Մեկնաբանություններ

Ընտրությունները Մոլդովայում, Վրաստանում և ՀՀ-ում՝ Արևմուտք–ՌԴ գլոբալ դիմակայության համատեքստում

Выборы в Молдове, Грузии и Армении в контексте глобального противостояния Запад–Россия

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 23.10.2025 թ.[1]

Մոլդովայում և Վրաստանում անցկացված, ինչպես նաև ՀՀ-ում սպասվող ընտրությունները դարձել են հավաքական Արևմուտքի և ՌԴ-ի միջև ներկայումս ծավալված հիբրիդային պատերազմի առանցքային տարրերը։ Դրանց ելքը սկզբունքային նշանակություն ունի Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ուժերի փոփոխվող հավասարակշռության համատեքստում։

Մոլդովական օրակարգը հատկապես կարևոր է հակամարտող կողմերի համար, քանի որ այն վերաբերում է Հյուսիսային Մերձսևծովյան տարածաշրջանում աշխարհառազմավարական դիրքերի համար պայքարին, ռուսական Մերձդնեստրի ռազմական խմբավորման ճակատագրին և «ուկրաինական թիկունքի» վերահսկողությանը, որը ռազմավարական նշանակություն ունի Մոսկվայի և Կիևի միջև ռազմական գործողությունների արդյունքի համար։

Ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական բախման մեջ վրացական ուղղությունը նույնպես հիմնարար նշանակություն է ձեռք բերում։ Հարցը վերաբերում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարավային թևի միջև գտնվող «բուֆերային գոտու» ճակատագրին, Սև ծովի արևելյան մասում ուժերի հավասարակշռությանը և Հարավային Կովկասում (Հայաստան, Աբխազիա և Հարավային Օսիա) Ռուսաստանի շարունակական ռազմաքաղաքական ներկայության հեռանկարներին, որոնք որոշում են ՌԴ-ի հարավային սահմանների անվտանգությունը։ Ի տարբերություն Մոլդովայի` հոկտեմբերին Վրաստանում կայացած ընտրությունները տեղական մարմինների էին, սակայն դա չնվազեցրեց դրանց քաղաքական նշանակությունը Թբիլիսիի և Արևմուտքի միջև հակասությունների համատեքստում, հատկապես հաշվի առնելով «ակնհայտ կեղծված» քվեարկություններից հետո անմիջականորեն հեղափոխություն իրականացնելու մասին վրացական ընդդիմության քանիցս տված խոստումները։

Մոլդովայում և Վրաստանում ընտրությունները տրամագծորեն հակառակ արդյունքներ ունեցան՝ մի կողմից Մոսկվայի, մյուս կողմից՝ Բրյուսելի, Վաշինգտոնի և Լոնդոնի միջև դիմակայության համատեքստում։ Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունն ստացավ ընդհանուր ձայների բացարձակ մեծամասնությունը (ավելի քան 50.2%), մինչդեռ նրա գլխավոր ընդդիմախոսը՝ «Սոցիալիստների ​​կուսակցությունը», որը գլխավորում է, ինչպես ընդունված է կարծել, «ռուսամետ քաղաքական գործիչ» Իգոր Դոդոնը, հավաքել է ձայների կեսը (24.17%): Մյուս քաղաքական ուժերը, որոնք իրար միջև կիսում են մնացած ձայները, չեն կարողանա էական ազդեցություն ունենալ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության քաղաքականության վրա, որը Քիշնևի համար առաջադրել է եվրոպական ինտեգրման ուղղությունը՝ անկախ Մոլդովայի խորհրդարանում ուժերի հարաբերակցությունից:

Մասնագետների կարծիքով, եվրոպամետ ուժերը դատապարտված կլինեին ձախողման, եթե չլինեին երկու հիմնական գործոններ։ Նախ, դատարանները և ԿԸՀ-ն, որոնք վերահսկվում են իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության կողմից, կազմակերպեցին «Մեծ Մոլդովա» և «Մոլդովայի սիրտ» կուսակցություններին վարկաբեկելու և ընտրություններին դրանց մասնակցությունը կասեցնելու գործընթաց՝ վկայակոչելով Մոսկվայի կողմից նրանց ենթադրյալ ֆինանսավորումն ու վերահսկողությունը։ Երկրորդ, Ռուսաստանում ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 100.000 մոլդովացի քաղաքացիներից միայն 10.000-ին տրամադրվեց քվեաթերթիկ, որոնցից քչերը` ոչ ավելի, քան 4.000-ն օգտվեց ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում բացվել էր ընդամենը երկու ընտրատեղամաս, մինչդեռ արևմտյան երկրներում, հիմնականում ԵՄ-ում, ընտրությունների օրը բացված էր շուրջ 250 ընտրատեղամաս։ Մոլդովացի ընտրողներն այնտեղ ապահովել են ձայների գերակշիռ մեծամասնությունը եվրոպամետ քաղաքական ուժերի օգտին։

Սա տարիմաստ իրավիճակ է առաջացրել, երբ Մոլդովայում բնակվող ընտրողների մեծամասնությունը քվեարկել էր պայմանականորեն «ռուսամետ» ուժերի օգտին, սակայն Արևմուտքում ապրող կամ աշխատող Մոլդովայի քաղաքացիների ձայների շնորհիվ Մ. Սանդուի արևմտամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը երկրի խորհրդարանում ստացավ ձայների ճնշող մեծամասնությունը։ Սա անհեթեթություն է, ինչպես որ ընդդիմության կողմից արձանագրված «ակնհայտ անօրինական միջոցների» համալիրը, որ իշխող կուսակցությունը կիրառել է քաղաքական ընդդիմախոսների դեմ, արևմտյան երկրներին և վերազգային կառույցներին չխանգարեց Մոլդովայի ընտրությունները հայտարարել «ազատ և ժողովրդավարության բոլոր չափանիշներին ու չափորոշիչներին համապատասխանող»։ Իր հերթին, ինչպես և սպասվում էր, ռուսական քաղաքական վերնախավն արտահայտվեց տրամագծորեն հակառակ ոգով՝ այս ընտրությունները բնութագրելով որպես ակնհայտորեն կեղծված և «խաբեբայական» (սահմանումը տվել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Ս. Լավրովը):

Այնուամենայնիվ, Մոլդովայում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ ընդդիմությունն անհրաժեշտ կարողություն չունի ընտրությունների արդյունքները համակարգված բոյկոտելու համար, իսկ Ռուսաստանը, որն աջակցում է նրան, անկարող է որևէ արդյունավետ ազդեցություն ունենալ քաղաքական դաշտի վրա: Նրա ցանկացած քայլ կամ քննադատական ​​​​վերաբերմունք միայն կսաստկացնի «հաղթող» ուժերի չարացածությունը և Արևմուտքի կոշտ քաղաքական ու տեղեկատվական արձագանքը։ Եթե Մոլդովայի ընդդիմությունը ներկայումս փորձի կառավարության դեմ անցնել կտրուկ ​​գործողությունների, ապա նա ռիսկի կդիմի կորցնելու նույնիսկ այն փխրուն դիրքերը խորհրդարանում և ուժերի առաջացած դասավորության մեջ, որոնք, փաստորեն, մնացորդային սկզբունքով նրան բաժին են հանել եվրոպամետ ուժերն ու դրանց ուղղորդող Արևմուտքը։

Այսպիսով իսկ Մոլդովայում Արևմուտքն արձանագրեց անվերապահ հաղթանակ ՌԴ-ի նկատմամբ՝ հետխորհրդային տարածքում թերևս առաջին անգամ դիմելով օրինականության և ժողովրդավարության սկզբունքների` նման տեսակի և ծավալի անտեսմանը:

Ինչևէ, Վրաստանը չապահովեց «ժողովրդավարության հաղթանակների» շքերթի շարունակականությունը ռուս-արևմտյան դիմակայության նոր փուլի ընթացքում, ինչպես որ դրան ձգտում էին Բրյուսելում և այլ եվրոպական մայրաքաղաքներում: Հանրապետության բոլոր 64 քաղաքային համայնքներում (սակրեբուլո) 04.10.2025 թ. կայացած քվեարկության արդյունքների համաձայն` հաղթել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները։ Ընդ որում, ըստ հանրապետության ԿԸՀ-ի տվյալների, իշխանության 26 թեկնածուներ իբր թե ստացել են ձայների 100%-ը։ Այսպիսով, ընդդիմությունը ջախջախիչ պարտություն է կրել։ Սպասելով նման «կեղծված արդյունքների», արմատական ​​ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը գիտակցաբար հրաժարվել էր մասնակցել ընտրություններին՝ բոյկոտը փաստարկելով նրանով, թե ընտրությունները «միայն օրինականացման ճակատամաս (ֆասադ) են ստեղծում ռուսական անօրինական վարչախմբի համար»։ Սակայն որոշ քաղաքական ուժեր որոշել էին մասնակցել գործընթացին՝ մատնանշելով այն հանգամանքը, որ բոյկոտը և անգործունությունը կամրապնդեն սեփական անպատժելիության նկատմամբ իշխող կուսակցության վստահությունը:

Այս ճամբարի շարքերում էին Վրաստանի ուժեղագույն և առավել քան փորձառու ընդդիմադիր կուսակցություններից մեկը՝ «Լելոն», ինչպես նաև «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը, որոնք իրենց որոշումը բացատրել են տեղական մարմինների մակարդակում «Վրացական երազանքի» լիակատար վերահսկողությունը կանխելու ձգտմամբ։ Ընտրությունները բոյկոտող ճամբարի կողմից այս դիրքորոշումը բնութագրվեց որպես «դավաճանություն» և պառակտում առաջ բերեց ընդդիմության ներսում։ Ընտրություններին մասնակցելու մասին «Լելո–Ուժեղ Վրաստան» կոալիցիայի հայտարարությունը բոյկոտող ուժերը դավաճանություն համարեցին նաև այն պատճառով, որ ԿԸՀ-ում կոալիցիայի գրանցվելու հաջորդ օրը նրա ձերբակալված առաջնորդներ Բադրի Ջափարիձեն և Մամուկա Խարաձեն ազատ արձակվեցին նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի համաներման հրամանագրով։

Հատկանշական է, որ ի տարբերություն մոլդովականի, վրացական իշխանությունները չգնացին ընդդիմության շրջանում իրենց առավել ուժեղ ընդդիմախոսներին ընտրություններից հեռու պահելու ճանապարհով, այլ դիմեցին գործողությունների հակառակ մեթոդի. բոլոր քաղաքական ուժերին առանց բացառության հրավիրեցին մասնակցելու ընտրական գործընթացին՝ խոստանալով կալանքից ազատ արձակել նրանց այն առաջնորդներին, ովքեր նախկինում մեղադրվում էին անկարգությունների կազմակերպման և «արևմտյան կենտրոնների հետ անօրինական համագործակցության մեջ»:

Ամեն դեպքում, արևմտամետ վրացական ընդդիմությունը ջախջախիչ պարտություն կրեց համայնքային ընտրություններում, և նրա ամենաարմատական ​​ներկայացուցիչների կազմակերպած նոր փողոցային անկարգությունները, որոնց նպատակն էր զավթել իշխանությունը, կրկին խստորեն ճնշվեցին իշխանությունների կողմից։

Ինչպես և սպասվում էր, արևմտյան երկրները չափազանց բացասաբար արձագանքեցին Վրաստանում հոկտեմբերին կայացած տեղական մարմինների ընտրություններին՝ «ոչ ազատ» հայտարարելով դրանք և պնդելով, որ արդյունքները չեն արտացոլել հարավկովկասյան այդ հանրապետությունում առկա սոցիալ-քաղաքական տրամադրությունները։ Ռուսաստանը, ինչպես միշտ, ճանաչվեց գլխավոր մեղավոր, չնայած Արևմուտքը Վրաստանի ընտրական գործընթացներին նրա անմիջական միջամտության որևէ ապացույց չարձանագրեց։ Ըստ էության, եվրոպական մայրաքաղաքները Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններն ընկալեցին որպես Մոսկվայի վրեժ Մոլդովայում նմանատիպ պարտությունից հետո։ Վրացական ընտրությունները կրկին վերականգնեցին հավասարակշռությունը ՌԴ-ի և հավաքական Արևմուտքի՝ մի շարք հետխորհրդային հանրապետություններում քաղաքական ազդեցության համար մղվող պայքարի համատեքստում, հանրապետություններ, որոնք դեռևս գտնվում են աշխարհաքաղաքական անորոշության գոտում՝ բալանսավորելով ուժի համաշխարհային կենտրոնների և դրանց գլոբալ ինտեգրացիոն նախագծերի միջև։

Առայժմ չկողմնորոշված երկրների իշխանության մեջ իրենց նկատմամբ բարեհաճ ուժերի հաստատման համար ռուս-արևմտյան մրցակցության պայմանական «ոչ-ոքի արդյունքը», ինչպես սպասվում էր, ուժեղացրեց ինտրիգը Հայաստանի 2026 թ. խորհրդարանական ընտրությունների շուրջ։ Մրցակից ուժերը Հայաստանում քվեարկության ցանկալի արդյունքներն առանց իրենց հաշվեկշռի մեջ մտցնելու առարկայորեն չեն կարողանա լիովին օգտագործել իրենց քաղաքական հաջողությունները Մոլդովայում և Վրաստանում։

Եթե ​​Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, որը Մոսկվայի համար ամենահարմարը չէ, և արմատապես դեպի նրա արևմտյան ուղեգիծը կողմնորոշված ​​արբանյակ քաղաքական ուժերը հաղթեն ՀՀ-ում, ապա ՌԴ-ն ռիսկի է դիմում կորցնելու ոչ միայն Երևանը տարածաշրջանային ազդեցության իր ուղեծրում պահելու վերջին հնարավորությունը, այլև ամբողջությամբ զրկվելու Թբիլիսիի, Բաքվի և Կենտրոնական Ասիայի մայրաքաղաքների հետ փոխգործակցության դաշտից, մայրաքաղաքներ, որոնք ստիպված են հաշվի առնել Մոսկվայի տարածաշրջանային շահերը` մեծապես պայմանավորված ռուսական ռազմակայանի և Հայաստանում ներդրումային կապիտալի զգալի մասնաբաժնի առկայությամբ։

Ն. Փաշինյանը, որի վերընտրությունը լիովին կաջակցվի արևմտյան կենտրոնների կողմից, իր հաղթանակից հետո ստիպված կլինի այդ աջակցության փոխարեն համաձայնել Հայաստանի վերջնական մեկուսացմանը Ռուսաստանից, ռուսական ռազմակայանի դուրսբերմանը, Թուրքիայի հետ մերձեցմանը և «TRIPP երթուղի» գործարքի եզրափակիչ ձևակերպմանը, որը նախատեսված է Կասպից տարածաշրջան և Կենտրոնական Ասիա ՆԱՏՕ-ի անխոչընդոտ մուտքն ապահովելու համար։ Այսպիսով, Հայաստանի ընտրությունների ելքը մեծապես կորոշի ռուսական շահերի ճակատագիրը տարածաշրջանում, որը չի սահմանափակվում միայն Հարավային Կովկասով։

Այս տեսանկյունից, արևմտամետ վրացական ընդդիմության ջախջախիչ պարտությունը զգալիորեն նվազեցրել է Ն. Փաշինյանի կուսակցության հաղթանակի հնարավորությունները՝ խզելով հետխորհրդային հանրապետությունների «ազատականացման շղթայի» օղակներից մեկը, որը Բրյուսելն ու Վաշինգտոնը փորձում էին կառուցել՝ ՌԴ-ին ԵԱՏՄ-ին խեղդելու նպատակով։ Ավելին, Վրաստանը, որը մինչ 2020-ականների սկիզբը դեռևս լուրջ ճգնաժամ չէր ապրել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, հարմար հարթակ էր դեպի Հայաստան համակարգի և հասարակական կարծիքի «ազատականացման» գաղափարների, փորձի և տեխնոլոգիաների տարանցման, ինչպես նաև հակառուսական տրամադրությունների տարածման համար, ինչը հստակորեն դրսևորվեց 2018 թ. Երևանում իշխանափոխության ժամանակ։ Մինչդեռ, Հայաստանի ներկայիս իշխանություններին աջակցության համատեքստում արևմտյան կենտրոնների կողմից վրացական պետական պաշարների օգտագործումը ներկայումս գործնականում զրոյական կամ չափազանց նվազագույն աստիճանի է, ինչն անխուսափելիորեն դժվարություններ է հարուցում ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար։

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ինչպես նաև ուկրաինական և իրանական հարցերի շուրջ խորացող գլոբալ ռազմաքաղաքական ճգնաժամը, կասկած չկա, որ Հայաստանում կայանալիք ընտրությունները չափազանց կարևոր են Մոսկվայի և Արևմուտքի նրա ընդդիմախոսների համար։ Դրանց ելքի նշանակությունն այնքան մեծ է, որ երկու կողմերն էլ հավանաբար պատրաստ կլինեն դիմել ինչպես «չկողմնորոշված» հանրապետությունների ներքաղաքական գործընթացներին ներգրավվելու փորձված և արդյունավետ մեթոդների, նույնպես և կիրառել համեմատաբար նոր տեխնոլոգիական սխեմաներ։

Այսպիսով, բավական հավանական է թվում, որ արևմտյան կենտրոնները Հայաստանի իշխանություններին խորհուրդ են տալիս գործնականում, առանց որևէ սահմանափակման, կյանքի կոչել վարչական պաշարները և, մասնավորապես, դիմել ամենակարևոր մրցակիցներին ընտրական մրցավազքից հեռացմանը, ինչպես դա արվեց Մոլդովայում: Այդ է վկայում հայկական լրատվատարածքում արևմտամետ ուժերի ծավալվող խոսույթը Մոսկվայի կողմից ենթադրաբար աջակցվող կուսակցություններին և ընդդիմադիր առաջնորդներին ընտրություններին մասնակցելուց զրկելու վերաբերյալ: Սա վերաբերում է, մասնավորապես, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), Հայ Հեղափոխական Դաշնակցությանը (ՀՅԴ), «Հայաստան» դաշինքին և բանտարկված գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» քաղաքական միավորմանը: Նման մոտեցումն իր նախաձեռնողների համար արդեն իսկ հաջողությամբ է պսակվել Մոլդովայում, որտեղ նախագահ Մ. Սանդուն ստացել է արևմտյան կենտրոնների լիակատար աջակցությունը, կենտրոններ, որոնք քաղաքական և լրատվական աջակցություն են ցուցաբերել քաղաքական մրցակիցներին վերացնելու այս մեխանիզմի համար: Հաշվի առնելով Հայաստանում մրցակցող քաղաքական ուժերի ներկայիս հավասարակշռությունը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համեմատաբար թույլ ընտրական ներուժը (ինչպես ցույց տվեցին Գյումրիի համայնքային ընտրությունները), նման ռազմավարությունը կառավարության և նրա արևմտյան գործընկերների կողմից կարող է դիտվել որպես ընտրություններում հաղթելու ամենաարդյունավետ միջոց՝ նպատակ ունենալով ապահովել ձայների բացարձակ մեծամասնություն` ինչի մասին քանիցս հայտարարել են Նիկոլ Փաշինյանի թիմի անդամները։

Իր հերթին, ակնհայտ է, որ Մոսկվան շարունակում է Հայաստանում ևս ապավինել հետխորհրդային հանրապետությունների ընտրական գործընթացում ազգային գործարար շրջանների ներկայացուցիչներին ներգրավելու և աջակցելու ավանդական մեթոդին, նրանց, ովքեր իրենց բիզնես-կայսրությունները կառուցել են ՌԴ-ում կամ սերտ ֆինանսական և տնտեսական կապեր են պահպանում նրա հետ։ Այս սխեման ձախողվեց Մոլդովայի ներքաղաքական պայքարում, որտեղ ռուսամետ միլիարդատեր Իլան Շորը քաղաքական և քրեական հետապնդման ենթարկվեց և, ի վերջո, չկարողացավ Քիշնևում իշխանության բերել իր կազմակերպած հակաեվրոպական «Հաղթանակ» դաշինքը։ Սակայն Վրաստանում այս մեթոդն աշխատեց երկրորդ փորձից հետո։ Առաջինը՝ 2008 թ. արտահերթ նախագահական ընտրություններում ավարտվեց անհաջողությամբ. Մոսկվայի կողմից աջակցվող օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլին պարտվեց Միխեիլ Սաակաշվիլուն և ամիսներ անց մահացած հայտնաբերվեց իր լոնդոնյան առանձնատանը։ Երկրորդ փորձը, որը համընկավ 2012 թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններին, հաջող էր. Թբիլիսիի բարձրագույն քաղաքական իշխանությունն անցավ «Վրացական երազանք» կուսակցությանը, որի հիմնադիրը և պատվավոր նախագահը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է, ով Արևմուտքում «Մոսկվայի դրածոի» և հանրապետության «ստվերային» կառավարչի համբավ ունի:

Վրացական ընդդիմությունը և նրա արևմտյան գործընկերները, նույնիսկ առանց Բ. Իվանիշվիլու և ռուսական քաղաքական վերնախավի միջև ուղղակի կապերի վերաբերյալ որևէ ապացույց ունենալու, հակված չեն «Վրացական երազանքի» ղեկավարին ո՛չ վրացակենտրոն գործիչ համարել, ո՛չ էլ Թբիլիսիի աշխարհաքաղաքական չեզոքության կողմնակից՝ ապրիորի մերժելով հանրապետության արտաքին քաղաքականության միջավայրում նման հայեցակարգային որմնախորշի գոյության հնարավորությունը։ Ըստ երևույթին, արևմտյան կենտրոնները և Ն. Փաշինյանի կուսակցության շուրջ խմբավորված արևմտամետ ուժերը համամիտ են իշխող ուժի հետ մրցակցությունում առաջատարի հավակնող գործարար Սամվել Կարապետյանի մտադրությունների ու գործողությունների գնահատանքում ևս։ Նրան ուղղակի մեղադրում են Ռուսաստանի կայսերական քաղաքականությանն աջակցելու և «ժողովրդավարական արժեքներն» ու վերջին ժամանակներս ՀՀ-ում հետևողականորեն ներդրվող քաղաքակրթական մոդելը գիտակցաբար մերժելու մեջ։

Ս. Կարապետյանի անձն իր ընդդիմախոսների կողմից դիվականացվում է հենց այս գաղափարախոսական և քաղաքական հոլովույթի շրջանակներում, որտեղ տեղ չունեն իշխանության նկատմամբ միլիարդատիրոջ անձնական հավակնությունների կամ Երևանի վտանգավոր արտաքին քաղաքականության տատանումների ուղեգծերը հավասարակշռելու նրա ձգտումների մասին վարկածները: Ճիշտ նույն կերպ, հայ արմատական ընդդիմության և ռուսական վերնախավի կողմից վարկաբեկվում են Ն. Փաշինյանի անձը և նրա կուսակցությունը՝ տեղ չթողնելով ՌԴ-ից նրա ինքնուրույն, Արևմուտքի ճնշման հետ կապ չունեցող, հեռանալու ուղեգծի մասին ենթադրությունների համար:

Այսպիսով, 2026 թ. ընտրությունների նախաշեմին ՀՀ-ում ներքաղաքական պայքարը զարգանում է արտաքին խաղացողների կողմից սահմանված մի հոլովույթով, որը բացառում է նույնիսկ հայկական կենտրոնամետության և չեզոքության դիրքորոշումներ պաշտպանող ուժերի գոյության ենթադրական հնարավորությունը։

Հայկական ընտրությունները, ըստ էության, կրկնում են Ռուսաստանի և Հավաքական Արևմուտքի միջև դիմակայության դիրքային դասավորությունը, ինչպես որ դա վերջերս տեղի ունեցավ Մոլդովայում և Վրաստանում: Ավելին, Հայաստանում քաղաքական մրցակցության ելքն էլ ավելի ծանրակշիռ նշանակություն կստանա նշված գլոբալ խաղացողների համար, քանզի «ռուսամետ» կոչված ուժերի հաղթանակը շատ առումներով արժեզրկում է եվրակենտրոնների հաղթանակը Մոլդովայում, մինչդեռ Ն. Փաշինյանի արևմտամետ կուսակցության և նրա արբանյակների վերարտադրությունը Մոսկվայի համար զգալիորեն կչեզոքացնի Վրաստանում հակառուսական ուժերի ջախջախիչ պարտության նշանակությունը։

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 15.10.2025 թ.: