ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 24.07.2024(1)
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ 26.06.2024 թ. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Էրդողանի հետ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կայանալիք բանակցություններին իր պատրաստակամության մասին։ Դրանց նախապատրաստության մասին լուրերը հայտնի դարձան հունիսին, սակայն, ինչպես պարզվեց, թուրքական և սիրիական կողմերը վերջին չորս տարիների ընթացքում ինտենսիվ շփման մեջ են եղել հարաբերությունների կարգավորման բանակցությունների համար պայմաններ ստեղծելու շուրջ։ Շփումները տեղի են ունեցել երկու երկրների հատուկ ծառայությունների մակարդակով։ Այդ մասին անձամբ հաստատել է Թուրքիայի ներկայիս արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ով նախկինում ղեկավարել է երկրի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT)։ Բարձր մակարդակի բանակցությունների նախապատրաստումն իրականացվել է Ռուսաստանի և Իրանի միջնորդությամբ։ Ըստ թուրքական աղբյուրների՝ կողմերը բազմիցս քննարկել են ապագա բանակցությունների մանրամասները և հանդիպել տարբեր վայրերում, այդ թվում՝ Սիրիայի հարցով Աստանայի գագաթնաժողովներում և Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում։
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով` Բաշար Ասադը այնքան էլ ոգևորված չէր բանակցությունների կազմակերպման գաղափարով և դրանց հնարավոր հաջողությամբ, սակայն Անկարային, այնուամենայնիվ, հաջողվեց «ստիպել» Դամասկոսին՝ համաձայնության գալ։ Դա, իբր, հնարավոր է դարձել 2024 թ. հունիսի 11-ին Մոսկվայում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հաքան Ֆիդանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ Թուրքիայի արտգործնախարարի հետ զրույցից հետո ՌԴ նախագահը Դամասկոս է ուղարկել իր հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևին, որը Բ. Ասադին համոզել է Ռ. Էրդողանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ և կարգավորել հարաբերությունները։ Ինքը՝ Ֆիդանը, այս «լուրջ հաջողության» մասին ասել է հետևյալը. «Մեր նախագահը, օգտագործելով իր առաջնորդական տեսլականը, ամենաբարձր մակարդակով խաղաղության կոչ արեց։ Սա շատ արժեքավոր է»: Ակնհայտ է, որ Թուրքիայի արտգործնախարարի կողմից փորձ է արվում գործընթացը ներկայացնել՝ որպես իր երկրի նախագահի կողմից միանգամայն ճիշտ ժամանակին արված և տարածաշրջանում անվտանգության հաստատման համար մեծ նշանակություն ունեցող նախաձեռնություն։ Այնուամենայնիվ, ավելի համոզիչ է թվում այն վարկածը, որ Անկարայի և Դամասկոսի հարաբերություններում լարվածության թուլացման նախաձեռնողը ինքը Ֆիդանն է, ով MIT-ի ղեկավարի նախկին ծառայության և ներկայիս պաշտոնի շնորհիվ իրազեկված է Դամասկոսի հետ հետագա թշնամության պարագայում Թուրքիային սպառնացող խնդիրների մասին:
Միևնույն ժամանակ, Հ. Ֆիդանը փորձում է իրավիճակը ներկայացնել այնպես, որ Թուրքիայի գործադրած ջանքերը պետք է դիտարկել ոչ թե որպես անհրաժեշտություն, այլ՝ որպես «բարի կամքի ժեստ» Դամասկոսին, որն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման «գոյութենական կարիք ունի»։ «Հուսով եմ, որ նրանք [սիրիացիները] հասկանում են, թե որքան կարևոր է սա: Սիրիայում իրավիճակը շատ բարդ է։ Տարածքում ներկա են Ռուսաստանն ու Իրանը, կան ոստիկանական ուժեր, մաքսանենգներ, տեղի են ունենում իսրայելական հարձակումներ։ Մենք հաշվի ենք առնում այս բոլոր դժվարությունները», – ԶԼՄ-ներին ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերագեսչության ղեկավարը։ Հազիվ թե Դամասկոսում ըմբռնումով վերաբերվեին Ֆիդանի խոսքերին։ Ի վերջո, հայտնի է, որ, Ռուսաստանը և Իրանը Սիրիայում ներկա են՝ այս երկրի իշխանությունների խնդրանքով և համաձայնությամբ, մինչդեռ Թուրքիան, պարզապես, գրավել է այս երկրի հյուսիսային մի շարք շրջաններ։ Միևնույն ժամանակ, Ֆիդանի նշած ոստիկանական ստորաբաժանումների դերը կատարում են, այսպես կոչված, «Սիրիայի ազատ բանակի» (նաև հանդես է գալիս որպես «Սիրիայի ազգային բանակ») և Անկարայի կողմից վերահսկվող այլ կազմավորումների կրոնական ծայրահեղականները։ Եվ վերջապես, մաքսանենգների մասին Ֆիդանի խոսքերը նույնպես չեն դիմանում որևէ քննադատության, քանի որ հենց Թուրքիան էր՝ համագործակցելով ԴԱԻՇ-ի և այլ խմբավորումների հետ, երկար ժամանակ իր տարածքով մաքսանենգ ճանապարհով իրականացնում էր սիրիական նավթի ապօրինի արտահանում: Այս կապակցությամբ կարելի է հասկանալ Բաշար Ասադին, որը տևական ժամանակ չէր ցանկանում բանակցությունների սեղանի շուրջ նստել Էրդողանի հետ, ով Սիրիայի համար ամենադժվար ժամանակներում («Արաբական գարուն») արտոնեց Սիրիայի ինքնիշխանության վրա հարձակումը, հարևան արաբական երկրի փաստացի բռնազավթումն ու թալանը։
Եվ, այնուամենայնիվ, Դամասկոսը պետք է համաձայնի բանակցություններին, քանի որ իրավիճակը Սիրիայի շուրջ և երկրի ներսում, իսկապես, նորից բարդանում է՝ Լիբանանի վրա Իսրայելի սպասվող հարձակման և մերձավորարևելյան խոշոր պատերազմի բռնկման մեծ հավանականության պատճառով։ Այս ֆոնի վրա Դամասկոսին ծայրահեղ անհրաժեշտ է պաշտպանել իրեն Թուրքիայի և նրա փոխանորդների հավանական ապակայունացնող գործողություններից երկրի հյուսիսում, հատկապես՝ Հալեպում և Աֆրինում, ինչպես նաև երաշխավորել «Հեզբոլլահի» և Իրանի համար մատակարարման համեմատաբար անվտանգ ուղիներ՝ Լիբանանում նրանց մարտական խմբերի համար։
Այսպիսով, կարելի է ակնկալել, որ բարձր մակարդակի բանակցություններ տեղի կունենան, բայց հարցն այն է, թե որքան հեռու կգնա Թուրքիան, որպեսզի Սիրիային ապացուցի հարաբերությունները կարգավորելու իր պատրաստակամությունը և երաշխավորի նրա գործերին իր չմիջամտելը՝ Մեծ Մերձավոր Արևելքում ապակայունացման նոր փուլի նախօրեին: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Անկարան պատրաստ է ճանաչել Սիրիայի ինքնիշխանությունն իր բոլոր տարածքների նկատմամբ և դուրս բերել զորքերը, այսպես կոչված, «բուֆերային գոտուց», որը գրավված է երեք՝ «Եփրատի վահան» (2016–2017 թթ.), «Ձիթենու ճյուղ» (2018 թ.) և «Խաղաղության աղբյուր» (2019 թ.) գործողությունների արդյունքում: Նաև Անկարան, հնարավոր է, արդեն որոշում է կայացրել «Սիրիայի ազատ բանակի» կամ «Սիրիայի ազգային բանակի» զինաթափման վերաբերյալ, ինչը կարող է հաստատվել արաբական տելեգրամ ալիքների տարածած տեղեկությունով, ըստ որի՝ Հավար Քիլիս բնակավայրում թուրքական հետախուզության բարձրաստիճան սպաները թուրքամետ հյուսիսային սիրիական խմբավորումների առաջնորդների հետ գաղտնի հանդիպման ընթացքում տեղեկացրել են իրենց՝ «զենքը վայր դնելու և Դամասկոսում օրինական կառավարությանը ենթարկվելու» անհրաժեշտության մասին։ Ընդ որում, թուրքական աղբյուրներն, իրենց հերթին, պնդում են, որ թուրքական գաղտնի ծառայությունների էմիսարները վաղուց են փորձել համոզել իրենց սիրիացի գործընկերներին, որ թուրք–սիրիական հարաբերությունների կարգավորման դեպքում նպատակահարմար կլիներ ոչ թե զինաթափել վերը նշված խմբավորումներին, այլ՝ նրանց «ներգրավել» Սիրիայի ազգային բանակի մեջ։ Սակայն, դատելով Հավար Կիլիսի հանդիպման օրակարգից, Դամասկոսը կտրականապես մերժեց այս առաջարկը և պահանջեց, որ Ասադ–Էրդողան հանդիպման բանակցային գործընթացում՝ որպես դրա անցկացման պարտադիր պայման, ներառվի թուրք փոխանորդների զինաթափումը։ Սա կարող է լրացուցիչ վկայություն լինել, թե Բ. Ասադը քաջատեղյակ է, որ Անկարան ստիպված է հնարավորինս շուտ լուծել թուրք-սիրիական ճգնաժամը, ուստի նա ձգտելու է առավելագույն զիջումներ ստանալ Էրդողանից։
Այս լույսի ներքո, Թուրքիայի շտապողականությունն ու համաձայնությունը, անկախ նրանից, թե Անկարան փորձում է Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը որպես «բարի կամքի ժեստ» ներկայացնել, իսկապես, ինտրիգային է թվում։ 04.07.2024 թ. ԱՌՎԱԿ կենտրոնը «Թուրքիային թույլ չեն տալիս դուրս գալ սիրիական խաղից» վերտառությամբ մեկնաբանության մեջ արդեն ենթադրություն է արտահայտել առ այն, որ Անկարան ամեն գնով ձգտում է ավարտել իր ռազմական ներկայությունը Սիրիայում, ինչը հղի է նոր մերձավորարևելյան պատերազմի մեջ Թուրքիայի ներքաշմամբ՝ իր համար աղետալի հետևանքներով: Երկու շաբաթ անց այս ենթադրությունը հաստատվեց, ինչի մասին վկայում են հենց Թուրքիայից ստացված տվյալները։ Ադրբեջանական haggin.az տեղեկատվական պորտալի թուրքական ծառայությունը` վկայակոչելով թուրքական քաղաքական շրջանակների աղբյուրները, հաղորդում է, որ Անկարան երկու պատճառ ունի, որոնք ստիպում են նրան կարգավորել հարաբերությունները Դամասկոսի հետ։ Նախ, Թուրքիան դրանով փորձում է կանխել ՔԲԿ-ի(*)/ԺԻՋ-ի(**) ուժերով Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծումը: Երկրորդ՝ լուծել սիրիացի փախստականների խնդիրը, որոնք հեղեղել են Անատոլիայի քաղաքները և, մասնավորապես, Թուրքիայի հարավը։ Ադրբեջանական պորտալի բերած երկու պատճառները ցույց են տալիս Թուրքիայի գործողությունների դրդապատճառի ուրվագիծը, սակայն, միևնույն ժամանակ, դրանցում թերասում կան, որը պետք է հստակեցնել այստեղ։
Բանն այն է, որ թուրքական հատուկ ծառայություններն ակնհայտորեն հավաստի տեղեկություններ ունեն, որ Իսրայելի հայտարարած ռազմական գործողությունը չի սահմանափակվելու միայն Լիբանանի տարածքով։ Սիրիան պահեստային տարածքային ներուժ է «Հեզբոլլահի» և դրա աջակից Իրանի համար։ Հետևաբար, անվիճելի է, որ ամերիկա-իսրայելական երկյակը կընդլայնի շիական դաշինքի դեմ ռազմական գործողությունների ասպարեզը, ներառյալ սիրիական տարածքները, ինչը կբերի այս երկրում ապակայունացման նոր ցնցումների։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները՝ զուգորդված արաբական հանրապետությունում կենտրոնախույս ուժերի հերթական ակտիվացման հետ, կարող են ամբողջությամբ կործանել երկիրը, խթանելով մի կողմից` փախստականների բազմամիլիոնանոց հոսքերը դեպի Թուրքիա, իսկ մյուս կողմից՝ նպաստելով Սիրիայի հյուսիսում քրդական պետականության բոլոր տարրերի վերջնական ձևավորմանը։ Ստեղծված քաոսի պայմաններում Անկարան չի կարողանա վերահսկել իրավիճակն իր հարավային սահմաններում, ինչպես նաև իր սեփական տարածքում, որտեղ ՔԲԿ-ի (PKK) ակտիվացումը, քրդական բնակչության և սիրիացի փախստականների շրջանում անկարգությունները Թուրքիայի համար անշրջելի գործընթացներ կառաջացնեն։ Երկիրն արդեն իսկ ահռելի դժվարություններ է ապրում սոցիալական ապահովության և սիրիացի փախստականներին վերաբերող իրավիճակի վարչաիրավական վերահսկողության հետ կապված (դրա ապացույցը հուլիսի սկզբին երկրում բռնկված զանգվածային անկարգություններն են), որոնց թիվը երկրում, ըստ թուրքական վիճակագրական ծառայության` հասնում է մինչև 3,6 մլն։ Փախստականների խնդիրն արդեն դարձել է Անկարայում ներքաղաքական կռիվների հիմնական պատճառը, որոնց ընթացքն ամենևին էլ ձեռնտու չէ Ռ. Էրդողանին և իշխող ԱԶԿ-ին։ Մյուս կողմից, թուրքական հասարակությունը զայրույթի նշաններ է ցույց տալիս հարևան երկրի տարածքում հազարավոր թուրքական ռազմական համակազմի տեղակայման առնչությամբ, որը պահելը առանց այն էլ ճգնաժամային բյուջեի համար տարեկան միլիարդավոր դոլարներ է արժենում։
Այսպիսով, Սիրիան, որի ինքնիշխանությունը ոտնահարելու գործում Անկարան նույնպես իր մասնակցությունն ունեցավ, այժմ վերածվել է «վառոդի տակառի», որի պայթյունը կարող է Թուրքիային տանել փորձությունների։ Ֆիդանը, որը ծանոթ է տարածաշրջանային խնդիրների նրբություններին և պրագմատիկորեն է գնահատում սիրիական ուղղությամբ Թուրքիայի մարտահրավերներն ու վտանգները, չի կարող դա չհասկանալ։ Թերևս, Հ. Ֆիդանի հաշվարկները և սկզբնական փուլերում դրանց արդյունքների հիման վրա նախագահին առաջարկված որոշումները չեն համընկել Էրդողանի՝ Օսմանյան Թուրքիայի «արաբական ժառանգությունը» վերանայելու ծրագրերի հետ։ Սակայն, տպավորություն է ստեղծվում, որ հետախուզության նախկին ղեկավարը և ներկայիս ԱԳ նախարարը երկրի նախագահին իր դիրքորոշման համար այնպիսի հիմնավորում է տվել, որ ոչ վաղ անցյալում Թուրքիայի նախագահի համար աներևակայելի «Ասադի վարչակարգի վերականգնումը» և Սիրիայի ինքնիշխանության վերահաստատումն այժմ դարձել է նրա համար իդեֆիքս՝ սևեռուն գաղափար։ Միևնույն ժամանակ, Էրդողանի համար «Սիրիական հարցում» գլխավոր խնդիրը ոչ թե բուն Թուրքիայի հեռանալն է (այդ հարցը գործնականում արդեն որոշված է), այլ՝ այս գործընթացում «դեմքը փրկելը»։ 2012-ից ի վեր Ռ. Էրդողանի հռետորաբանությունը Սիրիայի և դրա ինքնիշխանության վերաբերյալ առանձնանում էր ընդգծված խստությամբ, որն անցել է դիվանագիտականության և քաղաքական էթիկայի սահմանները։ Էրդողանը Ասադին և նրա ընտանիքին արժանացնում է այնպիսի պիտակների, որոնցով նա այժմ բնութագրում է իր «ոխերիմ թշնամի» Նեթանյահուին, կասկածի տակ էր դրնում Սիրիայի ինքնիշխանությունը, հայտարարում, որ Թուրքիան այս երկրի ստրկացված ժողովուրդների պաշտպանն է, համոզում էր, որ թուրք զինվորն իրավունք ունի գտնվել սիրիական հողում և կմնա այնտեղ, քանի դեռ որևէ մեկին «դաժան վարչակարգից» պաշտպանելու անհրաժեշտություն կա։ Նման հայտարարություններից հետո մինչ այժմ «անդրդվելի» Ասադի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու և հանդիպման արդյունքում «սիրիական բալաստից» ազատվելու որոշումը միջազգային հանրության և հենց Թուրքիայի քաղաքացիների աչքին պետք է անհեթեթություն երևա։ Թուրքիայի ղեկավարի համար սիրիական նախկին քաղաքականությունը վերաձևակերպելը իսկապես մեծ մարտահրավեր է, քանի որ դրա օգնությամբ նա ցանկանում էր մնալ թուրքական պատմության մեջ՝ որպես դարակազմիկ առաջնորդ։ Սակայն այս խնդիրը նույնպես իր վրա վերցրեց Ֆիդանը, ով հրահանգ տվեց թուրքական ԶԼՄ-ներին ներկայացնել Թուրքիայի ակնկալվող հարկադիր դուրսբերումը Սիրիայից՝ որպես երկրի նախագահի լայն ժեստ ողջ տարածաշրջանին, որպես խաղաղությանը միտված իր իմաստուն որոշում և, վերջապես, առատաձեռն բարեհաճություն՝ սիրիացի ժողովրդին:
Վերոնշյալի կապակցությամբ հարկ է նաև ընդգծել, որ թուրքական մոտեցումների փոխակերպումը տեղի է ունենում ոչ միայն սիրիական ուղու առնչությամբ։ Մեծ հաշվով, խոսքը Անկարայի տարածաշրջանային վարքագծի համապարփակ վերանայման մասին է, որն ակնհայտորեն կապված է Իրանի շուրջ իրավիճակի սպասվող ապակայունացման հետ։ Դ. Թրամփի հաջողությունները ԱՄՆ-ում նախընտրական մրցավազքում ամեն օր ավելի շոշափելի են դառնում։ Սա կարող է նշանակել, որ Նեթանյահուի ծայրահեղ աջ կառավարության կողմից Լիբանանում և Սիրիայում ծրագրված ռազմական գործողությունը տարածաշրջանում ավելի խորը տարածվելու և Իրանի սահմաններին հասնելու ավելի շատ հնարավորություններ ունի: Նման սցենարի դեպքում Թուրքիան ինքնին չի կարող անմասն մնալ ՆԱՏՕ-ի իր գլխավոր դաշնակցի գործողություններից, հատկապես՝ Արցախյան երկրորդ պատերազմին անմիջական մասնակցությունից հետո, որը փաստացի սկիզբ դրեց ուժերի հարաբերակցության փոփոխությանը և ազդեցության ոլորտների վերաձևմանը Հարավային Կովկասում։ Հաշվի առնելով այն դերը, որ Արևմուտքը հատկացնում է Ադրբեջանին Իրանի վրա հարձակման համար՝ որպես ամերիակա-իսրայելական ցատկահարթակ, Անկարան անխուսափելիորեն ներքաշվելու է Թեհրանի հետ բախման մեջ, ինչը վերջին բանն է, որ կցանկանային թուրքական իշխանությունները: Առավել ևս, որ իրավիճակը Հարավային Կովկասում ավելի է բարդացել, երբ Բաքվի միջոցով տարածաշրջան փաստացի մուտք գործեց համաշխարհային մեկ այլ խոշոր խաղացող՝ Չինաստանը։ Այս ֆոնին Ադրբեջանը փորձում է հավասարակշռություն պահել համաշխարհային և տարածաշրջանային տերությունների շահերի միջև՝ բարդացնելով իր դիրքորոշումը բոլորի նկատմամբ իր իսկ ստանձնած պարտավորություններով։
Ձևավորվող հանգամանքներում նույնիսկ «Շուշիի հռչակագիրը» կարող է լուրջ բեռ դառնալ Անկարայի համար, որը չափազանց քիչ հնարավորություն կունենա տարածաշրջանային բարդ գործընթացներում ներգրավվելուց խուսափելու կամ դրանք շրջանցելու՝ «փրկելով հեղինակությունը»։ Հնարավոր է, որ Անկարայի վերջին ժամանակում նկատելի զգուշավորությունը «հարավկովկասյան և իրանական հռետորաբանության» մեջ կապված է հենց Իրանի շուրջ բացասական զարգացումների ակնկալիքի հետ։
Մասնավորապես, զգալիորեն նվազել են Անկարայից՝ Հայաստանի և դրա «կապիտուլյացիոն պարտավորություններին» հիշատակումները, ինչը կարող է վկայել այն մասին, որ Թուրքիան վարում է զգուշավորության, սպասման քաղաքականություն, պաշտոնապես հեռու մնալով «Իրանի գլոբալ հարցի» հետ այս կամ այն կերպ կապված բոլոր խնդիրներից։ Այս համատեքստում Լիբանանի, Սիրիայի և Հարավային Կովկասի կապն ակնհայտ է։ Համապատասխանաբար, շոշափելի է դառնում Անկարայի ակներև չափավորությունը նշված ուղղություններում, զգուշանալով մի կողմից՝ Վաշինգտոնից, իսկ մյուս կողմից՝ Թեհրանից, Պեկինից և Մոսկվայից։
Նոր մարտավարության մեջ կարելի է ճանաչել նաև զգուշավոր և պրագմատիկ Ֆիդանի ձեռագիրը, ով, ըստ երևույթին, արդեն Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական մշակողն է ոչ միայն ի պաշտոնե, այլև՝ Էրդողանի վրա անձնական ազդեցության աստիճանով։ Սա կարող է նշանակել նաև, որ Թուրքիայի ներկայիս նախագահն արդեն որոշել է իր իրավահաջորդին։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 20.07.2024 թ.: