Եկեղեցի–իշխանություններ հակասությունների որոշ դրվագների մասին

Փորձագետի տեսակետ, 06.08.2025 թ.
Վահրամ Ռ. Հովյան[1]
-
Բելառուսի հարցը և հայկական դիվանագիտության թերությունները
Այս օրերին մեր երկրում քննարկվող գլխավոր հարցերից մեկը Եկեղեցի-իշխանություններ հարաբերություններն են։ Եկեղեցուն, մասնավորապես՝ Վեհափառ Հայրապետին քննադատողներն առաջ են քաշել նոր «փաստարկ»։ Բանն այն է, որ 2025 թ. մայիսին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Բելառուս, ինչն արժանացել է մեր իշխանությունների և իշխանամետ շրջանակների բացասական վերաբերմունքին։
Նախ՝ հայ-բելառուսական հարաբերությունների մասին: Գաղտնիք չէ, որ Հայաստանում 2018 թ. քաղաքական անցումից հետո հայ-ռուսական հարաբերություններին զուգահեռ տուժեցին նաև հայ-բելառուսական հարաբերությունները։ Ներկայումս Երևան–Մինսկ հարաբերությունները, մեղմ ասած, լավագույն ժամանակները չեն ապրում։ Հայաստանի իշխանությունները, վկայակոչելով Բելառուսի աջակցությունը Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ, այդ երկիրն ու նրա առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին հռչակել են persona non grata։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քանի դեռ Բելառուսի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, ինքը չի այցելի այդ երկիր։ Այդ պատճառով էլ Հայաստանի կառավարող վերնախավը «բոյկոտում» է և պատրաստվում է հետայսու էլ «բոյկոտել» Բելառուսում անցկացվող միջազգային միջոցառումները։ Թե ի՞նչ է Հայաստանը գործնականում շահելու իր իշխանությունների նման գործելաոճից, պարզ չէ։ Բայց դա այլ հարց է։
44-օրյա պատերազմի ժամանակ Բելառուսի կողմից Ադրբեջանին ցուցաբերված աջակցության և դրան ՀՀ իշխանությունների հակազդեցության հարցը ցանկալի է դիտարկել համեմատական վերլուծության միջոցով։ Տվյալ պարագայում Բելառուսի հետ համեմատելի լավագույն երկիրը, թերևս, Վրաստանն է։
-
Վրաստան–Բելառուս զուգահեռներ
Այսպես, 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը փակել էր իր օդային և ցամաքային տարածքը՝ Հայաստանին զենք-զինամթերքի մատակարարումների համար։ Այդ կերպ մեր երկիրը, նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի բառերով՝ հայտնվել էր «տոտալ շրջափակման» մեջ՝ սպառազինությունների ձեռքբերման տեսանկյունից։ Մինչդեռ նույն Վրաստանի տարածքով նույն 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան և Իսրայելը ազատորեն զենք և զինամթերք էին մատակարարում Ադրբեջանին։ Սա այնքան հայտնի իրողություն է, որ որևէ մեկը չի էլ փորձել երբևէ հերքել այն։
Արդ, ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ իշխանություններն առիթը բաց չեն թողնում Վրաստանի իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ պահպանելու համար, իսկ Բելառուսին և նրա նախագահին հռչակել են հայ ժողովրդի թշնամի։ Եթե համեմատենք Վրաստանն ու Բելառուսը 44-օրյա պատերազմում նրանց վարած քաղաքականության համատեքստում, ապա հարկ է ուշադրություն դարձնել հետևյալ երկու հանգամանքների վրա.
- Աշխարհագրական դիրքը: Վրաստանը մեր տարածաշրջանում գտնվող երկիր է՝ սահմանակից Հայաստանին և Ադրբեջանին։ Մինչդեռ Բելառուսը համեմատաբար հեռավոր երկիր է Հարավային Կովկասի համար։ Հետևաբար, Բելառուսի վարած քաղաքականությունը չէր կարող ավելի մեծ ազդեցություն ունենալ 44-օրյա պատերազմի ելքի վրա, քան Վրաստանինը։ Մասնավորապես, եթե Վրաստանը պահեր հավասարությունը (պարիտետը)՝ կամ չարգելափակեր իր տարածքով Հայաստանին զենք-զինամթերքի մատակարարումը, կամ էլ նման արգելափակում մտցներ նաև Ադրբեջանի համար, ապա մեծ հավանականությամբ 44-օրյա պատերազմի ելքն էլ կարող էր այլ լինել։
- Քաղաքական համակարգը: Վրաստանը արևմտյան կողմնորոշմամբ ժողովրդավարական երկրի համբավ ունի։ 2003 թ. «Վարդերի հեղափոխությունից» հետո երկար ժամանակ այդ երկիրը համարվում էր «ժողովրդավարության օազիս» մեր տարածաշրջանում։ Թեև վերջին շրջանում որոշակի ստվեր է նետվել Վրաստանի արևմտյան կողմնորոշման վրա, այնուամենայնիվ, մինչ օրս էլ այդ երկիրը պահպանում է եվրո-ատլանտյան կողմնորոշմամբ ժողովրդավարական երկրի իր համբավը։ Մինչդեռ Բելառուսը աշխարհում ընկալվում է որպես ոչ ժողովրդավարական՝ ավտորիտար երկիր։ Այս տեսանկյունից Մինսկի ցուցաբերած աջակցությունը Բաքվին ինչ-որ տեղ օրինաչափ է։ Չէ՞ որ, եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, երկուսն էլ ավտորիտար երկրներ են, և մի ավտորիտար առաջնորդն աջակցել է մեկ այլ ավտորիտար առաջնորդին։ Այլ կերպ ասած՝ ոչ ժողովրդավար Ա. Լուկաշենկոն կանգնել է իր «եղբայր» ոչ ժողովրդավար Ի. Ալիևի կողքին։ Սա լավ չէ, սակայն տրամաբանական է։ Իսկ ի՞նչ ասել, երբ «ժողովրդավարական» Վրաստանի իշխանությունները կանգնում են բռնապետ Ալիևի, այլ ոչ թե «դեմոկրատ» Ն. Փաշինյանի կողքին։
Վերոգրյալի նպատակը բնավ էլ Բելառուսին պաշտպանելը չէ, ոչ էլ՝ Վրաստանի հետ ՀՀ հարաբերությունների սրումը, այլ ՀՀ իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականության թույլ և խոցելի կողմերը ցույց տալը։
-
Վեհափառ Հայրապետի այցը Բելառուս.
Հովվապետական պարտականություն
Այժմ անդրադառնանք Վեհափառ Հայրապետի՝ Բելառուս կատարած այցին: «Քննադատներն» այնպես են խոսում, կարծես Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնացել էր Լուկաշենկոյի հետ սուրճ խմելու։ Իրականում Վեհափառը հովվապետական այցով մեկնել էր իր բելառուսական հոտին այցելության։ Բելառուսում շուրջ 9-հազարանոց հայ համայնք գոյություն ունի։ Եվ վերջերս՝ պատմության մեջ առաջին անգամ, այդ երկրում կառուցվել ու բացվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տաճար՝ Մինսկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Ուստի և Գարեգին Բ Հայրապետն էլ գնացել էր մասնակցելու նորակառույց եկեղեցու օծման արարողությանն ու այդ շրջանակներում՝ իր հոտին տեսակցելու։
Եթե ներկայումս հայ-բելառուսական հարաբերությունները, մեղմ ասած, բարձր մակարդակի վրա չեն, ուրեմն Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է անհովի՞վ թողնի Բելառուսի իր հոտը։ Շուրջ 9-հազարանոց բելառուսահայ համայնքը չպե՞տք է արժանանա իր հոգևոր առաջնորդի այցելությանը, չպե՞տք է հնարավորություն ունենա բավարարելու իր կրոնական և հոգևոր-մշակութային պահանջմունքները, պետք է զրկվի՞ ազգային ինքնությունը պահպանելու հնարավորությունից։
Ի դեպ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով կարող է մեկնել աշխարհի ցանկացած երկիր, որտեղ կա հայ համայնք, այդ թվում՝ Թուրքիա։ Եթե մի օր Բաքվում էլ հայ համայնք լինի և հայկական եկեղեցի օծվի, ապա Վեհափառ Հայրապետը կարող է այցելել նաև այդ երկիր։
-
Քաղաքական հորդոր, թե՞ հայրապետական խորհուրդ
Վեհափառ Հայրապետին քննադատողները ասում են նաև, որ նա 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո հանդես է եկել վարչապետի հրաժարականի պահանջով։
Նախ՝ դա ոչ թե քաղաքական պահանջ էր, այլ հայրապետական հորդոր։ Իսկ ի՞նչ տարօրինակ բան կա դրանում։ Վեհափառ Հայրապետը՝ Հայ եկեղեցու գլուխը, մեր բոլորի հոգևոր առաջնորդն է, հոգևոր հայրը։ Եվ ցանկացած հարցում էլ կարող է հայրական հորդորով հանդես գալ իր հոտի զավակներից յուրաքանչյուրի նկատմամբ։ Ուստի, Նիկոլ Փաշինյանին համարելով իր հոտի զավակ, ինչպես նաև գնահատելով ստեղծված կացությունը՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 44-օրյա պատերազմից հետո հայրաբար հորդորել է նրան վայր դնել վարչապետի լիազորությունները։ Այլ հարց է, որ ՀՀ իշխանությունները և նրանց համակիրները դա ընկալել են՝ որպես քաղաքական պահանջ և միջամտություն քաղաքական կյանքին։
Սակայն դա դեռ մի կողմ։ Նույն ժամանակ նման հորդորով է հանդես եկել նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։ Նա էլ հո «նախկին իշխանությունների դրածոն» չէ՞։ Նրա նկատմամբ էլ ՀՀ այսօրվա իշխանությունները հո չունե՞ն կուսակրոնության ուխտը խախտած լինելու և այլ մեղադրանքներ։
Ճիշտ հակառակը՝ Արամ Ա Կաթողիկոսն այն անձն է, ով նախկին իշխանությունների օրոք բարձրաձայնում էր Հայաստանում առկա խնդիրների ու արատավոր բարքերի մասին, հաճախ հանդես գալիս քննադատական խոսքով։ Իսկ 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նա մի պահ հիացած էր Նիկոլ Փաշինյանով։
Այստեղ հիշատակման է արժանի վերջինիս այցը Լիբանան 2018 թ. և հանդիպումը տեղի հայ համայնքի հետ՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի գլխավորությամբ։ Գովասանքի ու մեծարանքի ինչպիսի՜ խոսքեր էին հնչում Կիլիկիո աթոռի գահակալի կողմից Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Ենթադրում եմ, որ Արամ Ա-ն կամ ծանոթ չէր Ն. Փաշինյանի նախընթաց՝ ընդդիմադիր շրջանի գործունեությանը, կամ էլ, գուցե, դիվանագիտություն էր բանեցնում՝ փորձելով առողջ հարաբերություններ կառուցել Հայաստանի նոր իշխանությունների հետ։ Սակայն ինչ էլ լիներ պատճառը, ակնհայտ է, որ սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանի ու Արամ Ա-ի հարաբերությունները շատ սերտ էին, կարելի է ասել՝ անգամ նախանձելի։ Բայց երբ եկավ ժամանակը, Արամ Ա Վեհափառ Հայրապետը նույնպես հանդես եկավ ՀՀ վարչապետի լիազորությունները վայր դնելու՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայրական հորդորով։
-
Նվիրապետական աթոռների միասնականությունը
Այսօր էլ Եկեղեցի–իշխանություններ սրված հարաբերությունների պայմաններում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) մյուս նվիրապետական աթոռների գահակալները՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, ի պատիվ իրենց, կանգնած են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի կողքին։ Նրանք իրենց մտահոգությունն են արտահայտել ՀԱՍԵ դեմ իշխանությունների իրականացրած գործողությունների առնչությամբ։ Արդ, Արամ Ա-ի, Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հանդեպ էլ ՀՀ իշխանությունները հո չե՞ն կարող առաջադրել այնպիսի մեղադրանքներ ու վերագրումներ, ինչպիսիք առաջադրում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ։
Այստեղ հարկ է շեշտել, որ ՀԱՍԵ-ի մյուս երեք նվիրապետական աթոռները՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, Երուսաղեմի և Կ. Պոլսի Հայոց Պատրիարքությունները, մեծ հաշվով, անկախ են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից, թեև ընդունում են վերջինիս գերագահությունը։ Այդ Աթոռների գահակալները չեն նշանակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և հաշվետու չեն վերջինիս առաջ։ Նրանք ընտրվում են իրենց տեղերում՝ Անթիլիասում, Երուսաղեմում և Կ. Պոլսում, և առաջնորդում են իրենց հոտն ինքնուրույնաբար։ Այսինքն՝ նրանք անձնական շահագրգռվածություն չունեն Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կողքին կանգնելու համար։
Ցավոք, առայժմ լսելի չէ քույր եկեղեցիների՝ Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների արձագանքը։
[1] Քաղաքագետ, սփյուռքագետ, 1999–2005 թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում։ 2006–2019 թթ. աշխատել է «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնում՝ որպես փորձագետ, ապա՝ ավագ փորձագետ։ 2012–2019 թթ. եղել է նաև «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղարը։ 2019–2021 թթ. աշխատել է «Օրբելի» վերլուծական կենտրոնում՝ որպես փորձագետ։ 2022 թ.-ից՝ որպես դասախոս, աշխատում է ՀՊՏՀ Հասարակագիտության ամբիոնում։