Մեկնաբանություններ

Թուրանական սեպն անցնում է ակտիվացման ռեժիմի

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 11.08.2024 թ.(1)

08.08.2024-ին «Казахстанская правда» («Կազախստանսկայա պրավդա») պարբերականի կայքէջում հրապարակվել էր Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հոդվածը, որի լեյտմոտիվն էր պաշտպանական մի ինչ-որ նոր համակարգի մեջ Կենտրոնական Ասիայի երկրների միավորման գաղափարը։ «Կենտրոնական Ասիայի երկայնքով մեկ առաջացած բարդ ռազմաքաղաքական իրավիճակի պահպանվող համապատկերում առաջանում է պաշտպանական քաղաքականության և անվտանգության ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը։ Առանձնակի հրատապություն է ստանում անվտանգության տարածաշրջանային ճարտարապետության ստեղծումը, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի համար անվտանգային ռիսկերի և դրանց կանխարգելման միջոցների կատալոգի մշակման միջոցով», ­– ասվում էր Ղազախստանի ղեկավարի հոդվածում։

Պատահական չէ, որ այդ հոդվածի հրապարակման ժամանակի ընտրությունը համընկել է նույն օրվա՝ 08.08.2024 թ. ղազախական Աստանայում Կենտրոնական Ասիայի պետությունների և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հետ։ Ինչպես հայտնի դարձավ այնուհետև, փաստորեն առաջնորդներից յուրաքանչյուրը, կլոր սեղանի շուրջ հանդես գալով օրակարգային ելույթով, արտահայտվել է Կենտրոնական Ասիայում հուսալի «անվտանգային միջավայրի» ստեղծման համար ջանքերի միավորման անհրաժեշտության վերաբերյալ։ Այդ մասին խոսել են և ՈՒզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը, և Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը։ Ադրբեջանի նախագահ Ալիևը նույնպես իր ճառում մեծ տեղ էր հատկացրել այդ հարցին։ Նա հայտարարել էր, որ աշխարհում առաջացող հարաճուն սպառնալիքներն ու մարտահրավերները պահանջում են ամրապնդել երկրների համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում։ Ի. Ալիևը հատկապես շոշափել է ԱդրՀ ռազմա-ուսումնական հաստատություններում Կենտրոնական Ասիայի երկրների կուրսանտների ուսումնառության թեման, պատմել Ղազախստանում անցկացվող «Бiрлестiк-2024» («Միասնություն2024») միջազգային օպերատիվ-մարտավարական վարժանքների օգտակարության մասին։

Փաստորեն, Ղազախստանի ԶԼՄ-ները միաժամանակ հրապարակել են հանրապետության պաշտպանության նախարարության հաշվետվությունը ղազախական բանակի մարտական հզորության հետագա բարձրացման և արդիական տեխնիկայով դրա հագեցման ուղղությամբ արդեն կատարված աշխատանքի և նախատեսվող ծրագրերի մասին։ Հաշվետվության մեջ բերված են տվյալներ հարյուրավոր միավորներ զրահատեխնիկայով, հրետանային համակարգերով և պատերազմի վարման այլ նորագույն միջոցներով ղազախական բանակի զորամասերի համալրման մասին։ Փաստաթուղթը ղազախական բանակը ներկայացրել է որպես հզոր գործոն՝ պատրաստ կարևոր դեր ստանձնելու տարածաշրջանում նոր անվտանգային համակարգի կառուցման գործում։

Այդպիսով, հանդիպման և տեղեկատվական համապատկերի լուսաբանման գործընթացը, որի մեջ անցել է Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի առաջնորդների աշխատանքը, նպաստել են, որպեսզի Աստանայի հանդիպումը խորհրդանշի Կենտրոնական Ասիայի երկրների ինտեգրման անցումը որակապես նոր մակարդակի՝ մշակութային-տնտեսական մերձեցումից դեպի ռազմաքաղաքական միություն։ ԱՌՎԱԿ կենտրոնը ոչ հեռու անցյալում արդեն գրել է նման միտման նշանների առկայության մասին։

Ըստ ամենայնի, այժմ խոսքը թյուրքական աշխարհի արմատական գաղափարախոսների՝ «Թուրանի բանակի» գաղափարի նյութականացման մասին է։

Ըստ էության, այս գաղափարի կենսագործումը սկսվել է անցյալ դարի 90-ականների կեսից և տվյալ փուլում տեղի են ունենում ծրագրի իրավաքաղաքական ձևակերպումն ու օրինականացումը։ Նշված հիմնախնդրի համատեքստում Կենտրոնական Ասիայի երկրները պետք է հարցականի տակ դնեն ՀԱՊԿ հիման վրա ստեղծված անվտանգային համակարգի արդյունավետությունը։ Այդ կազմակերպության անկարողության և ժամանակավրեպության մասին ուղղակի շեշտադրումներ առայժմ չկան, բայց Աստանայում տեղի ունեցած քննարկումների բնույթն, ըստ էության, հենց դրան է հանգեցնում։

Գործընթացի ներկայիս փուլում տրամաբանական է նաև փաստացի ազդարարված ռազմաքաղաքական նախագծի առանցքային երկրի՝ Թուրքիայի բացակայությունը։ Ակնհայտ է, որ Անկարան կմնա ստվերում, որպեսզի շեշտադրվի նախատեսվող անվտանգային նոր համակարգի տարածաշրջանային, այլ ոչ էթնո-տարածաշրջանային էությունը։ Անկարայի՝ որպես նախագծի առաջնորդի և քարշիչ ուժի, առաջնաբեմ ելնելը կիրագործվի ավելի ուշ՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում Իրանի և ՈՒկրաինայում Ռուսաստանի, իսկ այժմ արդեն նաև սեփական տարածքում (Կուրսկ) խնդիրների լուծման ընթացքը։

Ակնհայտ է, որ սեփական նոր անվտանգային համակարգի մասին թյուրք առաջնորդների հռետորաբանությունն անմիջականորեն կապված է Իրանի և Ռուսաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Չի կարելի չնկատել այն զուգադիպությունը, երբ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Ի. Հանիեի սպանությունը և անմիջականորեն ՌԴ տարածք ՈՒԶՈՒ-ի ուժերի ներխուժումը տեղի են ունեցել Թեհրանի և Մոսկվայի կողմից ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի ստորագրման նախաշեմին։ Իսկ թյուրք առաջնորդների հանդիպումը և սեփական անվտանգային համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին հայտարարությունները, ինչը ենթադրում է «Թուրանի բանակի» ստեղծումը, հարկ է համարել Արևմուտքի գլոբալ խաղի երրորդ բաղադրիչը, խաղ՝ ուղղված թույլ չտալու համար ռուս-իրանական միասնության հաստատութենականացումը և այդ երկրների ազատությունը՝ «սեփական գործերով» զբաղվելու համար։

Ելնելով դրանից, հարկ է հասկանալ, որ «թուրանական սեպը», որի ստեղծումը տասնամյակների ընթացքում վերահսկել են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, փութաջանորեն բերվում է ակտիվացման ռեժիմի՝ ԻԻՀ-ի և ՌԴ-ի համար այդտեղից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 09.08.2024 թ.: