոչ պակաս խնդիրների հետ, քան «հին տարբերակի» պարագայում էր։
Բայց հիմնախնդիրներ իսկապես կան։ Թուրքիան պետք է սաուդցիներին հաշտեցնի Կատարի թագավորական տան հետ, համակողմանի աջակցություն ցուցաբերի Բաղդադի կենտրոնական կառավարությանը (այդ մասով աշխատանքներն արդեն ինտենսիվորեն ընթանում են) և չեզոքացնի «քրդական սպառնալիքը» Հյուսիսային Իրաքում և Սիրիայում։ Բայց Անկարայի համար այս բարդ խաղն «արժեր վառված մոմերը», քանի որ նա ձգտում է Կատարի գազի նոր երթուղին համաժամանակացնել Պարսից ծոց–Թուրքիա–Եվրոպա լոգիստիկ միջանցքի հետ՝ դրանով իսկ ապահովելով Արևմտյան Ասիայում քաղաքական և տնտեսական գերիշխան դառնալու պայմանները։ Այս լույսի ներքո ռուս փորձագետների թերահավատությունը, թվում է, հազիվ թե տեղին լինի. վերջին 20 տարվա իրադարձությունները ցույց են տալիս, որ Էրդողանի հավակնություններն ու հաստատակամությունը մշտապես շոշափելի արդյունքներ են բերում Թուրքիային։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 23.12.2024 թ.: