Հերթական փորձ՝ վերակենդանացնելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 06.04.2025 թ.(1)
04.04.2025 թ. Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Սամարղանդում ԵՄ–Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում հայտարարել է, թե «Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումն առավել քան երբևէ իրար կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան»։ Ֆոն դեր Լայենը բարձրաձայնեց այս պայմանի անհրաժեշտությունը Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի արդյունավետ գործունեության համար, որը կոչված է ապահովելու ցամաքային ճանապարհային կապեր Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի միջև և լայն իմաստով՝ Արևելք-Արևմուտք առանցքի երկայնքով Եվրասիայում միջմայրցամաքային առևտրային ուղիների վրա արդյունավետ աշխատանք հաստատելու համար:
Առաջին հայացքից ֆոն դեր Լայենի հայտարարությունն ստանդարտ է և տեղավորվում է շահառուների միջազգային շրջանակի գործողությունների տրամաբանության մեջ, որոնք ձգտում են համատեղ իրականացնել Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս տասնյակ երկրների առևտրային և ճանապարհային ինտեգրման մեգանախագիծ: Եվրահանձնաժողովի նախագահն իր ելույթում նշեց, որ Անդրկասպյան միջանցքն ամբողջ ծրագրի առանցքային օղակն է, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնել՝ կապված հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների հետ։ Փաստարկը տրամաբանական է, բայց իրավիճակից ֆոն դեր Լայենի համար տեսանելի ելքի վերաբերյալ իր իսկ ձևակերպումը հարցեր է առաջացնում։ Նա հայտարարում է «Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանները բացելու» անհրաժեշտության մասին՝ դրանով իսկ, ըստ էության, աջակցելով ադրբեջանական կեղծ խոսույթին առ այն, թե իբր Երևանն է, որ կողպած է պահում իր սահմանները՝ խախտելով 09.11.2020 թ. համաձայնագրի՝ ՀՀ-ի և ԱդրՀ-ի միջև բոլոր հաղորդակցությունների բացման մասին առանցքային կետերից մեկը։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի բացահայտ ընդգծված ձևակերպումն այսպիսով իսկ խեղաթյուրում է իրավիճակի էությունը և դիրքերի համահնչունությունը բանակցային գործընթացում, որի ընթացքում հատկապես Երևանն է ձգտում առանց նախապայմանների և կարճ ժամկետներում հասնել Թուրքիայի հետ սահմանի բացմանը «Մարգարա» վերահսկիչ անցակետում, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնում «բառացիորեն հաշվված օրերում» ապահովել Ադրբեջանի քաղաքացիների և բեռների ազատ տեղաշարժը հայկական տարածքով դեպի Նախիջևան։ Ընդ որում՝ առանց ադրբեջանական կողմից հայելային գործողությունների պահանջների, որոնք, ի դեպ, ամրագրված են 2020 թ. նոյեմբերյան համաձայնագրում։
Դժվար է պատկերացնել, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից հարցի բարձրացումը թյուրիմացության կամ սխալ մեկնաբանության արդյունք է, հետևաբար՝ Գերագույն հանձնակատարը միտումնավոր կրկնում է քննարկվող հարցի վերաբերյալ Բաքվի և Անկարայի խոսույթները։ Այսինքն՝ ԵՄ-ը գտնում է, որ հաղորդակցությունների բացման հարցը պետք է լուծվի թուրք-ադրբեջանական երկյակի առաջ քաշած ձևաչափերով ու պայմաններով, որոնք ենթադրում են դեպի ՆԻՀ արտատարածքային միջանցքի ստեղծում Հայաստանի ինքնիշխան տարածքի հաշվին։ Ֆոն դեր Լայենի տրամաբանությամբ՝ եթե Երևանը մինչև վերջերս դիմադրում էր Բաքվի պայմաններին ու պահանջներին, ապա միայն նա է մեղավոր Անդրկասպյան միջանցքի նախագծի իրագործումը ձգձգելու համար, միջանցք, որի մի մասը պետք է դառնա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Այսպիսով, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան փաստացի մեղադրում է Հայաստանին նույնիսկ այն բանի համար, որ Անկարան փակ է պահում թուրք-հայկական սահմանը, քանի որ, ինչպես հայտնի է, Հայաստանի հետ սահմանի ապաշրջափակման հարցը և, ընդհանրապես, Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան կապում է հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների հետ։ Հետևապես՝ Բաքվի պահանջներին ամբողջությամբ զիջելու Երևանի պատրաստակամությամբ։
Եվ այսպես, առկա է Հայաստանի վրա քաղաքական ճնշման դրսևորում, ԵՄ-ի կողմից, որը բարձր է գնահատում Ադրբեջանին որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման առանցքային գործընկերոջ, բայց մինչև վերջերս առանձնապես չէր բարձրաձայնում իր շահագրգռվածությունը լուծելու «Անդրկասպյան միջանցքի» հետ կապված խնդիրները՝ ՀՀ շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հաշվին։ Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակել են Երևանի դեմ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծի «շահառուների ճակատ» ձևավորել Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայանալիք «պատմական» գագաթնաժողովի նախօրեին՝ նպատակ ունենալով կոնսենսուս ձեռք բերել Մեղրիի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության վերանայման շուրջ։ Ակնհայտ է, որ Բաքուն և Անկարան ակնկալում էին ՉԺՀ-ին ընդգրկել Երևանի վրա քաղաքական-քարոզչական ճնշում գործադրելու խնդրում, սակայն այս ջանքերի արդյունքները միանշանակ չէին։ Այս մասին է վկայում ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն առ այն, որ բարձրաստիճան պաշտոնյա Լյու Ցզյան Զաոի գլխավորած ՉԿԿ Կենտկոմի պատվիրակությունը, որ Սամարղանդի գագաթնաժողովից երկու օր առաջ հրավերով ժամանել էր Բաքու, իբր հայտարարել է, թե Պեկինը շահագրգռված է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմամբ։ Մինչդեռ մեկ օր անց Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը հայտարարեց, որ Բաքվում չինական պատվիրակությունը երբեք չի հիշատակել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, քանի որ Պեկինը «հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքին»։ Չեն Մինը Բաքվի ԶԼՄ-ների տեղեկությունները «կեղծ» է անվանել՝ հասկացնելով, որ դա քաղաքական սադրանք է։
Այսպիսով, Չինաստանի դեսպանը հերթական անգամ հաստատեց Չինաստանի դիրքորոշումը, որն արտահայտվել էր մեկ ամիս առաջ (04.03.2025 թ.) Պեկինում ՉԺՀ փոխարտգործնախարար Լյու Բինի և նրա հայ գործընկեր Մնացական Սաֆարյանի հանդիպման ժամանակ։ Այնուհետև Լյու Բինն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր գործընկերներ են Չինաստանի համար, և Պեկինը շահագրգռված է հարևանների միջև արդար խաղաղության հաստատմամբ՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչը կծառայի որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին նրանց արդյունավետ ինտեգրման երաշխիք։
Վերոնշյալ ակնարկը ցույց է տալիս տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների՝ Սյունիքի խնդրի նկատմամբ վերաբերմունքի յուրահատուկ դասավորությունն ու շրջանի՝ միջազգային առևտրի և ճանապարհային նախագծերում ինտեգրվելու ձևաչափի ընկալումները։
Չինաստանը, որը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի հիմնական շահառուն է, հստակորեն աջակցում է Երևանի ինքնիշխանությանը Սյունիքի նկատմամբ՝ պայմանով, որ ստեղծվեն պարզեցված տարանցման և մաքսային արտոնությունների համընդհանուր մեխանիզմներ Հայաստանի տարածքում։ Իրանը, ինչպես կարելի է եզրակացնել այդ երկրի բազմաթիվ պաշտոնյաների հայտարարություններից, նույն կարծիքին է և սպառնում է ռազմական միջամտությամբ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առայժմ լռում են՝ ամբողջությամբ կենտրոնացած լինելով ուկրաինական խնդրի վրա։ Միակ կողմը, որն իր հռետորաբանությունը համապատասխանեցնում է թուրք-ադրբեջանական երկյակի մոտեցումներին, ԵՄ-ն է, որն, ի դեմս Գերագույն հանձնակատար ֆոն դեր Լայենի, Երևանից պահանջում է կատարել Բաքվի առավելապաշտական պայմանները։ Սա հակասում է հայ հասարակության մեջ վերջին տարիներին շրջանառվող այն խոսույթին, թե, իբր, հատկապես ՌԴ-ն ու Չինաստանն են շահագրգռված, որպեսզի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» խլվի հօգուտ Ադրբեջանի։ Այսինքն՝ այդ տրամաբանությամբ ԼՂ-ի լուծարման հիմնական շահառուները եղել են Մոսկվան ու Պեկինը։ Մինչդեռ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունները և ԵՄ-ից եկող ազդանշանները բացահայտ վիճարկում են այս տարածված թեզը։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 04.04.2025 թ.: