Մեկնաբանություններ

Թուրքական «խոյը» գործի է դրվել

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 06.07.2024 թ.(1)

08.06.2024-ին Թուրքիայի կրթության նախարարությունը հաստատեց երկրի դպրոցներում պատմության ուսումնասիրման նոր ծրագիր՝ իշխանությունների կողմից մշակված «Թուրքիայի դար» գաղափարական հայեցակարգին համապատասխան։ Ծրագրի համաձայն՝ ուսումնական հաստատությունները պատմության դասավանդումից աստիճանաբար անցում կկատարեն «գիտելիքների փոխանցման» վրա կենտրոնացած առարկայի դասավանդմանը, որն ուղղված կլինի «պատմական մտածողության հմտությունների» զարգացմանը։

Այդպիսով, ուսումնական ծրագրում հայեցակարգային փոփոխություններ և նորամուծություններ մտցվեցին: Փոփոխությունները վերաբերում էին տերմիններին և հասկացություններին, որոնք «պատմականորեն և գիտականորեն ճիշտ» չէին նոր ծրագիրը մշակած թուրք մասնագետների տեսանկյունից։ Մասնավորապես, այս համատեքստում «Միջին Ասիա» («Կենտրոնական Ասիա») արտահայտությունը կփոխարինվի «Թուրքեստան» եզրույթով, որն, իբր, այս տարածքի վաղնջական պատմական անվանումն է։

Ծրագրի հաստատման կապակցությամբ թուրքական «Ենի Շաֆաք» թերթը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ նախաձեռնությունն անվանել է «ժամանակի ոգուն ու թելադրանքին համապատասխան կանխամտածված, կշռադատված քայլ»։ Ըստ հրապարակման, եթե Հնդկաստանը դիտարկվող դարաշրջանային քաղաքական և տնտեսական վերելքի ժամանակաշրջանում ձգտում է վերականգնել իր պատմական՝ Բհարատ անունը, և եթե Ռուսաստանը մշակում է ավանդույթների և պատմության վրա հիմնված նոր հայեցակարգ՝ փոխարինելու այն, ըստ որի երկիրն իրեն երկար ժամանակ համարում էր Եվրոպայի անբաժանելի մաս, այդ դեպքում ինչու՞ Թուրքիան նույնպես չպետք է գնա իր ուղին վերաիմաստավորելու և աշխարհի պատմական ու քաղաքակրթական քարտեզի վրա արժանի տեղ գտնելու ճանապարհի իր բաժինը։ «Ենի Շաֆաք»-ը կարծում է, որ Թուրքիան գնում է «իր արմատները գիտակցելու, նոր սերնդին իր փառավոր պատմությունը սովորեցնելու իրողությունների ըմբռնմամբ և պատմական անունների օգտագործմամբ»։ Նա վկայակոչում է ուսումնական ծրագրի մշակողների խոսքերը, որ դրա նպատակն է կամուրջ կառուցել այսօրվա և ապագայի միջև. «Կարևոր է բացատրել նոր սերնդին, որ այսօրվա աշխարհն իր արմատներն ունի անցյալում, և, մյուս կողմից, գիտակցել, որ պատմական իրադարձությունները ստեղծում են ապագան»:

Հատկանշական է, որ պետական ​​ուսումնական ծրագրի հաստատումը թուրքական հասարակությունում և լրատվամիջոցներում ոչ միանշանակորեն է ընկալվել։ Անգամ կարծիքներ հնչեցին, որ նախաձեռնությունն ընդունվել է «ի հեճուկս» Ռուսաստանի կամ բացահայտում է եվրակենտրոնության դոկտրինից հեռանալու՝ Անկարայի ծրագրերը։ Իրենց հերթին, Թուրքիայի նախաձեռնության պաշտպանները, չհերքելով ուսումնական ծրագրի սերտ կապը երկրի արտաքին քաղաքականության նոր հրամայական նպատակների հետ, ընդգծում են, որ հայտարարված նպատակները չեն ենթադրում գործողություններ «ի հեճուկս» որևէ մեկի, այլ բխում են նոր «թյուրքակենտրոն» հայեցակարգ զարգացնելու անհրաժեշտությունից։ Իսկ այն, իբր, թելադրում է ավելի համապարփակ ըմբռնում թյուրքական էթնիկ խմբի և պետականության պատմական անցյալի մասին, որն իր արմատներն ունի Եվրոպայից մինչև Ալթայ ընդարձակ տարածաշրջանում: Սա նշանակում է, որ Թուրքիայի գալիք սերունդները «բոլոր հիմքերն ունեն ուժեղացնելու թյուրքական գործոնի ներկայությունը, որտեղ ձևավորվել և սնվել է թուրք ժողովրդի մշակութային և քաղաքակրթական ինքնությունը»։

«Ենի Շաֆաք»-ը պնդում է, որ Թուրքիայի նոր հայեցակարգն, իր գաղափարական հարթակում ներկառուցված կրթական ծրագրի հետ, արտահայտում է պետության ներկայիս «դիմակայուն» դիրքը համաշխարհային ասպարեզում, իսկ մյուս կողմից՝ փորձ է արվում միավորելու (հաշտեցնելու) բևեռացված կարծիքները երկրի ներսում, ներմուծելու նոր «համապարփակ» (ներառական) հայեցակարգ՝ փոխարինելու ակադեմիական շրջանակներում տարածված ներկայիս «փոխբացառող» հայեցակարգին: Խոսքը թուրքական հասարակության մեջ հակասությունների մասին է՝ «օսմանյան ժառանգության» կողմնակիցների և քեմալիզմի գաղափարների պաշտպանների միջև, որոնցից առաջինները հավատարիմ են թուրքերի կրոնական ինքնության առաջնահերթությանը, իսկ երկրորդները պաշտպանում են թուրքական պետության աշխարհիկության գաղափարը։ Կառավարության կողմից մշակվող գաղափարական հայեցակարգն էլ ներկայացվում է որպես յուրատեսակ «երրորդ ուղի»՝ նպատակաուղղված թուրքական գործոնի «գավառային» ընկալումից դուրս գալուն և համաշխարհային պատմության զարգացման համատեքստում դրա ավելի լայն դերի իրականացմանը։ Այս լույսի ներքո, ըստ գիտաուսումնական նախաձեռնության հեղինակների, «ներկայիս ծրագրում հիմնական ուշադրությունը հատկացվել է ազգային և հոգևոր արժեքներին՝ հիմնված մարդկային զարգացման գործում ազգի ունեցած ավանդի և մարդկության ընդհանուր ժառանգության պաշտպանության և պահպանման գործում դրա շոշափելիության վրա»: Սա, իր հերթին, ներառում է Թուրքիայից մինչև Եվրոպա ձգվող «թյուրքական գերէթնոսի» ձևավորման ամենախորը ուսումնասիրությունը, թյուրք-իսլամական քաղաքակրթության զարգացումը գիտության, մշակույթի, կրթության և արվեստի ոլորտներում, սելջուկների և օսմանցիների կողմից Անատոլիայի թյուրքացումը, ժամանակակից Թուրքիայի հիմնադրումը և երկրի ձեռքբերումները ներկայիս իրողություններում։

Այսպիսով, Անկարայի պաշտոնական քարոզչությունը հավատարիմ է այն գծին, ըստ որի՝ երկրի ուժեղացված դերը համաշխարհային հարթակում օբյեկտիվորեն թելադրում է նրան հայացքը ուղղել դեպի Եվրասիայի հսկայական շրջաններ՝ հիմնվելով հարակից ժողովուրդների և պետությունների կյանքին մասնակցելու Թուրքիայի պատմական իրավունքի վրա, քանի որ դրանց ներկայիս տարածքում է ձևավորվել ընդհանուր թյուրքական ինքնությունը։ Միևնույն ժամանակ, ուսումնական ծրագիրը, որը նախատեսված է այս օրակարգը նոր սերունդների գիտակցության մեջ ամրապնդելու համար, իբրև թե «ոչ մի կերպ ուղղված չէ դրսում որևէ մեկին, այլ կրթական գործընթացի և թյուրքական աշխարհի հետ ավելի սերտ կապերի ձևավորման մաս է կազմում»:

Հարկ է նշել, որ կրթական ծրագրերի ներկայիս արմատական ​​բարեփոխումը բացառիկ փորձ չէ ժամանակակից Թուրքիայի կրթական համակարգում։ Դեռևս 2017 թ. երկրի հանրակրթական ծրագրերը ենթարկվեցին լիակատար խմբագրման (մոտ 100 հազար փոփոխություն), ինչի արդյունքում էվոլյուցիայի դարվինյան տեսության փոխարեն որպես գիտական ​​հայեցակարգ սկսեցին աշակերտներին ներկայացնել մարդու ծագման աստվածաշնչյան–ղուրանական տարբերակը։ Այն ժամանակ թուրքական հասարակությունը բարեփոխումն ընդունեց ոչ միանշանակորեն, և ամենաանհաշտ ընդդիմախոսները նախաձեռնությունը բնութագրեցին որպես «թուրք ժողովրդի՝ միջնադարյան խավարամտությանը և իսլամացմանը վերադարձի» երաշխիք։ Ղուրանի ուսումնասիրությունը, «ջիհադ» հասկացության վերականգնումը և իսլամի հայեցակարգային ընկալումը որպես աշխարհի միակ ճիշտ գիտելիքի համակարգ այժմ դարձել են նորմ թուրքական դպրոցների համար, որքան էլ որ Ռ. Էրդողանը մերժում է աշխարհիկ կրթությունը ոչնչացնելու մեղադրանքները, որոնց հիմքերը դրվել են Քեմալ Աթաթուրքի կողմից Հանրապետության ստեղծումից ի վեր։

Այսօր, մի քանի տարի անց, Թուրքիայի կրթական ծրագիրը կրկին ստիպված է ենթարկվել նկատելի վերափոխման՝ կապված Թուրքիայում նոր քաղաքական հայեցակարգի առաջացման հետ, որն ուղղված է Եվրասիայի հսկայական շրջանների աշխարհաքաղաքական յուրացմանը։ Հանուն արդարության նշենք, որ քննարկվող նորամուծությունները հազիվ թե առաջացնեն զանգվածների նկատելի բացասական արձագանք, քանի որ, ի տարբերություն երկրի ամբողջական իսլամացման գաղափարների՝ ազգային ինքնության որոնումը «թյուրքակենտրոնականության» հարացույցում շատ տարածված գաղափար է թե՛ միջին տարիքի քաղաքացիների, թե՛, հատկապես, երիտասարդ սերնդի շրջանում։

Թուրքական հասարակությունը բավականին ծանրաբեռնված է Էրդողանի կառավարման սկզբնական շրջանում պետականաշինության հիմքում դրված կիսակղերական մոդելով, հատկապես՝ Մերձավոր Արևելքում «Արաբական գարնան» հետ կապված իրադարձությունների ֆոնին, որի արդյունքում միլիոնավոր մահմեդական փախստականները հեղեղել են երկիրը, իսկ թուրքական պետությունն ինքը ներգրավվել է տարբեր արմատական ​​իսլամիստական ​​խմբավորումների հետ տարբեր հակամարտությունների ու դաշինքների մեջ։ Մյուս կողմից, թուրք հասարակության մեջ ամրացել է այն համոզմունքը, որ իսլամն ի վիճակի չէ միավորել երկրի բոլոր էթնիկ խմբերին, և որ, մասնավորապես, «քրդական անջատողականության» խնդիրը չի ստացվում լուծել երկու էթնիկ խմբերի՝ թուրքերի և քրդերի դավանանքային համայնքի հիման վրա։ Այսպիսով, անլուծելի «Քրդական հարցը» դարձավ նաև Թուրքիայի «տիտղոսակիր ազգի» մեջ ազգայնական տրամադրությունների ալիքի աճի խթաններից մեկը, որի դրսևորումներից մեկն էլ այս երկրի քաղաքական վերնախավի աճող հետաքրքրվածությունն էր՝ ընդլայնելու թուրքական ինքնության «թյուրքական արմատների» հիմնական հիմքերի որոնումները։

Ըստ էության, Թուրքիայում երբեք չի ընդհատվել, այսպես կոչված, «թյուրքակենտրոնական» գաղափարական հայեցակարգի ձևավորման գործընթացը՝ իր տարբեր դրսևորումներով։ Պանթյուրքիզմը և պանթուրանիզմը միշտ ունեցել են իրենց եռանդուն հետևորդները նույնիսկ այդ շարժումները պաշտոնապես մարգինալացրած քեմալիզմի դարաշրջանում։ Էնվերի, Զիա Գյոքալփի, Խալիդե Էդիբ Ադիվարի, Մամեդ-Էմին Ռասուլզադեի և նրանց հետ Ռուսաստանից այլ թյուրքակենտրոնական գաղթականների ծրագրային գաղափարները միշտ առկա են եղել ազգայնական խմբերի շրջանում երկրի քաղաքական վերնախավի և հասարակական լայն շերտերի մեջ՝ հույս ունենալով, որ կգան «նոր ժամանակներն» ու աշխարհակարգի հերթական վերակազմավորման դարաշրջանը:

«Թուրքիայի հարյուրամյակի գալու» վերաբերյալ Նախագահ Թ. Օզալի 1991 թ. հայտարարությունը ընդունված է համարել պանթյուրքիզմի գաղափարական դոկտրինը քաղաքական հայեցակարգի գործնական կազմավորման սկիզբը։ Ելույթը համընկնում էր ԽՍՀՄ փլուզման հետ և ենթադրում էր գաղափարական հայեցակարգի վերակենդանացման շրջանի գալուստը։ Սկզբնական փուլում թյուրքակենտրոնականության գաղափարների տարածման դերը վերապահվել է թուրքական ազգայնական կուսակցություններին, ծայրահեղ աջ կազմակերպություններին և հատուկ ծառայությունների կողմից վերահսկվող «չքաղաքականացված սոցիալմշակութային կառույցներին», որոնք ակտիվ աշխատանք են տանում «կրթության» ուղղությամբ ինչպես Թուրքիայում, այնպես էլ «թյուրքական աշխարհի» տարածքում (Հարավային Կովկաս, Միջին Ասիա, Ռուսաստանի շրջաններ): Հետագայում պետությունը սկսեց աստիճանաբար միանալ գործընթացին պաշտոնական մակարդակով և քաղաքական հարթությունում («Թյուրքական պետությունների համագործակցության խորհուրդ, որը հետագայում վերանվանվեց «Թյուրքական պետությունների կազմակերպություն», «Թյուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամ» և այլն):

Ռ. Էրդողանի կառավարման 20-ամյա ժամանակահատվածում «թյուրքակենտրոնականության» հայեցակարգը ձեռք բերեց պետական գաղափարախոսության բոլոր ատրիբուտները, թեև վաղ փուլերում Անկարան ուսումնասիրում էր իր աշխարհաքաղաքական նկրտումները բավարարելու այլընտրանքային ուղիներ, որոնք աճեցին ինչպես երկրում տնտեսական բումի, այնպես էլ՝ Եվրասիական մայրցամաքում ու ամբողջ աշխարհում աշխարհաքաղաքական դասավորությունների վերակերպափոխման արդյունքում (ՌԴ և ԱՄՆ-ի առճակատման նոր փուլ, բազմաբևեռ աշխարհի ձևավորման միտումներ, «Արաբական գարուն», հակասություններ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև և այլն)։ Թուրքիայի քաղաքական վերնախավերը «փորձարկում էին» եվրոկենտրոնականության, նեոօսմանյան ռևիզիոնիզմի, իսլամակենտրոնականության և թյուրքակենտրոնականության փիլիսոփայական և գաղափարական հասկացությունները։ Միևնույն ժամանակ, փորձեր են արվել (դրանց նշանները դեռևս կան) չտարբերակելու (սինկրետացնել) այս բոլոր բազմակողմ վեկտորները, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ Ռ. Էրդողանը բազմիցս բարձրաձայնել է որպես իր կողմից ընդունված հայեցակարգային առաջնահերթություն։ Այնուամենայնիվ, արդիականության պատմաքաղաքակրթական հյուսվածքում Թուրքիայի դերն ու տեղը նույնականացնելու և դրան համահունչ երկրի աշխարհաքաղաքական հայեցակարգը կառուցելու բոլոր հավակնոտ նախագծերը միասնական համակարգում համախմբելու փորձերը արձագանք չգտան ո՛չ միջազգային բեմահարթակներում, ոչ՛ հակասություններից պատառոտված և նման հավակնոտ ծրագրերի ռեսուրս չունեցող բուն երկրում։

Եվրոպական համայնքը Թուրքիային չի ընդունում որպես իր մաս։ Իսլամական աշխարհում առաջնորդ լինելու թուրքական նկրտումները նյարդայնացնում են արաբական աշխարհին և շիա համայնքին, ինչպես նաև բացասաբար են ընկալվում ամերիկա-իսրայելական երկյակի կողմից, որն ունի Մերձավոր Արևելքի սեփական տեսլականը:

Որպես վերածնվող տերության աշխարհաքաղաքական աճի և ինքնահաստատման իրականացման համար տարածք գտնելը դժվար խնդիր է Թուրքիայի համար, որի լուծման գործընթացում աշխարհաքաղաքական ներկայիս իրողություններում կենսունակության փորձությանը չդիմացող հայեցակարգերը բացառման մեթոդով դուրս են ընկնում մեկը մյուսի հետևից։ Ելնելով այս գործընթացների վերլուծությունից՝ կարելի է ենթադրել, որ Անկարայի համար «Թուրքիայի դար» հայտնի նշանաբանի իրականացման միակ կենսունակ վեկտորը մնում է թյուրքակենտրոնական հայեցակարգը, որը բավարարում է ինչպես Թուրքիայի աշխարհաքաղաքական կշիռն ամրապնդելու, նրա ռազմաքաղաքական և տնտեսական աճի պահանջմունքները, այնպես էլ պատմական ու քաղաքակրթական ինքնության ձեռքբերմանը, որի խնդիրը միշտ ուղեկցել է թուրքական պետականությանը Բյուզանդիայի գրավումից և Խալիֆայության ստրկացումից ի վեր։

Հարկ է նշել, որ Անկարայի սևեռվածությունը թյուրքակենտրոնականության հայեցակարգի վրա, որը դոկտրինալ առումով հանգեցնում է պանթյուրքիզմի և պանթուրանիզմի գաղափարների իրականացմանը, բխում է նաև նրա արևմտյան դաշնակիցների շահերից, որոնք Թուրքիան տեսնում են ջախջախիչ «խոյի» դերում ՌԴ և ՉԺՀ-ի ռազմավարական շահերի տարածքի ողջ երկարությամբ՝ Հարավային Կովկասից մինչև Սայան լեռներ: Միջին Ասիայում և ռուսական Պովոլժիեում՝ (Մերձվոլգյան տարածաշրջան) տասնամյակների ընթացքում իր «փափուկ ուժն» օգտագործելու Անկարայի համալիր քայլերը, Կենտրոնական Ասիայի հանրապետությունները ռուսական արտաքին քաղաքական վեկտորից աստիճանաբար դուրս բերելու և այս հսկայական տարածաշրջանում ազգայնական տրամադրություններ արթնացնելու՝ Արևմտյան քաղաքականության հետ զուգորդված, նպաստեցին Եվրասիական մայրցամաքի սիրտը՝ Թուրքիայի հետագա ներթափանցման պայմանների ստեղծմանը։

Անկախ վերջին երկու տասնամյակների ընթացքում Անկարայի՝ նեոօսմանիզմի և պանիսլամիզմի բազմակողմ գաղափարներ զարգացնելու փորձերից, թյուրքակենտրոնականության գաղափարը հետևողականորեն աջակցություն էր ստանում երկրի պետական ​​կառույցների կողմից և մշտապես «գերաճում» նոր կառուցվածքային կապերով և ծրագրերով։ Ի սկզբանե մշակութային և լեզվական ընդհանրության հիմքի վրա ստեղծված ապաքաղաքական «Թյուրքական խորհուրդը» (2009 թ.) աստիճանաբար վերածվեց ինտեգրացիոն քաղաքական կառույցի՝ «Թյուրքական պետությունների համագործակցության խորհրդի» (2021 թ. հոկտեմբեր), ինչն ամրագրվեց Ստամբուլում կայացած գագաթնաժողովում կազմակերպության անդամ երկրների համատեղ հայտարարությունում։ Կազմակերպության գործունեության շրջանակներում մշակվել են բազմաթիվ ֆինանսատնտեսական համագործակցության ծրագրեր, որոնք ներառում են համատեղ հիմնադրամների և բանկային կառույցների ստեղծում, մաքսային ընթացակարգերի պարզեցում և տուրքերի նվազեցում, ներդրումային ծրագրերի խթանում և կապիտալի շրջանառություն։ «Համագործակցության» անդամ երկրների միջև միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումների համաձայնեցումը սովորական պրակտիկա է դարձել։ Վերջապես, կազմակերպության շրջանակներում շրջանառության մեջ դրվեց «Թուրանի բանակի» հայեցակարգը՝ մի նախագիծ, որի մասին, հասկանալի պատճառներով, նախընտրում են քիչ խոսել, բայց որի իրականացման ուղղությամբ, ըստ ամենայնի, այժմ աշխատում են ամբողջ թափով:

Այս առումով, Թուրքիայում նոր ուսումնական պլանի հաստատումը նման չէ սենսացիոն նախաձեռնության կամ Անկարայի միակողմանի քայլի։ «Թյուրքական տարածության» պատմությանը նոր հայացք նետելու և դրա անցյալի ու ներկայի վերաիմաստավորման հայեցակարգը ներառված է կազմակերպության բոլոր անդամ երկրների «պարտավորությունների թղթապանակում»: Այս պարտավորությունները ենթադրում են պատմական իրադարձությունների ըմբռնման մեկ պրիզմայի, նույնական տերմինաբանության, աշխարհագրական համանման անունների և պատմական գործիչների անունների մշակում։ Պատահական չէ, որ այս օրերին թուրքական մամուլում նոր ուսումնական ծրագրի քննարկման համատեքստում կարելի է հանդիպել «եղբայրական թյուրքական երկրներին» ուղղված կոչեր՝ արագացնելու գիտական ​​և կրթական ծրագրերի արմատական ​​բարեփոխումների գործընթացը։ Այս լույսի ներքո արժե նշել ևս մեկ հիմնարար քայլ, որը Թուրքիան ակնկալում է Կենտրոնական Ասիայի որոշ հանրապետություններից և որը կավարտի «Թյուրքական համագործակցության կազմակերպության» երկրների հիմնարար ինտեգրման գործընթացը։ Խոսքը լեզուների՝ կիրիլյան այբուբենը լատիներենով փոխարինելու մասին է, որին, օրինակ, Ղազախստանը պարտավորվել է անցնել 2025 թվականի ավարտին։

Թուրքիայի և հետխորհրդային տարածքի դրա ազգակից հանրապետությունների միջև ինտեգրացիոն գործընթացների լայն ակնարկով նոր կրթական ծրագիրը աճող փոխգործակցության միայն մի մասն է, բայց այն շատ նշանակալից է և ամբողջ ինտեգրացիոն կառուցվածքը ամրացնող լուծիչի դեր է խաղում: Կասպից ծովի երկու կողմում ապրող սերունդները, որոնք մեծացել և դաստիարակվել են պատմական անցյալի և իրականության անցուդարձի միասնական մեկնաբանությամբ և ըմբռնմամբ, ապագայում կարող են ձգտել միասնության ավելի հավակնոտ ծրագրերի, քան ինքնիշխան թյուրքական հանրապետությունների սինկրետիկ միությունը: Հենց սա է պանթուրանիստների գերագույն երազանքը։ Նրանք կարծում են, որ Հեռավոր Արևելքից մինչև Բալկաններ իրենց դարավոր պատմության ընթացքում չինական, սլավոնական, պարսկական և եվրոպական քաղաքակրթությունների ազդեցության ենթարկված թյուրքական էթնոսների փուխր բազմազանության մեջ դեռևս հնարավոր է գտնել և արթնացնել տարրեր, որոնք նպաստում են թյուրքական գործոնի սինթետիկ և ոչ միայն սինկրետիկ միասնությանը, ինչը ենթադրում է հսկայական համաասիական գերտերության ստեղծում։

Թերևս այս երազները նույնիսկ այս պահին զուրկ են թվում ռացիոնալ բաղադրիչից, բայց մյուս կողմից՝ ընդամենը քառորդ դար առաջ դժվար թե հնարավոր լիներ կանխատեսել Կենտրոնական Ասիայի երկրների, և ոչ միայն դրանց, քաղաքական և քաղաքակրթական կյանք Թուրքիայի ներթափանցման արագությունն ու մասշտաբները: Փաստորեն, բազմաթիվ նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս պատկերացնել թյուրքակենտրոնական հայեցակարգի շահերի և Կենտրոնական Ասիայի աշխարհագրական տարածքից դուրս դրա ջատագովների շոշափելի հաջողությունների շատ ավելի ընդգրկուն պատկերը: Ի դեպ, պետք է նշել, որ «Միջին Ասիա» հասկացության փոխարեն թուրքական նոր ուսումնական ծրագրում ներմուծված «Թուրքեստան» տերմինը ենթադրում է աշխարհագրական տարածք, որը շատ ավելի ընդարձակ է, քան Կենտրոնական Ասիայի հանրապետությունների իրական տարածքները։ Եվ դա պետք է լրացուցիչ խթան դառնա ՌԴ և ՉԺՀ քաղաքական գործիչների որոշակի մտորումների համար։ Իրականում, թյուրքական միասնության հայեցակարգի գաղափարախոսներն ու տեխնոլոգները երկարաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի «յուրացման» գաղափարը համարում են միջանկյալ նպատակներ՝ բուն Ռուսաստանի Պովոլժիեում (մերձվոլգյան տարածաշրջանում), Ուրալում, Հյուսիսային Կովկասում, Ալթայում և այլ շրջաններում ազգայնական տրամադրությունների զանգվածային զարթոնքի ավելի հավակնոտ ծրագրերի ճանապարհին։ Եվ ամենևին էլ բացառված չէ, որ այդ երկարաժամկետ ծրագրերը կարող են արագացվել Ուկրաինայում տևական պատերազմի և դրա աշխարհաքաղաքական արդյունքների բավականին թույլ կանխատեսելիության պատճառով։

Դեռևս 13.03.2024 թ. «ԱՌՎԱԿ» կենտրոնը հրապարակել էր «Արևմուտք–Ռուսաստան առճակատման հիմնական և շեղող հարվածները» վերնագրով նյութը, որտեղ կարծիք էր արտահայտվում Մոսկվայի ռազմավարական սխալ հաշվարկի մասին, որը թույլ տվեց ուժեղացնել թուրքական գործոնը Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղի համար 44-օրյա պատերազմում Հայաստանի կրած պարտության արդյունքում։ Աշխարհաքաղաքական մեծ խաղի համատեքստում Ռուսաստանի Դաշնությունը ռացիոնալ համարեց Ադրբեջանը Թուրքիային զիջելը (Շուշիի հռչակագիր, 15-ը հունիսի, 2021 թ.) Անկարայի՝ ուկրաինական պատերազմին չմիջամտելու դիմաց։ Սխալ հաշվարկի էությունը կայանում էր նրանում, որ պայքարի արևմտյան ճակատը դարձավ նատօյական կոալիցիայի շեղող հարված Ռուսաստանի Դաշնությանը Ուկրաինայի միջոցով՝ նպատակ ունենալով սահմանափակել նրա գործողությունները Հարավային Կովկասում և սպառել ռեսուրսները, մինչդեռ Վաշինգտոնի, Լոնդոնի և Բրյուսելի հիմնական խաղադրույքն ակնհայտորեն դրված է «թուրքական խոյի» վրա, որը դեռևս դանդաղորեն ճանապարհ է հարթում դեպի Կենտրոնական Ասիա՝ Ռուսաստանի հարավային «փափուկ փորատակի» երկայնքով: Սակայն այդ «հարվածների» ուժգնությունն ու բնույթը կարող են փոխվել ցանկացած պահի։

Արդեն այսօր, բազմաթիվ բաց աղբյուրներից փաստեր և տվյալներ համադրելով, կարող ենք փաստել, որ Թուրքիայի ընդլայնումը Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարածքում, որն արդեն թուրքական գիտական ​​և կրթական ծրագրերում «Թուրքեստան» է կոչվում, իրականություն է դառնում։

Դա թյուրք ծայրահեղ ազգայնականների մեկուկես դարի երազանքի և արևմտյան տեխնոլոգիական կենտրոնների քրտնաջան աշխատանքի մարմնացումն է, որը հմտորեն ուղղորդում է Թուրքիայի ծավալապաշտական ​​նկրտումները դեպի ՆԱՏՕ-ի դաշինքի գլոբալ պայքարի՝ Ռուսաստանը որպես համաշխարհային տերություն կազմաքանդելու հունը:

Այս առումով չի կարելի չնշել «Եվրասիական (սլավոնաթուրքական) քաղաքակրթական միության» գումիլև-դուգինյան քաղաքականա-փիլիսոփայական հայեցակարգի սնանկության փաստը այն ֆոնին, թե ինչպես է Թուրքիան վերջնականապես և անդառնալիորեն որդեգրել քաղաքական փիլիսոփայության իր սեփական կորիֆեյ՝ պանթյուրքիզմի և պանթուրանիզմի ծրագրի համակարգող և ոգեշնչող, որպես «ռուսական վեհապետականության գերեզմանափոր» կոչված Զիյա Գյոքալփի հայեցակարգը։

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 21.06.2024 թ.: