Մեկնաբանություններ

Թուրքիայի արտաքին քաղաքական լարախաղացությունը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 08.08.2024 թ.

17.04.2024 թ. ԹՀ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կատար կատարած իր այցի ժամանակ հայտարարել էր, թե՝ «Թուրքիան չի ցանկանում, որպեսզի երրորդ երկրները տարածաշրջան բերեն իրենց հակամարտությունը»։ Մասնավորապես, նա Իսրայելին և նրա արևմտյան դաշնակիցներին մեղադրել էր Մերձավոր Արևելքում պատերազմ բորբոքելու մեջ, որի հետևանքները, նրա խոսքով, աղետալի կլինեն ողջ տարածաշրջանի համար։ Երկու ամիս անց, 25.06.2024 թ. թուրքական Heberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆիդանն անդրադարձել է Ուկրաինայում Արևմուտքի և Ռուսաստանի բախմանը՝ մտահոգություն հայտնելով ուկրաինական հակամարտությունը «Երրորդ համաշխարհային պատերազմի» վերափոխվելու մեծ հավանականության առթիվ։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, Մոսկվան կարող է դիմել ամենաարմատական միջոցների։ «Պարոն Պուտինի ղեկավարությամբ հայտարարություններ են արվում միջուկային զենք կիրառելու պատրաաստակամության մասին։ Սա հենց այն թեման է, որին մենք ուշադրություն ենք դարձրել և նախազգուշացրել ի սկզբանե։ Քանի դեռ պատերազմը շարունակվում է, այդ ռիսկը պահպանվելու է։ Չի բացառվում, որ ամենափոքր իսկ կայծից հակամարտությունը կտեղափոխվի այլ վայրեր»: Նույն կերպ մեկ ամիս անց Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը Հունաստանին և Կիպրոսի Հանրապետությանը կոչ է արել դադարեցնել «ռազմականացումը» և հրաժարվել ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում «պատերազմ բորբոքելու» ծրագրերին մասնակցելուց։

Թուրքիայի ղեկավարության այդ և նմանատիպ այլ հայտարարությունները վկայում են երկրի շուրջ Անկարայի մտահոգության մասին և նրա սահմանների անմիջական մերձակայքում տեղի ունեցող գործընթացների կապակցությամբ։ Անկարայում հասկանում են, որ Թուրքիան ոչ միայն սահմանամերձ է հնարավոր պատերազմական գոտիներին, այլև, ամենայն հավանականությամբ, ինքը նույնպես կարող է դառնալ մարտական գործողությունների թատերաբեմ։ Խնդիրն այն է, որ հասունացող բոլոր բախումները փոխկապակցված են, և դրանցից մեկի բռնկման դեպքում կարող է տեղի ունենալ «շղթայական ռեակցիայի» ներգործություն։

Թուրքիան 20-րդ դարի երկրորդ կեսից, փաստորեն, գտնվում է ամենաբարձր ռիսկային գոտում, քանզի հակամարտային կետերը նրա սահմանների պարագծում ոչ թե «բաբախում են» երբեմնակի, այլ՝ համալիր կարգով, ինչը վկայում է Հ. Ֆիդանի հիշատակած գլոբալ պատերազմի կիզակենտրոն ներքաշվելու Անկարայի բարձր շանսերի մասին։ Երկրի համար իրավիճակը սաստկանում է նրանով, որ ինքն իսկ մասնակցել է իր սահմանների շուրջ հակամարտային ներուժի վերարտադրմանը. բռնազավթել է Հյուսիսային Կիպրոսը և ռազմականացրել Էգեյան ծովը, ներխուժել Սիրիա և Իրաք, իրագործել զավթողական գործողություն Հարավային Կովկասում, ռազմական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային և շարունակում է գաղտնի կերպով աջակցել Ղրիմի անջատողականությանը։ Դրա հետ մեկտեղ, Թուրքիան այսօր ակտիվորեն խաղում է գլոբալ Արևմուտքի և գլոբալ Արևելքի հակասություններում, ինչը սպասելի կերպով որոշակի լարվածություն է առաջ բերել ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ նրա հարաբերություններում, որոնք դժգոհ են թուրքական ղեկավարության ավելորդ ինքնուրույնությամբ, դաշնակիցների հանդեպ նրա շանտաժով ու երկրի կառավարման մեթոդներով։

Եվ նույնիսկ հարաճուն մարտահրավերների և խճճված արտաքին քաղաքական կոմբինացիաների պայմաններում, որոնք նեղացնում են մեծ պատերազմի դեպքում Անկարայի հետագա խուսանավումների տարածքը, Էրդողանի վարչախումբը փորձում է սառնարյունություն ու սեփական ուժերի նկատմամբ վստահություն ցուցաբերել։ Մասնավորապես, ի պատասխան ԶԼՄ-ների հարցմանը՝ կապված «Երրորդ համաշխարհային պատերազմի» սպառնալիքի մասին Հ. Ֆիդանի հայտարարության հետ, Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները վստահեցրել են, թե բանակը պատրաստ է ցանկացած սցենարի։ 27.06.2024 թ. ТRT Heber -ն հրապարակել է պաշտպանական գերատեսչության որոշ բարձրաստիճան զինվորականների պատասխանի տեքստը։ «Թուրքիայի ԶՈՒ-ն դինամիկ բանակ է։ Բանակ, որը գործունեություն է ծավալում աշխարհի շատ տարածաշրջաններում։ Մենք նաև աջակցում ենք խաղաղությանն աշխարհի շատ անկյուններում։ Ոչ ոք, հատկապես մեր երկիրը, չէր ցանկանա բախվել այնպիսի մի մռայլ տեսարանի հետ, որպիսին է Երրորդ համաշխարհային պատերազմը։ Սակայն կցանկանայինք ընդգծել, որ թուրքական բանակը լիովին պատրաստ է ցանկացած սցենարի»։

Միամտություն կլիներ այլ պատասխան սպասել թուրքական պաշտպանության նախարարությունից, սակայն. իրականում, դրանում նկատվում է լուրջ մտահոգություն Թուրքիայի շուրջ առաջացած կացության կապակցությամբ։ Խոսքը հիշատակված սցենարների կանխատեսելիության նվազման մասին է, սցենարներ, որոնք կարող են հակադիր լինել ոչ միայն արտաքին հանգամանքների, այլ նաև հենց երկրի քաղաքական ղեկավարության որոշումների պատճառով։ Ռ. Էրդողանի վարքագիծը չի կարող տագնապի տեղիք չտալ թուրք զինվորականներին։ Նրա հայտարարությունները չեն ներդաշնակում Արևմուտքից կախյալ, ՆԱՏՕ-ի անդամ երկրի կարգավիճակին՝ ինչպես ռազմատեխնիկական, նույնպես և ֆինանսատնտեսական առումներով։ Որպես նման հայտարարության թարմ օրինակ կարելի է հիշատակել Իսրայելի հասցեին այն սպառնալիքը, որ Թուրքիայի առաջնորդը հնչեցրել է 29.07.2024 թ.: Եվ դա՝ հրեական պետության պաշտպանության համար Թել Ավիվին ամենայն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին Ջ. Բայդենի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լ. Օստինի հավաստիացումների համապատկերում: Ռ. Էրդողանը չէր կարող չիմանալ, որ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում՝ ի պաշտպանություն Իսրայելի, այժմ տեղակայված ԱՄՆ-ի 6-րդ նավատորմին աջակցության է շտապում ամերիկյան ևս մեկ ավիակիր խմբավորում։ Եվ, այնուամենայնիվ, իմանալով այդ, թուրք առաջնորդն Իսրայելին դիտավորյալ սպառնում է ներխուժմամբ՝ վերջինիս առիթ տալով Թուրքիային մեղադրելու «չարիքի իրանական առանցքին» մասնակցելու մեջ։ «Կանոնների խախտման շեմին» նման ռիսկային խաղը պետք է որ անհանգստացնի թուրք զինվորականներին։ Մանավանդ, հաշվի առնելով հանրային տրամադրությունները։

Թուրքիայում վերջերս իրականացված անկախ հարցումները ցույց են տվել, որ Էրդողանի նկատմամբ քաղաքացիների դժգոհությունն աճում է ոչ միայն երկրում տիրող ֆինանսատնտեսական ճգնաժամի, այլև իշխանության՝ ամերիկա-իսրայելական երկյակին «ատամ ցույց տալու» և Պաղեստինը «սիոնիստական վարչախմբից» պաշտպանելու գործուն միջոցների դիմելու դժկամության պատճառով։ Այս պահի դրությամբ երկու տասնյակ գավառներում բնակվող 1500 քաղաքացիներից հարցվածների 30%-ից մի փոքր ավելին է հայտարարել Ռ. Էրդողանին և նրա քաղաքականությանը սատարելու մասին։

Առաջացած պայմաններում բանակային շրջանակները կարող են ենթադրել, որ Ռ. Էրդողանի 20 տարվա իշխանությունից հետո արձանագրված վստահության նվազագույնը նրան պարտադրում է էլ ավելի արմատականացնել իսլամամետ հռետորաբանությունը և, հնարավոր է, նույնիսկ դիմել հակաիսրայելական կոալիցիային աջակցելու որոշ գործնական քայլերի։ Ամբողջ հարցն այն է, թե որքան հեռու կգնա Ռ. Էրդողանը իր ինքնուրույնությունն Արևմուտքին ցուցադրելու ձգտման մեջ։ Այդ դեպքում թուրքական սահմանի ողջ երկայնքով հակամարտությունների «թեժ» փուլի բռնկումը, ինչի մասին նախազգուշացնում է Հ. Ֆիդանը, Թուրքիային կդնի անորոշության կացության մեջ, որը կպարտադրի ընդունել իրավիճակային և ինքնաբուխ որոշումներ: Այն ժամանակ, երբ հակաիսրայելական և հակաարևմտյան տեղեկատվական մշակման ենթարկված թուրքական հանրությունը կարող է իշխանությանն ակտիվորեն դրդել իսրայելամետ-արևմտյան կոալիցիայի հետ խորացնելու առճակատումը, ինչը աղետալի հետևանքներ կունենա Անկարայի համար։

Տրամաբանական կլիներ ենթադրել, որ դրանից զգուշանում է նաև քաղաքական իշխանությունը, բայց այն հստակ ցուցադրում է պատրաստակամություն հետագայում ևս շարունակելու Արևմուտքի և Իսրայելի հետ սրացման ուղեգիծը և, ըստ ամենայնի, դա անում է ենթադրական մեծ պատերազմի կիզակենտրոնից Թուրքիային դուրս բերելու հաշվարկով։ Տվյալ առումով Ռ. Էրդողանի վարչախումբը նախ և առաջ ձգտում է ազատվել սիրիական հիմնախնդրից, ինչի մասին ԱՌՎԱԿ կենտրոնն արդեն գրել է։ Այսպես, Անկարան պատրաստ է ճանաչել Սիրիայի ինքնիշխանությունը, դուրս բերել այնտեղից իր կանոնավոր զորամասերը և զինաթափել իր հովանու ներքո գործող ապօրինի սիրիական կազմավորումները՝ Դամասկոսի կողմից Սիրիայի հյուսիսում գործող քրդական քաղաքական-վարչական մարմինների ապամոնտաժման և դրանց զինված ջոկատների կազմալուծման փոխարեն։ Նկատի առնենք, որ սիրիական ուղղությունն Անկարայի համար առավել խնդրահարույցն է, քանզի հատկապես այստեղ, աշխարհագրական գործոնի բերումով, սպասվում է առավել կատաղի բախում ամերիկա-իսրայելական կոալիցիայի և շիայական աշխարհի միջև։

Եվ այսպես, Թուրքիան իր հակաիսրայելական հռետորաբանությամբ առավելագույնս խորացնում է առճակատումը, որպեսզի հետագայում ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցների օրակարգից հանի հակաիրանական առանցքի մեջ Անկարայի ներքաշման հարցը։ Անկարայի հաշվարկով, լարվածության որոշակի բախման որևէ կողմում (լինի ամերիկա-իսրայելական կոալիցիան թե իրանա-շիայական առանցքը) ներառվելու իր հրաժարումն Արևմուտքի կողմից արդեն պետք է ընկալվի որպես «մեծ հաջողություն» և, այդպիսով իսկ, Թուրքիային անջրպետի նրան բացահայտ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունից։ Այլ կերպ ասած, Անկարան ձգտում է Արևմուտքին և Իրանին՝ ՌԴ-ի հետ մեկտեղ, «թանկ ծախել» իր մերձավորարևելյան չեզոքությունը։

Եվ, վերջապես, Ռ. Էրդողանի վարչախումբն իր հակաիսրայելական դեմարշով ձգտում է Ադրբեջանին ազատել Իրանի և ՌԴ-ի հետ հավաքական Արևմուտքի բախման թատերաբեմ դառնալու վտանգից։ Հարավային Կովկաս կատարած հաջող էքսպանսիան և Բաքվի նկատմամբ ազդեցության հաստատումը պետք է համարել Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության օրոք Թուրքիայի ձեռք բերած գրեթե ամենանշանակալի ակտիվը։ Տվյալ շրջափուլում այդ ակտիվը գտնվում է մեծ սպառնալիքի ներքո, քանզի Ֆիդանի հիշատակած Երրորդ համաշխարհային պատերազմի «ի հայտ գալու» դեպքում Ադրբեջանը ծայրաստիճան խոցելի թիրախ կդառնա։ Անկարայում բոլոր հիմքերն ունեն ակնկալելու, որ Իրանն ու ՌԴ-ն կարող են, իբրև կանխարգելիչ միջոց, իրագործել մերձկասպյան հանրապետության բռնակցում՝ նպատակ ունենալով չեզոքացնել Իսրայելի և նրա դաշնակից կոալիցիայի գործողություններն «ադրբեջանական մեկնակետից»։ Եվ, հընթացս, փակել Արևմուտքի համար դեպի մայրցամաքի խորք՝ Հյուսիսային Սառուցյալից մինչև Հնդկական օվկիանոս, տանող միակ հասանելի ճանապարհը:

Իսրայելի ազդեցությունը Բաքվի վրա և Բաքվի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության խնդրում բավական ծանրակշիռ գործոններ են, որպեսզի պատճառ դառնան հակաարևմտյան ճակատի ուժերի կողմից ԱդրՀ-ի սուբյեկտայնության չեզոքացման համար։ Անկարայում դա լավ են հասկանում, ինչպես նաև այն հանգամանքը, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում՝ «Շուշիի հայտարարագրի» համաձայն, Թուրքիան ստիպված կլինի պաշտպանելու իր ամենամերձավոր դաշնակցին, ինչն ինքնաբերաբար, նրան կներքաշի արևմտյան կոալիցիայի ծավալած մեծ պատերազմի մեջ։

Տվյալ համատեքստում արդեն գոյություն ունի կարծիք, որ այդ շրջափուլում Անկարան և Բաքուն ստիպված են հրաժարվել ՀՀ-ից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» «խլելու» գաղափարից, քանզի դրա իրականացման պարագայում Թեհրանը հիմք կունենա դա գնահատելու որպես ծայրաստիճան թշնամական քայլ իր հասցեին։ Հայ պաշտոնաթող դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանի կարծիքով, Անկարան և Բաքուն անհանգստանում են, որ Արևմուտքն ու Իսրայելը ձգտում են սանձազերծել և պատերազմ վարել Իրանի դեմ բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի ուժերով, ինչին վերջիններս պատրաստ չեն։ Համաձայն Աղաջանյանի՝ «Բաքվի և Անկարայի միջև հակասությունների տեսքով վերջին թատերական բեմադրությունները նույնպես կոչված են թուլացնելու ճնշումն Անկարայի վրա»:

Մենք, մեր հերթին, ենթադրում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը պարզապես փորձում են խուսափել Իրանի դեմ գործընթացների մեջ ներքաշվելուց։ Ըստ ամենայնի, հարաբերություններում «անհամաձայնություն» ձևացնելը երկու երկրին էլ ծայրաստիճան պետք է, որպեսզի ցույց տրվի, թե հակաիրանական պատերազմին Ադրբեջանի կողմում Թուրքիայի միջամտությունն այնքան էլ ակնհայտ չէ, ինչն, իր հերթին, հանում է հակաիրանական արկածախնդրությանը Բաքվի անմիջական ներգրավման հարցը։ Հենց Անկարան է հանդես եկել որպես այս բեմադրության նախաձեռնող, ապահովելով արտահոսք, թե իբր դժգոհ է Բաքվի կողմից «ույղուրական հիմնախնդրի», որպես Չինաստանի ներքին հարցի ճանաչմամբ և Էրդողանի ներկայությամբ Ադրբեջանին մերժելով 06.07.2024 թ. Շուշիում կայացած Թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովում, ինչպես նաև 30.07.2024 թ., վերջին երկու տարում առաջին անգամ, կազմակերպելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հանձնաժողովների ղեկավարների հանդիպումը սահմանային Մարգարա-Ալիժան տեղամասում։ Հակասությունների ցուցադրումը կոչված է երկարաձգելու ժամանակը և արգելակելու Ադրբեջանի հետ Արևմուտքի ձեռք բերած «Ղարաբաղը և «Զանգեզուրի միջանցքը»՝ հակաիրանական արշավին մասնակցելու դիմաց» բանաձևով պայմանավորվածությունը։

Ընդհանուր առմամբ, Թուրքիան շարունակելու է խուսանավել և խուսափել բոլոր այն փորձերից, որոնցով Արևմտյան կոալիցիան դրդում է նրան սպասարկելու իր շահերը։ Համենայն դեպս, առանց պարզելու մի շարք հիմնական հարցեր, Էրդողանի վարչախումբը գործնական հարթակում կառչելու է «չեզոքությունից» ու նաև շարունակելու է Ադրբեջանն անջրպետել իսրայելա-ամերիկյան վտանգավոր նախաձեռնություններից։ Նախ և առաջ, Անկարան մինչև տարեվերջ սպասելու է ԱՄՆ-ում և Վրաստանում ընտրությունների արդյունքներին, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության և լիբանանա-իսրայելական դիմակայության վերջնարդյունքներին։ Եթե Վաշինգտոնի և Բրյուսելի ջանքերով Թբիլիսիում իշխանության գան արևմտամետ ուժերը, ապա դա, մի կողմից, որոշ չափով կնվազեցնի Ուկրաինայում մոտակա հաղթանակ տանելու Մոսկվայի հնարավորությունները, մյուս կողմից՝ Բաքվին կստիպի ավելի զիջող ու վստահ լինել Իրանի վրա հարձակումների համար իր տարածքը տրամադրելու հարցում։ Եվ եթե Իսրայելին հաջողվի քայքայել Լիբանանում և Սիրիայում Իրանի պրոքսի-խմբավորումների ուժերը, ապա դա կխորտակի տասնամյակներ շարունակ կառուցված «շիայական կամարը» և կսահմանափակի Թեհրանի հնարավորությունները՝արդյունավետորեն զսպելու իր շուրջը սեղմվող թշնամական օղակը։ Վերջապես, եթե ԱՄՆ-ի նորընտիր նախագահը վստահաբար իրականացնի ԻԻՀ-ի, ՌԴ-ի և ՉԺՀ-ի դեմ էսկալացիայի հետագա սրացման ուղեգիծը, ապա այդ ծրագրերին Թուրքիայի միանալու դերն ու գինն անխուսափելիորեն կաճեն։ Անկարայի համար հանգամանքների նման բարենպաստ պայմաններում վերջինս ոչ մի հիմք չի ունենա հրաժարվելու «պատմական ընտրությունից»՝ հօգուտ Արևմտյան ճամբարի գլոբալ ծրագրի։

Այդպիսով, ներկայիս իրավիճակն սկզբունքորեն համանման է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձություններին, երբ հակախորհրդային առանցքին միանալու համար Անկարան Գերմանիայի առջև որպես պայման էր առաջադրել Ստորին Պովոլժիեն գրավելու Վերմախտի ռազմագործողության բարեհաջող ավարտը։ Այն ժամանակ Թուրքիան, վկայակոչելով տարբեր պատճառներ, չէր ցանկացել կանգնել ԽՍՀՄ-ի վրա հարձակման առաջնագծում, բայց չէր էլ հրաժարվել մասնակցել պարտված Խորհրդային Միության մասնատմանը։ Ինչ որ համանման բան դիտարկվում է նաև այժմ, երբ Թուրքիան բավական հիմքեր չունի հավատալու Իսրայելի և նրա արևմտյան դաշնակիցների հաջողությանը ՌԴ-ի և ԻԻՀ-ի դեմ պայքարում, բայց և չի հրաժարվի հասունացող կամպանիային իր մասնակցության տարբերակները քննարկելուց՝ իր և դաշնակից Ադրբեջանի համար հանգամանքների առավելագույնս հաջող ընթացքի պարագայում, ինչը ենթադրում է Մոսկվայի և Թեհրանի առաջին խոշոր ձախողումները:

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին և ընթացքում նախագահ Իսմեթ Ինյոնյուի հավասարակշռման քաղաքականության հաջող փորձն Էրդողանի կողմից կիրառվում է նաև հիմա, երբ «Երրորդ համաշխարհային պատերազմի» անհայտ ելքով հավասարումը դեռևս հեռու է լուծումից։ Իսկ առայժմ Անկարայի գլխավոր խնդիրը դրա մեջ ինքնաբերական ներգրավման վտանգների չեզոքացումն է Թուրքիայի շուրջ սրացման հնարավոր կետերի միջոցով, որոնց ստեղծմանը կամ սրացմանը նա ինքն իսկ ձեռնամուխ է եղել վերջին տասնամյակներում։